ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացն սկսվել է

ապպաՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:
Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով:

 

 

Ճապոնիայում հնգանկյուն նարինջ են աճեցնում

20140203170100Ճապոնացի ֆերմերները հռչակվել են աշխարհում իրենց փորձարարական հմտություններով: Սրտաձև, քառակուսի ձմերուկների կողքին այժմ հնգանկյուն նարիջներ են հայտնվել:

22831_441,317Բերքի առաջին խմբաքանակը  որպես թալիսման բաժանել են  այն ուսանողներին, որոնք պատրասվում են ընդունելության քննություններ հանձնել: Բնականաբար, քննություններից հետո կարելի է ուտել  դրանք:

Շոտլանդիայում միասեռ ամուսնություններն օրինականացնող օրենք է ընդունվել

simpsons-gay-marriage-372x290Շոտլանդիայում խորհրդարանական մեծամասնությունը պաշտոնապես օրինականացրել է միասեռ ամուսնությունները:

Խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը (105, դեմ` 18-ը) միասեռ ամուսնություններն օրինականցնելու կողմ է քվեարկել, որն ուժի մեջ կմտնի արդեն այս տարի: Իրենք պատգամավորները տվյալ օրենքի ընդունումը “պատմական իրադարձություն” են անվանում:

Սակայն, շոտլանդական հասարակայնությունը միանշանակ չի ընդունել նորությունը: Մասնավորապես, կրոնական շատ համայնքներ վստահ են, որ նոր օրենքը կսասանի հասարակության  բարոյական հիմքերը:

Անկախ

Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

o_853236Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել է վերջին տարիների ամենախոշոր գործադուլը: Այն կազմակերպել են երկաթուղային ու ծովային տրանսպորտի արհմիությունը, ինչպես նաև` տրանսպորտային աշխատակիցների ասոցիացիան: Բողոքի ակցիան սկսվել է փետրվարի 4-ին,  տեղի ժամանակով 21:00-ին և պետք է, ըստ պլանի, տևի 48 ժամ: Նման գործադուլ էլ պլանավորվել է փետրվարի 11-13-ին: Այդ ժամանակ գնացքները կտեղաշարժվեն մեծ ընդմիջումներով, իսկ որոշ ուղություններով ու կայարաններում սպասարկումը լրիվ կդադարեցվի:

Լոնդոնյան մետրոպոլիտենի գործադուլով արհմիությունները մտադիր են իրենց բողոքն արտահայտել կառավարության` տոմսարկղերը փակելու պլանների դեմ, որի հետևանքով հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից:

Լոնդոնի քաղաքապետարանում տոմսարկղերը փակելը բացատրում են վաճառքի ավտոմատացման մակարդակի աճով, ավտոմատ  սարքավորումների թվի ավելացմամբ: 2013-ին տոմսարկղերից գնվել է տոմսերի ընդհանուր քանակի 3%-ը: Շատ լոնդոնցիներ էլ գերադասում են տրանսպորտի միացյալ քարտեր օգտագործել, որոնք լիցքավորում են համացանցով:

Մետրոպոլիտենի աշխատակիցները չեն պատրաստվում հանձնվել:

Գործադուլի նախօրեին Արհմիությունների նախագահ Բոբ Քրոուն հայտնել է.”Քաղաքային իշխանությունները մեզ այլընտրանք չեն թողել: Մենք գիտենք` եթե չգնանք վճռական քայլերի, ապա պարզապես կկորցնենք աշխատանքը”: Ընդ որում, նա նշել է, որ գործադուլ կարող էր և չլինել, եթե քաղաքապետարանում բանակցելու ու կոնստրուկտիվ առաջարկությունների պատրաստակամություն լիներ:

Անկախ

Բարելավվում են ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական կարգավորումները

կառավարությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է ձեռնարկատիրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Մասնավորապես, առաջարկվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, օղու ներմուծման և թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշման գործունեությամբ զբաղվելու լիցենզիաները փոխարինել լիազոր մարմնին պարտադիր ծանուցելու պահանջով: Մեկ այլ առաջարկով կրճատվել են երկակի նշանակության ապրանքների արտահանման և ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար տրվող թույլտվությունների ժամկետները, պարզեցվել են ընթացակարգերը: Առաջարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներդնել թույլտվությունների տրամադրման համար դիմումներն ու ծանուցումները էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց ներկայացնելու համակարգ:
Ներկայացրել է նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը, համաձայն որի «արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ» նախադասությունը փոխարինվել է «արգելվում է հեռուստատեսությամբ կամ ռադիոյով 1 եթերային ժամի ընթացքում 14 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը» նախադասությամբ, ինչը նշանակում է, որ 1 ժամվա ընթացքում գովազդի տևողությունը կսահմանափակվի 14 րոպեով:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկել է նաև հստակեցնել ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը, մասնավորապես՝ սահմանել գնահատման չափանիշները, հստակեցնել ժամկետները, մրցույթի հայտի ձևը:
Առաջարկությունները ներկայացնելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի փորձը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններով ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը նվազում են 1 մլդ դրամով:
Անկախ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջամտում է արցախյան հակամարտությանը

Հարութ ՍասունյանՈւշագրավ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաժամանակյա լսումներ է անցկացնում հայերի և ադրբեջանցիների կողմից ներկայացված երկու հակադիր հայցերով: Արդյոք սա լոկ զուգադիպությո՞ւն է, թե՞ փորձ դատարանի կողմից միջամտելու մի կնճռոտ հարցի, որը քաղաքական գործիչներին չի հաջողվում լուծել ավելի քան 25 տարի:

Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից: Սարգսյանի գործն առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2006 թվականի օգոստոսի 11-ին: Հետաքրքրական է, որ Եվրադատարանը հայկական և ադրբեջանական բողոքների վերաբերյալ  լսումներն անցկացրել է միևնույն օրը. 2010 թվականի սեպտեմբերի 15-ի առավոտյան դատարանը լսել է «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը, իսկ նույն օրվա երկրորդ կեսին` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:

2011 թվականի դեկտեմբերի 14-ի նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը Սարգսյանի բողոքը համարեց մասամբ ընդունելի: Դատարանը մերժեց Ադրբեջանի փաստարկը, թե գործը պետք է կարճել, քանի որ դրանում ընդգրկված դեպքերը տեղի են ունեցել մինչ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի վավերացումը 2002 թվականին: Ցավոք, հայցվոր Մինաս Սարգսյանը մահացել է 2009 թվականին, բայց նրա երկու երեխաները շարունակում են դատական գործընթացը: ՄԻԵԴ-ը կզբաղվի Սարգսյանի գործի քննությամբ ըստ էության 2014 թվականի փետրվարի 5-ին:

Երկու շաբաթ առաջ ՄԻԵԴ-ը լսեց «Չիգարովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հակադիր գործը, որով վեց ադրբեջանցի քրդեր բողոք էին ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նրանք պնդում էին, որ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներն ու ունեցվածքին Լաչինի շրջանում սկսած 1992 թվականի մայիսի 17-ից, ստիպված լինելով հեռանալ Արցախյան պատերազմի պատճառով:

Ադբեջանական բողոքն ընդդեմ Հայաստանի առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2005 թվականի ապրիլի 6-ին: 2011 թվականի դեկտեմբերի 14-ին նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը համաձայնեց գործը քննության վերցնել, համարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն խոչընդոտում Եվրադատարանին զբաղվել այս վիճելի հարցով: ՄԻԵԴ-ը հերթական նիստն անցկացրեց 2014 թվականի հունվարի 22-ին` քննության առնելով հետևյալ հարցերը.

1.    Արդյոք Հայաստանն ո՞ւնի իսկական հակակշիռ Արցախի տարածքների վրա:

2.    Ադրբեջանցի վեց քաղաքացիները ունե՞ն բավարար փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրանց ինքնությունն ու սեփականության իրավունքը հայցով ներկայացված գույքի նկատմամբ:

3.    Պե՞տք է արդյոք ադրբեջանցի հայցվորները սպառեին բոլոր տեղական դատական ատյանները (ՄԻԵԴ-ի պահանջը) հայց ներկայացնելով Արցախի դատարաններ մինչ ՄԻԵԴ բողոք ներկայացնելը, նկատի ունենալով մանավանդ այն բարդությունը, որ Արցախը չճանաչված պետություն է:

Ահա որոշ մտորումներ ՄԻԵԴ-ի վճռորոշ դերի մասին այս երկու հակասական բնույթ ունեցող գործերում.

1. Երկու բողոքներն էլ ՄԻԵԴ են ներկայացվել գրեթե տասը տարի առաջ և պարունակում են մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ, որոնք տեղի են ունեցել երկու տասնամյակ առաջ: Քանի որ հայ հայցվորը և ադրբեջանցի վեց հայցվորներից մեկը մահացել են անցած տարիներին, նրանցից ոչ մեկն այլևս չի տեսնի Եվրոպական դատարանից ակնկալվող արդարությունը: Ինչպես հայտնի ասացվածքում` «Արդարության ուշացումը`արդարության մերժում է»…

2. ՄԻԵԴ-ի ակնհայտ փորձը` միաժամանակյա քայլեր ձեռնարկելու այս երկու առանձին, բայց հակադիր գործերի վերաբերյալ ցույց է տալիս, որ Եվրադատարանը փորձում է լուծել ոչ միայն այս երկու բողոքները, այլ նաև հող նախապատրաստել արցախյան հակամարտության լուծման համար, առնվազն փախստականների` իրենց տները վերադառնալու իրավունքի մասով:

Նկատի ունենալով ՄԻԵԴ-ի մինչ օրս անաչառ վերաբերմունքը հայկական և ադրբեջանական հայցվորների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Եվրադատարանն ի վերջո վճիռ կկայացնի հօգուտ երկու գործերի, դրանով իսկ դուռ բացելով երկու կողմերի փախստականների հազարավոր լրացուցիչ բողոքների առջև, որոնք նույն բախտին են արժանացել Արցախյան պատերազմի ընթացքում: Քանի որ Եվրախորհրդի անդամ բոլոր պետությունները պարտավոր են կատարել ՄԻԵԴ-ի որոշումները, Եվրադատարանը կարող է սահմանել, որ այդ փախստականներին թույլատրեն վերադառնալ իրենց հայրենի տները, այսպիսով մասնակի մարդասիրական լուծում պարտադրելով անզիջում հակամարտությանը, որը երկու երկրների ղեկավարներն ու միջազգային միջնորդներն ի զորու չեն լուծել ավելի քան 25 տարի:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Բրազիլիայում թալանի զոհ են դարձել հիվանդներն ու բժիշկները

o_890613Բրազիլիայում հաջողության ջենտլմենները բանկերից ու սուպերմարկետներից նախընտրել են հիվանդանոցները: Ռիո դե-Ժանեյրոյում զինված ավազակախումբն անհանգստացրել է հոսպիտալի հիվանդներին. հանգիստ կայանելով  հիվանդանոցի մոտ, չարագործներից մեկը խնդրել է իրեն առաջին օգնություն ցույց տալ:

Ներս թափանցելով ծառայողական մուտքից, հանդուգն հնգյակը հարկերով դես ու դեն է վազել, հիվանդներից ու բժիշկներից խլել  դրամապանակները: “Բերքահավաքից” հետո` անհետացել են: Ոստիկանությունը դեռևս զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չի հայտնել: Իսկ բնակչուհիներից մեկը վրդովված ասել է`”նույնիսկ հիվադանոցում են սպառնում զենքով”:

Այս միջադեպը լրագրողներին առիթ է տվել կրկին բարձրաձայնելու  երկրում անվտանգության անբավարար մակարդակի մասին, որտեղ այս ամառ մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Վերջին մի քանի շաբաթում Ռիո դե-Ժանեյրոյի արվարձաններում ոստիկանության ու թմրամաֆիայի միջև փոխհրաձգության մի քանի դեպք է գրանցվել, իսկ հարևան Սան-Պաուլու նահանգում հարձակում է կատարվել նահանգապետի ընտանիքի վրա:

Անկախ

ԼՈՒԶԻՆՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ՀԱՅ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ. Խորեն (Նար Բեյ) և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրներ

Թէ տային ինծի

Թագ եւ ադամանդ, գաւազան,
Քեզ զայն ձօնէի,
Թագուհեաց դժխոյ, Հայաստան…
(«Ըղձանք» Խորեն Նար Պէյ )

լուզինյանԽՈՐԵՆ ՆԱՐ ԲԵՅ ԳԱԼՖԱՅԱՆ (6.09.1831- 4.11.1892) – հայ հոգևոր և հասարակական գործիչ, դավանաբան, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ. Archbishop Khorene Nar Bey de Lusignan of Constantinople
ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ (Գվիդոն, 1826-1906) Ամբրոսիոս Լուզինյան Յուսուֆ բեյ, Իշխան Լուզինյան Խալֆա, Ամբրոսիոս Խալֆա-բանասեր, բառարանագիր, մանկավարժ, պատմաբան. Guy DE LUSIGNAN

ԽՈՐԵՆ ՆԱՐ ԲԵՅ ԳԱԼՖԱՅԱՆ ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ
Հայագիտության արևմտահայ երախտավորների մեջ Գալֆայան եղբայրներն իրենց ուրույն ներդրումն ունեն։ Նրանք տարբերվում են մեր բազմաթիվ հոգևոր հայրերից իրենց զարմանալի, նաև արկածախնդիր ճակատագրով ու գործունեությամբ։
Ծնվել են Կ. Պոլսում, հայ կաթոլիկների ընտանիքում։ Փոքր հասակից մայրական հորդորով երկու եղբայրները՝ Խորենը և Ամբրոսիոսը, 1843թ. ուղարկվել են Վենետիկ` Մխիթարյան միաբանության Ս. Ղազար վանք, որտեղ հրաշալի կրթություն են ստացել։
1855 թ. Խորենը ձեռնադրվել է վարդապետ, նշանակվել աբբահայր Գևորգ Հուրմիզյանի քարտուղար, մասնակցել «Բազմավեպ» ամսագրի հրատարակությանը, ապա պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ 1856 թ. գժտվել է միաբանության հետ և եղբոր` Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ միասին հրաժարվել կաթոլիկական դավանանքից, վերադարձել առաքելական եկեղեցու գիրկը, Փարիզում հիմնել Հայկազյան վարժարանը, տնօրինել, դասավանդել (1857- 59 թթ.)։
Փարիզյան շրջանն արտասովոր ազդեցություն է ունեցել երկու եղբայրների հետագա ճակատագրի վրա։ Փարիզում գեղեցիկ արտաքին, շուրջ 7 լեզուների տիրապետող ու բազմակողմանի, հրաշալի կրթություն ունեցող ապագա հայագետները ծանոթացել ու մտերմացել են Վիկտոր Հյուգոյի, ֆրանսիացի լուսավորիչ գրողների, մտավորականության սերուցքի հետ, մուտք ունեցել փարիզյան հայտնի սալոնները, եղել ուշադրության կենտրոնում, թրծվել եվրոպական երկրների մշակութային այս ջահակրի մթնոլորտում։ Նրանք մինչև իրենց կյանքի վերջը մնացել են այդ մթնոլորտում, նամակագրական աշխույժ կապ պահպանել Ֆրանսիայի մտավորական ու ազդեցիկ շրջանակների հետ։
Փարիզյան շրջանում, ի թիվս շատ հանրահայտ դեմքերի, Խորեն Գալֆայանը բարեկամացել է Ալֆոնս Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունն ամենախրթին գրաբարով, որը հրատարակել է 1859 թ. «Դաշնակք Լամարթինեան» խորագրով։ Նա 1850-ական թթ. գրական-հրապարակախոսական նշանակալի գործունեություն է ունեցել։ Հեղինակել է մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ դավանաբանության, գրականության, լեզվաբանության, թատերգության բնագավառում։
Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։
Փարիզում Հայկազյան վարժարանի փակումից հետո, Գալֆայանները վերադարձել են Պոլիս, ապա 1859 թ. մեկնել Թեոդոսիա, որպես ուսուցիչ և փոխտնօրեն պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխված «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել են մի շարք երկեր, դասագրքեր, բառարաններ։
1864-ին Խորեն Գալֆայանը կրկին մեկնել է Պոլիս, հայ առաքելական եկեղեցու դիրքերից զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել հասարակական-քաղաքական-կրթական բուռն գործունեություն։ Այս կրթյալ հոգևորականի հրաժարումը պապական վեղարից և վերադարձը ավանդական առաքելական եկեղեցու գիրկը պիտի օրինակ ծառայեր շատ շատերի համար, որպեսզի արևմտահայությունը դիմագրավեր, չխանդավառվեր կաթոլիկությամբ, ծվեն-ծվեն չլիներ, միաձույլ մնար հանուն իր ապագայի։
1867 թ. Խորեն Գալֆայանը սբ. Էջմիածին է ուղեկցում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորրորդին, ուր և եպիսկոպոսի աստիճան է ստանում, դառնում հայտնի դեմք ոչ միայն արևմտահայ ու արևելահայ շրջանակներում, այլև օսմանյան, ռուսական արքունիքներում` միշտ մնալով եվրոպական արժեքներ կրող հայրենասեր գործիչ, դիվանագետ, որի ոչ բոլոր քայլերն են համարժեքորեն բացատրվել շրջապատի ու ժամանակակիցների կողմից։ Բնականաբար, պայքարող դիվանագետի ոչ բոլոր գործողություններն են բացահայտ ու հայտարարագրվելու իրավունք ունեցել։ Իսկ այն, ինչ քողի ներքո է, կասկածելի, միշտ էլ կարող է ծայրահեղորեն հակադարձ իմաստով ընկալվել կամ մեկնաբանվել, ինչպես որ պատահել է այս դեպքում։
Խորեն Գալֆայանը երբեք չի դադարեցնում իր գրական, թարգմանական գործունեությունը, որը ողջ կյանքում ուղեկցում է նրան, երբեմն ավելի բուռն դառնում, երբեմն էլ զիջում նրա քաղաքական գործունեությանը։ Այս շրջանում Նար Բեյը ֆրանսերենից թարգմանում է Դարտելի «Տարեգրությունը», որոշ հատվածներ Հոմերոսի «Իլիականից», հրատարակում մեր պատմական անցյալի դրվագները ներկայացնող «Ստվերք հայկական» պոեմների ժողովածուն և այլ գործեր։
1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, Մինաս Չերազի և Ստեփան Փափազյանի հետ մաս է կազմել ռուսական արքունիքի հետ դիվանագիտական բանակցությունների նպատակով Մոսկվա և Ս.Պետերբուրգ մեկնած պատվիրակության` Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Այս առաքելությունը նախապատրաստություն էր հայերի մասնակցությանը 1878 թ. Բեռլինի կոնգրեսին։
Ս.Պետերբուրգում Խորեն Գալֆայանը կարևոր հանդիպումներ է ունեցել արքունիքի մի շարք ազդեցիկ անդամների՝ իշխան Նիկոլայ Իգնատևի, արտաքին գործոց նախարար Ալեքսանդր Գորչակովի և այլոց հետ։ Նրան ընդունել է Ալեքսանդր Երկրորդ կայսրը: Գալֆայանը նրան է ներկայացրել Ներսես Վարժապետյան պատրիարքի «Հայկական ավտոնոմիայի ծրագիրը», որի հիմնական գաղափարը Հայաստանի վարչական անկախությունն էր ռուսական հովանու ներքո։
«Северный Вестник» թերթին տված հարցազրույցում Գալֆայանն ասել է. «Ռուսաստանը ցույց է տվել, որ Թուրքիայի քրիստոնյաների պաշտպանն է։ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ի տարբերություն Թուրքիայում ապրողների, շատ ավելի ազատ ու պաշտպանված են։ Ավելի քան 20 տարի գոյություն ունեցող օսմանյան սահմանադրությունը չի կարող մեզ բավարարել։ Այն ինքնուրույնություն է տվել միայն մեր դպրոցներին, եկեղեցիներին և բարեսիրական կազմակերպություններին։ Մենք ինքներս ազատ չենք, այլ տիրակալների ստրուկներ ենք։ Մեր ժողովուրդը սեփական հողեր չունի, իսկ մենք կախված ենք թուրք պաշտոնյաների ամենաթողությունից»։
1878 թ. հունիս-հուլիս ամիսներին խորհրդական-թարգմանչի պաշտոնով նա մասնակցում է Բեռլինի կոնգրեսին` ջանալով «Հայկական հարցը» ներկայացնել միջազգային դիվանագիտության դատին։ Ապարդյուն ջանքեր։
Նա Էջմիածնի կաթողիկոսական գահին հավակնող 6 հոգևորականներից մեկն էր։ Ռուսական արքունիքը և սուլթանական կառավարությունը նույնպիսի անհանգստությամբ են վերաբերվել ապագա հայ կաթողիկոսի ընտրությանը, նրա անձին։ Ռուսական արքունիքի համար գաղտնի ոստիկանության, մասնավորապես` Էրզրումում գլխավոր հյուպատոս Ա.Դաննեթի հայկական հարցերի խնդրով 29.03.1883 թ. զեկուցագիրը նվիրված է բոլոր հավակնորդների անհատական վերլուծությանը։ Խնդիրը պարզ էր։ Մինչ որոշելը, թե ով կբազմի հայոց վեհափառի գահին, հարկ էր պարզաբանել նրա վերաբերմունքը ռուսական և օսմանյան արքունիքների նկատմամբ և ապագա հնարավոր քայլերը, դրանց օգուտն ու վնասները, կառավարելիությունը կամ հանդգնությունը։ Արքեպիսկոպոս Խորեն Նար Բեյ Պեշիկթաշցին (Կոստանդնուպոլսեցին) այս տեղեկագրում ներկայացվում է ոչ նախընտրելի թեկնածու. «Նա տարբերվում է իր կրթվածությամբ, մի քանի եվրոպական լեզուների է տիրապետում, հրաշալի հրապարակախոս է, նրա բնավորության բարոյական չափանիշները անբավարար են։ Նա խորամանկ է, դավադիր, հպարտ։ Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ անբարյացկամ վերաբերմունք է տածում» ։
Նա սուլթանական կառավարությանը ևս նախընտրելի հավակնորդ չէր կարող լինել նույն պատճառներով, և այս դեպքում Խորեն Նար Բեյը դիտվել է ոչ միայն եվրոպական բարձր ու մտավորական շրջանակներում հայտնի և որոշակի ազդեցություն ունեցող մեկը, այլև ռուսամետ գործիչ։ Կաթողիկոսական թեկնածուների մասին այս տեղեկագրերը դիվանագիտական խողովակներով փոխանցվել են նաև համիդյան կառավարական շրջանակներին` համատեղ, փոխադարձ համաձայնությամբ երկնպաստ ընտրություն կատարելու համար։
Կյանքի վերջին տարիներին Խորեն Գալֆայան Նար-Բեյն անցկացրել է Պոլսում, աշխույժ նամակագրություն վարել եվրոպական մշակույթի ու հասարակական գործիչների հետ ։ Իր ամենօրյա նամակաբերի կողմից նա մատնվել, ոստիկանատուն է տարվել, մեղադրվել լրտեսության մեջ, որի տրամաբանական ավարտը երկարատև տաժանելի բանտարկությունն էր կամ մահապատիժը։
Սուլթան Աբդուլ Համիդի հետ երկժամյա զրույցից հետո նա, որքան էլ ապշեցուցիչ է, վերադարձել է տուն։ Նրանց զրույցի մասին որևէ տեղեկություն մեզ չի հասել։ Բայց որ Հայաստանի ապագայով, նրա ազատագրման ու անկախացման հույսերով ապրող ու գործող հայտնի այս հոգևորական գործչի դիվանագիտությունն ու վարկը, եվրոպական հայտնի շրջանակների հետ նրա մտերիմ կապերն ու ունեցած մեծագույն հեղինակությունը զսպել են Աբդուլ Համիդին, փաստ է։ Խորեն Նար Բեյի` ֆրանսիական մշակույթն ու կենցաղը վայելած, գեղագետ, ճաշակավոր մտավորականի, հարուստ մարդու ու հազվագյուտ իրերի սիրահարի բնակարանը դավադրաբար «հանկարծ» հրո ճարակ է դարձել։ Նա կորցրել էր իր գրադարանը, հազվագյուտ ձեռագրեր ու բոլոր նվիրական իրերը։ Նա հուսախաբ, լքված ու վիրավոր մենակյացի չափազանց ծանր շրջան է ապրել։
Նույն Սուլթան Համիդի հրամանով նրան նոր բնակարան են հատկացրել, սակայն մերձավոր շրջանակի ու Պոլսո Պատրիարքի հետևողական հալածանքի, խարդավանքների, որոգայթների ու մատնությունների զոհ է դարձել, մահացել Պոլսում 1892 թ. նոյեմբերի 4 (16)-ին հանելուկային հանգամանքներում։ Թաղված է Շիշլիի մտավորականների գերեզմանատանը։
Եղբայրը` Ամբրոսիոս Գալֆայանը, Թեոդոսիայում Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը, միառժամանակ աշխատել տեղի Խալիպյան ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել մի հարուստ ազնվական ֆրանսուհու` Մարի Լուիզի հետ, երկու զավակների հայր դարձել։ 1858 թ. Աբդուլ Մեջիդ սուլթանից որպես բանակի մատակարար ստացել է ՄԵՋԻԴԻՅԵ պատվանշանը։ Նա ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստումը, հրատարակել «Նոր բառգիրք ֆրանսահայ» (Ա հ., Փարիզ, 1900, Բ հ., 1903) բառարանը, որը հայտնի է «Լուսինյան բառարան» անունով։ Այն մինչ օրս չգերազանցված գործ է և այսօր էլ հիմք է ծառայում ֆրանսիացի լեզվաբանների համար ֆրանսերեն բառարաններ կազմելիս։ Լուզինյան թագավորական տան շքանշանները դադարել են Ամբրոսիոս Գալֆայանի կյանքի ավարտին զուգահեռ։
Ամբրոսիոս Գալֆայանը հայերեն է թարգմանել ֆրանսիացի մի շարք գրողների գործերը, մեծ օգնություն է ցուցաբերել ֆրանսիացի վիրավորներին, իր ներդրումն ունեցել Պադուայում Լեգեոնի պալատի վերանորոգման աշխատանքներում։ Նա իրեն նվիրել է գիտությանը, մասնավորապես` լեզվաբանությանը, բառարանագիտությանը, կազմել զրուցարաններ, բառարաններ, գրել է թվաբանության, հայկական գեղագրության, պատմության դասագրքեր։
Այդ տարիներին եվրոպական բարձրաշխարհիկ շրջանակներում մեծ հաջողություն ունեին Լուզինյան արքայական տան շքանշանները։ Դեռևս Ռիչարդ Առյուծասրտի ժամանակներում այս հին տոհմը զբաղեցնում էր Կիպրոսի թագավորների գահը։ XIX դարի վերջում այս թագի աղքատացած ժառանգներից Տետրուա Պելենդերին եպիսկոպոս Խորեն Նար-Բեյին է վաճառում գահակալի իրենց իրավունքները` ներկայացնելով վերջիններիս որպես իրենց «մերձավոր ազգականների»։ Նորընծա ժառանգները 1888 թ., ի փառս Լուզինյան հին տոհմի պահապան փերի Մելուզինի, շքանշան են հաստատում։ Այն պատկերում էր երուսաղեմյան խաչը, կենտրոնում՝ Երուսաղեմի, Լուզինյանների, Կիպրոսի և Հայաստանի զինանշանները։ Փերի Մելուզինի շքանշանը Լուզինյան արքայական տան այս նոր տիրակալների՝ Գալֆայան եղբայրների կողմից տրվում էր «հանուն հայ ազգի և Լուզինյան թագավորական տան նկատմամբ ունեցած հումանիզմի վաստակի»։ Այն, ըստ աստիճանների, արժեր 400-1200 ֆրանկ, կից՝ այն հաստատող փաստաթղթերը։ Այն համարվել է գոյություն ունեցող 10 ամենաշքեղ շքանշաններից մեկը։ Շատ -շատերն են ցանկացել իրենց կրծքին կրել այդ գեղեցիկ, թանկարժեք ու շքեղ «զարդը»։
Հայկական ձեռներեցության այս դրսևորումն այնպիսի մեծ հաջողություն է ունենում Եվրոպայի ազնվական ու հարուստ շրջանակներում, որ 1891 թ. Գալֆայան եղբայրները մի նոր` «Սինայի սուրբ Եկատերինայի» շքանշան են հաստատում։ Այն պատկերում էր երուսաղեմյան խաչը, ասպետական սուրը՝ զարդարված շքեղ թագով, կենտրոնում՝ Երուսաղեմի, Լուզինյանների, Կիպրոսի և Հայաստանի զինանշանները։
Երկու շքանշաններն էլ մեծ հաջողությամբ վաճառվում են մինչև 1905 թվականը` Գալֆայան եղբայրների վախճանը։
Ահա այսպիսին է ուրվագիծը Խորեն և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրների` Լուզինյան արքայական տան երկու հայ ժառանգների, գիտությամբ, դիվանագիտությամբ և արկածախնդրությամբ հագեցած երկու հայրենասեր դեմքերի ոդիսականը։

Լուզինյան թագավորական տան հիմնադիր Գի դը Լուզինյան խաչակիր ասպետը
Լուզինյան տան հովանավոր Մելուզին փերիի պատկերները տարբեր փորագրանկարներում և գրքերի կազմերին
Լուզինյան թագավորական տան շքանշանները
Սինայի սուրբ Եկատերինայի շքանշանը

Պատրաստեց Հասմիկ Ստեփանյանը

Անկախ

 

Արգենտինայում ուղևորավարձի թանկացումն անկարգությունների է հանգեցրել

o_860925Արգենտինայի Կորդովա քաղաքում  հասարակական տրանսպորտի ուղևորավարձի ավելացումը հանգեցրել է անկարգությունների: Ոստիկանությունը 13 մարդու է ձերբակալել, 5 -ն էլ վիրավորվել են:

Փողոցային բախումները սկսվել են այն բանից հետո, երբ հայտարարել են ուղևորավարձի 30-տոկոսանոց բարձրացման մասին: Անկարգությունները ցուցարարներն են հրահրել. Քարեր են նետել ու հրավառ նյութով շշեր, ջարդել են խանութների ցուցափեղկերն ու մեքենաներ:

Ավելի ուշ հավաքվել են ոստիկանական բաժանմունքի մոտ ու փորձել ձերբակալվածներին դուրս բերել: Օրենքի պահապաններըն արցունքաբեր գազ են կիրառել:

Բողոքի ակցիան Արգենտինայի մեծությամբ երկրորդ քաղաքում տեղի է ունեցել   անընդհատ արժեզրկման  ֆոնին, ինչը, անկախ գնահատականներով, կազմում է տարեկան 30%: Հունվարի կեսին ազգային տարադրամը ընդամենը 2 օրում արժեզրկվեց համարյա 13%-ով, մեկ դոլարի դիմաց կազմելով 7,79 պեսո: Իսկ փետրվարի առաջին օրերին արդեն այդ տարբերությունը հասել է 8 պեսոյի:

2013-ի դեկտեմբերին  Արգենտինայի նահանգներում ոստիկանների գործադուլների հետևանքով էին անկարգություններ սկսվեցին: Նրանք պահանջում էին  աշխատավարձերի բարձրացում: Դրանից  օգտվեցին հանցագործներն ու սկսեցին թալանել խանութները, առևտրի կենտրոններն ու  բնակելի տները: Տերերը ստիպված սեփական ուժերով էին  ունեցվածքը պաշտպանում թալանչիներից:

Անկախ

Այսօր Ուկրաինայի Սումսկի մարզում սուգ է հայտարարվել

o_840911Այսօր, փետրվարի 5-ին Ուկրաինայի Սումսկի մարզում, որտեղ  գնացքի ու երթուղայինի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել, հայտարարվել է սգո օր: Մարզային վարչության ղեկավար Իգոր Յավդիկը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու տուժածների ընտանիքներին:

Վթարը տեղի է ունեցել երեկ, 15:35-ին (տեղական ժամանակով): Ավտոբուսը,  բախվել է գնացքին, տեղում 12 մարդ է զոհվել, հետո հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը: Գնացքի ուղևորները չեն տուժել: Գնացքը ռելսերից դուրս չի եկել:

Նախնական տվյալների համաձայն, վարորդը հաշվի չի առել  արգելքի ազդանշանը, որը սարքին է եղել:

Հիմա տեղի միլիցիայում  նախաքննություն է ընթանում Ուկրաինայի քրեական կոդեքսի 268 հոդվածի 3 մասով: Սումսկի դատախազությունը հետաքննության ընթացքի հսկողություն է իրականացնում:

Անկախ

Թուրքիան աշխարհին կներկայացվի հետաքրքիր թեմատիկ պաստառներով (լուսանկարներ)

օսմանյանԹուրք մարկետոլոգ Էմրահ Յուջելը արտասահմանում բնակվող մասնագետներից ձևավորված իր թիմի հետ միասին Թուրքիան աշխարհին ներկայացնելու հետաքրքիր նախագիծ է մշակել: «Home» նախագիծը Թուրքիան ներկայացնելու է իր բոլոր յուրահատկություններով ու գույներով: 2014 թվականի համար ընտրվել է 30-ից ավելի թեմատիկ պաստառ, որոնց վրա պատկերված են այս երկրին հատուկ վայրեր, երևույթներ, մշակույթային և ավանդույթային առանձնահատկություններ: Մասնավորապես հետաքրքրական են Թուրքիան թեյի տուն, երաժշտության տուն, աշխարհամասերի տուն, առևտրի տուն, Ռումիի տուն, օսմանների տուն պաստառները: Ներկայացված պաստառների թվում ամենազարմանալին Թուրքիան քրիստոնեության տուն պաստառն է:
Այս նախաձեռնության նպատակն է մինչև 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակը, ապահովել Թուրքիայի տեղը աշխարհում ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած երկրների հնգյակում:

Անկախ