Daily Archives: March 10, 2014
Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Ուրախ եմ այսօր ողջունել Երևանում իմ սերբ գործընկերոջը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցելությամբ: Մենք քիչ առաջ բավական բովանդակալից և արդյունավետ առանձնազրույց ունեցանք, խոսեցինք մեր երկկողմ հարաբերություններից, տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերից։
Մենք կշարունակենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ընթացքում: Այսօր պարոն Մրկիչը հանդիպումներ կունենա նաև Հանրապետության նախագահի հետ, Ազգային ժողովի նախագահի հետ, վարչապետի հետ, կայցելի Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսին, կայցելի նաև Ծիծեռնակաբերդ:
Մենք այսօր համաձայն էինք իմ գործընկերոջ հետ, որ պետք է առավել ջանքեր գործադրենք ամրապնդելու, ընդլայնելու, խորացնելու համագործակցությունը երկու երկրների միջև բոլոր հնարավոր ոլորտներում։
Ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ամրապնդման կարևորությունը: Այսօր շատ պայմանագրեր չունենք կնքված՝ միայն հինգ պայմանագիր։
Քիչ առաջ ստորագրեցինք ևս մեկ համաձայնագիր, որը վերաբերում է երկակի հարկումից խուսափելուն։
Հուսով եմ, որ շուտով մենք կհամալրենք մեր իրավապայմանագրային դաշտը։ Բազմաթիվ նախագծեր են քննարկվում: Մենք հոսով ենք, որ հաջորդ այցելության ժամանակ դրանք պատրաստ կլինեն ստորագրմանը։
Խոսեցինք նաև մշակութային կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման մասին, ապրանքաշրջանառությունը դեռ բարձր մակարդակի վրա չէ, թեև առկա ներուժը մեծ է: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճ է նկատվում է, բայց միևնույն է, այն չի համապատասխանում առկա ներուժին։
Մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, համաձայնեցինք, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա:
Անդրադարձանք նաև այն բանակցային գործընթացից, որն ընթանում է Սերբիայի և Կոսովոյի միջև, Հայաստանը գտնում է, որ դա դրական գործընթաց է, և մենք ցանկանում ենք Սերբիային հաջողություններ այդ գործում:
Այժմ խոսքս սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:
***
Հանրային Ռադիո- Պարոն նախարար, որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ,։ Մեր մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի կողմից նույնիսկ գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատը բացված սգո մատյանում։ Կպարզաբանե՞ք ինչու:
Էդվարդ Նալբանդյան- Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը։
Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, և դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝ այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել:
Ինչ վերավերում է մեր դիրքորոշմանը, մեր մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ապա Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, Հանրապետության Նախագահն է խոսել դրա մասին:
Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը:
«Ազատություն» ռադիոկայան – Պարո՛ն Նախարար, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Երկու հարց ունեի` ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Քննարկվե՞լ է արդյոք ՀԱՊԿ ձևաչափում այդ ճգնաժամը, և եթե քննարկվի, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան – Ընդհանրապես ես չեմ սիրում «եթե»-ներով խոսել՝ եթե այսպես, եթե այնպես։ Իհարկե, բնական է, որ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որովհետև այդ շրջանակում արտաքին քաղաքականությանը կոորդինացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա: Երբ որ այդպիսի քննարկումներ լինեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլիացնեն, և համապատասխան ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն։
Սերբ լրագրող. Պարոն նախարար, ինչ ուղղություններ եք տեսնում տնտեսական փոխգործակցության զարգացման համար:
Էդվարդ Նալբանդյան. Մենք այսօր խոսել ենք մեր տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ և, ինչպես նշեցի, կշարունակենք այդ քննարկումները: Կարծում եմ, որ ուղղությունները բավական շատ են։ Օրինակ կարող է լինել տուրիզմը։ Տուրիզմի բնագավառում պատրաստում ենք համաձայնագիր կնքել:
Դա կարող է լինել և արդյունաբերության, բանկային բնագավառներում։
Պետք է հատուկ նշեմ, որ վաղը կայանալու է բիզնես-ֆորում, և պարոն Մրկիչն եկել է գործարարների հետ։ Կարծում եմ այդ բիզնես-ֆորումի ընթացքում բավական մանրամասն կքննարկվեն հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության ոլորտին:
Ես ողջունում եմ, որ նախարարն եկել է բիզնեսմենների հետ: Երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև համապատասխան պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նախագահների այցելությունների ժամանակ՝ 2009թ. Սերբիայի նախագահի Հայաստան և 2011թ. Հայաստանի նախագահի՝ Սերբիա։
Կարծում եմ վաղը լավ հնարավորություն կլինի շարունակել քննարկումները ՝ երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև:
Մեդիամաքս. Պարոն նախարար, մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարարի հետ, մեզ հետաքրքրում է՝ նախատեսված է արդյոք համանախագահների հանդիպում Ձեզ հետ:
Էդվարդ Նալբանդյան. Այո, նախատեսված է։ Դա լինելու է վաղը՝ Մոսկվայում, ես կհանդիպեմ եռանախագահների հետ: Երևի, գիտեք, որ եռանախագահներին հանդիպել էի Փարիզում՝ տանս օր առաջ:
Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ:
Եվգենի Պլյուշչենկոն հիվանդանոցից դուրս է գրվել
Ռուսաստանցի հանրածանոթ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին Իսրայելում վիրահատել են: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և այսօր պատրաստվում է վերադառնալ Մոսկվա:
31-ամյա մարզիկը հայտնել է, որ իրեն լավ է զգում, ապաքինվում է:
Հավելենք, որ անվանի գեղասահորդը Սոչիում կայացած օլիմպիական խաղերի թիմային մրցումներում, ոսկե մեդալակիր դառնալուց հետո, մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, չէր մասնակցել անհատական մրցաշարին։
Համայնքային ոստիկանության լավագույն տեսուչ է ճանաչվել ոստիկանության ավագ լեյտենանտ Խորեն Ղազարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մանկական մահճակալներ մանկապարտեզներին՝ բարերարի աջակցությամբ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի, մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաև բարերարների աջակցությամբ։
“Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաև սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես մանկապարտեզների համար, օժանդակ աջակցություն է նաև բարերարների մասնակցությունը այս գործին, ինչպիսին է, օրինակ, իրանահայ գործարար, բարերար Լևոն Ահարոնյանի նախաձեռնությունը”,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Նշենք, որ իրանահայ բարերարի աջակցությամբ Երևանի համար 139 և 106 մանկապարտեզները համալրվել են 60 մահճակալներով։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները հայտնի են
Երևանի Խուլ և համրերի մշակույթի պալատում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Երևանից, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, Լոռիի, Սյունիքի մարզերից և Արցախից:
Ըստ քաշային կարգերի հաղթողներ ճանաչվեցին`
50 կգ Մխիթար Գրիգորյանը Ջրվեժի ըմբշամարտի մարզադպրոց
55 կգ Հարություն Բարսեղյանը Գյումրիի քաղաքապետարանի մարզադպրոց
60 կգ Գոռ Գրիգորյանը ՖԻՄԱ Երևանի ըմբշամարտի մարզադպրոց
66 կգ Արեն Ալեքյանը Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց
74 կգ Սուրեն Խաչատրյանը Ալավերդիի քաղաքապետարանի մարզադպրոց
84 կգ Ռազմիկ Պողոսյանը Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց
96 կգ Մերուժան Նիկոյանը Աշխատանքային ռեզերվներ
120 կգ Վիկտոր Կազիշվիլին ԲԿՄԱ
Ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլմիր Սարդար օղլու Հուսեյնովը՝ 1994-ին ծնված, վիրավորվել է: Նախնական վարկածի համաձայն՝ պատճառը զենքի հետ անզգույշ վարմունքն է, հաղորդում է “Հագին” կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը: Ըստ դրա՝ զինծառայողի ձեռքում փամփուշտ է պայթել, որի հետևանքվ կորցրել է աջ ձեռքի երեք մատները։
Երաժշտություն չսիրելը բնածին է
Իսպանացի գիտնականները պարզել են, որ մարդկանց տեսակ կա, որն ի ծնե չի սիրում երաժշտությունը: Դա հատուկ ուսումնասիրության առիթ է դարձել, որի նպատակն է եղել պարզել այդ երևույթի պատճառները:
Երևույթը, որն ագեդոնիա անունն է ստացել, վաղուց է հայտնի: Այդ մարդկանց երբեմն երաժշտությունը սովորական աղմուկի նման զայրացնում է: Նման մարդիկ երաժշտական ոչ մի ժանր ու ոճ չեն սիրում ու խիստ զարմանում են, երբ այն մեկ ուրիշի դուր է գալիս:
Մինչ ուսումնասիրությունը, գիտնականներին հետաքրքրում էր, թե ինչից է նման վերաբեմունք ձևավորվում երաժշտության հանդեպ: Կասկածներ կային, որ այդ վերաբերմունքը ձավորվում է մանկության տարիներին ապրած ինչ որ վախի հետևանքով: Սակայն, նոր ուսումնասիրություններով այդ կասկածները հերքվեցին:
Ուսումնասիրությանը մասնակցեց 400 կամավոր: Հետազոտվեց նրանց գլխուղեղը, ինչը հնարավորություն տվեց հասկանալու, որ որոշ մարդկանց մոտ երաժշտություն լսելու ընթացքում նյարդային համակարգը դոփամին չի արտադրում, որը պատասխանատու է կենդանի օրգանիզմներից մեծամասնության մոտ հաճույքի համար:
Պարզվեց նաև, որ այդ առանձնահատկությունը մարդկանց մեծամասնության մոտ բնածին է: Դրանից մասնագետները եզրակացրին, որ նման մարդկանց “վերադաստիարակել” պարզապես անհնար է, նրանք երբեք երաժշտությունից հաճույք չեն ստանա, քանի որ այդպես է կառուցված նրանց նյարդային համակարգը:
“Եթե անցյալում միայն հակածխախոտային պայքարի համար ծախսվել է 200 միլիոն դրամ, այսօր ծախսվում է ընդամենը 100 միլիոն դրամ”. Կարեն Ավագյան
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց հիմնադրամի միջոցով իրականացված երեք խոշոր ծրագրերի` կրթաթոշակների հատկացման մրցույթի, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով իրականացվող ծրագրի արդյունքները: Կարեն Ավագյանը նշեց, որ, եթե անցյալում ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով միայն հակածխախոտային պայքարի համար ծախսվել է 200 միլիոն դրամ, այսօր արդեն այդ ծրագրի վրա ծախսվում է ընդամենը 100 միլիոն դրամ:
Հարցին` ինչպե՞ս է անցյալ տարիներին իրականացվել հակածխախոտային պայքարը, ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները և ծրագրի արդյունքում մոտավորապես քանի՞ ծխող է հրաժարվել այդ սովորությունից, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Մենք չենք կարող ասել, թե քանի մարդ է թողել ծխելը: Այդպիսի մոնիտորինգ հնարավոր չէ իրականացնել: Այդ դրամաշնորհը տրամադրվում է նախագահի աշխատակազմի կողմից, այն ի սկզբանե նախատեսված է հակածխախոտային պայքարի համար: Թվերի մասին խոսելը մեր գործը չէ, մենք մրցույթ ենք հայտարարում, ընտրում գործն իրականացնող ՀԿ-ին և հետևում գործընթացին»:
2013-ին նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 19 ՀԿ, իսկ ահա 2014-ի առաջին կիասամյակում միայն մրցույթին մասնակցել ցանկացող ՀԿ-ների թիվը հասել է 86-ի, ի դեպ դրանցից միայն 30-ը ցանկանում է իրականացնել հակածխախոտային պայքար, 23-ը` Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրիր, իսկ 16-ը ցանկանում է փրկել կործանվող հայկական գյուղերը:
Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման աշխատանքները Շիրակի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դ!ԵՄ ԵՄ – Հանդիպում Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ
“Դ!ԵՄ ԵՄ” նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:
Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:
Մենք արդեն հանդիպել ենք ՀՊՃՀ-ի ուսանողների հետ, իսկ այս անգամ հանդիպում ենք Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի հետ:Եվ ուրեմն, սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:20, “Դ!ԵՄ ԵՄ” նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ համալսարանի բակում:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ետ է մնում կես «քայլով»
Ամերիկյան Դալլասում շարունակվող Տեխասի համալսարանի շախմատի մրցաշարում վերելքով է հանդես գալիս Վարուժան Հակոբյանը: Մասնակից 41 շախմատիստներից 12-ը գրոսմայստերներ են:
Վարուժանը կայացած 3 տուրից հետո հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես «քայլով» ետ է մնում միանձնյա առաջատարից` ամերիկացի միջազգային վարպետ Կայդեն Տրոֆֆից:
Կխաղացվի 9 տուր:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կկարողանա՞ անել այն, ինչը դեռևս չի հաջողվել նրա նախորդներից ոչ մեկին
Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում այսօր առաջին անգամ լրագրողներին հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշնակ գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը: Նրա առջև խնդիր է դրված Հայաստանի հավաքականին դուրս բերել Եվրոպայի 2016-ի առաջնության եզրափակիչ փուլ: Ընտրական մրցաշարում Հայաստանի թիմի մրցակիցներն են` Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի, Ալբանիայի ներկայացուցիչները:
Ներկայացնելով մեր երկրի հավաքականի նոր մարզչին, նրան Հայաստանի հավաքականի մարզաշապիկը նվիրելով, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ մեր երկրի ընտրանին վատ է հանդես եկել օրերս Կրասնոդարում կայացած Ռուսաստանի թիմի հետ ընկերական մրցամարտում: Պատճառաբանվեց, որ որպես կանոն մերոնք մարտին ոչ միշտ են իրենց լավ դրսևորում, և մի շարք ֆուտբոլիստներ իրենց կարողություններից թույլ են խաղացել:
Հայաստանի հավաքականի խաղամակարդակը չի բավարարել նաև դիտորդի կարգավիճակով Ռուսաստանի թիմի հետ հանդիպմանը ներկա գտնված Շալանդին: Նա այն կարծիքին է, որ հավաքականը պատրաստ չէր այդ մրցամարտին: Ասվեց նաև, որ Հայաստանի ազգային հավաքականն այժմ ի վիճակի չէ հաղթահարել որակավորման փուլի արգելքը, սակայն հետագայում կարող է դա անել: Նրա կարծիքով, Ռուսաստանի թիմի հետ խաղում Հայաստանին ընտրանին հատկապես թույլ պաշտպանություն ուներ: Ելքն այն է, որ արտերկրում նոր խաղացողներ գտնվեն, եթե դա հնարավոր չլինի, ապա պետք է աշխատեն տեղացի ֆուտբոլիստների հետ: Մարզիչը նշեց, որ ամբողջ թիմին է ուշադրություն դրաձվելու և ոչ միայն պաշտպաններին:
«Առաջնային նպատակը Հայաստանի հավաքականը խմբից դուրս բերելն է, դա իմ ցանկությունն է, երազանքը»,-ասաց նա:
Մայիսին Շալանդը Հայաստան է ժամանելու կնոջ հետո, որպեսզի լրջորեն աշխատի:
Կհաջողվի՞ նրան արդյունքի հասնել` ցույց կտա ժամանակը:
Հավելենք, որ դեռևս Հայաստանի հավաքականի ոչ մի մարզչի չի հաջողվել պատվով դուրս գալ այդ փորձությունից:
Բնակարանային գողությունները բացահայտվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թմրամիջոց` ԱՄՆ-ից ուղարկված ծրարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վիճաբանություն ռեստորանում. կատարվում է հետաքննություն
Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 1987 թ. ծնված Էյներ Խ.-ի և 1969 թ. ծնված Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել:
Էյներ Խ.-ն և Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն վարչապետի մոտ
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի և բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Ըստ գյուղատնտեսության հարցերի նախարար Անդրանիկ Խաչատրյանի և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանի հաղորդումների՝ գարնանացան մշակաբույսերի՝ հայտերով պահանջված սերմերի տրամադրումը սկսված է, և ժամկետների ուշացումներ չեն լինելու: Նրանց խոսքով` առկա են նաև բավարար քանակի պարարտանյութեր և թունաքիմիկատներ, որոնք արտոնյալ պայմաններով տրվում են հայտ ներկայացնողներին: Վարչապետը հանձնարարեց սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ բացատրական աշխատանքներ տանել դրանց օգտագործման կանոնների վերաբերյալ:
Խորհրդակցությանը ներկա մեքենատրակտորային կայանների տնօրենները զեկուցեցին գարնանացանի համար անհրաժեշտ տրակտորների և սարքավորումների քանակի ու տեխնիկական վիճակի մասին: Ըստ զեկույցների՝ գարնանացան աշխատանքներ կատարելու համար մեքենատրակտորային պարկն ընդհանուր առմամբ պատրաստ է, սակայն դեռևս որոշ խնդիրներ կան կոմբայնների քանակի և պատրաստվածության հետ կապված: Ա. Հարությունյանը հանձնարարեց ժամանակին սկսել բերքահավաքի նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հունձքի ընթացքում տեխնիկական լուրջ խափանումներ չլինեն: Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաև համամասնորեն և ըստ կարիքի բաշխել մոտ օրերս ներկրվելիք 40 բելառուսական տրակտորները:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Գերմանիայում բնակելի շենքում պայթյուն է եղել. կան զոհեր
Գերմանիայի հյուսիսում, բազմահարկ շենքում պայթյուն է եղել: Ողբերգությունը կատարվել է Իթցեհո քաղաքում, որը գտնվում է Շլեզվիգ-Գոլշտեյն: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին: Պատճառներն առայժմ անհայտ են: Սակայն ենթադրվում է, որ գազատարի վնասվածքի պատճառով է եղել: Տանը 11 մարդ էր բնակվում:
Զոհվել է ամենաքիչը մեկ մարդ, կան վիրավորներ, որոնց վիճակը ծանր է գնահատվում: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հարևան շենքերի ապակիները փշրվել են: Տունը, ականատեսների խոսքով, վերածվել է բեկորակույտի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Սաուդյան Արաբիայի արքայադուստրերը 13 տարի է պահվում են փակ դռների հետևում
Կանանց իրավունքների հարցում միջազգային կազմակերպությունների ցուցակներում վերջին տեղերը զբաղեցնող Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը հայտնվել է ցնցող մի սկանդալի կենտրոնում: Սաուդ թագավոր 89-ամյա Աբդուլահ բին Աբդուլազիզ էլ Սաուդիի դուստրերը, որոնք 13 տարի է բռնի ուժով պահվում են Ջիդդեում գտնվող պալատում, օգնություն են խնդրել: Արքայադուստրեր 42-ամյա Սահարը և 38-ամյա Ջևահիրը էլեկտրոնային փոստի միջոցով կապվել են անգլիական “Sunday Times” հանդեսի հետ և պատմել իրենց վիճակի մասին:
Արքայադուստրերը մյուս քույրերը՝ 41-ամյա Մահան և 39-ամյա Հալան գերի են պահվում մեկ այլ առանձնատանը: Կանայք ժամեր շարունակ գտնվում են հսկողության տակ, տնից դուրս չեն կարողանում գալ: Արգելված է նաև որևէ մեկի մուտքը տուն: Մի ժամանակ ազատ կյանքով ապրող կանայք օգնություն են խնդրում մի շարք միջազգային կազմակերպություններին՝ նամակ հղելով նաև ՄԱԿ-ին:
Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների հանդիպումը
Մարտի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, որն արտահայտվել է փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումներով լավ հիմք են ծառայում միջպետական փոխգործակցության խթանման համար։
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար, նախարար Մրկիչը ասաց, որ շատ ուրախ է այցելել Երևան, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել բոլոր հնարավոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։
Հանդիպման օրակարգում էին այս տարվա ընթացքում Սերբիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցությանն առնչվող հարցերը։
2015 թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Սերբիայի նախագահության համատեքստում քննարկվեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրները։
Սերբիայի արտգործնախարարը տեղեկացրեց Կոսովոյի հետ բանակցությունների ընթացքը՝ այս համատեքստում բարձր գնահատելով Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը: Նախարար Մրկիչը վերահաստատեց Մինսկի խմբի համանախագահության գործունեության աջակցությունը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հանդիպումից հետո արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իվան Մրկիչը ստորագրեցին Հայաստանի և Սերբիայի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը։
Ստորագրման արարողությունից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։





