Ադրբեջանը ՄԱԿ-ում աջակցել է Ուկրաինային

ՄԱԿՄարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին Ադրբեջանը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային` երկրի սուվերենության մասին բանաձևի քննարկման հարցում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, դեսպանության կայքում մասնավորապես գրված է. “Ադրբեջանը դատապարտում է ծայրահեղականության, արմատականության, անջատողականության յուրաքանչյուր ձև և իր հավատարմություն է հայտնում տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահամանների անձեռնմխելիության սկզբունքներին”:

Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը:

Անկախ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ՙՙայո՚՚ է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

ՄԱԿՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը, իսկ Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար անցկացված հանրաքվեն անօրինական է համարել:

Հինգշաբթի օրը անցկացված քվեարկության ժամանակ բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, 11-ը դեմ է արտահայտվել, իսկ 58-ը՝ ձեռնպահ:

ՙՙԱյո՚՚ քվեարկած երկրների թիվը բազմաթիվ դիվանագետների կանխատեսած թվից ավելին էր: Գլխավոր ասամբլեայի անդամ 193 երկրների կեսից ավելին աջակցել էր Ուկրաինայի տարածքային ամբողջությանը:

Ի տարբերություն անվտանգության խորհրդի որոշումների՝ գլխավոր ասամբլեայի որոշումները վետոյի կիրառման չեն հանգեցնում և իրավական պարտադրանքի ուժ չունեն, սակայն դրանք արտացոլում են աշխարհի կարծիքը:

 

 Անկախ

Էրդողանի անճանաչելի ձայնը զարմացրել է բոլորին (տեսանյութ)

Էրդողան


Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, այսօր նախընտրական ելույթով հանդես գալով Վան քաղաքում, զարմացրել է բոլորին: Դուրս գալով բեմ՝ Էրդողանը հավաքվածներին է դիմել շատ բարակ ու անճանաչելի ձայնով: Չնայած կտրված ձայնին՝ Էրդողանը ներկայացել է հանրահավաքին և ելույթ ունեցել: «Սիրելի վանեցիներ, սիրելի եղբայրներ: Սրտանց ողջունում եմ ձեզ: Այստեղից իմ բարևներն ու սերն եմ փոխանցում ողջ Վանին, բոլոր վանեցի եղբայրներիս: Նախ ուզում եմ ներողություն խնդրել ձայնիս համար»,-ասել է Էրդողանը՝ դիմելով հանրահավաքին եկածներին:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Էրդողանը դեղեր է օգտագործում ձայնը վերականգնելու համար, սակայն դրանք առայժմ արդյունք չեն տալիս: Հայտնի է, որ վարչապետը չի պատրաստվում դադարեցնել իր քարոզարշավը և վաղը ելույթ է ունենալու Դիարբեքիրի իր ընտրողների առաջ, այնուհետև մեկնելու է Քոնյա, իսկ կիրակի՝ նախընտրական վերջին օրը, ելույթ է ունենալու Ստամբուլում:

 

Անկախ

 

Թուրքիայում ընտրակեղծիքների համար կդատապարտվեն 10 տարվա ազատազրկման

turkiyeՄարտի 30-ին Թուրքիայում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնց ընթացքում թուրքական ոստիկանությունը կաշխատի հատուկ ռեժիմով:   «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ 39 հազար թուրք ոստիկան կապահովեն անվտանգությունը ընտրությունների ընթացքում: Հայտնի է նաև, որ ընտրությունների ժամանակ հնարավոր կեղծիքների համար սահմանվել է խիստ պատիժ՝ 10 տարվա ազատազրկում:

Նշենք, որ մի քանի օր անց Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրություններում հիմնական մրցակցությունը կծավալվի Ժողովրդա-հանրապետական և Արդարություն ու զարգացում կուսակցությունների միջև: Նախընտրական վերջին շաբաթներին վարչապետ Էրդողանի անվան շուրջ ծավալված սկանդալային իրադարձությունները վտանգի տակ են դնում նրա հաղթանակի հնարավորությունը: Այնուհանդերձ մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Էրդողանը ձայների աննշան կորուստ կունենա:

Անկախ

«Այս գործի մեջ բոլորն անխտիր շահում են». «Զվարթնոց»-ի պայքարն արդյունք է տալիս

Zvartnoc«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի գլխին կուտակված սև ամպերը կարծես ցրվում են, և հարցը լուծվում է` հօգուտ շենքի պահպանման:

Գրեթե մեկ տարի տևող բուռն քննարկումների արդյունքում կառավարությունն ի վերջո ընկրկեց հանրային դիրքորոշման առջև` հանձնարարելով օդանավակայանի ղեկավարությանը ճարտարապետների հետ միասին քննարկել օդանավակայանի զարգացման այնպիսի լուծումներ, որոնք կերաշխավորեն կլոր շենքի պահպանումը:

Հանրային խորհուրդը, որտեղ նախորդ տարվա օգոստոս ամսին դիմել էր քաղավիացիայի գլխավոր վարչությունը` քննարկելու շենքի քանդման կամ պահպանման հարցը, և որը կայացրել էր շենքը պահպանելու որոշում, ս.թ. մարտի 26-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ:

Գրիգոր Ազիզյանը գոհունակությամբ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել է օդանավակայանի հետագա զարգացման ծրագիրը «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանմամբ իրականացնելու հնարավորությունը:

Այդ առումով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի ճարտարապետ-կոնստրուկտորները նույնպես մասնակցեն կոնցեսիոների կողմից նոր նախագծի մշակման աշխատանքներին` համատեղ քննարկելով կլոր շենքի պահպանման բոլոր հնարավորությունները»:

ՀԽ հաղորդագրության մեջ նաև նշված է, որ խորհուրդը շարունակելու է հետևել գործընթացին և պատրաստակամ է կոնցեսիոների հետ քննարկելու համալիրի պահպանման և հետագա շահագործման հետ կապված խնդիրները:

Հանրային խորհուրդը ՀՀ մշակույթի նախարարության համապաատասխան կառույցին առաջարկել է քննարկել ՀԽ դիրքորոշման մեջ ամրագրված այն դրույթը, որը վերաբերում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությանը:

Հանրային խորհուրդը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մասնագետներին, քաղաքացիներին ու շահագրգիռ անձանց, որոնց ջանքերով ձևավորվել է «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանման վերաբերյալ հանրային կուռ կարծիք, ինչպես նաև բարձր գնահատել ՀՀ կառավարության և կոնցեսիոների պատրաստակամությունը` հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին»:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած հանդիպման մասին «Անկախ»-ին մանրամասներ ներկայացրեց Գրիգոր Ազիզյանը:

Նրա խոսքով` հանդիպմանը մասնակցել են Ճարտարապետների միության մի խումբ անդամներ` միության նախագահի ղեկավարությամբ, կոնցեսիոների ներկայացուցիչն ու քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներ:

Քննարկումը վարել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Նա ներկայացրել է նոր որոշումը, որը քաղավիացիայի գլխավոր վարչությունը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարություն:

«Նոր որոշման մեջ կոնցեսիոներն ընդունում է այն առաջարկը, որ պետք է քննարկվեն շենքը պահպանելու վերաբերյալ լուծումներ: Իսկ լուծում միշտ կգտնվի»,-նկատեց Ազիզյանը:

Նրա խոսքով` քննարկումը բավականին լուրջ ու հետաքրքիր է եղել և անցել է բոլորովին այլ մթնոլորտում. «Որ շենքն արժեք է, պետք է ամեն ինչ անել այն պահպանելու համար և այլն»:

Ինչպե՞ս է ավարտվել հանդիպումը հարցին Ազիզյանը ծիծաղելով պատասխանում է. «Համընդհանուր լուսանկարվելով»,-ապա ավելացնում,-քանի որ հենց Էռնեկյանի կողմից է եղել առաջարկը, որ գտնենք հնարավորություն շենքը պահպանելու, ուստի կոնցեսիոները պետք է վերանախագծի իր մաստեր պլանը, մենք էլ բնականաբար մասնակցելու ենք այդ քննարկումներին, մեր առաջարկներն ենք ներկայացնելու և միասին փորձելու ենք գտնել լուծումներ շենքը պահպանելու նպատակով»:

Ի դեպ, Գրիգոր Ազիզյանը նշում է, որ այդ հանդիպման ժամանակ բոլորն էին ուրախ` անգամ քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակիցները: Ազիզյանին դուր չի եկել միայն կոնցեսիոների ներկայացուցչի այն կարծիքը, որ կլոր շենքը սեյսմիկ տեսանկյունից շատ վատ վիճակում է, և իրենք արտերկրից պետք է հրավիրեն մասնագետներ, որոնք պետք է քննարկեն շենքի սեյսմակայունության և ամրացման հարցերը: «Ես պարզապես ասացի, որ եթե հանկարծ արտասահմանյան մասնագետները որոշեն, որ հնարավոր չէ շենքն ամրացնել, դիմեք մեզ, մենք անպայման կգտնենք լուծում»:

Իսկ լուծման տարբերակ, ըստ Ազիզյանի, մեկը չէ, այլ առնվազն վեցն է:

Հիշեցնենք, որ Գրիգոր Ազիզյանը նաև «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրենն է, և հենց այդ կառույցն է ժամանակին մրցույթով շահել «Զվարթնոցի» կլոր շենքի նախագծման և կառուցման պատասխանատվությունը, ուստի նրա համար շենքի պահպանումն ունի բոլորովին այլ նշանակություն:

Ազիզյանն ուրախ է, որ Հանրային խորհրդի հետևողական ջանքերն ու հանրային պայքարն իրենց ցանկալի արդյունքը տվեցին: «Այս գործի մեջ պարտվող չկա, բոլորն անխտիր շահում են` և´ պատվիրատուն, որն իզուր տեղը փող չի ծախսելու շենքի քանդման վրա, և´ պետությունը, և´ իհարկե ժողովուրդը»:

Հաջորդ քայլն, ըստ Ազիզյանի, պետք է լինի կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: Շուտով տեղի է ունենալու մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող փորձագիտական հանձնաժողովի նիստ, որը զբաղվում է նաև հուշարձաններին կարգավիճակ շնորհելու հարցով: Հանձնաժողովի անդամ է նաև Գրիգոր Ազիզյանը, նրա խոսքով` այդ նիստի ժամանակ քննարկվելու է նաև «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը:

Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը դիմել էր Հանրային խորհուրդ համատեղ քննարկելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը:

Երկարատև ու համակողմանի քննարկումների արդյունքում Հանրային խորհուրդը որոշել էր դիմել կառավարություն չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, ինչպես նաև հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

 

Անի Գասպարյան

Անկախ

 

Դեսպան Հեֆերնը անցկացնում է «Կանանց մենթորինգ» միջոցառումը

Ջոն Հեֆերն   Երևան, ՀՀ  – Մարտի 27-ին Կանանց պատմության միամսյակը նշանավորելու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը հյուրընկալեց 2013թ. Կանանց մենթորական ծրագրի մասնակիցներին: Ուսանողուհիների ու կին առաջնորդների մասնակցությամբ իրականացվող այս ծրագիրը համակարգվում է ԱՄՆ դեսպանատան, Երևանի պետական համալսարանի, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի կողմից:

 

Ամերիկյան կանանց պատմության միամսյակը նշվում է մարտ ամսին՝ տուրք տալու համար կանանց՝ հասարակության մեջ ունեցած ներդրումներին: Նախագահ Օբաման վերջերս ելույթ է ունեցել հետևյալ խոսքերով. «Կանանց պատմության միամսյակի ընթացքում մենք նշանավորում ենք այն կանանց հաղթանակները, պայքարը և պատմությունները, ովքեր դարձրել են մեր երկիրն այնպիսին, ինչպիսին այն այսօր է: Մենք ուզում ենք խրախուսել ավելի շատ աղջիկների՝ բացահայտելու իրենց սերը գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության և մաթեմատիկայի հանդեպ, ինչպես նաև գործողություններ ենք ձեռնարկում՝ ապահովելու տնտեսական հնարավորություններ ամբողջ աշխարհի կանանց համար»:

 

Կանանց մենթորական ծրագիրը մեկնարկել է 2010թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Մենթորները, լինելով կայացած գործիչներ և մասնագիտական հաջողությունների հասած անձինք, օրինակ են ծառայում և իրենց խորհուրդներով օգնում են երիտասարդ խոստումնալից ուսանողուհիներին: 2013թ. ծրագրում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր 66 մենթորներ ու մագիստրատուրայի 66 ուսանողուհիներ Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից և «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամից:

Անկախ

Հոլիվուդը արդեն սկսել է աշխատել մալազիական ինքնաթիռի կործանման մասին պատմող ֆիլմի վրա

Հոլիվուդ, ինքնաթիռ,ֆիլմՄինչ Ավստրալիայի ռազմական ուժերը Հնդկական օվկիանոսում շարունակում են փնտրել մալազիական անհետացած ինքնաթիռի հետքերը՝ Հոլիվուդյան ռեժիսորները արդեն աշխատում են ողբերգական վթարի հնարավոր ֆիլմային սցենարների վրա:

Չնայած որևէ կինոստուդիա հակվածություն չունի այդ դեպքի վերաբերյալ ֆիլմ նկարել, սակայն ռեժիսորներից մեկը Hollywood Reporter-ին հայտնել է, որ ինքնաթիռի վթարի վերաբերյալ ֆիլմերի 50 տարբերակների վրա են աշխատում:

Չնայած Հոլիվուդը արդեն սկսել է վթարի ադապտացված տարբերակների քննարկումը, սակայն աղետի մասին պատմող ֆիլմը շուտ չի հայտնվի էկրաններին:

Առաջատար կինոստուդիաներից հինգ տարի է պահանջվել 9/11-ի վերաբերյալ ֆիլմերի նկարահանման համար:

Այս դեպքում ցանկացած նախագծի համար խոչընդոտ է համարվում ինքնաթիռի անհետացման մանրամասների բացակայությունը:

Անկախ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Էդվարդ ՆալբանդյանՄարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ։

 

Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

 

Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին տեղեկացրեց տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։

 

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  խաղաղ կարգավորման ուղղությամբ  Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

 

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ։

Անկախ

Թուրքիայում արգելափակվեց նաև «Youtube»-ը

youtoube   Րոպեներ առաջ թուրքական լրատվամիջոցները հայտնեցին հերթական ցնցող լուրը: «Twitter» սոցիալական կայքի արգելափակումից հետո Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության նախարարության որոշմամբ արգելափակվել է նաև «Youtube»-ը: Հետաքրքրական է, որ նախարարության պաշտոնական էջում տեղադրված կայքի փակման մասին հայտարարության ներքևի մասում առկա է «առարկի՛ր» կոճակը: Այն սեղմելու դեպքում պահաջվում է ներկայացնել անձնագրային, հետադարձ կապի տվյալներ, ինչպես նաև առարկության վերաբերյալ բացատրություն:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի հեռուստատեսային հաղորդման ժամանակ «Twitter»-ի արգելափակման հետ կապված հարցին հետևյալ կերպ էր պատասխանել. «Այս ամենի հետևում Youtube-ն է կանգնած»:

 Անկախ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ Կառավարությունը պատրաստ է քննարկել ընդդիմության առաջարկը

կառավարության նիստՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է այդ հարցում, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի քննարկել առավել մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ: Սակայն ծագում են նաև մի շարք խնդրահարույց հարցեր՝ չի՞ տուժի արդյոք ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը, արդյո՞ք պատգամավորները հնարավորություն կունենան լիարժեք ուսումնասիրել և քննարկել օրենքների նախագծերը: Այսպիսով, կառավարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Միաժամանակ գործադիրը պատրաստ է նախագծի հեղինակների հետ համագործակցել ԱԺ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային Ժողովում շրջանառվում են բազմաթիվ օրինագծեր, որոնք դեռ չեն քննարկվել և դրա հետևանքով կառավարությունը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել իր քաղաքական հանձնառությունները:
Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել վերջին շրջանում սոցիալական ցանցերում մեծ տարածում ստացած կեղծ օգտատերերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն բովանդակող տեղեկատվության տարածումը կանխելու միջոցներ, մասնավորապես՝ լրատվական միջոցների պատասխանատվությունը: Կարևորելով և ողջունելով խնդրի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրն, այնուամենայնիվ, արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին և մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, Նախագահի խոսքով, հանդիսանում է Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարևոր մասը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաև այլ կարևոր միջոցառումների, ինչպիսին է օրինակ՝ «Ռոզ-Ռոթ» սեմինարների շարքը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ Նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ-ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը և Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խորը և ընդգրկուն օրակարգի մասին, որ ձևավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ և բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:

Հայաստան-ՆԱՏՕ Գործընկերության զարգացման համատեքստում, Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության անդամներն անդրադարձել են Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:

 

Թուրք ազգայնականը կոչ է անում պատրաստ լինել քեսաբահայության ներգաղթին Թուրքիա

Շեֆիք Չիրքին Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության Հաթայից պատգամավոր Շեֆիք Չիրքինը իր անհանգստությունն է հայտնել քեսաբահայության դեպի Թուրքիա հնարավոր ներգաղթի պատճառով: «Առաջիկա օրերին հնարավոր է հայերի ներգաղթ սկսվի դեպի Թուրքիա: Սրան պետք է պատրաստ լինենք»,-ասել է Չիրքինը:

Նշենք, որ երեկ Թուրքիայի ԱԳ նախարարությունը երեկ հայտնել էր, որ ՄԱԿ-ի համակարգող գրասենյակի կամ ՄԱԿ-ի այլ կառույցների միջոցով պատրաստ է անհապաղ օգնություն տրամադրել մասնավորապես տարածաշրջանի սիրիահայությանը: Ակնհայտ է, որ այս հայտարարությունը դուր չի եկել թուրք ազգայնականներին:

Անկախ

Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքները Սիրիայում. Դավութօղլու

դավութօղլու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքները Սիրիայում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքերով՝ թուրք զինյալները մտադիր են հակահարված տալ Սուլեյման Շահի դամբարանի վրա ցանկացած հարձակմանը: «Մեր զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման»,-նշել է նախարարը:

Նշենք, որ դամբարանն ու դրա շրջակայքը հանդիսանում են Սիրիայի տարածքում թուրքական կղզյակ: Այժմ այն գյուղը, որտեղ տեղակայված է դամբարանը, անցել է «Ալ-Քայիդայի» հետ կապված «Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետության» զինյալների ձեռքը:

Անկախ

Սևանից 240 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը հասավ խորհրդարան

19396699Խորհրդարանում քննարկվում էր “Սևանա լճի էկոհոմոկորգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով:

Նրա խոսքով` հատկապես Սև ջուր ջրավազանային տարածքում` շուրջ 29 բնակավայրերի հողատարածքներում, ջրի լուրջ դեֆիցիտ է առաջացել, և այլընտրանքային ռեսոուրսների բացակայությունը ստիպում է կառավարությանը դիմել Սևանա լճին:

Հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել, ասենք, 2-3 տարվա համար, ոչ թե հինգ: Անդրեասյանը պարզաբանեց, որ 240 միլիոնը դա ամենամեծ թիվն է, և հնարավոր է, որ բանը դրան չհասնի:

Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց, թե արդյո՞ք հարցը քննարկվել է բնապահպանների հետ, և հաշվի են առնվել նրանց դիտողություններն ու առաջարկները:

Անդրեասյանը պատասխանեց, որ բնապահպանների հետ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր ձևաչափերով, բայց, ցավոք, խոսակցությունը մտել է էմոցիոնալ դաշտ: Ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն երկխոսություն միշտ եղել է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, կարևորելով ձկնաբուծությունը որպես շահավետ ու հեռանկարային բիզնես, հարցրեց, թե ինչո՞ւ կառավարությունը նախօրոք չի կանխատեսել այն հետևանքները, որոնք ի հայտ են եկել Արարատյան դաշտավայրի ջրային ավազանում, ինչո՞ւ բիզնեսը համապատասխան ձևով չի կարգավորել և անվերահսկելի է թողել դաշտը:

Պատասխանողի խոսքով` Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգը հնարավոր է, որ միայն պայմանավորված չլինի ձկնաբուծարաններով, քանի որ երկրաբանական խորը ուսումնասիրություններ դեռևս արված չեն: Ինչ վերաբերում է կառավարության կողմից ոլորտի վերահսկմանը, ապա նա հավաստիացրեց, որ ոլորտը կարգավորման դաշտում է, պարզապես որպես լիբերալ տնտեսության ուղենիշի կրող, կառավարությունը որոշակի սահմանից սկսած ազատ է թողել տնտեսվարողներին: Այնուամենայնիվ, Անդրեասյանը վստահ է, որ այժմ տարվող միջոցառումները` ուղղված Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կարգավորմանը, դրական արդյունք են տալու:

Ջրամբարների կառուցման անհրաժեշտության հարցը բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` ասելով. «Վախենամ, հենց մենք քվեարկենք, հինգ տարի ոչ մի ջրամբար չկառուցվի, և հինգ տարի հետո նորից գաք, ասեք` Սևանից ջուր է պետք բաց թողնել»:

Պատասխանողը հայտնեց, որ երկու ջրամբարների նախագծային աշխատանքները սկսված են, իսկ Եղվարդի ջրամբարը նախանախագծային փուլում է:

Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ջհանգիրյանին հուսադրեց. «Ես խոսել եմ Հանրապետության նախագահի հետ, պարոն Ջհանգիրյան, այդ ջրամբարները ՀՀ նախագահի վերահսկողության տակ են իրականացվելու»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ խիստ կասկածեց, որ առաջիկա հինգ տարում այդ ջրամբարների ծրագրերը կյանքի կկոչվեն: Փոխարենը նա առաջարկեց գումարները ծախսել ոչ թե մեծ ու անիրականանալի խնդիրների ուղղությամբ, այլ գոնե փոքր խնդիրների լուծման:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Արարատյան դաշտավայրում ապօրինի ձկնային տնտեսություններ կառուցած և դաշտավայրի ջրային ավազանը վնասած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: «2007 թվականից էդ պրոցեսը սկսված է: Ես զարմանում եմ, էդ փաստերի առթիվ որևէ քրեական գործ հարուցվե՞լ է, կա՞ն ձերբակալվածներ: Հիմա ձեր իսկ կողմից թույլ տված հանցագործությունը կոծկելու համար դնում, Սևանից հերթական ջուրն եք բաց թողնում: Եթե մարդիկ պատասխանատվություն չկրեն, Սևանն էլ նույն հաջողությամբ կցամաքեցնեք»:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այդ ձկնաբուծարանների սեփականատերերի մեծ մասն այս դահլիճում և ԱԺ նախագահությունում նստած է:

Այնուհետև, մեջբերելով Հովիկ Աբրահամյանի խոսքը, թե ինքը խոսել է Հանրապետության ղեկավարի հետ, և այդ ջրամբարների կառուցումը նրա վերահսկողության տակ է, Փաշինյանն ավելացրեց. «Լեզվի տակ ոսկոր չկա, դուք նաև ասում էիք` էն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի, պիտի հրաժարական տա, ձեր ասածի մեջ գյոլ չկա…»:

«Ձեր լեզվի տակ էլ փուշ չկա, ինչ ուզում ասում եք»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Հարցի քննարկումն ընդհատվեց քառօրյայի աշխատանքների ավարտի պատճառով և կշարունակվի արդեն ապրիլ ամսին:

Անկախ

Արոնյանի և Կրամնիկի խաղացած պարտիան կարճատև էր

լևոնAronian-Kramnik-12Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Պարտիան կարճև էր, կատարվեց 31-րդ քայլ:  Արոնյանի և Կրամնիկի առաջին շրջանի մրցամարտը ևս խաղաղ ելք էր ունեցել:

Մյուս պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան.

Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)` 0,5:0,5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 1:0

Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)`0,5:0,5

Անկախ

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալին

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալինՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները նախ իրենց ցավակցությունն են հայտնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավար Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ընդգծել նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում:

Այնուհետև ՀՀ վարչապետը և «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին: Քսավիե Մյուսկան բարձր է գնահատել մեր երկրի բանկային համակարգի զարգացման աստիճանը և նշել, որ մտադիր են էապես ավելացնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»-ի կապիտալը, ինչը կնպաստի շուկայում տարբեր նախագծերի իրականացմանը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կառավարության աջակցությունը հայտնել բանկի ղեկավարությանը:

Անկախ

Քննարկվել են Հայաստան֊ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր

3Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ֊ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան֊ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն

ավտոճանապարհներ, ձյունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում,  ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս ավտոճանապարհների զգալի  մասում` անձրև:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

                                                        

ՀՀ  տրանսպորտի և կապի
նախարարության  լրատվական  ծառայություն 

 

ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել

03-27-2014 Kuveyt banerՄարտի 27-ին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում:

Երևանի պետական համալսարան այցելած պատվիրակության կազմում էին Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը, Ուսումնական հարցերով պրոռեկտոր տիկին Ֆիրյալ Բու Ռաբիան, Բժշկագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ադել Այեդը, աշխատակազմի ղեկավար Մուհամմադ ալ-Սուլեյմանը և ռեկտորի խորհրդական Մուհսեն ալ-Մուալլիմը:

Քուվեյթի պատվիրակությունը Հայաստան է ժամանել միջբուհական համագործակցության, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները քննարկելու համար:

Մինչ քննարկումներին անցնելը կողմերը վերակնքեցին երկու բուհերի միջև գործող համագործակցության պայմանագիրը և պարտավորվեցին աշխատանքային պայմանագրերի միջոցով կյանքի կոչել այն:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և ընդգծեց, որ Մայր բուհի ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի համալսարանի հետ համագործակցության վերականգնմանն ու զարգացմանը:

Արամ Սիմոնյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ պատմության, միջազգային համագործակցության, ուսումնական ու գիտական գործընթացների, ինչպես նաև մշակութային և ուսանողական կյանքից:

Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը նույնպես խոսեց իրենց երկրի գլխավոր բուհից և վստահություն հայտնեց, որ երկու համալսարանների միջև համագործակցության արդյունքները գոհացնող կլինեն:

Հարկ է նշել, որ Քուվեյթի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմությունի ունի, մասնավորապես արաբագիտության ոլորտում: Արդեն մի քանի տարի է, ինչ համալսարանական արաբագետ ուսանողները կրթություն են ստանում Քուվեյթի համալսարանում:

Արամ Սիմոնյանի հավաստմամբ՝ Քուվեյթի համալսարանի ղեկավարությունը միշտ գոհունակությամբ է խոսում հայ ուսանողների մասին՝ ընդգծելով նրանց ընդհանուր գիտելիքների և մասնավորապես արաբերենի իմացության բարձր մակարդակը:

Նախատեսվում է համալսարանների միջև ծավալված համագործակցությունը հետագայում ներառելու է նաև բնագիտական ոլորտները. «Քուվեյթի համալսարանի բնագիտական ֆակուլտետները բավականին հզոր են ոչ միայն գիտելիքների, այլև լաբորատոր սարքավորումների տեսանկյունից»:

ԵՊՀ ռեկտորը հավելեց նաև, որ Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը հետաքրքրված է նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտնականների փոխանակման ծրագրերով:

«Քուվեյթի համալսարանն Արաբական ծոցի երկրներից ամենահզոր կրթական կենտրոններից է, որը և՛ կադրային, և՛ տեխնիկական ռեսուրսներով բավականին հագեցած է:  40.000-ից ավելի ուսանող ունեցող բուհում դասավանդում են հրավիրյալ հայտնի պրոֆեսորներ, Նոբելյան մրցանակակիրներ: Ուստի մենք շահագրգրված ենք, որ այս համագործակցությունն էլ առավել ամրապնդվի ու զարգացում ունենա, քանի որ դրա միջոցով մենք կապ կհաստատենք Արաբական ծոցի այլ երկրների կրթօջախների հետ»,- ամփոփեց Արամ Սիմոնյանը:

Հանդիպման վերջում կողմերը միմյանց հուշանվերներ ու տեղեկատվական բուկլետներ հանձնեցին: