«Առանց տեսլականի, առանց իրար նկատմամբ վստահության, առաջ գնալ չենք կարող». Վազգեն Մանուկյան

վազգեն մանուկյանՓետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ վարչապետի և կառավարության որոշ անդամների հետ` քննարկելու հանրությանը հուզող մի շարք հարցեր:

ՀԽ նախագահն իր խոսքում անդրադարձել է ոչ միայն սոցիալ-տնտեսական որոշակի հարցերի, այլև բարձրացրել պետության, հասարակության, հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող համընդհանուր խնդիրներ:

Վազգեն Մանուկյանի ելույթը  ներկայացնում ենք ստորև.

 

«Հարգելիʹ պարոն վարչապետ, կառավարության անդամներ, գործընկերներ

Հայաստանն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը պահանջում է շուտափույթ լուծումներ: Մենք մեր կողմից այսօր կներկայացնենք մի շարք խնդիրներ, որոնք առաջ են քաշված հասարակության կողմից: Դրանց մի մասի վերաբերյալ Հանրային խորհուրդն ունի իր հստակ կարծիքը և լուծումներ է առաջարկում, և կան հարցեր, որոնք դեռ պահանջում են համատեղ մասնագիտական քննարկումներ:

Բայց Հանրային խորհուրդը մտահոգված է ոչ միայն այդ որոշակի խնդիրների լուծմամբ. խնդիրներ լինելու են միշտ: Դրանց լուծման համար պետք են բանիմաց մասնագետներ, արդյունավետ կառավարություն, բայց հնարավոր չի լինի դրանք լուծել, եթե հասարակության շրջանում չկա համապատասխան մթնոլորտ` վստահություն, էներգետիկա, լավատեսություն: Նման պայմաններում խնդիրների լուծումը որևէ մասնագետի միջոցով հնարավոր չէ: Ցավոք, մեր կարծիքով, Հայաստանում այսօր այդպիսին է մթնոլորտը, և մենք կարծում ենք, որ  իշխանության քայլերն էլ, ցավոք սրտի, միշտ չէ, որ նպաստում են այդ մթնոլորտի փոփոխմանը, ընդհակառակը` երբեմն նույնիսկ խորացնում են:

Հասարակության  մի մասի շրջանում, արդարացի թե ոչ արդարացի, տպավորություն է ստեղծվում, որ իրենց մասին մտածող չկա, իրենք մնացել են միայնակ, և բոլոր որոշումները, որ ընդունվում են, այս կամ այն ձևով իրենցից գումար վերցնելու նպատակ ունեն: Անկախ այն հանգամանքից, թե տնտեսական ինչ հեռանկարային խնդիրներ ու համակարգ է ներդրվում, ամեն մի որոշման մեջ փող վերցնելու գաղափարը կա, և դա կարծես դոմինանտ է որոշումների մեջ:

Այդ տեսանկյունից ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ մենք մեր կարծիքը հայտնել ենք և´ մամուլով, և´ նախագահի մոտ, և´ կառավարությունում: Դրանցից մեկը պարտադիր կենսաթոշակային համակարգին է վերաբերում: Ընդ որում, պետք է ասեմ` մեր քննարկումների ժամանակ մենք որպես մոդել դրական ենք գնահատել այդ համակարգը կենսաթոշակային հարցերը լուծելու համար:

Բայց ի՞նչ էր առաջարկում Հանրային խորհուրդը: Մենք առաջարկում էինք, օրինակ, նվազեցնել 5% դրույքաչափը, սահմանված գանձումն իրականացնել հարկված աշխատավարձից, կամ եթե նույնիսկ 5% դրույքաչափը պահպանվի, 2014 թ. գանձումը սկսել 2%-ից` մինչև 2020 թ. այն աստիճանաբար հասցնելով 5%-ի (հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատելու առաջարկվող մոդելի արդյունավետությունը): «Պարտադիր» բաղադրիչի մասով առաջարկում էինք, որ փոքր չափի աշխատավարձերի (ասենք` մինչև 80.000 դրամ) դեպքում գործատուն կամ պետությունը (եթե բյուջետային աշխատող է) ամբողջ ծավալով իր վրա վերցնի վճարումները, նշված չափից բարձր աշխատավարձի դեպքում (ասենք` 80.000-ից մինչև 150.000 դրամ), աստիճանաբար աշխատողի կողմից վճարումը մեծացնելով, հասցվի մինչև 5%-ի, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը տարածել միայն 500.000-ի հատվածի վրա, իսկ դրանից բարձր հատվածի դեպքում թողնել աշխատողի կամավոր ցանկությանը:

Այսինքն` մենք խոսում ենք ոչ թե մոդելի  փոփոխման մասին, այլ մոդելն այնպես անելու, որ ընկալելի լինի հասարակության կողմից:

Երկրորդ հարցը, որ բարձրացրել ենք, և անկեղծ ասած, չգիտենք, թե դրա պատասխանը որն է, «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակի հարցն է: Մենք շատ հստակ ենք հարցը դրել. չենք պնդում, որ դա պատմամշակութային արժեք է, ասում ենք` կա համապատասխան հանձնաժողով և կա ճարտարապետների կարծիք: Թող միասին քննարկեն, եթե այն համարվի պատմամշակութային արժեք, այդ դեպքում  կգործի համապատասխան  օրենքը: Սակայն այդ հարցը չի քննարկվել:

Երկրորդ առաջարկն այն է, որ եթե օդանավակայանը զարգացման համար շարունակում է ինչ-որ ուղղությամբ ընդլայնվել, եթե այլընտրանքային տարբերակ կա, ապա դրա բիզնես պլանն էլ ներկայացնել, տարբերությունը հասկանալ: Առաջարկել ենք նաև քննարկել, թե կարելի՞ է հին համալիրն օգտագործել: Սակայն դրա վերաբերյալ նույնպես որևիցե լուրջ քննարկում չի եղել:

Կառավարության որոշումից մենք տպավորություն ստացանաք, որ այդ հարցը հետաձգվել է և ճարտարապետների հետ դեռ պետք է քննարկվի, բայց քաղավիացիայի գլխավոր վարչության պետն իր բոլոր ելույթներում ասում է, որ աշտարակը պետք է քանդվի, կարծես ինչ-որ անձնական շահագրգռվածություն ունի աշտարակը քանդելու հարցում: Այդ աշտարակը մեր ժողովրդի համար դարձել է խորհրդանիշ: Եթե այդ խորհրդանիշը պահելը շատ թանկ է կամ անհնար է, պետք է բացատրել ժողովրդին, իսկ եթե լուծում կա, ապա այդ լուծումը պետք է տալ:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ հասարակության մեջ դժգոհությունը կուտակվում է, մարդկանց մեջ անվստահություն է առաջանում ոչ միայն երկրի ապագայի, այլև իրենց ընտանիքների, իրենց ապագայի նկատմամբ: Անորոշություն է, թե ուր ենք գնում: Հայաստանն ո՞ւր է գնում, ի՞նչ է հռչակել, ի՞նչ է անում: Այդ անորոշությունը հանգեցնում է նրան, որ ամեն մի կեղտոտ բամբասանք հեշտությամբ տարածվում է ժողովրդի մեջ, և կա մամուլ, որը լավ օգտագործում է դա: Մարդու միակ հույսը մնում է այն, որ թողնի փախչի էս երկրից:

Եթե մենք կարողանայինք ապահովել կտրուկ տնտեսական աճ Հայաստանում, դա կառաջացներ և´ ոգևորություն, և´ վստահություն ապագայի նկատմամբ: Բայց կարծում եմ` և´ արտաքին պայմանները, և´ այս ներքին լճացումը չեն նպաստում, որ Հայաստանում կտրուկ տնտեսական աճ լինի: Այդ դեպքում վերադառնում եմ Ձեր բարձրացրած հարցին, պարոն վարչապետ: Անցյալ անգամ Դոʹւք այդ հարցը բարձրացրիք, և ես  նույնպես շատ եմ կարևորում: Ասացիք, որ իսկապես Հայաստանում պակասում է տեսլականը: Եթե ուշադիր նայենք, ոչ մի երկիր չի կարողացել ծանր վիճակից դուրս գալ և ոտքի կանգնել, եթե չի ունեցել նպատակներ, երազանքներ ու տեսլական: Ո՞րն է մեր տեսլականը: Դա պիտի լինի մի տեսլական, որը համախմբում է մարդկանց, որի մեջ վեհություն կա, թիմային զգացողություն, բայց միաժամանակ իրականացումն ապահովում է ամեն մեկի ընտանիքի բարեկեցությունը: Այսինքն` ոչ միայն անձնազոհություն է  պահանջում, այլև ապահովում է յուրաքանչյուրիս ընտանիքի, երեխաների ապագա բարգավաճումը: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի իշխանություն, որն անկեղծորեն դրանով տարված է:

Երբ մենք շարժումով եկանք իշխանության, այդ շարժման մեջ ազգային և ժողովրդավարական մեծ հոսանք կար: Հետզհետե պարզվեց, որ ազգայինը «կեղծ կատեգորիա» է, և միայն դեմոկրատիան է  կարևոր: Դեմոկրատիան էլ հանգեցրեց նրան, որ նրանք, ովքեր հռչակում էին այդ դեմոկրատիան, հենց դրա անվան տակ էին փող աշխատում: Հետո ամեն ինչ փոխվեց: Դեմոկրատիան դարձավ մի քիչ երկրորդական, առաջ մղվեց ազգայինը, և այդ անվան տակ թալանվեց ինչ կար-չկար, վաճառքի հանվեց այն ամենը, ինչ որ ազգային արժեք էր: Այսինքն` ստացվեց, որ այդ գաղափարն էլ մարդիկ օգտագործեցին անձնական հարստացման համար: Հիմա էլ, եթե տեսլական ունենանք, այն ներկայացնենք, բայց որպես իշխանություն սկսենք օգտվել դրանից, այդ տեսլականը ոչ մի արժեք չի ունենա:

Ես կարծում եմ, որ  իշխանության պարտքն է, հասարակության լայն շերտերին հավաքելով, միասին ներկայացնել, ձևակերպել այդ տեսլականը; Հասարակությունը պետք է մասնակից լինի, որ դա լինի ոչ թե իշխանության տեսլականը, այս կամ այն կուսակցության տեսլականը, այլ ողջ ժողովրդինը:

Մենք հանդիպումներից մեկի ժամանակ ողջունեցինք նախագահի` Սահմանադրությունը վերամշակող աշխատանքային մարմին ստեղծելու նախաձեռնությունը և  առաջարկեցինք, որ ստեղծվի մի հասարակական խումբ, որում ներգրավված լինեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության տարբեր շերտեր: Մենք ուզում էինք, որ հասարակությունը, ներգրավվելով դրա մեջ, հասկանար, թե ինչու է այդ բարեփոխումն անհրաժեշտ, որն է դրա նպատակը, այսինքն` հասարակությունը մտներ այդ բանավեճի մեջ: Դրա փոխարեն, ցավոք, ստեղծվեց մի մասնագիտական խումբ, որը փոխում է Սահմանադրությունը, բայց թե ինչի համար, չենք հասկանում: Հասարակությունն օտարված է զգում իրեն բոլոր որոշումներից:

Ես անձամբ կարող եմ առաջարկել այդ տեսլականը: Դա առաջարկել եմ 1990 թվականին ու առաջարկում եմ հիմա: Այդ տեսլականը համաշխարհային ազգն է: Դա նշանակում է, որ աշխարհով մեկ սփռված հայությունը` իր ողջ բազմազանությամբ, իր բազմակարծությամբ, ձևավորվի որպես մի խումբ, մի թիմ, որը մրցակցության մեջ մտնի ուրիշների հետ: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միայն պետություններն էին  իրար հետ մրցում: Հիմա մրցում են ոչ միայն պետությունները, այլև մարդկանց տարբեր խմբեր` աշխարհով մեկ սփռված, տրանսնացիոնալ խոշոր ընկերություններ: Օրինակ` Իտալիան որոշում ընդունեց, որ իր սփյուռքից 20 հոգու դարձնում է խորհրդարանի անդամ: Նույն որոշումն ընդունեց Հունգարիայի խորհրդարանը: Մինչև հիմա լուրջ սփյուռք ունեին հրեաները և հայերը, բայց արդեն բոլորը հասկացել են, որ  նոր մրցակցության ժամանակաշրջան է սկսվել` գլոբալ մրցակցության ժամանակաշրջան, և այդ ժամանակաշրջանում աշխարհի ամեն կետում է մրցակցություն ընթանում, և պետության հետ միասին պետք է կարողանալ համախմբել աշխարհով մեկ սփռված մարդկային ցանցը:

Ես կարծում եմ, որ սա կարող է դառնալ քննարկան ձող: Բայց առանց տեսլականի, առանց վստահության իրար նկատմամբ` իշխանությունը հասարակության, հասարակությունն իշխանության, մենք առաջ գնալ չենք կարող:

Իմ ասածը մի քիչ շեղվում է այն տնտեսական հարցերից, որոնք հավաքվել ենք քննարկելու, բայց ես կարծում եմ, որ առանց հիմնարար քաղաքական հարցեր լուծելու, շատ դժվար կլինի տնտեսական հարցեր լուծել, մանավանդ որ աշխարհը փոխվել է և շատ բարդ իրավիճակում է:

Մենք պետք է ադեկվատ լինենք այդ աշխարհին:

Շնորհակալություն»:

 

Անկախ

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուլղարիայում

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելից         Փետրվարի 28-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի  ունեցավ Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին  նվիրված  ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ Տեր Աբգար վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն:

Ելույթի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, ով, մասնավորապես, նշեց, որ  հայ ազգաբնակչության նկատմամբ  դաժանորեն իրականացվեց էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականություն  և պետականորեն կազմակերպված հանցագործություն: «Միջազգային հանրությունը քաղաքական և  իրավական լիարժեք գնահատական  դեռևս չի տվել կատարվածին,  մինչդեռ ամեն հնարավորն արվեց և արվում է  հանցագործությունների հանգամանքները  թաքցնելու և իրողությունը  խեղաթյուրելու  ուղղությամբ», – ընդգծեց դեսպան Սհոյանը:

Ելույթներ ունեցան նաև Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը և   Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի  ատենապետ Սոնյա Ավագյանը:

Անկախ

 

 

 

 

Ընտրություններ՝Հայաստանում

Ընտրություններ (1)2014թ. մարտի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 93 քաղաքացի, որոնցից մերժվել է միայն մեկի գրանցումը` ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու հիմքով: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 28 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն 64 թեկնածուներ:

Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 329 քաղաքացի:  Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 19 թեկնածուի կողմից:

2014թ. մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 15-ում` 2 թեկնածու, 3-ում` 3 թեկնածու և 1-ում` 4 թեկնածու:

Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 310 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 14-ը մինչև 40 տարեկան են, 44-ը`  40-60 տարեկան և 6-ը` 60 և ավելի: Ավագանու անդամի 310 թեկնածուներից 125-ը մինչև 40 տարեկան են, 160-ը` 40-60 տարեկան և 25-ը` 60 և ավելի:

 

 Անկախ

 

Ջեյմս Ուորլիքը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին

Ջեյմս ՈւորլիքՓետրվարի 28–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը “Twitter”- ի իր էջում դիմել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

“Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները պետք է շարունակեն օլիմպիական հրադադարը և հարգեն հրադադարի ռեժիմը”, գրել է նա`ընդգծելով, որ արդեն շատ մարդ է մահացել:

Անկախ

Վերջապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ ունեցավ, սակայն մտահոգությունը չպակասեց

բշ Bernard_ChallandesՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալանդը: 62-ամյա մասնագետը մեր ընտրանին մարտի 5-ին խաղադաշտ դուրս կբերի Ռուսաստանի հավաքականի հետ Կրասնոդարում կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ:

Նա նախկինում խաղացել է շվեյցարական ոչ ուժեղ թիմերում:

Շալանդը մարզչական գործունեությունը սկսել է 1977 թվականին և մարզել է շվեյցարական ակումբներ: 2001-2007 թվականներին Շալանդը գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, 2007-ից մարզել է «Ցյուրիխը»,  2009-ին թիմը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: Իսկ 2011-ին «Սիոնը» մարզչի օգնությանբ դարձել է այդ երկրի գավաթակիր: Շալանդը հետո գլխավորել է «Թուն», «Յանգ Բոյզ» ակումբները: Նախկինում նա մարզել է նաև «Սերվեթը»:

Անկեղծ ասած, սպասելիքներն այլ էին: Ակնկալվում էր, որ Հայաստանի ազգային ընտրանին կգլխավորի այնպիսի մասնագետ, որը հավաքականների հետ  աշխատելու փորձ կունենա:

Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցն Արագածոտնի մարզ

սերգո Արագածոտնի  մարզ             Աշխատանքային այցն Արագածոտնի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է  մարզխորհդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա 2013 թվականը հանրապետության  և վերջինիս համատեքստում Արագածոտնի մարզի  գյուղատնտեսության համար հազվադեպ արդյունավետներից է համարել, անդրադարձել պետական օժանդակման  այն  ծրագրերին,  որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

 Խոսելով ընթացիկ տարվա խնդիրների մասին, նախարարը լավատեսորեն ասել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական օժանդակման ծրագրերը շարունակական են լինելու, գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ, ինչը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համագործակցությամբ  Հայաստանում իրակացվող ծրագրերի հետ, հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները: Նշված ծրագրերից նա առանձնապես կարևորել է  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի  մի շարք  համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը: Անցյալ տարի ծրագրի շրջանակներում նրանց հատկացվել է 19 տրակտոր և 27 գյուղատնտեսական այլ տեխնիկա: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին  մարզի ևս  մի քանի    համայնքներ ընդգրկել  նշված ծրագրում: Նրանց նույնպես գյուղատնտեսական տեխնիկայի նոր խմբաքանակ է սպասում:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Թաթուլ և Արագածոտն համայնքների ղեկավարներ Ալբերտ Հարոյանին և Մելսիկ Ղազարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին նախարարը  մարզպետ Սարգիս Սահակյանի      հետ այցելել է Ագարակ համայնքում գտվող  անհատ ձեռներեց  Արմեն Ղուկասյանի  ջերմոցային տնտեսություն, ծանոթացել  արդեն հասունացած պոմիդորի բերքահավաքին: 5300  քառ. մետր զբաղեցնող ջերմոցից շաբաթական երկու անգամ շուրջ 1000  կգ բարձրորակ պոմիդոր է առաքվում շուկա: Ե՛վ նախարարը և՛ մարզպետը գոհ են մնացել նման արդյունքից:

Գյուղացիների  հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է մթերումների խնդրին , նշելով որ անչափ կարևոր այդ հարցը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում է, և ներկայումս վերջինիս բարելավման համար քննարկումներ են ընթանում տարբեր ոլորտներում:

 

 Անկախ

 

Օբաման և Բայդենը նկարահանվել են միասին մարզվելիս (տեսանյութ)

Օբամա, ԲայդենՄիշել Օբամայի «Եկեք շարժվենք» ֆիթնես կամպանիայի շրջանակներում նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը միասին մարզվել են: Տեսանյութի սկզբում Օբաման Օվալաձև դահլիճում նստած նայում է իր ժամացույցին: Այնուհետև մտնում է Բայդենը:

Բայդենը նախագահին հարցնում է արդյո՞ք նա պատրաստ է շարժվել:

Օբամա,ԲայդենՕբաման դրական պատասխան է տալիս, և նրանք սկսում են վազել Սպիտակ տան միջանցքներով:

Վերջում Օբաման և Բայդենը մի բաժակ ջուր են խմում, իսկ նախագահը հայտնում է, որ լավ մարզվելուց հետո պետք է ջուր խմել, այլապես խնդիրներ կունենան Ջիլի և Միշելի հետ:

Հոլովակը YouTube կայքում տեղադրվել է հինգշաբթի օրը:

Հինգշաբթի օրը Միշել Օբաման կամպանիայի շրջանակներում ևս մասնակցել է մի միջոցառման, որտեղ նա պարել է հսկա բանաջարեղեն պարողների հետ:

 Անկախ

Գառնիկ Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանի` Մաքսային Միությանն ադամակցության վերաբերյալ գնահատականները ճիշտ և ժամանակին է համարում

Գառնիկ Իսագուլյան«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իագուլյանն ամբողջությամբ կիսում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Մաքսային Միությանը Հայաստանի ադամակցության վերաբերյալ գնահատականները:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով` ճիշտ էր ՀՀ երկրորդ նախագահի՝ Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ այսքան ուշ անդրադարձը, այն ճիշտ և ժամանակին էր։

«Դադարն իսկապես անհրաժեշտ էր: Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց Մաքսային Միությանն անամակցությանը, և դրանից հետո բոլորը սկսեցին նրան մեղադրել ռուսամետության մեջ: Մարդ, որին մեղադրում էին ԽՍՀՄ-ը  քանդելու մեջ, հիմա էլ մեղադրում էին ռուսամետության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Բանախոսը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում կարևորեց այն, որ ՀՀ երկրորդ նախագահը չի փորձել իրենից առաջ կամ իրենից հետո եղածներին մեղադրել երկրում ստեղծված ծանր վիճակի համար, այլ ասել է, որ կատարվել է փաստ, պետք է կարողանալ համախմբել ողջ ուժերը այս իրավիճակի գնահատականը տալու համար։

Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կոչ էր բոլորին, որ պետք է ձախողումների մեջ ոչ թե մեղավորներ փնտրել, այլ իրավիճակից դուրս գալու համար համախմբել կարող ուժերը։

Անդրադառնալով մարտի 1-ի տարելիցին` Գառնիկ Իսագուլյանը նեց, որ մարտի 1-ը հայ ժողովրդի համար ամենավատ, ծանր և սև օրն է։

«Ներկայիս որոշ քաղաքական ուժերի պահվածքից ակնհայտ է, որ մարտի 1-ի դասերը չկարողացան ճիշտ ընկալել և հետևություններ անել։ Չեմ կարծում, որ վաղը որևէ արտառոց բան լինի։ Պետք է լրջորեն խորհել կատարվածի շուրջ, հասկանալ` ինչո՞ւ նման մարտի 1 եղավ և ի՞նչ պետք է անել հետագայում նման դեպքերը բացառելու համար»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ կարևորելով տուժած ընտանիքներին փոխհատուցելու հարցը։

Անկախ

Մոսկվայի տափօղակով հոկեյի թիմը` Համահայկական ձմեռային առաջին խաղերի հաղթող

հձխPanArmenian-Winter-GamesՀամահայկական ձմեռային առաջին խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարի եզրափակչում Մոսկվայի թիմը 7:4 հաշվով հաղթեց Երևանի հավաքականին և դարձավ չեմպիոն:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էր նաև Մոնրեալի թիմը:

Անկախ

 

Լևոն Արոնյանը բարելավել է իր վարկանիշը

լևոն արոնյանԼևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած խաղացողների դասակարգման աղյուսակում բարելավել է իր վարկանիշը՝ հասցնելով այն 2830 միավորի: Դա ռեկորդային է հայ գրոսմայստերի համար: Նախորդ ամիս Հայաստանի ուժեղագույն շախմատիստի վարկանիշը 2826 միավոր էր։ Լևոնը ետ է մնում միայն նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից, որի ցուցանիշն է` 2881 միավոր:

Ուժեղագույն շախմատիստների տասնյակում են նաև ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Հայաստանի հավաքականի շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 64-րդն է (2682), Սերգեյ Մովսիսյանը` 72-րդը (2678), Գաբրիել Սարգսյանը՝ 73-րդը (2676):

Անկախ

Զվարճանալու համար սպանել է տղամարդկանց

o_904436Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա մի կնոջ` սերիական մարդասպան Ջոանա Դեննեհիին, որը 10 օրում Պիտերբորոյում սպանել է 3 տղամարդու: Դատարանում կինը, որին 40 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում, իրեն շատ անբռնազբոս է պահել ու ծիծաղել է: Նա հայտարարել է, որ սպանում է հանուն զվարճանքի: Նա պատմել է, որ ցանկացել է նմանվել Ումա Թուրմանի “Սպանել Բիլին” ֆիլմի հերոսուհուն ու “տերմինատորից այն կնոջը”: Բացի սպանությունից, կինը մեղադրվում է պատահական 2 անցորդի դանակի հարվածներ հասցնելու մեջ: Ի դեպ, նրա զոհերից մեկը հենց իր 48-ամյա ամուսինն է դարձել` Քեվին Լին, ում հետ նա ամուսնացել էր սպանությունից առաջ; Տղամարդը նախորդ ամուսնությունից 2 երեխա ուներ:
Փաստաբանն ասել է, որ տղամարդիկ Դեննեհիի ծանոթներն են եղել: Կինը ծիծաղելով պատմել է, որ նրանց սպանել է հանուն զվարճանքի: Նա ունեցել է նաև հանցակիցներ:
Դատվածություն ունեցող Հարի Սթրեթչն ու Լոսլի Լեյթոնն օգնել են կնոջն անդամահատել սպանված տղամարդկանց մարմիները: Լրագրողները հանցագործին հոգեկան հիվանդ են անվանում, սակայն, բժշկական եզրակացություն այդ հարցով դեռ չի կայացվել:

Անկախ

Ահմեդ Դավութօղլուն մեկնում է Ուկրաինա

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել Ուկրաինայի նորանշանակ իր պաշտոնակցի հետ՝ հայտնելով Ուկրաինա մեկնելու իր մտադրության մասին: «Վաղը պաշտոնական այցով կմեկնեմ Ուկրաինա: Հանդիպումներ կունենամ խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ: Իհարկե, մենք ուշադրությամբ հետևում ենք Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին: Բացի Ուկրաինայի արտգործնախարարից, ես զրուցել եմ նաև Լեհաստանի իմ պաշտոնակցի հետ: Առնչվող բոլոր կողմերի հետ սերտ շփման մեջ ենք»,-հայտարարել է Դավութօղլուն:

Անկախ

Գառնիկ Իսագուլյանը չի բացառում, որ Հայաստանում էլ կարող է Մայդան լինել

Գառնիկ Իսագուլյան«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով` ուկրաինական զարգացումները ցույց տվեցին, որ Մայդանում կանգնած ժողովրդին եվրաասոցացման պայմանագիրը չէ, որ հետաքրքրում էր:Ուկրաինական դեպքերը պայմանավորված էին ոչ թե ուկրաինացի ժողովրդի կողմնորոշմամբ դեպի Արևմուտք կամ Ռուսաստան, այլ այդ ամենի մեջ բացառապես դերակատար էր ուկրաինական իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը: Ուկրաինայի իշխանությունը թաղված էր կոռուպցիայի մեջ, երկրի նախագահը բացառապես անձնական խնդիր էր լուծում, նրա սիրախաղը թե’ Արևմուտքի, թե’ Ռուսաստանի հետ պայմանավորված էր բացարձակապես իր ընտանեկան վիճակի բարելավմամբ, որից դժգոհ էր ամբողջ ուկրաինացի ժողովուրդը` հարավ-արևելյան շրջաններից մինչև արևմտյան շրջան:

«Այս ֆոնին հատկապես աջ ծայրահեղական ուժերը կարողացան հաստատել իրենց իշխանությունը` չխորշելով որևէ միջոցից և շատ լավ գիտակցելով, որ Արևմուտքին ևս ձեռնտու է պայքարի իրենց ձևը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ուկրաինայի միջև անցկացվող զուգահեռներին և Հայաստանում Մայդանի հնարավոր կրկնությանը` Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ այնպես, ինչպես դեպքերը զարգացան Ուկրաինայում, Հայաստանում բացառված է շատ պարզ պատճառով. Հայաստանում չկան այն աջ ծայրահեղական ուժերը, որոնք կային Ուկրաինայում, Հայաստանում չկան արևմտամետականության և ռուսամետականության նման դրսևորումներ, ինչպես Ուկրաինայում, Հայաստանում դա շատ արհեստածին է:

«Բայց սա չի նշանակում, որ հայաստանյան իշխանությունները, հատկապես կոռուպցիոն և անձնական շահը պետականից ու ազգայինից գերադասելու տեսանկյունից հետ են մնում ուկրաինական իշխանություններից: Մեր իշխանությունները դեռ ինչ-որ տեղ էլ շատ ավելին են անում, քան անում էին ուկրաինական իշխանությունները: Եվ այն, որ հենց այդ ֆոնին Հայաստանում հնարավոր են հուզումներ, որոնք այնուհետև կարող են վերաճել հեղափոխական շարժման և հանգեցնել իշխանափոխության, ամենևին բացառել չի կարելի: Իշխանությունները չեն ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ հենց իրենց մեղքով Հայաստանում կարող է լինել Մայդան»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ, եթե նման բան լինի, ապա ոչ նույն սցենարով և հետևանքներով, ինչպես Ուկրաինայում:

 Անկախ

Կայացել է 7200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՓետրվարի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:

Անկախ

Եվս երկու բնակարանային գողություն` նույն ձեռագրով

գողությունՓետրվարի 10-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1966 թ. ծնված Գայանե Շ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.30-ից մինչև 17.10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով, բնակարանից գողացել են 30.000 ռուբլի, 200 դոլար, 100 եվրո, ոսկյա և արծաթյա զարդեր, բջջային հեռախոս, «Նեթբուք» համակարգիչ և ոսկյա ժամացույց` պատճառելով 2.600.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է փետրվարի 18-ին բնակարանային գողություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված, 1977 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***

Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1937 թ. ծնված Ասյա Ա.-ն և հայտնել, որ իր բնակարանի դռան փականը փչացրել են, իսկ հարևանները նկատել են կասկածելի տղամարդկանց` շենքից դուրս գալիս:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Ասյա Ա.-ի բնակարանի մուտքի դուռը, սակայն չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է փետրվարի 18-ին բնակարանային գողություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված, 1977 թ. ծնված Հայկ Ս.-ն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կրակողը ոստիկանությունում է

կրակոցՓետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Օվսաննա Շ.-ն հաղորդում է տվել, որ մորաքրոջ որդին` 1987 թ. ծնված Գագիկ Ց.-ն, իր անվամբ գրանցված «ՏՕԶ-Բ» տիպի 16 մմ տրամաչափի զենքով եկել է իրենց տուն և կրակել իրենց ուղղությամբ:
Զենքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ժամը 22.00-ին Գագիկ Ց.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Վարչապետը ՀԽ անդամների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Վազգեն Մանուկյան, Տիգրան սարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրին, ինչպես նաև մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի:
հանրային խորհուրդ, Տիգրան ՍարգսյանՀանրային խորհրդի նախագահը ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի քանի առաջարկություններ, մասնավորապես՝ նվազեցնել ներկայացված 5 տոկոսի շեմը` հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել և այլն:
Վարչապետ Սարգսյանն, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի և ուժի մեջ մտնի երեք տարի անց: «Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն և երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է: Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց և այժմ այն գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այն, որ կենսաթոշակային բարեփոխման հարցում հասարակությունը ներկայացնում է իր կարծիքը, քանի որ դա նպաստում է նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Այս բարեփոխմանն այլընտրանք չունենք, քանի որ ներկայիս երիտասարդները ծերացող բնակչության պայմաններում չեն կարողանա ապահով ծերություն ունենալ: Միջազգային փորձագետները նույնպես նշում են, որ ունենք պատմական շանս, հակառակ դեպքում` բարեփոխման գինը թանկ է լինելու: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ այսօր բողոքող երիտասարդների համար ապահով, բարեկեցիկ ծերություն ապահովելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ եթե 10 տոկոսից քիչ խնայվի, ապա համակարգն անիմաստ, անարդյունավետ կլինի: Դրա համար էլ պետությունը կրկնապատկում է խնայվող հինգ տոկոսը:
«Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 20 մլդ դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս նշեց, որ այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետև գործատուի և աշխատողի միջև համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաև, որ կուտակվող եկամուտների փոշիանալու միակ ճանապարհը համաշխարհային տնտեսական կոլապսը կլինի, քանի որ պետությունը ստեղծելու է պահուստային հիմնադրամ, որը երաշխավորելու է բարդ ժամանակահատվածում խնայողությունների վերադարձը՝ հաշվի առնելով նաև գնաճը:
«Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդանավակայանի կոնցեսիոների հետ աշխատանքները շարունակվում են, որպեսզի գտնվի այնպիսի լուծում, որից բավարարված կլինեն և կառավարիչը, և հասարակությունը: Առաջարկվել է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաև Հանրային խորհրդին:
Հանդիպմանը ՀԽ անդամների կողմից բարձրացվել է նաև Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների խնդիրներին: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ հետևողական լինելու համար և նշել, որ այժմ ՀՀ բնապահպանության տեսչությունն աշխատանքներ է տանում՝ անօրինական գործող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու և ջրային հնարավոր աղետը կասեցնելու համար:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման հանդիպումները:
Անկախ

Կլաուդիա Շիֆերը մերժել է հարուստին, որը հանդիպման համար առաջարկել է միլիոն դոլար

Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը բրիտանական  լրագրողներին պատմել է, թե ինչպես է ինքը մերժել արաբական արքայազնին, երբ վերջինս  մեկ միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել իրեն մեկ հանդիպման համար:

կլաուդիա շիֆեր

Ընդ որում, խոսքը միասին ճաշելու մասին էր: Շիֆերն  ասել է, որ այդ առաջարկն  ամենատարօրինակն էր իր ողջ կարիերայի ընթացքում: Սուպերմոդելն  ամուսնացած է բրիտանական ռեժիսոր Մեթյու Վոնի հետ և մերժել է արաբական արքայազնին: Շիֆերը հավատացնում է, որ արքայազնի առաջարկն  ուրիշ մոդել է ընդունել, որի անունը չի ցանկացել հայտնել:

“Ես առաջարկը մերժեցի ոչ թե փողի համար, այլ ես պարզապես ցանկանում եմ հպարտորեն քայլել փողոցով, որ ես ունեմ նման մասնագիտություն “, – ասել է Շիֆերը: Ընդ որոմ շոուբիզնեսի ոչ բոլոր աստղերն են սկզբունքային, ինչպես Շիֆերը: 2013թ.  սեպտեմբերին հաղորդում տարածվեց, որ “Մթնշաղ” ֆիլմի հերոսուհի Քրիստեն Ստյուարտը համաձայնել է կես միլիոն դոլարի դիմաց ճաշել արաբական շեյխի հետ:

Մոդելն իսկապես  լուրջ մտահոգված է իր “պատիվը” բարձր պահելով: Լուսանկարիչները մի քանի անգամ նրա սպասել են այն դպրոցի մոտ, որտեղ հաճախում են Շիֆերի երեխաները: Եվ  ամեն անգամ սուպերմոդելը հատուկ շքեղ հագնված է եկել  երեխաներին դպրոցից վերցնելու: Շիֆերը խոստովանել է, որ ինչ-որ  ճնշում է զգացել մյուս մայրիկների  կողմից , որոնք,  իր խոսքերով,  “շատ լավ տեսք ունեն”: Այդ իսկ պատճառով մոդելը կարծում է, որ  պարտավոր է հիանալի տեսք ունենալ  նույնիսկ այն պահերին, երբ երեխաներին պարզապես դպրոց է տանում  կամ այդտեղից նրանց վերցնում:

Անկախ

«Եկեք չերազենք Մայադանի մասին, այլ դասեր քաղելով, ամեն բան անենք` հարցերը բանակցային ճանապարհով լուծելու համար». Թևան Պողոսյան

թևան պողոսյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով` այսօր ընդդիմության վիճակը պետության վիճակի նման է: Չի կարող պետությունը, իշխանությունը հզոր լինել, ընդդիմությունը` ոչ:

Անդրադառնալով ԱԺ վերջին քառօրյային` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թևան Պողոսյանը նշեց, որ այս անգամ ընդդիմությանը հաջողվեց օրակարգ առաջ քաշել, ողջ քառօրյայի ընթացքում քննարկվեցին արտահերթ հարցեր հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

«Ցավոք, մենք դեռ չենք կարողանում այնպես անել, որ ընդդիմության նախաձեռնությունների 90%-ն իրականություն դառնա: Բարձրաձայնելը մի հարց է, խնդիրների լուծման հասնելը` մեկ այլ: Այն քաղաքակիրթ մեխանիզմները, որոնցով ընդդիմությունը կարող է իր հարցերը լուծել, չեն գործում, որովհետև վերջնական որոշումը կախված է մեծամասնության ցանկությունից, որը մեկ-մեկ քմահաճույքի է վերածվում: Այսօր մեր մեծամասնությունը ցանկացած հարց մեկ օրում կարող է մտցնել ԱԺ և անցկացնել»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ուկրաինական Մայդանի հնարավոր կրկնությանը, Թևան Պողոսյանը նշեց, որ Մայդանը պայքար էր քաղաքական դաշտերի, օլիգարխների, քաղաքական ուժերի, ներքին բաժանումների: Հայաստանը, բարեբախտաբար, այսօրվա դրությամբ չունի այս պայքարների շատ ու շատ տեսակներից: Ի վերջո, եթե Մայդանում շարունակվեին խաղաղ ցույցերը, մինչև հիմա էլ այդ ցույցերը կտևեին:

«Մենք չունենք ռեսուրս արյուն թափելով հարց լուծելու համար: Եկեք չերազենք Մայադանի մասին, այլ դասեր քաղելով, ամեն բան անենք հարցերը բանակցային ճանապարհով լուծելու համար: Մեր պատմության մեջ էլ եղել են դեպքեր, որ մեզ դաս պիտի լինեն»,- ասաց պատգամավորը: