Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին

 

Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Խուան Կառլոս Առաջինին, Իսպանիայի բարեկամ ժողովրդին և Ադոլֆո Սուարես Գոնզալեսի ընտանիքի անդամներին ու մերձավորներին:

Անկախ

Քեսաբ՝ սիրիահայության կարևոր կենտրոն

ՔեսաբՎերջին օրերին սիրիական Քեսաբում տիրող լարված ու վտանգավոր իրավիճակը, որի մեջ հայտնվել է այնտեղ բնակվող հայ համայնքը, առիթ հանդիսացավ, որպեսզի հիշենք հայաշատ այս բնակավայրի կարևորության ու պատմական անցյալի մասին:

Քեսաբը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 3 կմ հեռավորության վրա: Այստեղ առաջին հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1861թ. Անտոնյան միաբանության հայերի կողմից, որը նվիրվում է Անարատ Հղությանը՝ Աստվածամորը, սակայն այնույետև այն վերածվել է սրահի: 1904 թվականից այստեղ են հաստատվում Ֆրանչիսկյան միաբանությանը պատկանող հայերի մի խումբ, ովքեր կառուցում են Պաղճաղազի Աստվածամոր եկեղեցին, իսկ 1925թ. Քեսաբում հիմնվում է Ս. Միքայել եկեղեցին, վանքն ու վարժարանը: Մինչև Առաջին աշխարհամարտը այստեղ 4760 հայ էր բնակվում: Քեսաբին կից 9 գյուղերում ընդհանուր առմամբ մոտ 4000 հայ կար: Քեսաբի Ս. Աստվածամոր եկեղեցուն կից դպրոցում 20-րդ դարասկզբին 140 տղա երեխա էր սովորում:

Այժմ Քեսաբում Հայ կաթոլիկ համայնքին են պատկանում Ս. Միքայել, Պաղճաղազի Վերափոխման եկեղեցիները և Քարատուրանի Ս. Աստվածածին՝  Քեսաբի բարբառով ՙՙԿեղեցի՚՚ կոչվող ուխտատեղին: Իսկ Ս. Միքայել եկեղեցու հովանու ներքո գործում են Բարեյուսոյ Վարժարանը, Ժողովրդապետական հանձնախումբը,  Հ.Կ.Մ. պատանեկան միությունը և Տիկնաց միությունը: Այսօր Սիրիայի Լազիկիե նահանգի կազմի մեջ մտնող Քեսաբի բնակչության մեծամասնությունը հայեր են: Քեսաբի և շրջական գյուղերի հայ բնակչության թիվը մոտ 2 հազար է:

Անկախ

«Փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը». Վահե Էնֆիաջյան

ԷնֆիաջյանԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետևից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Ով առանց տրամաբանելու և իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը: Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա: Ինչ վերաբերվում է այսօրվա մոնոներկայացմանն ապա՝ ակնհայտ է, որ այն մեծ ալիքը, որը համաժողովրդական աննախադեպ ոգևորություն է առաջացրել՝ վախի և խուճապի նոպաներ է առաջացնում կառավարության որոշ ներկայացուցիչների մոտ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հանդիպումների շարքն ու քննարկումները նոր հույս ու ակնկալիքներ են ստեղծում հայ մարդու և մեր ժողովրդի համար: Սա գոտեպնդում է յուրաքանչյուր քաղաքացու՝ ով վճռական է իր մասնաբաժինն ունենալ այս մեծ հայրենանպաստ գործում: Կառավարության օվշորային սկանդալները, նրա մեղմ ասած անարդյունավետ գործունեությունը, արտագաղթի մեծացող տեմպերը, գործազրկությունը և ստեղծված տնտեսական ու սոցիալական խայտառակ պայմանները` վաղ թե ուշ ստիպելու են նրանց հեռանալ այնպես՝ ինչպես այսօր ծածուկ հեռանում են ԱԺ ամբիոնից»:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան, թե Հայաստանում «ռեֆորմների 70 տոկոս եկամուտը գնում է որոշակի ագահ անձի գրպանը, որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում», հայտարարել էր. «Նման միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև այն բանի շնորհիվ, որ ձեր ֆրակցիան կողմ քվեարկեց, որպեսզի ամբողջ «փոքր բիզնեսը» փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա»:
Անկախ

Արցախում մարտական առաջադրանքը կատարելիս զինվոր է մահացել.news.am

ՊԲ,պնԱյսօր՝ մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն

 

5817Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկ, Սերժ Սարգսյանի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաև պատեհ առիթ է հայ-նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու և երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Երկուստեք նշվել է, որ հայ-նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռևս բավարար չեն համարել և կարևորել են երկուստեք հետևողական քայլերը առևտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:

Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում:

ՀՀ Նախագահը և Նիդերլանդների վարչապետն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ Բարձր ներկայացուցչի միջև փոխանակված նամակների համապատասխան: Այդ ճանապարհին, ըստ Նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաև բարեկամ Նիդերլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում երեկ երեկոյան հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Այցի շրջանակներում Նախագահը մարտի 24-25-ին կմասնակցի Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այսօր երեկոյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի անունից կտրվի ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների:

Ադրբեջանում որդին դաժանաբար սպանել է հորը

4Ադրբեջանի Իսմայիլի շրջանում որդին քարով այնքան է հարվածել հորը, որ վերջինս մահացել է: Ըստ տեղեկության` դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ի գիշեր 24-ի լույս, հաղորդում են ադրբեջանական “ԶԼՄ”-ները:

Ընտանեկան կոնֆլիկտի արդյունքում Իսմայիլի շրջանի բնակիչ Սադիգ Հալիմովը քարով հարվածել է իր հորը`Նադըր Հալիմով: Հարվածներից վերջինս տեղում մահացել է:

Սադիգ Հալիմովը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

2 (1)ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 24-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Հավաքի նպատակներն են` բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբերի սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և նրանց կողմից ընթերցվող դասախոսությունների միջոցով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերելու և հիմնավորված որոշումներ ընդունելու  վերաբերյալ:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը և Արա Նազարյանը: Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին:

Օպերատիվ հավաքը կշարունակվի մինչև մարտի 27-ը:

Անկախ

ՙՙՀարսնաքարի՚՚ գործով դատական ակտն ամբողջությամբ անհիմն է. պաշտպան

հարսնաքարԱյսօր Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ ՙՙՀարսնաքարի՚՚ գործով կայացած դատական ակտն ամբողջությամբ անհիմն է: Նա ընդգծեց, որ քրեական գործում որևէ ապացույց գոյություն չունի, որը կփաստի, որ իր պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքներից որևէ մեկը:

ՙՙԿարծում եմ, որ սա խմբակային, որևէ մեկի արարքը մյուսի արարքից չտարանջատող դատական ակտ է: Իմ պաշտպանյալը, թեև ուներ բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ, սակայն որևէ մեկը հաշվի չի առնվել և բոլոր վեց ամբաստանյալներին նշանակվել է նույնանման պատիժ՚՚,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հարսնաքարի» գործով կալանավորված բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:

Պաշտպանն ընդգծեց, որ Արման Բաղդասարյանի մասով վճիռը պետք է բողոքարկվի, որպեսզի վերջինիս նկատմամբ իրականացվի արդարադատություն:

ՙՙԱմբողջ քրեական գործի դատաքննությունը ընթացել էր այն ուղղությամբ, որ նախաքննության մարմինը և դատարանում մեղադրանքի կողմը որևէ ապացույց կարողանար գտնել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար: Սակայն չունենալով ապացույց` ի վերջո իմ պաշտպանյալին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման: Այս պարագայում չբողոքարկելը անիմաստ կլինի՚՚,-ասաց նա:

Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը պետք է արդարացվեր, քանի որ բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորի առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը:

Հիշեցնենք, որ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` 2012-ի հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

 Անկախ

Ասֆալտապատող ընկերությունները սեփական միջոցներով վերացնում են ի հայտ եկած թերությունները

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերություններն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2012-2013 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունները: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերությունները, աշխատանքային պայմանագրում ներառված կետերից մեկի համաձայն, պարտավոր են 5 տարվա ընթացքում սեփական միջոցներով վերացնել արդեն բարեկարգած փողոցներում ի հայտ եկած թերությունները: Այն փողոցներում, որտեղ առաջացած ճաքերը համեմատաբար քիչ են, իրականացվում են Ճաքալցման աշխատանքներ, իսկ տարածված ճաքերով փողոցների ասֆալտի շերտերը մաքրվում և ասֆալտապատվում են:

Գործընթացն իրականացվում է այն բոլոր փողոցներում, որտեղ գույքագրումից հետո հանձնաժողովի կողմից ասֆալտի որակի մասով հայտնաբերվել են թերություններ: Շինարարական կազմակերպությունների առջև խնդիր է դրված առկա թերությունները վերացնել կարճ ժամանակում:

Անկախ

Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով

GishyanՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի մահվան կապակցությամբ:

«Հայտնի տնտեսական գործիչ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի անժամանակ մահը ծանր կորուստ, ափսոսանք ու ցավ է բոլորիս համար:

Հանրային խորհրդի սկզբնավորումից ի վեր ներգրավված լինելով խորհրդի կազմում` Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է  ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով ու տեսակետներով, խնդիրների համակողմանի ու անաչառ վերլուծությամբ, պրագմատիկ դիրքորոշմամբ:
Որպես փորձառու տնտեսագետ` նա լուրջ ներդրում է ունեցել ՀՀ տնտեսության ոլորտում` իր մասնագիտական բարձր կարողություններն ի նպաստ դնելով հատկապես բանկային ոլորտի կայացման ու զարգացման գործին:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին ու հարազատներին և այս դժվարին պահին հայտնում մեր զորակցությունը»:

ՀՖՖ կողմից իրականացվող մարզչական արտոնագրային առաջին դասընթացը Երևանի սահմաններից դուրս

ffa5Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը: ՀՖՖ գործկոմի կողմից մարզչական կրթության կանոնակարգի հաստատումից հետո փոխվել են դասընթացի բովանդակությունը և մասնակիցների առավելագույն քանակը:

Առաջին խմբում ընդգրկված 16 ուսանողներ այսօրվանից կմասնակցեն 27 օր տևողությամբ դասընթացի և քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագիր: Նոր համակարգով անցկացվող առաջին դասընթացը կղեկավարի ՀՖՖ հրահանգիչ Աշոտ Բարսեղյանը, որին կօգնեն ՀՖՖ հրահանգիչներ Արամ Դանիելյանը, Աշոտ Ավետիսյանը և ՀՖՖ դարպասապահների մարզիչների հրահանգիչ Հայկ Կիրակոսյանը:

Ավելացնենք, որ ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի երկրորդ խմբի դասընթացն այսօր կմեկնարկի Ստեփանակերտում: Դա կլինի ՀՖՖ կողմից իրականացվող մարզչական արտոնագրային առաջին դասընթացը Երևանի սահմաններից դուրս:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների խաղացանկը

1ffa1Այսօր հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների խաղացանկը:

«Փյունիկ»-«Միկա» հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ ժամը 18:00-ին, իսկ «Բանանց»-«Գանձասար» խաղը՝ ապրիլի 16-ին՝ ժամը 16:00-ին:

Անկախ

«Ձեզանից էլ ընդհանրապես վախեցող չկա», Հրայր Թովմասյան

Հրայր-ԹովմասյանՊատգամավորները շարունակում են քննարկել 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկումները:

Կառավարության կողմից ելույթով ունենալով` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ քննարկվող հարցը ԱԺ իրավասությունների  մեջ չի մտնում: «Տուգանում են, վատ ենք ապրում, չի կարելի տուգանել և այլն: Ես չեմ բացառում, որ կան զանցանքներ, որ մեր վարչական իրավախախտումների մասին օրենքով սահմանված են, որոնք էնքան փոքր են, որ պետք չի սահմանել, պետք ա դրանցից հրաժարվել»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով տուգանքների չափերին` նախարարն ասաց, որ դրանց բարձր լինելը կարելի է քննարկել` միաժամանակ բերելով երկրների օրինակներ, որտեղ արագության գերազանցումը հավասարեցված է սպանության փորձին և քրեորեն պատժելի արարք է համարվում:

«Կառավարությունը վախենում է, կառավարությունը չի լսում: Ժողովուրդ ջան, եկեք մի պարզ բան հասկանանք. Կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը նույնն են, չփորձեք էստեղ արհեստականորեն ջրբաժան տանել: Ձեզանից էլ ընդհանրապես վախեցող չկա: Էդ տոնը մոռացեք` ով ումից ա վախենում, ինչի ա վախենում: Ունենք խնդիրներ, լուծելով գնում ենք»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Այնուհետև նախարարն իրենց ընդդիմախոսներին ծորհուրդ տվեց իրենք իրենց հարց տալ, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ Երևանում ավտոմեքենաների առևանգումը, փողոցային հանցագործությունները  զրոյի են մոտեցել: Նախարարն այդ ամենը համարում է տեսանկարահանող սարքրեի կիրառման արդյունք:

«Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը պիտանի, անհրաժեշտ և  չափավոր չի ձեր կողմից հետապնդվող նպատակներին հասնելու համար»,-ամփոփեց նա:

 

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. առաջին խումբ` 23-րդ տուր

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Մարտի 24-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Ալաշկերտ-2»-«Գանձասար-2» 3:1 (1:1)

Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը՝ Գևորգ Օհանյան, 22, 11մ, 67, 11մ, Կարապետ Մանուկյան, 74 («Ալաշկերտ-2»), Արման Մելքոնյան, 9 («Գանձասար-2»)

«Բանանց-3»-«Բանանց-2» 1:3 (0:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան

Գոլերը՝ Հովհաննես Փանոսյան, 85 («Բանանց-3»), Միքայել Խաշմանյան, 50, Արամայիս Քյոսայան, 55, Պետրոս Ավետիսյան, 66 («Բանանց-2»)

«Միկա-2»-«Փյունիկ-2» 0:1 (0:1)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլը՝ Մուրադ Ասատրյան, 19

Անկախ

Վանես Մարտիրոսյանը` չեմպիոնական նոր գոտիի տիրակալ

վմvanes2Կաբազոնում (ԱՄՆ) WBO վարկածով առաջին միջինքաշային պրոֆեսիոնալ բռցքամարտիկների միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար մրցեցին Վանես Մարտիրոսյանը (33-1-1, 21 KO) և մեքսիկացի Մարիո Լոսանոն (28-4, 22 КО):

ԱՄՆ-ում բնակվող հայ բռնցքամարտիկն ակնհայտ առավելություն ուներ: Մրցամարտի ավարտից հետո մրցավարները միահամուռ նրան ճանաչեցին հաղթող` 100:89, 100:89, 100:89 հաշվով:

Անկախ

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ

11161_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:
Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է փորձել միասնաբար գտնել դրանց լուծման ուղիները՝ հնարավոր խնդիրներին լավագույնս դիմագրավելու համար:
Այդ առումով, վարչապետը ներկայացրել է ժամանակակից գիտության աջև ծառացած հիմնարար խնդիրներն ու կարևորել դրանց լուծման ուղղությամբ նոր գործիքների մշակումն ու կիրառումը: «Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարկանց վարքագիծը: Մտագործունեությունը և նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն, ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարության կարևորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիների գործունեության և առկա ներուժի ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այդ տեսակետից, վարչապետն ավելացրել է, որ նշված պայմանների ստեղծման հնարավորությունը մեր երկիրը տեսնում է նաև Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մեջ, քանի որ Մաքսային միության անդամ երկրների խնդիրները, աշխարհընկալումը և արժեքները նույնն են:
«Մենք վստահ ենք, որ մեր ջանքերի միավորումը կբերի լավագույն հաջողությունների: Ինտեգրացիոն ծրագրերի իրականացման նպատակներից մեկն էլ քաղաքացիների միջև շփումների խթանումն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: «Այդ որոշման հիմքում ընկած են մեր երկրների և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական արդյունավետությունը և այլն: Մենք հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետը պատասխանել է կոնֆերանսի մասնակիցների մի քանի հարցերի:
Նշենք, որ մարտի 24-29-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են գիտնականներ՝ Լեհաստանից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Սերժ Սարգսյանի արձագանքը Քեսաբի իրադարձություններին

5827Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության Նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

 

«Հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից». Արթուր Մինասյան

загруженноеՀայաստանի Հանրապետության կողմից ամրագրված դրույթի համաձայն` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համարվում է պետությունների կոլեկտիվ պարտականությունը: Այդ նպատակով է Հայաստանը դեռևս 1993-ից մասնակցում թմրամիջոցների վերահսկման նմանատիպ միջազգային ծրագրերի:

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Թմրամիջոցների վերհսկման միջազգային խորհրդի ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների բաժնի պետ Արթուր Մինասյանը հայտարարեց, որ հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից: Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների «մատակարարման» բաժինը կազմում է մոտ 98 %: Բացի այդ, Իրանից Հայաստան է բերվում հաշիշ տեսակի թմրամիջոց: Նախորդ տարիներին գրանցվել է մի քանի դեպք, երբ հաշիշը Թուրքիայից Վրաստանի միջոցով փորձել են Հայաստան տեղափոխել: Բացահայտվել են ներմուծման մի քանի ապօրինի փորձեր Ռուսաստանից:

«Վերջին տարիներին գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում: Հիմնականում թմրանյութեր օգտագործողները 30-35 և բարձր տարիքի մարդիկ են: 2014-ի հունվարի 1-ի դրությամբ` հաշվառված է 5 հազար թմրամոլ: Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը հազարով ավելացել է: Կանանց և անչափահասների թիվը շատ քիչ է»,- տեղեկացրեց Արթուր Մինասյանը:

 

Անկախ

ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

EAHKԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները Հաագայում տեղի ունեցած Միջուկային անվտանգության թեմայով համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ադբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր «Թվիթեր»-յան էջում գրել է, որ հանդիպումը անցել է բավականին դրական: Ուորլիքը նշել է, որ համատեղ ջանքերով կարելի է հասնել խաղաղության:

 

Անկախ

Գերմանիայի իրավապահները Վատիկան ուղարկվող թմրանյութ են առգրավել

VaticanԳերմանիայի իրավապահները առգրավել են Վատիկան ուղարկվող կոկաին:

Լայպցիգի օդանավակայանի մաքսային աշխատակիցները 340 գրամ 40. 000 եվրո արժողությամբ A դասի թմրանյութ են հայտնաբերել, որը ուղարկվել էր Հարավային Ամերիկայի անհայտ երկրից:

Ուղեբեռը հասցեագրված է եղել Վատիկանի փոստի հասցեին, ինչը նշանակում է, որ կաթոլիկ համայնքի 800 բնակիչներից ցանկացած ոք կարող էր այն վերցնել:

Վատիկանի ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել թմրանյութի հնարավոր հասցեատիրոջը:

Թմրանյութը հայտնաբերվել է հունվարին, սակայն գերմանական Bild am Sonntag թերթը այսօր է հայտնել դրա մասին:

Հետաքննությունն իր ձեռքն է վերցրել Վատիկանում ինտերպոլի գրասենյակը:

Վատիկանը հրաժարվել է դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ տալ:

 

Անկախ