Հակառակորդը այսօր առավոտից մինչև ուշ երեկո խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ վնասները կերևան վաղը առավոտյան: ՙՙԲարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: Բայց կրակահերթերը հասել են գյուղ, դիպել` գյուղացիների տներին, բայց թե ում ինչ վնաս ա հասցվել, կիմանանք, երբ լուսանա՚՚,-ասաց Սամվել Սաղոյանը: Նա նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել ոչ միայն այսօր, այլև նախորդ 4-5 օրերին: Մարտի 21-ին ադրբեջանցիները կնշեն իրենց Նոր տարին` Նովրուզ բայրամը: Եվ տեղացիներն արդեն գիտեն, որ նախապատրաստական այս շրջանում, հակառակորդը, ակտիվանում է` ինտենսիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը:
Daily Archives: March 19, 2014
Առաջիկա օրերին՝ամպամածություն
Հանրապետության տարածքում`
Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ, 21-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի գիշերը նույնքան կնվազի:
19-ին, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
- Երևանի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- • Օդի առավելագույն ջերմաստիճան 22.50C (2001 թ.)
- • Օդի նվազագույն ջերմաստիճան -12.00C (1997 թ.)
- • Օդի միջին օրական ջերմաստիճան 6.80C
Տաքսու վարորդը ուղևորի 200.000-անոց հեռախոսը վաճառել էր 60.000-ով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առջևում բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնության կիսաեզրափակչի հանդիպումներն են
Երևանի «Դինամո» մարզասրահում անցկացվող բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնության մասնակիցներն այսօր շարունակեցին պայքարը:
Հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: Ուժերն էին չափում 50 կգ, 60 կգ, 63 կգ, 70 կգ և գերծանր քաշային կարգերի ¼ եզրափակիչ մասնակիցերը:
50 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ դուս եկան Արա Գրիգորյանը, Ժորա Միրզոյանը, Սերգեյ Գետևոնյանը, Արման Անտոնյանը, 60 կգ քաշային կարգում`Լյովա Գրիգորյանը, Արման Սիմոնյանը, Արման Հարությունյանը, Արթուր Սիմոնյանը, 63 կգ քաշային կարգում` Հայկ Հովհաննիսյանը, Արման Խուրշուդյանը, Արտուշ Հովհաննիսյանը, Գոռ Ալեքսանյանը, 70 կգ քաշային կարգում` Գարեգին Վարդանյանը, Արթուր- Էրիկ Սիմոնյանը, Վահան Վանցյանը, Հայկ Հովհաննիսյանը, գերծանրքաշային կարգում` Հայկ Վարդանյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, Լյովա Խաչատրյանը, Վաչագան Եղշատյանը:
Կիսաեզրափակիչ մրցամարտերը կկայանան մարտի 20-ին:
Մարտի 23-25-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 23-25-ին Հաագայում ղարաբաղյան հակամարտության հարցով հերթական հանդիպումը կունենան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
“Անհամբեր սպասում եմ Հաագայում մարտի 23-25-ին Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ու արտգործնախարարներին հանդիպելուն”,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը “Twitter”-ի իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին տեղեկցրել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Անհայտ ահաբեկիչը սպառնացել է պայթեցնել Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի շենքը
Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ անհայտ անձն այսօր ներխուժել է Անկարայում տեղակայված Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբ և փորձել է ռումբ պայթեցնել: Տղամարդը, որի անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ իր վրա պայթուցիկ է ամրացված: Անվտանգության աշխատակիցները անմիջապես գործի են անցել և նրան դուրս բերել շենքից: Պարզվել է, որ նրա մոտ ոչ մի ռումբ էլ չկա: Դեպքի վայր եկած շտապ օգնության ծառայությունը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:
Պետությունների ղեկավարները նաև քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարևորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը:
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
Լևոն Արոնյանը չհաղթեց մրցաշարի հետնապահին
Խանտի Մանսիյսկում կայացան շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:
Թվում էր, թե սկզբնախաղից հետո սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Լևոն Արոնյանն առավելություն ունի և կհաղթի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին: Այդուհանդերձ, նրա մրցակիցը կարողացավ խուսափել պարտությունից: Գրոսմայստերները կատարեցին 48 քայլ:
Հայ գրոսմայստերը 3,5 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը` Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդն է, որը, սպիտակներով խաղաղ դաշն կնքելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, միավորների իր պաշարը հասցրեց 4-ի: Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Շահրիար Մամեդյարովը 3-ական միավորով բաժանում են 3-6-րդ տեղերը: Կարյակինը վաստակել է 2,5, Անդրեյկինը՝ 2 միավոր:
Վաղը մրցաշարում հանգստյան օր է։
Մարտի 21-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարյակինի հետ։
Կկայանան նաև Սվիդլեր – Անանդ, Կրամնիկ – Մամեդյարով, Անդրեյկին – Տոպալով մրցամարտերը:
Այս տարի բերդում 32 ամուսնություն ու 9 ամուսնալուծություն է գրանցվել
2014 թվականի երեք ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում գրանցվել է 32 ամուսնություն և 9 ամուսնալուծություն: Անցած տարի էլ գրանցվել է 4 ամուսնալուծություն և նույնքան՝ 32 ամուսնություն:
Բերդի ՔԿԱԳ տարածքային բաժնի ղեկավար Գրետա Դարբինյանի խոսքով, տավուշցի զույգերը միշտ չէ, որ նախընտրում են գրանցել իրենց պսակադրությունը: Շամշադինցի տղաները հիմնականում նախընտրում են համերկրացի հարսանացուների: Թեև վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, հեռավոր մովսեսցին հարս է բերում Հայաստանի հյուսիսից՝ Գյումրիից կամ բերդցի փեսան նախընտրում է թալինցի աղջկան:
«Ինտերնետի՝ սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ այս միտումն էլ մեծացավ, թեև հիմնականում տավուշցին տղաների 95 տոկոսը հարսնացուին ընտրելիս Տավուշից հեռու չեն գնում»,-նշեց Գրետա Դարբինյանը:
Ի դեպ, կնոջից բաժանվելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դուռը թակում են հիմնականում տարիքով տղամարդիկ: «Այդ ինը ամուսնալուծվողներից 7-ը 50-60-անց են, ունցել ենք անգամ 1938 թվականին ծնված տղամարդ, որ դիմել է ամուսնալուծվելու հարցով,- ասաց Բերդի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը:-Հաշտ-համերաշխ բաժանվում են, առանց դատ ու դատաստանի, ես իհարկե, չեմ խորանում նրանց անձնական հարցերի մեջ, բայց կարծում եմ, որ նրանք ցանկանում են բաժանվել, մեկնել արտերկրում գտնվող երեխաների մոտ, թղթերն են տանում, որ այնտեղ բարձր թոշակի հարցերը կարգավորեն»:
Վերջին երեք ամիսներին Բերդի տարածաշրջանում գրանցվել է 50 ծնունդ, 98 մահ: Աղջիկների համար տարածված են Մանե, Նարե, Միլենա, Էլեն անունները:
«Մեր հայկական անունները՝ Հասմիկ, Գոհար, Վարդուհի, ցավալի է, բայց այս անուններն այլևս արդիական չեն, իսկ տղաներիn ավելի շատ կոչում են Արտյոմ, Էրիկ, Գոռ, Դավիթ: Վերջերս ծնվել է նաև Արես»,-տեղեկացրեց Գրետա Դարբինյանը:
ՏԿ նախարարը հանդիպել է Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 19-ին հանդիպեց Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Թահիր Խալեդին:
Հանդիպման ընթացքում նախարարը կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներում, նշեց, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում դրանք հետագայում ավելի ամրապնդվեն և զարգանան։
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտային կապուղիներ ունենալու հնարավորություններն ու տարբերակները, ինչը կնպաստի երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության զարգացմանը:
Կարևորելով ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Իրաքի հետ ցամաքային ուղիղ հաղորդակցություն ստեղծելու հնարավորությունները՝ դրանք առավել մանրամասն քննարկելու նպատակով Գագիկ Բեգլարյանը Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարին հրավիրեց Հայաստան։
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ դեսպան Ղազի Թահիր Խալեդն իր հերթին նշեց, որ չկա որևէ խոչընդոտ՝ երկու երկրների միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ համագործակցությունը զարգացնելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
«Լոկատոր» ընկերության տեղեկատվական վերլուծական համակարգը կնպաստի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
2014 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում կգործի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող տեղեկատվական վերլուծական համակարգ, որը ստեղծվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Համակարգի շնորհիվ կիրականացվի ինֆորմացիայի արագ փոխանցում, կհաստատվի անմիջական կապ կանչ ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև, կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա ու կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ:
Ներկայումս կանչի կատարմանը մասնակցում են մի քանի օղակներ` 1-03 դիսպետչեր, ենթակայանի դիսպետչեր և բրիգադ: Այդ գործընթացի ժամանակ առաջանում է ինֆորմացիայի արագ փոխանցման անհրաժեշտություն: Տեղեկատվական վերլուծական համակարգի միջոցով կանչ ընդունող դիսպետչերը կկարողանա կանչի էլեկտրոնային թերթիկը միանգամից փոխանցել բրիգադին՝ այդպիսով խնայելով ժամանակ: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բիրգադները կարող են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում դիտել նաև հիվանդի բժշկական անցյալը:
Համակարգը հնարավորություն կտա նաև միօրինականացնել շտապ բուժօգնության ծառայությունների (ՇԲԾ) վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2011թ. հունիսից «Լոկատոր» ընկերության առողջապահական մեկ այլ համակարգը՝ “Locator system”-ը, ներդրվել է շտապ օգնության մոտ 60 մեքենաների վրա, ինչը թույլ է տալիս առցանց ռեժիմում ստանալ ինֆորմացիա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության, արագության վերաբերյալ, որի շնորհիվ դիսպետչերները ստացան մեքենայի արագ և ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն:
«Լոկատոր» ընկերության մասին
«Լոկատոր» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Իր իսկ կողմից նախագծված ծրագրային և քարտեզագրական հենքի շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում զբաղեցնում է առաջատար դիրքեր շարժական օբյեկտների արբանյակային վերահսկողության ծառայությունների ոլորտում:
Օգտագործելով կուտակված փորձն ու նորարարական գաղափարները` ներկայումս ընկերությունը ներկայացնում է մի շարք լուծումներ երկրատեղեկատվական /GIS/, առցանց վերահսկողության և հեռահար կառավարման ոլորտներում:
Բոլորովին վերջերս ընկերությունը ներգրավվեց նաև եռաչափ /3D/ մոդելավորման ոլորտ, որտեղ, որպես քարտեզագրության տրամաբանական շարունակություն, ստեղծում և համացանցում /GoogleEarth համակարգում/ ազատ տեղակայում է ՀՀ քաղաքների և նրա շինությունների եռաչափ մոդելները:
Այսօր ընկերությունն ունի նաև ոչ կոմերցիոն ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է ազգային PR-ը, պատմամշակութային և ճարտարապետական կոթողների ներկայացումը համացանցում և զբոսաշրջության զարգացումը:
Ավստրիայում Հայ դատի գրասենյակ է հիմնվել
Ռումինիայից ու Լեհաստանից հետո տեղի ունեցավ Հայ Դատի հանձնախմբի ստեղծումը Ավստրիայում: Այս առթիվ, սույն թվականի մարտի 18-ին, մայրաքաղաք Վիեննայում կազմակերպված միջոցառմանը, որպես հրավիրյալներ ներկա էին Ավստրիայում եւ Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի հոգեւոր հովիվ Տեր Անդրեաս Քահանա Իսախանյանը, Ավստրիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով, Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նախ անդրադարձավ ներկայումս հայ ժողովրդի դիմագրաված հիմնախնդիրներին, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցին, Թուրքիա Հայաստան հարաբերություններին, Արցախի հարցի ներկա հոլովույթին եւ մեր անելիքներին, ջավախահայությանը օժանդակելու խնդրին, Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացի շարունակմանը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման պայմաններում, Սիրիայում հայության դիմագրաված հիմնահարցերին:
Գասպար Կարապետյանը շեշտեց, որ Եւրոպայի տարածքում Հայ Դատի աշխատանքների ծավալման առումով իր կարեւորությունն ունի Ավստրիան: Նա պաշտոնապես հայտարարեց, որ ձեւավորվել է եւ այսուհետ Վիեննայում կգործի Հայ Դատի հանձնախումբը: Ներկայացնելով, որ հանձնախումբն ունի երիտասարդ եւ որոշակի պատրաստվածություն ունեցող կազմ, ելույթ ունեցողը ներկաներին կոչ արեց օժանդակել Հայ Դատի աշխատանքներին, քանի որ դրանք ուղղված են հայության ազգային հիմնախնդիրների հետապնդմանը:
Վերջում ելույթ ունեցողը շնորհակալություն հայտնեց դեսպան Կիրակոսյանին՝ ներկա գտնվելու համար եւ շեշտեց, որ այնտեղ, ուր գործում են Հայաստանի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայ դատի գրասենյակները վերոնշյալ խնդիրների ուղղությամբ համագործակցում են վերջիններիս հետ:
Խոսք առնելով, պարոն դեսպանը գոհունակությունը փոխանցեց հանձնախմբի ստեղծման առթիվ եւ պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցելու հանձնախմբի հետ: Արման Կիրակոսյանն առաջարկեց անմիջապես հանդիպել՝ քննելու համար գալիք ապրիլի քսանչորսի հետ կապված միասնական անելիքների օրակարգը, ինչպես եւ հետագա համատեղ աշխատանքները ծրագրելու նպատակով:
Այնուհետեւ Հայ Դատի նորաստեղծ հանձնախմբի ատենապետ Կարո Շատոյանը ներկայացրեց հանձնախմբի կազմը, եւ իր հերթին նշեց, թե առաջին օրվանից անհրաժեշտ է համագործակցել դեսպանության, ինչպես նաեւ տեղի բոլոր հայկական կառույցների հետ՝ ծրագրելու եւ համատեղելու նպատակով աշխատանքները, որոնք ուղղված են լինելու հիմնականում ավստրիացի հանրությանը, ակադեմիական շրջանակներին եւ քաղաքական գործիչներին՝ ովքեր գործում են, թե երկրի ներսում եւ, թե միջազգային հաստատություններում: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ զրույց եւ կարծիքների փոխանակում, համայնքային կառույցներ ներկայացուցիչների հետ:
Եվրոպայի և Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ
Հայ ակնագործները Ռուսաստանից բնական ալմաստ ձեռք բերելու դեպքում արտահանման տուրք չեն վճարի
Գործադիրը, ելնելով ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրից, ըստ որի հայկական ընկերությունների կողմից ՌԴ-ից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստը չպետք է վերաարտահանվի, այսօրվա նիստում սահմանել է դրա հաշվառման կարգը և այն իրականացնող լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ՌԴ օրենսդրության համաձայն այդ երկրի ալմաստ արդյունահանող ընկերություններից ոչ ռեզիդենտների կողմից բնական, չմշակված ալմաստը ձեռք է բերվում՝ վճարելով արտահանման տուրք, որն զգալի գումար է կազմում: Փաստորեն հայկական ընկերություններն ազատվում են նշված տուրքից՝ պայմանով, որ իրենց ձեռք բերած ալմաստը Հայաստանից չվերաարտահանվի: Ակնկալվում է, որ որոշումն զգալիորեն կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա և Կիև
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կայցելի Մոսկվա և Կիև՝ փորձելով լուծել Ղրիմի թերակղզու շուրջ Ռուսաստանի և Ուկրանիայի միջև ստեղծված ճգնաժամը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը Նյու Յորքից Մոսկվա կմեկնի չորեքշաբթի օրը կեսօրին, իսկ հինգշաբթի օրը կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ ռուս պաշտոնյաների հետ:
Ուրբաթ օրը Բանը կմեկնի Կիև գործող նախագահի և վարչապետի հետ բանակցելու նպատակով:
Այս այցով գլխավոր քարտուղարը ցանկանում է բոլոր կողմերին քաջալերել ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Բանը կոչ է արել խնդիրը լուծել ՄԱԿ-ի խարտիայի շրջանակներում՝ հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միասնականությունը:
ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ
ՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ: Երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխմամբ, իսկ մի մասն էլ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ: Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ և ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի և ջոկի սերժանտի պաշտոններով, հստակեցվում են վերջինիս՝ որպես համապատասխան առաջնային օղակի պարտականությունները:
ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության, իրավաբանական և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների մշակած և կառավարության հավանությունն ստացած օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Անկախ
Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար և ընթեռնելի կդառնան
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաև Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը:
Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից և որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով: Խնդիր են հարուցում նաև միմյանց բավական նման տառերը՝ «O», «Q», «D», «C», ինչպես նաև մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների և կիսակցորդների երկար համարանիշերը:
Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի և թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, «սովորական երկար» համարանիշի տառերի չափը մեծացնել և հավասարեցնել թվերի չափին, «քառակուսի» համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաև օգտագործվող տառերն ու թվերը: Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը, կցորդների և կիսակցորդների համար սահմանվում են նաև 520X112 մմ չափերի համարանիշեր:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին
Երևան քաղաքի ավագանին մարտի 19-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ ականավոր հետախույզ, Սովետական Միության հերոս Գևորգ Վարդանյանի, ՀԳՄ անդամ, անվանի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Միքայել Հարությունյանի և պետական, քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, համաձայն որի Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 63,667,925.2 հազ. դրամ՝ ծրագրված (ճշտված) 64,925,341.5 հազ. դրամի նկատմամբ։ Բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները, զեկուցողի խոսքով, 2012 թվականի փաստացի ցուցանիշից ավել են 6,420,228.9 հազ. դրամով կամ 11.2%-ով։ 2013 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 17,755,950.9 հազ. դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 17,003,946.6 հազ. դրամ, ինչն էլ 2012 թվականի համապատասխան ցուցանիշից ավել է 919,487.1 հազ. դրամով կամ 5.7%-ով։ Նշվել է, որ Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 62,161,662.3 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 95.0%-ը։ Ընդ որում, 2013 թվականի ծախսերի ծավալը ավել է 2012 թվականի փաստացի կատարողականից 3,075,959.8 հազ. դրամով, իսկ թերկատարումը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, ինչպես նաև պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություների իրականացման հետ կապված որոշ ծրագրերի հետաձգմամբ։ Քննարկումից և հարցուպատասխանից հետո ավագանին ձայների 36 կողմ, 4 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին, ինչպես նաև Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ,
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի և Երևան քաղաքների պատվավոր քաղաքացի Մուրադ Հովհաննեսի Մուրադյանին և նրա կնոջը՝ Նինել Արամի Ասատրյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշումներին: Ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ են տրամադրվել նաև մի շարք այլ քաղաքացիների:
Նիստում ընդգրկված մյուս հարցերը նույնպես, հիմնականում միաձայն կողմ քվեարկությամբ, արժանացել են ավագանու հավանությանը: Նիստի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին:
«Եթե հստակ չիմանանք, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու, մարտի 22-ին կգանք մասնակցելու «ԴԵՄ եմ» նախաձեռնության հանրահավաքին». գյուղացիները` փոխվարչապետին
Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։
Բնակիչների հետ այսօր հանդիպեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նախ փոխվարչապետը նշեց, որ հանդիպման այդ ձևաչափը ճիշտ չի համարում, քանի որ նրա կարծիքով, ճանապարհ փակելով՝ համայնքային և պետական հարց չի լուծվում: «Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է կատարում: Ուսումնասիրության արդյունքները մի քանի օրից կներկայացվի, և ես անձամբ կգամ ու կտեղեկացնեմ ձեզ վերջնական որոշման մասին: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչև վերջնական որոշումը, ոչ մի աշխատանք չի կատարվի»,- բնակիչներին հավաստիացրեց Արմեն Գևորգյանը։
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մի քանի տարի է, ինչ ՀԷԿ-ը կառուցելու թույլտվության կա, հիմա կատարվում են արագահոսի վերանորոգման աշխատանքներ: Դեռ չի հասել հանրային լսումների փուլը: Եթե ՀԷԿ-ը կառուցվի, և ջրային ռեսուրսները բավարարեն, այն կաշխատի, եթե ոչ՝ չի աշխատի:
Այն լուրը, որ կառավարությունը մի քանի տարի տեղյակ չի եղել, որ նման թույլտվություն կա, բնակիչներին ավելի վրդովեցրեց։ Նրանք պահանջեցին, որ փոխվարչապետը հստակ հայտարարի, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու։ Նրանք նաև ասացին, որ չեն հավատում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների ճշմարտացիությանը։
«Միայն մեր գերեզմանների վրա ՀԷԿ-ը կկառուցեք»,- ասացին բնակիչները` հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքներն անիմաստ են, և ավելի լավ է, դրանք դադարեցնել։
Փոխվարչապետը հերքեց նաև այն լուրերը, թե նոր կառուցվող ՀԷԿ-ը հենց իրեն է պատկանում: «Իմ անունը շատ տեղերում է շրջանառվում։ Ես չեմ ճանաչում ՀԷԿ-ի սեփականատիրոջը»։
Ի վերջո փոխվարչապետն ու բնակիչները համաձայնեցին հանդիպել մարտի 21-ին, որպեսզի փոխվարչապետը նրանց կտեղեկացնի կառավարական հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա կառավարության վերջնական որոշումը։ Բնակիչները փոխվարչապետին զգուշացրեցին, որ, եթե մարտի 21-ին հստակ չիմանան, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու, յոթ գյուղերի բնակիչներով կհավաքվեն ու մարտի 22-ին կգան մայրաքաղաք՝ մասնակցելու «ԴԵՄ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին։
Անքնությունը վնասում է գլխուղեղը
Նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անքուն մնացած գիշերների քունը չի կարելի լրացնել այլ ժամերի հավելյալ քնելով:
Պենսիլվանիայի համալսարանի նյարդաբան Սիգրիդ Վիզին հայտնել է, որ անքուն գիշերները վնասում են նաև գլխուղեղը:
Նյարդաբանը Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում նշում է, որ անքուն գիշերները հետագայում երկար քնելով լրացնելը պարզապես միֆ է:
Երկար ժամանակ չքնելու հետևանքով գլխուղեղը ուժասպառ է լինում, եթե նույնիսկ հետագայում երկար ժամանակ քնում են, ինչը հանգեցնում է գլխուղեղի վնասման:
Սա առաջին դեպքն է, որ երկար ժամանակ չքնելու հետևանքով գլխուղեղի բջիջների մահանալու վերաբերյալ հետազոտություն է անց կացվում:
Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հետազոտությունները կօգնեն անհարմար ժամերի աշխատող մարդկանց օգնելու համար դեղամիջոցներ ստեղծել:
Մայիսի 11-12 Ֆրանսուա Օլանդը կայցելի Ադրբեջան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 11-12-ին կայցելի Ադրբեջան: Վերջինս Հարավային Կովկաս իր այցը կսկսի Ադրբեջանից, հաղորդում է ադրբեջամնական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Ակնկալվում է, որ Օլանդը Բաքու կժամանի մայիսի 11-ին: Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ադրբեջան իր առաջին այցի շրջանակներում կքննարկի ադրբեջանաֆրանսիական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Ֆրանսիայի նախագահին կուղեկցի մեծ պատվիրակություն, որի մեջ ընդգրկված կլինեն որոշ խոշոր ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ:
Տարածաշրջան այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը կայցելի նաև Հայաստան և Վրաստան:



