Ադրբեջանի նախագահի դստրիկը նոր բանաստեղծությամբ է հանդես եկել

Լեյլա ԱլիևաԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը` հասարակության շրջանում որպես երիտասարդ բանաստեղծուհի հայտնի Լեյլա Ալիևան, սոցկայքերում տարածել է իր նոր բանաստեղխությունը` “Ես կգնամ, մի քիչ կլացեմ” վերնագրով:

Ըստ “Հագին” կայքի բնորոշման` Լեյլա Ալիևայի բանաստեղծությունը նախորդների նման լի է լիրիկայով և տխրությամբ: “Այստեղ նա արտահայտում է իր զգացմունքներն ու հույզերը, մտքերն ու տրամադրություն, ինչպես նաև անհանգստությունը”,-նցված է կայքում:

Ձեզ ենք ներկայացնում այդ բանաստեղծության հայերեն թարգմանությունը.

 

Ես կգնամ, մի քիչ կլացեմ, հենց այնպես, ընդամենը մի քիչ,

Բարձի տակ սիրտս կթաքցնեմ, կամ պատուհանից դուրս կնետեմ:

Ես կգնամ, մի քիչ կլացեմ, չեմ ասի`ինչքան տխուր եմ,

Սիրտս ամառանոց կտանեմ, ծովի մեջ պատահաբար կխեղդեմ,

Քամուն կտամ այն, քամին այն հեռու է տանում,

Այն չկարողացավ պատասխանել`ինչու է հոգիս տառապում:

Կթաղեմ այն այգում, միգուցե ծաղիկներ աճեն,

Եվ քաղցր մեղրով կպատեմ` դատարկության դառնությունը թաքցնելով:

Հյուրերին ընթրիքի կհրավիրեմ, շատ գինի մենք կխմենք,

Սիրտս նրանց կհյուրասիրեմ, թող լիովին հագենան:

Այնտեղ երեխաները ֆուտբոլ են խաղում, կարող է գնդակի կարի՞ք ունեք,

Վերցրե՛ք իմ սիրտը:

Վերջ, մենք այլևս չենք տխրում:

Վաճառում եմ այն շուկայում, անվճար ձեզ կտամ:

Նրանում փշոտ թեփեր են, անողոք հրաբուխ:

Գիշերային տխուր լռության մեջ նրա հետ երկուսով մնացինք:

Վատ եղանակին կթաքցնեմ հովանոցս, թող անձրևի տակ թրջվի:

“Վերցրո՛ւ այն հավիտյան”- կասեմ արևին ու լուսնին:

Ինչո՞ւ ես չխիզախեցի այն քեզ նվիրել:

 

Լեյլա Ալիևան հասարակական գործիչ է, “Բաքու” ամսագրի գլխավոր խմբագիրը, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը, “Իսլամական համագործակցություն” կազմակերպության երիտասարդական ֆորումի գլխավոր համակարգողը` միջմշակութային երկխոսության գծով, Ռուսաստանում Ադրբեջանական երիտասարդական կազմակերպության (ԱՄՈՐ) նախագահը, “Շրջակա միջավայրի պաշտպանության համար միջազգային երկխոսություն” նախաձեռնության (IDEA) հիմնադիրը:

 

Բաքվում փակվել են մետրոյի կայարաններում գործող հասարակական զուգարանները

մետրոԲաքվի մետրոպոլիտենի նոր ղեկավարությունը փակել է մետրոյի կայարաններում գործող հասարակական զուգարանները, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Ըստ մետրոպոլիտենի աշխատակցի`զուգարանները փակվել են այն բանից հետո, ինչ արգելվեցին և քանդվեցին Բաքվի մետրոյի կայարաններում գործող առևտրի կետերը: Այդ զուգարանները վճարովի են եղել, և դրանցից օգտվել են ոչ միայն մետրոյի աշխատակիցները, այլև ուղևորները:

Ադրբեջանական կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել այս նորությունը. “Հասարակական զուգարանների փակումը զայրացրել է քաղաքացիներին, քանի որ Բաքվում բնական կարիքները կարելի է հոգալ երևի թե միայն սրճարաններում, ուր հենց այնպես չեն թողնի, միայն եթե ինչ-որ բան պատվիրես: Իսկ դա արդեն 20 ցենտ չի արժենա”:

Հիշեցնենք, որ Բաքվի մետրոյի կայարանների առևտրի կետերի քանդման որոշումը զայրացրել է վաճառականներին, ովքեր այդ կապակցությամբ բազմիցս բողոքի ակցիա են կազմակերպել:

Ալիկը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկին

դանակՄարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ալիկ Հ.-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկ Զ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Դեպքից հետո հանցագործության գործիք դանակը Ալիկ Հ.-ն նետել է Ողջի գետը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ալիկ Հ.-ն բերման է ենթարկվել:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ  կատարվում է նախաքննություն:

Պենտագոնը 2,5 միլիոն դոլար է ծախսել մալազիական ինքնաթիռի որոնողական աշխատանքների համար

մալազյական ինքնաթիռՊենտագոնը հայտարարել է, որ 2,5 միլիոն դոլար է ծախսել մալազիական կորած ինքնաթիռի որոնումներին օժանդակելու համար:

Պաշտպանության վարչությունը բարձր տեխնոլոգիաներով հագեցած ինքնաթիռներ է ուղարկել որոնողական աշխատանքներին օգնելու համար: Ֆինանսական օժանդակություն է տրամադրվել նաև որոնումներին մասնակցող նավերին:

Ռազմածովային նավատորմի ինքնաթիռներից մեկը մասնակցում է Հնդկական օվկիանոսում արբանյակի լուսանկարած բեկորների մոտակայքում իրականացվող աշխատանքներին: Շաբաթ օրը ևս մեկ ինքնաթիռ կմիանա:

Պենտագոնի տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքների համար 4 միլիոն դոլար է տրամադրվել, որը կարող է բավականացնել մինչև ապրիլի սկիզբ:

 Անկախ

Գիտաժողով Ալեքսանդրիայի գրադարանում

110.Symposium in Cairo 21.03.2014Ալեքսանդրիայի գրադարանում կայացել է գիտաժողով` նվիրված եգիպտահայ ականավոր պետական գործիչ, Եգիպտոսի նոր շրջանի առաջին արտաքին գործերի նախարար Պողոս Բեկ Յուսուֆյանին, ում մահվան 170 տարելիցը լրանում է այս տարի։ Այն կազմակերպել էր Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական բաժանմունքը` Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի  հետ համագործակցությամբ։

Բացման հանդիսավոր նիստին ելույթ ունեցողների թվում էին Ալեքսանդրիայի նահանգապետ Տարեկ Մահդին, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական տնօրեն Էզզա էլ–Խուլին։ Մասնավորապես, դեսպան Մելքոնյանը խոսել է հայ–եգիպտական արդի հարաբերությունների մասին` նշելով, որ դրանց հիմքում այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են դեռ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունից Եգիպտոսի անկախացման գործընթացում հայ ականավոր գործիչների ներգրավվածության շնորհիվ։ «Մեր ժամանակներում, երբ ցավոք հաճախ ենք առերեսվում անհանդուրժողականության, այլատյացության և ռասիզմի դրսևորումների, նվիրումի և փոխվստահության վրա հիմնված այդ գործակցությունը կարող է հանդուրժողականության և համագոյակցության ուսանելի օրինակ ծառայել»– ասել է ՀՀ դեսպանը։

Եգիպտացի գիտնականների նեկայացրած մոտ մեկ տասնյակ զեկույցներում հարկինս արժեվորվել է ինչպես Պողոս Բեկ Յուսուֆյանի գործունեությունը, այնպես էլ  Եգիպտոսի հասարակական, մշակութային կյանքում հայերի ունեցած նշանակալից ներդրումը։ Կարևորվել է Եգիպտոսում այն բարենպաստ միջավայրի ապահովումը, որն ինքնադրսևորման հնարավորություն է ստեղծել հայ գործիչների համար։ Ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր բռնագաղթված  հայերի` Եգիպտոսում բարյացակամ ընդունելություն գտնելու և այդ երկրում հաստատվելու մանրամասներին։

Ավելի քան երկու հարյուր ունկնդիրների թվում էին օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համալսարանների պրոֆեսորներ, գիտնականներ, Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ և ուսանողներ:

Հաջորդ օրը նահանգապետ Տարեկ Մահդին, դեսպան Մելքոնյանը և Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը միասին այցելել են  Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարան, որտեղ ջերմ և անկեղծ մթնոլորտում հանդիպում է տեղի ունեցել Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև բոլոր ներկաները հարգանքի տուրք են մատուցել Առաջնորդարանի բակում գտնվող Պողոս Բեկ Յուսուֆյանի և Նուբար Փաշա Նուբարյանի շիրիմներին։

Տեղեկանք: Պողոս Բեկ Յուսուֆյանը (1768-1844). եղել է Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալիի անձնական քարտուղարն ու թարգմանիչը։ Հաջորդաբար զբաղեցրել է արտաքին առևտրի տնօրենի, մաքսատների կառավարչի, ի վերջո` արտաքին առևտրի և գործերի նախարարի պաշտոնները: 
         Ալեքսանդրիայի գրադարանը, որը հիմնադրվել է 2002–ին, խոշորագույնն է տարածաշրջանում։ Տարողունակությունը 7-8մլն հատոր է։ Գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով։  Ունի մասնագիտացված մասնաճյուղեր, թվայնացված արխիվներ, գիտա–հետազոտական կենտրոններ, թանգարաններ և մշտական ցուցահանդեսներ։ Այստեղ պարբերաբար անց են կացվում միջազգային և տեղական նշանակության գիտաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ։

Անկախ

Չինաստանում 6,2 կգ կշռով երեխա է ծնվել

newborn baby-chinaՉինաստանի Չանչուն քաղաքում կինը 6,2 կգ կշռով երեխա է ծննդաբերել:

Հիվանդանոցից հայտնել են, որ երեխան ծնվել է նշանակված ծննդաբերության օրից տասը օր առաջ:

Նա Չինաստանի նշանակված ժամկետից շուտ ծնված ամենածանր երեխան է: Ինչևէ, ընդհանուր վերցրած, նա ամենածանր նորածինը չէ և ոչ էլ 2014 թ. ռեկորդակիրը:

Անցած ամիս Չինաստանի Շանվեյ քաղաքում ծնվել էր 7,2 կգ կշռով երեխա, մինչ այս երեխայի ծնվելը ազգային ռեկորդը պատկանում էր 7,03 կգ կշռով նորածնին:

Չինաստանում երեխաների 6,9 տոկոսը ծնվում է չափազանց մեծ կշռով, ինչի պատճառը համարվում է գիրության աճող ցուցանիշները և մայրերի վատ սննդակարգը:

 

Անկախ 

ԵՊԲՀ դասախոսների հետ քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը

DSC_4095

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ բազմաթիվ լսարանների հետ է հանդիպել, և մարդկանց մոտ բարեփոխումների, դրանց տրամաբանության, նպատակների, օրենքի դրույթների վերաբերյալ հավաստի տեղեկատվության պակաս կա։ «Կենսաթոշակային բարեփոխումը ցանկացած երկրում ամենաբարդ ռեֆորմն է։ Եվ պետք է լավ մասնագետ լինել՝ բոլոր ասպեկտներին տիրապետելու համար։ Մենք ունենք խնդիր՝ հասարակության տարբեր շերտեր ներկայացնող քաղաքացիներին հնարավորինս մատչելի ներկայացնելու ճշգրիտ տեղեկատվությունը։ Շատ դեպքերում արվում է մանիպուլյացիա. ոչ մասնագետները խոսում են բարեփոխումներից՝ նույնիսկ իրենք տեղյակ չլինելով դրանց մասին և ապակողմնորոշելով քաղաքացիներին, ինչն անընդունելի է։ Մենք պետք է ճշգրիտ ինֆորմացիան հասցնենք քաղաքացիներին, որպեսզի ամեն ինչ հստակ լինի»,- նշեց նախարարը։

Բժշկական համալսարանի դասախոսներին մտահոգում էր, թե կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումը որքանով կանդրադառնա կյանքի որակի վրա, ինչքանով պետությունն իրավունք ունի վերահսկել ֆոնդերը, կարող է արդյոք կենսաթոշակային ֆոնդը սնանկանալ, արդյոք այսօր կատարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային փոխանցումները մոտ ապագայում կօգնեն տնտեսության զարգացմանը, ում կողմից է վերահսկվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեությունը և այլն։

Պետական բժշկական համալսարանի բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Լյուդվիգ Պետրոսյանը հանդիպման ավարտին նշեց, որ իր մտահոգությունները մասամբ փարատվեցին։ Նա կցանկանար, որպեսզի ավելի հստակ ինֆորմացիա ստանար, թե կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչները նախկինում որ երկրներում քանի տարի են աշխատել, ինչ ցուցանիշներ են գրանցել, բնակիչների համար միջինում ինչ եկամտաբերություն են ապահովել։ «Ողջունելի են նման հանդիպումները, քանի որ այլ տարբերակով մենք չենք լուսաբանվում։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող մուլտիկները չեն կարող համոզիչ լինել։ Մեզ ավելի մանրամասն, հանգամանալի բացատրություն էր պետք, ինչն այսօր փորձում են անել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այլ պաշտոնյաներ»,- ասաց Լյուդվիգ Պետրոսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ նկատեց, որ երիտասարդական հիմնադրամը պատրաստ է նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել ցանկացած կազմակերպության հետ, որտեղ քաղաքացիներին հուզող հարցերին պատասխաններ կտրվեն տարբեր գերատեսչությունների ղեկավարների և մասնագետների կողմից։ «Հիմնադրամը քննարկումներ կազմակերպելու առաջարկով դիմել է տարբեր շահագրգիռ խմբերի, այդ թվում «Դեմ եմ» շարժմանը։ Վերջիններից, սակայն, դեռ պատասխան չի ստացվել։ Հուսով ենք, որ նման քննարկում տեղի կունենա նաև նրանց հետ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Անկախ

 

 

Կարենն անցնում է հետազոտությունների փուլը. մի քանի օրից բժիշկները հստակ պատասխաններ կտան

198198Դերասան Կարեն Մկրտչյանի ընկերը` Սանյա Փարսադանյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Չնայած այն բանին, որ ամբողջ գումարը դեռ չի հավաքվել, Կարենը մեկնել է: Կարենը հիմա արդեն անցնում է հետազոտությունների փուլը, մի քանի օրից բժիշկները հստակ պատասխաններ կտան: Կարենն ասում է, որ իրեն շատ է դուր եկել այնտեղ` մանավանդ օդը շատ մաքուր է:

Ինչ վերաբերում է դրամահավաքներին, դադարեցված է միայն փողոցային դրամահավաքը, ուշադրություն, միայն փողոցային դրամահավաքը: Որովհետև հայտնվում են տարատեսակ արարածներ, ովքեր փորձեր են կատարում իրենց օգուտը քաղել այս ամենից: Քանի որ գումարը ամբողջությամբ դեռ չի հավաքվել, կազմակերպված են տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարենի հաշվեհամարին, ինչպես նաև բոլոր միջոցառումների ժամանակ դրված են լինելու արկղեր, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հանգանակություն կատարել:

21.03.2014 Կինո Մոսկվա, Կարենի ֆիլմի ցուցադրություն, մուտքը անվճար, ժամը 19:30, 20:00, 20:30

22.03.2014 DJ-ների համերգ Հյուսիսային պողոտայում 14:00-21:00

30.03.2014 Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ բարեգործական համերգ

Հաշվեհամարներ
UNIBANK AMD 24100265048901,

USD 24100265048902,

EURO 24100265048903:
Միայն Beeline -ի և Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը` 500 դրամ”:

 

Հիշեցնենք, որ դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը բուժման նպատակով արդեն գտնվում է Գերմանիայում:

 

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ուկրաինայի դեսպանին

Շավարշ Քոչարյան

Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:

 

Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

 

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը:

 

Անկախ

Նախագահը ներկա է գտնվել Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը

 

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները

5796

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր, Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում պետական մրցանակներ են շնորհվել՝

գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Էդվարդ Միլիտոնյանին՝ «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար, երաժշտության ոլորտում՝ Տիգրան Մանսուրյանին՝ «Ռեքվիեմ» ստեղծագործության համար, կերպարվեստի ոլորտում՝ Աշոտ Ավագյանին՝ «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ), կինոարվեստի ոլորտում՝ Սերժ Ավետիքյանին (Ֆրանսիա) (գլխավոր դերակատար, ռեժիսոր), Ելենա Ֆետիսովային (Ուկրաինա) (ռեժիսոր, պրոդյուսեր), Մարտուն Ադոյանին (պրոդյուսեր), Թագուհի Կարապետյանին (պրոդյուսեր)՝ «Փարաջանով» (Հայաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Վրաստան) ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Արթուր Մեսչյանին (ճարտարապետ)՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար և Արտակ Ղուլյանին (ճարտարապետ)՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ Սամվել Շուքուրյանին, Երվանտ Զորյանին (Կանադա)՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:

Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ Հրաչիկ Սիմոնյանին՝ «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության համար:

Հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին:

Կինոարվեստի հանձնախմբի նախագահ Դավիթ Մուրադյանը իր գլխավորած հանձնախմբի որոշումը ներկայացնելուց հետո, ասել է, թե ստիպված է ափսոսանքով նշել, որ այսօրվա մրցանակակիրներից մեկը՝ համառեժիսոր Ելենա Ֆետիսովան, որոշակի նկատառումներով նպատակահարմար չի գտել ներկա լինելու մրցանակի հանձնման արարողությանը:

Հանրապետության Նախագահը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը, և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով Հանրապետության Նախագահի հիմնադրամից:

Ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, բայց ուզում եմ դիմել և՛ հարգարժան տիկնոջը, և՛ ուկրաինական ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր՝ Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի միասին կռվել ենք զավթիչների դեմ, մենք պատմության հազարավոր փառավոր էջեր ունենք: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է: Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ՝ ես խնդրում եմ գործընկերներին՝ մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Թատերական արվեստի հանձնախմբի նախագահ Անելկա Գրիգորյանը տեղեկացրել է, որ ներկայացված են եղել յոթ թատերական բեմադրությունների համար հայտեր: Քվեարկության արդյունքում գործերից ոչ մեկն ըստ կարգի չի հավաքել անհրաժեշտ ձայների քանակ, և ըստ այդմ՝ թատերական արվեստի ոլորտում 2013թ. համար պետական մրցանակ չի շնորհվել:

Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի նախագահ Սաշուր Քալաշյանը տեղեկացրել է, որ հանձնախումբը հայցման ներկայացված աշխատանքներից երկուսի քվեարկության արդյունքում ստացել է հավասար թվով ձայներ, ինչը դժվարին կացության առջև է կանգնեցրել հանձնախմբին, որի անդամները հրաժարվել են վերաքվեարկությունից՝ երկու աշխատանքն էլ պետական մրցանակի արժանի համարելով. «2011թ. մենք չկարողացանք ներկայացնել որևէ մեկի աշխատանքը պետական մրցանակի: Սակայն այս տարի հուսադրող էր՝ մենք ունեինք նվաճումներ, եղան հայտեր, և հանձնախմբում համոզմունք կար, որ այս անգամ մենք, անպայման, կներկայանանք որևէ գործով: Բայց հանձնաժողովի անդամների ձայները կիսվեցին, կիսվեցին այնպես, որ կանոնակարգի համաձայն որևէ մեկը չպետք է արժանանար պետական մրցանակի: Թևաթափ վիճակով ես այդ արձանագրությունը տվեցի Նախագահի աշխատակազմին՝ կարծելով, որ այս տարի ևս մենք պետական մրցանակ չենք ունենալու: Սակայն անակնկալ եղավ, երբ հանձնաժողովին տեղեկացրին, որ մեծարգո Նախագահի առաջարկությամբ, որոշվել է պետական մրցանակը հավասարաչափ կերպով բաշխել: Այսինքն՝ կիսել երկու հայտերի միջև: Հավանաբար, դրա համար նաև հիմք է ծառայել այն, որ հավասար ձայներ էին ստացել երկու հանրային հնչեղություն ունեցող օբյեկտներ, այլ ոչ թե մերժվել»,-ասել է Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի նախագահը:

Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ վարվել է իր խղճի մտոք և վստահ է, որ և՛ արվեստագետները, և՛ մեր ժողովուրդը կհասկանան ու ճիշտ կըմբռնեն վերաբերմունքը մեր տաճարների նկատմամբ: «Ես անձերին չեմ շնորհել՝ ես շնորհել եմ այդ կառույցներին, որոնց անունն է Մատենադարան: Մատենադարանը մեզ համար տաճար է, և ես վստահ եմ, որ այդ երկու կառույցներն էլ, անցնելու է ժամանակ, և բոլորը մեծապես գնահատելու են: Դուք ինձնից ավագ եք, Ձեր փորձը մեծ է, Դուք շատ լավ գիտեք բոլոր հուշարձանների պատմությունը և գիտեք, որ կան հուշարձաններ, որ այսօր մենք համարում ենք մեր կյանքի բաղկացուցիչ մասը, որոնց սակայն նախկինում փնովում էին: Վստահություն ունեմ՝ ես իմ իրավունքն օգտագործել եմ: Ներողամիտ եղեք»,-դիմելով հանձնախմբի նախագահին՝ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը նաև իր շնորհավորական խոսքն է հղել բոլոր մրցանակակիրներին:
***


Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ելույթը ՀՀ պետական մրցանակների հանձնման ժամանակ

 

 

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք պետական մրցանակներ ենք շնորհում արվեստագետներին և գիտնականներին՝ նրանց ստեղծագործությունների համար: Իհարկե՛, արվեստի գործերի իրական դատավորը ժամանակն է: Դրանք անցնում են ժամանակի քննությունը կամ ուղղակի չեն անցում: Բայց մեր՝ ժամանակակիցներիս պարտքն է ունենալ սեփական դիրքորոշում և վերաբերմունք, տալ մեր գնահատականը:

Այս մրցանակներով մենք ներկայանում ենք որպես հասարակություն և պետություն, որոնք արժևորում են ամենակարևորը, արժևորում են այն, ինչն ունի կամ կարող է ունենալ համազգային նշանակություն:

Ես միշտ համոզված եմ եղել, որ մշակույթն ընդհանրապես և արվեստը՝ հատկապես, ունեն ազգաստեղծ առաքելություն: Այո, առանց Հովհաննես Թումանյանի և Արամ Խաչատրյանի մենք կարող էինք շարունակել մեր պատմական ուղին որպես ժողովուրդ, բայց այդ դեպքում, ես համոզված եմ, մենք կլինեինք մի քիչ այլ ժողովուրդ՝ պակաս հարուստ, պակաս ուժեղ: Պարզ է, որ ամեն օր Մաշտոցներ և Կոմիտասներ չեն կարող ծնվել, բայց յուրաքանչյուր սերնդի պարտքն է հետևողականորեն և նպատակասլաց կերպով շարունակել արվեստի ու գիտության զարգացումը՝ որպես ազգաստեղծ առաքելության իրականացում:

Հայոց պետության և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի՛ մրցանակակիրներ, հենց դրա համար: Դուք մարմնավորում եք շարունակականությունն ու զարգացումը ձե՛ր գործով և ձե՛ր նկարագրով:

Ես խոսում եմ հոգևոր հայրենիք և բարեկեցիկ հայրենիք ձևավորելու մասին: Սրանք ուղղակիորեն փոխկապակցված գործընթացներ են: Մեր պարտքն է ապահովել դրանց անընդհատությունը: Բազմահազարամյա շղթայի այսօրվա օղակները հենց դու՛ք եք, հարգելի՛ մրցանակակիրներ, և մենք հպարտ ենք ձեզնով:

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն և կորով, անձնական հաջողություններ և, որ չափազանց կարևոր է՝ ստեղծագործական նոր թռիչքներ, նոր բարձունքներ: Ձեզանով մենք ավելի հարուստ ենք և ավելի ուժեղ: Շարունակե՛ք հարստացնել և ուժեղացնել մեզ:

Շնորհակալություն:

Անկախ

Նախընտրական Թուրքիա. հայացք ներսից

թուրքիա,ընտրություններ Հայտնի է, որ մարտի 30–ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքական կուսակցությունները հերթական անգամ պայքարի մեջ կմտնեն իրենց թեկնածուների հաղթանակի ակնկալիքով: Ընտրական գործընթացը, ինքնին լինելով բարդ, հաճախ անկանխատեսելի մի երևույթ, թուրքական միջավայրում կրում է մի շարք առանձնահատուկ գործոնների ազդեցություն, որոնք կարծես թե դարձել են այս պետության քաղաքական օրակարգի անբաժան մասը: Դրանք ունեն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմքեր:

Ինչպես գիտենք, հանրության քվեարկությանը դրված ընտրություններին սովորաբար նախորդում է նախընտրական բուռն շրջան, որն ուղեկցվում է քարոզարշավներով, հանրային ելույթներով ու ակցիաներով: Հետևելով Թուրքիայի քաղաքական օրակարգին՝ կարելի է նկատել, որ կուսակցական պայքարը այստեղ ընթանում է ամեն օր, իհարկե թեժանալով նախընտրական շրջանում: Հաշվի առնելով թուրքական հասարակական-քաղաքական կյանքի անկանխատեսելի բնույթը` պետք է փաստել, որ երբեմն մեկ օրում ծագած իրադարձությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ՝ էականորեն ազդելով հետագա գործընթացների վրա:

Ընդհանրապես Թուրքիայում ընտրական գործընթացը կարելի է համեմատել թղթախաղի հետ, այսինքն հաղթում է նա, ով ավելի ուժեղ ու ազդեցիկ խաղաքարտ ունի հակառակորդի դեմ: Եթե ուսումնասիրենք վերջին տասը տարում Թուրքիայի նախընտրական տարբեր ժամանակահատվածները, ապա կարող ենք նկատել, որ հակահարվածների քաղաքականության մեջ ամենից գործածականը հակառակորդին վարկաբեկելու մեթոդն է: Այս նպատակին հասնելու համար քաղաքական կուսակցությունները օգտագործում են ամենատարբեր եղանակներ: Այժմ դիտարկենք, թե ՏԻՄ ընտրություններին, ինչպես նաև դրանցից կարճ ժամանակ անց սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ինչ իրադարձություններ տեղի ունեցան Թուրքիայում, որոնք, անկասկած, իրենց հետքը կթողնեն ընտրությունների արդյունքների վրա:

Այսպես, անցած տարի Ստամբուլի «Գեզի» այգու ծառահատման պատրվակով սկսված և ողջ Թուրքիան համակած հակակառավարական բողոքի ակցիաները, թերևս սկիզբն էին այն մեծ խառնաշփոթի, ինչից հետո երկիրը չի կարողանում ուշքի գալ մինչ օրս: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի տասնամյա անպարտ իշխանությունը սկսեց ճաքեր տալ: Զանգվածային բողոքի ելույթները արտահայտությունն էին այն դժգոհության, որն առաջ էր եկել կառավարության ընդունած մի շարք սահմանափակիչ որոշումների պատճառով: Ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում, սկսեցին գրել Էրդողանի հեռանալու անհրաժեշտության, նրա միաապետական վարչակարգի փոփոխման, Թուրքիայում «արաբական գարնան» մոդելի կրկնության հավանականության մասին:

Չնայած «Գեզի» այգու իրադարձություններից հետո Թուրքիայի, ինչպես նաև Էրդողանի միջազգային հեղինակությունը անկում ապրեց, այնուհանդերձ երկրի բնակչության շրջանում անցկացված նախընտրական հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը ձայների չնչին կորուստ է ունենալու: Սակայն մեծ խաղը դեռ նոր էր թափ հավաքում:

Մինչ Էրդողանը զբաղված էր իր խաթարված հեղինակության վերականգնմամբ, վերջինիս հակառակորդները նոր խաղաքարտ էին փնտրում նրա դեմ: Այս անգամ ընտրվեց կուսակցությունը ներսից թուլացնելու ճանապարհը: Մասնավորապես սկսեցին հակասություններ առաջանալ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության գաղափարական հենքը հանդիսացող Ֆեթուլահ Գյուլենի շարժման միջև: Տարաձայնությունները այնքան խորացան, որ Էրդողանը Գյուլենին մեղադրեց պետության ներսում «զուգահեռ պետություն» ստեղծելու մեջ, կոչ արեց նրան վերադառնալ ԱՄՆ-ից, կազմավորել քաղաքական կուսակցություն և պայքարի մեջ մտնել արդար ճանապարհով, այնուհետև կադրային լուրջ փոփոխություններ կատարեց անվտանգության համակարգում: Ի պատասխան սրան՝ Գյուլենը Էրդողանի հասցեին անեծքներ հղեց, նույնիսկ բարձրաձայնվեց, թե «ինչու չի մահանում բարձրահասակ մարդը (Էրդողանը), քանզի նա հիվանդ է»:

Տարեվերջին Թուրքիան հերթական ցնցումը ապրեց: Կոռուպցիոն խոշոր սկանդալը, ընդգրկելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, նախարների ու նրանց որդիներին, աստիճանաբար նեղանալով, սկսեց պտտվել վարչապետ Թայիփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի անվան շուրջ: Հոր ու որդու հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, հայտնվելով համացանցում, կարծես ժողովրդին ցույց տվեցին իրենց առաջնորդի իրական դեմքը՝ վտանգի տակ դնելով մոտակա ընտրություններում նրա կուսակցության հաղթանակը: Եվ սա այն պարագայում, երբ Էրդողանը հավակնում է դառնալ երկրի հաջորդ նախագահը:

Բոլորովին վերջերս Թուրքիայում բարձրացավ հակակառավարական ցույցերի նոր ալիք, որի համար պատճառ հանդիսացավ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված և 269 օր կոմայի մեջ մնացած 15-ամյա Բերքին Էլվանի մահը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Էլվանը վաղուց արդեն կյանքի ոչ մի նշան ցույց չէր տալիս և նրան փաստացիորեն կենդանի էին պահում բժշկական սարքերի միջոցով, որպեսզի նրա մահը արձանագրեն հենց նախընտրական շրջանում: Հենվելով այս դիտարկման վրա՝ կարելի է հստակ տեսնել խաղաքարտերի քաղաքականության ձեռագիրը:

Խոսելով նախընտրական շրջանում իրար դեմ խաղաքարտեր օգտագործելու երևույթի մասին, պետք է անդրադառնալ նաև հայկական ծագման գործոնի շահարկմանը: Թուրքիայում քիչ չեն դեպքերը, երբ հակառակորդին հեղինազրկելու համար նրան «մեղադրում են» հայկական ծագում ունենալու մեջ՝ նվազեցնելով նրա շանսերը հասնելու ցանկալի արդյունքի: Այս խաղաքարտը օգտագործվեց ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլի դեմ, երբ վերջինս դեռ այդ պաշտոնի թեկնածու էր: Նման «մեղադրանք» ներկայացվեց նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Երկու քաղաքական գործիչներն էլ շտապեցին դատական գործ հարուցել իրենց վարկաբեկողների դեմ:

Այսպիսով Թուրքիան գտնվում է նախընտրական կրքերի հորձանուտում և ամեն օր այս երկրում տեղի են ունենում նոր զարգացումներ: Հաշվի առնելով վարչապետ Էրդողանի վերջին ցնցող քայլը՝ «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակումը, մինչև մարտի 30-ը կարող ենք սպասել անսպասելին:

 

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ

 Անկախ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Էրդողանին կոչ է արել ազատ արձակել խոսքի ազատությունը

Մարտին Շուլց  Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը անդրադարձել է Թուրքիայում
«Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակմանը: Նա վարչապետ Թայիփ Էրդողանին դիմելու համար օգտագործել է հենց «Թվիթեր»-ը: Այսպես Շուլցը իր «Թվիթեր»-յան էջում վեցը լեցվով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և թուրքերեն Էրդողանին հետևյալ խոսքերն է հղել՝ «Կոչ եմ անում վարչապետ Էրդողանին անմիջապես ազատ արձակել խոսքի ազատությունը»: Շուլցը «Թվիթեր»-ում օգտագործել է այսօր ամենահայտնի հաշթագը՝ #TurkeyBlockesTwitter:

Անկախ

 

Լևոն Արոնյանը հաղթեց Սերգեյ Կարյակինին և միավորներով հավասարվեց առաջատարին` Վիշվանաթհան Անանդին

ակaronyan-karyakinՌուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում  Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, 53-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել ռուսաստանցի ներկայիս ուժեղագույն շախմատիստներից մեկին` Սերգեյ Կարյակինին։ Ի դեպ, նրա մարզիչը` 34-ամյա Ալեքսանդր Մոտիլյովը, օրերս չեմպիոն էր դարձել Երևանում անցկացված Եվրոպայի անհատական առաջնությունում:

Այս հաջողությունից հետո Արոնյանը միավորների իր պաշարը հասցրեց 4,5-ի և հավասարվեց առաջատարին`աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին, որը ոչ-ոքի խաղաց  ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինը հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը սևերով պարտվեց  ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին։ Վերջինս 4 միավորով հետապնդում է երկու առաջատարներին:

Արոնյանը մարտի 22-ին կայանալիք 8-րդ տուրում սպիտակ խաղաքարերով կմրցի Անանդի հետ, որին պարտվել էր սևերով։

Անկախ

Հայտնի են Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի մրցակից զույգերը

Եվրոպա լիգաarm136333175562Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի մրցակից զույգերը հայտն են:

 

Վիճակահանությամբ որոշվեց, որ պետք է կայանան  հետևյալ մրցամարտերը.

 

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

 «Լիոն» (Ֆրանսիա) – «Յուվենթուս» (Իտալիա)

«Բազել» (Շվեյցարիա) – «Վալենսիա» (Իսպանիա)

«Պորտու» (Պորտուգալիա) –  «Սևիլիա» (Իսպանիա)

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 10-ին։

Կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին։

Անկախ

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

սարգսյանը ԵԺԿ համագումարինՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։
ԵԺԿ գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են Եվրոպային և տարածաշրջանին։ Խոսելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին Տիգրան Սարգսյանն ասել է. «Ուկրաինայի ճգնաժամն այսօր համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Այն լուրջ մտահոգություն է մեր մայրցամաքի համար և մարտահրավեր մեր տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ միջավայրում և կանգնած լինելով անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, մշտապես աջակցել է վեճերի և ճգնաժամերի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվ մենք վստահ ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի նախևառաջ այս սկզբունքի հիման վրա: Այն պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:
Կարևորելով խաղաղության և կայունության դերը ՀՀ վարչապետն ասել է, որ անցյալ դարի ընթացքում Եվրոպայի ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, բարձր գին են վճարել մայրցամաքում խաղաղության և կայունության համար: Ժամանակակից Եվրոպան, ուր իշխում է համագործակցության և գործընկերության ոգին, մարդկության մեծագույն նվաճումներից է: Այսօրվա Եվրոպայում պարզապես տեղ չկա առճակատող մոտեցումների համար:
Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ անցյալի զինանոցից վերցրած այս մոտեցումներն անընդունելի են ԵԺԿ ընտանիքի քաղաքական ուժերի համար: Այսօրվա փոխկապակցված աշխարհում բաժանարար գծեր ստեղծելու ձգտումն այլևս չի կարող համարվել որպես ընդունելի տարբերակ:
Պատասխանելով ԵԺԿ նախագահի տեղակալի հնչեցրած հարցին ՀՀ վարչապետն ասել է. «Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մի շատ զգայուն հարց. դա նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մի գործընկերոջ հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը չպետք է տեղի ունենա մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Հայաստանը կշարունակի վարել շահերի ներդաշնակեցման իր քաղաքականությունը: «Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություն», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով ՀՀ վարչապետն ասել է. «Բարեփոխումը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ամենալայնորեն կիրառվող եզրույթն է: Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Հայաստանը տարիներ շարունակ ստացել է Եվրոպական միությունից: Այդ աջակցության շնորհիվ մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել ժամանակակից ինստիտուտների կառուցման գործում: Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այն կենսական նշանակություն ունի մեր երկրի հետագա առաջխաղացման, քաղաքական և պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման և տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության պահպանման համար: Այս փուլում մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը և բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի հանրապետական կուսակցությունում մենք դա դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանում շահերը ներդաշնակեցնելու լավագույն ճանապարհ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ Մադրիդի «Ռեալի»

չլ1346338264Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  1/4 եզրափակչի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայնանա ապրիլի 1-2-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 8-9-ին։

Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին։

Կանցկացվեն հետևյալ մրցամարտերը.

«Ռեալ» (Իսպանիա) – «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)

Անկախ

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունումՄարտի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան զինվորականեր:

Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը: Նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձվել սպայակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը, Տ. Խաչատրյանն անդրադարձավ անցկացված պլանային և անակնկալ ստուգայցերի արդյունքներին, համաբանակային, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումներին: Ներկայացվեցին ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, զորքերի ծրագրականոնադրային ապահովման գործընթացը, արձանագրված թերություններն ու դրանց շտկման համար առաջարկվող լուծումները։

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանն իր զեկույցում փաստեց, որ 2013 թվականին անցկացված ստուգումներն ու զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առաջադրված խնդիրները: Զեկույցում ընդգծվեց, որ ենթակա անձնակազմի մարտավարական-մասնագիտական մակարդակի բարձրացման և լավագույններին խրախուսելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերում անցկացվել է «Լավագույն ականանետային դասակ» մրցույթը։

Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կ. Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Արզումանյանը, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման  վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը, ովքեր ներկայացրեցին ենթակա կառույցների կողմից իրականացված աշխատանքները, դրանց բարելավմանը միտված մի շարք առաջարկներ և նախաձեռնություններ։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշեց առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: