Peugeot 308-ը ճանաչվել է Եվրոպայի տարվա մեքենա 2014 (լուսանկարներ)

Geneva Motor ShowՊեժոյի նոր 308 փոքր, ընտանեկան, հեչբեկ դիզայնով ավտոմեքենան ճանաչվել է Եվրոպայի տարվա մեքենա:

Պեժոյի անվանակարգումը տեղի է ունեցել Շվեյցարիայի Ժնևի ավտոշոուի ժամանակ, որտեղ հավաքվում են աշխարհի ավտոարտադրողները:

58 անդամից բաղկացած միջազգային ժուրին 307 միավոր է տվել Peugeot 308-ին:

Ֆրանսիական հեչբեկը այս կերպ առաջ է անցել իր վեց մրցակից մեքենաներից՝ ներառյալ էլեկտրական շարժիչով BMW i3-ը (223 միավոր), Tesla S-ը (216 միավոր), Citroen C4 Picasso-ն (182 միավոր), Mazda3-ը (180 միավոր), Skoda Octavia-ն (170 միավոր) և Mercedes-Benz S-Class-ը:

Սոշոյում արտադրված նոր 308-ը թողարկվել է 2013 թ-ի վերջին չորս ամիսների ընթացքում:

Մեքենայի վաճառքը աշխարհի ամենամեծ ավտոշուկան ունեցող Չինաստանում կսկսվի 2015թ-ի սկզբներին:

Գարնան սկզբներին նոր 308-ի շարքը կհամալրվի ևս մեկ 308 SW մոդելով:

Անկախ

Պարզագույն խաղալիքներով խաղացող երեխաները ավելի ակտիվ են

խաղահրապարակՀետազոտության արդյունքում պարզվել է, որ էժան խաղալիքներով խաղացող երեխաները ֆիզիկապես ավելի ակտիվ և ստեղծագործ են, քան թանկարժեք խաղահրապարակային սարքավորումներով խաղացող երեխաները:

Հինգից 12 տարեկան տարրական դպրոցի 120 աշակերտների տվել են էժան և պարզագույն խաղալիքներ, ինչպես օրինակ դույլեր, խողովակներ, վարժանքի գորգեր և այլն:

Այնուհետև նրանց համեմատել են մոտակա դպրոցի թանկարժեք խաղահրապարակում խաղացող երեխաների հետ:

BMC Public Health ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքում պարզվել է, որ էժան խաղալիքներով խաղացող երեխաները ավելի քիչ են նստած մնում, նրանց մոտ նստած մնալու ցուցանիշը 61,5 տոկոսից նվազել է 30,5 տոկոսի:

Առօրյա առարկաներով խաղացող երեխաները մեկ րոպեի ընթացքում 13 քայլ ավել են կատարում և ավելի ինտենսիվ ու ակտիվ են խաղում, քան խաղահրապարակում խաղացողները:

Հետազոտողները այժմ կարծում են, որ սովորական խաղահրապարակները կարող են ճնշել էներգետիկ և ստեղծագործ երեխաներին, իսկ էժան խաղալիքներով խաղալը կարող է երեխաների գիրության դեմ պայքարելու ևս մեկ եղանակ լինել:

 Անկախ

Հարցական է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասնակցությունը Ռուսաստան-Հայաստան խաղին

ՅուՄԱՕ34100Հայաստանի ֆուտբոլի հավաքականի այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարտի 5-ին Կրասնոդարում վերջին անգամ մեր ընտրանին խաղադաշտ դուրս կբերի:

Կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների ընկերական հանդիպման շեմին նա, հանդիպելով լրագրողներին, հայտնել է, որ մեր երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին կարծիք չի կարող հայտնել, քանի որ նրա աշխատանքին ծանոթ չէ: Մինասյանը նաև պարզաբանել է, որ Կազանի «Ռուբինի» ղեկավարությունն իր նկատմամբ հետաքրքրություն ունեցել է, սակայն բանակցություններ չեն վարել, իսկ այժմ բանակցում են, որ ռուսական մեկ այլ ակումբ ինքը մարզի:

Նշվել է, որ Հայաստանի հավաքականի նախապատրաստությունը նորմալ է ընթացել, Յուրա Մովսիսյանը և թիմի մյուս խաղացողներն իրենց լավ են զգում, խնդիրներ չկան: Միայն հարցական է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասնակցությունը:

Անկախ

Շանելի նորաձևության շոուի ժամանակ պոդիումը վերածվել է առևտրի սրահի (լուսանկարներ)

Karl Lagerfeld - Cara DelevingneԱյսօր Շանելի ղեկավար Կառլ Լագերֆելդը Փարիզում նորաձևության շոուի ժամանակ պոդիումը վերածել էր սուպերմարկետի:

Ֆրանսիական նորաձևության տան սիրելի մոդել Կառա Դելևինին այս շոուի ժամանակ միացել էր Քիմ Քարդաշյանի փոքր քույրը՝ Շանելի նոր մոդել Քենդալ Ջենները:

Շանելի նորաձևության շոուԿառլը հայտնի է նորաձևության թատերական շոուների կազմակերպմամբ: Նախկինում նրա շոուների ժամանակ օգտագործվել են հսկայական այսբերգներ, իսկ մեկ այլ շոուի ժամանակ ստորջրյա թագավորություն է ցուցադրվել: Այս անգամ նա Ֆրանսիայի մայրաքաղաքի Մեծ պալատը վերածել էր աշխարհի ամենաշքեղ մթերային խանութի:

Խանութի գնումների զամբյուղները զարդարված էին հայտնի ֆիրմայի ապրանքանշանով, իսկ մոդելները շրջում էին սուպերմարկետում՝ գնելով Շանելի բրենդային ուտելիքներ:

 Անկախ

Երևանը չի մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները

իսկանդարյան ալեքսանդրՙՙՈչ մի պատերազմ էլ չի լինի Ղրիմում. ակնհայտ էր, որ Ռուսաստանն իր խաղն է ունենալու, որի մի մասն էլ կազմելու է Ղրիմը: Ռուսաստանը նախապես թելադրում է իր նախապատվությունները, մինչ կոնֆլիկտի լուծումը՚՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Այն, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, բանախոսի կարծիքով՝ ճիշտ դիրքորոշում է. ինչպիսի Ուկրաինա էլ ձևավորվի, Հայաստանը շարունակելու է փոխհամագործակցությունը:

 

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն առանց ազդեցության չեն թողել նաև Կովկասը.

ՙՙԱզդեցություն, իհարկե, կա: Հետևելով ադրբեջանական հրապարակումներին հասկանում ես՝ սկզբում Ադրբեջանը էյֆորիայի մեջ էր, հիմա էլ խուճապ է, պարզապես պետք է հասկանանք նաև, որ Հարավային Կովկասն այն նշանակությունը չունի Ռուսաստանի համար, ինչ Ուկրաինան, չպետք է գերագնահատել Կովկասի դերը՚՚:

 

Դավիթ ՇահնազարյանՙՙՀամաձայնություն՚՚ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի համոզմամբ Ռուսաստանը պատերազմի պատրվակ էր փնտրում.

 

ՙՙՈւկրաինայի ներկայիս լեգիտի´մ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ՚՚:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

 

 

Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով

Մամիկոն ԽոջոյանՄարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը:

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:

Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում:

Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն:

 Անկախ

 

 

 

Ղրիմի հանգույցը հայկական գործոնի հարաբերակցությամբ

Շահան1Ռուս-ուկրաինական հարաբերությունների խորապատկերի վրա լուսարձակները  տեղաշարժեր են արձանագրում եւ կենտրոնացման արագ փոփոխություններ են կատարում, իրադարձությունների միջավայրային տեղափոխումների անմիջական զուգահեռականությամբ։ Մայդանը համեմատաբար ստվերում է մնացել այս օրերին Ղրիմի վրա աշխարհաքաղաքական ուշադրության շատ արագ սեւեռման պատճառով։

Փորձենք հեռու մնալ աշխարհաքաղական մեծ օրակարգերի հետ կապված հայտարարողական թե գետնի վրա երեւացող ոլորապտույտներից, ամփոփվելու համար հայկական գործոնի հարաբերակցությամբ իրադրային նշանակություն ունեցող գործընթացները։

Ղրիմում տեսանելի դարձող քաղաքական շարժերը հայկական գործոնի հարաբերակցությամբ երկու ուղղությամբ մեկնաբանությունների դուռ են բացում։ Եթե մի պահ շատ արագ մտաբերենք Ղրիմի հայ համայնքի պաշտոնական մարմինների հրապարակումները, որ հայությունը այնտեղ ներքաշված չէ լարված իրավիճակի մեջ, անմիջապես  իբրեւ թեժ առաջնային կետ տեսանելի է դառնում արցախյան հիմնահարցը, դիպաշարի զարգացման առընթեր անպայման նկատի ունենալով Ղրիմի նկատմամբ Մոսկվայի որդեգրելիք զինվորաքաղաքական քայլերը, Արեւմուտքի պատժամիջոցային ճնշման հակազդեցությունը, ՀԱՊԿ-ի (չ)աշխատելը եւ Հայաստանի Հանրապետության, այս առումով դեպքերից զերծ մնալու փաստը կամ ՎՈՒԱՄ-ի վերաշխուժացման հավանականության (ան)իրատեսությունը։ Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու պահանջների կողքին իբրեւ հնարավորություն կքննարկվի նաեւ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի կարգավիճակի շնորհման հարցը։ Այս ենթադրյալ տեսությունն է, որը առաջնորդում է նույն կարգավիճակի մասին մտածելու նաեւ Արցախի դեպքում։

Արցախը կարող է դուրս մնալ քաղաքական այս առեւտրից, նկատի ունենալով արդեն իսկ ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական ոչ բնականոն  հարաբերությունների վրա նաեւ չաւելացնելու ռուս-ադրբեջանականը։ Որոշակի ուղղվածություն կա սակայն, որ իրեն զգալի է դարձնում։ Այն էլ ռուս եւ տվյալ կողմի հետ պատերազմների իբրեւ անմիջական հետեւանք տարածքային ամբողջականությունների վերաքարտեզագծումն է, որ եթե ոչ այս հանգրվանին, գուցե այլ հանգամանքներում վերաբերի նաեւ Արցախին։ Իրողական անկախութիւնների  ռուսական միակողմանի ճանաչման մասին է խոսքը առաւելաբար։

Հայաստանի Հանրապետության հետ կապված, փորձ պետք է կատարել դիտարկելու համար կազմաւորման ընթացքում եղող Մաքսային միության ճակատագիրը, տրված լինելով, որ մեծ հանգույցը այս գործընթացում Կիեւն էր. իշխանափոխված Կիեւը արդեն իսկ խանդավառ պատրաստակամություն է հայտնում դեպի Եվրամիություն սուրալու։

Ուղղակի անուղղակի յուրաքանչուր աղերս իր հերթին քաղաքական վերլուծումների կարիքն ունի, միշտ նկատի ունենալով աշխարհաքաղաքական գերտերությունների շահագրգռվածության չափն ու կշիռը այս բոլորում։

Վերջապես, թուրքական գործոնի աշխուժացումը Ղրիմի աշխարհաքաղաքական օրակարգ հայտնվելու առիթով։ Ղրիմում ստեղծված անկայունության առաջին օրերից իսկ Անկարան սկսել  էր ներգրավվել այս հարցում, իր աշխույժ հետաքրքրությունը  պայմանաւորելով այն բնորոշումով, որ Ղրիմի թաթարները իրենց հայրենակիցներն ու ցեղակիցներն են։ Անկախ այն իրողությունից, որ Անկարան Ղրիմի նկատմամբ լուրջ հաւակնություններ մատնող քայլեր է կատարում, աւելորդ չի լինի ենթադրել, որ ներքին բարդ մարտահրաւերներ եւ ճգնաժամներ ունեցող Թուրքիան այսպիսով իր տագնապը արտահանում է դեպի արտաքին օրակարգ համաթուրքական առաջադրանքներ ձեւակերպելով`  ցեղակիցներին, հայրենակիցներին տիրություն անելու կարգախոսներով։ Հետաքրքրական է մեջբերել նաեւ Դավութօղլուի հայտարարության այս բաժինը.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, դիմելով Ղրիմի բնակիչներին, ասել է. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք։ Մենք առաջինը կշտապենք մեր եղբայրներին օգնության, որոնք դժվարության մեջ են հայտնվել», – «Մենք առաջինը կշտապենք Ղրիմին օգնության. մասունքներ, որոնք թողել են մեր նախնիները»:

Դավութօղլուի պաշտոնավարած երկրում այլ մասունքներ թողած այլ ժողովրդներ էլ կան, որոնք երբ պահը գա դեպի այնտեղ շտապելու պատճառներ ունեն։ Այս մասին էլ Դավութօղլուի ներկայացրած պետության համար «անգամ հարց չպետք է առաջանա»։

Հայկական ոսպնյակը բազմաթիւ ուղղություններով իր կենտրոնացումը Ղրիմի վրայից չհեռացնելու պատճառներ ունի։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 Անկախ

Հայաստանը պետք է դուրս գա “գրավյալ” տարածքներից. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան

ադրբեջան,անգլիաԱդրբեջանում Մեծ Բրիտանիայի  դեսպան Իրֆան Սիդիգը “Մեծ Բրիտանիայի  և Հյուսիսային Իռլանիդայի Միացյալ Թագավորության քաղաքականությունը և քաղաքական մշակույթը” թեմայով զեկույց է ունեցել Խազար համալսարանում, որտեղ անդրադարձել է նաև արցախյան հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, անգլիացի պաշտոնյան ներկայացրել է իր երկրի ավանդույթները, արտաքին քաղաքականությունը, ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, հատկապես` էներգետիկ և տնտեսական ոլորտներում:

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անջատմանը ուղղված բանավեճերին և ղարաբաղյան հակամարտության հարցին`դիվանագետը նշել է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում տեղի է ունենալու քննարկում `Բրիտանիայից Շոտլանդիայի անջատման թեմայով:

“Բոլորը համաձայն են, որ Հայաստանը պետք է դուրս գա “գրավյալ” տարածքներից, իսկ հողերը պետք է հետ վերադարձվեն Ադրբեջանին: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սկսելու փոխարեն մենք հանրաքվե կանցկացնենք: Ղարաբաղի հետագա կարգավիճակը որոշելու միջոցը ևս պիտի լինի հանրահավաքը”,-ասել է Իրֆան Սիդիգը

Անկախ

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը

11104_am_2 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.amկայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին: «Այս ձեռնարկն ուղղված է նրան, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մեր ազատ ժամանակը և ավելի մատչելի ձևով ծանոթանալ այն հարուստ պատմական ժառանգությանը, որ ստեղծել է մեր ժողովուրդը: Կարծում եմ, որ այն մեծ պահանջարկ կունենա սփյուռքում, որովհետև մեր հայրենակիցները կունենան լավագույն ստեղծագործությունները հայերենով լսելու բացառիկ հնարավորություն», – նշել է կառավարության ղեկավարը:
Մշակույթի և ժամանակակից նորարակական տեխնոլոգիաների համադրման այս գաղափարի հեղինակը Peoplemeter ընկերության նախագահ Նարեկ Մալյանն է: Նրա խոսքով՝ խոշորագույն հայերեն աուդիոդարանի ստեղծումը կարևոր դեր կունենա սփյուռքում հայապահպանության գործում և հնարավորություն կտա միավորել աշխարհասփյուռ հայերին: Նա տեղեկացրել է, որ շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում այժմ հասանելի է 300 աուդիոգիրք (հայ դասականներ, հոգևոր գրականություն), ևս 400-ը պատրաստման փուլում է: 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ նախատեսված է ապրիլի 24-ին նահատակված գրողների աուդիոգրքերի ձայնագրում:

 

Անկախ

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել հայրենական ապրանքարտադրողներին՝ ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ

11103_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել միության ներկայացուցիչների հետ, քննարկվել տարբեր հարցեր:
11103_am_2Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը առաջ է ընթանում բավականին արդյունավետ, չկան հարցեր, որոնց շուրջ հայկական կողմը համաձայնության չի եկել ՄՄ անդամ երկրների գործընկերների հետ:
Այնուհետև վարչապետը ներկայացրել է մեր երկրի համար զգայուն համարվող ապրանքատեսակների խմբերը, որոնց մաքսատուրքերի հարցում բանակցությունները շարունակվում են: «Մենք պետք է մեր գործընկերների հետ գանք համաձայնության, թե ինչ փուլերով և ինչ ժամանակահատվածում ենք փոփոխելու մաքսատուրքերը: Կան ապրանքներ, որոնք ունեն էական նշանակություն մեզ համար:
Առաջին խումբը վերաբերում է հումքի տեսակներին, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից: Պետք է ուշադիր լինել դրանք գնահատելիս, որպեսզի արտադրողների համար ինքնարժեքի բարձրացում տեղի չունենա:
Ապրանքների երկրորդ խումբն անմիջականորեն հանդիսանում են սպառման առարկա, որոնք կարող են հարվածել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք և բանակցելով գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն և մեր տնտեսության համար բարդություններ չեն ստեղծի:
Երրորդ խումբն առնչվում է ժամանակակից տեխնիկային, ավտոմեքենաներին»,
– ասել է Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե մեր երկրի արտադրողների համար ինչպես են կիրառվելու տեխնիկական կանոնները: Դրանք նույնականացնելու նպատակով իրականացվելու են բարեփոխումներ, և այս առումով Հայաստանի համար նախատեսվելու է սահուն մեխանիզմ:
Միասնական կանոններ պետք է ներդրվեն նաև ֆիտոսանիտարիայի բնագավառում, որպեսզի ՀՀ-ում արտադրվող ապրանքները համապատասխանեն ՄՄ կանոններին և չափանիշներին:
Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը կշռադատված է և ճիշտ, քանի որ մեր երկրի հիմնական շուկաներն այսօր գտնվում են ՄՄ-ի տարածքում:
«Մենք պետք է ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով նպաստենք ձեռնարկությունների հզորությունների ավելացմանը, որպեսզի վերջիններս սկսեն ակտիվորեն աշխատել 170 միլիոնանոց շուկայում»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ՄՄ-ին անդամակցության բանակցային գործընթացի ընթացքում երկխոսությունը Հայրենական ապրանքարտադրողների միության հետ, որպեսզի հայրենական արտադրողներն ամբողջությամբ իրազեկ լինեն հնարավոր փոփոխություններին:
Տիգրան Սարգսյանը միության անդամներին մաղթել է բեղմնավոր աշխատանք և կաևորել կառավարության հետ համագործակցությունը:
Անկախ

Մեծ Մանթաշի դպրոցը վերածվել է աշխույժ շինհրապարակի

շինարար          Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի 4 մասնաշենքերը կապող 5-րդ մասնաշենքի տարածքում սովորական շինարարական աշխատանքներ էին ընթանում երբ մարտի 4-ին շինհրապարակ այցելեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և նախարարության այլ պատասխանատուներ: Տեղեկացնենք, որ 70-ական թվականներին կառուցված այս դպրոցը բաղկացած է եղել 7 մասնաշենքից և նախատեսված է եղել 1200 աշակերտի համար:  Վերակառուցման այս նախագիծը իրականացվել է 360 աշակերտական տեղի համար: Ներկայումս դպրոց է հաճախում 274 աշակերտ, որի պատճառով վերակառուցման են ենթարկվել 7 մասնաշենքերից 4-ը, իսկ ներքին բակի տեղում կառուցվում է 5-րդ նոր մասնաշենք:

          ՙՙՄեծ Մանթաշի դպրոցը քաղաքաշինության նախարարության որդեգրած կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման ու կառուցման առնչությամբ որդեգրած նոր ռազմավարական սկզբունքների համաձայն է վերակառուցվում: Նախ պարզվել է շենքի սեյսմազինվածության աստիճանը, որը  գնահատվել է 3-րդ կարգի վնասվածության, ապա ուժեղացման աշխատանքներ, որից  հետո  միայն սկսվել են վերակառուցման աշխատանքները՚՚,- նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա բացառեց անբավարար տեխնիկական վիճակում գտնվող օբյեկտներում հիմնանորոգումների իրականացումը` առանց դրանց ուժեղացման – վերականգնման աշխատանքների կատարման: ՙՙՆախ, վեր ենք հանելու բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտներն ու գնահատելու ենք դրանց սեյսմազինվածության աստիճանը: Ապա, իրականացնելու ենք ավելի մեծածավալ ու առավել հուսալի միջոցառումներ, որոնք հետագայում կապահովեն կարևորագույն օբյեկտների սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները՚՚,- ընդգծեց նախարար Թադևոսյանը: Շրջայց կատարելով շինհրապարակի վերածված դպրոցի տարածքում` պարոն Թադևոսյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարներին կատարվող աշխատանքի որակի և ժամկետների պահպանման առնչությամբ` հույս հայտնելով, որ արդեն այս սեպտեմբերին գյուղի երեխաները կայցելեն վերակառուցված, հարմարավետ դպրոցը:

<<Քաղաքաշինական>> ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը տեղեկացրեց, որ դպրոցի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2013 թվականին: Դպրոցի առաջին մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված են հանդերձարանները, տնօրինության, բժշկի սենյակը, ուսուցչանոցը, 290 տեղանոց հանդիսությունների դահլիճը` բեմով, հետբեմային սենյակով, հանդերձարաններով, գրադարանով:

Երկրորդ մասնաշենքում տեղադրված են սանհանգույցները, աշխատանքի ուսուցման արհեստանոցը, ճաշարանը իր խոհանոցով և օժանդակ շենքերով ու տարրական ուսուցման դասասենյակները: Երկրորդ և երրորդ մասնաշենքերում գտնվում են դասասենյակներ, լաբորատորիաներ և սանհանգույցներ: Չորրորդ մասնաշենքում են` մարզադահլիճը, հանդերձարանները, ցնցուղարանները, մարզագույքի և մարզիչի սենյակները, ռազմագիտության կաբինետը իր զինապահոցով և տնարարության կաբինետը:

Դպրոցի գլխավոր ճակատը երեսապատված է Անիի և Արթիկի սրբատաշ տուֆե սալերով: Մասնաշենքերի հին տանիքները փոխարինվել են նորերով, մինչ այդ կատարվել է ծածկերի ուժեղացման աշխատանքներ: Դպրոցում անցկացվում է կենտրոնական ջեռուցման համակարգ:

Դպրոցի վերակառուցման վրա ընդհանուր առմամբ կծախսվի շուրջ 500 մլն դրամ:

 Անկախ

 

 

Միգրացիան Հայաստանի բնակչության ծերացման գլխավոր գործոնն է». Հայաստանի ազգային մրցունակության զեկույց

evԵկամուտների որոշակի մակարդակն ապահովագրում է երկիրը միգրացիայի բացասական հաշվեկշռից: Զուտ միգրացիայի ծավալը հաշվարկվում է երկիր ժամանողների և երկրից մեկնողների հոսքերի հիման վրա: Համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության տվյալների` երկրում զուտ ժամանումների թվաքանակը բացասական մնացորդ ունի և 2013-ի դրությամբ կազմել է -31.22: Տնտեսական զարգացման ժամանակագրությունը ցույց է տալիս, որ մինչ ճգնաժամային հատվածում (մինչև 2008-ը), աճող տնտեսությունը նպաստեց արտագաղթի տեմպերի կրճատմանը: Այդ միտումը փոխվեց, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ալիքը հասավ նաև Հայաստանի տնտեսություն: Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն` Հայաստանը գտնվում է արտագաղթի ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների շարքում. զուտ միգրացիայի միջին տարեկան հոսքը 2008-2012-ին Հայաստանի բնակչության -3.2 % է կազմում: Մի շարք ուսումնասիրություններ ու հարցումներ ցույց են տալիս, որ միգրացիայի դրդապատճառները ևս ժամանակի ընթացքում փոխվել են: Չնայած նրան, որ գործազրկությունը շարունակում է մնալ արտագաղթի հիմնական դրդապատճառը, երկիրը լքելու որոշման հարցում էական նշանակություն ունեն նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհաքաղաքական սպառնալիքները, սոցիալական անարդարությունը, երկրի կառավարման նկատմամբ բացասական վերաբերմունքը և զարգացման անորոշությունը: Այս մասին նշված է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից պատրաստված «2013-2014 թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում»:

Նույն զեկույցի համաձայն` համաշխարհային միգրացիայի հոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ բարձր եկամուտներ ունեցող երկրներում առավել քիչ կարելի է հանդիպել միգրացիայի բացասական հաշվեկշռի: Մասնավորապես մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի 20 000 ԱՄՆ դոլար և ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներից ընդամենը 13 % ունեն բացասական միգրացիոն հոսքեր: Հայաստանին համադրելի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակ ունեցող մի շարք երկրներ ունեն միգրացիայի բավականին մեծ դրական հաշվեկշիռ:

Երբ գործազրկության մակարդակը որոշակի սահմանից ներքև է, գործազրկության և միգրացիայի մակարդակների միջև անմիջական կապ գոյություն չունի: Միևնույն ժամանակ 13-14 %-ից բարձր գործազրկության մակարդակ ունեցող երկրներից շատերում միգրացիայի բացասական մնացորդի հստակ միտում է նկատվում:

Երկգործոն վերլուծությունը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ երկիրն անցնում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 10 000 ԱՄՆ դոլար և գործազրկության 6 % շեմերը, ապա հավանականությունը, որ այն կունենա զուտ միգրացիայի բացասական հաշվեկշիռ, ընդամենը 10 % է:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով` Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկրների շարքին է պատկանում, երկրի ժողովրդագրությունը փոխվում է տարիքային կառուցվածքով: Կանխատեսումների համաձայն` երկարաժամկետ հատվածում աշխատանքային տարիքի (15-46), բնակչությունը կնվազի` այժմյան 68-69 %-ից 2100 թվականին հասնելով 57 %-ի: Սա լուրջ ժողովրդագրական փոփոխություն է, որն էական ազդեցություն կունենա երկրի ախատուժի վրա: Մոդելում աշխատանքային տարիքի բնակչության մասնաբաժինը 2020 թվականին ընդունված է 65.3 %:

Հայաստանի բնակչության արագընթաց ծերացումը հիմնականում պայմանավորված է միջին տարիքի բնակչության արտագաղթով: Ինչպես այլ ծերացող ազգերի դեպքում, Հայաստանում ևս գրանցել է զուտ վերարտադրության մակարդակի նվազման և կյանքի տևողության ավելացման կայուն միտում: Այսպիսով, Հայաստանում ծերացումն արագանում է միգրացիայի մասնավորապես միգրանտների շրջանում միջին տարիքի բնակչության գերակշռության պատճառով:

Կանխատեսումերի համաձայն` գալիք տասը տարիների ընթացքում տնտեսական ակտիվության մակարդակը կմնա ներկայիս 66 % գնահատված մակարդակին: Տնտեսական ակտիվության կայուն մակարդակի պարագայում, սակայն, աշխատուժի թվաքանակը բացարձակ արտահայտությամբ կնվազի` աշխատանքային տարիքի բնակչության նվազմանը զուգընթաց:

Անկախ

“Արագաչափերը դարձել են բիզնեսի տեսակ”». Ավտովարորդների պաշտպանության լիգա

Տիգրան Հովհաննիսյան“Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` երթևեկությունը վերահսկող տեսախցիկների հարցում կարգապահություն սահմանելու հարցում, հակառակ դեպքում վարորդները բացահայտ կթալանվեն:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` երթևեկությունը վերահսկող տեսախցիկների շնորհիվ վարորդները, իհարկե, ավելի կարգապահ են դարձել, սակայն տուգանքներն այնքան են շատացել, որ դրանց հանդեպ քաղաքացիներն ատելություն են զգում:
“Եթե մենք լուսարձակի կարմիր ազդանշանի տակ խախտում ենք գծանշանը, ապա նույն պահին էլ հետ ենք գնում, սակայն, միևնույն է, տուգանվում ենք: Սրա դեմ պետք է քայլեր ձեռնարկվեն: Քայլեր պետք է ձեռնարկվեն նաև տուգանքների չափի և դրանց համապատասխան գանձումներ կատարելու հարցում: Նվազագույն գերազանցման դեպքում, օրինակ, 5 հազար դրամ, արագության գերազանցման առավել կոպիտ խախտումների դեպքում՝ 10 կամ 15 հազար դրամ”,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ տեսախցիկները դարձել են բիզնեսի տեսակ:

Բանախոսը նշեց, որ սպասում են ոստիկանապետի պատասխանին: Բայց, եթե պատասխան չստանան, շարունակելու են իրենց պայքարը:
Վարորդ Արայիկ Բեգլարյանն իր դժգոհությունը հայտնելով նշեց, որ արագության սահմանման ցուցանակները խիստ խաբուսիկ են: Շատ դեպքերում էլ ցուցանակներ ուղղակի չկան:

“Մայրուղիներում սահմանված արագությամբ վարելով` մեկ էլ տեղեկանում ես, որ որոշ տարածություն անցնելիս պետք է իջեցնեիր արագությունդ, սակայն համապատասխան ցուցանակ չտեսնելով և չիջեցնելով` տուգանվել ես: Ստացվում է` պետք է անգիր անես ճանապարհները: Երբ պետք է գումարներ գանձեն քաղաքացիներից, հիշեցնում են միջազգային փորձի մասին, երբ պետք է կարգավորեն իրավիճակը` ոչ: Տաքսիստներից, տուգանքների ձևով, գանձում են իրենց ամսական եկամտի ամենաքիչը 20 տոկոսը”,- ասաց վարորդը:

Անկախ

Դոլարը`414.1 դրամ

դոլարՄարտի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.1 դրամ:

Անկախ

Աշոտը սխալմամբ հրդեհ է առաջացրել ու նյութական վնաս է պատճառել նաև հարևաններին

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՄարտի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են ստացվել, որ փետրվարի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Աշոտ Վ.-ն իր անասնագոմի մոտ այրել է անասնագոմից դուրս բերված խոտերի մնացորդները, որի ժամանակ ուժեղ քամու պատճառով բռնկվել և մասնակիորեն այրվել են անասնագոմի վրա դարսված խոտի հակերը:
Հրդեհը տարածվել է և մասնակիորեն այրվել են նաև հարևանությամբ դարսված խոտի հակերը:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին (մարտի 3-ից 4-ը)

ԱվտովթարՄարտի 4-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին բախվել է քարի և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 43/1 հասցեի դիմաց «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 04.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 23/Ա հասցեի մոտ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի Հ. Հովհաննիսյան թաղամասում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Սուբարո Տրիբեկա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» և «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ու շրջվել:
Առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 19.10-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցի վերջնամասում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

«Աթլետիկոն» կշարունակի գովազդել Ադրբեջանը

աթլ-2-0449ad3caaՄարզասերները տեղյակ են, որ Ադրբեջանը մեծ փողեր է ծախսում որպեսզի սպորտի միջոցով հեղինակություն ստանա:

Սահմանակից երկրի ներկայացուցիչները ստանձնել են նաև Իսպանիայի ճանաչված ֆուտբոլային ակումբներից մեկի` Մադրիդի «Աթլետիկոյի», հովանավորությունը: Եվ ահա,  կողմերը  երկարաձգել են համագործակցության պայմանագիրը: Այն կավարտվի 2015-ին:

«Աթլետիկո» ակումբի  նախագահ Էնրիկե Սերեսոն հայտնել է, որ դա փոխշահավետ և հեղափոխական հովանավորություն է, և Ադրբեջանը գովազդվում է ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ  ակումբի մարզաշապիկի վրա 2012-ից գրված է` «Ադրբեջան` կրակի երկիր»:

աթլ-1-139386086679

Անկախ

Նռնակ` Երևանի 16-րդ թաղամասում

պակիստան,նռնակՄարտի 3-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Հրաչ Ա.-ն և հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի մոտ եղբոր տղան նռնակ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Այրվել են Աղավնաձորի 3 բնակիչների խաղողի այգիներն ու խնձորենիները

խաղողի այգիներՄարտի 3-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են ստացվել, որ 1987 թ. ծնված Ալիկ Ն.-ի և 1960 թ. ծնված Շավարշ Ն.-ի` կրակի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով այրվել են Աղավնաձոր գյուղի 3 բնակիչների խաղողի այգիներն ու խնձորենիները` պատճառելով ընդհանուր 1.825.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:

“Ընդդիմությունը չպետք է առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով”. Կարինե Աճեմյան

Կարինե ԱճեմյանՈւկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դաս լինեն շատ երկրների համար, քանի որ բիրտ ուժի կիրառմամբ 21-րդ դարում ոչնչի չես հասնի, փոփոխությունները պետք է կատարվեն օրինական ճանապարհով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով` Ուկրաինայի նոր իշխանությունը շատ քիչ բանի է ընդունակ, իսկ ուկրաինացի ժողովուրդը նրա պատճառով դեռ շատ վնասներ կկրի: Այդ ինքնակոչ կառավարությունը բռնի ուժ է իրականացնում, որը հարիր չէ ժողովրդավարական ուժերին: Օրենքը և Սահմանադրությունը երբեք չպետք է տրորվեն, ինչին, սակայն, ականատես եղանք Ուկրաինայում: Ռուսաստանը ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` չպետք է դիտորդի կարգավիճակում լինի, քանի որ Ուկրաինայում ապրող 20 մլն ռուսները պետք է պաշտպանված զգան իրենց:

“Սխալ կլինի ասել, որ ուկրաինացիները խուճապի են մատնվել կատարված դեպքերից հետո: Մայդանից երկու կանգառ այն կողմ մարդիկ ապրում են բնականոն կյանքով: Միաժամանակ, մինչև Մայդանը ուկրաինացիները վարդագույն աչքերով են նայել հնարավոր փոփոխություններին, սակայն հիմա ակնհայտ է, որ այս դեպքերը մի քանի տարով հետ են շպրտելու այդ երկիրը”,- ասաց Կարինե Աճեմյանը:
«Ընդդիմությունը չպետք է առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով: Ընդդիմությունը թիրախներն ընտրում է արհեստականորեն: Արդեն քանի տարի է` շահարկում է մարտի 1-ի դեպքերը»,- ասաց Կարինե Աճեմյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հնարավոր համարեց, որ կոնսոլիդացիան կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, քանի որ նրա ակտիվությունը ցույց է տալիս, որ չի բացառվում կրկին մեծ քաղաքականություն վերադարձը:

Անկախ