Մահվան ելքով ավտովթար Իսահակյան գյուղի մոտակայքում (լրացված)

ԱվտովթարՄարտի 16-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վազ 2106» մակնիշի 48ԼՏ072 և «Մերսեդես» մակնիշի 45ՕՍ492 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «Վազ 2106»-ի վարորդ Ժ. Պ.-ը (ծնվ. 1940թ.) տեղում զոհվել է, իսկ «Մերսեդես»-ի ուղևորներ Գ. Գ.-ը (ծնվ. 1963թ.), Հ. Ի.-ը (ծնվ. 1968թ.), Ջ. Ա.-ը (ծնվ. 1967թ.) և Ա. Մ.-ը (ծնվ. 1967թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 Անկախ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում`

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ, 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքանով կբարձրանա:

Երևանում՝

Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Անկախ

“Բանակ չծառայած տղուն աղջիկ չեն տա”. Ֆելիքս Ցոլակյան

ՊԲ,գյումրիՇիրակի մարզի 123 ընտանիքներում այսօր յուրատեսակ ուրախություն է. հնգօրյա արձակուրդ են ժամանել ԼՂՀ բանակում իրենց զինվորական ծառայությունը կատարող զինվորները: Ծնողները տեղյակ էին, որ անձամբ Արցախի պաշտպանության նախարարն է գալու երեխաների հետ, բայց շատ քչերը գիտեին, որ դա սոսկ հանդիպում չէր, այլ տղաները եկել էին արձակուրդ:

Իրադարձությունն ինքնին եզակի էր, քանի որ նման բան առաջին անգամ էր կատարվում ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում:

“Ե’վ պատերազմի ժամանակ, և’ այսօր էլ Շիրակի արու զավակներն իրենց պարտականությունը կատարում են մեր հայրենիքի ամենից կարևոր մասում` Արցախում: Այսօր պետք է Արցախին, որպեսզի ողջ հայությունն աջակից լինի արցախցուն` իր առջև ծառացած խնդիրը լուծելու համար: Ես այսօր եկել եմ զեկուցելու, որ շիրակցիները դա կատարում են պատվով: Վստահ եղեք, որ այսօրվա խաղաղությունն Արցախում տիրում է միայն ու միայն հայ զինվորի բազկի հզորության շնորհիվ: Բնավ պատահական չէ, որ մեր այսօրվա միջոցառումը, որ անցկացվում է առաջին անգամ, բերել ենք Շիրակի մարզ, որովհետև Շիրակն ամեն ժամանակներում էլ եղել է հայ ժողովրդի ոգին. Այստեղից են ձևավորվել բազմաթիվ լավագույն ավանդույթներ, և այստեղից պիտի ձևավորվի նաև այս ավանդույթը: Իհարկե, մենք չէինք կարող այս դահլիճում տեղավորել այն ծառայողներին, ովքեր Շիրակից են, բայց սա լինելու է շարունակական և մենք ակնկալում ենք այս դահլիճում ևս մեկ անգամ հանդիպել շիրացիներին”, – հանդիպման սկզբում նշեց նախարարը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ելույթ ունենալով ծնողների և զինվորների հետ հանդիպմանը նկատեց. “Ես ցանկանում եմ, որ նման հանդիպումները լինեն հաճախակի, և մայրերի հետ զինվորների հանդիպումներում հոսեն միայն ուրախության արցունքներ: Արցախցիները միշտ պետք է զգան, որ շիրակցին իր հետ է և դա զգացել են 88-ից ի վեր: Պետք է հիշենք մի բան. Երբ աղետալի երկրաշարժը եղավ Գյումրիում, փլատակների տակից դուրս եկած մարդն առաջինը հարցնում էր` ի՞նչ եղավ Ղարաբաղի հարցը: Եվ վերջում, ուզում եմ մի բան ասել զինվորներին ու նրանց, ովքեր պատրաստվում են զինվոր դառնալ. տղերք, հիշեք, մի ժամանակ եղել է այսպիսի բան` բանակ չծառայած տղուն աղջիկ չեն տվել”:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են Շիրակի մարզի և հատկապես գյումրեցի զինվորներին միշտ ուղեգրում ծառայելու Արցախ ու առավելապես` սահմանային գիծ, ասաց. “Որովհետև Շիրակի մարզի զինվորներն ամենից լավն են ու ամենաուժեղն են: Ասեմ, որ բոլոր զինվորները, զորացրվելուց հետո, հպարտություն են ապրում, որ Արցախում են ծառայել”:

Պաշտպանության նախարարը խոսեց նաև սահմանում տիրող վիճակի ու հակառակորդի կողմի կատարած գործողությունների մասին. “Միշտ էլ գործել են, միշտ արժանի պատասխան ստացել են, հանգստացել են, նորից են արթնացել, էլի պատասխան ստացել… կարող եմ ասել, որ առաջնագծում այսօր իրավիճակը վերահսկելի է, հայ զինվորը պարտադրողի դերում է, և այդպես եղել է, այդպես էլ շարունակվելու է”:

Իսկ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը ծանր տեխնիկա է մոտեցրել սահմաններին և այլն, Մովսես Հակոբյանը նշեց, թե նման բան չկա:

 Անկախ

Պաշտպանության նախարարն Արցախը Ռուսաստանին միացնելու մասին

մովսես հակոբյանԾառայողական այցով Գյումրիում գտնվող ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր խոսեց սահմանում տիրող վիճակի ու բանակի մասին.

“Կարծում եմ Արցախի բանակը բազմիցս ապացուցել է` սկսած 88 թվականից, որ ինքն ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել և որևէ մի անգամ կասկած չի հարուցել իր ժողովրդի առաջ: Մեր բանակն այսօր ավելի քան հզոր է և պատրաստակամ` ցանկացած խնդիր, ցանկացած վայրում իրականացնելու համար”:
Անդրադառնալով Վլադիմիր Ժիրինովսկու վերջերս արած հայտարարությանը` թե Արցախը պետք է կազմի Ռուսաստանի մաս, ԼՂՀ պաշտպանության նախարարը Գյումրիում հայտարարեց. “Կարծում եմ որևէ մեկին իրավունք վերապահված չէ Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել, որովհետև Ղարաբաղն ինքնիշխան երկիր է, և Ղարաբաղի հարցը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը: Ես չեմ պատասխանի ռուս գործչին. ամեն մարդ իրավունք ունի արտահայտվելու, բայց ամեն մի արտահայտվածի պատասխան չեն տալիս: Ինչ պիտի անենք` Ժիրինովսկին ու իր նմանները հայտարարություններ պիտի կատարեն, թող անեն` դա իրենց գործն է, դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում”:

Անկախ

Նախարարը տուն էր բերել ԼՂՀ-ում ծառայող գյումրեցի զինվորներին

 ԼՂՀ,գյումրեցի զինվորներԱյսօր Գյումրի էր ժամանել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախարարը Հայաստանի մշակութային մայրաքաղաք էր եկել 123 զինվորների և բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ: Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի, ԼՂՀ զորամասերում ծառայող շիրակցի զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպումը:

 ԼՂՀ,գյումրեցի զինվորներԻր ելույթում նախարար Մովսես Հակոբյանը նշեց, թե ինչպիսի խիզախ տղաներ են Շիրակի մարզի զավակները, ինչ օրինակելի զինվորներ են. “Մենք փորձում ենք մեր պետության ամենափոքր բջիջը` դա ընտանիքն է, հզորացնել: Եվ նման լավ ծառայող զինվորների ծնողներին այստեղ բերել մեծարելը հենց այդ նպատակն է հետապնդում: Իսկ ինչու առաջին անգամ ու Գյումրին` որոշել եմ այդպես, որովհետև մեր բոլոր կարևոր միջոցառումները պիտի սկսենք այստեղից. Առաջինը, որ հայ ժողովրդի մշակութային կենտրոնն է և սա հենց մշակութային միջոցառում կարելի է համարել: Երկրորդ` Գյումրին սահմանակից է Թուրքիային և այստեղ ժողովրդին ևս պետք էպատրաստել, որպեսզի հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդն էլ կարողանա այստեղ ներկա գտնվել և իրաջակցության ձեռքը մեկնել, և երրորդը` Շիրակն ամենամեծ մարզն է ու ամենաշատ զորակոչն այստեղից է: Անպայման կպլանավորենք և բոլոր մարզերում էլ սա կիրականացնենք”:
Օգտվելով առիթից ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահ Յուրա Ալեքսանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախարարից խնդրեցի` զինվորներին թույլ տալ մի հինգ օր վայելել ընտանեկան ջերմությունը:
Սակայն քաղաքապետն ու ազատամարտիկը բնավ էլ անակնկալ հարց չէին բարձրացրել, որի մասին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. “Այդ հինգ օրվա մասին որ խոսում էիք` նախարարն ասաց, որ ինքն այդ տրամադրությամբ էլ եկել է”, – ապա անդրադառնալով օրվա յուրօրինակությանը շարունակեց. –“Սա մի նոր ու բովանդակալից միջոցառում է, որի բոլոր մասնակիցների գլխավոր նպատակը մեր երկրի հուսալի պաշտպանությունն է: Վստահ եմ, որ բանակ և ընտանիք կապի ամրապնդումը զինվորների և նրանց ծնողների համար դառնալու է ոգևորության, կարոտի ու սպասման պահեր: Հերթական անգամ հպարտությամբ են լցվելու այն ծնողների սրտերը, որոնց զավակները զինվորներ են, աչքի են ընկել ծառայության մեջ այնքան, որ հրամանատարը որոշել է բերել ծնողներին տեսության: Որքան պիտի սիրի ու հարգի հրամանատարն իր զինվորներին, որ հոգսաշատ, լարված առօրյայից ժամանակ գտնի նման այցելություն կազմակրպելու համար”:
Հանդիպմանն իր օրհնությունը բերեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: “Ես շատ հպարտ եմ, որ Շիրակի մարզի զինվորները լավ են ծառայում, խիզախ են: Եվ անշուշտ, իմ շնորհակալությունը գնում է դեպի մեր մայրերը, որ առյուծ են դաստիարակել, ոչ թե աղվես: Ես շնորհակալություն եմ հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին, որ մեր երիտասարդներին այդպես հայրական հոգացություն են ցուցաբերումում, տղամարդ են դաստիարակում, զինվոր են դաստիարակում”, – իր խոսքում նշեց սրբազանը:
Մովսես Հակոբյանն անձամբ բոլոր 123 զինվորների ծնողներին հանձնեց շնորհակալագրեր, իսկ Շիրակի մարզպետի կողմից նախարարը նվեր ստացավ Աստվածաշունչ, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր զինվորներին նվիրեց վերջերս լույս տեսած “Գյումրի” գիրքը, զորամասերից մեկը նվեր ստացավ ձայնասյուներ, իսկ պաշտպանության նախարարը` Գյումրվա մուշուրբա: ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով մարզի մի շարք արցախյան ազատամարտիկներ պարգևատրվեցին պաշտպանության բանակի հուշամեդալով, իսկ ովքեր հաշմանդամության պատճառով ներկա չէին հանդիպմանը, նախարարն անձամբ գնաց նրանց տները` մեդալները հանձնելու:

Մարինե Ասատրյան. «Ամեն մի կին պետք է կանոնավոր պարապի ֆիզկուլտուրայով, մարզվի, նաև զբաղվի սպորտով»

սպորտ-կին (1)Հայաստանում շարունակվում է կանանց նվիրված միամսյա տոնը: Ինչպես մեր երկրի տարբեր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ակտիվ դերակատարություն ունեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Զրուցեցինք դոցենտ Մարինե Ասատրյանի հետ: Նա ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական խորհրդի և ռեկտորատի պատասխանատու քարտուղարն է, գլխավորում է ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնը, հեղինակ է մի շարք գիտական ուսումնասիրությունների, հոդվածների, ուսումնական ձեռնարկների, որոնք հիմնականում նվիրված են մարզումների ընթացքում օրգանիզմում կատարվող կենսաքիմիական փոփոխություններին:

– Երբվանի՞ց եք սկսել սպորտով զբաղվել:
– Դպրոցում սովորելու, հետո էլ բուհում ուսանելու տարիներից. վոլեյբոլի կանոնավոր մարզումների եմ հաճախել: Բարձրակարգ մարզուհի դառնալ չհաջողվեց, բայց խաղացել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հավաքականում: Հայրս` Ռոլանդ Ասատրյանը, 1974-1981 թթ. աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ: Տարիներ ի վեր մարզիկների, սպորտի ոլորտի մարդկանց կողքին եմ:

– Դժվա՞ր է նրանց հետ ընդհանրություններ գտնելը, հաղորդակցվելը:
– Ինձ համար այդպիսի պատնեշ չի եղել, քանի որ շփվելու առիթներ շատ եմ ունեցել և ծանոթ եմ եղել առանձնահատկություններին: Կան մարզաձևեր, որոնց ներկայացուցիչները տարբերվում են: Պարզապես անհրաժեշտ է համապատասխան մոտեցում դրսևորել: Նկատի ունեմ բռնցքամարտի, կարատեի և մի շարք մենապայքարային այլ մարզաձևերի ներկայացուցիչներին, որոնք առանձնանում են, մի փոքր ավելի դյուրաբորբոք են, բռնկուն:

– Սպորտը մարզվողներից շատ ժամանակ է խլում` պարապմունքներ, ուսումնամարզական հավաքներ, մրցումների մասնակցություն և այլն: Դա խանգարո՞ւմ է, մտավոր զարգացումը հետին պլա՞ն է մղում: Հնարավո՞ր է, որ սպորտին նվիրված մարդը համակողմանի զարգանա:
– Մարդու ներդաշնակ զարգացմանն ավելի շատ կարող է օգնել ֆիզկուլտուրան: Անգամ այն ամենը, ինչ անում է մեր մարզիկների մեծ մասը, չի կարող հետ պահել մարդուն ընդհանուր զարգացած լինելուց, ազդել առողջության վրա: Միայն մեծ սպորտը գուցե որոշ բացասական հետևանքներ ունենա: Շարունակական, ծանրաբեռնված մարզումները փոփոխություններ են առաջացնում մարդու օրգանիզմում, նաև հանգեցնում կենսաքիմիական շեղումների: Ընդ որում, դրանք նպաստում են, որ մարզիկները բարձր, նաև գերմարդկային արդյունքների հասնեն: Ինչ խոսք, հնարավոր է, որ նաև առողջական խնդիրներ առաջանան: Սակայն մտավոր զարգացման առումով խանգարող որևէ բան չկա: Պարզապես մարզիկները, իրենց սպորտին նվիրելով, ակամա հետ են մնում կյանքի շատ բաներից:

– Հնարավո՞ր է ուժեղ մարզիկ լինել ու նաև խելացի:
– Անհատականություններ եղել են և կան: Օրինակ` մեր առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանն այդպիսին էր: Նրա հետ անձամբ ծանոթ եմ եղել, շփվել և միշտ հիացել, զարմացել եմ, թե այդ վառ անհատականությունն ինչ բազմակողմանի գիտելիքներ ունի: Ներկայումս առանձնանում են մեր որոշ առաջատար շախմատիստներ: Այդուհանդերձ, չի կարելի անվերապահորեն ասել, թե շախմատը նպաստում է այդ մարզաձևով զբաղվողների մտավոր զարգացմանը, ինտելեկտուալ աճին: Մեր բուհում նաև շախմատիստներ են սովորում, և նրանք իրենց զարգացման մակարդակով էականորեն չեն տարբերվում մյուս մարզաձևերով զբաղվողներից:

– Ֆիզկուլտուրան և սպորտը կանանց կյանքում ի՞նչ դեր ունեն:
– Ֆիզկուլտուրան շատ օգտակար է: Սպորտով զբաղվելն էլ դրական է: Սակայն կան մարզաձևեր, որոնք, իմ կարծիքով, կանանց համար չեն: Նկատի ունեմ ծանրամարտը, բռնցքամարտը, մենապայքարի մի շարք մարզաձևեր: Խրախուսելի է, որ հայուհիներից ոմանք իրենց կարողությունները փորձում են, հաջողությունների են հասնում նաև այդ մարզաձևերում: Ընդ որում, մարզուհիներին հաջողվում է պահպանել գեղեցկությունը, նրանք նաև ամուսնանում են, մայր դառնում: Այդուհանդերձ գերադասելի է, որ այդ մարզաձևերով միայն տղամարդիկ զբաղվեն: Մեծ սպորտն էլ կանանց կյանքում դրական ազդեցություն չի կարող թողնել: Կյանքը ցույց է տալիս, որ սպորտը խլում է ժամանակը, իսկ դա շատ դեպքերում խանգարում է, որ կինը կին մնա, ունենա ընտանիք, երեխա, առտնին հոգսեր և այլն:

– Մեր մարզուհիներից ովքե՞ր են, հիացրել ձեզ:
– Սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը, հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը: Նրանք սպորտում համաշխարհային փառքի են հասել, հարստացրել Հայաստանի մարզական տարեգրությունը: Ուշագրավն այն է, որ երկուսն էլ հայկական ծագում չունեն: Խորհրդային ժամանակներում, չգիտես ինչու, հայուհիների մեծ մասը խուսափում էր սպորտով զբաղվելուց: Իսկ այժմ համաշխարհային փառքի են հասել մեր ծանրորդուհիները:

– Նրանք ակնառու հաջողությունների են հասել, բայց Հայաստանում ներկայումս ծանրամարտով զբաղվող կանանց թիվը մեծ չէ: Ի դեպ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը մայր դառնալուց հետո կրկին մրցահարթակ է վերադարձել: Փաստը խոսուն է և վկայում է, որ անգամ այդ դժվարին մարզաձևով զբաղվելը կանանց համար խնդիր չէ:
– Այնուամենայնիվ, հայկական մենթալիտետի համար դա տիպական չէ: Սամբոյի, ձյուդոյի խմբերում, երբ մարզուհիների եմ հանդիպում, մտածում եմ, որ այդ մարզաձևերը նրանց համար չեն: Ամեն մի կին պետք է կանոնավոր պարապի ֆիզկուլտուրայով, մարզվի, նաև զբաղվի սպորտով: Պարտադիր չէ, որ նա դառնա աշխարհի չեմպիոն, դա կարող է օգնել ամբողջ կյանքում: Ինչ վերաբերում է Խուրշուդյանին, փորձը ցույց է տալիս, որ եթե մայր դառնալուց հետո մարզուհիները վերադառնում են մեծ սպորտ, ավելի մեծ հավանականություն կա, որ նրանք կրկին կարող են հաջողությունների հասնել: Բանն այն է, որ առանց սպորտի նրանք այլ կյանք չունեն: Ընդհանրապես մարզիկները կարգուկանոնը սիրող, կազմակերպված մարդիկ են: Եվ մարզուհիներին էլ դա օգնում է, որ ոչ միայն սպորտում, այլև կյանքում իմանան, թե ինչ են ցանկանում, ինչպես հասնեն դրան: Խուրշուդյանն էլ, մեծ սպորտ վերադառնալով, քաջ գիտակցում է, թե ինչ է իրեն պետք:

– Սպորտային բժշկության գիտելիքներն ինչո՞վ կարող են օգտակար լինել:
– Նախ` Հայաստանի բոլոր հավաքական թիմերը պետք է ունենան սպորտային բժիշկներ: Մեր բուհում սպորտային բժշկություն է դասավանդվում և այն ամենահետաքրքիր առարկաներից է: Ընդ որում, դասավանդում են Հայաստանի ճանաչված մասնագետները, մեծ մասը գիտությունների դոկտորներ, թեկնածուներ են, պրոֆեսորներ: Շատ կարևոր է, որ դասավանդողները ոչ միայն բժիշկ լինեն, այլև սպորտին մոտ մարդիկ: Եվ ապագա մանկավարժները` ֆիզկուլտուրայի մասնագետները, նաև մարզիչները պետք է տեղյակ լինեն սպորտային բժշկության առանձնահատկություններին: Ի դեպ, երբեմն մեր մասնագետների օգնությանն են դիմում նախկինում տղամարդկանց թիմերի հետ երկար ժամանակ աշխատած, սակայն այժմ մարզուհիների հետ պարապող մարզիչները: Բանն այն է, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր են և մի շարք նրբություններ կան` կապված մարզումները կազմակերպելու, բեռնվածության հետ:

սպորտ-կին (2)– Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում դասավանդող մասնագետների թվում տղամարդի՞կ են շատ, թե՞ կանայք:
– Տղամարդիկ գերակշռում են, բայց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը այն եզակի ղեկավարներից է, որոնք գեղեցիկ սեռի մասնագետների կարծիքը հաշվի են առնում, նրանց մեծ տեղ են հատկացնում: Բուհում դեկաններից մեկը և ամբիոնի վարիչներից հինգը կին են: Ընդամենը 18 ամբիոն ունենք:

– Դժվա՞ր չէ սպորտում կին մնալը, կանանց յուրահատուկ գրավչությունը պահպանելը:
– Դժվար է: Մեր ամբիոնում ուսուցանվում են նաև առողջ ապրելակերպը, ճիշտ սնվելու առանձնահատկությունները: Ընդ որում, այդ ամենի իմացությունը կարող է օգտակար լինել ոչ միայն կանանց:

– Այժմ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար պահքի շրջան է: Մարզիկները պե՞տք է որոշակի ռեժիմ պահպանեն:
– Պահքի ժամանակ միայն սնվելու խնդիր չէ, պետք է հոգով դրան պատրաստ լինել: Մարզիկ-մարզուհիների մեծ մասը նախապաշարումներ ունի, մրցումների ժամանակ էլ հույսը ոչ միայն իր ուժերի վրա է դնում, այլև սպասում է, որ Աստված օգնի: Մարզիկն ինքը պետք է որոշի` պատրա՞ստ է պահքի, թե՞ ոչ: Ընդհանրապես սպորտով զբաղվելը չի խանգարում նաև սննդամթերքի սահմանափակումներին: Այնուամենայնիվ, որոշ սպիտակուցներ միայն մսամթերքում կան, և առանց դրանց ընդունման` մարզիկը չի կարող լիարժեք պարապել, մրցումների հաջողությամբ մասնակցել: