Դիպուկահարի գնդակից անվասայլակին գամված սպան իր ուսերին է վերցրել հաշմանդամներին «տներից հանելու» գործը

Արտյոմ (800x600)Արդեն երեք տարի է` Արտյոմ Սահակյանն անվասայլակին է: Հայոց բանակի սպան 2010 թ. մարտի 1-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի սահմանը պաշտպանելիս հրաշքով փրկվել է: Մենք անդրադարձել ենք այդ պատմությանը և ներկայացրել, թե ինչպես էր նա Նոր կտակարանը դրել ծոցագրպանն ու գնացել մարտական հերթապահության, ու թե ինչպես էր այդ կտակարանը պաշտպանել նրա սիրտը մահացու գնդակից: Արտյոմն Աստծո կամքով փրկվել է, սակայն գամվել անվասայլակին. գնդակը վնասել է ողնաշարը:
Արտյոմին այն ժամանակ հանդիպել էինք Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Ասում էր, որ չի պատկերացնում իր կյանքն անվասայլակին գամված և անգամ եղել է պահ, որ ինքնասպանության մասին է մտածել: Նա հույս ուներ, որ քայլելու է և այդ հույսով էր ապրում:
Այսօր, սակայն, Արտյոմը լիովին այլ հոգեվիճակում է. ոչ թե փորձում է կյանքին վերջ տալ, այլ ինքն է փորձում կյանքով լցնել մյուս հաշմանդամներին: «Պետք է մարդկանց հանեմ տներից»,- օրեր առաջ ասում էր նա` պատմելով, որ հասարակական կազմակերպություն են հիմնել և զբաղվելու են հաշմանդամների խնդիրներով:
Փետրվարի 25-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցավ այդ կարևոր իրադարձությունը. արմավիրցիների առջև պաշտոնապես իր դռները բացեց «Արևի շող» հասարակական կազմակերպությունը, որի փոխնախագահն է Արտյոմ Սահակյանը: Կազմակերպության նպատակն է պաշտպանել Արմավիր մարզում բնակվող հաշմանդամների շահերը, նպաստել նրանց ներգրավմանը հասարակական, մշակութային, սպորտային կյանքին, աջակցել մասնագիտական կրթության զարգացմանը, ցուցաբերել բարոյահոգեբանական աջակցություն և այլն:
«Երբ նոր էր իմ դեպքը պատահել, հաստատ համոզված էի, որ պիտի քայլեմ ու դրանով էի ապրում, հիմա հաստատ համոզված եմ, որ չեմ քայլելու, բայց չեմ տխրում»,- ծիծաղում է Արտյոմը:

Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ հոգեբանական հեղաշրջումը: Արտյոմի խոսքով` մեկ այլ հաշմանդամի հետ շփվելով. «Երբ առաջին անգամ այդ հաշմանդամի հետ հանդիպեցի, որը հետագայում ընկերս դարձավ, Կարմիր խաչի հիվանդանոցում էի: Նա էլ էր այնտեղ: Դուրս էի եկել բալկոն, որ ինձ վնասելու ելքեր փնտրեմ: Հարցրեցի` քանի՞ ամսվա հիվանդ ես, ասաց` ի՜նչ ամիս, 20 տարի է` սայլակին եմ: Զարմացա` քսան տարի մարդ սայլակի վրա կապրի՞: Դրանից հետո երկար զրուցեցինք, իմ մեջ ինչ-որ բան փոխվեց, համենայն դեպս` հաջորդ օրն արդեն չէի մտածում ո՛չ սայլակի մասին, ո՛չ ինքնասպանության»:

Անցնում է որոշ ժամանակ, Արտյոմը փորձում է ինտեգրվել ակտիվ կյանքին, աշխատանք գտնել, սակայն չէր հավատում, որ Հայաստանում հաշմանդամին կարող են աշխատանք առաջարկել, և երբ մի օր լսում է, որ հաշմանդամների աշխատատեղերի մրցույթ է հայտարարված, հանդիպում է անցկացվում, չի էլ գնում մասնակցելու: Այնուամենայնիվ, ռեզյումեն ուղարկում է: Անսպասելի էր, բայց նրան աշխատանքի են հրավիրում, իսկ գործատուն Արտակարգ իրավիճակների նախարարությունն էր: Արտյոմին մի քանի նախապատրաստական դասընթացներից հետո վերցնում են աշխատանքի: «Դա միակ միջավայրն է, որտեղ ես ինձ չեմ զգացել որպես հաշմանդամ»,- խոստովանում է նա:
Մի քանի ամիս անց, սակայն, Արտյոմը ստիպված էր դուրս գալ աշխատանքից` մեկնելով Ուկրաինա երկարատև բուժման: Երբ վերադառնում է, նրան արդեն առաջարկում են միանալ ստեղծվելիք հասարակական կազմակերպությանը, ու նա սիրով լծվում է աշխատանքի:
«Հաշմանդամները, որպեսզի աշխատանք ունենան, նախ պետք է նորմալ կրթություն ստանան, բայց մեզ մոտ հաշմանդամների ծնողները խուսափում կամ ամաչում են իրենց երեխաներին դուրս հանելուց: Էդ երեխաներն էլ զրկվում են կրթվելու հնարավորությունից, հետագայում չեն կարողանում շփվել, հասարակության լիարժեք անդամ դառնալ: Մեր հասարակության աչքն էլ հաշմանդամի սովոր չի տեսնել, որովհետև տներում փակված են, դուրս չեն գալիս»,- ասում է նա:

Կարծում է, որ նաև դա է պատճառը, որ հասարակությունն էլ չի կարողանում ճիշտ շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Պատմում է, որ մի օր հաշմանդամ ընկերոջ հետ անվասայլակներով գնացել էին սուպերմարկետ գնումների, երբ հանկարծ երկուսն էլ հասկացան, որ չեն կարողանում իրենց անհրաժեշտ ապրանքը վերցնել, քանի որ պահարանի վերնամասում է դրված: «Թախծոտ հայացքով նայում ենք կետչուպին, բայց երկուսիս ձեռքն էլ չի հասնում: Կողքիս հսկիչ վաճառողուհին էր կանգնած, նայում էր, բայց չէր մոտենում, որ օգնի: Էդ ժամանակ ընկերոջս բարձր ձայնով ասացի` դու գնա պահարանի հետևամասում կանգնիր: Ընկերս գնաց-կանգնեց ու զարմացած սպասում է, թե ինչ եմ ասելու: Ասացի` ես հիմա իմ ձեռքի կոտլետը կշպրտեմ, կդիպչի կետչուպին, կետչուպը հետևի կողմից հենց ընկնի, վերցրու: Նոր էդ աղջիկը վազելով մոտեցավ…»:

artyom 001Բայց ամենալուրջ կարծրատիպը, որ Արտյոմն ուզում է մեկընդմիշտ արմատախիլ անել հասարակության մեջ, հաշմանդամին խղճալու մոտեցումն է: «Ինձ խղճալ պետք չի, ես շատ ակտիվ կյանքով եմ ապրում, ինչ-որ անհասանելի իրավիճակներ լինում են, բայց դրանք հաղթահարվում են: Ինձ համար խղճալը խորթ բան է, խղճում են թշնամուն»:
«Արևի շողի» բացմանը մասնակցելու նպատակով Երևանից ժամանել էին նաև «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնց աջակցությամբ ու ֆինանսավորմամբ էլ կառույցը կյանքի է կոչվել: Ցավոք, ո՛չ Արմավիրի մարզպետը, ո՛չ էլ Արմավիրի քաղաքապետը, որոնք հրավիրված էին միջոցառմանը, ներկա չէին, մինչդեռ նրանց ներկայությունը կոգևորեր նորաստեղծ կազմակերպության երիտասարդ ղեկավարներին և հույս կներշնչեր, որ իրենք նաև պետության կողմից են աջակցված: Փոխարենը նրանց իրենց ջերմ խոսքերով, նվերներով, պատվոգրերով շնորհավորեցին ու բարեմաղթանքներ հղեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արտյոմն ու կազմակերպության նախագահ Գարիկ Մագթաղյանն էլ, որը նույնպես տարիներ ի վեր անվասայլակին է, խոստացան անել անգամ անհնարինը, որպեսզի մարզի հաշմանդամների խնդիրները բարձրաձայնվեն ու լուծումներ ստանան:

IMG_3269Ի դեպ, այդ ողջ ընթացքում Արտյոմից անբաժան էր նրա 3-ամյա որդին` Արամեն, որը լույս աշխարհ է եկել հոր հետ կատարված ցավալի դեպքից մի քանի ամիս անց: Իսկ մինչ դեպքը Արտյոմն արդեն երկու աղջիկ ուներ: Հետաքրքիր է, որ իր հետ կատարվածից հետո Արտյոմը ոչ մի վայրկյան չի մտածել որդուն ապագայում զինվորական ծառայությունից ազատելու կամ նման բաների մասին: Հայ սպայի մոտեցումներն ու սկզբունքները հայրենիքի, բանակի և իր պարտավորությունների վերաբերյալ չեն փոխվել:

Նրա դեպքում երևի այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հայրենիքի հանդեպ պարտքի զգացողությունը Արտյոմի մեջ սերմանվել է գենետիկորեն և ամրապնդվել հորից ստացած դաստիարակությամբ:

Արտյոմի հայրն էլ, հորեղբայրն էլ ազատամարտիկներ են եղել, վիրավորվել են արցախյան պատերազմի ժամանակ, և այսօր հայրը հպարտորեն ասում է, որ արժանի զավակ է տվել մայր հայրենիքին:

artyom 003«Դա օրինաչափություն է, մեր գենը դա է,- ասում է հայրը` Արամ Սահակյանը,- երբ որդուս հետ տեղի ունեցածի լուրն իմացա, առաջին հերթին աչքիս առաջ եկան էն ընկերներս, որոնց մարտադաշտում կորցրել էի: Աստծուն խնդրեցի, որ տղաս ողջ մնա… Ինչ վերաբերում է նրան, որ նա էսօր հաշմանդամ է, ես ֆիզիկական հաշմանդամությունը հաշմանդամություն չեմ համարում, մարդ պիտի հոգեպես հաշմանդամ չլինի: Իսկ եթե պատերազմ լինի, կրկին մենք ենք պաշտպանելու մեր հողը, ես իմ թոռանն էլ եմ ծնված օրվանից էդ ոգով դաստիարակում»:

Անի Գասպարյան

 

Անկախ

Ստամբուլում բացվել է ՙՙՄԱԿ-Կանայք՚՚ կառույցի տարածաշրջանային գրասենյակը

mak (1)Ստամբուլում բացվել է ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների լայնացման հարցերով տարածաշրջանային գրասենյակ: Համապատասխան փաստաթուղթ ստորագրվել է Նյու Յորքում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիդ Չևիքի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, «ՄԱԿ-Կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո Նգուկայի միջև:

ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ Չևիքը նշել է, որ այս կառույցի ստեղծումը մեծ դերակատարություն ունի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում, գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության գործում: Ստամբուլի գրասենյակը կգործի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աշխատանքներին զուգահեռ:

 

Անկախ

ՖԻՖԱ-ն թույլատրել է մահմեդական կանանց ֆուտբոլ խաղալ հիջաբով

hicabՖուտբոլի ասոցիացիայի միջազգային խորդուրդը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի նախագահությամբ շվեյցարական Ցյուրիխում կայացած խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունել պաշտոնապես թույլատրել մահմեդական կանանց ֆուտբոլ խաղալ հիջաբով: Այս մասին հաղորդում է «Հաբերլերը»՝ վկայակոչելով ՖԻՖԱ-ի մամլո քարտուղար Ժերոմ Վալկեի հայտարարությունը: Վերջինս նշել է, որ գլխաշորով դաշտ կարող են դուրս գալ նաև տղամարդիկ: Սակայն նոր կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստների գլխաշորերը պետք է լինեն թիմերի  համազգեստի գույնի, որով նրանք դաշտ են դուրս գալիս:

Անկախ

Կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը

загруженноеՄարտի 1-ին «Դինամո»  մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը:

49 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տոնեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Կորյուն  Սողոմոնյանը, ով  եզրափակիչում կմրցի Սուրեն Առաքելյանի հետ: 52 կգ քաշային կարգում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին և եզրափակիչ դուրս եկան Արարատը ներկայացնող Գարեգին Ավետիսյանը և ԵՕՀՊՄՔ սան Նարեկ Աբգարյանը: 56 կգ քաշային կարգում հավասարը չունեին Հենրիկ Մոքոյանն ու Արթուր Մովսիսյանը: 60 կգ քաշային կարգում կրկին տպավորիչ հաղթանակ տոնեց Հայրիկ Նազարյանը, ով կիսաեզրափակիչում առավելության հասավ Կարեն Տոնականյանի նկատմամբ: Այս քաշային կարգի մյուս կիսաեզրափակչում Արթուր Վարդանյանը պարտության մատնեց Անդրանիկ Հլոյանին: Վիճահարույց ստացվեց 64 կգ քաշային կարգի Արա Պուլուզյան Գոռ Երիցյան մենամարտը: Ի վերջո, մրցավարները հաղթանակը շնորհեցին Պուլուզյանին: 64 կգ քաշային կարգի հաջորդ մենամարտում Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Մաքսիմ Ակոպովի նկատմամբ:
69 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին  Վլադիմիր Մարգարյանն ու Լեո Պապյանը: 75-ում եզրափակիչ դուրս եկան և  չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Արման Հովիկյանն ու Արման Դարչինյանը: 81 կգ քաշային կարգի եզրափակիչում հանդես կգան Երևանի  Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաներ   Նիկոլ Արությունովն ու Ռուսլան Իբրահիմյանը: 91-ում չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն Արամ Իքլիմյանն ու Հենրիկ Սարգսյանը: Եվ վերջապես գերծանր քաշային կարգ: Այստեղ ոսկե մեդալի համար ռինգ դուրս կգան Վանաձորի մարզադպրոցի սան Ռաֆայել Սիմոնյանն ու Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Աղասի Մեհրաբյանը: Տեղեկացնենք, որ եզրափակիչ մենամարտերը կկայանան մարտի 2-ին 14:30-ին:

                  

                   Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

 

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման, նաև գոլի հեղինակ

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Նյուրնբերգի» նկատմամբ։

Մխիթարյանը դորտմունդցիների թիմի մեկնարկային կազմում էր: Նա գոլային փոխանցում կատարեց իր թիմակից Ռոբերտ Լևոնդովսկիին, նաև ինքը դարձավ գոլի հեղինակ: 25-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 6-րդ գնդակը խփեց մրցակիցների դարպասը: Խաղավերջին նա փոխարինվեց:

«Բորուսիան», վաստակելով 45 միավոր,  շրջանցեց երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերին», որը 0:1 հաշվով պարտվեց «Մայնցին» և 43 միավորով երրորդ տեղում է։

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» Դորտմունդ – «Նյուրնբերգ»՝ 3։0  

Գոլերը`Մատս Հումելս, 52, Ռոբերտ Լևանդովսկի, 64, Հենրիխ Մխիթարյան, 83

Անկախ

Ադրբեջանցի պատգամավորի որդին կրակ է բացել կողքով ընթացող մեքենայի վրա

2 (5)Ադրբեջանցի պատգամավոր Այազ Օրուջևի որդին իր “Մերսեդես” մակնիշի թանկարժեք մեքենայով Բաքվում երթևեկելիս ատրճանակից կրակ է բացել կողքով ընթացող մեքենայի վրա։ Հրաձգության պատճառով կոտրվել է ավտոմեքենայի ապակին, սակայն վարորդը չի տուժել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Տեղեկության համաձայն՝ պատգամավորի տղայի և մյուս մեքենայի վարորդի միջև վեճ է սկսվել, և ադրբեջանցի պաշտոնյայի որդին ցանկացել է խնդիրը լուծել հենց ճանապարհին։

Ըստ կայքի` դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, սակայն իմանալով, թե ում հետ գործ ունեն, որոշել են ամեն ինչ լուռ հարթել։ Նախարարի որդին տուժածին 30 հազար մանաթ է վճարել, և գործը փակվել է:

Պատգամավորը հերքել է այդ տեղեկությունը` հայտարարելով, որ դա հորինել են ընդդիմադիրները, որոնք չեն կարողանում տեսնել ադրբեջանական պետության հաջողությունները։

“Իմ տղան գերազանցիկ ուսանող է և երբեք նման քայլի չի գնա։ Նա զենք չունի։ Անգամ ես զենք չունեմ, չնայած ես դրա իրավունքը ունեմ”,-ասել է Այազ Օրուջևը։

 

Անկախ 

Առաջատարը պարտությամբ սկսեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ շրջանը

ֆուտբոլՏևական ընդմիջումից հետո վերսկսվեց  Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
15-րդ տուրում առաջատարը` վստահորեն մրցաշարային աղյուսակը գլխավորող Երևանի «Արարատը» պարտվեց: Իսկ ահա, անհաջող հանդես եկող «Փյունիկը» հաղթեց «Միկային»:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բանանց»-«Արարատ» 2:1 (0:1)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Վալտեր Պողոսյան, 52, Ուչա Գոգոլաձե, 81 (երկուսն էլ`«Բանանց»)-Անդրեյ Պերեպլյոտկին, 44 («Արարատ»)

 

«Փյունիկ»-«Միկա» 4:0 (2:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Սարգիս Բալոյան, 1, Կամո Հովհաննիսյան, 20, Վարդան Բակալյան, 85, Կարեն Եսայան, 89

Անկախ

Ռուսական բանակը Ուկրաինայում է. Ղրիմում նախապատերազմական իրավիճակ է

g_image (3)Ռուսաստանի ռազմական նավերն ու ուղղաթիռներն օղակել են Ղրիմը: Ուկրաինայի սահմանապահների հայտարարության համաձայն՝ Ռուսաստանին պատկանող 10 ուղղաթիռ մտել է Ուկրաինայի օդային տարածք, ռուսական 30 նավ էլ կայանել են Սինֆերոպոլում: Կիևում Ղրիմի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կունիցինը հայտարարել է, որ Սինֆերոպոլի մոտակայքում Գվարդեյսկոյե օդանավակայանում 13 ռուսական ինքնաթիռ է վայրէջք կատարել, յուրաքանչյուրի մեջ` 150 զինվոր:

BBC-ն էլ հաղորդում է, որ նվազագույնը ռուսական 8 զրահապատ մեքենա մոտենում է Սինֆերոպոլին: Ղրիմում նախապատերազմական իրավիճակ է:

 

Անկախ

Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են. ՀՀ ոստիկանություն

ոստիկանություն3Ոստիկանությունն արձագանքել է Ազատության հրապարակում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները փակել են Երևան եկող ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան ներկա լինել ՀԱԿ-ի հանրահավաքին:

Արամ Մանուկյանն ասել էր, որ ճանապարհները փակում են, բայց մեկ է՝ այս հոսանքի դեմը առնել չի լինի, գողերը պետք է գնան, հանցագործները պետք է պատժվեն, ինչքան էլ փակեն ճանապարհները՝ գալու են ու գալիս են արդեն ու հրապարակն այսօր ծով է տալու:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Որոշ անձինք և լրատվամիջոցներ այսօր հայտարարություն են տարածել, թե իբր հանրապետության մարզերից մայրաքաղաք եկող որոշ ճանապարհներ փակ են:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում, հանրապետության բոլոր ճանապարհները բաց են, իսկ նման ապատեղեկատվություն տարածողներին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը ոչ հավաստի և չստուգված լուրեր հրամցնելուց»:

 

Անկախ

Այսօր Պոլիտեխնիկի ծննդյան օրն է

պոլիտեխնիկ1933թ. փետրվարի 27-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ Ժողկոմխորհի համատեղ նիստի որոշմամբ ՀԽՍՀ շինարարական ինստիտուտի և ՀԽՍՀ քիմիատեխնոլոգիական ինստիտուտի միավորմամբ 1933թ. մարտի 1-ին կազմավորվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Պոլիտեխնիկական ինստիտուտն աճեց ու հզորացավ Հայաստանի արդյունաբերության զարգացմանը համընթաց: 1980-1985 թվականներին ինստիտուտը երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ ավելի քան 65 մասնագիտությունների գծով սովորում էր երկրի ուսանողության 40%-ը:

Տարիներ անց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան դարձած Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը կարողացավ ոչ միայն դիմակայել երկրին բաժին ընկած փոթորիկներին, այլև յուօրինակ կերպով իր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության նորացման ու զարգացման գործում:

1990-ականներին ՀՊՃՀ-ն ոչ միայն հաջողությամբ դիմակայեց անցումային փուլի դժվարություններին, այլև Հայաստանում առաջին անգամ ներդրեց ու հաջողությամբ իրագործեց կրթության եռաստիճան համակարգը և պատվով ստանձնեց “կրթական բարեփոխումների դրոշակակիր” տիտղոսը:

Ներկայումս Պոլիտեխնիկը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանն է, որի ուսերին է դրված մեր նորանկախ պետության տնտեսության զարգացման հիմքն ու գրավականը լինելու և հայ ճարտարագիտական միտքն առաջ մղելու բարձր պարտականությունը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իր գործունեության 8 տասնամյակների ընթացքում երկրին տվել է ավելի քան 120 000 շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

 

Անկախ

Վարչապետն այցելել է ոսկեգործական բնագավառի ազատ տնտեսական գոտու տարածք

1393676560_11099_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանում «Էյ ջեյ էյ հոլդինգ» ընկերության տարածք, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է տարածքով՝ ծանոթացել առաջիկայում իրականացվելիք շինաշխատանքների ծրագրերին: Այնուհետև խորհրդակցության ընթացքում վարչապետին է ներկայացվել ազատ տնտեսական գոտու նախագիծը:
Նախատեսվում է ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում: Մինչ 2015 թվականը տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման և գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.72 մլն դոլար: Նախատեսվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թվականից և լիովին կգործարկվի մինչև 2015 թ. վերջ:
ԱՏԳ հիմնանորոգված տարածքը կհասնի 32 հազար 400 քմ-ի, որից 12 հազար 750 քմ-ն կլինի արտադրական տարածք:
2013 թ. դրությամբ մոտ 10 հազար քմ տարածքն արդեն նախապես արմագրվել է ավելի քան 15 ոսկերչական ընկերությունների կողմից, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Լիբանանը, ԱՄԷ-ն և այլն:
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիան և նրա նախագահ Գայետանո Կավալիերին անձամբ մեծ հետաքրքրվածություն և պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՈԿ ընկերություններ հայաստանյան ԱՏԳ ներգրավելու և արտադրություններ հիմնելու հարցում:
Ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով խթանել արտահանման ծավալների աճը, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը:
«Էյ ջեյ էյ» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստում:

 

Անկախ

«Ինչ միամիտն էի ես…». Արմեն Աշոտյան

Ashotyan_3

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Վեց տարի առաջ այս օրը հրավիրվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս նիստում ես էլ եմ ելույթ ունեցել:

Վերընթերցում եմ հիմա ասածներս և հասկանում, թե ինչ միամիտն էի ես:

Ում էի դիմում… ինչ էի խնդրում…

Կարդացեք ինքներդ:

“Շատ վատ եմ զգում ինձ այս բեմում։ Ոչ միայն նրա համար, որ հայտնվել եմ այստեղ ԱԺ ոչ վայել զգեստով, ոչ վայել տեսքով՝ արտակարգ իրավիճակ է, այլ նրա համար, որ կատարվեց այն, ինչի մասին խոսում էին բոլորը, ինչի մասին կանխատեսում, զգուշացնում էին բոլորը։ Բայց դա, այնուամենայնիվ, կատարվեց։ Դժվար է խոսել այն դեպքում, երբ ստիպված ես ընտրել չարյաց փոքրագույնը։ Իրականում այս ամենին օրինաչափորեն տանում էին համապատասխան ուժերը։ Ես լսում եմ ամբիոնից իմ գործընկերներից ոմանց, որոնք հիմա կոչ են անում հանդուրժողականության, սիրո։

Հարգելի պարոնայք, դուք՝ ի տարբերություն մեզ, հնարավորություն ունեիք այդ ոճով խոսել օպերայի հարթակից։ Բայց ես հիշում եմ ձեր ելույթը, անուն չեմ տալիս, հիշում եմ ձեր ելույթը, որը բացարձակապես կապ չուներ անհանդուրժողականության, սիրո, քաղաքական երկխոսության հետ։ Ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում այդ ամենի մասին այնտեղ, ինչո՞ւ չէիք խոսում այդ ժամանակ, ինչո՞ւ ձեր ասուլիսների եւ հարցազրույցների մեջ բացարձակ այլ գաղափարներ էիք քարոզում։ Ինչո՛ւ, ինչո՛ւ…

Ի սեր Աստծո, չեմ փնտրում մեղավորներ, մանավանդ լուրջ մեղավորները, կարծում եմ, դեռ բացահայտումներն առջեւում են, բայց խնդիրներ կան, որոնք մակերեսին են։ Հանկարծ թյուր տպավորություն չստեղծվի, որ այս արտակարգ դրությունը մտցվում է կոնկրետ ինչ-որ մարդու եւ իր թիմակիցների դեմ։ Եկեք բարձրաձայնենք այն, ինչ բոլորս գոնե հոգում, սրտում գիտենք։ Սա այդ մարդու սրտով է։ Սա ա՛յն է, ինչին այդ մարդը գնում էր, սա ա՛յն է, ինչ ծրագրավորված էր, սա ա՛յն է, ինչ ակնհայտ էր հոկտեմբերի 16-ից։ Սա ա՛յդ է, սա նորություն չէ։ Դա ա՛յդ մարդու սրտով է։ Սա ա՛յդ մարդու սրտով է տեսնել, ի դեպ՝ եւ իր պատվիրատուների, ապակայունացված Հայաստան, իրար հոշոտող ՀՀ քաղաքացիներ, այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք։ Դա ա՛յդ մարդու սրտով է, ցավոք։ Բայց ես պատրաստ եմ կողմ դնել իմ սուբյեկտիվ վերաբերմունքն իր եւ իր թիմի նկատմամբ։ Եվ գուցե խնդրենք իրեն, չէ՞ որ այդ մարդիկ, որոնք հիմա Երեւանի կենտրոնում անում են այն, ինչ բոլորս ընդմիջմանն ասեկոսեներով եւ հեռախոսազանգերով փորձում էինք պարզել, կներեք բառիս համար, եւ այդ մարդիկ թող ներեն, աճեցրած եւ վարժված մարդիկ են։ Գուցե ի՞նքը կարողանա վերջապես սթափվել եւ հասկանալ, որ ինքը պատասխանատու է, նախեւառաջ, այդ մարդկանց առջեւ, որոնց ամիսներ շարունակ ներմուծել է լեղի, թույն, ատելություն եւ, ցավոք սրտի, որեւէ մեկը չկարողացավ այդ ամենի դեմն առնել։

Ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, համենայնդեպս, հայերի սրտով չէ, ՀՀ քաղաքացիների սրտով չէ։ Չեք գտնի մեկ մարդ այս կամ այն ճամբարից, որն ասի, որ լա՛վ է, որ այդպես է։ Սակայն խնդիրը գնաց, գնացքը շարժվել է, եւ մենք ստիպված ենք ոչ թե ընդառաջ գնալ այդ գնացքին, այլ վազել այդ գնացքի հետեւից։ Այլընտրանք, ցավոք սրտի, ես ինքս՝ որպես քաղաքացի, չեմ տեսնում։

Ինչո՞ւ չենք բարձրաձայնում։ Ես, ճիշտն ասած, մտածում էի խոսել այդ խնդրի մասին, թե՝ չխոսել, բայց, կարծում եմ, ճիշտը խոսելն է։ Ինչո՞ւ չենք ասում, որ ակնհայտ հայաստանյան իրադարձության մեջ կան որոշակի արտաքին ուժերի հետք։ Ինչո՞ւ չենք դրա մասին խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ այդ ուժերը պատռել են վերջին մի շաբաթվա մեջ իրենց դիմակները։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ համապատասխան պետական կառույցից ֆինանսավորվող մի շարք, այսպես կոչված, հասարակական, այսպես կոչված, հայաստանյան կազմակերպություններ ինչ-որ անհասկանալի քաղաքական շեշտադրումներով նամակ են անում միջազգային տրանսնացիոնալ հասարակական կազմակերպություններ։ Որտեղի՞ց է գալիս «Սորոեսի», «Տրանսպերենս» ինթերնեյշնելի, իրենց կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ՀԿ-ների, այսպես ասած, պոչը, ականջները ո՞ւմ են երեւում։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսել այսքան ժամանակ։ Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ գաղտնիք չէ որեւէ մեկիդ համար, որ այն թիմում աշխատում են արտասահմանյան քաղաքական տեխնոլոգներ։ Ինչո՞ւ չենք խոսում, որ մեր ժողովուրդը դարձել է ինչ-որ մեկի համար փորձադաշտ քաղաքական տեխնոլոգիաների կիրառման, կներեք բառիս համար, զոմբիացման ինֆորմացիոն եւ այլ տեսակի տոտալիտար վերահսկման։ Ինչո՞ւ չի խոսվում դրա մասին։ Ինչո՞ւ չենք փորձել ժամանակին կանխել այդ մարդկանց մուտքը, ինչո՞ւ չենք փորձել հետո, երբ իրենք եկել են, փորձել բացահայտել այդ ապօրինությունները եւ վտարել Հայաստանից։ Ես կարծում եմ, որ կարելի էր անգամ մտածել որոշ DIP միսիաների ներկայացուցիչներին պերսոնալ նոնգրատակարգավիճակը տալու համար։ Դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է, որ Հայաստանում մեծերը խաղ են խաղում մեր հաշվին, մեր ժողովրդի հաշվին, մեր արյան հաշվին, մեր բարեկամների, ընկերների, հարազատների եւ ուղղակի պատահական անցորդների կյանքի հաշվին։ Խաղ են խաղում։ Արդյո՞ք սա՛ չէ սթափեցման ժամանակը, որը բոլորս փորձել ենք որսալ ու այդ պահը բաց չթողնել։

Ասում են՝ հին հռոմեացիները ցանկացած դատավարություն, թեպետ այսօրվանից դա այդպիսին չէ, սկսում էին՝ ո՞ւմ է դա ձեռնտու։ Վստահ եմ, որ որեւէ մեկին մեր երկրում դա ձեռնտու չէ։ Ում դա ձեռնտու է, ես դասում եմ երկրից դուրս։

Ես նորից եմ կրկնում այն, ինչ ասացի այս 7 րոպեների ընթացքում։ Ես ինքս եմ խնդրում այդ մարդուն, ով հրահրել է այս ամենը, ելույթ ունենալ եւ հետ քաշել իր մարդկանց, ովքեր, ցավոք, միայն իրեն են այլեւս լսում։ Դա միակ տարբերակն է խուսափել բոլոր այն զավեշտալի սցենարներից, այն արյունախում, արյունալի սցենարներից, որ յուրաքանչյուրս մեր երեւակայության մեջ գծում եւ փորձում ենք հասկանալ։ Շնորհակալություն։”

 

Անկախ

Քաղաքական պատասխանատվության հարցը` օդում կախված

135848Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում, ի թիվս մի շարք հարցերի, քննարկվեց 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը: Քննարկումները հնարավոր եղավ ավարտել անցնող քառօրյայի ընթացքում, սակայն հանձնաժողովի ստեղծման քվեարկությունը տեղափոխվեց հաջորդ քառօրյա:


«Իմ կուսակցության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը շատ հստակ արտահայտել են և արտահայտում են, ես կարծում եմ, թե ավելին, որ նախաքննության մարմինն է արել և ժամանակավոր հանձնաժողովը, ես չեմ կարող ասել և անել»,- քննարկման օրերին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Իր հերթին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ անցնող շաբաթվա ընթացքում հայտարարել է, թե «2008-ի Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության վերաբերյալ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել-չստեղծելը չի կարող ազդել իմ գործողությունների վրա և քիչ առնչություն ունի իմ լիազորությունների իրականացման հետ:

Ինչ վերաբերում է բացահայտելուն, բնականաբար, մենք ամեն ինչ կանենք: Մենք խոսում ենք արդյունավետ քննության ապահովման ու երաշխավորման մասին, ես վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը այդ արդյունավետ քննությունը երաշխավորելու համար, ոչ միայն այդ, այլև ցանկացած այլ գործով»:

Մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների շատ դրվագներ մինչև այժմ մնում են անհայտ` չբացահայտված, սակայն ստեղծված իրավիճակում ու առկա իրողությունների պայմաններում պետք է հասկանալ, թե ինչպես և որ մարմնի միջոցով պետք է աշխատել` գտնելու այդ իրադարձության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:

Մի կողմից, դժվար է չհամաձայնվել այն տեսակետին, որ իշխանական տարբեր գործիչներ, մարտի մեկի դեպքերի (և ոչ միայն) ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում շատ են գործածում «քաղաքական շահարկում» հասկացությունը, մյուս կողմից, այդքան էլ պարզ չէ, թե ինչ բացահայտումներ կարող է անել կամ լուծումներ առաջադրել խորհրդարանում ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը:

Որքան էլ պնդեն, որ ժամակավոր հանձնաժողովում ընդգրկված պատգամավորների մասնագիտական գիտելիքները հնարավորություն են տալու աշխատել եղած փաստերի հետ, ամեն դեպքում, քաղաքական ուժերի ու գործիչների քաղաքական կողմորոշումները հանձնաժողովի աշխատանքներում առանցքային դերակատարություն են ունենալու և դժվար է այդ հանձնաժողովից զուտ մասնագիտական արդյունք ակնկալել:

Քաղաքական առումով միակ գնահատականը, որն օբյեկտիվորեն կարող է տալ այդ հանձնաժողովը, այն է, որ տեղի ունեցածի համար պատասխանատու է և իշխանությունը` որպես երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության պատասխանատու, և այն ընդդիմադիր ուժերն ու գործիչները, ովքեր ղեկավարում էին հանրահավաքների անցկացման ու հատկապես այդ օրը հանրահավաքի մասնակիցներին ճիշտ սիգնալներով ու գործընթացը:

Եթե նույնիսկ դիտարկենք հանրահավաքի` վերահսկողությունից դուրս գալու հանգամանքը, ապա դա ոչ մի կերպ չի փրկում իշխանությանն ու ընդդիմությանը, քանզի իրադարձությունների նման ընթացքը ևս նրանց պատասխանատվության տիրույթում է:

Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների լիարժեք բացահայտման համար նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական գործիչները` իշխանական, այլընտրանքային, թե ընդդիմադիր, քաղաքական գնահատականներ հնչեցնեն ոչ թե իրենց «կաշին փրկելու» կամ հասարակության համապատասխան զանգվածին «դուր գալու», այլ իրերն իրենց անուններով անվանելու նպատակով, ինչն, ի դեպ, վերջիններիս բուն առաքելությունն է”:

 

Անկախ

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արմավիրի մարզում հակակարկտային համակարգերի տեղակայման և կառավարման աշխատանքներին

196853Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արշալույս և Ակնալիճ համայնքների մերձակայքում գտնվող հակակարկտային կայանում՝ ծանոթացել վերջինիս աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ Արմավիրում ներդրվում է հակակարկտային կայանների երկրորդ շերտը: ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 80 նոր հակակարկտային կայան, որից 50-ը կտեղադրվի Արմավիրի մարզում: Ակնկալվում է, որ դրա արդյունքում էապես կբարձրացվի հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը:
Այդպիսով, միայն Արմավիրի մարզում հակակարկտային կայանների թիվը կհասցվի 161-ի, իսկ հանրապետությունում՝ 442-ի:
Տեղեկացվել է, որ բոլոր հակակարկտային համակարգերն այսուհետ կառավարվելու են միայն ՀՀ ԱԻՆ հակաճգնաժամային կենտրոնից:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է խաղողի այգիներում աշխատանքներ իրականացնող գյուղացիներին, զրուցել նրանց հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին: Գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարվա ընթացքում տեղացած կարկտահարությունից հետո տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, մասնավորապես՝ հողահարկը, ջրի վարձը փոխհատուցելու, սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև դրամական միանվագ օգնություն տրամադրելու համար: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետությունը շարունակելու է դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, ինչի արդյունքում դրանք գյուղացիներին կտրամադրվեն շուկայականից էապես ցածր գներով:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Ակնալիճ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի բնակարան և փոխանցել տարբեր նվերներ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ 4 ուսանող ունեցող ընտանիքին ներգրավել համապատասխան սոցիալական ծրագրերում:

 

Անկախ

Մարտի մեկի էջը փակված չէ և չի կարող փակվել. Լյուդմիլա Սարգսյան

MHM85773 copyԱզատության հրապարակում սկսվել է ՀԱԿ կազմակերպած հանրահավաքը:

Քիչ առաջ ելույթ ունեցավ Լյուդմիլա Սարգսյանը:

«Ուրախ կլինեի ձեզ ողջունել գարնան առաջին օրվա առթիվ, բայց 2008 թ-ի մարտի մեկից ի վեր այն իր իմաստը կորցրել է: Շուրջ վեց տարի այն մեզ համար կորստի ու ողբերգության օր է դարձել», – ասաց նա,-ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Ազատության հրապարակն այսքան մարդաշատ է, ինչը նշանակում է, որ Մարտի մեկի  էջը փակված չէ և չի կարող փակվել: Քանի դեռ չեն պատժվել այդ ոճիրն իրականացրած հանցագործներն ու կազմակերպիչները, Ազատության հրապարակը լիքն է լինելու և ըմբոստ»:

 

Անկախ

Պարույր Հայրիկյանի կազմակերպած երթը միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին

unnamedՔիչ առաջ Նախագահական նստավայրի դիմաց կազմակերպվեց ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանի երթը: Մասնակիցները  նախագահականի մոտ էին եկել Մաքսային միությանը դեմ և Եվրոպական ասոցացմանը կողմ կարծիքներ արտահայտող պաստառներով:  Մինչ երթն սկսելը Մարտի մեկի դեպքերի հետ կապված  ելույթով հանդես եկավ Պարույր Հայրիկյանը. «Մենք 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հայտարարություն ենք պատրաստել, որը փոխանցելու ենք նախագահին՝ մասնավորապես նշելով, որ պարտավոր են բացահայտել մարտի 1-ի մեղավորներին, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: 2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է»,-ասաց նա։

Այնուհետև ողջ ելույթի տեքստն ընթերցելուց հետո Հայրիկյանն ու իր համախոհները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ այս պահին տեղի է ունենում ՀԱԿ կազմակերպած մեծ հանրահավաքը:

 

Անկախ

Հեշտ արտասանվող անուններով մարդիկ ավելի հարազատ ու քիչ ռիսկային են թվում

People meeting strangersԲազմաթիվ մարդիկ սխալվում են՝ մարդկանց մասին արտաքինով կամ նրանց խոսքով արագ դատողություններ անելով:

Այժմ գիտնականները հայտնաբերել են, որ մենք վստահում ենք հեշտ արտասանվող անուններ ունեցող անծանոթներին:

Պարզ և հեշտ հիշվող անուններ ունեցող մարդիկ ավելի հարազատ և ճանաչելու համար ավելի քիչ ռիսկային են թվում:

Իրվինում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ անգլիախոս մարդիկ հեշտ արտասանվող անուններ ունեցող անծանոթներին ավելի շատ են վստահում, քան դժվար արտասանություն ունեցող անուններով մարդկանց, եթե նույնիսկ համերկրացի են:

Վերոնշյալը վերաբերվում է ոչ միայն մարդկանց անուններին: Օրինակ՝ մարդիկ կարծում են, որ հեշտ արտասանվող անուններով սննդային հավելումները ավելի ապահով են, քան դժվար անուններով սննդային հավելումները:

Փորձագետները կարծում են, որ հարազատության զգացողությունը գլխուղեղում արձանագրվում է վստահելիության ազդակներով, իսկ դժվար ընկալվող ինֆորմացիան՝ վտանգավորության ազդակներով:

 

Անկախ

Դեսպան Մարգարյանի հանդիպումները ԱՄՆ խորհրդարանականների հետ

711539Փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ:

Դեսպան Մարգարյանը և Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Ներկայացուցիչների պալատում համագործակցության և այլ հարցերի շուրջ:

Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց կոնգրեսականի հետևողական կեցվածքը Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերում:

Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրեց,  որ այսուհետ ևս շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը:

Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում ունեցավ նաև ԱՄՆ Սենատի անդամ Մարկ Կիրկի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների և Սենատում համագործակցության հետագա հնարավորությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ:

 

Անկախ

Քաշքշուկներից խուսափելու համար ոստիկանությունը դիմում է վարորդներին

1393668154,1334ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ելնելով նմանատիպ դեպքերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում բոլոր այն անձանց, ովքեր չեն շահագործում տրանսպորտային միջոցները, իրենք կամ ցանկացած շահագրգիռ անձ դիմեն ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում` տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար՝ ներկայացնելով հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագիրը (ձեր անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու վերաբերյալ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի ժամանակ առաջացած հետագա պարտավորություններից զերծ մնալու համար):

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրավոր դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10)56-45-88 հեռախոսահամարով:

 

Անկախ

«Հարց լուծողի» հարցերը լուծեցին ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 28-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գորգագործների թիվ 22 հասցեից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. օգոստոսին, չարաշահելով իր ծանոթ Արմեն Ա.-ի վստահությունը` վերջինիս որդու դատական հարցերը կարգավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 6.500 ԱՄՆ դոլար գումար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

 

 

Անկախ