Ապրիլի 2-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.25 դրամ:
Daily Archives: April 2, 2014
Այս տարի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության և Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ ս. թ. ապրիլի 5-ից մայիսի 3-ը ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին:
Մրցույթի իրականացման հարցում իրենց գործուն մասնակցությունն են բերել նաև ՀՀ մարզպետարաններն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունը:
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն անցկացվում է 2001 թվականից՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների մանկապատանեկան երգչախմբերի մասնակցությամբ: Մրցույթը տարեցտարի համալրվում է նոր մասնակիցներով, որոնց կեսից ավելին ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից են /2007 թ.` 76, 2008 թ.` 110, 2009 թ.` 110, 2011 թ.` 73, 2013թ.՝ 81 մասնակից/:
Մրցույթի շրջանակներում շուրջ 50 մանկական երգչախմբերի համար գրվել և կատարվել են խմբերգեր: Ստեղծագործությունները տպագրվել են «Մանկական խմբերգեր» ժողովածուում և տրամադրվել Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի մանկապատանեկան երգչախմբերին: 2012-2013 թթ. «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի շրջանակներում, առաջին անգամ, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետության ճանաչված և արհեստավարժ խմբավարներն անցկացրել են մարզային խմբավարների մեկշաբաթյա վարպետության դասընթացներ, որի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 200 խմբավար:
Կոմիտասի 145-ամյակին նվիրված «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 77 հայտ: Մրցույթն անցկացվում է երկու փուլով և 2 կարգով. կարգ Ա /49 հայտ/ – Երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր, կարգ Բ /28 հայտ/ – հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր:
Մրցույթի առաջին փուլը կանցկացվի 2014 թ. ապրիլի 5-15-ը, երկրորդ փուլը՝ 2014 թ. ապրիլի 26-ին և 27-ին: Գալա համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թ. մայիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Մրցույթի Ա և Բ կարգերում նախատեսվում են առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակներ, ինչպես նաև սահմանվում են խրախուսական մրցանակներ՝ լավագույն խմբավար, լավագույն կոնցերտմայստեր, պարտադիր ստեղծագործության /երեք անվանակարգերի/ լավագույն կատարման համար:
Մրցույթը պատշաճ համակարգելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, կազմկոմիտե և մրցույթային հանձնաժողով:
Ս. թ. ապրիլի 2-ին, ժամը 12:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, «Երգող Հայաստան» մրցույթի գեղարվեստական խորհրդի և ժյուրիի նախագահ /Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախագահ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն/ Տիգրան Հեքեքյանը, «Երգող Հայաստան» մրցույթի կազմկոմիտեի նախագահ /Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր/ Դավիթ Ղազարյանը, «Երգող Հայաստան» մրցույթի ժյուրիի անդամ /ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ/ Արմինե Ղազարյանը:
Իտալիայի նավատորմը փրկել է 730 ներգաղթյալների
Չորեքշաբթի օրը Իտալիայի նավատորմը Միջերկրական ծովի Սիցիլիայի հարավային ափերի մոտակայքում 730 ներգաղթյալների փրկել է գերբեռնված նավերից:
Ներգաղթյալները Հյուսիսային Աֆրիկայի բնակիչներ են: Նրանք այժմ գտնվում են Սիցիլիայի նավահանգիստ Ագրիջենտոյում:
Իտալիան հյուսիսային Աֆրիկայի ներգաղթյալների համար Եվրոպա ներթափանցելու հիմնական դարպասն է հանդիսանում:
ՆԱՏՕ-ն ընդհատում է համագործակցությունը Ռուսաստանի հետ
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները որոշել են ընդհատել քաղաքացիական և ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ կարգադրելով գեներալներին և ադմիրալներին արագ նոր եղանակներ մշակել Կրեմլի սպառնալիքի տակ գտնվող դաշինքի անդամներին ավելի լավ պաշտպանելու համար:
Այս կերպ 28 անդամ երկրներից բաղկացած դաշինքը պատասխանում է Ուկրաինայի Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կողմից աննեքսիայի ենթարկելու փաստին:
Պետքարտուղար Ջոն Քերիի և մյուս նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գրասենյակում՝ փակ դռների հետևում: Երեքշաբթի օրը նրանք համաձայնության են եկել մի շարք միջոցառումների շուրջ՝ ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ արևելյան երկրներում, ինչպիսին են Լեհաստանը և Բալթյան երկրները, ռազմական ռեսուրսների վերատեղակայումը:
Ճապոնիայում մարդկանց թույլատրել են վերադառնալ Ֆուկուսիմայի արգելված շրջաններ
Երեք տարի անց ճապոնացի ընտանիքները վերադարձել են իրենց լքված տները այն բանից հետո, երբ պաշտոնյաները թույլատրել են բնակիչներին վերադառնալ Ֆուկուսիմայի ատոմակայանի շրջակա բնակավայրերը:
Այս որոշմամբ ավելի քան 357 մարդ վերադարձել է նախկինում չթույլատրված իրենց 112 բնակարանները, երբ կառավարությունը որոշել է, որ ճառագայթման մակարդակը ապահով է բնակության համար:
Ամեն դեպքում՝ նախկինում ժամանակավոր այցելությունները վտանգավոր գոտի թույլատրվում էին:
Սակայն տարհանված մարդկանցից շատերը դեռևս կասկածամտորեն են վերաբերվում ճառագայթման մակարդակի ապահովությանը:
2011թ-ին Ֆուկուսիմայում երկրաշարժի և ցունամիի հետևանքով ատոմային աղետի ժամանակ ավելի քան 100,000 մարդ էր տարհանվել:
Սեյրան Օհանյանը հանդիպել է հասարակական խորհրդի անդամների հետ
Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման, զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման, զինված ուժերում հոգեբանական ծառայության զարգացման և դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, կադրային քաղաքականության հարցեր և այլ խնդիրներ:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է ներկա փուլում պաշտպանական քաղաքականության և զինված ուժերի զարգացման առանցքային խնդիրները, ընդգծել է Հասարակական խորհրդի դերը հասարակական կարծիքի և խնդրահարույց հարցերի անաչառ ներկայացման, լուծումների առաջարկման, բանակի-հասարակության շփումների ու համագործակցության ընդլայնման, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման առումով:
Հասարակական խորհրդի անդամներն ընդգծել են պաշտպանության նախարարության տեղեկատվական քաղաքականության մեջ կատարված դրական փոփոխությունները` թափանցիկության և օպերատիվության աստիճանի բարձրացումը, ինչը նպաստում է զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը:
Համակողմանի անդրադարձ է կատարվել զորակոչի գործընթացին: Խորհուրդն իր զորակցությունն է հայտնել գործընթացի որակական բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներին, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով իրականացվող գործուն և վճռական քայլերին, ընդգծվել են նախքան զորակոչը զորակոչիկների պատվաստումների և ծառայության բաշխումը վիճակահանությամբ կատարելու որոշումների կարևորությունը և այլն:
Խորհրդի անդամների կողմից առաջարկներ են ներկայացվել զինված ուժերում իրականացվող հոգեբանական աշխատանքների բարելավման, վիճակահանության գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանման, զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովման և այլ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հասարակական խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումները և առաջիկայում դրանք շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Ներկայացված առաջարկների ուղղությամբ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Չինական նորաձևության միևնույն շոուի ընթացքում երեք մոդել է ընկել (լուսանկարներ)
Զարմանալի չէ, որ բարձրակրունկ կոշիկներով քայլող մոդելները ընկնում են հարթակի վրա, սակայն բոլորովին այլ հարց է, երբ միևնույն շոուի ժամանակ երեք մոդել է ընկնում:
Հենց նման դեպք է տեղի ունեցել Չինական նորաձևության շաբաթվա շրջանակներում կազմակերպված ցուցադրության ժամանակ, որտեղ մոդելները հարթակի վրա ընկել են 18 կամ 20սմ բարձրություն ունեցող բարձրակրունկ կոշիկներով քայլելու ժամանակ:
Մեկը մյուսի հետևից երեք տարբեր մոդելներ ընկել են, իսկ լուսանկարիչները նկարել են բոլոր ուշագրավ պահերը:
Չնայած ընկնելու բազմաթիվ դեպքերին՝ շոուն հարթ է ընթացել և չին-հոլանդացի դիզայների աշխատանքները հավանության են արժանացել:
Այս մոդելները անկասկած նվաստացած են զգացել մեծ թվով մարդկանց առջև ընկնելուց հետո, սակայն նույնիսկ լավագույն մոդելները ժամանակ առ ժամանակ նման դեպքեր ունենում են իրենց կյանքում:
Օրինակ՝ չի կարելի խոսել հարթակի վրա ընկնելու դեպքերի մասին և չհիշատակել 1993թ-ին Փարիզում Վիվիեն Վեսթվուդի նորաձևության շոուի ժամանակ Նաոմի Քեմփբլի ընկնելու հայտնի դեպքը:
Թուրքիայի յոթ քաղաքներում ընտրությունների արդյունքները կարող են փոխվել
Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի մի քանի քաղաքներում հնարավոր է փոխվեն ընտրությունների արդյունքները: Այդ քաղաքների թվում են Ստամբուլը, Անկարան, Ադանան, Իզմիրը, Ֆանլըուրֆան, Վանը և Քյութահյան: Ընդ որում, ձայների վերահաշվարկի պահանջ է ներկայացրել ինչպես ընդդիմադիր ԺՀ կուսակցությունը, այնպես էլ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն հաղթած ԱԶ կուսակցությունը:
Նշենք, որ Ստամբուլում և Անկարայում հաղթել է ԱԶԿ-ն, Իզմիրում ԺՀԿ-ն, Վանում ԽԺԿ-ն, իսկ Ադանայում ԱՇԿ-ն: Ընտրության արդյունքների դեմ բողոքի առաջին ցույցերը արդեն տեղի են ունեցել Անկարայում, հուզումներ նկատվում են երկրի նաև այլ շրջաններում:
Մենք Թուրքիային տալիս ենք գումար, որ պատրաստեն փամփուշտներ մեզ սպանելու համար. ահազանգում են տուրիզմի մասնագետները
Հայաստանից արտագնա տուրիզմի ամենամեծ մասը բաժին է հասնում Թուրքիային ու Վրաստանին. ահազանգում են տուրիզմի ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ Մարսել Եղիազարյանը, Անի Մանեսյանը և Գրետա Գուրգենյանը : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք կոչ արեցին հայկական տուրիստական կազմակերպություններին վերջ տալ Թուրքիայի տնտեսությունը զարգացնելուն և փորձել զարգացնել ներգնա տուրիզմը:
«Տարիներ շարունակ, Թուրքիա տուրիստներ ուղարկելով, մենք նրանց տալիս ենք գումար, որից իրենք պատրաստում են փամփուշտներ մեզ սպանելու համար: Մենք՝ մի շարք տուրիստական ընկերություններ, համատեղ կոչով ենք հանդես գալիս և ունենք նպատակ՝ չուղարկել տուրիստներ Թուրքիա», – իր խոսքում նշեց Մարսել Եղիազարյանը: Անի Ասլանյանը տեղեկացրեց, որ Քեսաբի վերջին դեպքերից հետո «Կան» տուրը պաշտոնապես խզել է իր հարաբերությունը թուրքական հանգստավայրերի հետ և այլևս չի իրականացնելու դեպի Թուրքիա տուրեր, դրա փոխարեն «Կան»-տուրը իրականացնելու է ներգնա զբոսաշրջության խթանման ծրագրեր:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե տարիներ առաջ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև ՀԿ-ները, բայց նախաձեռնությունը կյանքի չէր կոչվել, Մարսել Եղիազարյանը նշեց, որ այստեղ խնդիրը միայն տուրիստական ընկերություններինը չէ, մեծ նշանակություն ունեն նաև ԶԼՄ-ները, որովհետև տուրստական սեզոնի բացման օրվանից նրանք ամեն օր գովազդվում են դեպի Անթալիա տուրերը:
Այսօր անկանխատեսելի խաղ «Աանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում` Մադրիդի «Ռեալ»-Դորտմունդի «Բորուսիա»
Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի Հենրիխ Մխիթարյանի թիմին` Դորտմունդի «Բորուսիային»: Խաղը, որը կայանլու է Մադրիդի «Աանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին և արքայական ակումբի հաղթելու հնարավորությունները շատ ավելի բարձր են դասում:
Այդուհանդերձ, ամեն բան հնարավոր է, խաղի արդյունքն էլ` անկանխատեսելի է:
Ի դեպ, «Ռեալը» և «Բորուսիան» նախկինում միմյանց հետ մրցել են 8 անգամ: 3 անգամ հաղթել է «Ռեալը», 2 անգամ` «Բորուսիան», 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: «Ռեալի» ֆուտբոլիստները 11 գնդակ են խփել «Բորուսիայի» դարպասը, իսկ սեփականն ընդունել են 10-ը:
Հավելենք, որ վաղեմի մրցակիցների նոր հակամարտությունը սպասարկելու է անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:
Կառավարության հայտարարությունը ՍԴ որոշման մասին
Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:
Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո:
Հյուսիսային Կորեան սկսել է իրականացնել իր սպառնալիքները
Փորձագետները ենթադրում են, որ երկրաշարժը, որի առավելագույն ուժգնությունն ըստ Ռիխտերի սանդղակի գերազանցել է 5 բալը, լրիվ հնարավոր է, որ Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումների հետևանքը լինի:
Նման եզրակացության փորձագետներին մղել է այն փաստը, որ ընդամենը 20 օր առաջ Հյուսիսային Կորեան իր հարավային հարևաններին ու նրանց դաշնակիցներին սպառնալիքների հերթական չափաբաժինն էր հրամցրել, հայտարարելով միջուկային նոր փորձարկումներ սկսելու հնարավորության մասին:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, գիշերը տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կորեական թերակղզուց 130 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 10 կմ խորությունում:
«Daily Telegraph» տեղեկացնում է, որ փորձագետներ առայժմ երկրաշարժի առաջացման վերաբերյալ պաշտոնական եզրակացություն չեն կարողանում անել:
«Այն, որ ՀՀԿ-ն վախեցած է ոչ իշխանական քառյակի եռօրյա հավաքից, ավելի շուտ ՀԱԿ-ի մեր գործընկերների բառապաշարն է». Արտակ Դավթյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ և՛ Սահմանադրության, և՛ ԱԺ կանոնակարգի օրենքով նախատեսված գործառույթ են իրականացնում ոչ իշխանական չորս ուժերը:
Նրա խոսքով`ՀՀԿ-ն այդ ամենին շատ հանգիստ է վերաբերվում: Իսկ թե ինչպե՞ս կներկայացնեն այդ ուժերը Կառավարությանն անվստահության հարցը, դրան բոլորը ականատես կլինեն ապրիլի 28-ին: Ըստ Արտակ Դավթյանի` դժվար է կախատեսել, թե մինչ այդ ի՞նչ գործընթացներ կլինեն, հավանականություն կա, որ նման հարց կարող է և չներկայացվել: Արտակ Դավթյանը կողմ է բովանդակային քննարկումներին և ուշիուշով սպասելու է այն այլընտրանքային ծրագրին, որը կներկայացվի չորս ոչ իշխանական ուժերի կողմից:
«Այն, որ ՀՀԿ-ն վախեցած է ոչ իշխանական քառյակի եռօրյա հավաքից, ավելի շուտ ՀԱԿ-ի մեր գործընկերների բառապաշարն է: ՀԱԿ-ի բառապաշարը երբեք էլ չի փոխվել: Նրանք հերթական անգամ ամպագորգոռ արտահայտություններ են անում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին՝ հնավարո՞ր է, որ արիլի 28-ին ՀՀԿ մի թևը կողմ քվեարկի Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշմանը` հաշվի առնելով, որ պտտվող լուրերի համաձայն, ՀՀԿ-ն երկու թևի է բաժանվել,Արտակ Դավթյանը պատասխանեց. «Թևերի բաժաման մասին խոսելն անհեռանկարային զբաղմունք է, որովհետև այդ թևեր ասվածը գոյություն չունի: ՀՀԿ-ն մեկ ամբողջական թիմ է և ունի մեկ ղեկավար, իսկ եզրակացություն անել այն մասին, թե այս կամ այն թևերն ի՞նչ կանեն, անիմաստ է»:
Ադրբեջանում ԵՄ դեսպան. “Մեզ համար ամենակարևորն ասոցացման համաձայնագիրն է”
Եվրոպական միության և Ադրբեջանի միջև Ասոցացման համաձայնագրի հարցով բանակցությունները շարունակվում են, և շատ հոդվածներ արդեն համաձայնեցվել են։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Դեսպանը հայտարարել է, որ բանակցություններն Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ այս տարի կարող են ակտիվանալ։ “Հույս ունեմ, որ ակտիվացմանը զուգահեռ կստորագրվի արդիականացման ռազմավարությունը, և այդ ուղղությամբ էլ կընթանան բանակցությունները։ Այդ երկու գործընթացները կընթանան զուգահեռ, սակայն մեզ համար ամենակարևորն ասոցացման համաձայնագիրն է։ Մենք հավատում ենք, որ այն ապագայում կստեղծի նոր իրավական հիմք Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների կարգավորման համար”,- ասել է նա։
Օլանդի նախկին կինը նոր կառավարություն է մտել
Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական տիկինը` Սեգոլեն Ռուայալը դարձել է էկոլոգիայի նախարարը նոր կառավարությունում:
Նոր կառավարությունը ձևավորել է վարչապետ Մանուել Վալսը: Կառավարության ղեկավարը բաժանել է ֆինանսների պատասխանատու գերատեսչությունը 2 նախարարության: Կաբինետի մի մասը, այդ թվում` ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, մնացել են իրենց պաշտոնում:
Մարտի 31-ին նախագահ Օլանդը պաշտոնից հեռացրեց վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին: Վերջինս իր վրա վերցրեց կառավարող կուսակցության տապալման պատասխանատվությունը մունիցիպալ ընտրություններում:
Սոցիալիստական կուսակցության ականավոր գործիչ Սեգոլեն Ռուայալը երկար ժամանակ ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում Ֆրանսիական մամուլում դա կապում էին Ռուայալի ու Օլանդի երկրորդ քաղաքացիական կնոջ` Վալերի Տրիերվեյլերի լարված փոխհարաբերությունների հետ: Այս տարվա հունվարին Օլանդն ու Տրիերվեյլերը հայտարարեցին իրենց հարաբերությունները դադարեցնելու մասին:
Սեգոլեն Ռուայալը շուրջ 20 տարի Օլանդի քաղաքացիական կինն է եղել: Նրանք համատեղ 4 երեխա ունեն: 2007-ին Ռուայալը սոցիալիստական կուսակցությունից որպես թեկնածու մասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն հաղթեց Սարկոզին: Դրանից հետո Ռուայալ-Օլանդը զույգը բաժանվեց:
Մեդալի հնարավորություն` ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 քաշայիննների մրցաշարում Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր Մոնակոյի ներկայացուցիչ Գենադի Տուլբեային, որն այժմ դուրս է եղել եզրափակիչ:
Այդ է պատճառը, որ մեր ըմբիշը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Նա առաջին սփոփիչ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Ղալիգ Ալիևին։
Բարսեղյանը կմրցի ռումինացի Անդրեյ Դյուկովի հետ։
Նախաձեռնություն`ուղղված քեսաբահայերի օգնությանը
Քեսաբահայերին օգնելու համար դրամահավաք կկազմակերպվի. Այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսիսն հայտարարեցին «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության անդամները:
Նրանք հակիրճ ներկայացրին իրենց իրականացրած ծրագրերը և անդրադարձան հրատապ խնդրին` հայաբնակ Քեսաբ քաղաքում ստեղծված ծանր իրավիճակին`նշելով, որ «Հալէպ» կազմակերպության անդամները որոշել են քաղաքացիական շարժում սկսել` կազմակերպելով դրամահավաք: Նախաձեռնությանը միացել են բազմաթիվ խմբեր, անհատներ, նախաձեռնություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել կազմակերպության հետ միասին կյանքի կոչել ծրագիրը:
Հավաքված դրամական միջոցները ուղղվելու են Լաթաքիայում ապաստան գտած քեսաբցիներին: Ասուլիսով տրվեց դրամահավաքի մեկնարկը. քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվելու են արկղեր, նաև յուրաքանչյուր ոք իր աջակցությունը կարող է ցույց տալ` փոխանցումներ կատարելով «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հաշվեհամարին, որոնք հասանելի են կազմակերպության կայքէջում:
Ստեղծվել են մասնագիտական խմբեր ցրտահարության վնասներն ուսումնասիրելու համար
Մարտի 30-ին Հայաստանում տեղի ունեցած ցրտահարության վնասների չափի մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին «Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Նա տեղեկացրեց, որ նախարության կողմից ստեղծվել են հատուկ մասնագիտական խմբեր, որոնք կատարում են ուսումնասիրություններ, և շուտով կներկայացնեն տեղեկատվություն վնասի չափերի մասին:
Նա նշեց նաև, որ գյուղացիներին փոխհատուցումներ կատարելու մասին ոչինչ չի կարող ասել, մինչև կոնկրետ տվյալներ չհավաքվեն վնասների մասին:
Հիշեցնենք, որ մարտի 30–ին հանրապետության գրեթե ողջ տարածքում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում: Առատ ձյուն է տեղացել ։ Օդի ջերմաստիճանը նվազել է 10-12 աստիճանով։ Արարատյան դաշտում, որտեղ ծիրանի ծառերը արդեն բողբոջներ էին տալիս, դիտվել է ցրտահարություն: Հիմնականում տուժել են Արմավիրի և Արարատի մարզերի այգիները։
Հիդրոմետ ծառայության հաղորդած տվյալներով` առաջիկա գիշերվա ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է:
Քեսաբի դեպքերը ցեղասպանություն որակելով նվազեցնում ենք 1915-ի իրադարձությունների ուժը
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` «Քեսաբ. վերջին զարգացումները, ո՞րն է իրականությունը» թեմայով: Բանախոսներն էին արաբագետ Արմեն Պետրոսյանն ու թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Մամլո ասուլիսի սկզբում թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ վերջին օրերին վիճակը չի փոխվել, զինյալների և կառավարական բանակի միջև շարունակվում են բախումները Քեսաբի և հարակից շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար և իրավիճակային էական փոփոխություններ չկան:
«Այս հարցը վերջին օրերին լայն հնչեղություն ստացավ, բայց նաև գործ ունեցանք տարբեր տեղեկատվական հոսքերի, այդ թվում` ապատեղեկատվության հետ, և հայերի կոտորածների մասին տարբեր տեսահոլովակները չէին համապատասխանում իրականությանը, նման փաստերը բացակայում են»,- նշեց Լևոն Հովսեփյանը:
Իսկ արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ ճիշտ կլինի դիտարկել կողմերի նպատակները և այս համատեքստում խոսել հնարավոր զարգացումների մասին:
Նրա խոսքով` Լաթաքիան և Քեսաբը թե Թուրքիայի և թե Սիրիայի համար ռազմավարական նշանակություն ունեն, հատկապես Սիրական վարչակարգի համար, քանի որ ալավիտներով բնակեցված նահանգ է, այս ուղղությանն է պատկանում նաև Ասադը:
«Սա սկզբունքային կարևորություն ունի, քանի որ Սիրիական բանակը և նրան աջակցող արտաքին ուժերը, մասնավորապես` Հեզբոլլահը և Իրանը, բոլոր միջոցները ձեռնարկելու են նահանգի անվտանգությունն ապահովելու համար: Կա արդեն տեղեկատվություն, որ ստրաբաժանումները, որոնք մինչ այդ հաջողությունների էին հասել երկրի հարավում և հարավ-արևմուտքում, տեղափոխվել են դեպի Քեսաբի շրջան, և պատրաստ է վերջնական գրոհը»,- ասում է Պետրոսյանը:
Արմեն Պետրոսյանը նշեց նաև, որ Թուրքիայի համար Քեսաբի շրջանը ևս կարևոր է Սիրիա-թուրքական սահմանի ամբողջ երկայնքը վերահսկելու համար: Քեսաբը նաև սահմանի այն հատվածն էր, որ շարունակում էր մնալ սիրիական կողմի վերահսկողության տակ, այսինքն` Քեսաբի դեպքերն ուղղված էին շփոթության մեջ գցելու սիրիական իշխանությանը` մի կողմից, մյուս կողմից` ուկրաինական զարգացումներում ներգրավված արտաքին հիմնական խաղացողները չէին խանգարի, որ տարածաշրջանային ուժերը` ի դեմս Թուրքիայի, իրենց միջոցներով շեղեն Սիրիայում ռազմական հավասարակշռությունը:
Բանախոսները համաձայնեցին, որ գործ ունենք մեծ տեղեկատվական պատերազմի հետ. յուրաքանչյուրն ունի իր նպատակները և տեղեկատվական տիրույթում ցանկանում է իր համար նպաստավոր ֆոն ստեղծել. ռուսական կողմից սա ուղղված է Արևմուտքին ցույց տալու, որ հենց նման ուժերին է աջակցում Արևմուտքը` ի հակակշիռ Ղրիմի, քանի որ նույն անեքսիայի, արտաքին միջամտության մեջ մեղադրում էին նաև Ռուսաստանին, իսկ հայերի հետ կապված, քանի որ Քեսաբը մեծամասամբ հայաբնակ է, պարզ է, որ թիրախում պետք է դրվի հայկական գործոնը:
«Անկախ»-ի հարցին, թե արդյոք Թուրքիայի գործողություններն իր ռազմավարական նպատակների իրականացմանն էին ուղղված, օգտվելով առիթից`լուծելու քեսաբահայերի տեղահանման հարցը, թե խթանվում էր Արևմուտքից` ըննդեմ Սիրիայի գործընկեր Ռուսաստանի, Լևոն Հովսեփյանը նշեց, որ երկու հարթությունում է պետք դիտարկել. նախ ուկրաինական ճգնաժամի հետ կապված աշխուժացում էր պետք Սիրիայում և թուրքական գործոնը առաջնայինը պետք է լիներ, մյուս կողմից` ուղղված էր Թուրքիայի` ոչ միայն տարածքային հավակնություններին, այլև հյուսիսը վերահսկելու նպատակին: Այսինքն կա և՛ արտաքին կողմը, և՛ Թուրքիայի հավակնությունները:
Իսկ Արմեն Պետրոսյանը նշեց, որ գործողությունները որպես ցեղասպանություն որակելով` մենք նվազեցնում ենք 1915թ-ի իրադարձությունների, փաստերի ուժը: Իսկ տեսահոլովակները, ըստ նրա, նկարահանվել են ոչ թե Քեսաբում, այլ Հալեպում` բանտի մոտակայքում` Քինդի հոսպիտալի շրջակայքում, որը ռազմավարական նշանակություն ունի: Պետրոսյանի ենթադրությամբ հոլովակը նկարահանվել է մարտին և տեսահովակում հոսպիտալը պաշտպանող զինյալներն են. «Ամեն դեպքում, անխախ ամեն ինչից` սա անմարդկային սպանդ է, որը պետք է դատապարտել»:
Խաղահրապարակում` ուսանող հանդբոլիստներն են
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել չորս թիմ:
Ուժերն են չափում Երևանի պետական համալսարանի, Երևանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի տնտեսագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները:
Երևանի Ճարտարագիտական համալսարանի ընտրանին 27:21 (13:10) հաշվով առավելության հասավ Երևանի պետական համալսարանի հավաքականի նկատմամաբ: Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականն էլ 35:30 (20:14) հաշվով հաղթեց Երևանի ժողտնտեսության համալարանի թիմին:
Չեմպիոնը հայտնի կդառնա ապրիլի 3-ին:
Անկախ

