Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ծառայակցին և զորամասի հրամանատարի տեղակալին

կրակելԱդրբեջանում ճակատային մասում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Գյարյաքմյազլի Սեյմուր Ռուստամ օղլուն անզգուշաբար իր ինքնաձիգից կրակ է բացել ծառայակից Ինտիգամ Իլհամ օղլու Իսմայիլովի և զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի վրա։

Ինչպես տեղեկացնում է “Հագին” կայքը, զինծառայող Իսմայիլովը ստացած վնասվածքներից մահացել է։ Ռամին Ալիևը ծանր վիճակով հոսպիտալացվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ փոխհրամանատարի առողջական վիճակը կայուն է: Մինչդեռ համաձայն ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի՝ Ռամին Ալիևի վիճակը ծանր է։

“Ես չեմ կարծում, որ միջադեպն անզգուշության հետևանք է։ Այսօր ևս մի զինվոր է ինքնասպանություն գործել։ Կարծես ցանկանում են թաքցնել տեղի ունեցածը”,-ասել է փորձագետը։

Ծիծեռնավանքի հիմնադրումը նախքան զինադադարը խոսում է մեր հավատի մասին. վարչապետ

ԾիծեռնավանքԱյսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ներկա գտնվեց Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքում կազմակերպված միջոցառմանը:

Իր շնորհավորական խոսքում կառավարության ղեկավարն ընդգծեց այն հանգամանքը, որ մայիսին լրանում է զինադադարի կնքման քսաներորդ տարեդարձը, այնինչ այդ շրջանի գյուղերի վերաբնակեցումը սկսվել է նախքան զինադադարը: Դա նշանակում է, որ մենք ունեինք հույս ու հավատ, որ հաղթելու ենք պատերազմում և ի վիճակի ենք լինելու շենացնել մեր ազատագրված պատմական հայրենիքը: «Ինչ նշանակություն է ունեցել այս տարածքը հայոց պատմության ընթացքում, վկան է Ծիծեռնավանքը, որը երկարամյա գերության ժամանակաշրջանում ևս կարողացել է պահպանվել և այսօր ծառայել հայ ազգին ոչ միայն որպես եկեղեցի, այլ նաև որպես մեր պատմությունը վկայող հուշարձան»,- նշեց Ա. Հարությունյանը:
Վարչապետը շեշտադրեց, որ առկա են շատ խնդիրներ, որոնց մի մասը լուծում են ստացել, իսկ մնացածը տարիների ընթացքում կլուծվեն: Սակայն, ըստ նրա, ունեցել ենք նաև շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից ամենակարևորը համայնքում ծնված երեխաներն են: Նա գոհունակությամբ փաստեց ժողովրդագրական դրության բարելավումը՝ ընդգծելով, որ պետք է ստեղծվեն բոլոր նախադրյալները առաջիկայում ծնելիության ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար: Ա. Հարությունյանը այցելեց նաև Ծիծեռնավանքի վերականգնված վանական համալիր:
Միջոցառման ընթացքում Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքի հիմնադրման ու զարգացման գործում ունեցած զգալի ներդրումների համար ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք քաղաքացիներ:

Անկախ

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն

Հրայր ԹովմասյանՀիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը  վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում:   Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները:  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար  Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման  դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ:

Անկախ

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:

արդարադատության նախարարությունԱրմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել  է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:

Այս առիթով Պաշտպանը  դիմել  է  Հատուկ  քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ  ձեռնարկել   և տեղեկացնել արդյունքների մասին:

Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակում ենք համապատախան ձայնագրությունը:

Անկախ

Միջբուհական մարզական խաղեր՝ 5 մարզաձևից

DSC_5751Ապրիլի 7-ին շախմատի մրցաշարով մեկնարկեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջբուհական մարզական խաղերը: Դրանք անցկացվում են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:

Շախմատի մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Գառնիկ Ցուցույանը, 2-րդ տեղում էր Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ուսանող Բորիս Կառակոզովը, իսկ երրորդ հորիզոնականում՝ նույն բուհի ուսանող Էդգար Պապյանը։

Երեկ տեղի ունեցան նաև սեղանի թենիսի մրցումները: Մրցավար Մեսրոպ Ղուկասյանը տեղեկացրեց, որ միջբուհական խաղերին մասնակցող թենիսիստները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն, սակայն բավականին լավ են խաղում։ Նա նկատեց, որ սեղանի թենիսը Հայաստանում տարածված մարզաձև է, վայելում է մեծ մասսայականություն։

Այս մարզաձևում առաջինը Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը ներկայացնող Սերյոժա Մկրտչյանն էր, երկրորդ տեղում Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանող Պատվական Մաթևոսյանն էր, երրորդում՝ Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Ազատ Չախոյանը։

Այսօր միջբուհական մարզական խաղերում իրենց բազկի ուժը կչափեն բազկամարտիկները, ապրիլի 8-9-ին կմրցեն վոլեյբոլի թիմերը, իսկ ապրիլի 10-13-ը տեղի կունենան ֆուտբոլային խաղերը:

Միջբուհական մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Փախչելով հարց չի լուծվի. ազատամարտիկի պատգամը երիտասարդներին

Ձախից առաջինը` Գևորգ Գևորգյան

Ձախից առաջինը` Գևորգ Գևորգյան

Ազատամարտիկ, ԼՂՀ մարտական ծառայության մեդալակիր Գևորգ Գևորգյանը թե՛ իր երեխաներին, թե՛ ներկայիս երիտասարդությանը մի կարևոր պատգամ է հղում` երկրից հեռանալով հարց չի լուծվում: «Էդքան վիզ ենք դրել: Եռաբլուրում էլ տեղ չկա: Արյան գնով վերցրած հողը թողնեք գնաք` վերջն ի՞նչ է լինելու: Փախչելով հարց չի լուծվի»,- ասում է նա:

Գևորգյանը 1989-ին մասնակցել է Նոյեմբերյանում ընթացող պաշտպանական մարտերին: Սակայն հետո Երևան է վերադարձել` կյանքի բնականոն հունին: «Մի մեքենա էի վերցրել, տաքսի էի քշում: Գործերս լավ էին, օրը մեջ էի աշխատում, ամիսը 100-150 ռուբլի գումար էի վաստակում»,- հիշում է նա:
1992-ին, սակայն, տեղեկանալով, որ իր ընկերներից Վոլոդյա Մաթևոսյանը մարդկանց է հավաքագրում «Հայր Վահան» ջոկատի համար, որոշում է թողնել աշխատանքն ու ընտանիքը և ռազմաճակատ մեկնել: «Որոշեցի, որ այլևս գործի չեմ գնա: Ասի` աշխատում եմ` էլ ի՞նչ անեմ: Մարդիկ էնտեղ մեռնում են, մենք եկել ենք էստեղ փող ենք աշխատում»,- հիշում է նա: Երբ ջոկատի համար 51 անդամ է հավաքագրվում, մեկնում են Ղարաբաղ` Չլդրան գյուղ:
Խորհրդային բանակում ծառայություն անցած երիտասարդը «Հայր Վահան» ջոկատում ստանձնում է հետախուզական ջոկատի ղեկավարի պարտականությունները ու սկսում իր արցախյան մարտական ուղին: «Հենց ավտոբուսով հասանք, բոլոր կողմերից կրակում էին: Մեր ավտոբուսի վարորդը գլուխը բռնեց ու թաքնվեց: Կոմանդոսը մեզ դիմավորեց, ասաց, որ Դրմբոնի վրա հարձակում է եղել, ու մեր ջոկատից 10 մարդ է պետք հակահարձակման համար»,- ասում է Գևորգյանը:
Հենց առաջին մարտում Գևորգյանն ու իր զինակիցները հաղթանակ են տանում` շարքից հանելով նաև ադրբեջանցիների տանկերից երկուսը: Պատմում է, որ աշխատում էին տանկի վերնամասը վնասել, որպեսզի հետո կարողանան տեխնիկան շտապ վերանորոգել ու օգտագործել: Հիշում է, որ պահ էր լինում, երբ անգամ ինքնաձիգի պահունակ չունեին: Բայց միևնույնն է, հաղթում էին: Գևորգյանը հիշում է, որ ադրբեջանցիներին հատկապես սկզբնական շրջանում շատերն էին օգնում. նրանց կողմից հայերի դեմ էին կռվում չեչենները, ռուսները, թուրքերը, ուկրաինացիները: Իհարկե, գումարի դիմաց: «Մենակով թուրքերը գլուխ չէին հանի: Տանկերով հիմնականում ռուսներն ու թուրք գորշ գայլերն էին, իսկ օդուժում ուկրաինացիներն էին»,- ասում է նա:
Հարցին, թե ուժերի նման անհավասարակշիռ բաշխվածության պայմաններում ինչպես հայերը հաղթեցին, Գևորգյանը պատասխանում է. «Իրենք փողով էին գալիս, 200 դոլար: Դրանով կռիվ էին գնում. կմեռնեն, սաղ կմնան, էլ կարևոր չէ: Իսկ մենք պայքարել ենք մեր հայության, մեր հողերի համար, անշահախնդիր: Եթե փողի համար գնացած լինեինք, բոլորս էլ կմեռնեինք, անշահախնդիր ձևով ենք գնացել, որևէ մեկը չի պարտադրել ու չի ասել` կռվի գնացեք»: Ասում է նաև, որ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց սկսել են իրենց վարձկաններին կեղծ փողեր վճարել, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել ադրբեջանական կողմի մարտական ոգու ամրության վրա:
Գևորգյանն ասում է` բարկանում է, երբ ոմանք ազատամարտիկներին ասում են` չգնայիր կռվի. «Ասում եմ, ո՞նց չգնայի, ես չգնայի, մյուսը, չգնար, էն մյուսը, բա ո՞վ պիտի գնար»:
Գևորգյանը 1992-93 թթ. մասնակցել է Դրմբոնի, Գետավանի, Մալիքլուի, Չափառի, Հաթերքի, Երրոդ սովխոզի, Կարմիրավանի, Լենինավանի և Քարվաճառի ազատագրման մարտական գործողություններին: Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել է: 1993-ի դեկտեմբերին` զինադադարից մի քանի ամիս առաջ, երբ թեժ մարտեր այլևս չէին ընթանում, Գևորգյանը տուն է վերադառնում` ստանձնելու ընտանիքի հոգսը և երեխաների դաստիարակությունը:
2008-ին, երբ սահմանին լարված իրավիճակ էր, Գևորգյանն ու իր մի խումբ մարտական ընկերներ հավաքվում ու Արցախ են մեկնում` իրենց աջակցությունը հայտնելու արցախահայությանը: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացնում են,որ առաջին իսկ կանչի դեպքում իրենք պատրաստ են նորից զենք վերցնել ու պայքարել հանուն հայրենիքի:
Չնայած մարտական տրամադրվածությանը` 55-ամյա, 3 երեխաների հայր ազատամարտիկն առողջական խնդիրներ ունի` աղեստամոքսային համակարգի և լյարդի բուժման կարիք ունի: Պատկան մարմինները, սակայն, ձգձգում են Գևորգյանին զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորության ընձեռումը: Չնայած ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը, միևնույն է, որոշում դեռ չկա, նրան հայտնել են, որ մեկ ամիս անց միայն պետք է հանձնաժողովի նիստ տեղի ունենա, որտեղ էլ կքննարկեն Գևորգյանի հարցը:
Ազատամարտիկը սրտնեղած է իր նկատմամբ վերաբերմունքից. ասում է, որ ամիսներով հանձնաժողովի որոշմանն սպասելու փոխարեն ավելի հեշտ կլինի բուժման համար ինքնուրույն միջոցներ հայթայթել:

 

 

 

 

Մահվան ելքով ավտովթար Փարպի գյուղում

ավտոպատահարԱպրիլի 8-ին, ժամը 03.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում «Նիսսան» մակնիշի 34 LV 358 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչից խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ, նույն գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Տ. Ս.-ի դին:
«1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

Անկախ

Առաջիկայում սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում“
Ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-ին կբարձրանա 3-4, 9-ին կնվազի 2-3 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, 9-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան      27.40C (1975թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան          -1.50C (1988թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան       12.50C
Անկախ

Արգելափակվել են մի շարք ավտոմեքենաներ (լրացված)

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջԱպրիլի 7-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մոտ 12 ավտոմեքենաներ արգելափակվել են ցեխակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20.00-ի դրությամբ ցեխակույտից դուրս է բերվել 22 ավտոմեքենա: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Հայտնաբերվել է դի (լրացված)

այրված դիակԱպրիլի 7-ին, ժամը 14.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից սարերում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.20-ին հրշեջ-փրկարարները սարից իջեցրել են Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 1944թ. ծնված Վ.Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

ՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարությունը ՀՀ վարչապետի հրաժարականի առիթով

 Ռամկավար Ազատական կուսակցություն           Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ եւ հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի եւ քաղաքական նոր մթնոլորտի ձեւավորման վրա:

            Տիգրան Սարգսյան վարչապետը, ըստ մեր գնահատման, հանդիսանում էր  միջազգային ատյաններում բարձր հեղինակություն վայելող  ՀՀ կառավարության  ղեկավարներից : Սա էր պատճառը, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի ամենածանր շրջանում ՀՀ կարողացավ ներգրավել վարկային նոր միջոցներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

Նախկին վարչապետը հսկայական աշխատանք կատարեց ստեղծելու համար տարածաշրջանի ամենակայուն ֆինանսական համակարգը: Միաժամանակ նրա վարչապետության օրոք ՀՀ-ի ՀՆԱ կառուցվածքում կատարվեց էական փոփոխություն եւ ՀՀ զարգացման մեջ կարեւոր դեր սկսեց կատարել արտադրությունը, որը մեր պետության  տնտեսության զարգացման  շարժիչ  ուժն է:

Տիգրան Սարգսյանը առաջին վարչապետ էր, ով կարեւորեց արտահանմանն ուղղված եւ գիտելիքահեն տնտեսության ստեղծման առաջնահերթությունը պետության զարգացման հեռանկարի առումով: Նրա վարչապետության շրջանում ՀՀ-ի արտաքին առեւտրաշրջանառության մեջ սկսեց աճել արտահանման ծավալը՝ մոտ 2 անգամ գերազանցելով մինչ այդ եղած արդյունքը:

Նախկին վարչապետի գործունեությունը կարեւոր էր նաեւ որպես պետության ռազմավարական ապագայով մտահոգ մարդու, ով հասկանում էր, որ ՀՀ-ի զարգացման ու հզորացման համար կարեւոր է ոչ միայն այսրոպեական խնդիրների լուծումը, այլեւ հեռանկարային ծրագրերը եւ դրանց հիմնադրումը հենց այսօր, ինչը կամրացնի պետության հիմքերը տեսանելի հեռանկարում:

ՌԱԿ-ը շնորհակալ է նախկին վարչապետին ակտիվ համագործակցության համար եւ  բարձր  է գնահատում նրա ավանդը ՀՀ պետական համակարգի զարգացման գործում, միաժամանակ հաջողություն մաղթելով ՀՀ ապագա վարչապետին նրա հայրենաշեն եւ ազգաշեն բոլոր գործերում:

ՌԱԿ  Հանրապետական   վարչություն

Անկախ