Ավտովթար` Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում

ԱվտովթարԱպրիլի 9-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ  «Տոյոտա» մակնիշի 60CC055 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 կլինիկական հիվանդանոց», այնուհետև՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Դանակահարված քաղաքացի` Հրազդանի կիրճում

դանակԱպրիլի 10-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Սրբ. Սարգիս  եկեղեցու մոտակայաքում, նկատել են դանակահարված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Անկախ

Հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը

ՀՀ կառավարության նիստՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի ստեղծումը: Ըստ էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի, մեր երկրում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված բնակչության համակարգչային հագեցվածության բարձրացմանը, էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը, կիբեռանվտանգության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու մի շարք այլ մարտահրավերների հաղթահարմանը: Հայաստանում սկիզբ է առել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, կառավարության կողմից դեռ 2010թ. ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային պորտալը, 2012 թվականից կիրառվում են նոր կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ, ներդրվել է էլեկտրոնային գնման համակարգը: Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը: Օրինակ՝ e-gov մուտքի կրպակներ են տեղակայվելու երկրի բոլոր մարզերում՝ բանկերում, փոստերում, դպրոցներում, գրադարաններում, գյուղապետարաններում և այլ հանրային վայրերում: ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել մատուցվող էլեկտրոնային ծառայություններից, բարելավել իրենց կրթության որակը, խթանել էլեկտրոնային գրագիտությունը:

Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

Օրացույցի այս օրը

2899

Այսօր Դիմադրական շարժման միջազգային օրն է. նվիրված է բոլոր նրանց, ովքեր դիմադրել են ֆաշիստներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երրորդ ռեյխի օկուպացրած տարածքներում:

Գիտաժողով «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով

2Ապրիլի 9-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էին ԳՊՄԻ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, կրթության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կարևորեց միջոցառման նշանակությունը` ներկայացնելով այն աշխատանքները, որոնք մանկավարժական ինստիտուտը կատարում է հասարակության համար արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ:

Իրենց ելույթներում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք կատարվում են նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում` փորձելով նրանց մեջ ամրապնդել Հայրենիքի նկատմամբ իրենց սրբազան պարտքի գիտակցումը:

Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` ԳՊՄԸ մանկավարժության ամբիոնի դասախոս Աշխեն Տոնոյանը կարևորեց դասավանդման ընթացքում հիմնարար արժեքների` հայրենիքի, ընտանիքի, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական պատասխանատվության և հանդուրժողականության գաղափարների քարոզումը:

Առանձին զեկույցներում քննության առարկա դարձան դեռահասների շրջանում դրսևորվող մի շարք խնդիրներ: Իր զեկույցում ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշեց, որ դեռահասը ընտանիքում բավարար ջերմություն և պաշտպանություն չգտնելու դեպքում այդ ամենը որոնում է փողոցում, իսկ փողոցում նրան հաճախ սպասում է հակասոցիալական վարքի ուսուցում. արտաքին ազդեցության ներքո նա գործում է հանցագործություն:

Դեռահասների խնդիրների շուրջ իր ելույթում ԳՊՄԻ հոգեբան Վարդան Պապիկյանը անդրադարձավ համացանցից կախվածությանը, ինչը, բանախոսի կարծիքով, նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների ձևավորմանը, առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ պատանու մոտ, մշտական դեպրեսիա, իրական կյանքից վիրտուալ տարածության նախընտրություն, հասարակության անդամների հետ հարմարվելու դժվարություն, ժամանակի վերահսկողության ընդունակության կորուստ, համակարգչից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում տհաճության զգացումի առաջացում:

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը:

Օպերայի և բալետի թատրոնը՝ մշակութային մաֆիայի զոհ

Aram_Khchaturyan_Monument_in_Yerevan-1024x682Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ շրջադարձային եղավ այս տարվա փետրվարի 10-ը, երբ հայտնի դարձավ, որ թատրոնի արտիստներն ՙԱնուշ՚ օպերայի ներկայացումից առաջ որոշել են բոյկոտել այն և բեմ դուրս չգալ: Պատճառը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքն էր, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ բողոքի պատճառները շատ ավելին են և ներխոհանոցային բնույթ ունեն: Ակնհայտ էր, որ թատրոնի ներսում անառողջ մթնոլորտ է:

Դրան հաջորդեց թատրոնի տնօրենի հրաժարականը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվեց մրցույթ, որին դիմեց 9, սակայն ներկայացավ 7 մասնակից: Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցավ 3 թեկնածու` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը և հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը: Վերջինիս մասին միայն հայտնի էր, որ նա երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար և մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան` ՙընտանեկան խնդիրների բերումով՚: Իսկ թե ինչով է զբաղվել Հայաստանում այդ մի քանի տարիներին, անորոշ է: Նաև պարզվեց, որ նա միաժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ՝ արաբագետ, իսկ երաժշտության հետ որևէ առնչություն չունի:

manasyanԻնչևէ, հարցազրույցի փուլը հաղթահարեցին Գագիկ Մանասյանն ու Անդրանիկ Արզումանյանը: Հետաքրքիր է, որ հարցազրույցի փուլում արդեն անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Անդրանիկ Արզումանյանը փուլը հաղթահարեց 9 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գագիկ Մանասյանը՝ 7 կողմ, 5 դեմ:

Երկու մրցակիցներից լավագույնին ընտրելու ՙծանր գործը՚ մնաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուսերին: Եվ որքան էլ հանրության համար անակնկալ էր, Պողոսյանը նախապատվությունը տվեց հանրությանն անհայտ Անդրանիկ Արզումանյանին:

Եվ ահա Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ առանց այն էլ իրավիճակը լարված էր, թևակոխեց զարգացման նոր փուլ, և հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ ապագա է սպասում թատրոնին:

Մեզ հետ զրույցում, սակայն, թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանն ուրախ տոնով հայտնեց, որ այսօր նոր տնօրենի աշխատանքային առաջին օրն է, և նա շատ հաճելի տպավորություն է թողել աշխատակազմի վրա: Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տնօրենը հանդես կգա առաջին մամլո ասուլիսով: Թատրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն էլ պակաս ոգևորված չէր: Նրա խոսքով՝ թատրոնում այս պահին գերազանց վիճակ է: Փոխտնօրենը խոստովանեց, որ օպերայի թատրոնում միշտ էլ շատ խնդիրներ են եղել, բայց հույս հայտնեց, որ դրանք կլուծվեն: Այն դիտարկմանը, որ նոր տնօրենին հանրությունը, այդ թվում և մշակութային, գրեթե չի ճանաչում, և նրա կենսագրությունը հավատ չի ներշնչում, Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե դա կխոչընդոտի թատրոնի աշխատանքները. ՙԱշխատանքը ցույց կտա, թե ինչ կլինի ապագայում՚,- ամփոփեց նա:

Այնուամենայնիվ, թատրոնի արտիստներից ոմանք իրենց մտահոգությունը հայտնեցին, որ իրավիճակը թատրոնում իսկապես անորոշ է, քանի որ իրենք չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Նշենք նաև, որ Անդրանիկ Արզումանյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել հանձնաժողովի անդամներ Կարեն Դուրգարյանը՝ թատրոնի երաժշտական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:

Իսկ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ինքը չափազանցրել էր ազատ և արդար մրցույթի անցկացման իր սպասումները: ՙԵս հետո հասկացա, որ Հայաստանում ոչինչ չի կարող արդար լինել: Հասկացա, երբ մի պաշտոնյա ինձ ասաց, որ ուզում են դրսից նոր մարդիկ բերել: Հիմա ես ի՞նչ մեղավոր էի, որ մութ ու ցուրտ տարիներին չէի գնացել էս երկրից, փոշմանե՞մ դրա համար՚:

Գագիկ Մանասյանի խոսքով՝ ինքը որոշել էր դիմել այդ մրցույթին՝ անկեղծորեն ցանկանալով հաղթելու դեպքում փոխել թատրոնի մթնոլորտը, իսկ որ դա իրեն կհաջողվեր` գրեթե կասկած չունի. ՙՕպերան այսօր ներսում խմբերի է բաժանված, աշխատողները մարդկային կոնտակտի կարիք ունեն, պետք է սիրեն իրար: Եթե սեր չդնես, ոչինչ չի ստացվի: Ինձ բոլորը գիտեն, ես ամեն տեղ խաղաղության աղավնի եմ, փորձում եմ հաշտեցնել մարդկանց, համերաշխություն մտցնել: Իմ աշխատողները, որոնք մոտ 300-ն են, ինձ սիրում են, ու երեկ, երբ իմացել են` ես չեմ անցել, քեֆ են արել: Անգամ զավեշտալի բան ասեմ՝ մի խումբ աշխատողներ իմ քննության օրը գնացել են եկեղեցի, մոմ են վառել, որ հանկարծ հաջողություն չունենամ: Այնպես որ, կոլեկտիվն ինձ սիրում է, ես էլ իմ կոլեկտիվն եմ սիրում, ու երևի թե բարին սա էր՚:

Այնուամենայնիվ, Մանասյանին մտահոգում է իշխանությունների որդեգրած ՙդրսից մարդ բերելու՚ քաղաքականությունը, որը, ըստ նրա, ուրիշ ոլորտներում նույնպես կիրառվելու միտում ունի, և իհարկե ձևական մրցույթների անցկացումը: Ինչ վերաբերում է իրեն հաղթած մրցակցին, ապա անգամ մրցույթից առաջ է իմացել, որ նրան են նշանակելու, սակայն որոշել է պայքարել՝ հավատալով արդարությանը:

Իսկ կասկածները խորացել են, երբ հանձնաժողովի մի շարք անդամներ, որոնք իր ընկերներն են, լավ գիտեն իր անցած ուղու, իր կենսագրության մասին, դեմ են քվեարկել իր թեկնածությանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Մանասյանը Հայաստանի պետական Ֆիլհարմոնիան ղեկավարում է 2006 թվականից: 2009-ից նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային խորհրդի անդամ և ղեկավարում է ՀԽ մշակույթի հանձնաժողովը: ՀՀ վաստակավոր գործիչ է:

Մանասյանը, որ մշակույթի ոլորտում բավականին մեծ կապեր ունի, մինչ այդ երբևէ չէր լսել իր մրցակցի մասին: Բոլորի պես միայն իմացել է, որ նա Եգիպտոսում ռուսական մշակութային կենտրոն է ղեկավարել: ՙԿլուբի վարիչ է եղել, ոչ ավելին՚,-բնութագրում է նա:

Ինչպես Մանասյանը, այնպես էլ մշակութային հանրության լայն շրջանակներում կարծում են, որ Անդրանիկ Արզումանյանի նշանակումը պայմանավորված է Հասմիկ Պողոսյան-Արմեն Սմբատյան համագործակցությամբ: Արմեն Սմբատյանը ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրենն է, և ըստ շրջանառվող լուրերի՝ հենց նա է մշակույթի նախարարի ստվերային հրահանգիչը շատ ու շատ որոշումներում: Շրջանառվում է նաև այն տեղեկությունը, որ Սմբատյանն էլ փոխարինելու է Պողոսյանին` մշակույթի նախարարի պաշտոնում:

загруженное (1)Ի վերջո, ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը և կկարողանա՞ բարեփոխել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, վերականգնել մարդկային խզված հարաբերություններն ու հաստատել ստեղծագործական, համերաշխ մթնոլորտ. այս հարցերն այսօր պատասխան չունեն թե հանրության շրջանում, թե° Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ թատրոնը փորձաքար դարձնելն ու ինչ-որ մարդկանց անձնական շահերին սպասարկելը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ այս կարևորագույն մշակութային օջախի համար:

Թատրոնի պաշտոնական կայքում, ցավոք, դեռևս նախկին տնօրենի տվյալներն ու կենսագրությունն են, ուստի մեզ չհաջողվեց գոնե այդ միջոցով ծանոթանալ նոր տնօրենի անցած ճանապարհին և հասկանալ, թե վերջապես ինչ ներդրում է ունեցել այդ մարդը հայ մշակույթի զարգացման և ընդհանրապես մշակույթի զարգացման ոլորտում, որ նման անվանի թեկնածուներից, որոնցից մեկն էլ, օրինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էր, հենց նրան վստահվեց երկրի գլխավոր թատրոնի ղեկը:

 

Անկախ

 

 

 

 

ՊՆ-ում քննարկվել են ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր

5Ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունեց ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանության զորքերի շտաբի պետ-օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկուն և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՊՀ ՄՊ ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական 40-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր, ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ բնագավառում երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԱՊՀ ՄՊ հակաօդային պաշտպանության ինտեգրման և  կատարելագործման խնդիրները:

Քննարկումներից հետո Սեյրան Օհանյանը մասնակցեց համադրման կոմիտեի նիստի բացման արարողությանը` հանդես գալով ողջույնի խոսքով:

Հերթական ինքնասպանությունը ադրբեջանական բանակում

ինքնասպանություն ադրբեջանական բանակումԱդրբեջանի պաշտպանության նախարարության՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել: Զինծառայող Ալեքբերով Սամիր Սարհանը կախվել է, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է փաստը: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ԱՄՆ-ում աշակերտը դանակով հարվածել է ավելի քան 22 մարդու

ԱՄՆԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում  դեռահասը դանակով հարձակվել է միջնակարգ դպրոցի աշակերտների վրա: Նա այժմ ձերբակալված է և կանգնած դատարանի առաջ: Ճշտված տվյալների համաձայն վիրավորվել է 22 մարդ, երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Չնայած հանցագործը 16 տարեկան է, նրան դատելու են ինչպես չափահասի: Հիմնական հոդվածն է “մահափորձ”: Փենսիլվանիա նահանգի Մարիսվիլի միջնակարգ դպրոցի աշակերտը կոտորածը սկսել է պարապմունքի ժամանակ:Ականատեսների վկայությամբ նա զինված է եղել երկու խոհանոցային դանակներով և հարվածել է աջ ու ձախ, առանց ծպտուն հանելու:Մի քանի րոպեից դպրոցում միացել է հրդեհային ազդանշանը և աշակերտներին հրամայել են անմիջապես հեռանալ շենքից:

“Սկզբում միացավ հրդեհային ազդանշանը: Այդ պահին ես մոտենում էի ելքին և տեսա հատակին արյուն: Ես մտածեցի, որ ինչ որ մեկի քթից արյուն է եկել, -պատմել է աշակերտ Զակ Ամսլերը: — Իսկ հետո լսեցի  աղջիկներից մեկի ճիչը, որ իրեն դանակով հարվածել են”:”Չի կարելի ասել, որ ես շատ զարմացած եմ,  — ասել է մեկ այլ աշակերտ Ջոշուա Վեյջաեսը: — Նմանատիպ դեպքեր տարին մեկ անգամ չէ, որ կատարվում են: Սակայն երբեք չես կարող ենթադրել, որ դա կկատարվի քեզ հետ և կտուժեն քո ընկերները..”: Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Մայիսի 13-ին կկայանա Իրան-«վեցնյակ» բանակցությունների 4-րդ փուլը

May 13 ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անցկացվող բանակացությունների 4-րդ փուլը կկայանա մայիսի 13-ին` կրկին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Քեթրին Էշթոնն այն կարծիքին է, որ բանակցությունների նախորդ երեք փուլում կողմերն արդյունավետ խորհրդակցություններ են անցկացրել, միջուկային ծրագրերի իրականացման հարցում վերացրել են մի շարք հակասություններ և հիմք են նախապատրաստել վերջնական համաձայնագրի համար:

Այս բանակցությունների արդյունավետության վկայությունն է 2013-ի նոյեմբերի 24-ին կնքած լրացուցիչ համաձայնության պայմանագիրը, որի կատարումը սկսվել է հունվարի 20-ից:

Այս մասին տեղեկացնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի աղջիկների հավաքականն այս տարի կմասնակցի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին

1Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել են տղաների 12 և աղջիկների 8 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ ոչ պրոֆեսիոնալ։

Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն էր, երկրորդ հորիզոնականում՝ Վանաձորի մանկավարժականը, երրորդում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել կրկին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ներկայացնող թիմը, երկրորդ տեղում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, իսկ երրորդ մրցանակային տեղում Երևանի պետական համալսարանն է։

Տղամարդկանց անհատական առաջնությունում առաջին տեղում է Համլետ Հայրապետյանը (ՖԿՀՊԻ), երկրորդում՝ Գևորգ Աբրահամյանը (ՖԿՀՊԻ), երրորդում՝ Էդիկ Կոստանյանը (ՎՊՄԻ)։ Աղջիկների մրցաշարում լավագույն թենիսիստուհի ճանաչվեց Հասմիկ Խաչատրյանը (ՖԿՀՊԻ), այնուհետև՝ Ռուբինա Վարդանյանը (ՖԿՀՊԻ) և Թամարա Աղայանը (Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան)։

ՖԿՀՊԻ աղջիկների հավաքականն այս տարի մասնակցություն կունենա Եվրոպական համալսարանական մարզական խաղերին։

Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի սեղանի թենիսի մրցաշարի գլխավոր մրցավարն էր ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը։ Մրցաշարի ընթացքում նա նկատեց, որ շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել դպրոցական և համալսարանական սպորտը, քանի որ դրանք տարբեր մարզաձևերի և ընդհանրապես, մեծ սպորտի զարգացման կարևոր պայմաններից են։

Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ին, Խուլ ու համրերի կենտրոնի մարզադահլիճում։

Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի առաջարկությամբ այս տարվա բոլոր հաղթող ուսանող մարզիկները, որպես պարգև, 3-օրյա հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում, որտեղ նաև տեղի կունենա լավագույն ուսանող մարզիկների ամենամյա մրցանակաբաշխությունը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Թիրախավորել զգայուն կետը

շահանՔեսաբահայության զորակցության եւ միաժամանակ կատարվածի մեջ Անկարայի դերակատարության բացահայտման եւ բողոքի քարոզչաքաղաքական գործողությունները ստացել են համահայկական թափ եւ տարողություն:

Միջազգային հանրության եւ պաշտոնական կառույցների մոտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող հատկապես ռուսական քաղաքականությունը եւս սուր կերպով զգալի է: Մինչ ուշանում է սիրիական բանակի հակահարվածը` տեղի տալով այն մեկնաբանությանը, որ Քեսաբի գրավման եւ քեսաբահայության տարհանման (հաճախ օգտագործված տեղահանման) երեւույթը ռուսական կողմը դեռեւս պիտի օգտագործի իբրեւ Ղրիմի դիմաց հակակշիռ գործողություն:

Աննկատ չէ նաեւ այն տեսակետը, որ զինյալ խմբավորումների մեկտեղմանը եւ դեպի սիրիական տարածքներ ներքաշմանը պիտի հետեւի նրանց մաքրագործման մի մեծ գործողություն:

Այս բոլորը քաղաքական մեկնաբանություններ են, որոնք կարող են չիրականանալ կամ որոնք քարոզչական պատերազմի պարունակում իբրեւ փորձի փուչիկներ կարձակվեն այս կամ այն վերլուծական կայքի հետեւում կանգնած քաղաքական ուժի կողմից:

Անկարան այս բոլորի մեջ պիտի փորձի շրջել այն դիմագիծը, որը միջազգային հանրությունը ընկալում է իր նկատմամբ: Առավելագույն լուսարձակներ կբացվեն Թուրքիայի կողմից թուրքական տարածք տարված քեսաբցիների նկատմամբ գերհյուրընկալություն ցուցադրելով:

Քեսաբը իբրեւ մարդկային աղետ ներկայացնելու ռուսական քաղաքականությունն ու թուրքական գերհյուրընկալության ցուցադրությունները թվում է, որ որոշ ժամանակի համար պիտի շարունակվեն:

Մինչ այդ, մենք հեռու չենք ապրիլյան ոգեկոչական ձեռնարկներից: Այստեղ քարոզչաքաղաքական նյութերի սահմանազատումը անհրաժեշտ է: Ցուցական գործողությունների ընթացքում հասկանալի է, որ զգացականությունը իր մեծ տեղն է գրավում: Ամբոխային տրամաբանությունը իր հաստատած օրինաչափությունները ունի եւ նման զեղումնային պոռթկումներ չակնկալելը իրատեսական չէ:

Ժողովրդային դրսեւորումների եւ պաշտոնական հայտարարությունների միջեւ տարբերությունները զգալի են իհարկե: Երկրորդի դեպքում բովանդակային եւ մանավանդ քաղաքական նուրբ անկյունների հաշվարկ կատարող միտումները գերակշիռ են: Դրանք են, որ հետեւանքների հաշվարկն են անում եւ ըստ այնմ քաղաքական բառապաշար եւ ուղերձների փոխանցման եղանակներ ճշտում:

Հիմա պահն է թիրախավորված քարոզչական աշխատանքի ճշտման: Քեսաբի հարցը, որ ստացել է միջազգային հնչեղություն, որեւէ ձեւով պետք չէ զուգահեռել ցեղասպանության հետ: Սա ոչ միայն օգտակար չէ, այլեւ ընդհանուր ռազմավարական մոտեցմանը վնասակար: Հայ հրապարակագրության հետեւողները գիտեն, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերը նույնիսկ չեն բնութագրվում «ցեղասպանություն» բառեզրով. որոշ ժամանակ հետո էր, որ այդ դեպքերը բնութագրվեցին «եղեռնագործություն» բառակապակցությամբ: Բառերը, հասկացողություններն ու զուգահեռները ավելի քան կարեւոր են այս դեպքում:

Քեսաբի հարցի արծարծման մեջ հայկական կողմը քարոզչաքաղաքական գործողությունների կազմակերպման իր աշխատանքների ընթացքում հստակ թիրախներ ընտրելու հարկադրանքի առջեւ է: Հայտնապես այստեղ հայկական թեմայի վրա կենտրոնացումը այնքան արդյունքներ չի ապահովում: Աշխարհաքաղաքական այլ կենտրոնները շարունակում են հայկական թեման, բնօրրանից դուրս գտնվող հայ գաղթականության իրավիճակը  բարձրագոյւն տարողություններով օգտագործելու միտումներ դրսեւորել: Բացառված չէ, որ Թուրքիա տարված հայ գաղթականության փոքրաթիվ երեւույթը թուրքական մեծ լուսարձակներ խլի Անկարայի կողմից հայտարարված «հայրենադարձության» մարտավարական խաղերի պարունակում:

Հայտնապես, զգայուն կետը ոչ հայկական թեման է. Անկարայի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, զինման եւ տարանցիկ ճանապարհ հարթելու իրականությունը: Սրանով էլ բացատրվում է Թուրքիայի արտգործնախարարության բանբերի հայտարարությունը, թե ամոթալի զրպարտանք է եւ անհիմն մեղադրանք ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ասածը, թե Քայիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը Քեսաբի վրա հարձակումը կազմակերպելու համար:

Սա է զգայուն կետը, թիրախը, որը իբրեւ նշանակետ պետք է նկատի ունենա հայկական կողմը:

 

Շահան Գանտահարյան

«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր

 

Արսեն Խոջոյանի ընտանիքը ծայրահեղ պայմաններում է, քույրն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի

10150564_725770804112178_5596208753426918005_nՄարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերեվարված 23-ամյա Արսեն Խոջոյանին հայկական կողմին վերադարձնելու վերաբերյալ նոր լուրեր առայժմ չկան:

Արսենի հորեղբորորդին` Արմեն Խոջոյանը, կապ է հաստատել Կարմիր խաչի հայկական գրասենյակի հետ` ճշտելու` արդյոք նորություններ կան, թե ոչ: Սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից հայտնել են, որ դեռևս նոր տեղություններ չկան:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կայքերը վերջի օրերին հայտնել էին հայ գերու հնարավոր վերադարձի մասին: Նշվել էր, որ բանակցություններ են ընթանում: Հիշեցնենք նաև, որ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի այս ընտանիքն ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում: Ընտանիքն ունի յոթ զավակ, որոնցից մեկը` 14-ամյա Անի Խոջոյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշվել է սուր ռևմատիկ տենդ 3-րդ աստիճանի ակտիվություն: Արսեն Խոջոյանի քույրը` Անին, արդեն իսկ հաշվառվել է <<Արաբկիր>>  բժշկական կենտրոնում, ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Խնդիրը նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է, և նշվել է, որ եթե վիրահատության անհրաժեշտություն առաջանա, ապա առողջապահական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ընտանիքին: Այս պահին Անիին պետք է ամիսը մեկ անգամ ներարկում կատարեն:

Տավուշի մարզպետարանի սոցիալական բաժնի ղեկավարը նշել է, որ  առաջիկա օրերին Խոջոյանների ընտանիքին կտրամադրվի պետական ծրագրով նախատեսված սոցիալական նպաստ` 30 հազար դրամի չափով: Բաժնի ղեկավարը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ չնայած նպաստը մեկանգամյա է, սակայն մարզային իշխանությունը նախատեսել է ևս մեկ անգամ 30 հազար դրամի չափով օգնել: Վերին կարմիրաղբյուրի գյուղապետարանը Խոջոյանների ընտանիքին մի քանի պարկ ալյուր է փոխանցել:

 

Անկախ

Մարաղայի գողգոթայի 22-ամյա մորմոքը

մարաղայի ողբերգությունը2014 թ. ապրիլի 10-ին կլրանա Մարաղայի ողբերգության 20տարին: Այն ինչ կատարվեց այդ

չարաբաստիկ օրը Մարտակերտ

շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք  գտնվող այդ գյուղում, իր դաժանությամբ շարունակությունն

էր Մեծ Եղեռնի և Սումգայիթի:

 1915-ի և 1992-ի ապրիլ…

 Կյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ երկու ցեղասպանությամբ դաջվեց:

Ասում են` Մարտակերտի սև օրն ասես սկսվեց Մարաղայից: Եվ ոչ մի մարտակերտցի չէր կարող մտածել, որ 1915 թ. Եղեռնը պիտի 1992-ին կրկնվի իր հողում, և այնպիսի ահավոր սպանդ պիտի տեղի ունենա, որ հետո մարդկային միտքն անգամ անկարող պիտի լինի այն անգամ նկարագրել, վերարտադրել:

Մարաղայի ողբերգության մասին պատմություններ շատ եմ լսել, բայց արցախյան գոյամարտի տարեգրությամբ հետամուտ լրագրողիս այդ ցավն ու կսկիծը հանգիստ չէր տալիս այնքան ժամանակ, քանի դեռ այդ եղեռնագործությունն ապրած, աշխարհով մեկ սփռված մարաղացու հետ հանդիպելու իմ համառ ցանկությունը չէր իրականացել:

Իրականում ի՞նչ կատարվեց 20 տարի առաջ այդ գյուղում. պատմության այդ տխուր էջերը թերթենք հենց ողբերգությունը վերապրածների օգնությամբ:

Արյունոտ առավոտ

 

Մարաղայում ծնված, գյուղում ամուսնացած, չորս երեխաների մայր Ռայա Հայրապետյանն էլ շատերի նման նոր բացվող օրը ահ ու դողով դիմավորեց, դա արդեն սովորական էր դարձել: Հետո իր բան ու գործին անցավ, բայց սկսած գործը ավարտին հասցնել չկարողացավ, որովհետև թշնամու այդ օրվա գործն էլ մարաղացուն սպանդի ենթարկելն  ու տնավեր անելն էր: Եվ դա նրան հաջողվեց, քանի որ ձեռքը բռնող չկար: «Ժողովուդն արդեն դուրս էր գալիս, երբ գյուղ մտան տանկերը: Բախտներս այնքանով բերեց, որ գյուղ մտնող տանկիստները ռուսներ էին և կարող էին մեզ տանկի տակ ճզմել կամ կրակել, բայց գլուխները խցիկներից հանած բղավում էին` փախե՛ք, փախե՛ք, մարդի՛կ: Տանկերի հետևից էլ թուրքն էր բեռնատարով գալիս»,- ասում է Ռայան ու նկուղում թաքնված իր հարևաններ Լենայի ու Վարդուշի գլխով անցած դաժան իրականությունը ներկայացնում: Թե ինչպես թուրք հրեշը, մտնելով նկուղ, ինքնազենի խզակոթով դուրս է հանում նրանց: Վարդուշը, արնաքամ լինելով, ընկնում է: Այդ պահին հայտնվում է մի տանկ ու անցնում Վարդուշի վրայով, իսկ Լենային այլ համագյուղացիների հետ Միրբաշիր  են տանում: Սերյոժային մանր-մանր կտրտում են, իսկ կնոջը` Ասյային, սպանում: Ամուսիններ Էդիկին ու Օֆելյային այնպիսի կտտանքների են ենթարկում, որ հարազատ դուստրը դժվարությամբ է ճանաչում դիակները: Անգամ չխնայեցին 85-ամյա տրակտորիստ Համոյին, որին լավ էին ճանաչում թուրքերը: Երկար ժամանակ միրբաշիրցիների մեխանիզմներն էր նորոգում: Կացնով կտրել էին նրա գլուխը… Հրասայլի տակ ճզմեցին նաև Իզաբելլա Բայրամյանին:

Այդ ամենից հետո բա ինչպես չասես, խեղճ, միամիտ Ռայա, ռուսը որ չլիներ, թուրքը քո հողն ասպատակողը չէր: Լկտիաբար խոսելու և ավազակի պես վարվելու այդ իրավունքը նրանց ռուսական իշխանությունն էր տվել  դեռևս շարժման առաջին իսկ օրերից, որը սումգայիթյան ոճրագործության դեպքերը պարզելու, կատարվածին անհրաժեշտ գնահատական տալու փոխարեն հետագայում բազմաթիվ սխալներ թույլ տվեց: Առաջին սխալն այն էր, որ ԼՂԻՄ-ի Կազմկոմիտեի նախագահ նշանակեց Ադրբեջանի Կենտկոմի երկրորդ քարտուղար, տխրահռչակ Պոլյանիչկոյին, իսկ երբ 1990 թ. հունվարի 15-ին այդ հողում արտակարգ իրադրություն հայտարարվեց, պարետն էլ գեներալ Սաֆոնովը դարձավ: Արցախյան տարեգրությունը «հարուստ» է նրանց «արարչագործություններով», բայց դա այլ խոսակցության թեմա է: Միայն փաստեմ, որ Արցախում արցախցու իրական որս սկսվեց: Իսկ նպատակը մեկն էր` նպաստել մարզի հայաթափմանը: Չի լինի արցախցին, չի լինի ազգամիջյան խնդիր:

Տներում, մարագներում, բակերում գազանաբար սպանվեց 51 մարաղացի, 50-ից ավելի մարդու էլ, նաև երեխաներ, պատանդ վերցրին: Իսկ պատանդների հետ «աշխատում» էր անձամբ ոստիկանապետը, որը «լավ» ոստիկանապետ լինելուց զատ նաև լավ վաշխառու էր: Նա հայ պատանդներին «լավ գնով» վաճառում էր Մինգեչաուրում, Բաքվում, Կիրովաբադում:

Փրկվածներին է հասել նաև Մարաղայի դպրոցի ուսուցչուհի` Ալվինա Բաղդասարյանի հերոսական, սակայն ողբերգական վախճանի պատմությունը: Թուրքերը նրան անպատկերացնելի խոշտանգումների են ենթարկել, աքցանով քաշել ատամները, ստիպել ասել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Սակայն ուսուցչուհին անդրդվելի է մնում: Արնախեղդ լինելով` շարունակ կրկնում է. «Ոչ,Ղարաբաղը եղել է ու կլինի հայկական»: Եվ այդ խոսքերը շուրթերին էլ մեռնում է:  Սա է ժանիքը միշտ արյունոտ «քաղաքակիրթ» թուրքը, այն էլ` XX դարավերջին, «քաղաքակիրթ» աշխարհի հովանու ներքո: Ինչպես կասեր Մեծ եղեռնից մազապուրծ առաջին սերնդի ներկայացուցիչներից մեկը` սփյուռքահայ գրող Արամ Հայկազը, «թուրքը արարչագործության մեծագույն սխալն է ու ամոթը, շնչավորներուն ամենեն վայրագն ու ստորինը»:

Սա ընդամենը մի կարճ դրվագ է այդ մեծ ողբերգությունից:

Հաջորդ օրն իսկ գյուղն ազատագրվեց: Մարդիկ գյուղ  վերադարձան, բայց մի քանի ժամվա ընթացքում թշնամին  իր սև գործն արդեն արել էր: Վերադարձողները հողին  հանձնեցին իրենց մեռելներին:

«Մարաղացուց շատ իր հողն ու հայրենիքը սիրող քիչ մարդ կա, և մարաղացին մինչև վերջին պահն էլ կռվեց հերոսաբար: Երեք անգամ կարողացանք թշնամուն հետ շպրտել, իսկ երբ Կիրովաբադում տեղակայված ռուսական տանկերի օգնությամբ մոտավորապես 15 միավոր տեխնիկայով հարձակվեցին գյուղի վրա, նրանց հաջողվեց ճեղքել այսպես կոչված պաշտպանական առաջին և երկրորդ դիրքերը: Այդ ուժին 210 մարաղացի էր դիմակայում,   օգնության էր հասել նաև Հասանղայայի 38 հոգանոց ջոկատը: Ինքնապաշտպանների  թիվը 250-ի էր հասել, բայց միայն զրահատեխնիկայի ճնշմամբ թողեցինք գյուղը: Այնուամենայնիվ, մարաղացին հերոս ժողովուրդ է: Այստեղ հերոսամարտ է եղել ոչ մեկ անգամ»,- հավատացած է գյուղի ջոկատի հրամանատար Ռոմա Ապրեսյանը:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Որո՞նք են ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները

անձնագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքերը սպառիչ են, որոնք ամրագրված են «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Առանց վերոհիշյալ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:
Առանց վերոհիշյալ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ