ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կենսաթոշակային բարեփոխումների մասին

Հովիկ ԱբրահամյանՀարգելի՛ գործընկերներ
Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության Նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի, և ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց:
Եվ այսպես`

1. Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով և արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից: Հետևաբար, դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դեմ եմ» շարժման, ինչպես նաև այլ հասարակականքաղաքական կազմակերպությունների և անհատների հաղթանակը:

2. 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:

3. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:

4. Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձևին: Դա նշանակում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանապարհով և, որ ամենակարևորն է, միասնական աշխատանքի շնորհիվ:

5. Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

6. Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի և ընկալելի է նաև մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար, այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետևողականորեն իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք կշարունակեն ընդդիմանալ, ես կրկնակի հետևողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատրելով, որ իրենք սխալվում են,բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում:

Այսպիսով`

• Այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն:

• Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10–օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի:

• Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.

-Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,
-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,
-Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,
-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա:
Դեմ եմ:
Բայց, որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն:
Շնորհակալություն:

Անկախ

Մալազիական անհետացած Boeing-ը որոնելու են Տիտանիկի նման

5352251b-2eab-e15a-2eab-e155f7793278.photo.0

Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են մալազիական Boeing 777-200 –ի որոնման համար ավելի հզոր հիդրոլոկատոր ուղարկել:

Ավստրալիայի պաշտպանության նախարար Դևիդ Ջոնսթոնը հայտարարել է, որ որոնումների համար  կարող է գործի դրվի ավելի հզոր հիդրոլոկատոր,  նման նրան, որը գտավ Տիտանիկը 1985-ին, Ատլանտյան օվկիանոսի հատակում: Ավստրալիան արդեն  խորհրդակցություն է անցկացրել Մալազիայի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ, որոնումների հաջորդ փուլի անցկացման վերաբերյալ:

Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը մարտի 24-ին հայտնել է, որ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում.դրա մասին է վկայում արբանյակներից ստացված տվյալների վերլուծությունը: Ենթադրվում է, որ ոչ ոք չի փրկվել:

Անկախ

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով ՄԱԿ-ում

Ցեղասպանության կոնվենցիա, 65-ամյակ,ՄԱԿՄԱԿ-ի կենտրոնատեղիի Դաք Համարսգյոլդի անվան դահլիճում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որի բանախոսներն էին թուրք մտավորականներ Հալիլ Բերքթայը (Սաբանջը համալսարան), Ֆիլիզ Չելիքը (Լոնդոնի համալսարան) և լրագրող Հայկո Բաղդաթը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ամենամյա այս սեմինարին մշտապես վեր է հանում ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը, անդրադառնում կրթության ու կրթական ծրագրերի առաձնահատուկ դերին:

Օրվա բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումներին և ընդգծել այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Բանախոսները նաև անդրադարձել են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ հնարավոր քայլերին՝ ներառյալ հայերի գույքի ու կարողությունների, ժառանգների փոխհատուցման հետ կապված հարցերին։

Գիտաժողովին մասնակցել են անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:

Անկախ

Իլհամ Ալիևը կմասնակցի “Արևելյան գործընկերության” գագաթնաժողովին

Իլհամ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 24-25-ին Պրահայում կմասնակցի “Արևելյան գործընկերության” երկրների գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

“Արևելյան գործընկերության” ծրագրում ներառված է 6 երկիր՝Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և Բելառուսը: Ծրագրում նախատեսված է իրականացնել տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, որոնք կնպաստեն Եվրոպայի հետ վերոնշյալ երկրների համագործակցության զարգացմանը:

 Անկախ

Ապրիլի 23-ը Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

գիրքԳրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է ապրիլի 23-ին` սկսած 1996թ-ից` 1995թ-ի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ համաժողովի որոշմամբ:

Այս որոշումն ընդունվել է մշակութային ավանդույթների  մասին իրազեկության բարձրացման, ճանաչողության աճի  նպատակով: Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիրքը լավագույն, ամենավստահելի միջոցն է գիտելիքների տարածման և պահպանման համար:

Նաև նշվում է, որ ընտրվել է այն օրը, երբ կյանքից հեռացել է Միգել դե Սերվանտեսը /1616/, Ուիլյամ Շեքսպիրը, Ինկա Գարսիլասո դե Վեգան:

“Տպագիր խոսքի պատմությունը` մարդկության պատմությունն է”:

“Անհատի ինքնաիրացմանը խթանելու, սոցիալական վերափոխումների իրականացման իր հնարավորության շնորհիվ գիրքը չունի իր նախադեպը: Արտացոլելով անհատական ապրումները և միաժամանակ լինելով սոցիալական երևույթ` գրքերն ապահովում են մարդկային երկխոսության ձևերի, հանրության ներսում երկխոսության, ժամանակների երկխոսության  լայն բազմազանությունը”,- այս խոսքերով է հանդես եկել ՄԱԿ-ի իր ելույթում պաղենստինցի աշակերտուհի Մալալա Յուսաֆսայը, ում թալիբները ցանկացել են կրակել միայն նրա համար, որ նա ցանկացել է մտնել դպրոց:

ՅՈՒՆԵՍԿՈ-ն և  գրքի արտադրության 3 հիմնական ուղղությունները /հրատարակիչներ, գրավաճառներ, գրադարաններ/ ներկայացնող այլ միջազգային կազմակերպություններ  ամեն տարի ընտրում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք մեկ տարով` սկսած ապրիլի 23-ից: 2012թ-ին այն Երևանն էր: Իսկ 2014թ-ի ընթացքում գրքի համաշխարհային մայրաքաղաքն է Պորտ Հարկորտը /Նիգերիա/:

Անկախ

 

Ռուսաստանը Կասպիական նավակազմի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել

1333-390x290

Այսօր Ռուսաստանը սկսել է Կասպիական նավակազմի մարտական պատրաստվածության ստուգումը:

Հարավային ռազմական մարզի մամլո ծառայության տվյալներով, անսպասելի ստուգումները լավագույն միջոցն են բանակում տիրող իրական վիճակը տեսնելու նպատակով: Բացի այդ, զինծառայողներին հնարավոր սպառնալիքների դեպքում վայրկենական կողմնորոշվել է սովորեցնում:

Զորավարժությունները 7 օր են տևելու,  մասնակցելու են ավելի քան 400 նավաստիներ:

Անկախ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական

 Տարոն Մարգարյան,Մարտի 8Երևանի քաղաքապետի 2014 թվականին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2014թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից  ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

  •  թ.1 երթուղի –  «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, Խանջյան, Մոսկովյան, Աբովյան փողոցներ, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան:
  • Հետադարձը` Աբովյան,Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ,
  •  թ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան:
  • Հետադարձը` նույն ուղեգծով

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Կոնգոյում գնացքի վթարի հետևանքով 30 ուղևոր է զոհվել

1335-390x290Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում առնվազն 30 մարդ է զոհվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով:

Գնացքը դուրս է եկել ռելսերից  երկրի հարավ-արևելքում գտնվող Կատանգա նահանգում: Զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ   դեռևս մարդիկ են մնում բեկորների տակ: 55 մարդ տարբեր աստիճանի վնասվածներ է ստացել:

Անկախ

Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին

Աբրահամյան հովիկՎարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:
«Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է կառավարությունում և Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախարարի առջև դրված խնդիրները հստակ են, և նրանք պետք է շարունակեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջև ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Կարեն Ճշմարիտյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Անկախ

Հրդեհ ավտոմեքենայում

hrdeh1Ապրիլի 23-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ <<50-ամյակի>> հուշարձանի մոտակայքում, այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.18-ին, մարվել՝ 01.25-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 26 ՕՕ 001 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:

Անկախ

Հայաստանի ջրացատկի առաջնությունում

Ջրացատկ 111111Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը:

Կրտսեր տարիքային խումբը մասնակցեց 1 մ ոստնակացատկի մրցումներին: Աղջիկներից 1-ինը Ալիսա Զախարյանն էր, իսկ տղաներից՝ Դավիթ Մովսիսյանը:

Պատանիների խմբում նույնպես անցկացվեցին կրկին 1 մ ոստնակացատկի մրցումներ: Աղջիկների մեջ առաջինը Քրիստինա Հակոբյանն էր, իսկ պատանիների մեջ՝ Անդրանիկ Պետրոսյանը:

Մեծահասակների մրցաշարն անցկացվեց 1 մ և 3 մ ոստնակացատկերի ու 10 մ աշտարակացատկի մրցաձևերով, որոնցում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեց  Լև Սարգսյանը:                           

10 մ աշտարակացատկում երկրորդը Վլադիմիր Հարությունյանն էր, երրորդը՝ Ազատ Հարությունյանը, իսկ Գևորգ Պապոյանը գրավեց չորրորդ տեղը:

Ուշադրություն`ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին

116ՀՀ  սպորտի  և  երիտասարդության  հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունեց և պարգևատրեց ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ համագործակցում են «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Ողջունելով ներկաներին, Յուրի Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար, ապա՝ հետաքրքրվեց ֆեդերացիաներում առկա խնդիրներով, իրականացվելիք ծրագրերով և պետական կառույցի հետ սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարներով:

ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների (Քիք-բոքսինգ, ավանդական ուշու, այկիդո-այկիկայի, կիոկուշին-կան կարատե-դո, մուայթայ ….. և այլն) նախագահները ներկայացրեցին իրենց մարզաձևերում գրանցած հաջողությունները, անցկացրած առաջնությունների, միջազգային սեմինարների և վերապատրաստման դասընթացների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Այնուհետև, խրախուսելով ներկաներին՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցելու, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու, արևելյան մարտարվեստների և մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստականության զարգացմանը նպաստելու համար, Յուրի Վարդանյանը ֆեդերացիաների նախագահներին արժանացրեց պարգևների:

  «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն արժանացավ և համանուն կրծքանշանով պարգևատրվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը;

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Հայաստանի այկիդո-այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը և Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը;

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրեր հանձնվեցին Ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանին, Հայաստանի «Մուայթայ» ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանին, Հայաստանի «Կիոկուշին-Կան Կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին, «Պանկրատյոն» պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ Արման Բուդուրյանին, «Արսենալ» սպորտային ասոցիացիայի նախագահ Վարդան Աբգարյանին, «Մարտարվեստների» ասոցիացիայի նախագահ Արտակ Մելիքյանին և «ՀԳՏՖԻ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Սարգսյանին:

 

 


Գոլազուրկ ոչ-ոքի Մադրիդում

47888Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական  հարկի տակ 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Լոնդոնի «Չելսիի» հետ` 0:0:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 30-ին Լոնդոնում:

Տեխնիկական արդյունքներ

«Աթլետիկո» (Իսպանիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 0:0

ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Մարիո Սուարես (Խոսե Սոսա, 79), Կոկե, Գաբի, Դիեգո (Արդա Թուրան, 60), Ռաուլ Գարսիա (Դավիդ Վիլյա, 86), Դիեգո Կոստա:

«Չելսի». Պետեր Չեխ (Մարկ Շվարցեր, 18), Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհին, Ջոն Թերի (Անդրե Շյուրլե, 73), Էշլի Քոուլ, Դավիդ Լուիս, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Ռամիրես, Վիլիան (Դեմբա Բա, 90+3), Ֆերնանդո Տորես:

Փլուզված ժայռաբեկորը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մասից

քարաթափումՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23 – ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահմանի 74-րդ կմ- ում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում:

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից : Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

 լրատվական ծառայություն

Մահվան ելքով ավտովթար Սևան-Աբովյան ավտոճանապարհին

ավտովթարԱպրիլի 23-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

ավտովթարԴեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 83 ՏՈ 888 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1993 թ. ծնված Ռ. Ս.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան:

Անկախ

Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտների երեկո

161. Armenian Diplomatic school first alumni meeting 22.04.2014Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտների երեկո, որին ներկա էին Դիվանագիտական դպրոցի բոլոր տարիների շրջանավարտները, ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի, կառավարության, քաղաքապետարանի ու տարբեր նախարարությունների արտաքին հարաբերությունների վարչության պետեր, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, ով ներկայացրեց դպրոցի անցած ուղին, ձեռքբերած հաջողությունները: Տնօրենը կարևորեց նման հանդիպումների նշանակությունը թե’ շրջանավարտների միջև կապերի ամրապնդման, թե’  դիվանագիտական բարձրորակ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերած անձանց և ՀՀ գերատեսչությունների արտաքին կապերի պատասխանատուների միջև կապեր հաստատելու և դպրոցի շրջանավարտների ներուժը լավագույնս օգտագործելու տեսանկյունից:

ԵՄ-ի պատվիրակության անունից ելույթ ուենցավ  համագործակցության հարցերով պատասխանատու Հոսե-Մարիա Մեդինա-Նավարոն, ով անդրադարձավ  համատեղ իրականացվող ծրագրերին:

“Միջազգային էներգետիկ քաղաքականության նոր զարգացումները” թեմայով զեկույցով հանդես եկավ Ջոն Հոպկինս համալսարանի դասախոս, էներգետիկ քաղաքականության հարցերով մի շարք առանցքային միջազգային կազմակերպությունների խորհրդատու Մանֆրեդ Հաֆները:

Անկախ

ԹԱՋ ՄԱՀԱԼ

թաջ մահալՇատ անվանի մասնագետներ գոթական ճարտարապետության հիմքերը որոնում են Հայաստանում: Տեղին է հիշել Կոստանդին Վեսելովսկու խոսքը. «X դարից սկսած` աշխարհով մեկ ճչում է անիական ոճը: Այսօր ավերակների մեջից է լսվում այդ ճիչը…»

Սակայն հայ ճարտարապետական միտքը փայլել է ոչ միայն Արևմուտքում: Արևելյան երկրներում էլ հայերն արարել են արժեքներ, որոնք մինչ օրս մարդկության մշակութային գանձերի շարքն են դասվում:

Դրանց թվին է պատկանում Թաջ Մահալը, որ գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում: Ճիշտ է, այն իր ոճով ու ոգով ավելի շատ իրանական ճարտարապետության դպրոցին է պատկանում և անգամ թևավոր խոսք կա, թե` «Թաջ Մահալն Իրանի ոգին է` կերտված Հնդկաստանի սրտում»: Սակայն նրա կառուցման տխուր ու գեղեցիկ պատմության հիմքում հայն է` չքնաղ մի հայուհի` Հեղինե անունով, որ Հնդկաստանում հաստատված հայ ազնվական Ասաֆ խանի դուստրն էր և ծնվել է 1597 թ.: Հեղինեն գեղեցկուհի իշխանադստեր հայկական անունն էր, նրան կոչում էին նաև Արջոմանդ Բանո Բեգում: 1614 թ. նա ամուսնանում է Մողոլների թագաժառանգ Խորամի խանի` ապագա Շահ Ջահանի հետ:
Թաջ Մահալ նշանակում է արքունիքի թագ: Իսկապես այն թագ է` իր անկրկնելի գեղեցկությամբ ու հմայքով:
Ավանդությունը պատմում է, որ Շահ Ջահանը կանչում է դամբարանը կառուցող ճարտարապետին և առատ վարձատրելով` կտրում նրա ձեռքը, որպեսզի նա այլևս ոչ ոքի համար նման հրաշք չարարի:

Թաջ Մահալը գեղեցիկ է ոչ միայն իր ճարտարապետությամբ, ուրույն ոճով ու եզակիությամբ: Նրա կառուցման ակունքներում հուզիչ պատմություն է թաքնված:
Այն իրենից ներկայացնում է հայուհու դամբարան:

Թաջ Մահալը կառուցել է Հնդկաստանում իշխող Մեծ Մողոլների արքայատան տիրակալ Շահ Ջահանը իր սիրելի կնոջ` հայուհի Մումթազ Մահալի հիշատակին: Մումթազ Մահալ շահն անձամբ է անվանակոչել կնոջը, ինչը նշանակում է Արքունիքի զարդ: Մումթազ Մահալը ոչ միայն շահի սիրելին էր, այլև խորհրդատուն: Աչքի էր ընկնում խելքով ու նուրբ դիվանագիտությամբ և ուղեկցում էր ամուսնուն ամենուր, անգամ պատերազմական արշավանքների ժամանակ:
Մումթազ Մահալը Շահ Ջահանի առաջին տիկինն էր և թագուհին: Նա, Շահ Ջահանի բազում կանանցից մեկը լինելով, նաև ամենասիրելին էր և համատեղ ամուսնության 14 տարիների ընթացքում ամուսնուն պարգևել էր ութ որդի և վեց դուստր: Նա աչքի էր ընկել իր նվիրվածությամբ, հավատարմությամբ, խելքով:
Վերջին զավակի լույս աշխարհ գալու ժամանակ Մումթազ Մահալը մահանում է: Շահն այդ ժամանակ արշավանքի մեջ էր և նրան ուղեկցող կինը ծննդաբերեց Բուրհան Նուրե բնակավայրում` վրանում, դաշտային պայմաններում, ինչն էլ Մումթազ Մահալի մահվան պատճառը դարձավ: Նա մահից առաջ խնդրում է ամուսնուն իր շիրիմին գեղեցիկ դամբարան կառուցել, որ արժանի լինի իրենց սիրուն, և այլևս չամուսնանալ: Նույն գիշերն իսկ վշտից սպիտակում են Շահ Ջահանի մազերը: Նա տեղում հողին է հանձնում կնոջ մարմինը, սակայն շատ չանցած տեղափոխում է մայրաքաղաք` ի կատար ածելու նրա վերջին կամքը:

Այնքան մեծ էր Շահ Ջահանի վիշտը, որ նա կնոջ մահվան կապակցությամբ երկրում երկու տարով սուգ հայտարարեց: Ամբողջ երկու տարի Շահ Ջահանի ընդարձակ կայսրության մեջ արգելված էին ուրախությունը, երգն ու պարը:
Ապա Շահ Ջահանը ձեռնամուխ է լինում իր մայրաքաղաք Ագրայում Թաջ Մահալի շինարարությանը, որ տևում է ամբողջ 22 տարի` 1632-1654 թթ.:
Շինարարությանը մասնակցում է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված լավագույն ճարտարապետներ: Իսկ այդ ճարտարապետների մեջ առանձնանում էր մեկը` հայազգի Գրիգորը, որին կոչում էին Մեծ վարպետ-կառուցող, իսկ շինարարության ղեկավարի անունը, ըստ որոշ աղբյուրների, ուստա Իսային էր կամ Ուստա Իսսին:
Շինարարության համար անհրաժեշտ սպիտակ մարմարը բերվում էր Ջայկոտի քարհանքերից, իսկ անհրաժեշտ գունավոր քարերը` Չինաստանից, Տիբեթից և Հեջաբից:
Հետագայում Գրիգորը Թաջ Մահալից զատ այլ նշանավոր շինություններ էլ կառուցեց Շահ Ջահանի համար:
Թաջ Մահալը ժամանակին աշխարհի բարձրագույն շինություններից է եղել. նրա բարձրությունը հասնում է 74 մետրի. 42 մետր բարձրություն ունեն չորս մինարեթները: Բուն դամբարանի մարմարե գույնն ընդգծելու համար շրջակա շինությունները կառուցված են վարդագույն քարից:
Դամբարանը կառուցված է սպիտակ մարմարով, որ ավելի վեհ ու հիասքանչ տեսք է հաղորդում կառույցին:
Դամբարանի պատերն ամբողջովին զարդարված են նկարներով, Ղուրանի սուրահներով:
Դամբարանի կառուցումը հսկայական միջոցներ տարավ պետական գանձարանից: Բացի դրանից, շահն ամեն տարի մեծ միջոցներ էր ծախսում հանգուցյալ կնոջ պատվին համաժողովրդական տոնախմբություններ կազմակերպելու համար:
Շահ Ջահանը նպատակ ուներ Թաջ Մահալի դիմաց` Յամունա գետի ձախ ափին, իր համար էլ դամբարան կառուցել սև մարմարից: Սակայն նրա ծրագիրը կյանքի չկոչվեց: Շահ Ջահանի անհաշիվ ծախսերից դժգոհ էր պետության ավագանին և արքունիքը: Ի վերջո, նրանց աջակցությամբ արքայի որդին` Ջհանգիրը, պետական հեղաշրջում է կազմակերպում, հոր փոխարեն գահ բարձրանում ու բանտարկում երբեմնի զորեղ տիրակալին: Երկար տարիներ երբեմնի տիրակալն իր բանտախցից ամեն օր արցունքն աչքերին նայում էր իր իսկ կառուցած հրաշքին` իր և Մումթազ Մահալի անմար սիրո խորհրդանիշին: Մինչև այն պահը, երբ ինքը ևս ավանդում է իր տառապալից հոգին ու թաղվում կնոջ կողքին` իր իսկ կառուցած դամբարանում:
Այսօր Թաջ Մահալն աշխարհի տարբեր ծայրերից սիրահարների ուխտագնացության վայր է համարվում: