Մայիսի 28-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոհար Ե.-ին, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 322 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին):
Monthly Archives: May 2014
Գրպանահատը խոստովանել է հանցանքը
Մայիսի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 32 շենքի դիմաց Ժորա Ե.-ի գրպանից գումար գողանալու մասին:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ն, որը մայիսի 28-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Տեսանյութ պտտահողմի էպիկենտրոնից
Մայիսի 28-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում հզոր պտտահողմ է եղել: Տեղաբնակ երկու տղամարդիկ պատահաբար հայտնվել են փոթորկի էպիկենտրոնում: Սակայն, սարսափահար փախչելու փոխարեն, նրանք տեսանկարահանել են այն, միչդեռ դրա համար հնարավոր է և կյանքով վճարեին:
Երբ Դեն Յորգանսոնը դուրս եկավ տան շեմին ծխելու, նկատեց, որ պտտահողմն ուղիղ իր վրա է շարժվում: Նա կանչեց ընկերոջը, որ նա էլ տեսնի այդ տպավորիչ երևույթը:Հետո նա վերցրեց տեսախցիկն ու սկսեց նկարահանել երկինքը:
Վայրկյաններ անց նրանք հասկացան, որ պետք է փախչեն, որ փրկվեն: Նրանք իսկույն մտան տան մոտ կայանած ֆուրգոնը: Սակայն, պտտահողմը տեսանկարահանելու գայթակղությունն այնուամենայնիվ, մեծ էր: Յորգանսոնը տեսախցիկը հանում է մեքենայից ու նկարահանում, մինչդեռ հզոր կնճիթն ուղիղ իրենց կողմն է ուղղվում:
Բարեբախտաբար, նրանք փրկվում են: Ինչպես ամերիկացի լրագրողներն են գրում, նրանցից ոչ ոք չի տուժել,սակայն Հյուսիսային Դակոտային պատուհասած տորնադոյի հետևանքով 9 մարդ վիրավորվել է, մի քանի տներ լրջորեն վնասվել են:
Վեդիում մթերային խանութից կատարված գողությունը բացահայտվեց
Մայիսի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Վեդի քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեում գործող մթերային խանութից գողություն կատարելու մասին:
Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները, Վեդի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 34 տան մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ին:
Քննության ընթացքում հիմնավորվել է, որ խանութից գողությունը կատարել է նա:
Ներդրումային ծրագրերն ստանում են կառավարության աջակցությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը: Մասնաճյուղը իրականացնում է Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-
Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը: Ընկերությունը վերամշակման նպատակով ներմուծել է ձիթապտուղ, որը, սակայն, չի կարողացել վերաարտահանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Թույլատրելով ժամկետի երկարաձգումը, կառավարության որոշումը կնպաստի ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը:
Նիստում «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 11 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և իրականացնելով 6.5 մլրդ դրամի ներդրում: Տարեկան թողարկվելու է շուրջ 2.7 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան: Ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ:
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համագործակցության ոլորտներն են հատկապես բուսաբուծությունն ու անասնաբուծությունը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության և կայուն գյուղատնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, գիտատեխնիկական և տեղեկատվական կապերի զարգացումը:
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ազգային վիճծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծառայությանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար: Հաշվառում անցկացնելու նպատակով տրամադրվելու է 200 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը կսկսվի ս.թ. հունիսի 15-ին և կավարտվի մինչև 2015թ. մարտը:
Վիճծառայությունը ս.թ. հունիսի 1-ից սկսելու է իրականացնել նաև «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը, որի համար Աշխատանքի միջազգային կազմակերպությունը տրամադրելու է 100 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը, որը մեկնարկել է 2011թ. հունիսին և ավարտվելու է 2016թ. մայիսին, նպատակ ունի հզորացնել վիճծառայության կարողությունը՝ համակողմանի և արժանահավատ տեղեկություն հավաքելու աշխատանքի շուկայում երիտասարդների մասնակցության վերաբերյալ և դրանով իսկ նպաստելու երիտասարդների զբաղվածությանն ուղղված երկրի քաղաքականության կատարելագործմանը, դրա արդյունավետության մշտադիտարկմանը: Այս ծրագրի ֆինանսական միջոցների տնօրինման համար ևս կառավարությունը թույլատրել է արտաբյուջետային հաշիվ բացել:
Դրամական օգնության փոխարեն կհատկացվի պարգևավճար
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք միտված են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության տրամադրումը համապատասխանեցնել 2013թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ երկու օրենքի պահանջներին: Որոշման մեջ կիրառվող «դրամական օգնության» բառերը փոխարինվել են «ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի» բառերով:
Նիստում որոշվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վերանվանել նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության:
Կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության ավագ, միջին, կրտսեր սպայական և ենթասպայական անձնակազմին և ՀՀ ԿԱ ոստիկանության գլխավոր, ավագ և միջին սպայական անձնակազմին՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկի համար մշակված հատուկ վարկային ծրագրով տրամադրված վարկի տոկոսագումարները երկու կամ երեք տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել ավելի քան 10 մլն դրամ:
Նիստում ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» ՍՊԸ կողմից կառուցապատման իրականացման նպատակով ընկերությանը ՀՀ 2014թ. պետբյուջեից 2014թ. առաջին կիսամյակում տրամադրել 800 մլն դրամ բյուջետային վարկ՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով՝ որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք հնարավորություն կտան բուհերի դիմորդների փաստաթղթերն ընդունել նաև նույնականացման քարտով, մինչև օգոստոսի 1-ը զորացրման ենթակա զինծառայողներին լիազորված անձի միջոցով դիմում-հայտ ներկայացնել և մասնակցել ընդունելության մրցույթին:
Գործադիրը հավանություն է տվել Վարակիչ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և դրա 2014-2018թթ. միջոցառումների ժամանակացույցին: Փաստաթղթի ընդունումն իրականացվում է Հայաստանում միջազգային առողջապահական կանոնների ներդրման շրջանակում և նպատակ ունի կանոնակարգել տարափոխիկ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարը, այդ թվում՝ ՀՀ տարածք թափանցելու սահմանափակման միջոցով:
Կառավարության որոշմամբ Երևանի Իսահակյան 28 շենքի երրորդ շինության առաջին հարկից 45.7 քառ. մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հինգ տարի ժամկետով հանձնվել է «Գրահրատարակիչների ազգային միություն» իրավաբանական անձանց միությանը:
«Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 60 մլն դրամ:
Կապահովվի քրեական և վարչական պատասխանատվության կապը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է վարչական և քրեական իրավախախտումների հարաբերակցությունը, դրանց միասնականությունն ապահովելու և հակասական իրավակիրառ պրակտիկայից խուսափելի անհրաժեշտությամբ:
Գործադրի հավանությունն է ստացել «Հանրային ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է վերացնել օրենքի երրորդ հոդվածի երրորդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկ, տուրք և վճար կատարելու խոչընդոտները (անհնարինությունը), ինչպես նաև ապահովել համայնքների բյուջեների մուտքերը:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մայիսի 7-ը Հայաստանում նշել իբրև Երիտասարդության տոն: Գործադիրը նպատակահարմար չի համարել այդ փոփոխությունը, քանի որ խորհրդարանն արդեն իսկ Ուսանողների և երիտասարդների օր է սահմանել մայիսի 16-ը՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը:
Նիստում քննության է առնվել «Շրջանառության հարկի մասին օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամտի շրջանառության հարկի վճարման պարտավորությունից: Կառավարությունն անընդունելի է համարել միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը կամ այդ հարկի վճարումից ազատումը և օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի սան Դավիթ Ներսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2019թ. ամառային զորակոչը:
Նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ՀՀ քաղաքացիություն ստացած չորս անձ. հաշվի է առնվել նրանց ծավալած հայանպաստ գործունեությունը սփյուռքի համայնքներում:
Կառավարությունը որոշել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր տալ (երեք տարի գործողության ժամկետով) Երևանի «Արֆարմացիա» ՓԲԸ-ին:
Գործադիրը Կարեն Թամազյանին ազատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
«Հաղթանակ» զբոսայգում երկու տղամարդիկ ծեծել են միմյանց
Մայիսի 28-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգուց, միմյանց հետ վիճաբանելու համար, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Կարեն Մ.-ին և 1975 թ. ծնված Հայրապետ Թ.-ին:
Պարզվել է, որ զբոսայգում ծագած վիճաբանության ժամանակ նրանք ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Կարեն Մ.-ն ճակատի մասում ստացել է վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Զովունիում դպրոցի մոտ դանակահարություն է կատարվել
Մայիսի 28-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերքով Գևորգ Մ.-ին «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 28-ին, ժամը 13.00-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Դավիթ Մ.-ն և խոստովանել, որ մայիսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Զովունի գյուղի 6-րդ և 40-րդ փողոցների խաչմերուկում` դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Գևորգ Մ.-ի գոտկատեղի շրջանին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Տուրչինովը Պորոշենկոյին նախագահ, իսկ Կլիչկոյին` Կիևի քաղաքապետ է հայտարարել
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է ընտրական հանձնաժողովների կազմած արձնագրությունները 100%-ով: Մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում ձայների մեծամասնություն է ստացել Պյոտր Պորոշենկոն:
Իսկ Կիևի ընտրություններում հաղթանակ է տարել «Հարված» կուսակցության ու խորհրդարանական նույնանուն ֆրակցիայի առաջնորդ Վիտալի Կլիչկոն,` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 56%-ը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հայտնի է, թե ով կքննի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործը. Փաստինֆո
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին զինված միջադեպի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Այս մասին գրում է «Փաստինֆո»-նՇարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.
«Դեմ եմ»-ը ներկայացրել է կուտակային վճարներից հրաժարվելու գործընթացը և դիմումի օրինակելի ձևը
«Դեմ եմ» նախաձեռնությունը հանրությանն է ներկայացրելկուտակային վճարներից հրաժարվելու դիմումի ձևանմուշներ, ինչպես նաև ներկայացրել է գործընթացի ողջ ընթացակարգը:
Նախաձեռնության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ,
ինչպես տեղյակ եք ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ հոդվածի և 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:
Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից, այն մոտակա օրերին կհրապարակվի, ամեն դեպքում շտապում ենք ձեզ ներկայացնել այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձևանմուշները, որոնք կարող եք ներբեռնել և լրացնել, այնուհետև Օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ներկայացնել ձեր գործատուներին: Դիմումը կարող եք ներկայացնել ինչպես անհատապես (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC), այնպես էլ կոլեկտիվ (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC):
Ի գիտություն.
1. Դիմումատուի կողմից գրավոր դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուն կամ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում (ձևանմուշ PDF,ձևանմուշ DOC): Իսկ փոստի առաքման դեպքում՝ փոստային բաժնում չպետք է մոռանալ վերցնել փոստային անդորրագիրը:
2. Գործատուների դեպքում, ովքեր հանդիսանում են տվյալ կազմակերպության կամ ընկերության գործադիր տնօրենը/ղեկավարը, կարող են գրել դիմում նշելով միայն կազմակերպության անվանումը:
3. Նրանք ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կարող են դիմել բնակության վայրի անձնագրային բաժին և ստանալ այդ համարանիշը կամ տեղեկանք այն չունենալու մասին»:
Ադրբեջանում ներքին զորքերի զինծառայողը հիվանդությունից մահացել է
Ադրբեջանի նեքին զորքերի զորամասերից մեկում 18-ամյա զինծառայող Մամեդով Սամիհ Սուլթան օղլուն հիվանդության պատճառով մահացել է: Դեպքը գրանցվել է ներքին գործերի հոսպիտալում:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Մամեդովը հոսպիտալացվել է քրոնիկ հիվանդության սրման հետևանքով: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրան չի հաջողվել փրկել:
Մամեդովը զորակոչվել էր սույն թվականի ապրիլ ամսին Ադրբեջանի Գուսարի շրջանից:
Ընդունվում են «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթի մասնակցության հայտերը
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին.
- Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
- Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տեւողությամբ:
- Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
- Ներկայացվող երգը պետք է լինի նոր եւ հրապարակված չլինի նախքան 2014 թ-ի մայիսի 1-ը:
- Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, եւ եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
- Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
- Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին թույլատրելի են:
- Չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների եւ բեք-վոկալիստների):
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3, WAV), երգի խոսքերը, կատարողների անձնագրերի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ:
Փաթեթն անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ուղարկել` [email protected] հասցեին կամ ներկայացնել հետեւյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայասատանի հանրային հեռուստաընկերություն: Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 010.65.58.96 կամ 094.49.42.82:
Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:
Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խարհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը:
Ադրբեջանը Պակիստանից հեռահար հրթիռներ կգնի
Ադրբեջանի ղեկավարությունը հետաքրքրվում է պակիստանյան հեռահար հրթիռներով։ Այս մասին տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը ՝ վկայակոչելով Պակիստանի ռազմաարդյունաբերության նախարարությանը։
Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ երկու կողմերի միջև արդեն տեղի են ունեցել նախնական բանակցություններ: “Մեր միջև Ադրբեջանին նման հրթիռներ վաճառելու հարցում ոչ մի խնդիր չկա։ Այն հանգամանքը, որ մեր երկրների միջև առկա քաղաքական և ռազմական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հնարավորություն է տալիս մեզ առանց որևէ խնդրի Ադրբեջանին տալ տեխնոլոգիական ամենավերջին ձեռքբերումները”,-նշել է նախարարության ներկայացուցիչը:
Պակիստանի ՌԱՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նրանք պատրաստ են վաճառել ոչ միայն հեռահար հրթիռներ, այլև այլ պաշտպանական համակարգեր, որոնց կարիքը Բաքուն ունի։
Ալ-Ֆաթահ-ալ-Սիսին Եգիպտոսի նախագահն է ձայների 93%-ով
Եգիպտոսի նախագահի ընտրություններին մասնակցությունն այնքան ցածր է եղել, որ իշխանությունները ստիպված մեկ օրով երկարաձգել էին ընտրությունները, ու այն տևեց 3 օր: Արդյունքում, մասնակցությունը կազմեց 44% ու, նոր նախագահ Սիսին հավաքեց ձայների 93%-ը: Հաշվարկը դեռևս շարունակվում է:
Սիսիի հաղթանակը դեռ սկզբից էր երաշխավորած ու ռազմական իշխանությունների համար կարևոր էր ավելի բարձր մասնակցության հասնել, քան այն ընտրություններին, երբ հաղթեց Մուրսին: Դա նրանց չհաջողվեց, քանի որ «Մահմեդական եղբայրները» բոյկոտեցին ընտրությունները:
Ստուգայցի արդյունքում մեկ օրում Երևանում 29 անսթափ վարորդ է հայտնաբերվել
Գիտնականը Բրիտանիայում վամպիրների ընդհատակյա ցանց է հայտնաբերել
Դոկտոր Էմիլ Ուիլյամսը վստահ է, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի գաղտնի կազմակերպություն` առնվազն 15 անդամից կազմված, որոնք պարբերաբար հավաքվում են, որ միասին մարդկային արյուն համտեսեն: Հոգեբանության պրոֆեսորը վստահ է, որ այդ ահազդու սուբմշակույթը Արևմուտքի բոլոր երկրներում կա: Ընդ որում, նրա կարծիքով, դա հասարակության համար վտանգ չի ներկայացնում:
Գիտնականը գրում է, որ «վամպիրները» հոգեկան հիվանդներ չեն:Նրանք արյուն են խմում և ուրիշի էներգիան խլում: Ընդ որում, նրանց կանոններում հստակ նշվում է, թե ում արյունը կարելի է օգտագործել և ումը` ոչ: Օրինակ` սանգվինիկ-վամպիրները վերցնում են արյունը կոնկրետ դոնորներից ու մարմնի որոշակի հատվածներից: հետաքրքրական է, որ արնախումներին արգելված է շատ «սնունդ» վերցնելը»,-կարծում է դոկտորը:
«Գոյություն ունեն նաև մեդիում-վամպիրներ ու հիբրիդային վամպիրներ, որոնք սերտ կապ ունեն դոնորների հետ: Դա բացարձակ իրական է,դա յուրօրինակ կրոն է: Մեզանից յուրաքանչյուրն իր հավատն ունի: Հենց դրա համար էլ ես նրանց հիվանդ ու վտանգավոր չեմ համարում: Դա պարզապես մարդկային որոշակի տեսակ է` առանձնահատուկ հետաքրքրություններով: Ես ուզում եմ, որ հասարակայնությունն ավելի շատ իմանա նրանց մասին ու դադարի նրանցից վախենալ»:
Գիտնականի խոսքով, Մեծ Բրիտանիայում 15 հազար վամպիր կա ու 3 հազար դոնոր: Գիտնականն այդ թեմայով հատուկ հարցում է անցկացնում ու դրա համար իր կայքում հարցմանը մասնակցելու հնարավորություն է ստեղծել: Նրա նպատակն է` մանրամասն ուսումնասիրել վամպիրական հասարակությանը: Դրա արդյունքները գիտական հրապարակումների հիմք կդառնան, իսկ լայն հասարակայնությունը կկարողանա այդ սուբմշակույթի ներկայացուցիչների մասին ավելի շատ բան իմանալ:
Բարսելոնայում քաղաքացիների բողոքը վերաճել է ոստիկանության հետ բախման
Արդեն երրորդ օրն է, ինչ Բարսելոնայի կենտրոնական շրջաններից մեկում` Սանթսում չեն դադարում փողոցային անկարգությունները.պատճառը անօթևաններին «Կան Վիես» շենքից դատարանի որոշմամբ դուրս հանելն է դարձել(շենքը գլխին ծածկ ունենալու իրավունքի համար պայքարի յուրօրինակ խորհրդանիշ է դարձել):
Մայիսի 28-ին այդ բողոքները լայն թափ են ստացել. Կատալոնիայի տարբեր շրջաններից ավելի քան հազար բնակիչ է մասնակցել հերթական ցույցին` «Ձեռքներդ հեռու Կան Վիեսից» կարգախոսով: Որոշ ցուցարարներ սկսել են աղբամաններն այրել ու քարեր և շշեր նետել օրենքի պահապանների վրա, որոնք ի պատասխան` ուժ են գործադրել: Ոմանք ձերբակալվել են: Բարսելոնայի ոստիկաններին օգնելու նպատակով Իսպանիայի մյուս քաղաքներից 200 ոստիկան է օգնության եկել:
Օրացույցի այս օրը
Այսօր ՄԱԿ-ի խաղաղարարների միջազգային օրն է:
2002-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 29-ը հայտարարել է Խաղարարների միջազգային օր, որի նպատակն է ըստ արժանվույն գնահատել ողջ աշխարհով ծառայությունն անցնող խաղարարների ինքնազոհողությունն ու անձնուրաց նվիրվածությունը: Այսօր աշխարհի տարբեր ծայրերում Դեպարտամենտի կողմից կառավարվող խաղաղությունը պահպանելու օպերացիաներին մասնակցում է 72 000 զինծառայող ու 15 000 քաղաքացիական անձ: Ստացվում է, որ ՄԱԿ-ը աշխարհում ամենախոշոր կազմակերպությունն է, որը հետկոնֆլիկտային կայունացման հարցեր լուծում է:
Իրանում կարգելափակվի Instagram-ը
Իրանի վեբ-պարունակության անթույլատրելիությունը որոշող հանձնաժողովի քարտուղար Աբդուլսալամ Հորամաբադին նշել է, որ իրենք որոշել են արգելափակել Instagram-ը: Նա հիմնավորել է, որ տվյալ սոցցանցը խախտում է մարդկանց անձնական կյանքի անձեռմխելիության սկզբունքները:
Ավելի վաղ Իրանում արգելափակվել էին Twitter-ը, Youtube-ը, Whatsapp-ը:
Ուշագրավ է, որ երկու օր առաջ իրանական դատարան է կանչվել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` մասնակցելու Whatsapp-ի օգտատերի անձնական կյանքին միջամտելու փաստի առթիվ հարուցված գործի դատական լսումներին:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանը պատրաստ է աջակցելու Սիրիային
Արաբական և աֆրիկյան երկրների հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլահիանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սիրիական խնդրին, հայտնել է, որ Թեհրանի պատրաստ է աջակցել Սիրիային, որպեսզի այն հաղթահարի երկրում տիրող ճգնաժամը:
«Նրանք, ովքեր ձգտում են տապալել սիրիական կառավարությունը, կպարտվեն»,- ասել է փոխարտգործնախարարը:
Աբդոլահիան նշել է, որ Իրանի պաշտոնատար անձինք Թեհրանում հանդիպումներ են ունեցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, քննարկելով սիրիական ճգնաժամի, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր:
Տեղեկացնենք, որ Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3-ին:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆՍ» լրատվական գործակալությունը:
