Արսեն Խոջոյանի բազմազավակ մայրը խնդրում է մի քանի ամսով սառեցնել վարկը

arsen_xojoyan_696389593Ադրբեջանական գերությունից հայկական կողմին հանձնված Վերինկարմիրաղբյուրի 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը չի վատթարացել, բայց չի էլ լավացել: Նրա մայրը` Սվետա Խոջոյանը, Անկախի թղթակցին ասել է, որ մոտ մեկ ժամ առաջ է խոսել Արսենի հետ, որն այս օրերին Սևանում է` օգնելու անասնապահությամբ զբաղվող հորը:

ՙՙՀայրը` Անանիան, էսօր գնացել ա Էջմիածին, որ տրակտոր քշի օրավարձով, Արսենն էլ Սևան ա, փողով անասուն պահելու ա գնացել: Մեկի անասուններն են պահում, որ գոնե մի երկու կոպեկ աշխատեն, որ վարկերը փակենք: Հետը մի տղա էլ կա Ղրղիից /հարևան Արծվաբերդ/ գյուղից: Էդ տղայի մայրն էլ կթվորուհի ա էնտեղ, թափշյուր եմ արել/ապսպրել/, որ լավ նայեն տղուս, ասել եմ` հիվանդ տղա ա, լավ կնայեք: Էդ տղու հերն էլ էլի մեր շամշադնեցի, ասեց` ես կսրսկեմ, էլ ուրիշի չեմ ասի: Արսենը օրը մեկ ասեղ սրսկվում է, երեք հատ էլ դեղ ա խմըմ: Որ եկավ Բաքվից, մաշկին սպիտակ ու կարմիր այտուցներ կային, դրանց համար էլ քսուք են առել, քսում ա, դե բայց չի անցել: Մեկ էլ ասել են, որ դեղատնից օճառ առնեմ հատուկ, քսի, էդ էլ ա անում՚՚:

Տիկին Սվետայի խոսքով, Արսենը գանգատներ ունի, ոտքերն են ցավում, թուլություն ունի, մեկ-մեկ քթից արյունահոսոթյուն է ունենում: ՙՙԵս հարցրել եմ, ասել` կարող ա ինչ-որ բան են սրկսել ընդեղ, ասում ա` ես նման բան չեմ տեսել: Դրա համար մտածըմ եմ` կարող ա ուտելիքի կամ թեյի մեջ են ինչ-որ բան քցել, գիդըմ չեմ՚՚:

Արսեն Խոջոյանի քույրերը` Ալվարդն ու Անին , նաև կրտսեր եղբայրը` Արմանը, ևս առողջական խնդիրներ ունեն: Նրանք այժմ գյուղում են, դարձյալ դեղորայքային բուժում են ստանում: Այսօր տիկին Սվետային նաև զանգահարել են Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնից և տեղեկացրել, որ առողջապահության նախարարի հանձնարարությունն է` բուժզնության ենթարկել Արսենին: Սվետա Խոջոյանն այժմ փորձում է կապ հաստատել Սևանի անասնապահական այդ ֆերմայի ղեկավարի հետ, որ Արսենին մի քանի օրով հնարավոր լինի Երևան տեղափոխել` բժշկական հետազոտության նպատակով:

Սվետա Խոջոյանը դիմում է բարի կամքի մարդկանց` օգնել ընտանիքը դուրս գա այս ծայրահեղ ծանր վիճակից: ՙՙԱրեգակ՚՚ վարկային ունիվերսալ կազմակերպությունից մինչև Արսենի գերեվարվելը, Խոջոյանները վարկ են վերցրել և այժմ, հայտնվելով դժվար վիճակում, չեն կարողանում մարել անգամ տոկոսները: ՙՙԷսօր թե այդ կազմակերպությունից, թե երաշխավորները գլխիս էին թափվել, ասում են, եթե վաղը չմուծեք, դատի ենք տալու, չեմ ուզում դատարան ընկնեմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ` մի քանի ամսով սառեցնեն վարկը, մինչև Արսենս հունի մեջ ընկնի, որ կարողանանք վճարել՚՚,-խնդրում է յոթ զավակների մայրը:

 

Անկախ

Պարգներ մարզական բնագավառի ներկայացուցիչներին՝ մայիսի 28-ի կապակցությամբ

hh8598ce9474ca4bf819cde1ac5ed0945fՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մարզաշխարհի մի քանի ներկայացուցիչներ արժանացել են պարգևների և կոչումների:

 

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է «Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Յաշա Անուշավանի Եղիազարյանը:

 

ՀՀ վաստակավոր մարզչի կոչմանն են արժանացել` «Աշխատանքային ռեզերվներ» մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն Ռոբերտ Էդուարդի Խաչատրյանը, «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Միքայել Լևոնի Հայրապետյանը, ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքական թիմի մարզիչ Հակոբ Լեռնիկի Փիլոսյանը:

 

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամ Ռազմիկ Վաղարշակի Այվազյանը, ՀՀ լողի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Միսակ Արամի Գաբրիելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Լյովա Արտավազդի Սամվելյանը:

 

Միկոյանների կողմից գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե ՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին

collage_photocat

Այսօր հասարակական-քաղաքական քննարկում էր ծավալվել Անաստաս Միկոյանի  հուշարձանի տեղադրման Երևանի ավագանու որոշման, դրա արձագանքների ու հետևանքների թեմայով:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը քննարկման ժամանակ նշեց, որ դեմ է ժողովրդից Անաստաս Միկոյանին հեռացնելու բոլոր փորձերին և ներկայացրեց փաստեր, որ ցույց էին տալիս Միկոյանի` Ստալինի քաղաքականությանը դեմ լինելու հանգամանքը, սակայն արձանի տեղադրման հարցում չի կարողանում կողմնորոշվել`ճիշտ կլինի այն տեղադրել Երևանու ՞ մ, թե ՞ նրա ծննդավայրում:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ եթե մարդուն ասում են սրիկա,  բնականաբար, չի նշանակում, որ նա սրիկա է ամեն ինչում: Ըստ նրա` Անաստաս Միկոյանն  իր կամքով, թե դրան հակառակ` մասնակցել է հայ և մյուս ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործություններին: Նա առաջնորդվել է սեփական շահերով միայն. մեկ կանգնել է Ստալինի, մեկ էլ`  Խրուշչովի կողքին: “Յուրաքանչյուրն էլ ինչ-որ լավ բան անում է, բայց անտեսել Միկոյանի նմանների վատ արարքները, համարում եմ սխալ:  Սովետական Միությունը մեր պատմությունն է, բայց դա չի նշանակում, որ պիտի սրբացնենք այն, սրիկաներին մեծարենք ու նրանց արձանը կանգնեցնենք, ինչ է թե ազգանունն ավարտվում է յան-ով>>,-նշեց Վարդան Հարությունյանը:

Ա1+ հեռուստատեսության տնօրեն Մովսես Մեսրոպյանը  համամիտ է Վարդան Հարությունյանի հետ. “Այդ որոշումը ընդունողների ու Միկոյանների միջև տարբերություն չեմ տեսնում: Երկուսն էլ ուզում են ավելի լավ կաթոլիկ երևալ,քան Հռոմի Պապը: Սա ասում եմ նրա համար, որ Հայաստանում առկա` Հայաստանը ամենայն հայոց գերեզմանոցի վերածելու հոգեբանությունը պիտի վերանա: Այս արձանի տեղադրման հարցն, ըստ իս, քննարկվում է այլ հարցերից հանրային ուշադրությունը շեղելու համար”,-նշեց Մովսես Մեսրոպյանը:

“Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ ինչ-որ առումով  կողմ էր արձանը տեղադրելու գաղափարին. այն լավ միջոց կլինի մանակավարժների համար` ցույց տալու իրենց սաներին, թե ինչպիսին չպետք է լինի մարդը: Սանասարյանը ավելացրեց. “Վանդալիզմին դեմ եմ, բայց խոստանում եմ` այդ արձանը բարվոք վիճակում չի մնալու”: Իսկ վաղը Դավիթ Սանասարյանը Երևանի ավագանու հերթական նիստում “Ժառանգություն” կուսակցության ու այլ ուժերի անունից այս արձանի տեղադրման դեմ հայտարարությամբ է հանդես գալու:

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր տագնապի մեջ ենք: “Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այս քայլը ոտնձգություն է Ցեղասպանությունից մազապուրծ եղած այն հազարավոր հայորդիների հանդեպ, ովքեր չկարողացան մազապուրծ լինել Ստալինյան մեծ ահաբեկչությունից: Պապս էլ նրանցից մեկն էր. մազապուրծ լինելով և հրաշքով փրկվելով թուրքերի չարագործություններից` հետագայում մեղադրվեց Խանջյանականության մեջ, իսկ նրա նման հազարավորները հուշարձանի արժանի են:  Հիմնական հարվածը արևմտահայությանը հասավ` ցեղասպանված արևմտահայությանը. նրանք կասկածի տակ էին, նրանք էին հայ ժողովրդի փլատակները վերականգնողները և անցանկալի տարր էին: Սա մեծ ոճիր էր: Գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին”,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Հայ ժողովրդի այդ “փունջը”, ըստ նրա, արժանի էր հավաքական հուշարձանի: Փոխարենը` “ի ՞ նչ է կատարվում.այսօր այդ Ստալինյան ոճրագործությունների մասնակից Միկոյանի արձանն են ուզում տեղադրել: Արձանի տեղադրման հարցն արծարծելն ու առավել ևս` քննարկելը, խիստ վտանգավոր է ու ամոթալի”,-ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Իսկ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ դեմ է արձանի տեղադրմանը նաև որպես մանկավարժ, քանի որ սերնդին հզոր կերպարներ է պետք դաստիարակել: Նա տեղեկացրեց, որ մշակույթի հանձնաժողովի նիստի ժամանակ ինքն էլ է կողմ քվեարկել արձանի տեղադրմանը`առանց հասկանալու խնդրի ողջ էությունը, սակայն Հայկ Դեմոյանի հայտարարությունից հետո ինքն ու մյուսները անմիջապես կողմնորոշվել են ու դեմ քվեարկել: Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ 140 ստորագրությամբ նամակ են ստացել մտավորականներից ու խնդրում են հանրությանն աջակցել իրենց  բոլոր հնարավոր ձևերով` կանխելու Միկոյանի արձանի տեղադրումը:

 

Թուրք նախարարը խոստացել է սափրել բեղերը, եթե Ստամբուլը ջրի խնդիր ունենա

naxarar Թուրքիայի ջրային ռեսուրսների և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի մերձակա ջրամբարը, որը ապահովում է քաղաքի ջրամատակարարումը, գրեթե դատարկ է: Նախարարի խոսքերով՝ ջրամբարը լցված է միայն 28 տոկոսով:

Դեռ փետրվար ամսին նախարար Էրօղլուն հայտարարել էր, որ քաղաքի ջրամատակարարման հետ ոչ մի խնդիր չի լինի՝ հակառակ դեպքում խոստանալով սափրել բեղերը: Հավանաբար թուրք նախարարը շուտով կմնա առանց բեղերի, քանի որ այսօր նա քաղաքացիներին խնդրել է ավելի խնայողաբար օգտագործել ջուրը: «Ամեն յոթ տարին մեկ Ստամբուլը կանգնում է նման խնդիրների առաջ: Քաղաքում օգտագործվող ջրի ծավալները անհամեմատ աճել են: Ամեն օր մոտ 2 մլն 650 մ3 ջուր է սպառվում: Այս տարի խիստ երաշտ է, տեղումների քանակը 27,5 տոկոսից պակաս է եղել: Սակայն մենք քաղաքացիների հետ միասին կհաղթահարենք այս դժվարությունը»,-նշել է Էրօղլուն:

Անկախ

Ջասթին Տիմբերլեյքի լուսանկարը զայրացրել է պաղեստինցի երկրպագուներին

justin-timberlakeՈրոշ պաղեստինցի երկրպագուների զայրացրել է Ջասթին Տիմբերլեյքի՝ Instagram կայքում կատարած գրառումը: Նախքան մայիսի 28-ին Թել Ավիվում կայանալիք համերգը՝ երգիչը տարածել էր Արևմտյան պատի մոտ արված իր լուսանկարը: Նա լուսանկարի մեկանբանություններում գրել էր, որ ինքը երբեք չի մոռանա սուրբ երկիր՝ Իսրայել, կատարած այցը:

Որոշ երկրպագուներ, որոնց այդ մեկնաբանությունը դուր չի եկել, իրենց դժգոհությունը արտահայտել են մեկնաբանությունների մեջ: Նրանցից մեկը հայտնել է, որ դա երբեք Իսրայելը չի եղել, այլ միշտ Պաղեստինն է եղել, մեկ այլ դժգոհ երկրպագու նշել է, որ Իսրայելը սուրբ երկիր չէ, քանի որ նրանք յուրաքանչյուր օր սպանում են անմեղ պաղեստինցիների:

Համերգի կազմակերպիչը Թել Ավիվում տեղի ունեցած համերգի համար 44,000 տոմս է վաճառել:

Անկախ

Տեղի է ունեցել նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հիմնադիր նիստը

4ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից որպես առողջապահական հասարակական կազմակերպություն գրանցվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Այդ կապակցությամբ  մայիսի 29-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը:

Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Արմեն Մուրադյանը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ինչպես նաև առողջապահության և պաշտպանության նախարարությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Հասարակական կազմակերպության ստեղծման նախաձեռնությունը պատկանում է բժշկական գիտությունների թեկնածու Ռուզաննա Խաչատրյանին: Հանդես գալով բացման խոսքով և պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով ռազմաբժշկական ծառայության արդիականացման գործընթացի անհրաժեշտությունը, Ռուզաննա Խաչատրյանը նշել է, որ բանակի կազմավորման օրվանից սկսած բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են կանգնած եղել զինված ուժերի կողքին` փորձելով կառուցողական մոտեցումներով աջակցել բանակում առկա խնդիրների լուծմանը: Տիկին Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ հասարակական կազմակերպությունն իր նպաստն է բերելու  ԶՈւ ռազմական բժշկության ոլորտի կատարելագործմանը և իր գործունեությամբ աջակցելու է զինված ուժերում առողջապահական գործընթացների կազմակերպմանն ու զինվորական բժիշկների խնդիրների լուծմանը:

2 (2)Նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդհանուր առմամբ կարևորելով հասարակական կազմակերպությունների գործունեությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև զինված ուժերում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ  «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» իր կառուցվածքով և գործունեությամբ կաջակցի ռազմաբժշկական ոլորտին` սկսած կազմակերպչական աշխատանքներից մինչև ոլորտի համակողմանի ուսումնասիրումն ու վերլուծությունը:

Հասարակական կազմակերպության ստեղծման նպատակն է կատարելագործել ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերը, շարունակել բուժսպասարկման աշխատանքների բարեփոխումների գործընթացը, մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցել ռազմական բժիշկներին, ուսումնասիրել և համադրել ՀՀ ռազմական բժշկության հնարավորություններն արտասահմանյան առաջավոր փորձի հետ, ըստ այդմ` առաջարկել զարգացման նոր ուղենիշներ: Այս ամենին հասնելու համար «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը նախատեսում է օգտագործել շահագրգիռ բոլոր կառույցների ու հայրենասեր մարդկանց եռանդն ու ջանքերը:

Անկախ

Ճապոնիայի ափի մոտակայքում նավթատար նավ է պայթել

japan-tankerՀինգշաթի օրը Ճապոնիայի ափի մոտակայքում նավթատար նավ է պայթել՝ նավի կապիտանը անհետ կորած է համարվում:

Հիմեձի նավահանգստից 5 կմ հեռավորության վրա կանգնած 998 տոնա կշռով նավթատարի հրդեհը մարելու համար նավեր և ինքնաթիռ է ուղարկվել:

Փրկարարները փրկել են ութ մարդուց բաղկացած անձնակազմի յոթ անդամների, իսկ նավի 64-ամյա կապիտանը դեռևս անհետ կորած է համարվում:

Բոլոր յոթ փրկվածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից չորսը լուրջ վնասվածքներ են ունեցել:

Նավթատարը պայթյունի ժամանակ դատարկ է եղել, ինչը նվազեցնում է բնապահպանական աղետի վերաբերյալ կասկածները:

Հետաքննություն է կատարվում Ճապոնիայի Հերոսիմա քաղաքում գտնվող ընկերությանը պատկանող նավի պայթյունի պատճառը պարզելու համար:

Անկախ

Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է

2 (1)Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: 3 (2)Հանդիսավոր միջոցառման ընթացքում խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքով: Միջոցառման ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք սպաներ և պայմանագրային զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:  Անկախ

 

Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց…,Պանորամա

համալիրԿ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարկադիր էլեկտրոնային աճուրդն ավարտվեց: Աճուրդի տասը օրերի ընթացքում որևէ առաջարկ չի ներկայացվել: Մեկնարկային գինը, հիշեցնենք, 19 350 000 000.0 դրամ: Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Սարգիս Ցականյանը պարզաբանեց, որ ըստ օրենքի` աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտից հետո երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ: Եվ հաջորդ աճուրդի ժամանակ լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:

«Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը (տվյալ դեպքում կառավարությունը- ԽՄԲ.) աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունել այդ աճուրդի մեկնարկային գնով: ՀՀ անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն»,- նշեց փաստաբանը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35. 4 հոդվածի համաձայն` պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:

Կարևորը սակայն, ըստ Ս.Ցականյանի, օրենքի այն դրույթն է, որն ասում է. «6-րդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների): Այլ կերպ ասած` անշարժ գույքի, մշակութային արժեքների և արժեթղթերի դեպքում օրենքը հնարավորություն է տալիս անսահմանափակ նվազեցումներ կատարել, ինչի արդյունքում կարող են տուժել, ինչպես պահանջատերը, այնպես էլ պարտապանը, քանզի առաջինի դեպքում նա չի կարողանա ամբողջությամբ հետ ստանալ բռնագանձման ենթակա գումարները, իսկ պարտապանի դեպքում` վերջինս կկորցնի ավելին, քան ենթակա էր բռնագանձման իրենից»:

Ս.Ցականյանը նկատեց, որ օրենքի կարգավորումները բավականին շատ մանիպուլյացիաների տեղ են տալիս և այս ամենին տիրապետողը կարող է այդ հնարավորությունից օգտվել: Ի վերջո այս ամենի հիմքում ընկած է լոտը` մարզահամերգային համալիրը վաճառելու խնդիրը, իսկ թե ինչ գնով, սա, ինչպես ասում են, «дело техники»:

Հիշեցնենք, որ  աճուրդի մասին հրապարակումից անմիջապես հետո «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է Հայաստանյան օրենսդրության խախտումներով: Անկախը այս  թեմային հանգամանորեն անդրադարձել է այստեղ:

Դոլարի գինը բորսայում` 413,5 դրամ

դոլարՄայիսի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Apple-ը 3 միլիարդ դոլարով կգնի Beats-ը

dr-dre-beats1Apple ընկերությունը 3 միլիարդ դոլարով գնում է Beats-ը:

Apple-ը սահմանված գումարի 2,6 միլիարդ դոլարը կվճարի տեղում, իսկ մնացած 400 միլիոն դոլարը կվճարի ժամանակի ընթացքում: Apple-ը Beats Electronics-ից կստանա նորաձև սարքեր և Beats Music-ի հեռարձակման ծառայությունը:

Apple ընկերությունը անցած տարվա տվյալներով ունի 159 միլիարդ դոլար բյուջե:

Ամեն դեպքում շատերը կարծում են, որ Apple-ը պարզապես ժամանակ է վատնում Beats-ի հետ կապված նախագծերով: Երաժշտություն հեռարձակող ծառայությունը շուրջ 500,000 օգտատեր ունի, ինչը բավականին քիչ է Spotify-ի 4 միլիոն օգտատերերի համեմատությամբ:

Apple-ը հույս ունի պայմանագիրը կնքել ամառվա վերջին կամ աշնան սկզբին:

Beats-ի համահիմնադիրներն են Ջիմի Յովին և Դոկտոր Դրեն, որոնք հաջողության են հասել երաժշտության հեղինակման ոլորտում, իսկ ընկրությունը ստեղծել են 2006թ-ին:

Կյանքից հեռացավ հայկական հանդբոլի կնքահայրը

a0388885-րդ աշունը չթևակոխած կյանքին հրաժեշտ տվեց հայկական հանդբոլի երախտավոր Սպարտակ Ծառուկյանը: Հիրավի, մեծ է նրա ներդրումն այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու գործում: Ծառուկյանը տարիներ շարունակ գլխավորել է Հայաստանի հանդբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները: Այնպես որ, մեր երկրի բոլոր ճանաչված խաղացողները, այդ թվում նաև հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ներկայիս նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանը, նրա սաներներն են: Պատահական չէ, որ Սպարտակ Իշխանիչին արժանիորեն համարում են մեր բոլոր մարզիկների, մարզիչների կնքահայրը:

Ծառուկյանը ծնվել է 1929-ի նոյեմբերի 7-ին  Սարդարապատում  (Արմավիրի մարզ): 1955-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն բուհի մարզական խաղերի ամբիոնում` որպես դասախոս, 1995-ից կրել է դոցենտի կոչում: Մարզական բնագավառում նա փառահեղ ուղի է անցել: Նախ, Ծառուկյանն ինքն է եղել առաջատար մարզիկ: Ի դեպ, սկզբում հրապուրվել է բասկետբոլով և 1954-ին դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Ապա, անդավաճան նվիրվելով հանդբոլին, նա  խաղահրապարակում իր թիմակիցների հետ միջազգային մրցաշարերում բարձր է պահել Հայաստանի  պատիվը, հետո էլ  արդեն մեր երկրի հավաքական թիմերի գլխավոր մարզիչն է եղել:
1966-ից Ծառուկյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է: Նրա մի քանի տասնյակ սաներ ներկայումս մարզչական աշխատանք են կատարում մեր երկրի տարբեր հաստատություններում: Ընդ որում, այդ մասնագետներից շուրջ մեկուկես տասնյակը կրում են Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում: Ծառուկյանը մի շարք գիտամեթոդական աշխատությունների հեղինակ է:
Նա մինչև կյանքի վերջը մասնակցում էր Հայաստանի հանդբոլային անցուդարձին, ներկա էր գտնվում մրցումներին, ֆեդերացիայի նախագահության նիստերին, օգտակար խորհուրդներ տալիս:
Անվանի մասնագետի հիշատակը հավերժ վառ կմնա ճանաչողների սրտերում:
«Անկախի» խմբագրակազմը  ցավակցում է Սպարտակ Ծառուկյանի ընտանինքին, հարազատներին, կիսում նրանց վիշտը:

Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

001 (2)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Բեյրութի քաղաքային խորհրդում Երևանի հետ համագործակցության սերտացման ու խորացման ուղղությամբ հայազգի քաղաքական գործչի կողմից տարվող աշխատանքներն ու համոզմունք է հայտնել, որ ոչ ուշ ապագայում շոշափելի արդյունքներ կլինեն. «Վստահ եմ՝ Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Բեյրութում հայ համայնքի ունեցած զգալի դերակատարումը ևս հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու համագործակցությունն առավել առարկայական դարձնել», – ընդգծել է Տարոն Մարգարյանը` հատուկ կարևորելով նաև այն հանգամանքը, որ 2000 թվականից ի վեր Երևանը և Բեյրութը եղբայրացած քաղաքներ են:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանը իր հերթին ևս կարևորել է բեյրութահայ համայնքի դերն ու նշանակությունը Լիբանանի կյանքում և համոզմունք հայտնել, որ առաջիկայում Երևանի և Բեյրութի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ Երևանն ու Բեյրութն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար»,- նշել է Արամ Մալյանը և, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի պաշտոնական հրավերը՝ այցով հյուրընկալվելու Բեյրութում, երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումներ

գագիկ հարությունյանՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ մայիսի 29-ին ավարտվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ Երևանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման եռօրյա փուլը:

Քննարկման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը և խթանել առավել ընդգրկուն մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ընթացքում: Քննարկմանը մասնակցում էին իրավաբաններ, լրագրողներ, հասարակական, քաղաքական ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկան Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:

Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, ընդգծեց, որ Սահմանադրությունը պետք է ապահովի ֆունկցիոնալ ու կառուցվածքային այնպիսի մոդել, որով կտրվեն հստակ երաշխիքներ մարդու իրավունքների պաշտպանվածության և դատական համակարգի լիարժեք անկախության համար, պետք է մտցվի գործառութային հստակեցում, որից հետո՝ կառուցակարգային և դատարանակազմական սկզբունքներ: Նա կարևորեց այնպիսի համակարգի ներդրումը, որը պետք է ապահովի դատական համակարգի՝ որպես իշխանության առանձին ճյուղի կայացումն ու ամրապնդումը՝ հիմնվելով զսպման և հակակշռման մեխանիզմի հստակ գործառնականության վրա՝ մատնանշելով ԱՄՆ օրինակը: «Մենք ունենք դատարաններ, բայց արդարադատություն կունենանք այն դեպքում, եթե համակարգը գործի»-նշեց Հանձնաժողովի նախագահը:

Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաև դատարանների գործունեության հայեցողությանը՝ նշելով, որ հստակ սահմանված չեն դրա համար անհրաժեշտ չափորոշիչները: Անդրադարձ եղավ նաև դատարանների ինքնակարգավորման և ինքնակառավարման մեխանիզմների բացերին, որոնք նույնպես բացասաբար են ազդում դատական իշխանության անկախության վրա: Ամփոփելով իր խոսքը՝ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետք է պահպանվի սահմանադրականության հաշվեկշիռը հասարակական հարաբերություններում, այլապես իրավունքների խախտումից հնարավոր չի լինի խուսափել:

Զեկուցող Գ. Ղազինյանն առանձնացրեց 2 կարևորագույն ասպեկտ՝ Սահմանադրությունը պետք է շոշափի հասարակության բոլոր խավերի շահերը, այսինքն՝ գործի իբրև հասարակական համաձայնության ինստիտուտ և Դատական իշխանության կայացման համար ոչ միայն պետք է անդրադարձ կատարվի դատարանակազմական, կառուցվածքային հիմնախնդիրներին, այլև՝ գործառութային ասպեկտին, ինչպես դատական իշխանությունը պետք է իրականացնի իր գործառույթները: Նա օրինակ բերեց գործող սահմանադրության 92-րդ հոդվածը, որտեղ ամրագրվում է, որ «Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով», սակայն Սահմանադրությամբ այդպիսի լիազորություններ սահմանված չեն: Բանախոսը, նաև մտահոգություն հայտնեց կալանքի կիրառման մասով՝ բերելով վիճակագրական տվյալ, համաձայն որի՝ կալանքի վերաբերյալ միջնորդության 95 տոկոսը բավարարվում է: Ըստ նրա՝ դա դատական իշխանության գործունեության արդյունավետության ապահովման երաշխիքների բացակայության մասին է խոսում, ովքեր չեն կարողանում վեր կանգնել անձնական կաշկանդվածությունից: Առաջարկ եղավ նաև Արդարադատության խորհրդում ընդգրկել թոշակի անցած պրոֆեսիոնալ իրավաբանների, ովքեր իրենց փորձով կնպաստեն այդ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Բանախոսների կողմից կարևորվեց Սահմանադրության՝ որպես հասարակական համաձայնության ինստիտուտի արժեհամակարգային բաղկացուցիչը, որը պետք է ապահովի մայր օրենքի գործառնական բավարար մակարդակ՝ հաշվի առնելով անցումային հասարակության արժեհամակարգային փոփոխությունների դինամիկան: Քննարկման ավարտին կազմակերպվեց նաև հարցուպատասխան: Ներկաներին մտահոգում էին դատական համակարգի անկախութայն մեխանիզմների ապահովման, ատենակալների ինստիտուտի ներդրման, դատական եռաստիճան համակարգից երկաստիճանի անցման և այլ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Անկախ

Արամ MP3-ն պարգևատրվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով

արամՄայիսի 29-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպված «Ուսանողական գարուն» ծրագրի ընթացքում բուհի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց բժշկական համալսարանի շրջանավարտ, բժիշկ, սիրված երգիչ Արամ MP3-ին։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, հանձնելով հուշամեդալը, ընդգծեց, որ Արամ MP3-ն՝ Արամ Սարգսյանը, ում իրենք առաջին հերթին որպես բժիշկ են հիշում, մեծ ներդրում է ունեցել բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի մշակութային կյանքում։

Ինքը՝ Արամ MP3-ին, նշեց, որ երկար ժամանակ չէր եղել բուհում. «Հիշեցի ուսանողական տարիներս, ինչպես էինք հենց այս բեմից ամեն ինչ սկսում։ Սկսեցինք 2002 թվականից, ջրիկություններ էինք անում, ընկերներս դարձան պրոֆեսիոնալ բժիշկներ, ես շարունակեցի իմ գործունեությունն այս բնագավառում։ Շնորհակալ եմ, երբեք չեմ մոռանա իմ ալմա մատերը»։

«Ուսանողական գարուն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԵՊԲՀ ՈՒՀԱ-ի միջֆակուլտետային առաջնություն: Միջոցառման ինտերակտիվ հումորներին մասնակից էին դառնում նաև ԵՊԲՀ աշխատակիցները: Ցերեկույթի ընթացքում հնչեցին սիրված երգեր «Մեդունի» էստրադային համույթի մեներգիչների կատարմամբ։ Հանդես եկավ նաև «Կոմիտաս» երաժշտախումբը:

Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ պարգևատրում «Լավագույն ուսանող», «Լավագույն խումբ», «Լավագույն ամբիոն», «Լավագույն դասախոս» անվանակարգերում։ Մրցանակներ ստացան նաև «Առողջ բժիշկ» մարզական միջոցառման հաղթողները։

«Ուսանողական գարուն» ծրագիրը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունՀՀ Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները 2014թ. մարտի 6-ին` ժամը 03:00-ի սահմաններում, գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Կ.-ին, սակայն վերջինիս բերման և անձնական խուզարկության ենթարկելու վերաբերյալ կազմված արձանագրություններում մտցրել են կեղծ տեղեկություններ: Բացի դրանից, ոստիկանները Սամվել Կ.-ին տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով նրա իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:

Սեյրան Օհանյանն այցելել է Ռազմիկ Կարապետյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

SIP_3932 copyՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 28-ին այցելել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց:

Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Գառնիում 40 տարի առաջ հիմնել է Ռազմիկ Կարապետյանը:

Մարզադպրոցում մայիսի 28-ին անցկացվել Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի և Համբարձում Աբելյանի անվան միջազգային պատանեկան հուշամրցաշարը: Նույն օրը տեղի է ունեցել նաև անվանի մարզչի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Հուշարձանը բացելու համար հրավիրվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Երկու գերատեսչությունների ղեկավարները նաև պարգևներ են հանձնել հուշամրցաշարի լավագույն ըմբիշներին: