Թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն դարձել է Արգենտինայի պատվավոր քաղաքացի

zarakolu (1)Թուրքական «Բելգե» հրատարակչության հիմնադիր, թուրք մտավորական, հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքային օրենսդիր խորհրդի կողմից ստացել է Արգենտինայի պատվավոր քաղաքացու կոչում: Արգենտինյան իշխանությունների կողմից Զարաքոլուին շնորհվել է նաև արիության շքանշան մարդու իրավունքների, այդ թվում և փոքրամասնությունների իրավունքների, խոսքի և հրապարակումների ազատության բնագավառում մղած պայքարի համար: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել քաղաքային խորհրդի շենքի Եվա Պերոնի անվան դահլիճում:

Նշենք, որ Զարաքոլուն քանիցս եղել է նաև Հայաստանում, արժանացել Հակոբ Մեղապարտի անվան շքանշանին և ՀՀ նախագահի մրցանակին Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, խոսքի ազատության եւ մարդու իրավուքների համար մղած սկզբունքային պայքարի համար:

Անկախ

Ուորլիքի հայտարարությունը հայանպա՞ստ քայլ է, թե՞ սադրանք

8305e58b591b851bfc81a69b10024b3b-472x265

Սոցիալական ցանցերում շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ:

Ֆեյսբուքի օգտատեր Վազգեն Ղազարյանը հետևյալ վերլուծությունն է արել.

«Մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը և ոչ միայն: Կարելի է ասել` ներկայացնելով, այսպես ասած, ԱՄՆ-ի դիրքորոշումը, նա ներկայացրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ նա մեծ հաշվով ոչ մի նոր բան չի ասել: Նա պարզապես ներկայացրել է հակամարտության կողմերի միջև պայմանականորեն հաստատված փոխզիջման հիմնական տարրերը, որոնք հանրայնացվել էին դեռ 2009թ-ին:

Այնպես որ, առաջին հայացքից, ինչպես որ քիչ առաջ նշվեց, նա ոչ մի նոր բան չի ասել, քան այն, որ վերահաստատել է մի բան, որին տեղյակ էին բոլոր կողմերը (խոսքը նաև հասարակությունների մասին է) դեռ տարիներ առաջ, սակայն դրա ներկայացնելու ձևը բավական ուշագրավ է և արժանի մեկնաբանության:

Ինչպես հիշում եք, այս վեց կետերը մշտապես շահարկման առիթ էին դառնում տարբեր փորձագետների, քաղաքագետների կողմից, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների և հատկապես ադրբեջանցի պաշտոնյաների կողմից: Մենք հիշում ենք, թե ինչպես էր ադրբեջանական կողմը բազմիցս մանիպուլյացիայի ենթարկում առկա կետերը և սահմանում էր իրեն հարմար առաջնահերթությունը` անտեսելով այն կետերը, որոնք պաշտոնական Բաքվի շահերից չէին (չեն) բխում: Ուորլիքը, սակայն այդ առումով իր ելույթում արել է շատ հստակ հայտարարություն, որը, այսուհետ ըստ էության, ի չիք է դարձնում Բաքվի նման քաղաքականության հետագա փորձերը:

Այսպիսով՝ ամերիկացի պաշտոնյան ասել է մասնավորապես հետևյալը. «Կա վեց կետ, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս կետերի (կամ էլ տարրերի) հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասները, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:
Կարճ ասած՝ այսուհետ, եթե նույնիսկ Ադրբեջանը փորձի էլ սեփական քաղաքականության համար իրեն նպաստավոր, ձեռնտու կերպով մեկնաբանել եղած սկզբունքները, ապա դրանք ոչ մի արժեք չպետք է ունենան նաև ադրբեջանական հասարակության համար, քանի որ ի դեմս Ուորլիքիմ մենք այժմ գիտենք միջազգային հանրության հստակ վերաբերմունքը նման ապակառուցողական քաղաքականության հանդեպ:

Ինձ համար երկրորդ ամենաուշագրավ պահը Ջեյմս Ուորլիքի ելույթում վերաբերում էր Արցախին և այդ երկրի ղեկավարության հետ իր հանդիպումներին: Նա իր ընդհանուր ելույթում, խոսելով Արցախի քաղաքական էլիտայի հետ հանդիպման մասին, ասել է հիմնականում հետևյալը. «Ես նաև Լեռնային Ղարաբաղում եմ եղել, որտեղ հանդիպել եմ դե ֆակտո իշխանությունների հետ, լսել նրանց դիրքորոշումները: Եկող շաբաթ կրկին նախատեսում եմ լինել այնտեղ՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները»:

Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչը փաստացի հակամարտության կողմ է ճանաչում նաև Արցախին, իսկ գուցե հենց միայն Արցախին: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ուորլիքը իր թվիթերյան գրառումներից մեկում ասել էր, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Արցախի և Ադրբեջանի: Այս ելույթով կարելի է ասել, որ եթե անգամ ամերիկացի պաշտոնյան չի վերահաստատում իր ավելի վաղ արած պնդումը, ապա առնազն Արցախը ճանաչում է որպես հակամարտության կողմ, որն ինքն իրենով աննախադեպ է վերջին տարիներին ընթացող բանակցությունների շրջանակներում:

Այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչ դրդապատճառներ են ստիպել ԱՄՆ-ին նման կեցվածք ընդունել Արցախյան հակամարտության համատեքստում: Տեսեք, այն, որ ԱՄՆ-ի կողմից վերջին շրջանում նկատվում է ակտիվացում այս հարցում և այն էլ որոշ առումներով հայամետ կեցվածքով, ակնհայտ է, բայց նույնքան ակնհայտ չէ, թե որոնք են դրա հիմքում ընկած դրդապատճառները: Այնպես որ, ինչքան էլ առաջին հայացքից հայամետ թվա Ուորլիքի ելույթը, այն նաև մեծ վտանգներ է իր մեջ պարունակում: Չի բացառվում նաև, որ սա սադրանք լինի, բայց ամեն դեպքում շատ առաջ չանցնենք նման ենթադրություններով և սպասենք դեպքերի հետագա զարգացմանը»:

 

Անկախ

Աշխարհի ամենաազդեցիկ մայրիկները

pic_97d738e79dce5f3c64d6056fe6f08c14Մայրիկների տոնի առթիվ, որն աշխարհի շատ երկրներում նշվում է մայիսի 11-ին, բրիտանական  Working Mother հրատարակությունը հրապարակել է մոլորակի ամենաազդեցիկ մայրիկների ամենամյա վարկանշային ցուցակը: Թոփ 50-ում շոու բիզնեսի ներկայացուցիչներ են, քաղաքական գործիչներ ևն :

Գիտությունով, ֆինանսներով կամ էլ բարձր տեխնոլոգիաներով զբաղվող կին-մայրիկների շարքում ազդեցիկ են ճանաչվել Apple –ի փոխնախագահ Անժելա Արենդթսը, Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրեն Շրի Մուլյանի Ինդրավաթին, JPMorgan Chase-ի ավագ փոխնախագահ Մարիանն Լեյքը,  Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, Facebook-ի օպերացիոն գլխավոր տնօրեն Շերիլ Սանդբերգը, միջազգային մարտավարության գծով տնօրեն Կետի Ջեյքոբսը:

Հաջողակ  քաղաքական գործիչ -մայրիկներ են ճանաչվել Թաիլանդի արդեն նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթն ու Նյու Յորքից սենատոր Կիրստեն Ջիլիբրենդը:

Ժամանցային արդյունաբերության ներկայացուցիչներից ցուցակը կազմողները հատկապես առանձնացրել են Քրիստինա Ագիլիերիին, Բեյոնսեին, Շակիրային, Սանդրա Բուլոկին, Քերի Վաշինգտոնին, Քիմ Քարդաշյանին:

Նորաձևության ոլորտ. Վիկտորիա Բեքհեմ, Թորի Բյորչ:

Ամենաազդեցիկը ֆիլանտրոպ մայրիկներից  նշվում է Մելինդա Գեյթսի անունը (Բիլլ Գեյթսի կինը), որը բարեգործական  Bill and Melinda Gates Foundation.հիմնադրամն է կառավարում:

Ազդեցիկ մայրիկ ընտրելու համար հաշվի է  առնվել  ոչ միայն նրանց ազդեցությունը որոշակի ոլորտում, այլև տաղանդը, ինչպես նաև` «ինովացիաների ձգտումը»:

Անկախ

Սաուդյան Արաբիան ուխտագնացների համար առանձին օդանավակայան է կառուցելու

pic_5b5de6718ae6ddbc627aaccef529b38cՍաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Թաիֆ քաղաքում կառուցելու են միջազգային  օդանավակայան` Մեքքա ուղևորվող ուխտագնացների համար: Երկրի ավիացիայի իշխանությունները մտադիր են մրցույթի արդյունքերով  պայմանագիր կնքել 2015-ի առաջին կեսին: Այն ծառայելու է ամենամյա  հաջի ուխտագնացներին սպասարկելու նպատակին:  Ամեն տարի Մեքքա է այցելում 13 մլն մահմեդական: Նրանց մեծ մասը ժամանում է  Ջիդայի հատուկ տերմինալ, մնացածները` Մեդինա, իսլամական սրբազան երկրորդ քաղաքը: Մեդինայում է մուհամեդ Մարգարեն ստեղծել աշխարհում առաջին համայնքը:

Թաիֆում գործող օդանավակայանը որը Մեքքայից 70 կմ հեռավորության վրա է գտնվում, հիմա հիմնականում ներքին չվերթներին  է սպասարկում:

Անկախ

Ովքե՞ր կարող են Էրդողանի հետ պայքարել նախագահի պաշտոնի համար

նախագահական  Թուրքական «SONAR» հետազոտական կենտրոնի նախագահ Հաքան Բայրաքչըն ամերիկյան «Wall Street Journal» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրություններում վարչապետ Թայիփ Էրդողանի հետ կարող է մրցակցել միայն չորս անուն: Դրանցից առաջինը թուրք քաղաքական գործիչ և իրավաբան Հուսամեդդին Ջինդորուքն է, որը 1993 թվականին նախագահ Թուրգութ Օզալի մահից հետո մի քանի ամիս եղել է նախագահի պաշտոնակատար: Հաջորդը ԺՀԿ-ի նախկին անդամ, թուրք քաղաքական գործիչ Իլհան Քեսիջին է, որը աշխատել է հիմնականում արտաքին գերատեսչություններում: Քննարկվում է նաև անվանի քաղաքական գործիչ, 1993-2000 թթ. Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի թեկնածության հարցը: Բայրաքչըն նախագահի թեկնածուների շարքում տեսնում է նաև 1999-2001 թթ. Թուրքիայի ներքին գործերի նախարար Սադեթթին Թանթանին:

Մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ եթե թուրքական ընդդիմությունը՝ Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները միավորվեն և ընտրություններին առաջադրեն մեկ միասնական թեկնածուի, ապա Էրդողանի հետ պայքարելու շանսերը անհամեմատ կավելանան: Ընդդիմադիր կուսակցությունները այս հարցի շուրջ առաջին հայտարարություններն արդեն արել են:
Անկախ

Քննարկվել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու հարցեր

  սերգո  Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ  կայացել է  խորհրդակցություն,  որին մասնակցում էին նաև  ՀՀ տարածքային  կառավարման նախարարության  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրնախագիծ»  ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը,  Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզպետարանների  գյուղվարչության պետերն ու ԳԱՄԿ-երի  տնօրենները, գյուղատնտեսության և  ջրային տնտեսության  ոլորտների լավագույն մասնագետներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաների հետ քննարկել է  սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու և համակարգված գործողություններ իրականացնելու հարցեր։

Նշվել է, որ հաշվի առնելով աննպաստ եղանակային պայմաններն ու  ջրամբարներում կուտակված  ջրի աննախադեպ  նվազ պաշարները, ինչպես նաև ոչ պակաս անհանգստացնող օդերևութաբանական կանխատեսումները, Սևանա լճից լրացուցիչ  ջրառ սահմանելը Արարատյան հարթավայրի  ստորգետնյա ավազանի  սակավաջրության խնդրին լուծում տալու միակ  այլընտրանքն է։

Նման իրավիճակը պահանջում է նաև միջգերատեսչական  համակարգված  գործողություններ,  որի համար  որոշվել է՝

  • վերանայել ջրտուքի նորմաները,
  • սահմանել  մշակաբույսերի ոռոգման   առաջնահերթությունները,
  • սահմանել ոռոգման նոր կարգ,
  • կազմակերպել մշակաբույսերի գիշերային ոռոգում,
  • ջրի խնայողական  ռեժիմների պահպանման վերահսկողության համար Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ ընդգրկելով  նրա կազմում  գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների,  ջրային տնտեսության պետական կոմիտեի և մարզպետարանների ներկայացուցիչներին։ Պահանջել աշխատանքային խմբերից ամենօրյա գործնական աշխատանք` առկա խնդիրներին ժամանակին լուծում տալու համար:
  • Վիճակի լրջության  ու նոր պայմաններում սպասվող սահմանափակումների  մասին օպերատիվ կարգով տեղեկացնել  բոլոր ջրօգտագործողներին։
  • Մշակել մեթոդական ցուցումներ և խորհրդատվական թերթիկների տեսքով տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

Ամփոփելով քննարկումը, նախարար Սերգո Կարապետյանը նշեց. «Ինչքան էլ դժվար է տարին, ինչքան էլ ստիպված համազգային խնդիրների համար կրկին դիմում ենք Սևանին, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեր համակարգված աշխատանքը դրական արդյունք է տալու, և մենք անպայման կարողանալու ենք ապահովել ընթացիկ տարում մեր առջև դրված խնդիրների իրականացումը»:

 

Երկրաշարժ Իրանի տարածքում

երկրաշարժՄայիսի 8-ին, ժամը 12.44-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.450 և արևելյան երկայնության 46.880:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Մեղրի և Կապան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ֆրանսիացիները շփոթել են Թուրքիայի և Թունիսի դրոշները

    tunisՖրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը հանդես է գալիս Թուրքիայի ԵՄ անդակացության դեմ, Եվրախորհրդարան մտնելու նախընտրական քարոզարշավի ժամանակ իր բլոգում հակաթուրքական թեզիսներ է հրապարակել: Սակայն գրառումների ներքո տեղադրվել է ոչ թե Թուրքիայի, այլ դրան շատ նման Թունիսի դրոշը:

    «Ազգային ճակատ» կուսակցությունը Եվրախորհրդարանում տեղ զբաղեցնելու համար պայքարելու է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Միություն ազգային շարժման համար» կուսակցության հետ: ԵԽ ընտրությունները տեղի կունենան մայիսի 22-25-ին:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

 6287Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանն ամփոփված Խորհրդային միության հերոսներ՝ ականավոր պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նախօրեին Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հաղթանակին իրենց զգալի ներդրումն ունեցած հայ նշանավոր զորավարների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

 

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպումը

6274

6279

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:


***


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ Մոսկվայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Սկսեմ Ռուսաստանի Նախագահի հասցեին անկեղծ երախտագիտության խոսքերով՝ մեր կողմից հավասարապես պատվելի և բոլորիս միավորող տոնի՝ Հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին Մոսկվա այցելելու հրավերի համար:

Մենք ներկայացնում ենք պետություններ, որոնց ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմում ամենաշատ կորուստներն են կրել, վճռորոշ ներդրում ունեցել Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում: Եվ մեր ընդհանուր պարտքն է՝ խնամքով պահպանել նրա ժառանգությունը, անել ամեն հնարավորը, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը միավորեն երկրների և ժողովուրդների, ծառայեն նոր սպառնալիքների կանխմանը:

Նաև շնորհակալ եմ ոչ պաշտոնական միջավայրում առավել սուր, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորության համար:

Մեր երկրների պաշտպանունակության, հավաքական անվտանգության համակարգի մարտունակության և արդյունավետության բարձրացման խնդրին է ենթակա և՛ երկկողմ մակարդակով, և՛ տարածաշրջանային կազմակերպությունների ձևաչափով, բնականաբար, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող ամբողջ աշխատանքը: Այդ աշխատանքը տարվում է՝ հաշվի առնելով միջազգային իրադրության զարգացման ընթացքը:

Վստահ եմ, որ դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ:

Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում:

Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:

Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաև բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:

Վլադիմիր Վլադիմիրի, հուսով եմ, որ այսօր ոչ պաշտոնական միջավայրում Դուք մեզ կներկայացնեք Ուկրաինայում իրադրության զարգացման Ձեր տեսլականը: Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների:

Մենք այսուհետ ևս պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ուղղված անդամ-պետությունների համար ռիսկերի նվազեցմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը՝ հիմնվելով, առաջին հերթին, «Մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների» վրա: Պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության համատեղ հնարավորությունների զարգացման հարցերը: Եվ այստեղ կարևոր են ինչպես պարբերաբար անցկացվող վարժանքները՝ «Նելեգալ», «Կանալ» և «Պրոկսի» գործողությունները, այնպես էլ զորքերի մարտունակության մակարդակի, դրանց համադրելիության և շարժունակության կարողությունների անակնկալ ստուգումները: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ 2015թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել ՀԱՊԿ խաղարար ուժերի զորավարժություն՝ «Անխախտ բարեկամություն-2015», որոնք, վստահեցնում եմ ձեզ, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով:

Կարևոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը և ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը:

Ընթացիկ տարվա հուլիսի 1-2-ին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ կանցկացվի անվտանգության հարցերով «ՄԱԿ սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղարար ներուժի ինտեգրում խաղաղ օպերացիաների գլոբալ համակարգում» թեմայով երևանյան միջազգային ռազմավարական համաժողով: Սա առաջին այսպիսի համաժողովն է, և ես գործընկերներին խնդրում եմ աջակցել նախաձեռնությանն ու հանձնարարել մասնակից-պետությունների համապատասխան կառույցներին՝ ապահովել մասնակցության բարձր մակարդակ:

Հավաքական անվտանգության խորհրդի Սոչիի նստաշրջանում մենք հանգամանորեն խոսեցինք Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Քննարկեցինք Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում իրադրության զարգացման հնարավոր սցենարները: Այժմ այդ ամենն ավելի ընդգծված բնույթ է կրում: Ես նկատի ունեմ նաև Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ մասնակից-պետություններին՝ սիրիական հայաբնակ Քեսաբի հարցի կապակցությամբ դիրքորոշման համար, որն արտահայտվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014թ. ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ: Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ պետք է ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով:

Շնորհակալ եմ Ձեզ: Շնորհակալ եմ ուշադրության համար:

Դավիթ Հարությունյանի բաց նամակը ՌԴ Դեսպանին.Առավոտ

posterՀարգելի Իվան Վոլինկին «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ձեր հարցազրույցում դուք ասել եք, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։ Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար նրանց գործողությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է հայ – ռուսական բարեկամության դեմ ուղղված գործողություններին, ապա կարծում եմ, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկել կամայական ցանկություններ իրականացնելու վայր։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդն իրավունք ունի արտահայտել իր ազատ խոսքը։ Հետագայում այսպիսի խնդիրներից զերծ մնալու նպատակով, կցանկանայի ձեր և Հայաստանում այլ արտակարգ և լիազոր դեսպանների ուշադրությունը գրավել 1961թ․ ապրիլի 18-ին կնքված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվեկցիայի 41-րդ․ հոդվածի 1-ին մասի վրա։ Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Անկախ

Կրթական հատուկ հաստատությունների սաների համար ֆուտբոլային մրցաշար է անցկացվել

004Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Լսողության խանգարում ունեցող երեխաների Երևանի հատուկ կրթահամալիր, որտեղ սովորում են երևանաբնակ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից եկած 133 երեխաներ և հանրակրթական գիտելիքներից բացի ստանում են նաև արհեստագիտական կրթություն։ Քաղաքապետի տեղակալը շրջել է դասասենյակներում, գորգագործության, վարսահարդարման, կաշվեգործության, կարուձևի և այլ արհեստագործական կաբինետներում ծանոթացել է ուսուցման մասնագիտական առանձնահատկություններին։

Այնուհետ Երևանի քաղաքապետի տեղակալը ներկա է գտնվել կրթահամալիրին կից մարզադաշտում անցկացված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են մայիսի 6-8-ը անցկացված Երևանի հատուկ դպրոցների ֆուտբոլային թիմերը։ Արամ Սուքիասյանը  ողջունել է մրցաշարը կազմակերպելու նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել հատուկ դպրոցների մանկավարժներին բարդ ու կարևոր, նաև արդյունավետ աշխատանքի համար։

«Շնորհակալություն, որ ջանք չեք խնայում անելու հնարավորը այս երեխաների ինչպես հանրակրթական պրոցեսը կազմակերպելու, նույնպես և երեխաների առօրյան ճիշտ ու գրագետ կազմակերպելու համար։ Շնորհակալություն այն հոգածության համար, որը յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ձեր վերաբերմունքն է»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Երևան քաղաքի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում անցկացված ֆուտբոլի մրցաշարին մասնակցել են հատուկ դպրոցների, կրթահամալիրների, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների 110 աշակերտներ։ Հաղթող թիմերին մրցանակներն ու պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով՝ նման մրցաշարը ևս մեկ ձեռնարկում է՝ ուղղված գիշերօթիկ և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների առողջության ամրապնդմանը և հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրմանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեղրու բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի 2015-ին

gen planՄեղրու տարածաշրջանի մի խումբ բնակիչներից ստացված հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրով Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2015 թվականին։  Մեղրու և Ագարակի միջև ընկած հատվածում` երկու քաղաքների  բնակչության համար մատչելի վայրում կառուցվող կենտրոնը  կհագեցվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով։  Նորակառույց շենքում կմիավորվեն  այժմյան Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի  ստացիոնար բոլոր ծառայությունները, որոնք ներկայումս տրամադրվում են Մեղրու բժշկական կենտրոնում և Ագարակի հիվանդանոցում` երկու քաղաքների բնակիչների համար ստեղծելով ծառայությունների մատչելիության անհավասար պայմաններ։

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1172 որոշմամբ նախատեսվել էր Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի համար կառուցել նոր շենք մինչև 2012 թվականի ավարտը: Սակայն պարտադիր ընթացակարգերի ապահովումն այդ հնարավորությունը չընձեռեց։

Նոր հիվանդանոցի կառուցման համար Մեղրու քաղաքապետարանը հողատարածք է հատկացրել 2010 թվականի հուլիսի 15-ին: Բժշկական կենտրոնի  նախագծման պայմանագիրը կնքվել է 2011 թվականի օգոստոսի 30-ին, իսկ նախագծման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի օգոստոսին: Մշակվել է նաև շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույցը և բժշկական կենտրոնի շահագործման բնապահպանական կառավարման պլանը, որի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 6-ին կազմակերպվել են հանրային լսումներ:

Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան` 2012 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվել է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: Սակայն հաղթող չի ճանաչվել` նախահաշվային գնից գնառաջարկների առնվազն 60%-ով բարձր լինելու պատճառով:

Համաշխարհային բանկի ընթակարգերով նախատեսված միջոցառումներն ապահովելուց հետո 2013 թվականի ապրիլի 11-ին հայտարարվել է կապալառու կազմակերպության ընտրության միջազգային նոր մրցույթ, և 2013 թվականի օգոստոսի 6-ին Համաշխարհային բանկի ընթացակարգերին համաձայն, ընտրված կապալառու «Պառեքս–գազ»  ՍՊԸ հետ կնքվել է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր: Պայմանագրի ավարտ է նախատեսված 2015 թվականի երկրորդ կիսամյակը:

 

 Անկախ

 

 

Մայիս-վայիս. Ինչու՞ մայիսին չեն ամուսնանում. սնահավատություն, թե՞ հիմնավոր տեսակետ

DSC06681 Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մայիս ամսվա ամուսնությունների  վերաբերյալ ժողովրդի շրջանում տարածված համոզմունքները քննարկեցին Այրարատյան հայրապետական թեմի Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու և Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը և քուրմ Գեղամը:

“Ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին որևէ ամսին  ամուսնություն չի արգելում, բացի Մեծ պահքի վերջին` Ավագ շաբաթվա ամուսնություններից: Սա ընդամենը  սնահավատություն է. ես ինքս էլ մայիս ամսին կատարել եմ պսակադրության արարողություններ և,  փառք Աստծո, այդ ընտանքիներն ապրում են խաղաղ, երջանիկ: Իսկ այդ սնահավատությունը, կարծում եմ, կապված է նրա հետ, որ հնում մայիս ամիսը աղքատ ամիս է եղել. նախորդ բերքը վերջացել է, իսկ նորը դեռ չի եղել, այդ պատճառով ժողովուրդը կոչել է “մայիս-վայիս” և ուրախության արարողություններ չեն կատարել, բայց Հայ առաքելական եկեղեցու կողմից նման արգելքի խնդիր բնավ չկա”,- նշեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

“Նախ շնորհավորում եմ մայիս ամսվա մեր հաղթանակների առիթով և թող Վահագն Աստված ձեզ զորավիգ լինի”,-լրագրողներին ողջունեց քուրմ Գեղամը և նշեց, որ պսակադրությունը ունի խորհուրդ. սա զուտ տղայի և աղջկա ամուսնություն չէ. մեր ավանդական հայ պատկերացումներում սա երկու տոհմերի դաշինքն է,  և այն պսակադրությամբ հաստատելու խորհուրդը պետք է լիառատ սեղանով նշել: Քուրմ Գեղամը համաձայնեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանի այն մտքին, որ սա ժողովրդական սնահավատություն է և մեկնաբանեց, որ երբ հին պտուղը, ընդեղենը վերջացել է, այդ դաշինքը նշելու համար առատ սեղան պատրաստելու հնարավորությունը սուղ է եղել:  “Սրանով է պայմանավորված այդ համոզմունքը, և մենք չենք խրախուսում մայիսին ամուսնություններ չկատարելը”,-ավելացրեց քուրմ Գեղամը:

“Անկախի” այն հարցին, թե ցեղակրոնները խրախուսու՞մ են հայի և այլազգիի ամուսնությունը, քուրմ Գեղամը պատասխանեց, որ արիական բոլոր ազգերի ամուսնությունը, որոնց նախահայրենիքը Հայաստանն է և կրում են արիական արյուն,  խրախուսում են, իսկ ոչ արիական ազգի հետ հայերի ամուսնությունը գենախեղման է հանգեցնում. դա էլ ժամանակակից աշխարհի չարիքներից է:

“Չի կարող հայ տղամարդը ամուսնանալ այլ ռասսայի ներկայացուցչի հետ և ունենալ նորմալ երեխա”,-նշեց քուրմ Գեղամը:

Իսկ այն հարցին թե հայ եկեղեցին ընդունում է քրիստոնյայի և, օրինակ, մահմեդականի ամուսնությունը, քահանան պատասխանեց. “Մենք նման պսակը չենք ընդունում, չենք կատարում”:

Այս հարցի վերաբերյալ քուրմ Գեղամն այլ պատկերացում ունի. “Եթե նույնիսկ մահմեդական է, մեզ համար դա նշանակություն չունի, կարևորը, որ  հայ է և արյունը մաքուր է”:

Աջակցություն է տրամադրվել Մկրտչյանների անօթևան ընտանիքին

օգնությունԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական և պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթևան ընտանիքին:

Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա  Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր  կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն,  ընտանիքը մերժել է։ Ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանը, իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության, հոգածության և  ցուցաբերած աջակցության համար։

Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ ընտանիքի հետ աշխատանքը կլինի շարունակական, նրանց կընդգրկեն նաև սոցիալական հնարավոր ծրագրերում։

 

 Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՄայիսի 7-ին, ժամը 00.05-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցից Դավիթաշենի 2-րդ թաղամաս տանող փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մազդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 6-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 34 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 03.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 50 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 20.45-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Սեատ Տոլեդո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 18.30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կամրջի վրա «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, կողաշրջվել և կամրջից ընկել ցած, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 7-ին, ժամը 21.30-ին, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու և մարմնական վնասվածքով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Դպրոցից համակարգիչներ գողացողները հայտնաբերվեցին

ՀամակարգիչներԱպրիլի 8-ին, ժամը 14.00-ին, թիվ 103 ավագ դպրոցի տնօրենից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դպրոցի 3-րդ հարկի` համակարգիչների համար նախատեսված դասարանի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մետաղյա 2 պահարանները` գողացել «Նոութ-բուք» տիպի 21 համակարգիչ և համակարգչի 1 սարքավորում:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` մայիսի 6-ին, ժամը 14.40-ին, Աճառյան փողոցի թիվ 30 շենքի դիմացից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արման Ա.-ին, իսկ ժամը 15.00-ին բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ու հանցանքը կատարողները հանձնվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:

Անկախ

Մեղադրանքը` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ

ձերբակալությունՈստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 7-ին, ժամը 12.00-ին, Այնթապ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սեյրան Կ.-ին, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ/ մեղադրանքով:

Անկախ