Daily Archives: May 13, 2014
Հայոց ցեղասպանության մասին Օբաման բազմաթիվ վկայակոչումներ լսեց Շոայի միջոցառման ժամանակ
Այս տարվա մայիսի 7-ին, Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում ես մասնակցել եմ մի շատ տպավորիչ բարեգործական միջոցառման` նվիրված Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի 20-ամյակին, որը հավաքագրում է՝ Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները և 1937 թվականի Նանկինի կոտորածը վերապրածների ու ականատեսների վկայությունները:
Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նկարահանումներից հետո ստեղծեց Շոայի հիմնադրամը` Հոլոքոստը վերապրածների և այլ ականատեսների անձնական տվյալների հավաքագրման և պահպանման նպատակով: 2006 թվականին Շոայի հիմնադրամը մաս կազմեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և այժմ այնտեղ պահվում են 52 հազար տեսագրված վկայություններ` 58 երկրներ ներկայացնող 34 լեզուներով: Այն իր տեսակի մեջ ամենամեծ արխիվն է ամբողջ աշխարհում:
Միջոցառմանը մասնակցում էր նախագահ Օբաման, ով արժանացավ «Մարդկության դեսպան» բարձր պարգևին: Մասնակիցների թվում էին նաև Սամուել Ջեկսոնը, Օկտավիա Սփենսերը, Բարբարա Սթրեյզանդը, Լիամ Նիսոնը և Բրյուս Սփրինգսթինը, վերջինս կատարեց իր` «Ավետյաց երկիր» և «Պար մթության մեջ» երկու հուզիչ երգերը:
2010 թվականին Հայկական ֆիլմերի հիմնադրամը և Ջ. Մայքլ Հակոբյանը ստորագրեցին պատմական համաձայնագիր Շոայի հիմնադրամի հետ` Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների տեսահարցազրույցների թվայնացման, պահպանման և տարածման համար: Անցյալ ամիս հայկական վկայությունների 400 թվայնացված պատճեններ հանձնվեցին Շոայի հիմնադրամի Վիրտուալ պատմության և կրթության ինստիտուտին: 2015 թ. Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ, հայկական վկայությունները` թարգմանությունից, ենթագրերի տեղադրումից և ինդեքսավորումից հետո, Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ականատեսների տվյալների հետ միասին, մատչելի կդառնան 30 երկրների 50 հաստատություններում (այդ թվում` ԱՄՆ Հոլոքոստի թանգարանում):
Մոտ 100 ամերիկահայեր մասնակցեցին մայիսի 7-ի միջոցառմանը` Շոայում հայկական հավաքածուի համար հավաքելով ավելի քան 100 հազար դոլար: Երեկոյի ընթացքում բազմաթիվ հիշատակումներ եղան Հայոց ցեղասպանության մասին: Սփիլբերգն առաջինն էր, որ հայտարարեց Շոայի արխիվներում Հայոց ցեղասպանության վկայությունները ընդգրկելու ծրագրի մասին: Մասնակիցների ուշադրությանը ներկայացված տեսաֆիլմում ցուցադրվեցին Ջ. Մայքլ Հակոբյանի, ցեղասպանությունը վերապրած Փոլ Անտոնյանի և հայ բռնագաղթվածների մի շարք լուսանկարներ: Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթիվեն Սմիթը ևս խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով Եվնիգե Սալիբյանին` Ցեղասպանությունը վերապրած 104-ամյա կնոջն Այնթապից: Երեկոյին հյուրընկալած կատակերգու Քոնան Օ’Բրայանն ամբիոնից տիկին Սալիբյանին ներկայացնելուց հետո միջոցառման ավարտին մոտեցավ նրա սեղանին և լուսանկարվեց նրա հետ:
Սալիբյանը որպես պատվավոր հյուր նստած էր հայտնի հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի կողքին: Հաջորդ օրը Քարդաշյանը սոցիալական ցանցում տեղադրեց Սալիբյանի հետ իր լուսանկարը` հետևյալ գրությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Շոայի հիմնադրամի երեկոյին` Հայոց ցեղասպանության վկայությունների աջակցման համար: Ես նստած եմ Հայոց ցեղասպանությունը վերապրած 100-ամյա ամենաոգեշնչող կնոջ կողքին»: Մի քանի օրվա ընթացքում նրա տեղադրած նյութը ստացավ 400 հազար «լայքեր», գրեթե 5 հազար մեկնաբանություններ Instagram-ում և 110 հազար «լայքեր» նրա ֆեյսբուքյան էջում:
Չնայած երեկոյի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբիոնից հնչած բազմաթիվ հիշատակումներին` նախագահ Օբաման իր 18 րոպեանոց ելույթում որևէ ուղղակի հղում չարեց հայերի կամ Հայոց ցեղասպանության մասին. ոչ էլ ակնկալվում էր, որ կանի: Սակայն Օբաման անուղղակիորեն վկայակոչեց Հոլոքոստից զատ այլ ցեղասպանությունները` առանց դրանք նշելու.
– «Ես ուզում եմ առանձնահատուկ խոսք ուղղել այս երեկո մեր կողքին գտնվող վերապրածներին` ոչ միայն Հոլոքոստի, այլև ինչպես Սթիվենը [Սփիլբերգ] նշեց` մյուս աներևակայելի ոճրագործությունները վերապրածներին»:
– «Եթե Շոան վերապրածների հիշողությունները մեզ մի բան են սովորեցնում, ապա այն է, որ լռությունը չարիքի ամենամեծ համադավադիրն է: Եվ մեզանից, յուրաքանչյուրիցս է կախված Հոլոքոստի ցանկացած հերքման խստագույն դատապարտումը»:
– «Դուք [Սփիլբերգ]… վավերագրել եք ոչ միայն Հոլոքոստի փորձը, այլև դրանից առաջ և հետո տեղի ունեցած վայրագությունները…. Ձեզ և Շոայի հիմնադրամի բոլոր մարդկանց, և այն ամենի համար, ինչ դուք արել եք`լուսավորելով վկայությունների հավերժական կրակը, որը հնարավոր չէ մարել և մերժել, հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»:
Հայերը կարիք չունեն ճնշելու Օբամային, որպեսզի նա բացահայտորեն վկայակոչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ մեկ այլ նախագահ` Ռոնալդ Ռեյգանը, 1981 թվականի ապրիլի 22-ին իր նախագահական հռչակագրով արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անհրաժեշտ չէ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահից համառորեն պահանջել ամեն տարի նույն բանը ճանաչել: Նախագահ Օբաման պետք է Հայոց ցեղասպանություն եզրը օգտագործի ոչ թե հայ ժողովրդի սիրույն համար, այլ իր սեփական պատիվը փրկելու` կատարելով այն լուրջ խոստումը, որ տվել էր որպես նախագահի թեկնածու: Միայն դրանից հետո նա կարող է իսկապես արժանի լինել «Մարդկության դեսպանի» բարձր կոչմանը:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Թուրքիան Սուդանում 780 քառ կմ հողատարածք է վարձակալել
Թուրքիան Սուդանում 99 տարի ժամկետով մոտ 780 քառ կմ հողատարածք է վարձակալել: Ըստ կնքված համաձայնագրի՝ այդ տարածքում աճեցվող արքայախնձորը, մանգոն, ավոկադոն, բամբակը և մի շարք այլ մշակաբույսեր Թուրքիա կներմուծվեն ավելի էժան գներով: Սուդանում Թուրքիայի դեսպան Օսման Էլդիրդերին նշել է, որ այս երկիրը շատ բերրի հողեր ունի: «Թուրքիայի հետ այս հողերից ավելի մեծ օգուտ ստանալու համար գյուղատնտեսական պայմանագիր ենք կնքել: Դրա շնորհիվ հսկայական հողատարածքը բաց է Թուրքիայի և թուրք ներդրողների համար: Այստեղ աճեցված գյուղմթերքի օգտագործման իրավունքը պատկանելու է Թուրքիային»,-նշել է դեսպանը: Թուրքիան նախատեսում է Սուդանի հետ համագործակցություն սկսել նաև անասնապահության և ձկնորսության ոլորտներում:
Թուրքական ընկերությունը Ադրբեջանին վաճառել է մոտ 1մլն դոլարի զինամթերք
Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKE) 2013թ.-ին 2 004 774 լիրայի (966 526.33 ԱՄՆ դոլար) ապրանք է արտահանել Ադրբեջան:
Ադրբեջանը 6-րդն է այն երկրների ցանկում, որոնք 2013թ.-ին MEK-ից ապրանք են ներմուծում: 2012 թվականին MKE-ն Ադրբեջան է արտահանել 292 332 ԱՄՆ դոլարի արտադրանք:
MKE-ն Ադրբեջան է արտահանել դիպուկահար հրացաններ, տարբեր տեսակի հրազենային զենք, ինժեներական միջոցներ, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնք օգտագործվում են պաշտպանական արդյունաբերության մեջ:
Մադրիդում բացվել է “Անլռելի զանգակատուն, Հայաստան 1915-1918թթ.” լուսանկարչական ցուցահանդեսը
Օրերս Մադրիդի “Կասա Կանտաբրիա” (Կանտաբրիայի տուն) մշակույթի պալատում բացվեց Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված “Անլռելի զանգակատուն, Հայաստան 1915-1918թթ.” լուսանկարչական ցուցահանդեսը` կազմակերպված “Մադրիդի հայեր’’ ասոցիացիայի (նախագահ` Կարեն Մարդանյան) կողմից և Իսպանիայում Հայաստանի Հանրապետության հավատարմատար Խորեն Տերտերյանի աջակցությամբ:
Ցուցահանդեսը իր բնույթով և կարևորությամբ աննախադեպ միջոցառում էր: Առաջին անգամ Մադրիդում այցելունները հնարավորություն ունեցան լուսանկարների միջոցով ծանոթանալու Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1918 թթ. հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությանը, որի ընթացքում սպանվեց 1,5 մլն. հայ և իր պատմական հայրենիքից արտաքսվեց մի ողջ ժողովուրդ:
Ցեղասպանությունը, որը դեռևս չի ստացել իր արժանի գնահատականը (99 երկար և ձիգ տարիների ընթացքում), մնում է որպես նախատինք քաղաքակիրթ մարդկության համար: Այդ իմաստով ցուցահանդեսի նպատակն էր անտեղյակ այցելուներին ծանոթացնելու 20-րդ դարասկզբին, հանձինս հայ ժողովրդի, համայն մարդկության դեմ կատարված այդ մեծ ոճրագործությանը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին “Կասա Կանտաբրիա”-ի խորհրդի անդամ Խոսե Մանուել Կոնդեն, որն էլ հանդես եկավ բացման խոսքով, որից հետո ձայնը տրվեց Իսպանիայում Հայաստանի Հանրապետության հավատարմատար Խորեն Տերտերյանին, ապա ելույթ ունեցավ հայ ժողովրդի մեծ բարեկամ, հրապարակախոս և գրող Խոսե Անտոնիո Գուռիերանը: Այնուհետև “Մադրիդի հայեր” ասոցիացիայի նախագահ Կարեն Մարդանյանը հյուրերին համառոտակի ծանոթացրեց ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների պատմությունը: Միջոցառմանը մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության հյուպատոս Տիգրան Բաբայանը: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում Ռուասաստանի Դաշնության դեսպանի առաջին խորհրդական Սերգեյ Մելիք-Բաղդասարովը, Մադրիդում “Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն”-ի տնօրեն Էդվարդ Սոկոլովը, Իսպանիայում Սերբիայի դեսպանատան առաջին խորհրդական Բիանկա Կորդիչը, Սան Պաբլո-ի անվան համալսարանի պատմության և քաղաքագիտության դասախոս Ռիկարդո Ռուիզ Դե Լա Սերնան, Մադրիդի շրջանի Ալկալա դե Հենարես քաղաքի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության խորհրդի անդամ Խեսուս Դոմինգեսը, նույն քաղաքի քաղաքապետարանի խորհրդական Ռաֆայել Ռիպոյը, Մադրիդում բուլղարական համայնքի մշակութային ասոցիացիայի նախագահ Դեանա Իվանովան, Բուլղարիայում հրեական միության նախագահ Մասելո Իսրաելը և այլք:
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրության արժանացավ Մադրիդի հասարակության կողմից: Այցելուների թվում էին գիտնականներ, գրողներ, ուսանողներ և ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ: Ստորև ներկայացնում ենք այցելուներից մի քանիսի տպավորությունները` վերցված գրառումների գրքից.
Շատ եմ տպավորված այս ցուցահանդեսով: Այն հսկայական ազդեցություն ունի: Ցանկանում եմ, որ շատ մարդիկ այցելեն: Ես հրեա ժողովրդի զավակ եմ և այդ իսկ պատճառով այն ինձ վրա ավելի ցնցող տպավորություն թողեց: Դատապարտելով քսաներորդ դարում ազգայնամոլների կողմից կատարված հայերի և հրեաների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները, կկանխվեն հետագա նմանօրինակ վայրագությունները: Շնորհակալություն ցուցահանդեսի համար:
Դր. Մարսելո Իսրաել, Բուլղարիայում հրեական միության նախագահ
25.04.2014
Ինձ թվում է, որ շատ տպավորիչ ցուցահանդես է: Հուսով եմ, որ հարյուրամյակին ցեղասպանության ճանաչումը մի փոքր կմեղմացնի հայ ժողովրդի ցավը:
25.04.2014
Մեծ հաջողություններ ենք մաղթում “Մադրիդի հայեր” ասոցիացիային հայ մշակույթի և պատմության տարածման այս ազգանվեր գործում, որպեսզի երբեք չմոռացվի Հայոց ցեղասպանությունը:
Սան Պաբլո-ի անվան համալսարանի թիվ 902 խմբի ուսանողներ,
26.04.2014
1999 թվականին այցելել եմ նացիստական Դախաո համակենտրոնացման ճամբար: Այս ցուցահանդեսը ինձ վրա թողեց նույն զգացողությունը, որը համակել էր ինձ համակենտրոնացման ճամբարում:
Խուան, 26.04.2014
Այս ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները անմարդկային վայրագության և հայ ժողովրդի կրած տառապանքի խոսուն վկաներներն են:
26.04.2014
Հուսով ենք, որ այս աշխատանքը կունենա շարունակական բնույթ և “Մադրիդի հայեր” ասոցիացիան նույն ոգևորությամբ կշարունակի հայոց պատմության, մշակույթի տարածման և հայապահպանման գործը ի բարորություն հայ ժողովրդի:
Լյուդմիլա Սիմոնյան
Այսօր հայտնի կդառնան ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության հաղթողները
«Հայակ» կինոփառատոնի նախագահ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը մրցանակաբաշխությանն ընդառաջ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանը ներկայացվել է 80 ֆիլմ:
Գևորգ Գևորգյանն ընդգծեց, որ մեծ տարբերություն կա փառատոնի և մրցանակաբաշխության միջև և սխալ է «Հայակ»-ը փառատոն անվանելը:
«Օրինակ` փառատոնին կարող են մասնակցել տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց գործերով: Ի տարբերություն փառատոնի, մրցույթն արժևորում է տվյալ երկրի արվեստագետների աշխատանքը»,- ասաց նա` հավելելով, որ այս մրցույթը լավագույն գնահատականն է և տոնը կինո արարող մարդկանց համար:
Գևորգ Գևորգյանը նշեց, որ «Հայակ»-ն այս տարի լի է անակնկալներով և նոր անվանակարգերով: Այս տարի մրցանակաբաշխությունն իրականացվում է «Աֆինա Պալադա» ընկերության շնորհիվ: Ընկերության նախագահ Հայկ Մաղաքելյանն ընդգծեց, որ իրենք շատ ուրախ են փառատոնին աջակցելու համար:
«Հայակ»-ի ժյուրի նախագահ, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը «Հայակ» մրցանակաբաշխությունը շատ բարձր գնահատեց` նշելով, որ «Հայակ»-ը պրոֆեսիոնալ մրցանակ է:
«Այստեղ մրցանակի արժանանալու և գնահատվելու կարևորագույն պայմանն այն է, որ ֆիլմը, ռեժիսորը կամ դերասանն իսկապես տաղանդավոր լինեն: Հետաքրքիր մրցանակաբաշխություն է լինելու: Հանդիսատեսի դատին են ներկայացվելու 1911թ. Էջմիածնում նկարահանված կադրեր, ինչպես նաև 1988թ. նկարված 3 րոպեանոց նյութ, որում խոսում է Սերգեյ Փարաջանովը»,-ասաց նա:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն ընդգծեցին, որ «Հայակ»-ը կարող է գոյատևել միայն այն պայմանով, եթե մարդիկ հավատան, որ օբյեկտիվ գնահատական է տրվելու իրենց գործունեությանը:
Երևանում տեղի ունեցավ «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ 2014-2015» գրքի շնորհանդեսը
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) և Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Երևանի Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Ռում» դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ 2014-2015» գրքի շնորհանդեսը: Ելույթով հանդես եկավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով գրքի բովանդակությունը, ուսումնասիրության առնված հիմնական ուղղությունները, գրքում տեղ գտած տեսակետներն ու առաջարկները: Նշվեց, որ սա թեմայի շուրջ հրատարակված թվով արդեն 3-րդ գիրքն է, որում փորձ է կատարվել նոր մոտեցում ցուցաբերել ՀՀ արտաքին քաղաքական կարևոր խնդիրներին՝ զերծ մնալով կարծրատիպային մեկնաբանություններից:
Շնորհանդեսին ներկա էին վերլուծաբաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև մի շարք դիվանագետներ՝ Գերմանիայի, Բրազիլիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Եգիպտոսի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի դեսպանությունների, ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի ներկայացուցիչներ:
Տաթևիկ Սարգսյան
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց Լեհաստանի թիմին
Թուրքիայում հարյուրավոր մարդիկ մնացել են հանքի մեջ
Երեքշաբթի օրը Թուրքիայի արևմտյան հատվածում ածխի հանքում պայթյունից բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մեկ հանքափոր, 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ ավելի քան 200 մարդ մնացել է հանքի ներսում:
Մանիսա գավառի Սոմա քաղաքի հանքից փրկվել է 20 մարդ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում:
Հրդեհը բռնկվել էր էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Չինացին գումար է վաստակում մարդկանց թույլատրելով իրեն հարվածել ամբողջ ուժով
Չինացի տղամարդը իրեն կենդանի հարվածելու պարկ է դարձրել, և մարդիկ վճարում են նրան իրենց ողջ ուժով հարվածելու համար:
48-ամյա Սե Շուիպինգը իրեն առաջարկում է փողոցում, բարերում և գիշերային ակումբներում գտնվող մարդկանց՝ նրանց հնարավորություն տալով իր ստամոքսին երեք անգամ հարվածել:
Ուհան քաղաքի բնակիչ Սեն հայտնում է, որ ամսական 20,000 յուան (1897 ֆունտ) է աշխատում, ինչը բավարար է ապրելու համար:
Նա որպես կենդանի հարվածելու պարկ սկսել է աշխատել 2004 թ-ից սուպերմարկետում կազմակերպված շոուի ընթացքում, որտեղ նա թույլատրում էր հանդիսատեսին իր գլխին հարվածել գինու շշերով:
Այդ ժամանակից ի վեր նա սկսել է գումար աշխատել՝ մարդկանց թույլատրելով իրեն հարվածել ամբողջ ուժով:
Սեն նշում է, որ յուրաքանչյուր հարվածելու գործընթացը տևում է 20 րոպե, որի ընթացքում մարդիկ նրա ստամոքսին հարվածում են երեք անգամ:
Դոլարը՝414 դրամ:
Վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել
Մայիսի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 1991 թ. ծնված Միհրան Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Քուչակ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի ենթարկել և աչքի մասում վնասվածքներ են պատճառել 1991 թ. ծնված Աբետնակ Բ.-ն, 1970 թ. ծնված Գարուշ Ա.-ն և 1997 թ. ծնված Ավետիք Գ.-ն:
Տեղի ունեցածի վերաբերյալ վերջիններս ոստիկանությունում բացատրություններ են տվել:
Միհրան Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
Տուժողին 400.000 դրամի նյութական վնաս պատճառած ծանոթը որոնվում է
Մայիսի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կենտրոնականի բաժին են հրավիրել 1973 թ. ծնված Արման Հ.-ին: Նա հայտնել է, որ նախորդ օրը երեկոյան իր ծանոթը հյուրընկալվելով իր բնակարանում` գողացել է բջջային հեռախոս, դրամապանակ, որի մեջ եղել է մոտ 40.000 դրամ, և տարբեր բանկային քարտեր` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողի ծանոթը 1988 թ. ծնված Արման Մ.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Նախագահի ճանապարհման պաշտոնական արարողությունը
Պապը կկնքի նույնիսկ Մարսի բնակիչներին
Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ ինքը կկնքի Մարսի բնակիչներին, եթե նրանք ցանկանան:
Իր ամենօրյա պատարագի ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ ոչ ոքի որևէ պատճառով չի մերժի եկեղեցում կնքվել:
Նա կատակել է, որ նույնիսկ այլմոլորակայիններն արժանի են կնքվելու, եթե նրանք նման ցանկություն հայտնեն:
Պապն այս մասին խոսել է Աստվածաշնչի հատված քննարկելիս, որտեղ սուրբ Պետրոսին քննադատել են ոչ հրեաներին քրիստոնեական եկեղեցում կնքելու համար:
Հունվարին պապը տարաձայնություններ է առաջացրել՝ Սիքստինյան կապելայում չամուսնացած զույգի երեխային կնքելով:
Յուրահատուկ կով-աղջիկը դարձել է հարթակի աստղ, տեսանյութ
Տորոնտոյից սկսնակ մոդել Շանտել Բրաուն Յանգը հայց է ուղարկել ամերիկյան հայտնի America’s Next Top Model հեռուստաշոուին: Մյուս մրցակիցներից 19-ամյա աղջիկը տարբերվում է մաշկի հազվադեպ պիգմենտացիայի խախտմամբ, ինչ պատճառով նմանվել է զեբրի կամ խայտաբղետ կովի, հաղորդում է NY Daily News-ը:
Երբ Շանտելը 4 տարեկան էր, նրան ախտորոշեցին “Վիտլիգո հիվանդություն”: Ճիշտ այդ նույն թերությունից էր տառապում Մայքլ Ջեկսոնը: Աղջիկը ասում է, որ այդ հազվագյուտ հիվանդությունը չի ազդում իր ինքնազգացողության վրա, եթե չհաշվենք ամբողջ մարմնի վրա,այդ թվում դեմքի, խոշոր սպիտակ նշանները:19-ամյա Կանադայի բնակչուհին պատմել է, որ դպրոցում բազմիցս ենթարկվել է համադասարանցիների նվաստացումներին, որոնք իր արտաքինի վրա ծիծաղում էին: Եվ ինչ որ չափով այդ հանգամանքն է դեր խաղացել, որ ինքը դառնա մոդել և աշխարհին ցույց տա, որ ի հեճուկս իր առանձնահատկության մարդը կարող է հասնել հաջողությունների ցանկացած ասպարեզում:
“Ես միշտ ինչ որ մի տեսակի անհաջողակ եմ եղել, և այդ պատճառով ուզում եմ բոլորին ապացուցել, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա”,-ասում է Շանտել Բրաուն Յանգը: Ընդ որում , եթե բարետես ու գրավիչ աղջիկը չանցնի ընտրական փուլը, դա չի ազդի մոդելային բիզնեսի իր կարիերայի վրա: Շանտելը բազմիցս ելույթ է ունեցել հարթակների վրա և նկարահանվել կլիպերում: Ապրիլին նա մասնակցել է հայտնի լուսանկարիչ Նիկ Նայտի ֆոտոսեսիայում, որը մի ժամանակ հայտնի դարձրեց Քեյտ Մոսին և Կարլա Նոսին:
Ծնողները և կրտսեր քույրը ամբողջովին սատարում են Շանտելին, ասելով, որ նա շատ կենսախինդ և բարի մարդ է: Իր հիվանդության մասին պատանի մոդելը առաջին անգամ հայտնել է 2011թ., հրապարակելով YouTube -ում “Վիտիլգո.հիվանդությունը չպետք է փոխի կյանքը” հոլովակը : Երկրի բնակչության0,5-1%ունի այդ թերությունը:
«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Արմավիրում
Այսօր Արմավիրում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արմավիրի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:
Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 18-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Երևանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների եռակողմ հանդիպումը
Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձևակերպումների առանձնահատկությունները: Եռակողմ ձևաչափն ընտրվել է երեք պետությունների սահմանային անցակետերով ապրանքների տեղաշարժն արագ և առանց բարդությունների կազմակերպելու նպատակով: Կողմերը որոշում են կայացրել սահմանահատման ընթացակարգերի հստակեցման և պարզեցման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու և համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով աշխատանքային մասնագիտացված խմբեր ձևավորել և երկրներից յուրաքանչյուրի մաքսային ծառայության տեսանկյունից կարգավորման ենթակա խնդիրների ցանկը ներկայացնել համատեղ քննարկման:
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ քննարկվել են հիմնականում այն հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ ՄՄ անդամակցության գործընթացում. «Անդրադարձել ենք տարանցիկ բեռնափոխադրումներին առնչվող հարցերին, քանի որ ՄՄ անդամակցության արդյունքում ապրանքաշրջանառության ծավալների աճ ենք ակնկալում: Այդ նպատակով հրավիրել ենք նաև Վրաստանի մեր գործընկերներին` հաշվի առնելով տարանցիկ փոխադրումների հետ կապված հավանական խնդիրների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը: Պայմանավորվեցինք շատ կարևոր` տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիաների կատարելագործման և նախնական հայտարարագրման գործընթացում համակարգված աշխատելու մասին, որպեսզի, նախքան սահմանահատումը, անհրաժեշտ տեղեկատվությունը լինի մաքսային կետերում, ինչն ավելի դյուրին կդարձնի սպասարկումըե:
Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ՄՄ լիիրավ անդամ և այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են. «Այսօր մենք զուտ տեխնիկական բնույթի հարցեր ենք քննարկել: Հայաստանի` ՄՄ անդամակցության գործընթացում չկա ոչ մի խոչընդոտ: Մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում ենքե: Անդրեյ Բելյանինովն առաջարկել է մեկամսյա ժամկետում ամփոփել խմբի աշխատանքի արդյունքները` շեշտելով, որ Հայաստանը, Ռուսաստանը և Վրաստանը ունեն համապատասխան ներուժ` ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Գվարամադձեն ներկայացված բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ավարտին Հայաստանի ֆինանսների նախարարի և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի ստորագրած փոխգործակցության կարգով հստակեցվել է Ռուսաստանից չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և ընդունվել են տուրքի կիրառման պարզեցված ընթացակարգեր: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բնորոշմամբ, աշխատանքային փաստաթուղթը կանխարգելիչ բնույթ է կրում. «Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք հստակեցնելու գործառույթները` կապված տարբեր ապրանքախմբերի հետ, քանի որ ոլորտում ռիսկեր ենք տեսնում, բացի այդ, այժմ բանակցում ենք ՌԴ ֆինանսների նախարարության հետ, որպեսզի ՀՀ-ում համապատասխան ձեռնարկությունը հնարավորություն ունենա, անհրաժեշտ տուրք վճարելով, արտահանում կատարել նաև երրորդ երկրներ, ինչը կնպաստի, որ ադամանդագործությունը լայն թափով զարգանա Հայաստանում»:
Արմեն Մուրադյանը ելույթ ունեցավ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ելույթ ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում։
Նախարարը ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը և առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները։
Արմեն Մուրադյանը մասնավորապես նշեց. «Հայ-Ֆրանսիական տնտեսական համաժողովի շրջանակներում կցանկանայի կրկին ընդգծել ֆրանսիական գործարար ու մասնագիտական միջավայրի համար Հայաստանի առողջապահական համակարգում հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ուղղությունները: Դրանք են` բժշկական ապահովագրություն, դեղերի և պատվաստանյութերի արտադրություն, բժշկական ախտորոշում և լաբորատոր գործ, բժշկական նորագույն տեխնոլոգիաներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային առողջապահություն, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման ծրագրեր և այլն: Այս օրերին Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիան աշխատում է ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպության հետ, նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության նոր ծրագրեր»:
Երևանցի աշակերտները մրցակցել են զենքի ճանաչողության մրցույթում
Երևանի 20 հիմնական դպրոցների 8-9-րդ դասարանների 120 աշակերտների մասնակցությամբ ապրիլի 17-ից մայիսի 13-ը անցկացվել է «Սովորիր օգտվել զենքից» մրցույթ, որի ամփոփիչ փուլը և հաղթող աշակերտներին պատվոգրերի հանձնման արարողությունը կայացել է Հայաստանի «Դինամո» մարզա-հասարակական կազմակերպության մարզադահլիճում։ Մրցույթն անցկացվել է «Ճանաչիր զենքը, պաշտպանիր հայրենիքդ» խորագրով։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Ոստիկանությանը՝ մրցույթը նախաձեռնելու և կազմակերպելու համար։
«Երևանյան դպրոցների շատ աշակերտների համար սա հայրենասիրական ոգով տրվող ռազմագիտության լրացուցիչ դաս էր, որը զենքի ճանաչողությունից բացի, սովորեցրեց նաև զինվորական կարգապահություն»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
Մրցույթի հեղինակ, ՀՀ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, «Դինամո» մարզական կազմակերպության պատվավոր անդամ Տարոն Մարգարյանին՝ մրցույթը գաղափարից կյանքի կոչելու համար։
Մրցույթում լավագույնը ճանաչված 10 աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով։
Գառնիկ Հայրապետյանը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ևս պարգևատրել է ՀՀ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պատվոգրով՝ համագործակցության համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




