26 Մայիս 2014ին, Համիտիե շրջանում ընկած ռումբի հետևանքով զոհվել է Ավետիս Քեպապճյանը (1928ի ծնունդ):
Հալեպի Լրատվական Գրասենյակ
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը այսօր` մայիսի 26-ին, Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել:
Նույն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըն ևս դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման և ձերբակալվել է հենց նիստի դահլիճում: Պայմանականորեն` 2 տարվա փորձաշրջանով, նույն պատժաչափն է ստացել նաև “Կամավորների միջազգային համագործակցություն” հասարակական միավորման ղեկավար Էլնուր Մամեդովը:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով գույքի յուրացման և կեղծարարության մեջ:
Վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հոկտեմբերին: Մամեդլին դեկտեմբերի 17-ին կալանքի տակ էր վերցվել, իսկ մյուս երկուսը քաղաքը չլքելու ստորագրությամբ բաց էին թողնվել: Ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույցն է: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին “խղճի բանտարկյալ” է ճանաչել:
“Օլանդը կոչ արեց ընկալել այն քաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և ընկալելով այն` փնտրել մի միջոց, թեկուզ մի բանաձև, որը թույլ կտա Հայաստանն ասոցացնել ԵՄ-ի հետ”,- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցի արդյունքների ամփոփմանը նվիրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Դեսպանը Ֆրանսուա Օլանդի այցը որակեց որպես ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում: Անրի Ռենոն խիստ կարևորեց նաև Օլանդի ուղերձը, որով խոստացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ լինել Հայաստանում. “սա բավականին կարևոր հայտարարություն է օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը ճանաչած միակ երկրի ղեկավարի կողմից: Սա ցույց է տալիս խնդրո առարկայի վերաբերալ Ֆրանսիայի որդեգրած ռազմավարությունը”,-նշեց դեսպանը:
Դեսպանը կարևորեց նաև այցի տնտեսական բաղադրիչը, որի առնչությամբ հստակ ուղերձ կար առ Հայաստան. Ֆրանսիան Ռուսաստանից հետո Հայաստանում առաջին խոշոր ներդրողն է, և հարկ է այնպես անել, որ Հայաստան-Ֆրանսիա քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրանան նաև տնտեսական հարաբերությունները: Այդ մտայնությանն էր ուղղված նաև Օլանդի այցը Հայաստանում նոր բացվող “Կարֆուր” առևտրի տուն և “Օրանժի” հայկական ներկայացուցչություն:
“Անկախ”-ի այն հարցին, թե դեսպան Ուորլիքի հայտարարությունն ու դրան հաջորդած 3 համանախագահների հայտարարությունը ի ՞նչ էր նշանակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը նշեց, որ 20-ամյա հրադադարը դեռ խնդրի լուծում չէ և կողմերը պետք է ձեռք առնեն բոլոր միջոցները տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության ապահովման համար, իսկ համանախագահների հայտարարությունը լիովին համընկնում էր այդ քաղաքականությանը:
Անրի Ռենոն նշեց նաև, որ Մաքսային Միությանը անդամակցելը Հայաստանի` ինքնիշխան պետության որոշումն է, և բացառվում է, որ Հայաստանից պահանջվի հրաժարվել այդ որոշումից, բայց հայտարարվեց նաև, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, ուստի, Ֆրանսիան ևս շահագրգռված է,որ Հայաստանը հավասար կարգավիճակով նստի բանակցային սեղանի շուրջ:
Խոսելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին, դեսպանը նշեց, որ երկրորդ անգամ արդեն կա անհրաժեշտություն օրենքի նոր նախագիծը անպայման կազմել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նկատառումները հաշվի առնելով. սա բարդ գործընթաց է և ժամանակատար, սակայն դեսպանը նշեց, որ Ֆրանսիային հանձնարարված է սատարել Շվեյցարիային Մարդու իրավունքների եվրոպական դատարան Շվեցարիայի կողմից ներկայացված հայցի կապակցությամբ: “Իսկ Ֆրանսիան առանձնահատուկ նախանձախնդրությամբ հետևում է այս հայցապնդման ճակատագրին, քանի որ եթե Շվեյցարիան դատը շահի, ապա Ֆրանսիայի կողմից ձեռնարկված օրինագծի իրավական հենքը ինքնըստինքյան երևան է գալիս՝ դառնալով անբեկանելի, որովհետև, փաստորեն, արդեն նախադեպը կա”,-նշեց Անրի Ռենոն:
Բելգիայի կառավարության ղեկավար Էլիո դի Ռուպոն պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:
Բելգիայի թագավոր Ֆիլիպը հայտարարել է կառավարող նոր կոալիցիայի ձևավորման համար հիմնական քաղաքական կուսակցությունների խորհրդակցություններ սկսելու մասին: Այդ բանակցություններում ամենայն հավանականությամբ միջնորդի դերը կհանձնարարվի Անթվերպենի բուրգոմիստր, Ֆլանդրիայում հաղթանակած «Ֆլամանդական նոր դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ Դե Վեվերին, որը նաև վարչապետի թեկնածու է:
Բելգիայի քաղաքականության գլխավոր պրոբլեմը Ֆլանդրիայի ու ֆրանսալեզու Վալլոնիայի միջև սուր խնդիրներն են մնում:
Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: Նախարարը նշել է, որ օլիմպիադան հիրավի վերածվել է շարժման, որը միավորում է հասարակական և պետական մարմիններին` հանուն մեկ ընդհանուր նպատակի: “Առանց անձի զարգացման` չկա պետության զարգացում, իսկ անձի զարգացումն առանց ընթերցանության, առանց գիտելիքների պաշարը հարստացնելու, գոյություն չունի: Ուստի, ընթերցասիրությամբ զարգանում ենք անձամբ և նպաստում մեր պետության և հասարակության զարգացմանը: Առանց գիտելիք, վստահեցնում եմ ձեզ, չեք լինի բարեկեցիկ, հարգված և հաջողակ: Գիտելիքը Հայաստանում այլընտրանք չի ունենալու` որպես բարեկեցության, սոցիալական ճանաչման և առաջխաղացման բացառիկ գործիք: Գիրքն այն զուգընկերն է, որի հետ յուրաքանչյուր հանդիպում կյանքում դառնում է ամենագողտրիկ, թանկ և ամենագաղտնի հանդիպումներից մեկը: Միշտ զրուցեք ձեր գրքերի հետ, որովհետև այդ զրույցը թեպետ կայանում է ձեր երկուսի միջև, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այն կյանքում շատ պիտանի է լինելու”,-նշել է Ա. Աշոտյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ընդգծել է, որ օլիմպիադան դարձել է ազգային համերաշխության հարթակ` պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցության: “Սա իրապես հրաշալի է. բոլորը միավորվել են ընթերցանության շուրջ` հանուն երեխաների ապագայի: Խորհրդանշական է, որ օլիմպիադան մեկնարկեց Գրատպության 500-ամյակի տարում և ամրագրվեց որպես լավագույն ավանդույթ: Եվ շատ գովելի է, որ երեխաներն իրենց կարողություններով վաստակում են լավագույն մրցանակները` իրենց ընտանիքների և դպրոցների համար: Գիտելիքը հաղթող է մեր իրականության մեջ. դա է ապացուցում այս օլիմպիադան”-նշել է Հ. Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով “Անտարես” հրատարակչությանը` օլիմպիադայի կազմակերպման և անցկացման համար:
Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ հանձնաժողովի կողմից ընտրվել են հաղթողները: “Ընթերցման” օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների` սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և “Անտարես” հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել են ևս հինգ նախարարություն, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ:
«Մենք կունենանք միացյալ ունիտար, ոչ թե ֆեդերատիվ կայսրություն: Դա իմ նախագահական ծրագրի հենակետն է»,ասել է Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար Պորոշենկոն:
Ապագա նախագահը մտադիր է Ռուսաստանի դեմ հայցով դիմել միջազգային դատարաններ, այդ թվում` մարդու իրավունքների գծով:
Ուկրաինայում ԿԸՀ-ի ` քվեաթերթիկների մեծ մասի մշակման տվյալներով, Պորոշենկոն հավաքել է ձայների 53%-ը:
Այսօր Ուկրաինան օդային հարձակում է իրականացրել ռուսամետ ապստամբների դեմ, ինչպես նաև դեսանտայիններ է ուղարկել, երբ ապստամբները գրավել են Դոնեցկի օդանավակայանը:
Ուկրաինայի անվտանգության ուժերի խոսնակը հայտնել է, որ կառավարական ինքնաթիռները և մեկ ուղղաթիռ հարձակում են իրականացրել արևելյան քաղաք Դոնեցկի միջազգային օդանավակայանի որոշ մասեր գրաված ռուսամետ ուժերի դեմ:
Երեկ նախագահական ընտրություններում հրուշակեղենի մագնատ Պյոտր Պորոշենկոյի հաղթանակից հետո տեղի ունեցած գործողության ընթացքում նաև դեսանտայիններ են իջեցվել:
Սերգեյ Պրոկոֆևի անվան միջազգային օդանավակայի մոտակայքում գտնվող լրագրողների տվյալներով՝ կրակոցները և պայթյունները շարունակվել են 90 րոպե:
Շուրջ մեկ միլիոն բնակչություն ունեցող Դոնեցկը հիմնականում գտնվում է ռուսամետ բնակիչների ձեռքում, որոնք արգելել էին տեղի բնակչությանը մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին:
Կրակոցները սկսվել էին Պյոտր Պորոշենկոյի մամուլի ասուլիսից քիչ անց, որի ընթացքում նա նշել էր, որ ինքը չի բանակցի արևելյան Ուկրաինայի «ահաբեկիչների» հետ:
Տեղեկատվական տեխնոլոգիաները հարկային և մաքսային համակարգերը ևս մեկ քայլով մոտեցրել են առաջադեմ չափանիշներին
Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար այսուհետ վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս. Հայաստանում մեկնարկել է «Tax free» համակարգը: Նորույթը գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով` նոր համակարգը երկրում կնպաստի բիզնես մթնոլորտի բարելավմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և զբոսաշրջության զարգացմանը: «ԱՊՀ երկրներում Հայաստանը երկրորդն է, որ ունի այս համակարգը, սակայն հայաստանյան մոդելն ամենադյուրինն է, քանի որ ամբողջ համակարգն աշխատում է մեկ հարթակի վրա. օտարերկրացին սպառման կետերում ներկայացնում է միայն անձնագիր. լրացված ամբողջական տեղեկատվությունն ավտոմատ փոխանցվում է ՀՀ բոլոր մաքսակետեր,-նշել է Միքայել Փաշայանը:
«Tax free» նշումով ցուցաթերթիկներն արդեն փակցված են խանութներում, իսկ անհրաժեշտ ցուցումներով ու տեղեկատվությամբ բուկլետները հասանելի են մեր հանրապետության հյուրերին` ինչպես սահմանային բոլոր անցակետերում, այնպես էլ սպասարկման վայրերում: Համակարգից հնարավոր է օգտվել, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է «Tax free invoice» կամ ՀԴՄ «Tax free» հաշիվ և կտրոն, միևնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 100 հազար դրամը (ներառյալ՝ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն գերազանցել է 16 670 դրամը, և եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչև 90 օրվա ընթացքում: «Tax free» համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետը տեղեկացրել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների համար ստեղծվել է նաև «Tax free» շարժական համակարգ, ինչը նույնպես աշխատում է էլեկտրոնային եղանակով: ««Tax free» համակարգի գործարկման շնորհիվ պատրաստ ենք մինչև 1.5 միլիարդ դրամի ԱԱՀ ետվերադարձ կատարել: Ասեմ նաև, որ վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ներքին շուկայի շրջանառությունը կազմել է մոտ 100 միլիոն դրամ, որից օտարերկրյա քաղաքացիներին արդեն մոտ 25 միլիոն դրամի «Tax free» է վերադարձվել» ,-նշել է Միքայել Փաշայանը:
Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Այդ նպատակով մաքսավորին են ներկայացվում անձնագիրը, ԱԱՀ վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը, արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը, կամ դրամարկղի մուտքի օրդերը, կամ բանկային փոխանցման անդորրագիրը), ԱԱՀ վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը, իսկ օդային ճանապարհով մեկնելու դեպքում՝ նաև թռիչքի կտրոնը: Մաքսային մարմինը «Tax free invoice» կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի «Tax free» հաշվի վրա դնում է «Ենթակա է վերադարձման» կնիք` նշելով նաև վերադարձման ենթակա գումարը, որը ստացվում է բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:
Մայիսի 26-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.50-ից մինչև ժամը 16.05-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են 500-600 հա պտղատու ծառեր, խաղողի այգիներ, հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Նոր հիվանդության գլխավոր ախտանշաններն են ուժեղ գլխացավը, դողէրոցքը, անտանելի հոդացավը: Ականատեսների խոսքով, հիվանդությունը նման է արթրիտի սրացմամբ գրիպի:
Կարիբյան ավազանի պետությունների հիվանդնոցներ ու կլինիկաներ են դիմել մի քանի հազար մարդիկ, որոնց մոտ թվարկված ախտանշաններն են ի հայտ եկել: Քանի որ այս նոր հիվանդության առաջին դեպքն արձանագրվել է դեկտեմբերին, ստացվում է, որ խոսքը շատ արագ տարածվող վարակի մասին է: Վարակի տարածման գլխավոր աղբյուրը բժիշկները արնածուծ միջատներին են համարում:
Հիվանդների հետ աշխատող բժիշկները հայտնում են, որ վարակը ճիշտ է, քիչ դեպքերում են մահվան ելք ունենում, այնուամենայնիվ, հանգեցնում են օրգանիզմի խիստ հյուծման: isra.com
Մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության` 44.220:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում` 3-4 բալ, Աշոցք քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:
Անկախ
Պապ Ֆրանցիսկոսը հրավիրել է Իսրայելի և Պաղեստինի նախագահներին Վատիկանում աղոթել խաղաղության համար:
Ֆրանցիսկոսը անակնկալ համատեղ հրավերը հղել էր Բեթղեհեմ ժամանելուց հետո:
Նա աղոթել էր Արևմտյան ափի աստվածաշնչյան քաղաքը շրջապատող իսրայելական բաժանարար պատի մոտ և կարճ ժամանակով կրել պաղեստինյան հարցը խորհրդանշող սև ու սպիտակ գլխակապ:
Պաղեստինի և Իսրայելի նախագահների գրասենյակները արագ ընդունել են պապի հրավերը, իսկ պաղեստինյան կողմը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հունիսին:
Ֆրանցիսկոսը իր երեքօրյա այցելության երկրորդ օրն սկսել էր Բեթղեհեմ կատարած խորհրդանշական այցով՝ Հորդանանից ժամանելով հորդանանյան ուղղաթիռով:
Նախորդ պապերը միշտ այցելել են Արևմտյան ափ առաջին հերթին Իսրայելի Թել Ավիվ քաղաք այցելելուց հետո:
Չինաստանում ջրհեղեղների պատճառով անցած շաբաթվա ընթացքում 37 մարդ է զոհվել, վեցը անհետ կորած են համարվում, իսկ շուրջ կես միլիոն մարդիկ լքել են իրենց տները:
Սեզոնային անձրևները հատկապես ուժեղ են եղել Հոնգ Կոնգի մոտակայքում գտնվող Գուանդուն նահանգում, որտեղ 17 մահվան դեպք է գրանցվել:
Ջրհեղեղներից ավերվել է առնվազն 2,500 տուն և տարհանվել է առնվազն 440,000 մարդ:
Գուանդոնում ապրոպը կշարունակվի նաև երեքշաբթի օրը:
1998թ-ին Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 4,150 մարդ:
Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային-գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանիընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ այս մասով կազմվել է 16 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո և պարբերաբար ստուգայցեր կազմակերպել:
Անդրադառնալով Երևանի ավագանու որոշմամբ հաստատված պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև պետական կառույցների կողմից պարտադիր կանոնների պահպանման և հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, զբոսայգիների ու բակային տարածքների սանիտարական մաքրման աշխատանքները: Այս մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հանգստյան և տոն օրերին տվյալ աշխատանքների կազմակերպումը չի գոհացնում և հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր նկատված թերացումները շտկելու ուղղությամբ:
Անկախ