Մերժելով Եվրադատարանի վճիռը՝ Թուրքիան դառնում է խայտառակված պետություն

Հարութ ՍասունյանՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որ երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:

 

«Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործով դատարան էին դիմել 1999 թվականին` Հյուսիսիային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թվականին, այն բանից հետո, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի կողմից վճարվելիք տուգանքի չափի սահմանումը:

 

Այդ որոշումը կայացվեց այս ամսվա սկզբին, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորները հրապարակեցին իրենց վերջնական դատավճիռը: 16 կողմ և 1 դեմ քվեարկությամբ (հայ և կիպրացի դատավորները քվեարկել էին մեծամասնության հետ, իսկ թուրք դատավորը միակ ընդդիմադիրն էր) Եվրադատարանը վճռեց, որ դատարանի 2001 թվականի որոշումն անվավեր չի կարող ճանաչվել այն պատճառով, որ անցել է 13 տարի, ինչպես պնդում էր Թուրքիան: 15 կողմ և 2 դեմ քվեարկությամբ ՄԻԵԴ-ն ընդունեց, որ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է վճարել 41 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) 1456 կիպրացի հույների համար, որոնք անհետ կորել են 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման պատճառով: Մեկ այլ՝ 15 կողմ և 2 դեմ ձայներով ՄԻԵԴ-ը վճռեց, որ Թուրքիան պետք է վճարի լրացուցիչ 82 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) այն վնասների համար, որ կրել են Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Կարպաս անկլավային թերակղզում բնակվող կիպրացի հույները:

 

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, դատարանի վճռից անմիջապես առաջ, զուր ջանքեր գործադրեց կանխելու ՄԻԵԴ-ի ակնկալվող բացասական որոշումը, նախազգուշացնելով, որ Թուրքիայի դեմ կայացվող վճիռը կխոչընդոտի Կիպրոսի հակամարտության կարգավորմանը ուղղված ընթացիկ բանակցություններին: Դատարանն արդարացիորեն անտեսեց Դավութօղլուի սպառնալիքը և արձակեց իր որդեգրած սկզբունքային վճիռը հօգուտ Կիպրոսի:

 

Անկարող լինելով վախեցնել դատավորներին, Դավութօղլուն արհամարհանքով հայտարարեց, որ Թուրքիան մերժում է մարդու իրավունքների Եվրոպայի բարձրագույն դատարանի դատավճիռը և իր երկիրը հրաժարվելու է վճարել 123 միլիոն դոլար գումարը որպես վնասի փոխհատուցում:

 

Հարկ է հիշեցնել Դավութօղլուին, որ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատի դատավճիռները վերջնական են». դրանք  վերանայման ենթակա չեն, և ըստ դատական գործերի նյութերի, «բոլոր վերջնական դատավճիռները փոխանցվում են Եվրոպայի խորհրդի Նախարարաների կոմիտեին դրանց գործադրման վերահսկողության համար»:

 

Թուրքիայի արտգործնախարարի անբարտավան հայտարարությունը անկասկած մոտ ապագայում իր ժխտական ազդեցությունը կունենա նրա կառավարության վրա: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները, առանց բացառության, պարտավոր են կատարել Եվրադատարանի որոշումները: Դատարանի վճիռները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան հարյուրավոր դատական գործեր է տանուլ տվել Եվրադատարանում, և ուզած, թե չուզած, տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել որպես տուգանք: Թուրքիան այլընտրանք չունի, եթե ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Եղել են մի քանի ՄԻԵԴ որոշումներ, երբ թուրքական իշխանությունները սկզբում հոխորտացել են, որ չեն վճարելու սահմանված տուգանքները, սակայն, ի վերջո, ամբողջությամբ վճարել են պահանջված փոխհատուցումը տոկոսներով հանդերձ:

 

Եթե Թուրքիայի կառավարությունը համառորեն կառչած մնա Դավութօղլուի պարծենկոտ մերժմանը, ապա Թուրքիան կզրկվի ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամակցությունից, այլև կկորցնի Եվրամիությանը միանալու իր չնչին հնարավորությունը…

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները իրավունք չունեն որոշել` արդյոք ցանկանում են կատարել ՄԻԵԴ-ի վճիռները: Հակառակ դեպքում, ինչո՞ւ 47 եվրոպական երկրներ միասնաբար տարեկան մոտ 100 միլիոն դոլար կծախսեն դատարան պահելու համար, եթե նրա վճիռներն անիմաստ են կամ ենթակա են կամավոր կատարման:

Վերջերս Թուրքիայի ղեկավարները արհամարհել են գրեթե բոլոր ներքին և միջազգային օրենքները` բանտարկելով ռեկորդային թվով լրագրողների, կրակելով Գեզի այգու խաղաղ ցուցարարների վրա, ծեծելով հանքերի պայթյունից տուժածների ընտանիքի անդամներին, հակասեմական հայտարարություններ անելով, սպառնալով վտարել ԱՄՆ դեսպանին և մատ թափ տալով նախագահ Օբամայի վրա Սպիտակ տանը…

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն չպետք է հանդուրժի խայտառակված անդամ պետությանը, որը մարդու իրավունքների հիմնական խախտողներից է: Խորհուրդը պետք է Թուրքիային ազդարարի, որ եթե նա անհապաղ միջոցներ չձեռնարկի 123 միլիոն դոլար տուգանքը վճարելու համար, ապա կհեռացվի Եվրոպայի խորհրդից և կառգրավվեն նրա կալվածքները երրորդ երկրներում` ստիպելով նրան ի կատար ածել դատարանի վճիռը:

 

Եվրոպան պետք է խիստ դիրքորոշում ցուցաբերի այս դատավճռի հարցում, քանի որ նման դատավճիռներ դեռ շատ կլինեն Թուրքիայի դեմ Կիպրոսի վերաբերյալ և հնարավոր է մի օր նաև հայկական փոխհատուցման և հողային պահանջներով…

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Անկախ

 

Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության համար ոչ մի գործող համակարգ չկա

հեղինակային իրավունքներԱյսօրվա դրությամբ հեղինակային իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանում շարունակում է մնալ գերխնդիր: Անընդհատ կարծես փորձեր են արվում պայքարելու արվեստագետների, գիտնականների և առհասարակ ստեղծագործող մարդկանց հեղինակային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բայց ըստ էության այս հարցում զարգացումներ չեն իրականանում:

Դեռ երկու տարի առաջ համացանցում լայնորեն տարածվեց մի տեղեկատվություն(http://www.youtube.com/watch?v=I1qE5l1tjZw), թե ստեղծվում է մի համակարգ, որն իբր պետք է լուրջ ներդրում ունենա վերոնշյալ խնդրի լուծման համար: Մասնավորապես խոսքը վերաբերում էր երգիչների և երգերի հեղինակների հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ասել է թե առաջարկված լուծումը թիրախային էր, այլ ոչ թե` համապարփակ:

Ինչպես քիչ առաջ նշվեց 2011թ-ին «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը մասնակցեց «Հեղինակային իրավունքների պաշտպանությունը օնլայն տիրույթում» խորագրով մամուլի ասուլիսին, որին ներկա էր նաև «Իդե Ժենի» ընկերության ներկայացուցիչը, որը ներկայացրեց իրենց ընկերության կողմից ստեղծված համակարգը, որը պետք է դառնար ինչ-որ տեղ դարման մեր երգիչների համար: Վերջինս խոսեց իրենց կողմից մի երաժշտական պորտալի ստեղծման մասին (www.muzon.am), որը թույլ կտար ցանկացածին ներբեռնել իր սիրած երգչի երգը լիովին անվճար` երբ միևնույն ժամանակ մարդը չէր խախտի որևէ օրենք, ինչպես նաև չէր վնասի տվյալ երգի հեղինակին: Փորձենք պարզաբանել, թե ինչպես պետք է գործեր տվյալ մեխանիզմը:

Բանն այն է, որ «Իդե Ժենի» ընկերությունը պետք է ստանար տեղացի երգիչներից իրենց ստեղծագործություններն օգտագործելու և տարածելու հեղինակային իրավունքները և տեղադրեր դրանց mp3 տարբերակները www.muzon.am  կայքում, որից յուրաքանչյուր օգտատեր կկարողանար անվճար կերպով ներբեռնել կայքում տեղ գտած բոլոր երգերը: Ներբեռնման համար պարզապես օգտվողը ստիպված պետք է լիներ դիտել կարճ գովազդային հոլովակ:  Մեծ հաշվով չեմ կարծում, որ դա չափազանց մեծ դժվարություն կլիներ, կամ էլ ժամանակի կորուստ, եթե գիտես որ ներբեռնումն անվճար է և որ ամենակարևորը` օրինական:

Ինչևէ, ասածս հետևյալն է` նույնիսկ այդ համակարգն էական փոփոխություններ չմտցրեց ոլորտում, սակայն շարունակում է իր գործունեությունը՝ ավելի շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով: Փաստացի այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ ոչ այդ համակարնգն է լիարժեք աշխատում, ոչ էլ գոյություն ունի մեկ ուրիշ կազմակերպություն, որը կարող է մեկընդմիշտ լուծել մեր ստեղծագործողների իրավունքների պաշտպանության հարցը:

Ըստ իս տվյալ հարցին պետք է ցուցաբերվի լուրջ պետական աջակցություն այլապես մենք ոչ մի լուրջ արդյունք չենք կարողանա գրանցել: Կարծում եմ, որ նման տիպի կազմակերպությունների համար մեծ օգնություն կլիներ պետական աջակցությունը՝ իրենց անձնանվեր գործը նպատակին հասցնելու և դրական արդյունքներ արձանագրելու համար:

 

Կարինե Մխիթարյան

Անկախ

Մամիկոն Խոջոյանի դին տեղափոխում են Երևան

Մամիկոն ԽոջոյանՄամիկոն Խոջոյանի դին Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղից տեղափոխում են Երևան: Քիչ առաջ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մամիկոն Խոջոյանի հարսը: <<Նոր Հայկազը` ամուսինս, եկավ պապայի թղթերը, պասպորտը վերցրեց, վազելով դուրս եկավ, ասեց` տանում ենք Բերդի հիվանդանոց, էնտեղից էլ Երևան>>: Թե ինչու են 77-ամյա ծերունու դին տեղափոխում Երևան, հարսը չգիտի: Հավանաբար՝ դիահերձում կատարելու նպատակով: Հարսի խոսքով` Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վերջին օրերին հատկապես շատ էր վատթարացել: <<Վերքերը շատացել էին, ամբողջ մարմինը վերք էր, ինքը գրեթե չէր խոսում, միայն ջուր էր ուզում>>,-նշում է Խոջոյանի որդու կինը: Այս պահին նրանց տանն է նաև Ադրբեջանից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի մայրը` Սվետա Խոջոյանը: <<Մամուկ ապին իրիկունը 7-ի կողմերը մահացավ>>,-ասաց տիկին Սվետան` շարունակելով իրենց ընտանիքի պատմությունը: Տիկին Սվետան երեկ է Շամշադին վերադարձել: Նա այստեղ էր դստեր ու երկու որդիների հետ, որոնք Երևանի տարբեր հիվանդանոցներում էին: Արսեն Խոջոյանը բուժվում էր ֆիզիոթերապիայի ինստիտուտում, Ալվարդիկը` Արաբկիրի, Արմանը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցներում: Խոջոյանների հիվանդ երեխաները գյուղի տանն են, բայց պետք է իտենսիվ բուժումներ և դեղորայք ստանան: Տիկին Սվետան մեր թղթակցին հայտնեց, որ առավոտյան պետք է գնա Բերդի դեղատուն դեղերը գնելու, սակայն գումար չունի: <<Կգնամ, անձնագիրս կթողնեմ, տենամ` կտան դեղերը>>,-ասաց նա:   Անկախ

Թուրքիայում զոհված հանքափորների ընտանիքներին մոտ 90 մլն դոլարի փոխհատուցում կվճարվի

սոմաԹուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում շահագործվող և Սոմա հոլդինգին պատկանող ածքահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 301 զոհի ընտանիքներին «Soma Kömür Işletmeleri» ընկերությունը վճարելու է առնվազն 200 մլն թուրքական լիրա (մոտ 90 մլն դոլար) փոխհատուցում: Հայտնի է, որ ընկերության դեմ դատական գործերը հարուցվելու են տուժածների հարազատների անմիջական ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայի սոցիալական պաշտպանության վարչության կողմից: Սպասվում է, որ յուրաքանչյուր զոհված հանքափորի համար գործատուն կվճարի 300 հազար լիրա (143 հազար դոլար): Ընկերությունից կպահանջվի նաև ցմահ թոշակ վճարել աղետի զոհերի ընտանիքներին: Չի բացառվում, որ նախնական հաշվարկի արդյունք հանդիսացող այս թվերը կարող են աճել:

 

 Անկախ

Շրջանառության մեջ դրվեցին «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված գեղաթերթիկն ու նամականիշները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

unnamed

                                                                  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

                                                                                   լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ

«Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված՝ մայիսի 20-ին տեղի ունեցավ մեկ նամականիշով գեղաթերթիկի և 4 նամականիշների մարման և շրջանառության մեջ դրվելու պաշտոնական արարողությունը։

Մեկ նամականիշով գեղաթերթիկը նվիրված է հայ լեգենդար հետախույզ  Գևորգ Վարդանյանին, իսկ չորս նամականիշները՝ անվանի հետախույզներ  Հակոբ Դավթյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին և Աշոտ Հակոբյանին։

Հայկական հետքը հետախուզությունումԳեղաթերթիկի և նամականիշների մարման պաշտոնական արարողությանը ներկա էին  ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ- մայոր Գարեգին Մխիթարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը,  Գևորգ Վարդանյանի զինակիցը և այրին՝ Գոհար Վարդանյանը, հետախույզների բազմաթիվ հարազատներ, ընկերներ։

Հայկական հետքը հետախուզությունումՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից ողջունեց գեղաթերթիկի և նամականիշների պաշտոնական արարողության ներկաներին։ Նա նշեց, որ գեղաթերթիկի և նամականիշների թողարկումը հարգանքի տուրքի նվազագույն արտահայտությունն է, որով պետք է բոլորը հիշեն, մեծարեն ու խոնարհվեն անձնազոհ հերոսների հիշատակի  առջև, ովքեր իրենց գործունեությամբ ու կյանքով պարգևեցին պայծառ ու խաղաղ երկինք։

Գևորգ Վարդանյանի այրին՝ Գոհար Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով  ուշադրության ու վերաբերմունքի համար, կարևորեց այն, որ հետախույզի արած գործը չի մոռացվում, ու  հերոսների հիշատակը պահպանվում է։

Մեկ նամականիշով գեղաթերթիկի վրա պատկերված է Գևորգ Վարդանյանի դիմանկարը՝ երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին։ Նամականիշի ձախ անկյունում՝ Գևորգ Վարդանյանին  շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանն է։

Չորս նամականիշների վրա՝ երկրագնդի  երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին,  պատկերված են անվանի հետախույզներ  Հակոբ Դավթյանի, Իվան Աղայանցի, Հայկ Հովակիմյանի և Աշոտ Հակոբյանի դիմանկարները։

Մանրամասները՝ տեսանյութում

Անկախ

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանում է

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանում էՊաշտոնական այցով Բաքվում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն մայիսի 20-ին հանդիպել է ադրբեջանական քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների հետ, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։ Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր, քաղբանտարկյալների խնդիրները, ԵԽ-ի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։ ԵԽ քարտուղարին է հանձնվել ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակը, որում ներառված է 30 անձի անուն։

 

Առաջարկվում է վերաքննել 70 քաղբանտարկյալի վերաբերյալ գործերը։
Յագլանդը խոստացել է բոլոր այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության առաջ։ Գլխավոր քարտուղարի՝ Բաքու այցի նախօրեին ԵԽ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Յագլանդը Ադրբեջանի հետ հարաբերություններում գործողությունների պլան է ներկայացնելու, որում ներառված են նաև ազատ խոսքի և դատարանների անկախության հարցերը, որտեղ ԵԽ-ն առաջընթաց է ակնկալում։
Բացի այդ, Յագլանդը մտադիր է Ադրբեջանի իշխանությանը խնդրել ազատ արձակել Իլգար Մամեդովին` ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող քաղաքական հետազոտությունների դպրոցի տնօրենին։

 

“Հուսով եմ, որ դա Ադրբեջանի համար լավ հնարավորություն կլինի ԵԽ-ի չափանիշներին համապատասխան աշխատելու և համագործակցության իր մտադրություննները ներկայացնելու համար”,-ասել է Յագլանդը։
 Անկախ

ԵԽԽՎ նախագահը կայցելի Ադրբեջան

 Անն ԲրասյորԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորը մայիսի 22-23-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Բրասյորը Բաքվում մասնակցելու է Վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին: Այցի շրջանակներում նաև հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, Միլլի մեջլիսի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ:

Ըստ գործակալության`մայիսի 23-ին ԵԽԽՎ-ի նախագահի ասուլիս կունենա:

Անկախ

Եգիպտոսում ուսանողական բողոքի ցույցեր են, կան տուժածներ

կահիրե Կահիրեի համալսարանի ուսանողները մայրաքաղաքում ցույցեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման դեմ: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ակցիային միջամտել է ոստիկանությունը, որի հետ բախման արդյունքում 15 ուսանող է տուժել: Ականատեսների վկայությամբ՝ 3 ուսանող հրազենային վնասվածք է ստացել: Ուսանողական ցույցեր տեղի են ունեցել նաև համալսարանական մյուս քաղաքներում՝ Ասյուտում, Ալեքսանդրիայում և Էլ Մինյայում: Ուսանողները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունները և  պահանջել են ազատ արձակել իրենց ընկերներին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

Անկախ

Մահացել է հայ գերի Մամիկոն Խոջոյանը.Փաստինֆո

Մամիկոն ԽոջոյանԱյսօր մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից ազատագրված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, Մամիկոն Խոջոյանը մահացել է 15-20 րոպե առաջ: Նրա խոսքով, արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցից նրան ամեն օր այցելե են բժիշկները, փոխել վիրակապերը, սակայն 77-ամյա ծերունին մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:

«Գերության ընթացքում ստացած վնասվածքներն ու խոշտանգումները տվեցին իրենց արդյունքը»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:

77-ամյա Խոջոյանը գերեվարվել է հունվարի 28-ին  եւ միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո:

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել՝ առողջական լուրջ խնդիրներով:

Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Թուրքիան դարձել է հետույքի պլաստիկ վիրաբուժության կենտրոն

 հետույքի պլաստիկ վիրաբուժություն    Անգլիայում մասնավոր կլինիկաների փնտրման ամենամեծ համակարգը հանդիսացող “WhatClinic.com” կայքը մի հետազոտություն է անցկացվել պարզելու համար, թե անգլիացիները աշխարհի որ երկրներն են նախընտրում պլաստիկ վիրահատության համար: Պարզվել է, որ անգլիացի կանանց մեծամասնությունը գեղեցիկ հետույք ունենալու համար դիմում են թուրք բժիշկների օգնությանը: Վերջին երկու տարում այս ցուցանիշտ աճել է 150 տոկոսով: Թուրքիան նախընտրելի երկիր է նաև մազաբուժության համար: Իսկ ահա գեղեկցիկ ատամնաշարի համար մարդիկ նախընտրում են մեկնել Թայլանդ: Այստեղ ճանապարհվողների թիվը աճել է 320 տոկոսով: Կրծքի պլաստիկ վիրաբուժության առաջատարը Լեհաստանն է: Քթի վիրահատության համար անգլիացիները ուղևորվում են Չեխիա, որովայնի համար՝ Բելգիա:

Անկախ

Ռուբեն Հակոբյանը վտանգավոր է համարում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Ռուբեն ՀակոբյանԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և համանախագահների համատեղ հայտարարություններին, ասաց, որ առաջին անգամ Մինսկի խումբը բացահայտ հայտարարում է, որ պետք է փոխվի ստատուս քվոն, քանի որ այն խանգարում է բանակցային գործընթացին, և որ պետք է  հետ վերադրաձվեն «գրավյալ տարածքները»։

«Սա չափազանց վտանգավոր մոտեցում է, եթե նկատի ունենանք այն օրակարգերը, որ այսօր կան աշխարհում,-ասաց Ռուբեն Հակոբյանը,-աշխարհի ուժեղներն այսօր իրար հետ հարցեր են լուծում, և կարծես թե պատերազմական գործողությունների դաշտը կամաց-կամաց տեղափոխվում է մեր տարածաշրջան»:

Նա ողջունեց  ԼՂՀ իշխանությունների և հասարակության ակտիվ դիրքորոշումը, որով նրանք դիմավորեցին համանախագահներին` նշելով, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ոչ մի հարց հնարավոր չէ լուծել:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ վերաբերվեն` հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար և անեն ամեն ինչ, որ Ղարաբաղը դառնա հակամարտության կողմ:

Անկախ

Արմեն Աշոտյանը չվճարվող արձակուրդ կվերցնի` ԵԺԿ համաժողովում ՀՀկ-ն ներկայացնելու համար

արմեն աշոտյանՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Աշոտյանին երկօրյա չվճարվող արձակուրդ է տրվել:

Աշոտյանն այս մասին ՖԲ իր էջում գրել է. «Հունիսի 2-3-ի իմ չվճարվող արձակուրդի ընթացքում որպես ՀՀԿ ներկայացուցիչ մասնկացելու եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին: Արձակուրդ վերցնում եմ, որպեսզի տարանջատեմ նախարարական գործունեությունս կուսակցական հարցերից: Միշտ այդպես եմ արել, երբ մեկնել եմ ԵԺԿ Քաղաքական համաժողով»:

Մայրաքաղաքի փողոցներում և մասնավոր կառույցների մուտքերում օրեցօր ավելանում է թեքահարթակների թիվը

 թեքահարթակներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում կառուցվող թեքահարթակների շինարարության ընթացքին հետևել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Հիշեցնենք, որ հատուկ կարիքներով քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն դրամ: Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Ծրագիրը հավանության արժանացավ ինչպես երևանցիների, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: 2014 թվականին, դարձյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, համայնքային բյուջեից հատկացվել է արդեն 40 մլն դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Աշխատանքները մեկնարկել են շուրջ 1 շաբաթ առաջ և այժմ արդեն շուրջ 10 թեքահարթակ պատրաստ է շահագործման: Ընտրության վայրերը նախապես քննարկվել և հավանության են արժանացել նաև ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: Գործընթացին այս անգամ ծանոթացել է նաև Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ով նույնպես բարձր գնահատականի է արժանացրել Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը`նշելով, որ իրականացվող ծրագիրը մեծապես կնպաստի իրենց շահառուների ազատ տեղաշարժին: 2014 թվականին քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում ավելի քան 350 թեքահարթակներ կկառուցվեն նաև մասնավոր ընկերությունների կողմից : Ընդ որում, բոլոր հատվածներում թեքահարթակները կառուցվում են քաղաքապետարանի տրամադրած առանձին նախագծերով: Երևանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:

Անկախ

Քանի՞ մանկավարժ կկրճատվի Շիրակի մարզում. պարզաբանում է նախարարը

 Արմեն ԱշոտյանԱշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսել է մանկավարժների աշխատավարձերի բարձրացման և սպասվելիք կրճատումների մասին: 2014թ. պետական բյուջեով նախատեսված է մոտ 8-10 տոկոս բարձրացնել մանկավարժների աշխատավարձերը: Այս բարձրացումները նախատեսված են հունիսի 1-ից: Սակայն, նախարարը նշում է, թե Շիրակի մարզում աշխատավարձերի հարցում կա մեկ այլ խնդիր՝ մանկավարժների թիվն ավելի մեծ է, քան աշակերտների:
«Իհարկե, պետք է նաև հասկանանք այն խնդիրը, որ կա Շիրակի մարզում. մենք դպրոցներում աշխատող ավելի շատ մանկավարժ ունենք , քան աշակերտներ: Ավելի շատ մանկավարժներ ունենք դպրոցներում, քան՝ դրույքներն են: Մի կողմից մեզանից ակնկալվում է բարձր աշխատավարձ, բայց մյուս կողմից ուսուցիչների մեծ մասը լիարժեք ծանրաբեռնվածությամբ չի աշխատում», – ասում է Արմեն Աշոտյանը:

Ոլորտի պատասխանատուն ասում է՝ հարցի լուծման համար կան երկու բևեռային ընտրություններ: Ու նախարարությունը դրանցից որն էլ ընտրի, միևնույն է, երկուսն էլ վատ ընտրություն են: Դրանք են՝ կամ գնալ զանգվածային կրճատումների, որն իր հետևից կբերի սոցիալական խնդիրների ավելացում, քանի որ կրթության ոլորտը նաև խոշոր գործատու ոլորտ է, կամ պահպանել մանկավարժների տեղերը՝ նրանց ծանրաբեռնելով փոքր ծավալով:
«Համաձայնեք, որ 4 ժամով տնից դուրս եկող ուսուցչուհին շահագրգիռ չէ իր վրա աշխատելու, շատ պարապելու: Ես չեմ ուզում, որ դպրոց գալը, դաս տալը լինի տնից դուրս գալու առիթ: Հիմա ոչ ճիշտ քայլ է աշխատատեղերի կրճատումը, ոչ էլ աշխատատեղերի ուռճացումը: Մենք փորձում ենք ոսկե միջին գտնել երկու ծայրահեղությունների արանքում՝ կարևորելով կրթության որակի հարցը, նաև գիտակցել, որ կրթության ոլորտը սոցիալական պատասխանատվություն ունի», – նշեց Աշոտյանը:

Դոլարը` 412.2 դրամ

 50 միլիոն դոլարՄայիսի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,060,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.2 դրամ:

Անկախ

Ժամանակակից ստրկությունը տարեկան 150 մլդ դոլարի շահույթ է ապահովում

strukԱշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) անցկացրած հետազոտությունների համաձայն՝ աշխարհում բռնի աշխատեցվող մարդկանց հաշվին տարեկան  մոտ 150 մլրդ դոլարի անօրինական շահույթ է ստացվում: Աշխարհում բռնի շահագործման ենթարկվողների թիվը հասնում է մոտ 21 միլիոնի, որոնց թվում յուրաքանչյուր երեք հոգուց երկուսը գտնվում է սեռական ստրկության մեջ: Ընդ որում՝ աշխատանքային շահագործման ամենից շատ ենթարկվում են ներգաղթյալները: Զեկույցի համաձայն՝ մարդկանց շահագործման դեմ դժվար է պայքարել, քանի որ դրանց պատասխանատուները հիմնականում վտանգավոր հանցախմբեր են: «Զեկույցը ցույց տվեց, որ ժամանակակից ստրկությունը մի նոր  փուլ է թևակոխել»,-նշում է կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռիդերը: Աշխարհում մարդիկ շահագործման են ենթարկվում հիմնականում հետևյալ բնագավառներում.

91 մլրդ դոլար՝ սեռական շահագործում

34 մլրդ դոլար՝ շինարարություն, արտադրություն, տարբեր տեսակի բանվորություն

9 մլրդ դոլար՝ գյուղատնտեսություն, այգեգործություն

8 մլրդ դոլար՝ տնային տնտեսություն:

Կազմակերպությունը պետությունների կառավարություններին կոչ է արել պայքարել այս երևույթի դեմ՝ ընդգծելով աղքատության, գործազրկության և անգրագիտության վերացման հարցում քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

63 պակիստանցի քաղաքական գործիչ կանչվել է դատարան

pakistanՊակիստանի Լախոր քաղաքի բարձրագույն դատարանը հարցաքննության է կանչել 63 քաղաքական գործչի, այդ թվում նաև վարչապետ Նավազ Շերիֆին, նախկին նախագահին ու նախկին վարչապետին: Վերջիններս իրենց ունեցվածքն  աստիճանաբար տեղափոխում են արտասահմանյան երկրներ: Հայտնի է, որ քաղաքական գործիչներն անօրինական ճանապարհով մոտ 3 մլրդ դոլար գումար են փոխանցել արտասահման: Դատական գործի առաջին լսումները կանցկացվեն հունիսի 15-ին: Տեղական մամուլի հաղորդմամբ՝ պակիստանցիները շուրջ 7 մլդ դոլար գումար ունեն շվեյցարական բանկերում:

Վիետնամում բռնությունների հետևանքով չինական ընկերության 4 աշխատակից է զոհվել

vietnamՉինական ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթ վիճահարույց տարածքներում Չինաստանի նավթային աշտարակի տեղակայման պատճառով Վիետնամում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել ընկերության չորս աշխատակից:

Երեքշաբթի օրը չինական Մետալուրգիական գրուպ ընկերությունը հայտարարել է, որ Հա Թինում մայիսի 14-ի ցույցերի հետևանքով վիրավորվել է 126 աշխատակից, որոնցից 23-ը ծանր վնասվածքներ են ստացել:

Չինաստանի և Վիետնամի կառավարությունները մեկնաբանություններ չեն կատարել այս կապակցությամբ, սակայն մինչ այդ տեղեկություններ էին հրապարկել երկու զոհվածների վերաբերյալ:

Ընկերության հայտարարության մեջ տեղեկություններ չեն տրամադրվում զոհերի ինքնության կամ ազգության վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ երկու զոհերի ինքնությունը պարզելու համար ԴՆԹ թեսթ է կատարվում:

Ընկերության աշխատակիցների մեծ մասը բռնություններից հետո տարհանվել է Վիետնամից: