Արևմտյան Հայաստանի դրացի տարագիր ազգերը Գերմանիայում ուխտակցում են իրենց նորօրյա պայքարում

Ալիսա Եփրեմյան-1Արդեն մայիսի սկիզբն է: Հայկական աշխարհը ավարտեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ապրիլյան միջոցառումների տարվա կարևոր փուլը: Այժմ ժամանակն է, որպեսզի թարմ տեղեկությունների և տպավորությունների ազդեցության տակ ամփոփենք աշխատանքները, կատարենք առաջին վերլուծումները, վեր հանենք 2014-ի  առանձնահատկությունները, աշխատանքներում ներառած ռազմավարական և մարտավարական նորույթները, ներկայացնենք միջոցառումների աշխարհագրությունը և առավել հարստացած փորձառությամբ ընդառաջ գնանք 2015-ին:

Աշխարհի հինգ մայրցամաքներում գործող հարյուրավոր հայկական համայնքներ և կազմակերպություններ հերթական անգամ կազմակերպեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ավանդական ծրագրեր: Կանգնեցվեցին հիշատակի խաչքարեր և հուշահամալիրներ, ինչպես օրինակ կանադական Վանկուվեր քաղաքում, Թբիլիսիում, Ջավախքի հայաշատ Նինոծմինդա վարչական կենտրոնում (նախկին անվանումը` Բոգդանովկա ), ապա նաև Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում: Առավել ուշագրավ էր Հոլանդիայի Ալմելո քաղաքի հզոր հուշահամալիրի բացումը, չափազանց հուզիչ էր Դանիայի Գյուլինգ ավանի խաչքարի բացման խորհուրդը:

Իսկ որո ՞նք էին 100-ամյակի նախաշեմի միջոցառումների ռազմավարական և մարտավարական այն առանձնահատկությունները, որոնք կարող են հարստացնել հայկական պայքարի նորօրյա փորձը:

Եվրոպայում եզակի երևույթ էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությունը և խոնհարումը Փարիզի Կոմիտասի հուշարձանի առջև: Ընդլայնված էր նաև այս տարվա ծրագրերի աշխարհագրությունը: Հիշատակի ծրագրեր անցկացվեցին <<ոչ ավանդական>> երկրների մայրաքաղաքներում` Հանոյում, Սեուլում, Պեկինում, Մեխիկոյում, Ամմանում, ընդլայնվեց <<ավանդական>>երկրներում միջոցառումների ներքին աշխարհագրությունը:

Հայոց ցեղասկանության 99-տարելիցի ապրիլը բնորոշվեց նաև մի քանի բանաձևերով և հայտարարություններով:

  1. ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև:
  2. ԱՄՆ-ի հրեաների կոմիտեն հանդես եկավ Հայոց ցեղասպանության հիշատակի և դատապարտման ուղերձով:
  3. Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցացիայի կոչ ուղղեց իր պետության իշխանություններին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ դնել ժղտողականությանը
  4. Դիարբեքիրում բացվեց <<Աքսորի դիմանկարներ>> խորագրով եզակի ցուցահանդեսը, ուր ներկայացվեց Եղեռնից մազապուրծ այն 99 դիարբեքիրցի հայերի լուսանկարները, ովքեր Դիարբեքիրից փախչելով ապաստանել էին Ֆրանսիայում:
  5. Վարչապետ Էրդողանի ցավակցական հայտարարությունը հայերին և դրա քննադատությունն ու մերժումը հայերի կողմից, համաշխարհային մամուլում և քաղաքական աշխարհում վերահաստատեց հայերի հստակ պահանջատիրության հանգամանքը:

 

2014 թվականի հայկական ապրիլը Գերմանիայում

 

Հայկական ապրիլը Գերմանիայում այս տարի սկսվեց Քեսաբի բռնագրավման դեմ բողոքի հզոր ալիքով: Ապրիլի 5-ին Գերմանիայի 3 քաղաքներում կազմակերպվեցին բողոքի ցույցեր: Քյոլնում այն անցավ քաղաքի հռչակավոր Դոմի հրապարակում,  Համբուրգի կենտրոնական փողոցներով ի պաշտպանություն քեսաբահայության անցան բողոքի քայլարշավի բազմաթիվ մասնակիցներ: Հայ Ակադեմիականների Միությունը աջակցություն ստանալով Եվրոպայի Հայկական Համագումարի Գերմանիայի մասնաճյուղի և Հայկական Վերածնունդ շարժման Գերմանիայի մասնաճյուղի անդամների կողմից, նույն օրը բողոքի և դատապարտման ցույց կազմակերպեց Դյուսելդորֆում գործող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (Անի Քոչար, PressIdent.am, 7 ապրիլի 2014թ.):

Անցյալ տարիների օրինակով հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Գերմանիայի համարյա բոլոր մեծ քաղաքներում, զուգահեռաբար աչքի ընկան նաև մի քանի նոր քաղաքներ` նոր նախաձեռնություններով: Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցը տարաբնույթ ծրագրերով նշվեց Մայնի Ֆրանկֆուրտում (կենտրոնական ծրագիր), Բեռլինում, Համբուրգում, Քյոլնում, Շտուտգարտում, Մյունխենում, Բոխումում, Լայպցիգում, Բրեմենում, Կոնստանցում, Յենայում, Լեերում, Հոյխբերգում, Հերֆորդում և Լյուբեկում:

Լայնածավալ ծրագրերի համատեքստում նորություն էին մի քանի հետաքրքիր նախաձեռնություններ: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին հայր և որդի Պաուլ և Էլի Գուլօղլուները նախագահական Բելեվյու ամրոց-նստավայրի դիմաց մի քանի ժամ պահանջատիրական պաստառներ պարզեցին, Ենայի քաղաքագլուխ դր. Ալբրեխտ Շրյոթերը ապրիլի 24-ին առաջին անգամ Գերմանիայում քաղաքապետարանի դիմաց ի նշան համերաշխության և որպես հարգանք հայ զոհերին, խոնհարեցրեց հայկական եռագույնը, որը, ըստ քաղաքապետի, նաև երկրի բարձրագույն իշխանություններին Գերմանիայի մեղսակցության հիշեցում էր, Կոնստանցի քաղաքային թատրոնը ի հեճուկս Կարլսռուհեում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և բազմաթիվ թուրքերի բողոքի ցույցին, մեկ ամսից ավելի շարունակեց ցուցադրել Էդգար Հիլզենռաթի <<Վերջին մտքի հեքիաթը>> վեպի հիման վրա բեմադրած դրաման, որն ավարտվեց Թուրքիայի հարցերով մի քանի փորձագետների քննարկման երեկոյով: Հիշատակի յուրահատուկ միջոցառումների շարք կազմակերպվեց Երևանից հրավիրված դուդուկահարներ Գևորգ Դաբաղյանի, Կարապետ Շաբոյանի և նրանց գերմանացի գործընկերների համագործակցությամբ, որոնք անցկացվեցին Հերֆորդ, Լյուբեկ և Համբուրգ քաղաքներում: Առանձնահատուկ է նաև Բեռլինում դր. Թեսսա Հոֆմանի և դր. Ժիրայր Քոչարյանի ղեկավարությամբ գործող <<Ճանաչում աշխատանքային խմբի>> արդեն երկրորդ տարին կրկնվող միջոցառումը, որի ընթացքում Բեռլինի թուրքական դեսպանության դիմաց ցույցից հետո մասնակիցները պաստառներով և դրոշներով քայլում են դեպի կանցլերի նստավայր և այնտեղ հանձնում ցեղասպանության ճանաչման և այլ պահանջներ ներկայացնող փաստաթուղթը, ճանապարհին ծաղկեպսակներ դնում հոլոքաուստի ապա նաև գնչուների ցեղասպանության հուշարձաններին:

Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) հիշատակի և պահանջատիրության միջոցառումը Բոխում քաղաքում

Վեց տարագիր ազգերի ներկայացուցչական կառույցներ ուխտակցում են և գերմանական կողմի հետ միասնաբար դատապարտում են ինչպես ոճրագործ օսմանյան պետության, այնպես էլ ոճիրն ուրացող ներկա Թուրքիայի կառավարություններին

Այսպիսի ձևաչափով հիշատակի և պահանջատիրության միջոցառում Գերմանիայում կազմակերպվում էր առաջին անգամ: Յոթ ազգերի ներկայացուցիչներ համատեղ հարգանքի տուրք են մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

ՀԱՄ-ի քաղաքական կոնցեպտի առանցքային հարցերից է նաև << նախ գերմանացիներին լսելի դարձնել ոչ միայն հայկական, այլև մեր դրացի ազգերի ողբերգությունները, ապա ձգտել միաբանել նրանց տարագրության փարձառությունները, հասնել տարագրյալ ազգերի պայքարի ուղեգծերի համադրմանը…>>: Այսինքն ՀԱՄ-ի կողմից զանազան առիթներով հնչեցրած <<հալածանքների ժամանակ անհրաժեշտ դաշնակից չդարձանք, հիմա ենք դառնալու>> կարգախոսը պետք է նվիրագործել քաղաքական հստակ գործողություններով,  համատեղ ու անկեղծ դաշնադրությամբ:

Միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին: ՀԱՄ-ին աջակցում էր Բոխումի Լինդեն թաղամասի Ավետարանչական համայնքը, որը տրամադրել էր թաղամասի կենտրոնական Խրիստուսկիրխե եկեղեցին:

Պաստոր Ռոլֆ Շուլդի տպավորիչ բացման խոսքին հետևեց տողերիս հեղինակի պահանջատիրական շեշտադրությամբ ելույթը, այնուհետև հանդես եկավ <<Ձախեր>> կուսակցության անվանի գործիչներից Բունդեսթագի պատգամավոր Տիկին Սեվիմ Դագդելենը, ով ոչ միայն դատապարտեց կայսերական Գերմանիայի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության հարցում, այլև ներկա գերմանական իշխանություններից պահանջեց վերջ դնել ժամանակակից Թուրքիային ռազմական տեխնիկա տրամադրելու անընդունելի քաղաքականությանը: Պատգամավորի խոսքին հաջորդեց Արմին Թ. Վեգներ ընկերության նախագահ Ուլրիխ Քլանի ելույթը: Նա շեշտվեց Վեգների լուսանկարների, գրական ստեղծագործությունների և ԱՄՆ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին 1919թ. ուղղված նամակի կարևորությունը Հայկական հարցի առնչությամբ: Գերմանացի մտավորականից հետո բեմում հնչեցին Պոնտոսի հույների միությունների Եվրոպայի կենտրոնական խորհրդի նախագահ Իլիաս Մավրիդիսի, Դերսիմի միությունների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իսմաիլ Յուչերի, ասորի քաղաքական գործիչ, Թուրքիայում երկար տարիների ընթատակյա քաղաքական պայքարի առաջնորդներից Իբրահիմ Սևենի, Գերմանիայի Եզդիների ակադեմիական ընկերության նախագահ Դր. Սեֆիկ Թագայի և Քոչքիրցիների եվրոպական դաշինքի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Հասան Օյզերի ելույթները, ովքեր միաբերան պահանջեցին Հայոց ցեղասպանության անհապաղ ճանաչում և դատապարտում, ինչպես նաև սեփական ժողովուրդների ողբերգությունները ներկայացնելով, խիստ անհրաժեշտ համարեցին արդի դժվարին պայքարի պայմաններում տարագիր ազգերի միասնական ուխտի ստեղծումը:

Ծրագրի գեղարվեստական մասում հանդես եկան ջութակահարուհի Ալիսա Եփրեմյանը (Վուպերտալ), ով Կոմիտասի կռունկով կատարեց միջոցառման բացումը, ապա ֆլեյտահար Ներսես Օհանյան (Էսենի երաժշտական բարձրագույն դպրոց) հնչեցրեց բեթհովենյան մի քանի ստեղծագործություններ, ելույթներ ունեցան թավջութակահարուհի Քրիստինե Կոնռադը (Բոխումի ֆիլարմոնիկ),  Ռախել Զայֆերտ (մեներգչուհի, Բոխում), Բոխումի գրողների ընկերության խոսնակ Հայդե Ռիկը կարդաց փարիզաբնակ Գրիգոր Բլըդյանի բանաստեղծությունների ֆրանսերենից կատարած իր թարգմանությունները: Ծրագրի բոլոր մասնակիցների ելույթները տեղի ունեցան հայկական խոնարհված եռագույնի ներքո:

Խրիստուսկիրխեի բակը 2006 թվականից զարդարում է Գյումրիից բերված քանդակագործ Ալբերտ Վարդանյանի յուրահատուկ մի ստեղծագործություն, որը Բոխումի խաղաղության հուշարձանն է: Այն Բոխումի և հարակից քաղաքների հայերի և նրանց հյուրերի համար դարձել է յուրօրինակ մշակութային ուխտավայր: Ծրագրի ավարտին պաստոր Շուլդը ներկաներին մեկնաբանեց հուշարձանի վրայի խորհրդանշական լուծումները:  Ծրագիրը Խրիստուսկիրխեում կազմակերպելը պայմանավորված էր նաև այս հրաշք հուշարձանը օտարների համար ավելի ճանաչելի դարձնելու հանգամանքով:

Միջոցառման հայտագրերի ձևավորումը կատարել էր բրեմենաբնակ արվեստագետ Մարիետտա Արմենան, հայտագրերի տեքստերը հեղինակել էր դր. Յոխեն Մանգելսենը:

Բոխումի ծրագրի առանձնահատկությունը նաև այն էր, որ գերմանական մամուլը անսովոր ակտիվությամբ անդրադարձավ միջոցառմանն ու լայնորեն մեկնաբանեց Հայոց ցեղասպանության հարցը: Միայն Westdeutsche Allgemeine Zeitung-ը (WAZ), որը Գերմանիայի ամենամեծ մարզային թերթն է, զանազան ծավալի հոդվածներով չորս անգամ անդրադարձավ ծրագրին, Ruhr Nachrichten քաղաքային կենտրոնական թերթը երկու հոդված հրատարակեց այդ մասին, քաղաքային Stadt Spiegel-ը ծանուցեծ ծրագրի հայտագիրը: Էսեն քաղաքի Prinz տպագիր հանդեսը, ապա  համացանցային Bochumer Alternative, Scharf Links և Ruhr Barone լայն տեղեկատվական կայքերը անմասն չմնացին ծրագրին աջակցելու գործից: Ապրիլի 29-ին Գերմանիայի կենտրոնական թերթերից  Junge Welt-ը մեկ ամբողջ էջ նվիրեց պագամավոր Սեվիմ Դագդելենի Բոխումում կարդացած ելույթին: Ապրիլի 26-ի Բոխումի միջոցառմանը երկու անգամ անդրադարձան հայկական համացանցային PressIdent.am և Nor Khosq.net համացանցային թերթերը, Արմենպրեսը, ինչպես նաև Գերմանիայում բավականին ընթերցվող ասորական Huyodo.Com համացանցային լրատվամիջոցը:

Ցավոք հայ ժողովրդի անդրժելի իրավունքները դեռևս վերականգնված չեն և մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ սփյուռքում կազմակերպել այսպիսի ծրագրեր:

 

Ազատ Օրդուխանյան

Հայ Ակադեմիականների Միության նախագահ

4 մայիսի 2014թ., ք. Բոխում, Գերմանիան

 

 

 

Եվրոպայի մահմեդակաները պահանջում են իսլամը ճանաչել պաշտոնական կրոն

Վիենայում Ժողովրդավար ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի կողմից անցկացվել է  «Իրավապահական քայլերը իսլամաֆոբիայի հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում» թեմայով կոնֆերանս: Հաշվի առնելով Եվրոպայում իսլամաֆոբիայի հետևանքով հանցագործությունների թվի աճը՝ կոնֆերանսի մասնակիցները քննարկել են համապատասխան օրինագծի ընդունման հարցը, որը կերաշխավորի իսլամԵվրոպայում ապրող  մահմեդակաների իրավահավասարությունը և կկանխի նրանց նկատմամբ ատելության պատճառով տեղի ունեցող հանցագործությունները:

Կրոնի հարցերով ավստրիական վարչության ղեկավար Ֆուադ Սանաչը նշել է, որ  մահմեդակաների նկատմամբ թշնամական վերաբերմունքի պատճառը այն է, որ իսլամը իրավաբանորեն չի ճանաչվում որպես կրոն: Այսինքն առաջ է քաշվում եվրոպական բոլոր երկրներում իսլամը պաշտոնական կրոն ճանաչելու հարցը:
Անկախ

Առևանգված ԵԱՀԿ ռազմական դիտորդներին ազատ են արձակել

berlin   ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդները, որոնք ակտիվիստների կողմից առևանգվել էին Սլավյանսկում, ազատ են արձակվել և ուղարկվել Բեռլին: Դիտորդական խմբի անդամները՝ Դանիայից, Չեխիայից, Շվեդիայից և Լեհաստանից, Սլավյանսկում պահվել են 8 օր: Դանիայի պաշտպանության նախարար Նիկոլյա Վամենը հայտարարել է, որ այս միջադեպը չպետք է ազդի ԵԱՀԿ առաքելության աշխատանքների վրա և նրանք կստանան համապատասխան աջակցություն իրենց աշխատանքը բարեհաջող ավարտելու համար:

Անկախ

Պատահար թուրք-իրաքյան սահմանին, կան տուժածներ

 թուրք-իրաքյան սահման Իրաքի և Թուրքիայի սահմանին թուրք սահմանապահների և Հաքյարիի շրջանի Սամանլը բնակավայրի բնակիչների միջև բախումներ են տեղի ունեցել: Մարդիկ գաղտնի ճանապարհներով վերադարձել են Իրաքից, սակայն նրանց հայտնաբերել են: Սահմանապահները ձերբակալել են օրինազանց քաղաքացիներին, ինչից հետո Սամանլըի մյուս բնակիչները օգնության են հասել համագյուղացիներին: Ծագած վեճի ու կռվի արդյունքում մեկ զինծառայող և հինգ գյուղացի է տուժել: Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ տարածքում խիստ հսկողություն է սահմանվել:

Պայթյուն Սոմալիում, 9 մարդ է զոհվել

mogadishuՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել: Ականատեսների վկայությամբ՝ պայթեցվել է Մոգադիշոյի քաղաքապետի նախկին քարտուղարի ավտոմեքենան: Քարտուղարի հետ միասին մահացել է ևս 8 մարդ, որոնք գտնվել են մեքենայի մոտակայքում: «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը զինված պայքար է մղում կառավարության դեմ, քանիցս սպառնացել է, որ ահաբեկչություն կիրականացնի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ:

Անկախ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իրան

 Էդվարդ Նալբանդյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով,  մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։

Այցելության ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացացուչների հետ։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում անջատողականներն ավելանում են

գառնիկ սարոյանԵթե նախկինում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից ցանկանում էին առանձնանալ գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները, ապա այժմ գումարվել են նաև ցանցացատկի (բատուտ) մարզիկները: Փաստորեն, անջատողականներն աստիճանաբար ավելանում են: Ընդ որում, գեղարվեստական մարմնամարզության մակարդակը Հայաստանում միշտ շատ ցածր է եղել: Ցանցացատկն էլ մեր երկրում զարգացած չէ, նույնիսկ մի քանի համապատասխան մարզագործիք կա: Տասնամյակներ շարունակ աշխարհում ցանցացատկի բազմաթիվ ներկայացուցչական ստուգատեսներ են կազմակերպվել, բայց Հայաստանից մասնակից չի եղել:

Ինչ խոսք, լավ է, որ մարզաձևն աշխուժացնելու միտում է նկատվում, բայց ցավալի է, որ դա կատարվում է գաղտագողի, անդրկուլիսյան պայմաններում. օրինականության մասին անգամ խոսք լինել չի կարող: Եվ այս ամենի հետևում նախկին մարմնամարզիկ, Գինեսի ռեկորդների գրքի օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագրքում» իր անունը գրանցած, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանն է:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում օրերս շատ զարմացան, երբ ուշագրավ մի նամակ ստացան Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից: Նամակում տեղյակ է պահվում, որ Հայաստանից դիմել են, որպեսզի օրինականացվի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնումը: Միաժանակ պարզաբանվում է, որ մերժել են, քանի որ ճանաչում են միայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, որի կազմում է նաև ցանցացատկը:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան առանձնահատուկ է: Այս կազմակերպության կազմում են մարմնամարզությունը (տղամարդիկ և կանայք), գեղարվեստական մարմնամարզությունը, ակրոբատիկան, ակրոբատիկական ցատկերը, աերոբիկան (ռիթմիկ մարմնամարզություն) և ցանցացատկը: Կա ևս մեկ մրցաձև` «Մեծ մարմնամարզությունը», որը մարմնամարզության մի քանի մարզաձևերի թիմային մրցում է: Պայքարի մեջ են ներգրավվում մարմնամարզության, գեղարվեստական մարմնամարզության, ակրոբատիկայի ներկայացուցիչներ, և անցկացվում են տարբեր մրցաշարեր, նաև աշխահի առաջնություններ:

Ինչ վերաբերում է ցանցացատկին, ապա խորհրդային ժամանակներում ունեցել ենք այս մարզաձևի ներկայացուցիչներ: Անկախացումից հետո մասնագետների մի մասը Հայաստանից հեռացել է, մյուսները թողել են աշխատանքը, մարզագործիքներ էլ գրեթե չեն մնացել: Եվ այդ մարզաձևը մարել է:

Ալբերտ Ազարյանի և Հրանտ Շահինյանի անվան երևանյան մարզադպրոցներում նախկինից ժառանգություն մնացած երկու մարզագործիք կա: Դրանք քանիցս վերանորոգվել, կարկատվել են:

բատուտԻ դեպ, ժամանակին Հրանտ Շահինյանի նախաձեռնությամբ նրա իսկ ղեկավարած մարմնամարզության դպրոցի հարևանությամբ խոշոր կենտրոն էր կառուցվում, որտեղ պետք է վաղ հասակից անդամագրվեին հիշյալ բոլոր մարզաձևերի, այդ թվում նաև ցանցացատկի ներկայացուցիչները, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դասեր անցկացնեին այլ մարզաձևերով կանոնավոր զբաղվողները` ջրացատկորդները, ֆուտբոլիստները, ըմբիշները և այլն: Շահինյանի մահից հետո Երևանի կենտրոնում գտնվող կիսակառույցը վաճառվեց: Այն «Օրինաց երկիր» կուսակցության նստավայրն էր, հետո էլ Ֆրանսիական համալսարանին էր պատկանում: Փաստն այն է, որ հիանալի մտահղացումն անկատար մնաց:

Գառնիկ Սարոյանը, որ ԽՍՀՄ սպորտի վարպետ է, ԽՍՀՄ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության կենտխորհրդի չեմպիոն, Հայաստանի առաջնության մրցանակակիր, մարզել է մարմնամարզության Հայաստանի, Իրանի ազգային հավաքականները և ներկայումս Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է (նախկինում էլ` 1993-2000 թթ., մինչև արտասահմանում աշխատանքի անցնելը վարել է այդ պաշտոնը), պարզաբանեց, որ ցանցացատկը Հայաստանում զարգացնելու ցանկություն ունեցողներից ոչ ոք այդ հարցով չի դիմել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարությանը:

«Ֆահրադյանը նախկինում մարմնամարզիկ է եղել, ուրախ ենք, որ ճանաչում ունի, բայց եթե անկեղծ լինենք, նրա կատարած այդ ռեկորդային վարժությունները ներկայիս մարմնամարզիկներից յուրաքանչյուրը, առանց որևէ դժվարության, կարող է կատարել, պարզապես մի քիչ պետք պարապել, մարզավիճակ ձեռք բերել: Լավ է, որ ցանցացատկը զարգացնելու նպատակ կա, բայց պետք է ճանապարհ անցնել, ամեն ինչ օրինական անել, համաձայնեցնել ֆեդերացիայի հետ: Հնարավոր չէ ձեռքի հինգ մատներից մեկը կտրել և ասել, որ այն կարող է առանձին ձեռք լինել: Ինչքան տեղյակ եմ, փորձ է արվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օգնությամբ ցանցացատկի առանձին կազմակերպություն հիմնել: Եվ ահա եկել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանը, որում հայտնվում է, որ միայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան է իրավասու զբաղվելու այդ մարզաձևի հետ կապված խնդիրներով: Հավանաբար, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներին այդ առաջարկը ոգևորել է, և նրանք էլ մի քիչ շտապողականություն են դրսևորել: Ամեն դեպքում պետք է քայլերը նախապես հաշվարկել»,- ասաց Սարոյանը:

Նա տեղեկացրեց, որ աերոբիկայի խմբեր բացելու համար ֆեդերացիային է դիմել նույնպես նախկին մարմնամարզիկ Արթուր Գյուրջինյանը, և քննարկելուց հետո նրան հանձնարարվել է, որ զբաղվի կազմակերպչական հարցերով, բացը լրացվի:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչով են պսակվել գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչների «անկախանալու» փորձերը: Նրանք էլ շուրջ մեկ տարի առաջ ցանկանում էին առանձին ֆեդերացիա ստեղծել:
Սարոյանը հայտնեց, որ այդ մարզաձևում խնդիրը մի փոքր այլ է: Տարաձայնությունները շատ են մարզաձևի մասնագետների միջև: Փաստորեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանին վստահվում է նաև այդ մարզաձևի հետ կապված հարցերի համակարգումը: Եվ դա նրա գործընկերներից ոմանց դուր չի գալիս, փորձում են խանգարել, ձախողել Հայաստանի առաջնությունների կազմակերպումը: Այս ամենից առաջին հերթին մարզաձևն է տուժում:

«2004-ին ինքս Թուրքիայի Անթալիա քաղաքում ներկա էի Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համաժողովին: Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին դուրս գալ այդ երկրի մարմնամարզության ֆեդերացիայից: Եվ միջազգային ֆեդերացիան դա արգելեց, սակայն թույլ տվեց կազմակերպության ներսում փոխհամաձայնությամբ լուծել կազմակերպչական խնդիրները: Ինչ վերաբերում է առանձնանալուն, ապա դա հնարավոր չէ: Կարելի է ֆեդերացիայի կազմում գտնվող տարբեր մարզաձևերի ֆինանսական հաշիվներն առանձնացնել, ոչ ավելին: Մարմնամարզության ֆեդերացիան դրա կազմում եղած մարզաձևերի հետ միասին պետք է մեկ հասցե ունենա»,- ասաց Սարոյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան աջակցության կարգով պետությունից տարեկան 35 մլն դրամ է ստանում: Ֆինանսներն առայժմ բաշխվում են միայն մարմնամարզության (տղամարդիկ և կանայք), ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության միջև: 20 մլն դրամը հատկացվում է մարմնամարզությանը, 7,5-ական մլն դրամ են ստանում գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի ներկայացուցիչները: Վերջինիս ներկայացուցիչներն անջատողական հակումներ չունեն: Թերևս դեր է խաղում այն հանգամանքը, որ աշխատանքը համակարգում է բանիմաց մասնագետ` Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության պատասխանատու աշխատող Շուշանիկ Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է Ֆահրադյանին, ապա նա ոչ մի անգամ չի եկել, չի դիմել ֆեդերացիային, չի փորձել բանակցել: Նա կարող է ակումբ ունենալ, տարբեր մրցումների պատվիրակներ ուղարկել, սակայն պաշտոնական ստուգատեսների մասնակցելու որոշումը կարող է միայն ֆեդերացիայի թույլտվությամբ կատարվել: Ամեն քայլ անելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում, ծրագիր ներկայացնել ֆեդերացիայի ղեկավարությանը, պարզաբանել, թե ինչ մարզաբազաներ կան, ինչպես են կազմակերպվելու պարապմունքները և այլն: Ի վերջո, եթե ամեն բան հավանության արժանանա, այդ մարզաձևի ներկայացուցիչները պետք է անդամավաճար մուծեն: Ի դեպ, ամեն մարզաձևի համար 100-ական շվեյցարական ֆրանկ է վճարվում մարզաձևի միջազգային ֆեդերացիային, գումարած 500 շվեյցարական ֆրանկ` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի համար: Չեն վճարվում ռիթմիկ մարմնամարզության, ցանցացատկի, այն մարզաձևերի համար, որոնց միջազգային մրցումներին չենք մասնակցում: Ինչ խոսք, ցանկալի է, որ ավելանա ֆեդերացիայի գործող մարզաձևերի թիվը»,- ասաց Սարոյանը:

Հայաստանի մարմնարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին կատարվածը խիստ զայրացրել է: «Մեր ղեկավար այրերը պետք է միջամտեն և բացատրեն, որ նման բաներ չի կարելի անել: Մի՞թե առանց ֆեդերացիայի նախագահի կարելի է դիմել միջազգային կազմակերպությանը: Սա «նորություն է», խայտառակություն Հայաստանի համար: Նախ` պետք է հաշվի առնել, թե ով է, ինչ է իրենից ներկայացնում նոր կազմակերպություն հիմնողը: Եթե կա այդպիսի մտադրություն, ինչո՞ւ այն չի ներկայացվում ֆեդերացիայի ուշադրությանը: Խնդիրներն ավելի հեշտ է համատեղ լուծել: Ցանցացատկ Հայաստանում չկա, և իմաստ էլ չկա, որ այժմ մեր աշխատանքն այդ ուղղությամբ տանենք: Կարծում եմ, մեր երկրի սպորտի, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը կատարվածին խիստ վերաբերմունք ցույց կտա: Եթե որևէ բան է արվելու, ապա առաջին հերթին ֆեդերացիայի նախագահը դրան պետք է տեղյակ լինի, քանի որ նա է ղեկավարը, պատասխանատվություն կրողը,- ասաց Ազարյանը:

 

Անկախ