Քիչ անց Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Բեռլինի հանրահայտ համերգասրահում

Շառլ ԱզնավուրՐոպեներ անց Բեռլինի <<The O2 Arena>> հանրահայտ համերգասրահում բեմ կբարձրանա աշխարհահռչակ շանսոնյե, հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը:

Շանսոնի արքայի ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով նրա ելույթը լսելու նպատակով գերմանական հայտնի դահլիճում է հավաքվել 17 հազար հանդիսատես՝ գրեթե բոլորը գերմանացիներ: Հանդիսատեսի շարքերում է նաև գերմանահայ գործիչ Ալբերտ Թովմասյանը: Նա Անկախ-ի թղթակցին հենց նոր հայտնել է, որ մաեստրոն կատարելու է չորս տասնյակից ավելի երգ: Նա նաև նշել է, որ Շարլ Ազնավուրի խնդրանքով հանդիսատեսից վերցվել են բոլոր տեսանկարահանող և լուսանկարչական սարքերը: Հանրահայտ շանսոնյեն ծննդյան 90-ամյակի առիթով հաջորդ համերգը կտա շաբաթ օրը` մայիսի 24-ին, գերմանական Ֆրանկֆուրտում:

Անկախ

 

Եվրադատարանը որոշում է կայացրել ադրբեջանցի Իլգար Մամեդովի վերաբերյալ

3Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 22-ին որոշում է կայացրել ադրբեջանական “Real” շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Ըստ որոշման՝ Ադրբեջանի դատարանները խախտել են Իլգար Մամեդովի՝ Մարդու իրավունքների կոնվենցիայի 5.1 և 5.4 (ազատության և անվտանգության իրավունք), 6.2 (անմեղության կանխավարկած), 18 (ազատությունների անհիմն սահմանափակում) հոդվածներով նախատեսված իրավունքները:

Այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է 22 հազար եվրո փոխհատուցում վճարի Մամեդովին:

2014թ.-ի մարտի 17-ին ծանր հանցագործությունների դատարանը Մամեդովին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ 2013թ.  հունվարի 23-24-ին Իսմայիլում զանգվածային խռովություններ կազմակերպելու մեղադրանքով:

 Անկախ

Ստամբուլում ոստիկանության կողմից ցուցարար է սպանվել

stambulԹուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Ստամբուլի Օքմեյդան հրապարակում մոտ 20 հոգի հավաքվել է հիշատակման ցույց անցկացնելու ամիսներ առաջ մահացած 15-ամյա Բերքին Էլվանի և անցած շաբաթ զոհված հանքափորների համար: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Ցուցարարները այրել են մի քանի ավտոմեքենա, այդ թվում՝ ոստիկանական: Ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի արդյունքում գլխից վիրավորվել է մեկ քաղաքացի: Ծանր վիրավորված Ուղուր Քուրթը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել վերջինիս կյանքը: Տեղի ունեցած սպանության պատճառով կրքերը գնալով թեժանում են:

Անկախ

Գողը ներխուժել է Ջորջ Քլունիի վիլլա և օգտվել գինու մառանից

 Ջորջ Քլունիի վիլլա Անկոչ հյուրը ներխուժել է ԻտալիայիԿոմո լճի մոտակայքում գտնվող Ջորջ Քլունիի շքեղ վիլլա:

Տղամարդը բարձրացել է Լալյո գյուղում գտնվող աստղի երկրորդ տունը հանդիսացող 25 միլիոն ֆունտ արժողությամբ վիլայի պատով և օգտվել գինու մառանից՝ նախքան տուն մտնելը:

Քլունին տանը չի եղել:

 Ջորջ ՔլունիՀոլիվուդյան աստղը մեկ տասնամյակից ավել է, ինչ հանդիսանում է 30 սենյակներ ունեցող տան սեփականատերը և ըստ տեղեկությունների՝ պատրաստվում է իր հարսնացու Ամել Ալամադինի հետ սեպտեմբերին ամուսնանալ Իտալիայում:

Ներխուժողը, բարձրանալով արտաքին պատով, մտել էր տան շուրջը գտնվող այգիներ, իսկ այնուհետև գինու մառանից մեկ շիշ խմիչք վերցրել, որից հետո մտել էր տուն:

Տան աշխատակիցը նկատել էր գողին և ոստիկանություն կանչել:

Ոստիկանության ժամանումից հետո տղամարդը նրանց սպառնացել էր ձեռքի շշով:

29-ամյա ռումինացին ձերբակալվել է:

 Անկախ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին

շավարշ քոչարյանՆվեր Մնացականյան – Հայլուր հարցազրույցն է եթերում: Բարև Ձեզ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություն տարածել: Հայտարարությունը վերաբերում է մայիսի 16-ից 19-ը տարածաշրջան կատարած այցին: Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ այցի հիմնական նպատակն է վերստուգել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այդ թվում` Քարվաճառում և Բերձորում: Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան, բարև Ձեզ:

Շավարշ Քոչարյան – Բարև Ձեզ:

Նվեր Մնացականյան – Այս այցը նախորդներից որևէ բանով տարբերվո՞ւմ է:

Շավարշ Քոչարյան – Տարբերվում է նրանով, որ շատ ակտիվ տեղի են ունենում քննարկումներ` կապված ընդհանուր առմամբ հակամարտության հանգուցալուծման հետ, ինչպես նաև շատ ակտիվ արշավ է սկսվել Ադրբեջանում` ուղղված համանախագահների ֆորմատից ձերբազատվելու ուղղությամբ:

Նվեր Մնացականյան – Ըստ այդմ, ի՞նչ են հուշում այն հայտարարությունները, որոնք բխում եմ Ձեր նշած ակտիվությունից, որոնք, գիտեք ինչի մասին է խոսքը, հնչում են համանախագահների շուրթերից:

Շավարշ Քոչարյան – Հաշվի առնենք այն հանգամանքը, որ զինաադարի քսանամյակն է, իսկ դա, պետք է արձանագրել, որ միակ շոշափելի քայլն էր ամբողջ այս հակամարտության կարգավորման ընթացքում, որից հետո, ըստ էության, չնայած բազմաթիվ ջանքերին միջնորդների, գործընթացը դոփում է տեղում:

Այդ տեսակետից, բնական է, որ պետք է այդ քսանամյակի հետ կապված լիներ հայտարարություն: Բնական է` այդ հայտարարությունը պետք է նորից արձանագրեր այն, ինչ որ մինչ այդ ասում էին համանախագահները կապված նույն Մադրիդյան սկզբունքների, դրանց գաղտնազերծված հատվածի հետ, նորից պետք է կոչ անեին կողմերին, որպեսզի կողմերը գնան դեպի առաջընթաց:

Նվեր Մնացականյան – Այսինքն հիմքը քսանամյա՞կն է այստեղ Ձեր նշածի:

Շավարշ Քոչարյան – Ֆորմալ, այո:

Նվեր Մնացականյան – Թե՞ պատրվակ է քսանամյակը:

Շավարշ Քոչարյան – Նախ, չէին կարող շրջանցել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նաև խոսվեր քսանամյակի դասերի կամ հետևությունների մասին: Ինչու՞ հենց քսան տարի առաջ տեղի ունեցավ այդ առաջընթացը հակամարտության հարցում: Ինչու՞ դրանից հետո չի եղել:

Փորձենք վերհիշել` ինչ էր տեղի ունենում 1993թ.: ՄԱԿ-ի բանաձևեր, որոնք Ադրբեջանն անընդհատ փորձում է ներկայացնել այնպես, իբր դրանց նպատակը միայն այն էր, որ հայկական ուժերը հետ քաշվեն:

Իրականում դա այդպես չէր: Հիմանական նպատակը կայանում էր նրանում, որպեսզի վերջ դրվի ռազմական գործողություններին, և կնքվի խաղաղության պայմանագիր: Բայց ամեն մի բանաձևից հետո տեղի էր ունենում Ադրբեջանի զորքերի նոր հարձակման փորձ և նորանոր պարտություններ, մինչև Հեյդար Ալիևը համոզվեց, որ այսպես ինքը լրիվ տանուլ է տալիս: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Հեյդար Ալիևն ինքը նախաձեռնեց հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության հետ: Լիազորագրեր գրեց` լիազորելով այն ժամանակվա իրենց պառլամենտի փոխխոսնակ Ջալիլովին բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից լիազորված անձի հետ, որպեսզի հանդիպեն այդ երկու երկրների ղեկավարները:

Ավելին, իր անձնական ստորագրությամբ նա գրել է «ԼՂՀ ներկայացուցիչ»` ռուսերենով` «представитель НКР»: Ու սկսվեցին այդ բանակցությունները: Եղել են այդ հանդիպումները` նաև ամենաառաջին դեմքերի մակարդակով, ինչը պարարտ հող ստեղծեց Բիշքեկյան արձանագրության համար, որից հետո կնքվեց զինադադարի համաձայնագիրը:

Ենթադրվում էր, որ այն պետք է ստորագրեին երկու բանակցող կողմերը` Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Վերջում Ադրբեջանն առաջարկություն արեց, որ Հայաստանն էլ միանա, և Հայաստանը միացավ` որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ: Վերոնշյալ գործընթացը հանգեցնում է երկու եզրակացության.

առաջին` Ադրբեջանը վաղուց ճանաչել է ԼՂՀ-ն առնվազն որպես հակամարտող կողմ,

երկրորդ` երբ Ադրբեջանն, իրոք, ցանկանում է, որ բանակցային գործընթացում լինի առաջընթաց, նա բանակցում է Ղարաբաղի հետ, այլ ոչ թե ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա:

Այս երկու եզրակացությունը շատ հստակ և կարևոր են:

Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, բա ինչու՞ ենք հեռացել Ձեր նշած հիմնակետերից:

Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ: Խնդիրը հետևյալն է` իրականում հայկական կողմերն իրենց դիրքորոշումներն ունեն, որոնք փոփոխություն չեն կրել: Պետք է արձանագրել, որ ներկայիս Ադրբեջանի նախագահը ոչ թե ժառանգեց իր հոր արտաքին քաղաքականությունը, այլ, ավելի շուտ, Աբուլֆաս Էլչիբեյի քաղաքականությունը, որը բացահայտ ասում էր, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը ադրբեջանական տարածք է, խոստանում էր ոտքերը լվանալ Սևանում և այլն:

Նվեր Մնացականյան – Շատ բարի: Այնուամենայնիվ, հայտարարություններից չհեռանանք, պարո՛ն Քոչարյան, որովհետև այդ հայտարարությունների նկատմամբ այս անգամ կարծես վերաբերմունքն այլ է: Հատկապես Հայաստանի ներսում կասկածանքով են նայում այդ հայտարարությունների ենթատողին:

Շավարշ Քոչարյան – Ասեմ` ինչով է դա պայմանավորված: Եկեք, որպեսզի պատասխանն ամբողջական լինի, փորձենք անդրադառնալ նրան, թե որն է Մադրիդյան սկզբունքների էությունը, որը հիմք պետք է ծառայի կարգավորման համար: Փաստաթուղթն ինքը գաղտնի է, բայց առանձին կետերը` 6 կետը, գաղտնազերծված են: Համանախագահները Լ՛Ակվիլայի հայտարարությամբ ասում էին` հարցը չի լուծվում, քանի որ կա երկու իրարամերժ դիրքորոշում:

Մեկը` տարածքային ամբողջականությունը, որի վրա շեշտադրում անում է Ադրբեջանը, մյուսը` ինքնորոշումը, որի վրա շեշտադրում են անում երկու հայկական կողմերը: Միաժամանակ հայտարարում են, որ գտել են բանալին` այո՛, ինքնորոշում, բայց Լեռնային Ղարաբաղի տարածքով` գումարած հուսալի ցամաքային կապ Հայաստանի և Ղարաբաղի միջև:

Այո՛, տարածքային ամբողջականություն, բայց առանց Ղարաբաղի և այդ ցամաքային կապի: Սա է էությունը, որի շուրջ պետք է լիներ համաձայնություն: Հասկանալի է, որ այդ մոտեցումն ամենևին հայկական կողմերի երազած մոտեցումը չէ: Դա այն մոտեցումն է, որը փոխզիջումային է, որն իր մեջ պարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ճշգրտում:

Նվեր Մնացականյան – Այսինքն` Ադրբեջանը դրանից ավելի՞ն է ուզում:

Շավարշ Քոչարյան – Այո՛, ըստ էության, Ադրբեջանը դրանից ավելին է ուզում և բաց հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետություն: Իրենք ասում են, որ երկրորդ հայկական պետություն չի կարող լինել` մոռանալով, որ իրենք իրենց և թուրքերին անվանում են մեկ ազգ և ունեն երկու պետություն:

Ինչու՞ են Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հիշեցումները հայ հասարակության մոտ և Ղարաբաղում առաջացնում կասկածանք, որովհետև միակողմանի զիջում չի կարող լինել, պետք է լինեն փոխզիջումներ:

Բայց չէ՞ որ ադրբեջանական կողմն այս ամբողջ ժամանակահատվածում հստակ ցույց է տվել, որ ինքը մերժում է հենց Մադրիդյան սկզբունքների բուն էությունը` մի կողմից Ղարաբաղի ինքնորոշում, մյուս կողմից` Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, առանց Ղարաբաղի:

Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, նկատե՞լ եք, որ «օկուպացված տարածք» արտահայտությունը մի քիչ շատ է օգտագործվում այս հայտարարություններում: Նախկինում դա չէր երևում այդպես:

Շավարշ Քոչարյան – Ճիշտ է: Մադրիդյան փաստաթղթում, ինչպես նաև Լ՛Ակվիլայի հայտարարությունում, «օկուպացված տարածք» արտահայտություն չկա: Այնտեղ խոսվում է զգուշավոր` «վերահսկողության տակ գտնվող տարածքներ»: Որովհետև եթե «օկուպացված» բառն է օգտագործվում, օկուպացնում է նա, ով ագրեսոր է, սկսենք դրանից, որովհետև պետք է հասկանալ` այս հակամարտության մեջ ո՞վ է ագրեսորը:

Ամեն դեպքում, կան ԼՂՀ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք չէին մտնում ԼՂՀ կազմի մեջ հանրաքվեի արդյունքներով, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ: Միակողմանի անվանելը «օկուպացված» այն տարածքները, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ, իսկ Ղարաբաղի տարածքները մոռացության մատնելը հավասարակշռված մոտեցում չէ:

Նվեր Մնացականյան – Այս հայտարարություններում երևում է այդ միակողմանիությունը:

Շավարշ Քոչարյան – Դա երևում է: Խնդիրը ինչու՞մ է կայանում: Ըստ էության, Բաքուն ուղղակի շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը: Հասկացել է, որ հայկական կողմերին չի կարող շանտաժի ենթարկել: Փորձում է նույնիսկ համանախագահներին շանտաժի ենթարկել: Հիշենք հայտարարությունները` ընդամենը վերջերս:

Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, հայտարարությունների մեջ կան նաև Ադրբեջանի շահերը շոշափող, կամ Ադրբեջանի շահերին դեմ գնացող հայտարարություններ, օրինակ՝ երբ Մորնինգսթարը Բաքվին զգուշացնում է, որ Եվրամայդանը կարող է կրկնվել նաև Բաքվում, եթե շարունակեք մարդու իրավունքներն այսպես խախտել, միևնույն ժամանակ նա ասում է, որ Հայաստանը պետք է տարածքային զիջումներ անի: Հիմա՝ ինչո՞ւ համար են արվում այս մանևրները:

Շավարշ Քոչարյան – Գիտեք՝ մի կողմից հասկանալի է, որ դա լծակ է՝ Ադրբջանին որոշակի զսպաշապիկ հագցնելու, որովհետև Ադրբեջանը, նորից եմ կրկնում, արդեն հունից դուրս եկած, իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, ինչպիսին, օրինակ, հայտարարությունն է, որ ԱՄՆ-ը պետք է հետ կանչի իր համանախագահին, կամ համանախագահներն այցելում են Բաքու, և պարզվում է, որ որևէ մեկը չկա, որի հետ կարողանան հանդիպել, բացի պաշտպանության նախարարից:

Նվեր Մնացականյան – Բայց դա շատերի համար էր անակնկալ: Մենք հետևություն արե՞լ ենք Բաքվի այդ պահվածքից:

Շավարշ Քոչարյան – Դա անակնկալ չէ, եթե հետևել Ադրբեջանի քաղաքականությանը:

Նվեր Մնացականյան – Համանախագահները գիտեի՞ն, որ իրենց Բաքվում դիմավորող չի լինելու:

Շավարշ Քոչարյան – Դա այլ հարց է: Կոնկրետ այդ պահը՝ Բաքվում դիմավորել-չդիմավորելը, այդ ընդհանուր շղթայի մի մասնիկն է: Ընդամենը մայիսի 15-ին Վիենայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1000-րդ նիստն էր, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարություն է արել, որն ուղղված էր ընդհանուր առմամբ ամբողջ «Մադրիդի» դեմ, ավելին՝ խոսում է նրա մասին, որ համանախագահներն արդյունավետ չեն գործում, և որ պետք է վերանայել այդ ֆորմատը:

Շատ պարզ իրավիճակ է: Եվ այս պայմաններում, եթե այդ շանտաժին ենթարկվեն համանախագահները, բնական է՝ դա շատ լուրջ մտավախություններ պետք է առաջացնի: Եթե ինքը՝ Ադրբեջանը, անհուսալի է` որպես բանակցային կողմ, և եթե համանախագահները փորձեն ինչ-որ ձևով սիրաշահել Ադրբեջանին, բայց ի հաշիվ հայկական կողմերի, դա կլինի անթույլատրելի:

Նվեր Մնացականյան – Ի՞նչն է Ադրբեջանի պահվածքում նոր:

Շավարշ Քոչարյան – Այն, ինչ որ այս ժամանակահատվածում եղել է, սկսած այսօրվա նախագահի նախագահության օրվանից, գնալով ավելի է շեշտադրումն ուժեղանում: Դա վերաբերում է և՛ հակահայկականությանը, և՛ ռազմատենչությանը, և՛ Մինսկի խմբի գործունեության վարկաբեկման փորձերին: Ուղղակի այդ ամենը դարձել է ավելի շեշտադրված, անթաքույց և ամբողջական: Մնացածով նույնն է:

Նվեր Մնացականյան – Եվրամիությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը եռանախագահներին: Սա մի հակափաստարկ, որ եվրոպական կառույցներն այնքան էլ տրամադրված չեն ադրբեջանական տրամադրություններով շարժվելու: Այդ դեպքում, ի՞նչ է փնտրում Ադրբեջանը:

Շավարշ Քոչարյան – Եկեք, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ՝ ինչով է խանգարում Ադրբեջանին այդ եռանախագահությունը: Դրա մասին է պետք խոսել: Սա բացառիկ դեպք է, երբ հակամարտությունը…

Նվեր Մնացականյան – Ինչո՞վ էր խանգարում, թե ինչով է նոր սկսել խանգարե՞լ:

Շավարշ Քոչարյան – Միշտ խանգարել է: Եռանախագահությունը բաղկացած է երեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որոնք, լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, պատասխանատու են ամբողջ երկրագնդի վրա խաղաղության պահպանման համար:

Եվ անընդհատ հայտարարում են՝ միայն խաղաղ կարգավորում: Այնպես որ այդ համանախագահությունն ունի երկու առաքելություն՝ մեկը՝ նպաստել, որ կողմերը գան համաձայնության, որը չի կատարվում Ադրբեջանի այս դեստրուկտիվ քաղաքականության պատճառով, մյուսը՝ զսպաշապիկ, որպեսզի չվերսկսեն ռազմական գործողությունները: Սա է իրականությունը:

Տվյալ պարագայում եռանախագահները ձեռք չեն տալիս, որովհետև այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորում գնա, Ադրբեջանին ձեռք չեն տալիս, ու նաև ձեռք չեն տալիս որպես զսպաշապիկ:

Նվեր Մնացականյան – Դա որ ասացիք, մի փոքրիկ մեջբերում անեմ այսօրվա հայտարարությունից. «Զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը մեկը մյուսի վրա գցել»: Իսկ ի՞նչն է խանգարում մեխանիզմի հաստատմանը: Ո՞վ է խանգարում:

Շավարշ Քոչարյան – Շատ պարզ է, բոլորը դա շատ լավ գիտեն:

Նվեր Մնացականյան – Բայց չեն ասում: Չեն արտահայտվում:

Շավարշ Քոչարյան – Ես Ձեզ հետ համամիտ եմ: Որովհետև քանի դեռ հասցեագրված չի ասվում, ով է խախտում, Ադրբեջանի մոտ ստեղծվում է տպավորություն, որ իր այդ բոլոր քայլերը, միևնույն է, կուլ են գնալու:

Նվեր Մնացականյան – Չէ, դեռ խախտելը մի կողմ՝ ով է դեմ մեխանիզմի հաստատմանը: Գոնե դա պիտի ասեն:

Շավարշ Քոչարյան – Այդ դեմն արտահայտվել է շատ հստակ: Բացի հայտարարություններից՝ ժամանակին Ադրբեջանը համաձայնել էր, որ այո՝ պետք է այդպիսի մեխանիզմ ստեղծել: Մեխանիզմը ստեղծելու համար ԵԱՀԿ բյուջեում համապատասխան գումար էր նախատեսվում:

Ադրբեջանը վետոյի սպառնալիքի տակ դրեց ամբողջ մյուս տարվա ԵԱՀԿ բյուջեն (խնդիրը որն է՝ ԵԱՀԿ բյուջեն միայն կոնսենսուսով է հաստատվում. բավավար է մեկը դեմ լինի՝ չի հաստատվի): Ասեցին՝ եթե այդ մեխանիզմի համար դուք գումար եք հատկացնելու, մենք վետո ենք դնելու: Ստիպված նահանջեցին: Այսինքն` այնքան ակնհայտ է, որ դեմը Ադրբեջանն է:

Նվեր Մնացականյան – Բայց, այնուամենայնիվ, գանք համանախագահների անիմաստ զգուշավորությանը: Անհասկանալի զգուշավորությանը: Ճի՞շտ եմ ձևակերպում:

Շավարշ Քոչարյան – Տարբեր ձևով կարելի է ձևակերպել, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ ավելի հստակ պիտի ձևակերպի իր մոտեցումը: Օրինակ՝ Դուք ասացիք` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը խոսում է մարդու իրավունքների մասին՝ համեմատելով դա Մայդանի հետ:

Եթե մենք խոսում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, ապա պետք է մեկ ուրիշ բան ասվեր՝ եթե դու քո քաղաքացիներին ճնշում ես, սպանում ես, ձերբակալում ես, ինչպե՞ս է քո մտքով անցնում, որ Ղարաբաղի հայությունը կարող է քո ենթակայության տակ լինել:

Այ դա կլիներ հասկանալի, որովհետև մի կողմից Մայդանի մասին խոսելը, մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտության, տրամաբանության հետ տարբեր դաշտերում է գտնվում: Այս տեսակետից, այո՛, այս իրավիճակը պետք է պարտադրի և՛ համանախագահներին, և՛ միջազգային հանրությանը, և՛ հայկական կողմերին՝ այս բոլորը վերլուծելու: Մի բան միայն ավելացնեմ:

Ըստ էության, այն, ինչ անում է Ադրբեջանը, ուղղված է միանշանակ ստատուս-քվոյի պահպանմանը: Դա փաստ է: Եվ միաժամանակ բոլոր անկյուններից ողբում է, որ ստատուս-քվոն անընդունելի է: Այ սա էլ է հետաքրքիր իրավիճակ՝ իրականում Ադրբեջանն է ամեն գնով պահպանում ստատուս-քվոն:

Նվեր Մնացականյան – Այսպիսով, գործ ունենք հակամարտության շուրջ նո՞ր իրավիճակի հետ:

Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ: Նոր իրավիճակը ո՞րն է: Եթե բանակցային գործընթացում, ապա շատ ավելի հստակ է դառնում, որ Ադրբեջանը որևէ ձևով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը: Նա շարունակում է ելնել մի սկզբունքից` «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»:

Բնական է` դրա արդյունքը լինելու է ոչինչ: Նոր է իրավիճակն այնքանով, որքանով Ադրբեջանի այդ արդեն վաղուց ձևավորված քաղաքականությունն ավելի շեշտադրված է, ավելի անթաքույց և բացահայտ է: Այդ առումով` այո՛:

Նվեր Մնացականյան – Այսինքն` այս ֆոնին քիչ է հավանական, որ բանակցային գործընթացը կմտնի ակտիվ փուլ:

Շավարշ Քոչարյան – Գիտեք` չեմ կարծում, որ այս իրավիճակը նպաստում է, որպեսզի բանակցային գործընթացում լինի առաջընթաց: Չեմ կարծում: Ավելին, տեսեք` խոսում էինք, չէ՞ օկուպացված տարածքներ: Եթե կան օկուպացված տարածքներ, դա հենց ԼՂՀ տարածքներն են: Երբ դա ասում ես, ադրբեջանցիներն ասում են. «Ո՞նց կարող ենք մենք ինքներս մեզ օկուպացնել, Ղարաբաղը ճանաչված չէ»:

Բայց կա ՄԱԿ-ի 1974թ. բանաձևը, որը սահմանում է` ի՞նչ է նշանակում ագրեսիա, հետևաբար և` օկուպացիա: Ագրեսիան, այնտեղ շատ հստակ սահմանում է տրված, որևէ մի պետության կողմից մյուս պետության տարածքի նկատմամբ, սուվերենության նկատմամբ ռազմական ոտնձգությունն է, որտեղ տրվում է նաև պարզաբանում` «պետություն» ասվածը չի կանխորոշում ոչ ճանաչումը, ոչ ՄԱԿ-ին անդամակցությունը:

Այսինքն` այն պետությունը, որը ճանաչված չէ, որը ՄԱԿ-ի անդամ չէ, եթե նրա դեմ դու կիրառում ես ռազմական գործողություն, ուրեմն դա ագրեսիա է: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք ագրեսորի` Ադրբեջանի հետ:

Այս իրավիճակում խնդրի կարգավորումը կարող է լինել միայն հետևյալ երկու հիմքերի վրա.

առաջին` ԼՂՀ ժողովրդի` իրականացված ինքնորոշման իրավունք,

երկրորդ` Ադրբեջանի պատասխանատվությունը ինքնորոշված ԼՂՀ դեմ սանձազերծած ագրեսիայի և նրա հետևանքների համար:

Անկախ

Սիցիլիայի մոտակայքում 500 ներգաղթյալ է փրկվել

միգրանտներԵրեկ Իտալաիայի ռազմածովայինները փրկել են Աֆրիկայից Եվրոպա մուտք գործելու փորձ կատարած 500 ներգաղթյալների՝ ներառյալ 100 երեխայի:

Փրկարարական գործողությունները սկսվել են երկուշաբթի երեկոյան, երբ 133 երեխա և 74 կին Սիցիլիայի մոտակայքում միմյանց կապված երկու ձկնորսական նավերից տեղափոխվել են ռազմանավերի վրա:

Մնացյալ 281 տղամարդկանց փրկագոտիներ են տրամադրել և փրկել երեքշաբթի օրը:

Ներգաղթյալների մեծ մասը Սիրիայի, Եգիպտոսի և Բանգլադեշի բնակիչներ են եղել:

Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա անցնելու փորձ կատարողների թիվը մեծապես աճել է:

Այս տարի մինչև ապրիլի 30-ը 26,644 ներգաղթյալ է ժամանել Իտալիա, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում ժամանել է 3,362 ներգաղթյալ:

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ այս տարվա ընթացքում Եվրոպա մուտք գործելու փորձ կատարելիս 170 մարդ է զոհվել ծովում:

 Անկախ

Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցերԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է կանադական «Ալաթթա էներջի գրուպ» կազմակերպության, ինչպես նաև «Տետրատեկ» ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը. «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Ալաթթա էներջի գրուպ» կազմակերպության նախագահ Թոնի Մաթիանը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել է, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանի ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի մի շարք փաթեթների վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 Անկախ

Գերմանիան կոչ է արել ճանաչել Ուկրաինայի ընտրությունների լեգիտիմությունը

germany-foreign ministerԳերմանիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների բոլորի կողմից ընդունման կարևորությունը՝ նշելով, որ իր կարծիքով Ռուսաստանը չի ցանկանում միջազգայնորեն մեկուսացվել:

Արևմուտքը Ռուսաստանին սպառնացել է ավելացնել պատժամիջոցները, եթե Մոսկվան չճանաչի Ուկրաինայի ընտրությունները: Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հինգշաբթի օրը հայտնել է, որ այդ հարցով բոլոր հետաքրքրված կողմերը պետք է շահագրգռված լինեն որքան հնարավոր է արդար ընտրություններ անցկացնելու համար: Նա ավելացրել է, որ որոշ քաղաքներում արդար ընտրությունների անցկացումը հավանաբար հնարավոր չի լինի:

Նախարարը հույս է հայտնել, որ վերջին ինը օրերի ընթացքում կոնֆլիկտի որոշակի մեղմացումից հետո՝ այն կրկին չի բորբոքվի ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ բանավեճերի հետևանքով:

 Անկախ

Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է

դատախազությունՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը:

    Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը:
   ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է. հանգամանքների բերումով նախնական քննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով:
 Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն ապահովելու, ինչպես նաև գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման, ձեռք բերվելիք տվյալների հավաստիության վրա՝ քննությամբ ստուգման ենթակա հանգամանքների հրապարակման բացասական ազդեցությունը կանխելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, հսկողություն իրականացնող դատախազները, զանգվածային լրատվության միջոցներում նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, ապահովելու այդ տվյալների՝ լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը: Մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:

Վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալներն ու խորհրդականը

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունները:

Քաղաքացիների ընդունելություններին Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր մասնակցել և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթացել են  քաղաքապետի տեղակալներն ու խորհրդականը:

Մասնավորապես, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված բնակիչների ընդունելությանը:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանն էլ մասնակցել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը ներկա է գտնվել Նոր Նորք վարչական շրջանի քաղաքացիների ընդունելությանը:

Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց կողմից բարձրացվող հարցերը, ինչպես նաև  այդ ուղղությամբ ներկայացվող առաջարկները, քաղաքապետի տեղակալները բարձրացված բոլոր հարցերին տեղում տվել են համապատասխան լուծումներ:

Շնորհակալություն հայտնելով խնդրին արագ արձագանքելու համար՝ բնակիչները նկատել են, որ քաղաքապետի տեղակալի ներկայությունն ու մասնակցությունն իր հերթին նպաստում է, որպեսզի տեղում լուծումներ գտնեն նաև այն խնդիրները, որոնց լուծման համար իրենք պետք է դիմեին քաղաքապետարան և որոնք որոշակի ժամանակ էին պահանջելու:

Նշենք, որ քաղաքապետի տեղակալների, ինչպես նաև քաղաքապետարանի այլ պաշտոնյաների մասնակցությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություններին լինելու է շարունակական:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կառավարության ծրագիրն ընդունվեց

RA Government presented its program to the RA NAԱԺ-ում քվեարկության դրվեց Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Մինչ քվեարկությունը վարման կարգով ձայն խնդրեց Հրանտ Բագրատյանն ու հայտնեց, որ ինքն ու պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը քառյակից անկախ որոշել են ոչ թե չմասնակցել քվեարկությանը, այլ ձեռնպահ քվեարկել: Այնուհետև վարման կարգով Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ՀԱԿ-ը, ինչպես ընդդիմադիր մյուս երեք խմբակցությունները, չեն մասնակցելու քվեարկությանը:
ՕԵԿ-ից Կարեն Բոթոյանը կրկին վարման կարգով ասաց, որ լքում է խմբակցության շարքերը և կողմ է քվեարկելու ծրագրին: Նրա խոսքերը վերահաստատեց ՕԵԿ խմբակցության RA Government presented its program to the RA NAղեկավար Հեղինե Բիշարյանը, ով վարման կարգով շեշտեց. ՛՛Կարեն Բոթոյանը որպես գործարար պատգամավոր չի կարող քվեարկել մեր խմբակցության նման, ուստի մենք ընդունեցինք նրա դիմումը՝ խմբակցությունը լքելու մասին: Սա հաստատում է, որ երիտասարդ գործարարը Հայաստանում չի կարող ունենալ սեփական կարծիք ու քվեարկել ինչպես ուզում է՛՛:
Ի վերջո քվեարկությունը կայացավ: Կառավարության ծրագիրն արժանացավ խորհրդարանի հավանությանը ձայների 69 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Կարեն Նազարյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

դեսպան Կարեն ՆազարյանՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.

Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում

աբրահամյանի ելույթը աժ-ում Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
փոխնախագահներ,
հարգելի պատգամավորներ,

նախևառաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբեյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները: Շատ առաջարկներում և հարցերում՝ թե´ քննադատական, թե´ սատարող, ես տեսա մտահոգություն, տեսա գործնական ցանկություն՝ Հայաստանի Հանրապետության իրավիճակը դեպի լավը փոխելու:
Մենք գրանցել ենք հնչած բոլոր մտքերը և դրանց անպայման անդրադառնալու ենք քաղաքականության մշակման կամ իրականացման փուլում` բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածության անկեղծ հրավերով:
Միաժամանակ ինձ ցավ է պատճառում, որ մեր քաղաքական մշակույթում դեռևս առկա է ծրագրային փաստարկների բացակայության դեպքում հարցը քաղաքական գործիչների անհատական անվանարկման մաղձոտ դաշտը տեղափոխելու պրակտիկան: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա է սպասում քաղաքական գործիչներից, և իմ կարծիքով՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք սեփական ընտրողների նկատմամբ:
Հարգելի գործընկերներ,
իշխանությունը և ընդդիմությունը գտնվում են մի նավում, և մենք բոլորս նավարկում ենք միասին, այսինքն՝ մեր երկրի համար յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր չափով: Այդ տեսակետից իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ կարող է համարվել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը: Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության և ժողովրդի մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից և իշխանության հետ իր ունեցած տարաձայնություններից: Հարգելի ընդդիմադիրներ, մտածեք այս մասին:
Ես ցանկանում եմ, ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և բոլորին հորդորել, առաջարկել, խնդրել. իմ նպատակն է, որ մենք հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում աշխատենք բոլորս միասին: Դա իմ ցանկությունն է և առաջարկը:
Շնորհակալ եմ:

Վարչապետը շնորհավորել է 2013-2014 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

աբրահամյանԿառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, նշել է. «Ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ մեր երկրի լավագույն դպրոցականներին: Գիտության տարբեր ոլորտներում ունեցած ձեր հաջողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է: Ձեր ձեռքբերումներով դուք ապացուցում եք մեր ժողովրդի՝ կրթության հանդեպ ունեցած առանձնակի վերաբերմունքը»: 
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ուսուցիչներին նվիրված և հոգատար աշխատանքի համար և անդրադարձել կրթական առաջիկա ծրագրերին: «Դուք մեր երկրի հպարտությունն եք, ապագայի մեր լավագույն նպատակների և լուսավոր ծրագրերի իրականացնողը: Մեր երկրի կայուն զարգացման և առաջընթացի գրավականը գիտելիքահեն հասարակությունն է, որի փայլուն ներկայացուցիչներն եք դուք: Համոզված եմ, որ ձեր հաղթանակները շարունակական են լինելու», – ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիսավոր ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցել է 1460 երեխա, որից լավագույն 62-ը (Երևանից և մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգևների: Նախարարը նաև տեղեկացրել է, որ լավագույն աշակերտներից կազմված թիմերը ՀՀ անունից կմասնակցեն օլիմպիական միջազգային աշակերտական խաղերին:
Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2013-2014 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել ՀՀ ԱԺ – ՀՀ ԿԳՆ արդյունավետ համագործակցության շրջանակում օրենսդիր մարմին աշակերտների այցելության մասին և կարևորել նաև ՀՀ կառավարությունում նման ավանդույթի ձևավորումը: Դա հնարավորություն կտա դպրոցականներին ծանոթանալու ՀՀ կառավարության պատմությանը, աշխատակազմի գործունեությանը, գործադիրի անդամների աշխատանքային առօրյային և կնպաստի էլ ավելի թափանցիկ գործունեությանը:
Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2013-2014 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ, հորդորել նրանց շարունակել լավ սովորել և մաղթել նորանոր հաջողություններ:

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր՝ ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության այցի կազմակերպման ակտիվ մասնակիցներին

2Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգևատրվալ Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, Երևանի սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոնների և Երևանի շտապ բուժօգնության ծառայության բժիշկներ, ովքեր ուղեկցել են ծնողներին այցի ընթացքում։

Շնորհակալագրերն ու պատվոգրերը հանձնել են այցի կազմակերպչական աշխատանքները համակարգած Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։

«Այցը կազմակերպելու օրերին մեր զինծառայողների ծնողները շնորհակալական բազմաթիվ խոսքեր ուղղեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, և քաղաքապետի հանձնարարությամբ այսօր այդ խոսքերը, ինչպես նաև անձամբ Տարոն Մարգարյանի շնորհակալությունը ձեզ՝ այցը կազմակերպելու ակտիվ մասնակիցներիդ ենք փոխանցում շնորհակալագրերով ու պատվոգրերով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ընդգծել է, որ, ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության այս այցն ամփոփելով, մասնակիցներից ակնկալում է ոչ պակաս ակտիվություն նաև ծրագրի հաջորդ փուլերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու հաստատված բարեկամական ջերմ հարաբերություններն էլ լավ հիմք են նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը նոր թափ են հաղորդել Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը, որը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, և ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել եղբայրացման մասին համաձայնագրով նախանշված բոլոր կետերն ու իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին, կարևորելով Երևանի և Ռիգայի միջև համագործակցության ամրապնդումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում ևս ըստ ամենայնի աջակցել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ավելի ընդլայնելու հարցում. «Երևանի և Ռիգայի համագործակցությունն իսկապես կարելի է օրինակելի համարել: Երկու մայրաքաղաքների միջև ձևավորված փոխգործակցությունն այսօր ամուր հիմքերի վրա է, և ես, պարոն քաղաքապետ, իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու քաղաքների համագործակցության շրջանակը»,- նշել է Էլիտա Գավելեն:

Հաշվի առնելով, որ Ռիգան այս տարի հռչակված է եվրոպական մշակութային մայրաքաղաք, դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկել է նաև այդ համատեքստում Երևանում ևս լատվիական կողմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ մշակութային միջոցառում իրականացնելու հնարավորությունը, ինչին ի պատասխան ստացել է քաղաքապետի համաձայնությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում նիստի է մասնակցել

171st NATO Chiefs of Defence meetings -- Military Committee in Chiefs of Staff Session (MC/CS) with ISAF non-NATO Contributing NationsՄայիսի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի «Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի» գործողությանը և «Վճռական աջակցություն» ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստերին:

Նիստերի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, Աֆղանստանի անվտանգության ուժերի կարիքներին, «Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի» վերատեղակայման ժամանակացույցին, ինչպես նաև «Վճռական աջակցություն» առաքելության օպերատիվ պլանի մշակման ընթացքին, նախնական օպերատիվ պատրաստականության ժամանակացույցին, ռազմավարական հաղորդակցություններին, առաքելության մեկնարկի իրավական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Այսօր բորսայում կայացել է 1,97 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՄայիսի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,970,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Երկու աշակերտներ թունավորել են ուսուցչի խմելու ջուրը

kids-posion-teacherՆյու Յորքում ձերբակալել են չորրորդ դասարանի երկու աշակերտների ուսուցչի խմելու ջուրը թունավորելու համար:

9 և 12 տարեկան տղաները երկուշաբթի կեսօրին ուսուցչի խմելու ջրի մեջ թույն էին լցրել, որի հետևանքով ուսուցիչը հաջորդ օրը վատ էր զգացել: Ուսուցչին բուժօգնություն են տրամադրել, որից հետո նրա վիճակը բարելավվել է:

Թույնն  այժմ հետազոտում են լաբարատորիայում, սակայն ենթադրվում է, որ այն առնետի թույն է եղել:

Երկու տղաներին մեղադրանք է առաջադրվել երկրորդ կարգի հարձակման, անխոհեմ սպառնալիքի և զենք պահելու համար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

արմեն աշոտյանՍիրելի´ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Այսօր ձեր կյանքում հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց: Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների մաքուր և անաղարտ հարաբերություններով, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, բանիմաց, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:
Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Սա այն պահն է, երբ պետք է կատարել մասնագիտության ճիշտ ընտրություն, շարունակել հարստացնել գիտելիքներն ու իմացությունները, որովհետև վաղվա ձեր բարեկեցության հիմքն եք դնում այսօր:
Ողջունում եմ մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին: Մեծ է ձեր ներդրումն այսօրվա շրջանավարտների` վաղվա մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում: Դուք այսօր կյանք եք ճանապարհում հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Սիրելի´ շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ և անմոռանալի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ, երջանկություն ու ամենայն բարիք:
Վստահ եմ, որ դուք դառնալու եք ազատ հայրենիքի իրավատեր քաղաքացիներ և միասին կառուցելու ենք մեր երազած Հայաստանը: