Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 18/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ նշված վրաերթը կատարել է 1954 թ. ծնված Աշոտ Ա.-ն` իրեն ամրակցված «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայով:
Նույն օրը վարորդը Գյուրջյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Daily Archives: June 14, 2013
Տուժողին տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն
Հունիսի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Ձորք թաղամասի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի և տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանության Կապանի բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ապօրինի ծառահատում՝ Վահագնի գյուղին հարակից անտառից
Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վահագնի գյուղից ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Մեկնած օպերատիվ խումբը Փամբակ գյուղի վարչական տարածքից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման է ենթարկել 1979 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին` «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1,.5 խմ փայտանյութով, ինչի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մկրտիչ Ս.-ն բացատրություն է տվել, որ փայտանյութը սղոցով ապօրինի հատել է Վահագնի գյուղին հարակից անտառից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Կիսակառույց տան նկուղից առանց գործարանային համարի ատրճանակ է հայտնաբերվել
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունիսի 13-ին, ժամը 16.00-ին, 1983 թ. ծնված Ֆահրադ Հ.-ին պատկանող կիսակառույց տան նկուղից հայտնաբերել են առանց գործարանային համարի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հայաստանի լողորդները կնախապատրաստվեն Ծաղկաձորում
Բարսելոնայում հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 4-ը կայանալու է լողի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, որտեղ կա ժամանակակից չափանիշներին համապատասխանող լողավազան:
Աշխարհի առաջնությանը մեր երկրից կմասնակցեն Մոնիկա Վասիլյանը (50 մ և 100 մ ազատ ոճ), Վահան Մխիթարյանը (50 մ և 100 մ ազատ ոճ) և Խաչիկ Փլավչյանը (50 մ և 100 մ թիկնալող):
Համագործակցության հուշագիրը կստորագրվի նախարարների հանդիպման ժամանակ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հուշագիրը կստորագրվի Հայաստանի և Էստոնիայի նախարարների նախատեսվող հանդիպման ժամանակ: Երկկողմ համագործակցության համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում միջբուհական կապերի հաստատումն ու ամրապնդումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը: Շեշտելով, որ հայ և էստոնացի ժողովուրդների ավանդական բարեկամության լավագույն դրսևորումն է համարվում Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանում հայագիտական ամբիոնի առկայությունը, Ա.Աշոտյանը վստահություն է հատնել, որ հայ-էստոնական կրթական հարաբերությունները կարող են զարգացման լավ հեռանկար ունենալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների համագործակցության հնարավորություններին միջին մասնագիտական կրթության ոլորտում, որտեղ հեռանկարային են համարվում գյուղատնտեսական մասնագիտությունները:
Տանը մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել
Ոստիկանության Մեծամորի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, 1941 թ. ծնված Ֆրունզիկ Ք.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 93 փամփուշտ, գնդացրի ժապավեն և ազդանշանային 3 լուսարձակիչ ու հայտարարել, որ նշված զինամթերքը, որը պատկանել է իր մարտական ընկերոջը, որը զոհվել է 1993 թ. ապրիլի 15-ին ԼՂՀ Մարդակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ, գտել է նույն օրը, ժամը 10.00-ին, իր տան պատշգամբում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Այս տարվա ամառը ոչ շատ շոգ կլինի, ոչ էլ տեղումներով առատ
Ամենաշոգ ամառները գրանցվել են վերջին տասը տարիների ընթացքում: Համեմատաբար հով է եղել միայն 2009թ.-ի ամառը, բայց այս տարվա ամառը լինելու է սովորական, աչքի չի ընկնելու ոչ շատ շոգով, ոչ էլ տեղումներով: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան Զարուհի Պետրոսյանը:
Մասնագետի խոսքով` մինչև հունիսի վերջ պահպանվելու է կարկուտի հավանականությունը, հատկապես` հանրապետության հյուսիսային շրջաններում, իսկ հարավային կեսում կարկուտի հավանականությունը գնալով պակասում է:
«Եթե լրագրողին աշխատանքից ազատում են, չի նշանակում, որ խոսքի ազատության դեմ է». Գալուստ Սահակյան
«Քաղաքական գործչին և լրագրողին որևէ մեկը չի ընդունում կամ ազատում, դրանք անընդհատ մնում են: Եվ եթե լրագրողին աշխատանքից ազատում են, դա չի նշանակում, որ խոսքի ազատության դեմ է ուղղված: Պարզապես զուտ աշխատանքային խնդիր է»,-Անկախ-ի խնդրանքով մեկնաբանելով օրերս հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ֆեյսբուքյան գրառման համար աշխատանքից ազատելու փաստը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Այնուամենայնիվ, նա դեմ է, որ եթե լրագրողը որևէ բան է ասում՝ թեկուզև ինչ որ բան ոչ այն, ապա դրա համար պետք է պատժվի: «Առավել ևս էն պայմաններում, երբ որտեղ բացում ես, խոսքդ նենգափոխված ներկայացնում են, քննարկում, պրոբլեմ ստեղծում, հետո պարզաբանում»,-սեփական օրինակը բերեց Գալուստ Գրիգորիչը,-բայց ես շատ հանգիստ եմ դրան նայում, որովհետև ոլորտը հենց էդպես էլ պիտի առաջխաղացում ունենա: Իսկ ընդհանրապես յուրաքանչյուրն էլ մարդ է, սխալվելու իրավունք ունի, և ես դա ծայրահեղացնելու կողմնակից չեմ»:
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը
Այս տարի շուրջ 200 ֆիլմ կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Կազմակերպիչները դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է տեղավորվեն ժամանակի ու ցուցադրման սրահների մեջ: Կարևորը սակայն այն է, որ ստացվել է իրոք ուժեղ մրցութային ծրագիր: Այս մասին այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում լրագրողներին ասացին «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները: Նրանք ներկայացրին այս տարվա մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ խաղարկային ֆիլմերի ծրագիրը 12 ֆիլմ է ընդգրկում: Խաղարկային ժյուրին գլխավորելու է անվանի ռեժիսոր Իշվան Սաբոն, անդամներն էլ ոչ պակաս անվանի կինոդեմքեր են: Խաղարկային մրցույթում, ի թիվս այլ ֆիլմերի, կցուցադրվեն Նիկոս Կորնիլիուսի «11 հանդիպում հորս հետ», Սանհուն Փարկի «Սոսկ կյանք», Սրդան Գոլուբիչի «Շրջաններ», Միրա ֆորնայի «Իմ մարդասպան շունը», Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը», Պիտեր Բրոսենսի եւ Ջեսիքա Վուդոուրֆի «Հինգերորդ եղանակը»:
Վավերագրական մրցույթում կցուցադրվեն Մահդի Ֆլեյֆելի «Աշխարհ, որ մերը չէ», Լորանս Պերիգոյի «Երկու հոգու միջեւ», Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայր» ֆիլմերը եւ այլն: Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը հայտնեց, որ Վավերագրական մրցույթի համար 700 ֆիլմ են ստացել 63 երկրից, մրցույթում ընդգրկված է 11-ը: Նրա ձեւակերպմամբ, ֆիլմերը բազմազան են ժանրային եւ մյուս առումներով:
«Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ հայտնեց, որ կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր: Շուրջ հարյուր ֆիլմի հայտ է ստացվել, ընտրվել է 23-ը: «Հայկական համայնապատկերի» ժյուրիի կազմում են կինոքննադատ Դեյվիդ դ՛Արսին, սոցիոլոգ Ժան Ռադվանին, կինոքննադատ Նիք Ջեյմսը եւ ուրիշներ:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի համակարգող Արամ Շահբազյանը հայտնեց, որ այս տարի մեծ հոսք է եղել` ավելի քան 900 հայտ: Միքայել Ստամբոլցյանն էլ հավելեց, որ ֆիլմերի այնքան առատ հոսք է եղել, որ ինքը, պատկերավոր ասած, սարսափած է:
Արամ Մանուկյանի մեջ վարչապետին պաշտպանելու զգացողություն է ակտիվանում
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կասկածներ ունի, որ իշխանությունները որոշակի զոհեր են ուզում տալ՝ քավության նոխազ դարձնելով հատկապես վարչապետին. «Նույնիսկ երեկվանից սկսած իմ մեջ մի տեսակ զգացողություն է ակտիվանում՝ պաշտպանել վարչապետին»,-անկեղծացավ նա խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ:
Սակայն այն ամենի մեղավորը, ինչ կատարվում է, ոչ թե վարչապետն է, այլ երկրի ղեկավարը. «Վարչապետը, ինչպես և բոլոր մնացածը, էս օղակում խաղացողներ չեն, խաղացողը մեկն է: Տիգրան Սարգսյանը երբեք ինքնուրույն ֆիգուրա չէ և չի էլ կարող լինի»,-համոզված է նա:
Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանի ներկայացրած աղմկահարույց հաշվետվությանը և դրանում առկա չարաշահումների վերաբերյալ հանրապետականի կոշտ քննադատություններին, ապա ՀԱԿ պատգամավորն այդ ամենը ցինիկություն է համարում. «Իշխանը երեք տարի ներկայացրել է նման զեկույց, բայց ո՞վ է պատժվել»,-հարցնում է նա և ասում, որ դա ընդամենը շոու է՝ երեք արարով՝ հայտնաբերել, ցուցադրել, պատժել կամ չպատժել:
Ըստ նրա՝ երրորդ արարը ինքը հաջողված կհամարի, եթե պատժվեն համակարգի ղեկավարները:
9 ՃՏՊ և 11 վիրավոր`մեկ օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10, կողոպուտի` 1, խուլիգանության` 2 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 և գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ավստրիա` առանց Մխիթարանի
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյոևը», ուղևորվեց Ավստրիա: Թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի:
Գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրավիրել է 14 ֆուտբոլիստի: «Շախտյորի» կազմում բացակայում են լեգեոնականները, նաև Մխիթարյանը: Նրանք թիմին կմիանան մի փոքր ուշ:
«Շախտյորը» ստուգողական խաղերում ուժերը կչափի ռուսական «Կրասնոդարի» (հունիսի 19-ին, ալբանական «Շկենդերբեուի» (հունիսի 21-ին), Թբիլիսիի «Դինամոյի» (հունիսի 23-ին), ավստրիական «Վակերի» (հունիսի 25-ին) հետ:
ՕԵԿ-ն առաջարկելու է օրենք՝ Վերահսկիչ պալատի բացահայտումները միանգամից դատախազություն ուղարկելու վերաբերյալ
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հստակեցրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հասցեագրված իր խոսքը, որը մամուլում սխալ ձևով է ներկայացվել. «Ես ոչ թե ասել եմ՝ Իշխան Զաքարյանին պետք է ձերբակալել, այլ երբ ինքը ներկայացրեց, որ 107 դրամ արժեցող մալուխը ձեռք է բերվել 800-1000 դրամով, ինչը զանգվածային ալան-թալան է, ես նրան ասացի, որ ստիպված է հաջորդ անգամ Ազգային ժողով գալուց իր հետ ձեռնաշղթաներ բերել, քանի որ գործուն միջոցներ չի իրականացվում այդ անձանց նկատմամբ»,-պարզաբանեց նա:
Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ շուտով ՕԵԿ խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի Վերահսկիչ պալատն իր կողմից արված խախտումների վերաբերյալ ոչ թե հանդես գա գնահատականներով, որ դա բացթողում էր, չարաշահում կամ կեղծիք, այլ միանգամից այդ խախտումներն ուղարկի դատախազություն: ՕԵԿ-ը նաև առաջարկելու է դատախազության մասին օրենքում և ԱԺ կանոնակարգ օրենքում ամրագրել մի դրույթ, որ գլխավոր դատախազությնա կողմից ամեն տարի Ազգային ժողովին ներկայացվող հաղորդագրության մեջ մանրամասն անդրադարձ լինի նաև Վերահսկիչ պալատի տված նյութերին և դրանց արդյունքներին:
Իշխանությունների խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին և խորհրդարանում հանրպետականների կողմից դրանց վերաբերյալ հնչած կոշտ քննադատությանը, ասաց. «Իշխանություններն էն տրամաբանության մեջ ենմ, որ ամեն ինչ իրենցն է, մոնոպոլիզացրել են ամեն ինչ, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացվում՝ ներկայանալով թե իշխանություն, թե ընդդիմություն: Սա աբսուրդ է: Մարտավարական հնարք են իբր թե կիրառում, որ ավելի լավ է առաջինն իրենք բարձրաձայնեն, ընդդիմադիրներին բան չմնա խոսելու, բայց չենյ գիտակցում, որ Ա-ն ասել ես, Բ-ն էլ պիտի ասես»:
Ռուստամյանը հիշեցնում է, որ մաքրվելը միայն խոստովանությունը չէ, դա միայն անհրաժեշտ առաջին քյլն է, բայց դրանից հետո գալիս է ապաշխարության մասը.
«Բա ապաշխարությո՞ւնն ով պիտի անի»,-հարցնում է դաշնակցական պատգամավորը՝ նկատելով, որ խոստովանությունն առանաց ապաշխարանքի ցինիզմ է:
Դավիթ Պառավյանն առաջատարներից ետ է մնում կես միավորով
15-ամյա Դավիթ Պառավյանը Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում անցկացվող 2-րդ «Մեծ Եվրոպա» շախմատի միջազգային մրցաշարում 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում երեք առաջատարներից` գրոսմայստերներ Զբինեկ Հրաչեկից (Չեխիա), Վլադիսլավ Նեվեդնիչիից (Ռումինիա) և Տամիր Նաբատիից (Իսրայել):
Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանն ունեն 3-ական, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը` 2-ական միավոր:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում դասական երաժշտություն է հնչել
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում հայերենով, թուրքերենով և քրդերենով ստեղծագործություններ են հնչել, տեղեկացնում է թուրքական “Թարաֆ” պարբերականը։
Հայկական եկեղեցում` “Օպերայի, տավիղի և բանաստեղծության երեկո” անվանումով համերգի ժամանակ հնչել են սոպրանո Փերվին Չաքարի ձայնը, Թարա Ջաֆֆի տավիղը և Ազադ Զիյա Էրենի բանաստեղծությունները։
Թուրքերեն, հայերեն և քրդերեն ստեղծագործություններն ունկնդրողների թվում մեծամասնությունը են կազմել երիտասարդները։
Քեյթ Միդլթոնը ֆիզարձակուրդ է գնացել
Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլթոնը հունիսի 13-ին հայտարարել է, որ ժամանակավոր թողնում է հասարակական գործունեությունը, որ զբաղվի ծննդաբերության նախապատրաստությամբ:
Հունիսի 13-ին նա վերջին անգամ մասնակցեց հանրային մի միջոցառման: Քեյթը դարձավ մի զբոսանավի “կնքամայր”`նավակողքին կոտրելով շամպայնի շիշը: Նավն ի պատիվ հերցոգուհու, ստացավ Royal Princess անունը:
Սպասվում է, որ Քեյթի երեխան լույս աշխարհ կգա հուլիսին: Ավանդության համաձայն, թագավորական ընտանիքը երեխայի սեռի մասին տեղեկություններ չի տարածում:
Մայրաքաղաքի բուժհաստատությունները վերազինվում են նոր բժշկական սարքավորումներով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով: «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք:
Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել:
Քաղաքապետարանի կողմից նման աջակցությունը, ինչպես նշում են բուժաշխատողները, առանձնակի կարևորություն է ստանում, եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ տարիներ շարունակ բուժհաստատություններում ներդրումներ չեն իրականացվել, իսկ սարքավորումներն էլ մաշվել են թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Ինչ որ բան այն չէ…». Ռուբեն Հակոբյան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեմաներից մեկը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ներկայացված հաշվետվությունն էր խորհրդարանին, որում մի շարք աղմկահարույց բացահայտումներ էին ընդգրկված:
“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այդ հաշվետվության թիվ մեկ զավեշտը համարեց այն, որ գլխադասային հանձնաժողովը խուսափեց այդ ամենին գնահատական տալուց. «Ծիծաղել է, երբ ասվում է, որ իրենք ժամանակ չեն ունեցել քննարկել այդ հարցը: Մոտ երկու ամիս է՝ այդ հաշվետվությունն Ազգային ժողովում է, քննարկվել է նաև մեծամասնության մոտ, ավելի ազնիվ կլիներ, եթե այդ զավեշտի փոխարեն ուղղակի ասեին, որ շառ ու փորձանքից ուզում ենք հեռու մնալ: Դա աննախադեպ երևույթ է: Ծով ժամանակ ունեին»:
Ըստ Հակոբյանի, դա մի փաստաթուղթ է, որ կամ Վերահսկիչ պալատը զրպարտում է, կամ ներկայացված փաստերն իրականություն են և պետք է վերնագրվեն հաղորդագրություն հանցագործության մասին և ուղարկվեն համապատասխան մարմին:
«Մի բան հստակ է. հարցերից ու պատասխաններից պարզ դարձավ, որ ինչ որ բան ամբողջությամբ ու անկեղծ չի մատուցվում խորհրդարանին»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ հետագա քննարումների ժամանակ պարզ կլինի այդ փաստաթուղթը խորհրդարան ներկայացնելու իրական նպատակները:
Ինչ վերաբերում է հաշվետվության ներկայացման ժամանակ Հանրապետական խմբակցության անդամների կողմից հնչած անողոք քննդտություններին, ապա Ռուբեն Հակոբյանը զերծ մնաց առանձին ելույթներին գնահատական տալուց, սակայն նշեց, որ մի բան հստակ է. «Ինչ որ բան այն չէ: Չեմ բացառում նաև, որ իշխանության ներսում որոշակի ինտրիգներ կամ խաղեր են կատարվում»: