Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար:
2013 թվականի օգոստոսի 28-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Թամրազյանը և առաջին դասի խորհրդական Էդգար Պողոսյանը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վ. Գ. Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ:
Monthly Archives: August 2013
Նախկին պաշտոնյան կալանավորվել է խարդախություն կատարելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը տարբեր անձանց անվամբ հիմնադրած, սակայն փաստացի իր կողմից կառավարվող գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` ներդրումներ կատարելու և ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով, չարաշահելով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը, 2010-2012թթ. ժամանակահատվածում նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ և խաբեությամբ հափշտակել է:
Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նրանք, ովքեր տուժել են Արտակ Ղուկասյանի գործողություններից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն [Հեռ.` 010 511 601, 010 511 609]:
ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
«Զգուշացեք. երեխաներ են». անվտանգության միամսյակ
Օգոստոսի 30-ին ճանապարհային ոստիկանության վարչական շենքում տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի նախապատրաստական աշխատանքները և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվելիք ձեռնարկումները, Նորիկ Սարգսյանը նշեց, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես և նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտևեն մեկ ամիս:
Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային հատուկ գումարտակի ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Դպրոցների շրջակայքում կպարեկեն ոստիկանական կայուն վերակարգեր, ինչը թույլ կտա վերահսկել երթևեկությունը, անձամբ ճանաչել երեխաներին, նրանց ուղեկցող մեծահասակներին, ուսուցիչներին: Այդ դեպքում կբացառվեն երեխաների հետ անծանոթների շփման ռիսկերը՝ երթևեկության անվտանգության պահպանման միջոցառումն ընդլայնելով ընդհանրապես երեխաների անվտանգության ապահովման գործընթացի:
Ոստիկանության պետի ցուցումի համաձայն՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու կապահովվի լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ գետնուղիներ չունեցող և գծանշումներով ու լուսակիրներով չկարգավորվող փողոցներում երեխաների անցումը կկատարվի խմբերով՝ ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Ոստիկանության պետի որոշումն ուղղված է ոչ միայն բուն միամսյակի միջոցառումներին, այլև ոստիկան-ծնող-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդմանը, երեխաների և մեծահասակների իրավագիտակցության բարձրացմանը:
Նորիկ Սարգսյանը հավելեց, որ միամսյակի շրջանակներում և ողջ ուսումնական տարվա ընթացքում անչափահասնրի գործերով տեսուչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հանդիպումներ կունենան դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ, երթևեկության կանոնների վերաբերյալ դասընթացներ կկազմակերպեն դպրոցականների համար:
Վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ու լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Նորիկ Սարգսյանը ծնողներին, մանկավարժներին, վարորդներին, աշակերտներին կրկին կոչ արեց լինել զգոն և ուշադիր, խստորեն պահպանել երթևեկության կանոնները, դպրոցամերձ տարածքներում ցուցաբերել առավել պատասխանատվություն, համատեղ ջանքերով ապահովել երթևեկության անվտանգությունը:
Սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով հանձնաժողովի կողմից բուհերում ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ հրապարակած բաց նամակին, այսօր հանդիպում է ունեցել նրանց հետ: Շնորհակալություն հայտնելով երիտասարդներին՝ նախաձեռնողականության և հանրային ակտիվության համար՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ԿԳՆ ակտիվ հանդիպումներ է ունեցել երիտասարդական տարբեր խմբերի հետ և պատրաստ է այսուհետ ևս լսել բոլոր առաջարկներն ու քննարկել խնդիրները:
Հանրային խորհրդի երիտասարդական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց դիտարկումները, նշելով, որ իրենք ունեն իրենց առաջարկները: Ըստ երիտասարդների՝ լավագույն լուծումներից մեկը կարող է պետության կողմից բուհերի ֆինանսավորման ավելացումը լինել: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով ավելացվելու է բուհերի պետական ֆինանսավորումը: 2014 թ. ավելանալու է նաև բուհերում պետական պատվերով նախատեսված տեղերը՝ պետության համար գերակա նշանակության մասնագիտությունների համար. “Պետությունն այսօր էլ ֆինանսավորում է բուհերին, հատկացնելով պետական պատվեր, սակայն ողջ պահանջարկն իր վրա վերցնել պետությունը չի կարող: Ազատ շուկայական հարաբերությունների անցնելուց հետո բարձրագույն կրթությունը իրավացիորեն դիտվում է ծառայություն, այլ ճանապարհ չկա և ոչ մի երկրում: Կրթավճարների բարձրացումը համաեվրոպական միտում է: Վերջին երկու տարվա ընթացքում վարձավճարները բարձրացվել են մի շարք երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում, Նիդերլանդներում: Որևէ երկրում ուսանողությունը հեշտությամբ չի ընդունել նման որոշումը”,-նշել է նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով կրթության ոլորտում այլընտրանքային ֆինանսավորման կարիք կա, որը, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կարող է լրացվել միայն հանրային և գործարար հատվածի ներգրավման միջոցով: Այսօր բարձրագույն կրթության ոլորտում մասնավոր ներդրումների ծավալն ընդամենը 1 տոկոս է կազմում, ինչը խիստ ցածր ցուցանիշ է: Նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին ՀՀ կառավարությունն հաստատել է <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որտեղ հստակեցվել են ուսանողների համար բուհերի կողմից նախատեսված ուսման վարձի զեղչերի չափերը՝ սոցիալական առանջին խմբերի համար: Բուհը պարտավոր է վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով զեղչեր հատկացնել: Անդրադառնալով այն հարցադրմանը, որ պետական պատվերով տեղերը և պետության առաջարկած սոցիալական փաթեթն ընդամենը ուսանողության 10-20 տոկոսի համար է, նախարարը նշել է. “Մենք վերջին տարիներին, հաշվի առնելով հանրային պահանջարկը շարունակաբար ավելացրել ենք պետական բուհերի ընդունելությոն տեղերը՝ հիմնականում վճարովի համակարգի հաշվին: Խնդիրը կարող է լուծվել, եթե պետությունն ուղղակի կրճատի ընդունելության համար հատկացված տեղերը և տվյալ համամասնության պարագայում սոցիալական աջակցության ծավալն ավելի նկատելի կլինի: Բայց արդյո՞ք նման լուծումը բխում է ուսանողության շահերից: Մեր քաղաքականությունը միտված է եղել, որ բուհ ընդունվելը լինի դյուրին և անհամեմատ դժվար լինի ավարտելը: Պետությունը գնացել է այդ քայլին և այսօր էլ պատրաստ է աջակցել այն ուսանողին, ով լավ է սովորում, ունի բարձր առաջադիմություն”,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը ներկայացրել է նաև որոշակի հաշվարկներ՝ վարձավճարների բարձրացման արդյունքում բուհերը կունեննան մոտ 430 մլն դրամի հավելյալ հավաքագրում: Մինչդեռ պետության կողմից վարվող քաղաքականության արդյունքում, ինչպես վստահացրել է Ա. Աշոտյանը, սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ: Բուհական կրթության մատչելիության խնդիրը, ըստ նախարարի, ակնառու էր նաև անցյալում՝ մինչ վարձավճարների բարձրացումը:
Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ ուսման վարձավճարները մասնավոր բուհերում մի քանի անգամ ավելի էժան են, քան համապատասխան մասնագիտությամբ պետական բուհերում: “Այսքանով հանդերձ, մասնավոր բուհերն այս տարի շուրջ 100 ուսանող են ընդունել: Իսկ պետական բուհերում պետպատվերով և տարկետման իրավունքով թափուր 100 տեղ կա : Սա նշանակում է, որ կրթական պահանջարկի ու առաջարկի բաշխումը անհամաչափ է: Մենք 20 տոկոսով ավելացնելու ենք պետական պատվերը, սակայն միայն պետության համար առաջնահերթություն ունեցող մասնագիտությունների համար” ,- նշել է նախարարը:
Դիմելով երիտասարդներին՝ Ա. Աշոտյանը կոչ է արել նրանց նույնքան պահանաջատեր լինել նաև բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության որակի բարձրացման և բուհերի բյուջեների թափանցիկության ապահովման հարցերում:
Նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ հեռախոսազրույցում քննարկել է սիրիահայությանն աջակցելու հնարավորությունները
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Նախագահը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո Կաթողիկոսի հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող հումանիտար իրավիճակում տագնապալի օրեր ապրող սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին համակարգված սատարելու և նրանց հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերելու ուղիները:
|
Սաֆար Աբիևը հանդիպել է Օքլահոմայի գեներալ-գնդապետ Մայլզ Դիրինգի հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը օգօստոսի 30-ին ընդունել է Օքլահոմա նահանգի (ԱՄՆ) Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-գնդապետ Մայլզ Դիրինգին:
Քննարկվել են համագործակցության և համատեղ նախագծերի արդյունքները: Գեներա-գնդապետ Դիրինգը երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների խաղաղապահ գործունեության համար:
Սաֆար Աբիևը խոսել է Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների խոչընդոտների մասին`հիշատակելով 907-րդ բանաձևը:
Համաձայն “Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում” խորագրով 907-րդ բանաձևի՝ ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչև նախագահի կողմից որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է փաստարկված քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ։
Ստուգողական գրավոր աշխատանքների տետրերը` ծնողական խորհուրդների համաձայնությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մասնավորապես նշվում է. “Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների գնահատման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են թեմատիկ և կիսամյակային ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր, որոնք կարող են գործածվել ուսումնական հաստատություներում բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ”: Միաժամանակ նախարարը ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկել է համապատասխան հանձնարարականներ տալ ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ այլ աշխատանքային տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի վաճառքն ուսումնական հաստատություններում բացառելու վերաբերյալ:
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին, 4 մարդ զոհվել է, 2-ը հիվանդանոցում են
Հայտնի են Արագածոտնի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով չորս զոհերի անունները:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ-տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել»-ի վարորդ, 1972 թ. ծնված Արամ Հովհաննիսյանը և ուղևորներ, 1973 թ. ծնված Վաչագան Ասատրյանը, 1947 թ. ծնված Լավրենտ Հովհաննիսյանը և 1971 թ. ծնված Պարթև Հովհաննիսյանը տեղում մահացել են:Կատարվում է քննություն:
Ավելի վաղ ԱԻՆ-ից էին հաղորդել պատահարի մասին` տեղեկացնելով, որ տուժածներից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել: «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Թ. Թ.-ին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր, իսկ վարորդը` 1986 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիատալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այստեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
«Բուդկչին ֆռցրեց մի ամբողջ պետական համակարգ». Սարհատ Պետրոսյանը` Սամվել Ալեքսանյանի մասին
«Մի բուդկչի ֆռցրել է մի ամբողջ պետական համակարգ: Բոլորն են խաբվել մեկի կողմից». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Փակ շուկա»-ում հուշարձանի ներկայիս սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ապօրինի գործողությունները այսպես բնորոշեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:
Վերջինս նշեց, որ ՀՀ-ի միջազգային և տեղական օրենքների ու պարտավորությունների համաձայն՝ հուշարձանը կանխամտածված և ոչ կանխամտածված վնասելու դեպքում զրկվում են օգտագործման իրավունքից, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը, հանդիսանալով այս օրենքի իրացնողը, պետք է պայքարեր, բայց չարեց, ուստի ամենամեծ մեղքը մշակույթի նախարարությանն է:
«Այս ամենում բոլորն են մեղավոր, իսկ ամենից շատ՝ մշակույթի նախարարությունը: ՀՀ կառավարությունն է թույլատրում հանրապետական նշանակության հուշարձանի փոփոխություն, սակայն քսան տարիների ընթացքում չի եղել որևէ նման որոշում: «Փակ շուկա»-ի դեպքում էլ նման փաստաթուղթ չկա: Մշակույթի նախարարությունը հողային աշխատանքներ է թույլ տվել «Փակ շուկա»-ում: Ես այդ բուդկչուն չեմ մեղադրում, մեղավորը մշակույթի նախարարությունն է, որի վերնախավը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Բոլորը տոտալ սուտասաններ են, որոնք պաշտոններ են զբաղեցնում: «Փակ շուկայում» կատարվողը լկտիության գագաթնակետն է: Դուք սա չեք մարսելու»,- մտահոգված նշեց Սարհատ Պետրոսյանը:
1in.am
Վախճանվել է Նոբելյան դափնեկիր Շեյմաս Հինին
Այսօր առավոտյան Դուբլինում, 75 տարեկանում մահացել է բանաստեղծ, գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Շեյմաս Հինին:
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է “Նատուրալիստի մահը”: Նա բանաստեղծություների 10 ժողովածու է լույս ընծայել, մի շարք էսսեների ու թարգմանությունների հեղինակ է:
1995-ին արժանացել է Նոբելյան մրցանակի “պոեզիայի քնարական գեղեցկության ու գեղագիտական խորության համար, որը մեր առջև բացում է զարմանահրաշ առօրյան ու կենդանացնում անցյալը”: Նա նաև Թ.Ս.Էլիոթի ու Դևիդ Կոենի մրցանակների դափնեկիր էր:
Ինչն է գրավում տղամարդկանց
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարկվել են «Journal of Personality and Social Psychology» ամսագրի վերջին համարում, օգնել են որոշելու, թե հատկապես որ գործոնն է վճռորոշ լինում զուգընկեր ընտրելիս:
Հաստատվել է, որ տղամարդկանց համար զուգընկերուհի ընտրելիս կարևորվում է արտաքինը. առավելությունը տրվում է այն կանանց, ովքեր աչքի են ընկնում ֆիզիկական գրավչությամբ:
Մասնագետները վստահեցնում են, որ կանանց համար հակառակը, ֆիզիկական գրավչությունն այնքան էլ կարևոր չէ: Կանայք զուգընկեր ընտրելիս կարևորում են տղամարդու սոցիալական կարգավիճակը. որքան բարձր է այն, այնքան մեծ են տղամարդու շանսերը, որ կինն իրեն կընտրի որպես զուգընկեր:
Դեսպան Ղազարյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ
Օգոստոսի 29-ին դիվանագիտական առաքելութան ավարտի կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանին ընդունեց Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեցին հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները և երկկողմ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միաժամանակ, կարևորվեց երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը՝ դրանք քաղաքական համագործակցության մակարդակին հասցնելու համար:
Շնորհակալություն հայտնելով դեսպան Ղազարյանին Ղազախստանում կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ նախարար Իդրիսովը մաղթեց նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում Ղազախստանի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության և օժանդակության համար և համոզմունք հայտնեց, որ հայ-ղազախական հարաբերությունները կունենան շարունակական զարգացում և խորացում:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել առողջություն, երջանկություն ու հաջողություններ Արցախը զարգացած, ժողովրդավարական, բարեկեցիկ և հզոր պետություն դարձնելու՝ երկրի ղեկավարի նրա բարձր ու պատասխանատու առաքելության մեջ:
Քաղավիացիայի վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի պահպանման կամ քանդման հարցով Հանրային խորհուրդ է դիմել
Ամիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին ներկայացրել էր իր զարգացման ծրագիրը, որտեղ ներառված է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը քանդելու նախագիծ այն պատճառաբանությամբ, որ կոնստրուկցիաները վնասված են: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը:
Օրեր առաջ ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը դիմել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` առաջարկելով հարցը համատեղ քննարկել, որպեսզի նախքան վերջնական որոշման հանգելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք այսօր առկա են նշված ուղևորային համալիրի նկատմամբ հանրության և այդ ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների շրջանում::
Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, քաղավիացիայի վարչության պետի դիմումը երեկ քննարկվել է ՀԽ փոքր խորհրդի նիստում և որոշվել է խնդիրը նախ քննարկման դնել Հանրային խորհրդի մշակույթի և քաղաքաշինության ենթահանձնաժողովներում, որից հետո հանրային լայն քննարկումներ անցկացնել:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Օդանավակայանի կլոր շենքը տասնամյակներ ի վեր եղել և մնում է Հայաստանի խորհրդանիշերից մեկը:
Դանակահարություն վիճաբանության ժամանակ
Օգոստոսի 29-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն:Թմրամիջոց՝ հողամասից և ցախանոցից
Օգոստոսի 29-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Մեսրոպ Ի.-ի տան հողամասից հայտնաբերել են 18 կգ կանեփի մշակված 75 բույս, 1 կգ չորացված կանեփի բույսեր, տանը կից ցախանոցից՝ 200 գ կանեփի բույսի չորացված ճյուղեր, ցախանոցի ծածկաթիթեղի տակից՝ 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով չորացված, մանրացված 3,4 գ կշռով զանգված:Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Օգոստոսի 29-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները 1996 թ. ծնված Վրեժ Մ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 4 տրոտիլ` 400 գ, 2 տրոտիլ` 200 գ, 2 մետաղալար` պայթուցիչներով, «ՌԿԳ-3ԵՄ» տիպի հակատանկային նռնակ` պայթուցիչով, 12,2 մմ տրամաչափի չկրակված փամփուշտի 5 պարկուճ:Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Չեխիա կմեկնի սեպտեմբերի 5-ին
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չարտերային չվերթով կմեկնի Չեխիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին կանցկացնի իր առաջին նախախաղային մարզումը «Էդեն Արենա» մարզադաշտում:
Մարզումից առաջ, ժամը 20:00-ին, «Էդեն Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է սեպտեմբերի 2-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը:
Սեպտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Սեպտեմբերի 3-ին և 4-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում:


