Չինաստանում բոռերի հարձակումների հետևանքով 41 մարդ է մահացել

hornetՉորեքշաբթի տեղական իշխանությունները հայտնել են, որ Չինաստանում բոռերի խայթոցներից մահացածների թիվը հասել է 41-ի:

Սինխուա պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ Շենսի նահանգային ղեկավարության հայտարարության մեջ ասվում է, որ բոռերի հարձակումներ գրանցվել են ոչ միայն Անկանե քաղաքում, որտեղ 19 մարդ է զոհվել, այլև նահանգի այլ հատվածներում՝ խլելով 22 մարդու կյանք:

Ավելի քան 1600 մարդ է տուժել բոռերի հարձակումներից, իսկ նրանցից 37-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:

Նահանգային իշխանությունները տուժածներին բուժելու նպատակով հատուկ բժշկական թիմ են մոբիլիզացրել, ինչպես նաև բժիշկներին հատուկ վերապատրաստել: Այժմ արագ արձագանքման ջոկատները հավաքում են բոռերի բույները:

Նահանգային իշխանությունները նաև հայտնում են, որ բոռերը առավել ագրեսիվ են դառնում սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, երբ սկսվում է նրանց զուգավորման և տեղափոխման շրջանը՝ ավելացնելով, որ այս տարվա չոր և շոգ եղանակը նպաստել է այդ հարձակումներին:

 

2014 թվականի հունվարի 1-ից կբարձրանան միայն ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը

վաչե-գաբրիելյան1ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պետական կառավարման համակարգում 2014 թվականի հունվարի 1-ին խոստացված աշխատավարձերի բարձրացմանը և հարցրեց, թե ինչու հանկարծ փոխվեց ՀՀ նախագահի այս խոստումը և դրան հետևեց այն հայտարարությունը, որ աշխատավարձերի բարձրացում կլինի 2014-ի հուլիսի 1-ից:

«Ինչ է կատարվել այս ընթացքում, և ինչո՞ւ պիտի հանրապետության նախագահը ստիպված լինի հայտարարել մի բան, հետո ամբողջ իրավիճակը փոխվի»,-հարցրեց պատգամավորը:

Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ աշխատավարձերի բարեփոխումները կառավարության ուշադրության կենտրոնում են, և հունվարի 1-ից իսկապես բարձրացում լինելու է, սակայն փուլային տարբերակով. «Փաթեթում, որը ներկայացվում է բյուջեի հետ միասին և որը կառավարությունը վերջին նիստին հաստատեց, համակարգված ներկայացված էր նաև պետական հատվածների աշխատավարձերի բարձրացումը: Այն արդեն ներկայացվել է Ազգային ժողով: 2014 թվականի հունվարի 1-ից կբարձրանան բոլոր ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը, իսկ աշխատավարձերի բարձրացման հիմնական մասը տեղի կունենա հուլիսի 1-ից»,-տեղեկացրեց նա:

Վաչե Գաբրիելյանը նաև նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը միջին հաշվով կլինի 40 տոկոս:

 

Քոլեջների և ավագ դպրոցների շրջանավարտները բուն ընդունվելիս կունենան հավասար արտոնություններ

imagesԽորհրդարանում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ն տվյալներ, թե  ավագ դպրոցներից և միջին մասնագիտական կրթական հաստատություններից շրջանավարտների քանի տոկոսն է ընդունվել բարձրագույն ուսումնական բուհեր: Պատգամավորը բարձրացրեց նաև ավագ դպրոցների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների միջև առկա չափորոշիչների անհամապատասխանության հարցը, ըստ որի վերջիներս որոշակի արտոնություններ են տալիս շրջանավարտներին բուհ ընդունվելիս:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ վիճակագրական տվյալներ չկան բուհ ընդունվողների վերաբերյալ, սակայն ընդունեց, որ անհամապատասխանություն իսկապես կա: Նախարարը տեղեկացրեց, որ անհավասար պայմանները որոշակի ժամանակ անց վերացվելու են, և ստեղծվելու են միասնական պայմաններ բոլորի համար: «Ես գիտեմ, որ այստեղ կա լոբբիստական մեծ շարժում, վստահաբար արդեն Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսին որոշ ծնողներ, տնօրեններ, բարեկամներ խնդրել են, բայց պետք է միասին կայացնենք քաղաքական որոշում՝ ստեղծելով անկախ միասնական տարածք անկախ նրանից, թե այդ պահին մեր մտերիմը, բարեկամն ու հարազատը ավագ դպրոցո՞ւմ են աշխատում, թե՞ քոլեջում»,-ասաց Աշոտյանը:

Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների առջև

4037Հարգելի պարոն Գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի հետ անկեղծ և կառուցողական զրույց ունեցանք: Անդրադարձանք Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը և, իհարկե, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությանն առնչվող հարցերին: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի արդյունավետ գործունեությանը և շարունակելու է ըստ ամենայնի նպաստել կառույցի դերի և հեղինակության բարձրացմանը եվրոպական ճարտարապետության մեջ։

Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման, համաեվրոպական համագործակցության, կայուն զարգացման ու խաղաղության պահպանման կարևորագույն գրավականի: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումն ու կայացումն այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է մեր երկրի զարգացման տեսլականը:

Հայաստանի նախագահության հետագա անելիքների առնչությամբ մենք կարևորեցինք հոկտեմբերի 21-22-ը Երևանում կայանալիք Ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովը, որի կապակցությամբ Գլխավոր քարտուղարն այցելելու է Հայաստան: Կարծում եմ, որ այս թեման առավել քան արդիական է այսօր, և մենք կարող ենք դիմակայել նման մարտահրավերներին` Եվրոպայի խորհրդի կողմից կուտակած փորձի և իրավական գործիքների արդյունավետ կիրառման միջոցով:

Անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Իհարկե վերահաստատեցինք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի նկատմամբ մեր բարձր վստահությունը:

 

Կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 2-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  12 դեպքից բացահայտվել է 11-ը, իսկ խուլիգանության 2 և  խարդախության 7 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  և գողության 2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կամավոր հանձնել է ոստիկանություն

Զենք-զինամթերքՀոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, 1963 թ. ծնված  Ահարոն Ս.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տիպի պայթուցիչ, 7,65 մմ տրամաչափի` 14 և 5,45 մմ տրամաչափի  16  փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, 1952 թ. ծնված  Վլադիկ Հ.-ն ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի  230  փամփուշտ և ինքնաձիգի 7 պահունակ:

Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունք է ներկայացել 1962 թ. ծնված Սուրեն Ի.-ն  և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի` 68, 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, 1957 թ. ծնված Նազարեթ Բ.-ն ոստիկանության Մուշի բաժնում

կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի  ինքնաշեն ինքնաձիգ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Կասպյան ֆորումում քննարկվելու է Ղարաբաղյան հարցը

caspian_forumԿասպյան ռազմավարական ինստիտուտի (HASEN) գլխավոր քարտուղար Հալդուն Յավաշը այսօր Ստամբուլում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվող Կասպյան ֆորումում քննարկվելիք թեմաներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Նման կոնֆերանս արդեն անցկացվել է Ստամբուլում և Նյու Յորքում, սակայն ինստիտուտը պլանավորում է այն կազմակերպել նաև Բրյուսելում, Մոսկվայում և Բաքվում, ինչպես նաև կրկնել Ստամբուլում և Նյու Յորքում:

Ինչպես հաղորդում է թուրքական  «Հաբերլերը»՝ Ղարաբաղյան հարցը կոնֆերանսի ընթացքում քննարկվելու է տարածաշրջանային անվտանգության խնդիրների շրջանակներում: «Մենք մեր բոլոր ֆորումների ժամանակ ներկայացնում ենք Ադրբեջանում նախաձեռնվող էներգետիկական ծրագրերը, որոնք ավելի կուժեղացնեն նրա դիրքերը միջազգային ասպարեզում՝ բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի կարգավորմանը»,-նշել է Յավաշը:

 

Թայիփ Էրդողանին իսկական սոցիալիստ են անվանել

bulut  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի տնտեսական հարցերի գծով գլխավոր խորհրդական Յիղիթ Բուլութը խոսել է վերջին տարիներին երկրում նկատվող տնտեսական առաջընթացի մասին՝ քննադատելով ձախ ուժերի տեսակետները: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալը»:

«Հարցս ուղղում եմ այսօր իրենց ձախ, սոցիալիստ և արդար համարողներին: Վերջին 60 տարում երկրի բանկային համակարգի մասին որևէ բան խոսե՞լ եք: Վերջին 60 տարում աշխատավորների իրավունքների հետ կապված մի բան ասե՞լ եք: Եթե ասել եք, ապա ես սոցիալիստներից ներողություն կխնդրեմ»,-ասել է Բուլութը՝ նշելով, որ իրական սոցիալիստը վարչապետ Էրդողանն է: «Եթե այս երկրում իսկական սոցիալիստ կա, ապա դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,-հայտարարել է Յիղիթ Բուլութը:

 

Մայրաքաղաքի բակերը շարունակում են նկարազարդվել ու բարեկարգվել

001 (3)Երևանում մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու յուրօրինակ լուծումներով հարդարման, ինչպես նաև բակային տարածքների նկարազարդման ծրագրերը դարձան մայրաքաղաքի հարմարավետության և պատշաճ տեսքի ապահովմանը միտված լայնածավալ ծրագրերի անբաժան մասնիկը:

Բակային տարածքներում տարեսկզբից մեկնարկած նկարազարդման աշխատանքների շրջանակում 230 բակերում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները: Հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը: Յուրօրինակ այս մոտեցման արդյունքում բակերում առկա ավտոտնակների և հարակից այլ շինությունների պատերը դառնում են գունառատ: 2012թ-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում:

Երևանի զարգացման 2013թ-ի ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու յուրօրինակ լուծումներով հարդարման աշխատանքների արդյունքում էլ այս տարի վերանորոգվեց ու նկարազարդվեց շուրջ 35 կամարանցում, որով էլ ամբողջությամբ ավարտվեց ծրագիրը: Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ-ից մեկնարկած ծրագիրը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ներառեց մայրաքաղաքի վարչական շրջանների բոլոր կամարանցումները: Ընդհանուր առմամբ անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են: Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր մայրաքաղաքի 179 կամարանցումներ բարեկարգված են ու նկարազարդված հայկական բնաշխարհի պատկերներով, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններով ու հայկական էպոսի և հայտնի հեքիաթների ճանաչված հերոսներով:

Մեքսիկաում ոստիկանությունը ազատել է փակի տակ պահվող 73 առևանգված մարդկանց

> on August 4, 2013 in Arriaga, Mexico.Մեքսիկայում ոստիկանությունը ազատել է Ռեյնոսա քաղաքի մոտակայքում պահվող 73 առևանգված մարդկանց:

Ոստիկանության տեղեկություններով՝ մարդիկ առևանգվել են ավտոբուսներից և նրանց մի մասը կենտրոնական Ամերիկայից է եղել: Չնայած ոստիկանությունը ոչինչ չի հայտնել այդ մասին, սակայն հնարավոր է, որ մարդկանց մեծ մասը Միացյալ նահանգներ ուղևորվող ներգաղթյալներ են եղել:

Մեքսիկայի ազգային անվտանգության հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ առևանգված մարդկանց մի մասը արդեն չորս ամիս է ինչ այդտեղ էր գտնվում:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկուշաբթի հսկողություն իրականացնող դաշնային ոստիկանությունը հետապնդել էր իրենց հրահանգներին չենթարկվող մեքենայի, որի արդյուքնում նրանք հայտնաբերել էին առևանգված մարդկանց:

Առևանգվածների շարքում կային 37 մեքսիկացիներ, 19 հոնդուրասցիներ, Գվատեմալայի 14 քաղաքացիներ և երեք սալվադորցիներ:

Փրկվածների մեջ կային վեց անչափահասներ:

Առևանգողները զանգահարել էին առևանգված մարդկանց ընտանիքի անդամներին և նրանց ազատելու դիմաց գումար պահանջել:

Ոստիկանությունը ձերբակալել է իրենց առևանգվածների մոտ բերած մեքենայում գտնված երկու տղամարդկանց և առևանգվածներին հսկող մեկ այլ տղամարդու:

Նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում և ելույթ ունեցել ԵԽԽՎ-ի լիագումար նիստում

40194023Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովում

 

Պարո՛ն նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Ուրախ եմ 800 միլիոն եվրոպացիների ներկայացնող մեր կառույցի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին դիմելու այս հնարավորության համար:

Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախության 22-րդ ամյակը: Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22-ամյա ուղին: Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար: Գործելով այլ պետությունների համեմատ անհամադրելի բարդ պայմաններում՝ մեր երկրի բոլոր իշխանություններն ու մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ են հատկացրել երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր: Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում: Մենք դիտարկում ենք Եվրոպայի Խորհրդին մեր անդամակցությունը և եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն:

Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար:

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները:

Բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով. առաջին երկուսի դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք: Այս առումով նշեմ, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ ինչպես Խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ մեր միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, դրանք ամենայն ուշադրությամբ դիտարկվում են ընտրական գործընթացների կատարելագործման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կողմից և համապատասխան ընթացք են ստանում: Առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը, կոռուպցիան, որոնց հաղթահարման համար մեր կառավարությունը համալիր ծրագրեր է իրականացնում:

Մյուս առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է: Հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ: Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սրանք նաև մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այն կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը: Հատկապես երիտասարդ ժողովրդավարությամբ երկրների դեպքում դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում: Այս առումով, կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում այս տարվա հուլիսին անցկացված՝ իրավունքի գերակայության և իշխանությունների հայեցողության սահմաններին նվիրված խորհրդաժողովը համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն էր՝ շարունակելով Մեծ Բրիտանիայի նախագահության նախաձեռնությամբ սկսված գործընթացը:

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և իրականացնում է հեռանկարային ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, խտրականության բացառումը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:

Հաջորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խորացումն է: Ձեռքբերումների թվում նշեմ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ, որոնք ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Դատավորների լիարժեք անկախության ապահովման տեսանկյունից շարունակվում են ուշադրության կենտրոնում մնալ նաև նրանց նշանակման հետ կապված իրավական հարցերը: Արդիականացվում են քրեակատարողական հիմնարկները, ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն: Մենք մշակել և իրականացնում ենք Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագիրը, որի արդյունքում, վստահ եմ, կունենանք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ:

Մենք ունենք հաջողություններ, սակայն եղածով չենք բավարարվելու: Ես նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը: Մենք երախտապարտ կլինենք, եթե Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը բերի այս գործընթացին:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների առանցքն են: Կարևոր նախաձեռնություն եմ համարում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ստեղծված «Արևելյան գործընկերության գործիք» համատեղ ծրագիրը և դրա շրջանակներում մասնակից երկրներում իրականացված աշխատանքները՝ ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղություններով:

Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու:

Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը:

Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,

Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է և կմնա մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել համապարփակ կարգավորման: Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ:

Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: Պարզապես, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ հիշողությունները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցյալից՝ նրանց ենթարկում են հրապարակային պարսավանքի, սպառնում են ականջը կտրել և արտաքսել երկրից: Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրությունները չեն հնչում, և լսվում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան: Հենց այդ պատճառով են անարդյունավետ վստահության վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ:

2 օր առաջ իմ ժողովուրդը մեծագույն ցավով հողին հանձնեց իր հանճարեղ դերասաններից մեկին` ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Վարպետի վերջին հրապարակային խոսքը Ադրբեջանի մտավորականներին ուղղված նրա բաց նամակն էր, որն իրականում խաղաղության, արդարության ու սթափության կոչ էր. «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»,- իր նամակում պնդում է մեծ մտավորականը։ Այո՛, մենք մշտապես սթափվելու կոչերով ենք հանդես գալիս ու հաստատապես պնդում, որ այլատյացության մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքը ոչ մի լավ տեղ չեն տանում: Միայն խաղաղությամբ ու համագործակցությամբ է հնարավոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, և սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները։ Լեռնային Ղարաբաղում անցած 20 տարիների ընթացքում ձևավորվել և շարունակական զարգանում են ժողովրդավարական կառույցները։ Ըստ միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդըմ Հաուսի», ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը նկատելիորեն առաջ է իր որոշ հարևաններից։

Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում:

Հարգելի՛ բարեկամներ,

Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված՝ պետությունների հանձնառությունների մասին:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր հասարակություններն այսօր լուրջ փոխակերպումներ են ապրում և բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած: Որո՞նք են մեր արժեքները 21-րդ դարում, ո՞ր արժեքներն են այսօր տարածում գտնում առավել, քան մյուսները, ինչու են թափ առնում ծայրահեղական քաղաքական հոսանքներն ու դրսևորումները, ինչո՞ւ է տեղի տալիս սոցիալական համերաշխությունը, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ, որ Եվրոպայի խորհուրդը ձեռնարկի համացանցում ատելության խոսքի ու դրսևորումների դեմ պայքարի երիտասարդական արշավը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դժվար է ձևակերպել մի քանի նախադասությամբ: Սրանք մերժելի երևույթներ են, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում վայրկյանական տարածում են գտնում միլիոնավոր մարդկանց շրջանում, ուստի պետք է ստանան արագ և համարժեք պատասխաններ: Մենք պարտավոր ենք ամրապնդել կամուրջները ազգերի միջև, մեր քաղաքացիների, հասարակությունների, մշակույթների և կրոնների միջև, որպեսզի մեզանից հետո եկողներին թողնենք շատ ավելի խաղաղ և անվտանգ մոլորակ:

Այս օրերին մեր հայացքները հառած են Սիրիային: Մենք խորապես մտահոգ ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններով, որոնց արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Սիրիայում ունենալով բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում, Հայաստանը միանշանակ ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրեր առաջ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Մեր բոլորիս պարտքն է միավորել մեր ուժերը հանուն ապագայի: Եվ, հատկապես, մեր երիտասարդ սերունդներին պետք է ներգրավենք մեր ապագայի կերտման գործում: Նրանք երիտասարդ են, համարձակ, ավյունով լի, եթե մենք նրանց ճիշտ գաղափարներով սնենք, ճշմարիտ արժեքներով դաստիարակենք, ազատության ու ժողովրդավարության բերկրանքը հրամցնենք, ձերբազատենք նախապաշարումներից՝ մեր հասարակությունները կունենան լավ ապագա:

Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում նորմեր ստեղծող և տարածող բացառիկ կառույց, կարևորագույն դերակատարություն ունի այս գործում, և այն պետք է առավելագույն դերակատարում ունենա մեր համընդհանուր նպատակներին հասնելու գործում:

Շնորհակալություն:

ԱԺ փոխնախագահն ընդունեց Իրաքի եզդիների պատվիրակությանը

1 (4)ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 2-ին ընդունեց Իրաքի Հանրապետությունից եւ Քուրդիստանի Ինքնավար Հանրապետությունից ժամանած եզդիների պատվիրակությանը, որի կազմում էին Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության պատգամավոր Միր Հազըմ Թահսին Սայիդը, Իրաքի քաղաքացիական հասարակության կապերի նախարար դոկտոր Մամո Օթլանը, Քուրդիստանի գյուղնախարար Ջեմիլ Սլեման Հայդարը, Քուրդիստանի վարչապետի խորհրդական Միրզա Հասան Ալին, փաստաբան Քերիմ Սլեմանը, հոգեւորական Իդո Հաջին եւ «Միրզա Շանգալ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում եզդիական համայնքի եւ Իրաքում ու Քուրդիստանում հայ համայնքի մշակութային, կրոնական, լեզվական եւ ընդհանրապես ազգապահպանությանն առնչվող խնդիրներ:

Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների ազգային-մշակութային հիմնախնդիրների հանդեպ պետական հոգածությունը բարձր մակարդակի վրա է, իսկ հայ ժողովրդի վերաբերմունքը դարերի խորքից եկող բարեկամությամբ ու հայ ժողովրդի արժեհամակարգով է պայմանավորված: Այդ մասին են վկայում եզդիների լեզվի, մշակույթի, սովորությունների պահմանման ու զարգացման համար ստեղծված լավագույն հնարավորությունները, դրա վառ ապացույցն է նաեւ Արմավիրի մարզում գործող եզդիների կրոնական սրբատեղին: Երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները առավել ակտիվացնելու նպատակով Էդուարդ Շարմազանովն առաջարկեց զարգացնել նաեւ խորհրդարանական հարաբերությունները՝ ավելի հաճախակի դարձնելով պատգամավորների փոխայցերը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին եզդի համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության, իրենց ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված քայլերի համար՝ տեղեկացնելով, որ Քուրդիստանի կառավարությունը նույնպես ջանք չի խնայում երկրի կառավարման տարբեր օղակներում հայկական համայնքի ներգրավվածությունն ապահովելու, հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը ամրապնդելու գործում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ երկու ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու տարբեր հիմնախնդիրների համատեղ լուծմանն առնչվող այլ հարցեր:

 

Ուկրաինայում ոստիկանները խոչընդոտել են վհուկների հավաքը

g_image (2)Ուկրաինուհի վհուկները հավաք են կազմակերպել Կիևի մերձակայքում, ինչին ստիպված են եղել միջամտել ոստիկանները` բնակիչների ահազանգից հետո, հայտնում է «Կոմերսանտը»:

Կանայք կասկածելի ծես են կատարել Տետիևում: Նրանք հավաքվել են շենքերից մեկի տանիքում, ամբողջովին մերկացել ու սկսել թափահարել իրենց ներքնազգեստը:

Ժամանած ոստիկաններն առգրավել են կանանց կախարդության միջոցները` ներքնազգեստները, և վառել, սակայն անգամ ոստիկանությունում չեն կարողացել պարզել նրանց ծեսի բուն նշանակությունը:

Քաղաքի բնակիչների կարծիքով՝ վհուկները կամ ամպերն են քշել, կամ երաշտ են «կանչել»:

Այս առնչությամբ աղբյուրը նշում է, որ Ռուսաստանում և Ուկրաինայում շատերն են հավատում կախարդությանը: Միայն 2013-ին ռուսաստանցիները 30 մլրդ ԱՄՆ դոլար են ծախսել կախարդության համար:

tert.am

Նախագահը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը

4043

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը:

Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի խորհրդի այն բոլոր ատյաններին ու անձանց, ովքեր հնարավոր դարձրին ապակեպատկերի տեղադրումը: «Մոտ 13 տարի առաջ՝ 2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ՝ մաս կազմելով եվրոպական մեծ ընտանիքի: Ինչպես 800 մլն եվրոպացիների համար, ժողովրդավարության այս տաճարը դարձավ նաև մեր՝ հայերիս տունը:

2001թ. Հայաստանը 10 տարեկան էր, հիմա արդեն՝ 22: Ավելի քան մեկ տասնամյակ այս ընտանիքում «մեծանալով», Հայաստանն ստեղծել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ամուր հիմքեր ու կառուցակարգեր:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանի կողմից նվիրաբերված այս ապակեպատկերն ընդունեք իբրև համեստ ներդրում մեր ընդհանուր տան կառուցմանը: Եվրոպայի խորհրդում համախմբված ժողովուրդները տարբեր են իրենց պատմությամբ ու անցյալով, սակայն միավորված են միասնական համամարդկային արժեքների շուրջ: Նրանք հատիկ առ հատիկ կերտել են այդ արժեքները՝ հարթելով դեպի միասնական ապագայի տեսլականը տանող ուղին: Ապակեպատկեր հեղինակային այս աշխատանքը խորհրդանշում է մեր հավաքական ուժը՝ իր միասնականության ու ներդաշնակ բազմազանության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության նվերի հանձնման արարողության ժամանակ:

Այնուհետև Նախագահը ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ դիտել է ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում Արև Պետրոսյանի եռանկարը՝ «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն», որը ևս խորհրդանշում է միասնության ուժը, որոնք Հանրապետության Նախագահն այնուհետև նվիրել է պարոնայք Ժան-Կլոդ Մինյոնին, Թորբյորն Յագլանդին և Նիլս Մուիժնիկսին:

Այցի ավարտին Եվրոպայի խորհրդում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ստորագրման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սերժ Սարգսյան. “Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին”

02.10.13-2869serj-exxvՀայաստանը շարունակելու է շահավետ համագործակցությունը Եվրամիության հետ, եւ առաջիկայում մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին։ Այժմ Հայաստանը բանակցում է իր գործընկերների հետ, թե ինչ փաստաթուղթ պետք է ստորագրի այնտեղ։ Այս մասին քիչ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում  հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, որը արդյունավետորեն կշարունակվի:

“Հայաստանը երբեք չի ձգտել համագործակցություն կառուցել մի գործընկերոջ հետ` ի հակադրություն մյուս գործընկերների”,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ՀՀ նախագահը մեջբերեց օրերս կյանքից հեռացած մեծանուն դերասան Սոս Սարգսյանի խոսքերը. “Ղարաբաղը ձեզ համար տարածք է, իսկ մեզ համար երկրորդ հայրենիք”:
Նախագահի ելույթին ավելի հանգամանալի կանդրադառնանք քիչ անց, իսկ այժմ նա պատասխանում է վեհաժողովի պատվիրակների հարցերին։
yerkirmedia.am

Երևանում 8-րդ անգամ անցկացվել է Պարալիմպիկ սպարտակիադա

001 (2)Երևանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։

Մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերից։

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի նպատակը սպորտի միջոցով ևս հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրվելուն աջակցելն է: Վերջինիս խոսքով՝ հոկտեմբերին հաշմանդամների մասնակցությամբ ևս մեկ մարզական միջոցառում է ծրագրված։

Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով և դիպլոմներով։

 

Հարբած ադրբեջանցու պատճառով օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

օդանավՄոսկվա-Գյանջա (Գանձակ) չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում: Ինքնաթիռում գտնվել է 162 ուղևոր, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Թռիչքի ժամանակ Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ամիրասլանովը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիրավորել է ավագ ուղեկցորդուհուն և ուղևորներին:

Չնայած օդանավի հրամանատարը կոչ էր արել կարգը պահպանել, վերջինս չի արձագանքել և փորձել է մտնել օդաչուների խցիկ: Դրանից հետո օդանավի հրամանատարը մոտակա օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարելու մասին որոշում է կայացրել:

Սամարայի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով

ոստիկանությունՀոկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ֆրունզեի փողոցի 16 շենքի թիվ 20 բնակարանից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը սեպտեմբերի 2-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: