Արարատի մարզպետարանի աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվեց դատարան

հհ դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Տ.Վիրաբյանը, 2002թ. նոյեմբերից մինչև 2013թ. մայիսի 24-ն աշխատելով ՀՀ Արարատի մարզպետարանում՝ որպես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում մարզի մի շարք համայնքների ղեկավարների և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է հողօգտագործողներին 2012թ. աշնան և 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերով ՀՀ պետական բյուջեից պարբերաբար հատկացված, իրենց վստահությանը հանձնված, առանձնապես խոշոր չափերով 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումար:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Տ.Վիրաբյանը 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կազմել, ստորագրել, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու մատակարար ընկերությանն է ներկայացրել ըստ մարզի համայնքների դիզելային վառելանյութի բաշխման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ցուցակներ, որոնցում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. հավելագրել է համայնքներին անհրաժեշտ դիզելային վառելանյութի ծավալի չափը, փաստացի պահանջարկը ներկայացրել 872.450 լիտրով ավելի:

Այնուհետև, դիզվառելիքի հավելագրված չափերին համապատասխան՝ Տ.Վիրաբյանի կազմակերպմամբ համայնքների ղեկավարները ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ շահադիտական նպատակով պարբերաբար կազմել են պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ ՍՊ ընկերության կողմից համայնքներին դիզելային վառելանյութ իրացնելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր և հանձնման-ընդունման կեղծ ակտեր:
Վերը նշված կեղծ հաշիվ-ապրանքագրերը և հանձնման-ընդունման ակտերը Տիգրան Վիրաբյանը պարբերաբար ներկայացրել է վառելիք մատակարարող ընկերություն: ՍՊ ընկերության առանձին ծառայողները դրանք դրել են փաստաթղթաշրջանառության մեջ՝ իբրև 872.450 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի, դրա դիմաց ընդհանուր 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումարի ելքագրման և կանխիկացման հիմնավորում:

Այսկերպ Տ.Վիրաբյանը մի շարք համայնքների ղեկավարների և ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի պետական գումարը և բաժանել միմյանց միջև:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

«Եթե չասեմ, չգրեմ, սիրտս կպայթի»

սոսՍոս Սարգսյանն այլևս մեր կողքին չէ

«Տառապում եմ, տանջվում, որ թատրոն չեմ կարողանում գնալ, չեմ կարողանում աշխատել»,- հաճախ էր կրկնում անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն իրեն այցելողներին: Կյանքի վերջին ամիսներին տնից գրեթե դուրս չէր գալիս, իսկ այցելուներին սիրով և համբերությամբ էր ընդունում, եթե անգամ ծածուկ ցավից տնքում էր: Հիմա այլևս չենք կարող վարպետին այցելել, որովհետև նա մեր կողքին չէ: Սեպտեմբերի 26-ին  նա հեռացավ երկրային կյանքից:

Հոկտեմբերի 24-ին մեծ վարպետը կդառնար 84 տարեկան: Դեռ կենդանության օրոք չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր ընկերներից՝ Խորեն Աբրահամյանից, Ֆրունզիկ Մկրտչյանից ավելի երկար է ապրում: Ասում էր. «Արդեն ոնց  որ համը հանում եմ: Էսքան ապրե՞լն ում է պետք»: Անելիք շատ ուներ, ստեղծագործողի եռանդն ու միտքը հանգիստ չէին թողնում նրան, բայց ընկերների կարոտն ու բացակայությունը շատ էր տանջում: «Ձեն եմ տալիս, բայց  ո՛չ Ֆրունզը, ո՛չ Խորիկը, ո՛չ էլ մյուսները չեն պատասխանում: Գիտե՞ք՝ ի՜նչ սոսկալի բան է:

Լի էր նրա էությունը, մի տեսակ` փիլիսոփայական գույներով: Նա խինդով էր հիշում իր մանկության տարիները, որոնք այնքան էլ հարթ չէին անցել: Նրա «Ոտնամաններ» գիրքը հենց այդ տարիների՝ նրա մանկության ոտնամաններ ունենալու երազանքի, դիմանալու և խիզախելու մասին էր: «Որքան էլ մակությունը ծանր լինի, քաղցր բան է»,- ժպիտով նշում էր վարպետը: Սովի, պատերազմի տարիներ էին, բայց, մարդիկ դեռ փորձում էին ապրել: Ասում էր. «Եթե չգրեի, էդ մտքերը ինձ կտանջեին: Գուցե այդպես ազատվեմ դրանցից»: Զարմանում էր, թե կյանքը ինչքան է փոխվել: Փոխվել է նաև մարդկանց մտածելակերպը: «Այսօր մուրացկանություն են անում ոչ թե հացի, այլ փողի համար»:

Նրան շատ էր մտատանջում հայ ժողովրդի, ի՛ր ժողովրդի հոգսերն ու լարված կյանքը: «Խե՛ղճ ժողովուրդ, ո՞նց ես ապրում էս թանկուկրակ աշխարհում. ո՛չ հիվանդանալու, ո՛չ էլ մահանալու իրավունք չունես»։ Նա նաև ցավով էր տանում իր ժողովրդի մեջ եղած բացասականությունը:

Չէր սիրում ընտրությունները, մի տեսակ լարվում էր: «Երբ գալիս են ընտրությունները, շատ ներվային վիճակի մեջ եմ հայտնվում և Աստված եմ կանչում, որ դրանք անփորձանք ավարտվեն: Ախր, ժողովրդի համար էդ ընտրությունները  փորձանք են, քանի որ ամեն ինչ խարխլվում է, իսկ ժողովուրդը` իրար խառնվում»:

Նրա սեղանին, գրապահարաններում հազար ու մի գիրք կար: Ի՞նչ էր կարդում, ի՞նչ էր գրում- ջնջում:  Ասում էր. «Եթե չասեմ, չգրեմ, սիրտս կպայթի»: Բայց դեռ շատ գործեր ուներ անելու: Մեծ փափագ ուներ` կառուցել իր հիմնած թատրոնի շենքը, Երևանը նոր մշակութային օջախով հարստացնել: Ավաղ, չհասցրեց:

Նրա սիրտն ու հոգին բեմում էին: Չէր մոռանում իր առաջին քայլերը թատրոնում: Ասում էր՝ դրանք ամենաերջանիկ տարիներն էին, որոնք կուզենար նորից ու նորից վերապրել:

Վարպետի խորհուրդն ազդեցիկ էր շատերի համար: Նա երիտասարդների վրա շատ էր բարկանում, որ չեն ամուսնանում, ընտանիք չեն կազմում: «Մարդիկ չեն հասկանում, որ կյանքի ամենամեծ հաճույքն ու երջանկությունը ընտանիքն է, սերը»: Հորդորում էր միշտ ուշադիր լինել հոգու կանչին, թելադրանքին:

Ասում են՝ հանճարին, տաղանդավոր մարդկանց միայն մահից հետո են հիշում, բայց Սոս Սարգսյանին սիրում էին մեծ թե փոքր, կանայք թե տղամարդիկ… Հենց նրա կենդանության օրոք: Ժողովուրդը նրա ֆիլմերով, խաղացած դերերով հպարտանում էր և դեռ շատ երկար կհպարտանա:

Նրա վերջին ծածուկ երազանքն էլ կատարվեց. «Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված»: Այդպես էլ եղավ: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի և համաշխարհային մշակույթի համար, սակայն ոչ բոլորին է հաջողվում 80-ը բոլորել: Նախախնամությունը XX դարի մշակութային տաշտից, որպես մերան, թթխմոր, Սոս Սարգսյանին պահեց XXI-ի համար…

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Կլինի՞ արդյոք համաներում. պարզ կդառնա վաղը

ազգային-ժողով7Համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը
Ազգային ժողովին դրվել է քննարկման ընթացիկ քառօրյայի ընթացքում,
և այսօր հերթական ընթերցումից հետո որոշվեց քննարկումն ու քվեարկությունը
հետաձգել մինչև վաղը՝ նկատի ունենալով նախագծում որոշ ճշտումներ
կատարելու անհրաժեշտությունն ու այն, որ փաթեթը պետք է ներկայացվի
ամբողջությամբ: Վաղը ԱԺ կներկայացվի ամբողջական փաստաթուղթը,
որն էլ կդրվի քվեարկության:

Լուրջ հաջողություններ՝ կրթության արդիականացման և միջազգայնացման ճանապարհին

imageԽ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է “Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում” խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է.  “Հերթական անգամ Մանկավարժական համալսարանն անցկացնում է միջազգային մասշտաբի և բովանդակության համաժողով, և ակնհայտ է, որ համալսարանը, տարիներ առաջ բռնելով կրթության արդիականացման և միջազգայնացման ճանապարհը, լուրջ հաջողություններ է արձանագրում այս ուղղությամբ: Դրա վկայությունն այն լայն աշխարհագրությունն է, թեմաների ընդգրկումը, որ համալսարանի դասախոսների համար դարձել են ամենօրյա աշխատանքի հիմնական ուղղությունը: Խոսելով կրթության արդիականացման մասին` նախևառաջ պետք է հարցադրում անել`  արդիականացում` հանուն ինչի”: Ակնհայտ է, որ այն ապագա քաղաքացու կրթական կարիքները բավարարելու խնդիրն է` որպես գերագույն հարց. Ի”նչ ակնկալիք ունի ՀՀ քաղաքացին, ով մուտք է գործում կրթական համակարգ, և ինչպես է այդ համակարգը պատրաստ բավարարել քաղաքացու կարիքները: Երկրորդ, այն մեր երկրների տնտեսության պահանջարկն է` իրականում աշխատուժի և մասնագիտական աշխատաշուկայի ինչպիսի պահանջարկ կա, և ինչպես է կրթական համակարգը բավարարում այն: Եվ երրորդ, հասարակության ակնկալիքը կրթական համակարգից. հասարակությունն իր հիմքում պետք է ունենա կիրթ և արժեքներ կրող քաղաքացի, ով ունակ է վճիռ կայացնել ` իր երկրի  և հասարակության ապագայի համար: Այս երեք հարցադրումներն արդիական են, մասնավորապես, մանկավարժական կրթության արդիականացման համար, որն իր կարևորությամբ կազմում է ոչ միայն բարձրագույն կրթության մի հատվածը, այլ հանրակրթության ներկան և ապագան պայմանավորող լրջագույն գործոն է: Հուսով եմ, որ համաժողովը պատասխան կտա բոլոր այս հարցերին, և նրա մասնակիցները կհեռանան` հարստացած նոր գիտելիքներով, ինչպես նաև իրենց հետ տանելով հայաստանյան մասնագետների լավագույն փորձը”,-նշել է նախարարը`  արմեն աշոտյանՄանկավարժական համալսարանին մաղթելով հետագա վերելքներ` իր միջազգայնացման և կրթության արդիականացման գործում: Արմեն Աշոտյանը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառմանը ներկա  Իտալիայի դեպանին`  ընդգծելով, որ տարիներ առաջ` 2005 թվականին, երբ Հայաստանը դարձավ Բոլոնիայի անդամ, որևէ մեկի մտքով չէր անցնում թե Հայաստանում, և թե Եվրոպայում, որ 2012 թվականին Հայաստանի նման երկիրը հավակներ և ստանար Բոլոնիայի ողջ գործընթացի համար պատասխանատու և բարեփոխումները համակարգող երկրի պատասխանատվությունը: “Սա մեր կրթական համակարգի արդիականացման լավագույն ցուցանիշներից  և արտահայտումների մեկն է: Եվ այսօր մենք մեր բազմաթիվ եվրոպացի գործընկերների հետ միասին կարող ենք կանխատեսել մեր երիտասարդ սերնդի ապագան`  եվրոպական միասնական կրթական ողջ տարածքում”,-ընդգծել է նախարարը:
Համաժողովին ելույթ է ունեցել նաև Բոլոնիայի համալսարանի ռեկտորի ԱՊՀ գծով խորհրդական Կամիլլա Դանիլչենկոն:
Նախատեսվում է, որ համաժողովի մասնակիցները կներկանյացնեն իրենց երկրների առաջավոր փորձը և հայ գործընկերների հետ կքննարկեն 21-րդ դարում բուհերի մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կմշակեն դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ:

Կարող են սահմանվել կրթության որակի ապահովման լրացուցիչ պահանջներ. Ա. Աշոտյան

Արմեն-ԱշոտյանՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման հնարավորություններին ու առկա խնդիրներին: Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման խորացմանը՝ գերմանական կողմը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես ընդգծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում պարտադիր դարձնել նաև ավարտական աշխատանքները  օտար լեզվով, տվյալ դեպքում գերմաներենով ներկայացնելու պահանջը: <<Ազգային լեզվի հարցը քննարկման առարկա  չի կարող դառնալ: Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, որ կրթության լեզուն հայերենն է:  Սակայն մենք դեմ չենք լինի, եթե զուգահեռ բուհերը իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում մասնագիտական խմբերի համար լրացուցիչ նման պահանջ դնեն>>,- ի պատասխան նշել է նախարար Ա. Աշոտյանը : Անդրադարձ է եղել նաև Հայաստանում Գյոթեի համալսարանի  ներկայացուցչության՝ գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի գործունեությանը և բուհական համակարգի հետ հիշյալ կենտրոնի  հարաբերությունների խորացման  հնարավորություններին: ՀՀ ԿԳ նախարարը, շեշտելով, որ գերմանական կողմի՝ DAAD-ի   կողից հատկացվող ամենամյա կրթաթոշակները   Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման  կարևոր խթաններից  են, շնորհակալություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի համար: Միաժամանակ նախարարը, դիմելով դեսպանին, մտահագություն է հայտնել, որ Գերմանայի  Հալլե  Վիթենբերգ համալսարանի հայագիտական կենտրոնն ունի ֆինանսական միջոցների խնդիր: Նախարարը նշել է, որ այս հարցում Հայաստանն  ակնկալում է Գերմանիայի կառավարության և պարոն դեսպանի աջակցությունը: Դեսպան Ռայներ Մորելը  իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավոր ամեն ինչ, որ խնդիրը կարգավորի: Նա նաև տեղեկացրել է, որ Ենայի համալսարանում նախատեսվում է բացել Կովկասագիտության կենտրոն, որի կազմում անպայման  կլինի  նաև հայագիտական ամբիոն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գերմաներենի դասագրքերին ու դպրոցներում գերմաներենի ուսուցման խնդիրներին վերաբրող մի շարք հարցերի:

Ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում

army-march1-events-yerevan-armeniaԵրկրում ռազմական դրություն հայտարարելն ուղեկցվում է մի շարք միջոցառումների և գործողությունների իրականացմամբ, ներառյալ` սահմանափակմամբ, որոնց պատշաճ իրականացման համար պատասխանատու են ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ քաղաքացիները: Այսպես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 5-ին) 8-րդ հոդվածի համաձայն` ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում,

բ) Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար պատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված միջոցառումների իրականացում,

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի,

դ) ռազմական դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները,

ե) բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն,

զ) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

է) սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,

ը) հավաքներ և հանրային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում ՀՀ  պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով,

թ) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով,

ժ) կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից ՀՀ տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում,

ժա) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում,

ժբ) օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում,

ժգ) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր,

ժդ) առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում,

ժե) բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարհանում առավել անվտանգ տարածքներ:

Ռազմական դրություն հայտարարված տարածքում ընտրություններ և հանրաքվեներ չեն անցկացվում մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման ընտրովի և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանք երկարաձգվում են մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել օրենքով սահմանված կարգով:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Սուսերամարտի միջազգային մրցաշար Երևանում

27Հոկտեմբերի 5-6-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում կկայանա սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար: Այն նվիրված է  Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE)  հիմնադրման100-ամյակին:

Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Քուվեյթի և Ավստրալիայի ներկայացուցիչները:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 5-ին ժամը 13-ին:

ՀԿԵ-ում ստեղծվել է Քարակերտ-Արտենի վազուրդում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները քննող հանձնաժողով

timthumbՔարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի արդյունքնում տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահն է ՀԿԵ ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը:

Քննության արդյունքներով հանձնաժողովը կներկայացնի պատահարի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև կմշակի երկաթուղում դժբախտ պատահարների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Կառույցի եզրակացության հիման վրա պատասխանատվության կենթարկվեն անվտանգության նորմերի խախտումներ թույլ տված անձինք:

Ծառայողական քննության ավարտից հետո բոլոր նյութերը 3-օրյա ժամկետում ուղարկվելու են Աշխատանքի պետական տեսչություն և Դատախազություն:

«ՀԿԵ» ՓԲԸ–ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ–ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Կկայանան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումներ

ֆուտimagesԱյսօր կանցկացվեն Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի  հանդիպումներ:

Գյումրիում «Շիրակը» կհյուրընկալի «Բանանցին», Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում «Փյունիկը» կմրցի «Արարատի» հետ:

Ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փրկարարները   օգնել  ենՀոկտեմբերի 2-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենայի անիվը արգելափակվել է դիտահորի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ֆորդ Տրանզիտ մակնիշի 035ՍԼ14 պետհամարանիշի շտապօգնության բրիգադայի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Ադրբեջանի բնակչության 44%-ը նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ընդդիմության ներկայացուցչին. սոցհարցում

2 (3)“ADAM” սոցիոլոգիական ծառայությունը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին համաժողովրդական հարցում է իրականացրել: Օգոստոսի 14-ից սեպտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում հարցմանը մասնակցել են 1000 մարդ:

Համաձայն հարցման արդյունքների`հարցվածների 40,7%-ը նյութական ծանր պայմաններում է ապրում: 19,1%-ը կցանկանր ընդմիշտ լքել Ադրբեջանը: 39,7%-ը կարծում է, որ առաջիկա 3 տարվա ընթացքում իրենց կյանքը ավելի կվատանա: Վերջին 3 տարվա ընթացքում  Ադրբեջանցիների 36,8%-ը ստիպված է եղել շատ հաճախակի կաշառք տալ:

Հարցվածների 53.7 %-ը կարծում է, որ որոշ ընդդիմադիր կուսակցությունները համախմբող Ժողովրդական ուժերի ազգային խորհուրդը`Ռուստամ Իբրահիմբեկովի գլխավորությամբ, Ադրբեջանի կյանքում դրական դեր է խաղում: Ըստ 46%-ի`իշխանությունները պետք է փոխվեն, քանի որ կառավարություն չի ցանկանում որևէ բարեփոխում իրականացնել: Այն հարցին, թե ում կցանկանայիք տեսնել որպես երկրի նոր նախագահ, հարցվածների 43.8%-ը պատասխանել է`ընդդիմության ներկայացուցչին:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՀոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Սյունիքի մարզի Չափնի գյուղի մոտակայքում այրվել  է 15 հա խոտածածկ տարածք, Դարբասի գյուղում` 6000 քմ, Երևանի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 26 հասցեում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում` 400 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ. հայ ժողովուրդը նրան աստվածների դասը կարգեց

hayk-nahapetd5ac-202Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պարծենալ, թե գիտեն իրենց ակունքները: Հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են փաստել իրենց ինքնության օրը. հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պնդել, թե ումից են սերում` հայը կարող է:

Մենք Հայկի զարմն ենք:

Հայկ նահապետը հայության ինքնության հիմնադիրը եղավ: Նա ստեղծեց սրբազան հասարակություն, որ առաջնորդվում էր աստվածային օրենքներով:

Աստվածային և Աստվածամարդ Հայկը Արարչագործության երկրում Արմենական ցեղի առաջնորդն էր: Հայկը, ըստ Մովսես Խորենացու, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր:

Նրա հակապատկերն էր Տիտանյան Բելը, որ համաշխարհային պատմագիտության մեջ հայտնի է նաև Նեբրովթ անունով: Թովմա Արծրունին այսպես է բնորոշում Բելին. «Որ յետ բազում ժամանակի ծախք պիտոյից ասացավ պատրաստել թագավորին ըստ անյաղթ բռնութեան և մեծութեան որովայնի կերակուր Բէլայ: Որպէս և Յոյնք երբեմն համբավեցին` Հերակղէս աստուած յիսուն կոյս ի միում գիշերի ապականէր. զծանականաց և զամօթալեաց իրս` քաջութեան ասել` ըստ այսմ զարմանալիք և Բաբելացվոցն Բէլայ ասացավ, երկոտասան արդու ալեր և քառասուն ոչխար ի միում գիշերի ուտել Բէլայ. վասն որոյ պարծանօք իմն խնդալից սրտիվ ասէ թագավորն Դանիէլի, դու ընդէր ոչ երկիր պագանես Բէլայ, եթե ոչ տեսանես որչափ ուտէ և ըմպէ»:

Իր ժողովրդին Հայկը կառավարում էր աստվածային օրենքներով, և  բոլորը երջանիկ էին: Սակայն Բաբելոնի երկրում Տիտանյան Բելը, իրեն հռչակելով աշխարհի տիրակալ, փորձում է նվաճել Աստվածային արարչագործական երկիրը: Հայկը, որ իր զարմով մասնակցում էր Բաբելոնյան աշտարակաշինությանը, հավաքելով իր տոհմը` խույս է տալիս Բելից և հաստատվում հայրենական տանը` Արարատի երկրում` Տարոնի Հարք գավառում: Այստեղ նա հիմնում է Հայկաշենն ու հաստատվում իր զարմով:

Տիտանյան Բելն իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանցով ուղարկում է Հայկի մոտ, որպեսզի վերջինս իրեն հնազանդվի և վերադառնա Բաբելոն: Պատգամավորների միջոցով հայտնում է նրան, որ նա անտեղի է հեռացել Բաբելոնից և այժմ ապրում է ցուրտ և սառնամանիք երկրում, լավ կլինի` մեղմացնի իր հպարտ բնավորությունը և վերադառնա Բաբելոն, ենթարկվի իրեն ու մշտական բնակություն հաստատի այնտեղ: Հայկը մեծ արհամարհանքով պատգամավորներին հետ է դարձնում Բաբելոն, ինչն իբր թե պատճառ է դառնում երկու հսկաների աշխարհացունց պատերազմին: Իրականում մեր նախահայր Հայկը միակն էր, որ ըմբոստացավ աշխարհակալ Բելին և հաստատեց իր զարմի անկախ ապրելու իրավունքը:

Hayk_defeats_Bel_-_Juliano_ZassoՀետապնդելով Հայկին` Տիտանյան Բելը մեծ բանակով արշավում է Հայաստան: Հայկին Բելի արշավանքի մասին տեղեկացնում է երկրի հարավային սահմաններում  կողմնապահ նշանակված թոռը` Կադմոսը:

Զորահավաք անելով` Հայկն իր բանակն առաջնորդում է Բելի դեմ և ոսոխին դիմավորում Հայոց ձորում:

Խորենացին նկարագրում է, թե մարտից առաջ Հայկն ինչպես է դասավորել իր բանակը: Նա զորքին կանգնեցնում է եռանկյունաձև: Զորաշարքի այս ձևը հնագույններից է համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ: Հետագայում` վաղ միջնադարում, մարտի ժամանակ զորքերի դասավորության այդ ձևը կիրառեցին ֆրանկները և մեծ հաջողությունների հասան:

Հայկի մարտավարությունը կապված էր մարտադաշտի տեղանքից և իր զորքերի սակավությունից: Հայկն իր բանակն այնպես է դասավորել, որ Բելը չկարողանա օգտվել թվական առավելությունից: Աջ թևի հրամանատար կարգեց ավագ որդուն` Արամանյակին, իսկ ձախ թևը վստահեց թոռանը` Կադմոսին:

Երբ մարտից առաջ Բելը հոխորտում է և սպառնալով իր զորքերի բազմությամբ` Հայկին հնազանդության կոչ անում, վերջինս պատասխանում է.

– Տիտանյա՛ ն Բել, նվազ է իմ զորախումբը, բայց աստվածների զորախումբ է: Եվ աստվածները «խաղաղություն» բառը սրի ծայրով են փորագրում…

Ոգևորված իր մեծաթիվ զորքերով` Բելը հախուռն հարձակման է անցնում: Ճակատամարտը թեժ էր: Երկու կողմից էլ մաքառում էին քաջեր: Ճակատամարտի բախտը վճռեց Հայկը: Մարտի թեժ պահին նա իր եռաթև նետով հեռվից նետահարեց և խոցեց Բելին: Նետը սուրալով ճեղքում է Բելի զրահն ու մարմինը, դուրս գալիս մարմնի հակառակ կողմից ու ցցվում գետնին: Հսկայամարմին Տիտանյան Բելի դին տապալվում է գետնին:

Ճակատամարտից հետո Հայկը պատվով թաղում է Բելին, նրա գերեզմանի վրա բլուր բարձրացնում, որպեսզի նրա օրինակը զգուշացում լինի հայոց բոլոր ոսոխներին:

Հետագայում ճակատամարտի վայրի մատույցներում Հայկը կառուցեց Հայկաբերդը:

Հայկի և Բելի մասին պատումը մեզ է ավանդվել ոչ միայն Մովսես Խորենացու շնորհիվ, որ օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից, այլև վրաց պատումից:

Վրաց ավանդույթն ասում է, որ Թորգոմն ութ որդի ուներ, նրանցից ավագը Հայոսն էր, ում էլ բաժին հասավ Թորգոմա տան մեծ մասը: Երկրորդ որդին ավագության կարգով վրացիների նախահայր Քարթլոսն էր, ապա` Բարդոսը, Մովական, Հերոսը, Լեկան, Կովկասը, Եգրոսը: Այս հսկայամարմին քաջերից յուրաքանչյուրին Թորգոմը մեծ երկիր էր ավանդել` պատգամելով միշտ միասնաբար հանդես գալ ոսոխի դեմ:

Շուտով բռնակալ Նեբրովթը (Բելը) հարձակվում է Թորգոմա տան վրա, որպեսզի ստրկացնի հսկաներին: Եղբայրները, Հայկի գլխավորությամբ, կռվի են ելնում: Վրաց պատմիչ Լեոնտի Մրովելին այսպես է ներկայացնում ճակատամարտի ընթացքը.

«Եվ երբ մոտեցավ Նեբրովթը Ատրպատական աշխարհին և կանգնեց այնտեղ, վաթսուն հսկա և նրանց հետ հզոր զորավարներ ուղարկեց թորգոմյաններին կարգի կանչելու համար: Հենց որ Նեբրովթի զորավարները մոտեցան, Հայկի յոթն հսկաները մեծ զորքով դիմավորեցին (նրանց), իսկ Հայկը հզորագույն զորքով կանգնեց հետևից` թիկունքում: Նրանց միջև տեղի ունեցավ սաստիկ պայքար, որ նմանվում էր օդի սաստկությանը, քանի որ նրանց ոտների փոշին նման էր կուտակված ամպերին, նրանց զրահի փայլատակումը` երկնքի կայծին, նրանց բերանի ձայնը` որոտման ձայնին, նրանց նետերի բազմությունն ու քարերի ձգումը` խիտ կարկուտին, և նրանց արյունահոսությունը` կարկուտի առվին: Շարունակվեց պայքարը նրանց միջև, և երկու կողմից էլ եղան անթիվ սպանվածներ:

Իսկ Հայկը  նույն հսկաների հետևիցն էր կանգնած, քաջալերում էր նրանց և մխիթարում ահարկու ձայնով, որ կայծակի ճայթյունին էր նման: Ապա թորգոմյանք հաղթահարեցին և կոտորեցին Նեբրովթյան հսկաներին և նրանց զորավարներին: Իսկ Թորգոմյան յոթն հսկաները` Քարթլոս, Բարդոս, Մովական, Հերոս, Լեկան, Կավկաս և Եգրոս, կենդանի մնալով և չվիրավորվելով, զորավիգ էին և փառաբանում էին աստծուն: Հենց որ Նեբրովթն այս լսեց, բարկացավ և արշավեց նրանց դեմ իր ամբողջ ուժով: Իսկ Հայկը Նեբրովթի չափ զորք չուներ. նա ամրացավ Մասիսի գերբուկներում: Նեբրովթը ցածից մոտեցավ, և նա ոտից մինչև գլուխ զինված էր երկաթով ու պղնձով: Նա ելավ մի սարի վրա` խոսելու Հայկի հետ և պահանջեց նրանից հնազանդություն, որպեսզի իր կամքով գա նրա մոտ: Իսկ Հայկը դիմեց հսկաներին. «Ամրացրեք թիկունքս, որ ես գնամ ընդդեմ Նեբրովթի»: Եվ նա գնաց և դեմ առ դեմ մոտեցավ Նեբրովթին, ձգեց նետը, որն անցնելով պղնձե տախտակով, խոցեց կուրծքը և դուրս եկավ քամակից: Ապա Նեբրովթն ընկավ, և նրա բանակը փախուստի դիմեց»:

Վրաց առասպելաբանության համաձայն` Թորգոմյան անվանի դյուցազունների շարքում, ինչպես ասվեց վերը, ամենամեծ հսկան էր Հայկը, «որովհետև նրա նման ոչ ոք չի եղել երբեք, ոչ ջրհեղեղից առաջ և ոչ էլ հետո, հասակով, ուժով և արիությամբ»: Այդ հսկաների կառավարիչը Հայկն էր: Նրանք «բոլորը մի լեզու ունեին` հայերենը» և իրենց ամբողջ կյանքի ընթացքում ապրում էին կողք կողքի` փոխադարձ սիրով, հաշտ ու համերաշխ:

Հայոց ձորի ճակատամարտը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին` հայոց սրբազան տոմարի Նավասարդ ամսվա 1-ին, որն էլ համարվեց հայոց տոմարի սկիզբը: Դրանից հետո հազարամյակներ շարունակ հայությունը նշել է Նավասարդը որպես Ամանոր: Այն իրավամբ, հայոց ինքնության արտահայտումն է և հայ գենի հաստատման խորհուրդն ունի իր մեջ: Ցավոք, հիմա այն ոչ միայն չի նշվում պետականորեն, այլև եկեղեցին աղավաղել է Նավասարդի խորհուրդն ու հանրությանը ներկայացնում է սոսկ որպես քրիստոնեական տոն: Դա քիչ էր, Հայկի ծագումը արհեստականորեն վերագրվում է Նոյի սերնդին. իբր` Հայկի հայր Թորգոմը Նոյի Հաբեթ որդու զավակն էր:

Հայկի անվամբ հայերը կոչել են Օրիոն համաստեղությունը: Հայոց սրբազան տոմարի օրանուններից շատերը նույնպես կոչված են Հայկի անվամբ:

Առհասարակ Հայկ նահապետից սաղմնավորվեց Հայկյան արքայատոհմը, որ մինչև մ.թ.ա. IV դարը թագավորեց Հայաստանում: Հայկի զարմերից սերվեցին շատ հայկական նախարարական, իշխանական տոհմեր` Վահևունիները, Մանդակունիները, Վարաժնունիները, Խորխոռունիները, Բզնունիները և այլք:

Հետագայում հայ ժողովուրդը Հայկ նահապետին աստվածների դասը կարգեց:

 

 

 

Արաբկիր-Լոռու մարզ համագործակցության հերթական միջոցառումը բարեգործական շեշտադրում ուներ

004.loriԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարեսկզբին Երևան քաղաքի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև բարեկամության և համագործակցության ծրագրերի սկիզբ դրվեց: Այս համատեքստում օրերս, արդեն հերթական այցելությամբ Լոռու մարզում էր Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության կանանց խորհրդի անդամները, վարչական շրջանի կրթօջախների տնօրեններ: <<Միանշանակ ողջունելի է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած մայրաքաղաքի վարչական շրջաններ– մարզեր բարեկամության ու գործակցության ծրագիրը, և ես ուրախ եմ փաստելու, որ Արաբկիրի ու մեր մարզի միջև այդ հարաբերությունները գնալով ավելի խորն ու ընդգրկուն են դառնում: Այս անգամ էլ նախապես քննարկել էինք, թե ինչ ուղղվածություն ունենա այցելությունը, որպեսզի առավել նպատակային ու օգտակար լինի>>,- մարզպետարանում տեղի ունեցած  հանդիպման ժամանակ նշել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

<<Մարզերի հետ բարեկամության ու գործակցության ծրագիրը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում է: Քաղաքապետը տեղյակ է մարզերի կարիքների մասին, և հենց այդ կարիքներն էլ, լինեն դրանք նյութական, գործնական, կրթական կամ որևէ այլ, հիմք են հանդիսանում մեր հերթական այցելությունների ծրագրերը կազմելիս>>,- իր հերթին նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

Այս այցելությունը, օրինակ, համընկել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած <<Դու մենակ չես>> խորագրով բարեգործական ակցիային, ուստի այն ևս բարեգործական շեշտադրում ուներ:
Քաղաքապետի հոգածությամբ անակնկալներ էին սպասում Վանաձորի մանկատան, խնամքի կենտրոնի, օժանդակ դպրոցի բոլոր փոքրիկ բնակիչներին: Արաբկիր վարչական շրջանի հ. 130 դպրոցի սաներն իրենց հերթին սեփական ձեռքով նվերներ էին պատրաստել երեխաների համար: Մանկատան տնօրենն ու սաները մայրաքաղաքից եկած հյուրերին հպարտությամբ ցույց են տվել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տնկած եղևնին, որին, ինչպես սաներն են ասել, առանձնահատուկ խնամքով են վերաբերվում:

Վանաձորի հատուկ դպրոցի մարզադահլիճը համալրվել է  մարզագույքով, որի կարիքը, ինչպես նշել է տնօրենը, դպրոցը շատ ուներ: Նախորդ այցելությանը արաբկիրցիները Երևանի քաղաքապետարանի կողմից մարզպետարանին հարակից այգու համար <<Երևան-Վանաձոր>> գրառումով գեղեցիկ նստարաններ էին բերել, այս անգամ՝ դեկորատիվ աղբամաններ:

Բարեկամ վարչական շրջանի ներկայացուցիչների այցը եզրափակվել է մայրաքաղաքի և Վանաձորի շնորհալի երեխաների, երաժշտական ու արվեստի դպրոցների  սաների մասնակցությամբ համատեղ համերգային ծրագրով:

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտ

LXHԵրևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնին է փոխանցվել 3 համակարգիչ, իսկ քաղաքապետարանի համակարգչային ցանցի բարելավման նպատակով որպես նվեր տրամադրվել է համակարգչային սերվեր՝ համապատասխան սարքավորումներով:

Հրաչյա Մուրադյանն ու Սուրեն Թամրազյանն այցելել են Ստեփանակերտի «Սանմաքրում» ՀՈԱԿ, ծանոթացել կազմակերպության աշխատանքի կազմակերպման սկզբունքներին: Քաղաքապետարանի կողմից կառույցին որպես նվեր համակարգիչ է տրամադրվել:

Երևանի պատվիրակությանն ընդունել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հրաչյա Մուրադյանը, Երևանի քաղաքապետի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ Երևանի քաղաքապետարանի փորձը Ստեփանակերտի քաղաքապետարանին փոխանցելու նպատակով տարվող երկկողմ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Ոլորտների պատասխանատուները Ստեփանակերտի քաղաքապետին նաև զեկուցել են գործակցության ծրագրի շրջանակում աշխատանքների ընթացքի, գրանցված արդյունքների և հետագա անելիքների վերաբերյալ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:

Պատահարի հետևանքով մահացածների ինքնությունը պարզվել է

Բաքվում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցելԻնչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 13 հասցեի մոտ բախվել էր «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և երեք ուղևորները տեղում մահացել էին, իսկ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նույն օրը նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Նիսան»-ի վարորդը 1975 թ. ծնված Սահակ Զորյանն է, ուղևորները` Ուկրաինայի քաղաքացի, 1973 թ. ծնված Արտակ Գևորգյանը, 1982 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը և 1977 թ. ծնված Կարինե Անտոնյանը:
Կատարվում է քննություն:

Կինը հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով

ոստիկանություն3Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 20 հասցեից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Քրիստինե Խ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով:

Ադրբեջանում նախագահի թեկնածուն դատի է տվել Հանրային հեռուստատեսությանը և ԿԸՀ-ին

1 (2)Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին դատի է տվել Հանրային հեռուստատեսությանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հաղորդում է “Հագին”կայքը:

Թեկնածուն պահանջում է վերականգնել քարոզարշավի համար վճարովի եթերաժամանակի իր իրավունքը, քանի որ հեռուստատեսությունը հրաժարվել էր տրամադրել այդ եթերաժամկետը:

Դատական հայցը կքննվի Բաքվի վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 2-ին:

Հասանլին հեռուստաընկերություն էր դիմել սեպտեմբերի 23-ին իրեն վճարովի եթերաժամանակ տրամադրելու պահանջով: Հեռուստաընկերությունը մերժել էր՝ հիմնավորմամբ, որ թեկնածուների՝ վճարովի եթերաժամանկից օգտվելու մասին հայտերի ներկայացման ժամկետն ավարտված է եղել: ԿԸՀ-ն ևս մերժել էր թեկնածուի պահանջը:

Տղամարդը փողոցն անցնելիս չի նկատել մետաղալարը

շտապօգնություն1Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է քարշակել (մետաղալարով), ինչի հետևանքով փողոցը հատող 55-ամյա տղամարդը, չնկատելով, դիպել է մետաղալարին, վայր ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փրկե՛ք մեզ. Բերդի շրջանի մի խումբ բնակիչներ պահանջում են ազատել իրենց «մարդակեր» բժշկից

g_imageՏավուշի մարզի Բերդի շրջանի մի խումբ բնակիչներ «Փրկեք մեզ» խնդրանքով նամակ են ուղարկել Tert.am-ին, որով բողոքում ու պահանջում են` փրկել իրենց «մարդասպան», «հանցագործ», Բերդի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի ճիրաններից:
Նամակում նշված է, որ բնակիչները նրա հանցանքների մասին բազմիցս տեղեկացրել են իշխանություններին, պատասխանատու մարմիններին, սկսել են դատական գործընթացներ, սակայն մարդասպանը անպատիժ ու հանգիստ խղճով դեռ զբաղեցնում է իր պաշտոնը` հովանավորվելով իր հանցակից վերնախավի կողմից: Բնակիչները հանդես են գալիս փաստերով ու ապացույցներով, որոնք դատարանները, ըստ նրանց, կոծկում են Արամ Հարությունյանի կաշառքների շնորհիվ:
«Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին Արամ Հարությունյանը անպատժելիորեն յուրացրել է սահմանամերձ բնակավայրերին ու հայրենիքի պաշտպաններին ուղարկվող օգնությունները: Պատերազմի տարիներին նա վիրավորների մեծ մասին անդամալույծ դարձրեց` անհարկի կտրելով նրանց վնասված ձեռքերն ու ոտքերը, քանի որ դա ավելի հեշտ ու էժան էր, քան վերջույթը փրկելու համար նախատեսվող բուժումը:
Ունենալով հոգեկան լուրջ շեղումներ` նա Բերդի հիվանդանոցում ստեղծեց այնպիսի մթնոլորտ, որ բոլոր լավ մասնագետները հեռացան:
Այս` գրեթե 30 տարիների ընթացքում Հարությունյանը չի իրականացրել մի վիրահատություն, որ չանցնի առանց բարդությունների ու հավելյալ վիրահատության անհրաժեշտության: Տավուշի մարզի քաղաքացիները ունեն փաստեր, թե ինչպես է նա հրամայում իր աշխատողներին կեղծել անալիզների արդյունքները և ստեղծել անհրաժեշտ վիրահատության պատրանք` անհարկի հեռացնելով իրեն դիմած հիվանդների 12-մատնյա աղիքի որդանման հավելվածները` «կույր աղիքները», չամուսնացած աղջնակների առողջ ձվարաններից մեկը: Բնակիչները տարիներ շարունակ աղաղակում են, որ նա իր հիվանդների օրգանները գողանում է:
Հիվանդանոցի ներսում ունի դեղատուն, որտեղ դեղերը առնվազն 5 անգամ թանկ են երկրի մնացած բոլոր դեղատներից (ՀԴՄ կտրոններն առկա են` որպես ապացույց): Սակայն հաշվեհարդար է սպառնում այն հիվանդին, ում հարազատները կփորձեն խուսանավել և դեղերը գնել քաղաքի այլ դեղատնից:

Բերդի տարածաշրջանի շտապօգնությունը վեր է ածվել Արամ Հարությունյանի գերշահութաբեր բիզնեսի: Շտապօգնության երեք մեքենաներից յուրաքանչյուրն ունի իր արժեքը` «Ուազը»` 20 հազար դրամ, «Գազելը»`50 հազար, «Ֆորդը»` 100-150 հազար: Իսկ անհետաձգելի համարվող դեպքերում կանչը մնում է անտեսված, քանի որ հիվանդանոցը ստիպված կլինի պետպատվերով բուժել»,- գրված է նամակում:
Բնակիչները նաև տեղեկացնում են, որ Նավուր գյուղից 14-ամյա Սարինե Մադոյանի անալիզները կեղծելով` նրան «կույրաղիքի» վիրահատության ենթարկեցին, երկրորդ անգամ անհարկի հեռացրին ձվարանը, առաջացած բարդությանը հետևեց երրորդ վիրահատությունը: Երեխան մահացավ, իսկ հետո պարզվեց, որ նրա կույրաղիքը հանված չէ, Հարությունյանն ուղղակի կտրել ու կարել էր` գումարները գռփելով:
Tert.am-ի հետ զրույցում աղջկա հայր Կոլյա Մարդանյանը հաստատեց այս ամենը՝ ավելացնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2003թ.-ին և մինչ այսօր իր երեխայի մահվան պատճառը հայտնի չէ, աղջիկը փաստաթղթերով դեռ ողջ է:
Մովսես գյուղի բնակիչ Ալվարդ Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր որդին՝ 32-ամյա Սոս Ղուկասյանը մեքենայով ձորն էր ընկել 2004թ-ի հուլիսի 24-ին, ոչ մի կոտրվածք չէր ստացել, իր ուժերով դուրս էր եկել ձորից: 130 հազար դրամ արժեցած շտապօգնությունը Սոսին տեղափոխել էր Բերդի հիվանդանոց: Արամ Հարությունյանը նրան անհարկի վիրահատություն է արել, հանել փայծաղը` հարազատներին հավատացնելով, թե առանց հանելու կմահանար: Մի քանի ժամ հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, Հարությունյանը նորից վիրահատել է, իսկ նրա հանցակից Արմեն Գալստյանը որովայնից արտահոսած արյունը նորից ներարկելով` հիվանդին հասցրել է ծայրահեղ վիճակի:
Սոսի հարազատները որոշել են տանել նրան այլ հիվանդանոց: Զգալով վտանգը` Արամ Հարությունյանը երրորդ վիրահատությունն է արել` կարելով հիվանդի աղիքները ստամոքսին, որ հետո մեղքը գցի այլ բժշկի վրա: Բերդի հիվանդանոցից Սոսին հանելու ժամանակ Արամ Հարությունյանը, եկամտի աղբյուրը կորցնելուց կատաղած` խլել է պատգարակը, տակից վերցրել բարձն ու վայրենաբար քաշելով` բերանից հանել զոնդը: Էրեբունու հիվանդանոց հասցնելուց հետո Սոսը մահացել է, այնտեղ պարզել են, որ նա ոչ մի կոտրվածք չունի, մահը վրա է հասել սխալ վիրահատությունների արդյունքում առաջացած որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ):
Նամակում նշվում է, որ ծննդկան Կարինե Աթոյանին պտուղն արգանդում սպանեցին` նրան սխալ դեղեր ներարկելով, ինչը հաստատված է դատաբժշկությամբ: Կարինեի մայր Սվետա Աթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 30-ին աղջկա մահվան տարելիցն է, ինքն չի խոսի, բայց շուտով անհերքելի փաստեր կներկայացնի բժշկի արարքների մասին:
«Եվ սրանք մի քանիսն են այն բազում դեպքերից, երբ Հարությունյան Արամը մորթում ու սպանում է` մնալով անպատիժ, հովանավորվելով պետական վերնախավի կողմից»,- գրված է նամակում:
Այս ամեն մասին Tert.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղից ասացին, որ մարզային հիվանդանոցները գտնվում են մարզպետարանների ենթակայության ներքո:
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, թե ո՞ւր են այդ նամակները, ինչո՞ւ մարզպետարան չի եկել որևէ բողոք, որևէ նամակ. «Փաստերը բերեք, տեսնենք էդ ինչ մահեր են եղել, որ մենք ոչ մի բանից տեղյակ չենք»:
Բողոքողների անուններն իմանալուց հետո ասաց. «Էդ բոլոր դեպքերը վաղուց փակվել են, դատարանները որոշել են, ի՞նչ անենք, լավ, փակենք էդ հիվանդանոցը, ի՞նչ անենք, էդ բոլոր դեպքերի հետ կապված բոլորն իրենց պատիժները կրել են»:
Իսկ բժշկի գործողությունների մասին մարզպետարանի առողջապահության վարչության պետի պատասխանը հետևյալն էր. «Միանշանակ, նման բան չկա և լինել չի կարող, և մարզպետարանը տեղյակ կլինի, եթե այդպիսի բարձիթողի վիճակ լինի, իսկ հիմա չկա նման բան, մարզպետարանը տեղյակ է, իրավիճակը վերահսկվում է»:

Բժշկի՝ դեղատուն ունենալու և հիվանդներին միայն այնտեղից դեղեր գնել տալու մասին էլ Կարինե Դովլաթբեկյանն ասաց. «Դեղատուն բացելը մարդու իրավունքն է, ո՞ւմ ինչ գործն է, ով կարա հիմա ապացուցի, որ Հարությունյան Արամի անունով դեղատուն կա: Էդ մարդու մոտ էս պահին ոչ մի «չե պե» չկա, իսկ եթե էդ մարդիկ չեն կարում մոռանան իրենց ցավն ու մորմոքը, դա իրենց պրոբլեմն ա, ի՞նչ եք ուզում մեզնից»:

 

 

Լուրեր Հայաստանից – Թերթ.am