Ինը ավտոպատահար`տասնհինգ վիրավոր

ավտոպատահարՎրաերթ Երևան-Զովունի ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի քերծված վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14-ամյա պատանի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում,   «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել պատանուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Սևան-Մարտունի ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար  են բախվել «ՎԱԶ-21011»   և   «Մերսեդես-Բենց S 420»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց S 420»-ի վարորդը, «ՎԱԶ-21011»-ի ուղևորը և ճանապարհահատվածում գտնվող հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Մերսեդես-Բենց»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի սկզբնամասում «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2106»-ը բախվել է փայտե սյանը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում,  Երևանի Իսրայել Օրու փողոցի թիվ 1 տան մոտ «ՎԱԶ-2106»   մակնիշի ավտոմեքենան բախվել է փայտե սյանը, ինչի հետևանքով վարորդը  և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Շահումյան փողոցում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյանի 16-րդ փողոցի թիվ 74 տան մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

«Տոյոտա Պրադո»-ն բախվել է էլեկտրասյանը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո»  մակնիշի  ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտ  բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Աղջիկները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Շևրոլե-Ավիո»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15, 13 և 10-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա

Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայրաքաղաքում բացվել է Հենրիկ Մալյանի դիմաքանդակը

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ նշանավոր կինոբեմադրիչ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի դիմաքանդակի հանդիսավոր բացմանը: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հենրիկ Մալյանի դստերը՝ Նարինե Մալյանին:
Քանդակի բացման արարողությանը մասնակցել են նաև Հենրիկ Մալյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, թատրոնի դերասաններ ու արվեստասերներ:
Դիմաքանդակի հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է: Հեղինակի խոսքով, նա փորձել է դիմաքանդակում ներկայացնել հայ նշանավոր կինոբեմադրիչի անչափ պարզ, անմիջական ու ջերմ ներաշխարհը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևան քաղաքի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվա տոնակատարություններին

002 (1)Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրվան նվիրված «Թբիլիսոբա» տոնակատարությանը։ Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների։

Երևանյան պատվիրակության ղեկավարը, Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, նախ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավային է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին ուղղված շնորհավորական ուղերձը: Այնուհետ, հանդիպման շրջանակում, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել են երկու քաղաքների միջև բազմակողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մունիցիպալ ծառայությունների մատուցման գծով փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթամշակութային, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և այլ հարցեր։
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է նաև տոնակատարության կապակցությամբ Թբիլիսի այցելած պատվիրակությունների պաշտոնական ընդունելությանը, որին ներկա է եղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Թբիլիսի կատարած այցի շրջանակում Կամո Արեյանը և Սերգեյ Մակարյանը այցելել են նաև Վիրահայոց թեմի առաջնորդարան, ինչպես նաև «Հայարտուն» մշակութային կենտրոն: Պատվիրակության անդամները Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս տեր Վազգեն Միրզախանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Խոջիվանքի հայոց մեծերի պանթեոն, ուր հանգչում են Հովհաննես Թունանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Մուրացանը, Ջիվանին և այլք։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բարձրացվում է օդանավակայանների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին

IFՀոկտեմբերի 7-10-ը Երևանի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու օդանավակայաններում ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Deutsche Post DHL ընկերությունը կազմակերպում են «Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար» թեմայով վերապատրաստման դասընթաց: Այն իրականացվում է DHL ընկերության GARD («Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար») ծրագրի շրջանակներում:

Նպատակն է պատրաստել օդանավակայանների աշխատակիցներին և ենթակառուցվածքները` հաղթահարելու նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրները, որոնք կարող են առաջանալ բնական աղետների ժամանակ:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ դասընթացի պաշտոնական բացումը:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան և Deutsche Post DHL ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Կասպերսկին:

ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից ողջունեց դասընթացի կազմակերպիչներին ու մասնակիցներին, նշելով, որ սկիզբ է դրվում արդյունավետ համագործակցության.
– Այս տարի լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 25-ամյակը, որը շուրջ 25 հազար մարդու կյանք խլեց: Եթե մեր ենթակառուցվածքներն այն ժամանակ պատրաստված լինեին, մենք շատ ավելի քիչ կորուստներ կունենայինք: Ամբողջ աշխարհը մեզ օգնության ձեռք մեկնեց, որը հիմնականում ստացվում էր օդանավակայանի միջոցով: Այսօր մենք հնարավորություն ունենք մեր գործընկերների օգնությամբ պատրաստել օդանավականները գործելու արտակարգ իրավիճակներում: Վստահ եմ, որ այդպիսով մեր օդանավակայանների պատրաստվածությունը կբարձրանա նոր մակարդակի:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան իր խոսքում ընդգծեց, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում բնական աղետներն առավել հաճախակի են դարձել.
– 1988 թ. ավերիչ երկրաշարժից քաղված դասերը ստիպեցին իշխանություններին վերանայելու բնական աղետներին իրենց արձագանքը: Մոտ մեկ տասնամյակ է, ինչ ՄԱԶԾ-ն աջակցում է ազգային գործընկերներին՝ բարձրացնելու իրազեկվածությունը, խրախուսելու աղետներին դիմակայելու պատրաստվածությունը և ռիսկի նվազեցումը, ստեղծելու աղետների կառավարման ազգային հայեցակարգ, ինչպես նաև փոփոխելու ինստիտուցիոնալ, իրավական և կանոնակարգման դաշտը: Գրանցվել են մեծ ձեռքբերումներ. մշակվել են աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ընդունվել է ազգային պլատֆորմը:
DHL ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Կասպերսկին հանգամանալից ներկայացրեց GARD ծրագիրը և նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է աջակցել հայկական օդանավակայանների պատրաստվածությանն աղետներին:

Աշխարհի 20 օդանավակայան արդեն անցել է այս դասընթացը: Այն ուսուցանում է, թե ինչպես պետք է բնական աղետից հետո արդյունավետ օգտագործել նյութատեխնիկական կարողություններն ու տեղական փորձագիտական ներուժը, խուսափել խոչընդոտներից, ինչպես նաև արագ ու հմուտ կառավարել ներմուծվող մարդասիրական օգնությունը: Ծրագրի շրջանակներում, օդանավակայանների անձնակազմը, ինչպես նաև կառավարության և տեղական գերատեսչությունների ներկայացուցիչները կգնահատեն տեղանքն ու կմշակեն արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններ:

Նշենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ ԱԻ նախարարությանը: Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման ու գործարկման արդյունքում կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը:

Հրդեհ` Արծվանիստ գյուղում

հրդեհՀոկտեմբերի 7-ին, ժամը 13.38-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի 23-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 23-րդ փողոցում գտնվող Ա. Մ.-ին պատկանող հացատան տանիքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (3 քմ):

Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի գործով դատաքննությունն ավարտված է

Էդմոնդ ԽուդյանԱմերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շեքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունն ավարտված է, բնակարանի թալանի մանրամասներն էլ բացահայտված: Այս գործով վերջին նիստում տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանը «Արին Կապիտալ» ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանին իր վերջին հարցերն ուղղեց, որոնցով փորձեց օգնել Եսայանին վերջնակապես բացահայտել այն հանգամանքը, թե ի վերջո ինչու կամ ում հրահանգով են ինքը և իր հետ բանկում գտնված գլխավոր հաշվապահը Լուսինե Գյուլխասյանի կողմից վճարված գումարը ընկերության բանկային հաշվին մուտք անելիս գումարի մի մասը որպես Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից վճարում մուտքագրել, իսկ մյուս մասն էլ  իբրև փոխառություն՝ ընկերության փայատեր Ղևոնդ Ղալումյանի կողմից:

Այսինքն՝ Գլուխասյանն ինքն ի վերջո հնչեցրեց այն հարցը, որը զարմանալիորեն այդպես էլ չհետաքրքրեց մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանին՝ պարզելու համար թե Խուդյանի սնանկացված ընկերության տնօրեն Եսայանը, որպես ընկերության տնօրեն իր կարգադրիչ լիազորությունները իրականացնելիս իրականում հօգուտ ում է գործել:

Հիշեցնենք, որ այս գործով դեռ նախաքննության ժամանակ նշանակված փորձաքննության արդյունքում` ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 01.10.2012 թ. փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ, իրոք, 07.12.2007թ.  «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին մուտքագրվել է Լուսիեն Գյուլխասյանի՝ 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:

Այսինքն` ինչպես գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության, այնպես էլ այս տուժած քաղաքացու բնակարանի թալանի գործում Ղևոնդ Ղալումյանը օգտվել էր փող աշխատելու իր հայտնի տարբերակից` կեղծ փոխառություն ձևակերպել և հետագայում դրա վերադարձի պատրվակով գումար ստանալ ընկերությունից: Նակինում ներկայացվել է, որ այդ կերպ 2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելու նպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:

Ամբաստանյալ Էդուարդ Եսայանը Լուսինե Գյուլխասյանի գումարի մի մասը Մանգասարյանի անունով մուտք անելը պայմանավորեց այն հանգամանքով, որ կար կնքված պայմանագիր Ռուբեն Մանգասարյանի հետ, իսկ թե ինչու էր գումարի մյուս մասը՝ 21 մլիլիոնը մուտք արել որպես փոխառություն Ղևոնդ Ղալումյանից… Եսայանը չկարողացավ համոզիչ հիմնավորել:  Մեկ նշեց, որ դա արվել է, քանի որ այլ տարբերակ չի եղել. փոքր ինչ դժվար էր հասկանալ թե ինչու հանկարծ Եսայանը այլ տարբերակ չի ունեցել, սակայն այնուհետ էլ նա հստակ նշեց, որ դա իրեն պատվիրել է անել ընկերության հաշվապահ Պարույր Հակոբյանը: Ամենահետաքրքիրը այս ամենում այն, էր, որ Եսայանը մինչև վերջ պնդում էր, թե՝ իբրև թե Ղալումյանը տեղյակ էլ չի եղել, որ իր անունով ներդրում է արվել….  «Հաշվապահության ձևն է դա, Ղալումյանը փայատերերից մեկն է, դրա համար էլ նրա անունով է արվել: Հավապահը որոշեց ձևակերպումն անել Ղալումյանի անունով»,-նշեց Եսայանը:

Լուսինե Գյուլխասյանը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել հաշվապահ Պարույր Հակոբյանին ու նույն հարցերը պարզել հենց նրանից, մինչդեռ դատավոր Արշակ Վարդանյանը չգիտես ինչու անհիմն համարեց Գյուլխասյանի միջնորդությունը և նույն պատճառաբանությամբ մերժեց այն: Ըստ դատավորի՝ քրեական գործում առկա են բազմաթիվ փաստեր այդ առումով:

Դատական նիստի ավարտին, երբ դատարանը փորձեց վերջին անգամ Եսայանից հասկանալ, թե ով է ի վերջո խաբել քաղաքացի Գյուլխասյանին, վեջինս պատասխանեց. «Բնականաբար Վլադ Մանգասարյանը: Եթե ես նրան եմ տվել բնակարանի սեփականության վկայականը, իսկ ինքը փաստորեն այն չի տվել բնակարանի իրական տիրոջը, այս դեպքում ո՞վ է խաբել քաղաքացուն…»:

Ինչևէ, Էդուարդ Եսայանի գործով դատաքննական փուլը վերջապես ավարտված է և դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլին: Դատավոր Արշակ Վարդանյանը դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 21-ը՝ մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանին ժամանակ տալով պատրաստվել մեղադրական ճառին:  Հետաքրքիր է՝ դաատարան իր վերջնական վճիռը կայացնելիս որևէ կերպ կանդրադառանա՞ Մանգասարյանների ու Ղալումյանի մասով այս բացահայտումներին:

 

Հարգանքներով՝ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-11-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում`Հոկտեմբերի 8-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրև: 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Էրեբունի -Երևան 2795-ի» օրերին Երևանը տոնական գեղեցիկ ձևավորում կունենա

003Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը  ներկայացրել է հոկտեմբերի 11-ին և 12-ին նախատեսված «Էրեբունի-Երևան 2795»տոնակատարության   շրջանակում մայրաքաղաքի փողոցների տոնական ձևավորման և հանդիսության հետ կապված իրազեկման աշխատանքները: Արազ Բաղդասարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն անելու է հնարավորը` մայրաքաղաքի հոբելյանական`2795-րդ տարեդարձը պատշաճ նշելու համար: Ըստ այդմ, տոնի իրազեկումը կիրականացվի զանգվածային լրատվության միջոցներով`հեռուստատեսային և ռադիոհոլովակների տեսքով: Կհեռարձակվի նաև «Էրեբունի -Երևան 2795»-ի նոր տեսահոլովակը: Մոտալուտ տոնի մասին կվկայեն նաև Երևանի վարչական շրջաններում տեղադրված 52 գովազդային վահանակները, 48 ավելի փոքր չափի նոր վահանակները Կենտրոն վարչական շրջանում, 29 էլեկտրոնային էկրանները: Երևանի ստորգետնյա և վերգետնյա հասարակական տրանսպորտում ևս փակցված կլինեն գովազդային նյութեր ու տեղեկատվական ցուցանակներ, իսկ փողոցների երկայնքով նկատելի կլինեն գովազդային կրկնաձիգ գրաժապավեններ: Տեղեկատվության ամբողջացմանը կծառայեն նաև նոր տեղադրված չվացուցակների և մետրոպոլիտենի կայարանների էկրանները: Տոնի նախօրեին Մաշտոցի պողոտան կհարստանա նոր ոճի 6 կանգառասրահներով, որոնք նույնպես կկրեն տեղեկություններ  տոնական հանդիսության  մասին: Այդ նպատակով  պատրաստվել և տարածվում են միջոցառման ժամերի և վայրերի տեղեկատվական բուկլետներ: Այս օրերին Էրեբունի-Երևանի մթնոլորտով են համակված նաև սոցիալական կայքերը: Համացանցի  ռեսուրսը, ըստ Արազ Բաղդասարյանի, տեղեկատվություն փոխանցող հիմնական օղակներից մեկը կլինի: Հոկտեմբերի 11-ին և 12-ին իրազեկում և տոնական ատրիբուտների բաժանում կլինի նաև 20 տեղեկատվական կետերից: Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը նշել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են նաև փողոցների ու շենքերի տոնական ձևավորման աշխատանքները: Կենտրոնական փողոցների էլեկտրասյուներին ամրացվում են ՀՀ, Երևանի և միջոցառման լոգոտիպով 3000-ից ավելի դրոշներ: Թվով 9 կամուրջներ կհագեցվեն դրոշակաբուրգերով: Էրեբունիի և քաղաքի փոքր կենտրոնի մի շարք փողոցներ ձևավորված կլինեն գիշերային տոնական լույսերով: Տոնին համահունչ բաղադրիչներ կկրեն նաև վերամբարձ կռունկները: Կարապի լճի հարևանությամբ գտնվող Տերյան 42 շենքը կձևավորվի եռաչափ նկարով: Արազ Բաղդասարյանը դիմել է Երևանի բնակիչներին ու մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին` հորդորելով նպաստել քաղաքի տոնական ձևավորման աշխատանքներին`հավելելով, որ իրենց բնակարանների կամ կազմակերպությունների լավագույն ձևավորողները կարժանանան Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանդիպում ՊՆ-ում

12013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:

Պարոն Դ.Տոնոյանը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթեց արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականցնելու ընթացքում:

Մադոննան խոստովանել է, որ իրեն բռնաբարել են

մադոնաԱմերիկյան երգչուհի Մադոննան Harper’s Bazaar  տաբլոիդում  հրապարակել է անկեղծ  ինքնակենսագրական էսսե : Համաշխարհային  երգչուհին պատմում է իր կարիերայի առաջին տարիների մասին, որոնք, մեղմ ասած,  նրա կյանքի ամենապայծառ էջերը չէին: Մասնավորապես, աստղը պատմել է, թե իրեն ինչպես են բռնաբարել: 

Երգչուհին իր պատմությունը սկսում է դպրոցական տարիներից: Դժվար է հավատալ, որ մի քանի սերունդների համար սեքս սիմվոլ համարվող կինը պատանի հասակում չի փայլել գեղեցկությամբ: Լուիզա Չեկոնեն, որ հետագայում հայտնի դարձավ Մադոննա կեղծանվամբ, պրակտիկորեն ընկերներ չի ունեցել: Նրան նյարդայնացրել են իր հասակակիցները, որոնք  ծխել են մարիխուանա և խմել են գարեջուր, գրում է դերասանուհին:

“Այդպես էին իրենց պահում բոլորը, և ինձ համար հետաքրքիր չէր լինել բոլորի նման: Ես չէի սափրում թևատակերս  և հագնվում էի ռուս գեղջկուհու նման, կրում էի գլխաշոր և հագնում երկար զգեստներ: Երբ ակտիվ հասարակական կյանք չես վարում, ավելի շատ  ժամանակ ես ունենում  մտածել ապագայի մասին: Այդ ժամանակ ես որոշեցի լքել Միչիգանը և ուղևորվել Նյու Յորք, որպեսզի այնտեղ իսկական դերասանուհի դառնամ”:-գրում է Մադոննան:

Ապագա աստղին այնտեղ գրկաբաց չեն ընդունում և նա ստիպված է լինում տեղավորվել շատ փոքրիկ բնակարանում ու   տարբեր ոչ արհեստավարժ աշխատանքներ կատարել:

“Իմ բնակարանը մի քանի անգամ թալանել են, ավելի ճիշտ` երեք անգամ: Տարօրինակ է, որ երբ առաջին անգամ տարան ռադիոընդունիչը, ես այլևս ոչ մի արժեքավոր բան  չունեի: Բայց դա դեռ ամենը չէ: Մի անգամ ատրճանակի սպառնալիքով   ինձնից խլեցին իմ բոլոր փողերը: Դրանից քիչ անց դանակով զինված տղամարդը ինձ քարշ տվեց կտուր և բռնաբարեց”,-խոստովանում է Մադոննան:

Նա նաև պատմել է, որ ապրելու համար ստիպված է եղել բնորդուհի աշխատել: “Մարդիկ նայում էին իմ մերկ մարմնին, ես էլ իրենց էի նայում”,-գրում է երգչուհին:

1995 թ. Մադոննան արդեն պատմել էր իր կենսագրության այդ տհաճ դիպվածների մասին, սակայն մինչ վերջերս նա  գերադասում էր չհիշել դրանց մասին:

Մեկնարկել է «Կինոաշուն»-ը

kiniasssssԳյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում  հոկտեմբերի 5-ին մեկնարկեց «ԿԻՆՈԱՇՆԱՆ» պաշտոնական բացումը, որը համընկավ ամենամյա Ուսուցչի տոնի հետ: Կինոթատրոնի ճեմասրահում կինոյի ու դպրոցի մարդիկ շնորհավորեցին իրար ու վերստին հաստատեցին, որ արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին այսօր իրապես հաղթահարել է վերջին տարիներին իրեն բաժին հասած դժվարությունները և գյումրեցիներին հատուկ լավատեսության ու աշխատասիրության շնորհիվ արձանագրել բազում ձեռքբերումներ:

Հյուրընկալ տանտերերը կինոդահլիճում ավանդական կինոտոնը վերածեցին հաճելի ու ջերմ հիշողությունների, եղած ու չեղած, իրական ու անիրական պատմությունների հուշ-երեկոյի: Իրենց հատուկ հումորով պատմեցին կինոյի ու դպրոցի հայտնի մարդկանց` կինոյում առաջին ժամադրությունների, դպրոցական առաջին սիրո ու այն մասին, թե ինչպես գյումրեցի տղաները երեք անգամ նույն ֆիլմը դիտելուց հետո նոր էին միայն իրենց հավանած աղջկան հրավիրում կինո, որ ճիշտ երաժշտության ու ընտրված կադրի ներքո համբուրվեն: Իսկ երեկոն ավելի ջերմացավ, երբ «Կինոաշունը» ներկայացրեց Գյումրու մասին վավերագրական նյութերից  պատրաստված տեսաֆիլմը: Դահլիճի այս ու այն ծայրից լսվում էր. «Ըսիգ Արտուշն է, ծո տեսար ինոր…»: Ու այսպես կինոտոնը հայկական հին ու նոր ֆիլմերով ու ջերմ մթնոլորտում սկսեց իր հանդիսավոր կինոերթը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք դարձած Գյումրուց:

Կինոկենտրոնի մամլո քարտուղար

 Ռուզան Բագրատունյան

Ինչից է դժգոհ Վլադիմիր Կլիչկոն իր տարած հաղթանակից հետո

221335451381137879Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ գերծանրքաշային ուկրաինացի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Մոսկվայում հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին:

IBF, IBO, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնը պարզաբանել է, որ այնքան էլ հեշտ չի եղել առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

«Կարծում եմ,  արժանի հաղթանակ եմ տարել, բայց գտնում եմ, որ կարող էի ավելի լավ դրսևորել  ինձ: Մրցամարտ էի անցկացնում մի բռնցքամարտիկի հետ, որը ոչ մի կերպ չէր ցանկանում անձնատուր լինել: Պովետկինի համար դա շատ կարևոր հանդիպում էր, թերևս, ամենակարևորը` իր մարզական ամբողջ կենսագրության ընթացքում: Չնայած շատ ուժեղ հարվածներին, նա կարողացավ մինչև վերջ կանգնած մնալ ոտքերի վրա: Նույնիսկ մրցամարտի վերջում հակառակորդս փորձում էր հարվածներ հասցնել: Մի փոքր հիասթափված եմ, որ չկարողացա հաղթել նոկաուտով: Չնայած շատ մոտ էի, բայց այդպես էլ չկարողացա նոկաուտի ենթարկել նրան»,- պարզաբանել է Կլիչկոն:

Ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին գովազդի արդիականացման ծրագրի շրջանակում ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին քաղաքապետին զեկուցել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է 59 գովազդային վահանակ: Աշխատանքների երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 4-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար իրազեկել դրանց ընթացքի մասին:

Մայրաքաղաքի կանաչապատման ծավալների ընդլայնմանն ուղղված ծրագրերի հետ կապված՝ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոյեմբերի 1-ից մեկնարկող ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սահմանված սկզբունքի համաձայն՝  ծառատունկն իրականացվելու է բացառապես ոռոգելի տարածքներում:

«Երևանի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով ամեն տարի շուրջ 20 կմ ոռոգման նոր ցանց է անցկացվում: Տարիներ շարունակ հենց ցանցի բացակայության պատճառով է ծառերի կպչողականությունը եղել ցածր: 2014 թվականի բյուջեում ևս նախատեսում ենք ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքներ: Ծառատունկ պետք է իրականացնել բոլոր այն տարածքներում, որոնք այսօր արդեն ապահովված են ոռոգման ցանցով: Պետք է նաև հետևողական աշխատանք տանել  ծառերի կպչողականության բարձր ցուցանիշ ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել 2014 թվականին ծաղկային տարածքների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Մայրաքաղաքում շարունակվող փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքներին անդրադառնալով՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ են  իրականացվել 65 փողոցում: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու դրանք կազմակերպել երեք հերթափոխով:

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ շարունակվում է իրականացվել համապատասխան իրազեկում, սակայն երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մինչ օրս մասնակցության որևէ հայտ չի ստացվել: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերի 9-ը, մինչև ժամը 18:00-ն:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ըստ վարչական շրջանների և ըստ ոլորտների կազմվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը:

Մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ գրադարանավարի օրվա կապակցությամբ, տոնին ընդառաջ, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպվել է միջոցառում՝ մայրաքաղաքի բոլոր գրադարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քաղաքապետի անունից շնորհավորանքներ են փոխանցվել բոլոր գրադարանավարներին, իսկ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար որոշ գրադարանավարներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեր ֆուտբոլիստները դրսում

ffa5Հետաքրքիր է, թե մեր ֆուտբոլիստներն ինչպես են հանդես գալիս դրսում:

Աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով «Իրտիշի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «ԲԿՄԱ»-«Դինամո» Մոսկվա՝ 0:2, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Ֆաջր Սեփասի»-«Զոբ ահան»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտեբե»-«Իրտիշ»՝ 3:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Լեխիա»՝4:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ռուբին»-«Անժի»՝ 5:1,  չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Օրդաբասի»՝ 3:0, չի մասնակցել հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Բորուսիա Դորտմունդ»՝2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին:

Արթուր Եդիգարյան, «Աստանա»-«Կայրաթ»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Թերեք»՝0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Մարկոս Պիզելի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Կրասնոդար»՝ 0:2, չի մասնակցել հանդիպմանը:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Թերեք»՝0:0, մասնակցել է հանդիպմանը:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Կրասնոդար»՝0:2 փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին:

Մայրաքաղաքը շարունակում է պատրաստվել «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը

001«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ տոնական Երևանի հրապարակները, գլխավոր պողոտաներն ու փողոցները երևանցիներին ու մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան ինքնատիպ լուսավորությամբ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում շարունակվում է 2795-ամյակը խորհրդնշող ցուցապաստառների և դրոշների տեղադրման աշխատանքները:  Բացի այդ, սահմանված ժամանակացույցի համաձայն է ընթանում նաև շուրջ 30 տոնական բեմերի տեղադրման ու կահավորման գործընթացը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքն ու պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

ՏՄՊՊՀ պարզել է, որ “Էկոլոգիապես մաքուր արտադրանք”, “Բիո”, “ԷԿՈ”, “Օրգանական” անվանումները բլեֆ են

ՏՄՊՊՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություններ է անցկացրել “Էկոլոգիապես մաքուր արտադրանք”, “Բիո”, “ԷԿՈ”, “Օրգանական” եւ նման անվանումներով այլ մթերքների արտադրության գործընթացում:
Խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես, հացի, հրուշակեղենի, մեղրի, պահածոների, ձավարեղենի եւ այլ շուկաներում:
Համաձայն օրենսդրության, արտադրանքի մակնանշման մեջ, ինչպես նաեւ գովազդում կարող են նշվել “օրգանական”, “էկոլոգիապես մաքուր” կամ “բիոլոգիական” անունները, եթե դրանք համապատասխան սերտիֆիկացում ստացած արտադրանք են: Սակայն ի պատասխան հանձնաժողովի պահանջի, վերոհիշյալ ընկերություններից որեւէ մեկը հավաստման նման փաստաթուղթ չի ներկայացրել:
էկոՀանձնաժողովը հիշեցնում է, որ ձեռնակարտաիրական ցանկացած գործողություն, որը մոլորեցնում է սպառողին, համարվում է անբարեխիղճ արտադրող: Տնտեսվարողները երեւույթը բացատրում են օրենսդրական պահանջների չիմացությամբ: Իսկ հանձանժողովն, իր հերթին՝ այսպես ասած՝ բարեխիղճ վերաբերմունք կցուցաբերի:
“Սա թյուրիմացության արդյունք է, այլ ոչ թե չարամտություն, այդ իսկ պատճառով հանձնաժողովը որոշեց մեղմ մոտենալ, մասնավորպես, ֆինասնական տուգանքներ չկիրառել: Հանձնաժողովը որոշեց բվավարարվել միայն նախազգուշացում տալով, պայմանով, որ տնտեսվարողերը կվերացնեն խատումները, քանի որ մեր նպատակը խախտումների վերացումն է, այլ ոչ թե տնտեսվարողներին ֆինասական վնաս պատճառելը”,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շահբազյանը։

Ի՞նչ չափանիշներով են դասակարգվում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները

1331208900_zvartnotsՀայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում աշխարհին ներկայանալու լավագույն այցեքարտերից մեկը եղել ու մնում են դարերից եկած անխոս վկաները` պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք կարևորության շնորհիվ գտնվում են պետության հատուկ ուշադրության կենտրոնում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի (ընդունված 1998 թ. նոյեմբերի 11-ին) 1-ին հոդվածում տրվում է դրանց սահմանումը. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ (այսուհետ` հուշարձաններ) են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից»:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:

Իսկ ահա նույն օրենքի 6-րդ հոդվածում դասակարգվում են այդ հուշարձանները: Այսպես, հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:

Հանրապետական նշանակության կարգն են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:

Տեղական նշանակության կարգն են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:

Հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Հուշարձանները դասակարգվում են նաև ըստ բնույթի`

ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր,

բ) պատմական` պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ,

գ) քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ,

դ) մոնումենտալ արվեստի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Վճռորոշ էր մրցաշարի վերջին օրը

1161Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտված Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի հաղթող դարձավ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը: Վանաձորցիներն առավելության  հասան բոլոր մրցակիցների նկատմամբ և վաստակած 10 միավորով արժանիորեն գրավեցին առաջին տեղը:
Փաստորեն, չեմպիոնը որոշվեց մրցաշարի վերջին օրը: Մինչ այդ, իրենց բոլոր հանդիպումները հաղթանակով էին ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հավաքականները, որոնք էլ վճռական խաղում ուժերը չափեցին միմյանց հետ:

Վանաձորցիները հանդիպումն իրենց օգտին գրանցեցին 36:29 (17:11) հաշվով և ճանաչվեցին ուժեղագույն: Թիմի մարզիչն է Արման Բարսեղյանը: 8 միավորով Երևանի ՊԻ-ի հավաքականը (մարզիչ` Արմինե Անտոնյան) բավարարվեց 2-րդ տեղով:
Ի դեպ, 3-րդ մրցանակակրի հարցը նույնպես որոշվեց մրցաշարի վերջին օրը: Երևանի պետական համալսարանի թիմը սկզբունքային խաղում 19:17 հաշվով առավելության հասավ Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչների նկատմամբ: Հանդիպումը լարված բնույթ կրեց: Առաջին խաղակեսն ավարտվեց 9:9 հաշվով:
Այսպիսով, նախորդ խաղերի հաղթող ԵՊՀ հավաքականն այս անգամ բավարարվեց  3-րդ տեղով` 6 միավոր: Ապա հաջորդեցին Արցախի պետական համալսարանի (4 միավոր), Երևանի  Ժողտնտեսության ինստիտուտի (2), Ագրարային համալսարանի (0) հավաքականները:

Վերջում, հանդիսավոր պայմաններում արժանավորները պարգևատրվեցին: Հաղթող թիմը ստացավ գավաթ: Մրցանակակիր երեք հավաքականների խաղացողներին հանձնվեցին մեդալներ և պատվոգրեր:

Բաց նամակ կոմպոզիտորների միության համագումարին ընդառաջ

կոմպոզիտորներԵրիտասարդ կոմպոզիտորներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միությունում (ՀԿԵՄ) արդեն տարիներ շարունակվող անհուսալի իրավիճակի կապակցությամբ: Մեզ անհանգստացնում է փաստը, որ արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009 թվականին,անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն՝ գրեթե հինգ տարի ՀԿԵՄը ղեկավարվում է ինքնիշխան, ինչի պարզ հետևանքն են ներկայիս խնդիրները:

Վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականության արդյունքում մի շարք երիտասարդ կոմպոզիտորներ անիմաստ են համարում անդամագրվել ՀԿԵՄ-ին, քանզի այն զրկված է ժամանակակից հայացքներից, կրեատիվ նախաձեռնություններից և չունի գործող իրավաբանական համակարգ: Մինչդեռ կոմպոզիտորներից շատերն արդեն տարիներ  շարունակ ապրում և ստեղծագործում են արտերկում՝ առնչվելով և համագործակցելով տարբեր  ստեղծագործական կառույցների հետ: Նրանց համոզումն է,  որ ներկայիս Միության գործելակերպը խիստ անհեռանկարային է նոր զարգացումների ասպարեզում, ինչն անմիջականորեն կապված է ներկայիս ղեկավարության հետ:

Առկա է նաև Դիլիջանի ստեղծագործական տունը իր հիմնադրի՝ Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչության հարցը: Միության նախագահը գրեթե մեկ տարի առաջ նշել էր, որ որոշում կայացնելու համար հարկավոր է ընդամենը ժողով կազմակերպել, ինչը փաստորեն նրա համար մինչ այսօր անհնար եղավ: Հարց է ծագում՝ եթե միության անդամների մեծ մասն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, և եթե հայտնի է, որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ հրավիրվել է ՀԿԵՄ «վարչության» նիստ, ապա ո՞րն է պատճառը, որ անվանակոչման հարցը դեռևս լուծում չի ստանում:

Միության ներքո կազմակերպվող սակավաթիվ համերգները վաղուց արդեն անհետաքրքիր են և դարձել են ինքնանպատակ: Միությունը գրեթե անգործության է մատնված և այդ պատճառով էլ կորցրել է իր դերը մշակութային կյանքում: Ավելորդ է ասել, որ նոր տեխնոլոգիաններն այս կառույցին ամբողջովին անհաղորդ են մնում: Ցավոք պետք է նշել, որ չեն օգտագործվում նաև Միության եղած միջոցները` կոմպոզիտորների միության շենքն իր երգեհոնային դահլիճով, Դիլիջանի ստեղծագործական տունը և այլն, որոնք  կարելի էր ծառայեցնել մի շարք հրաշալի ծրագրերի, ինչը երիտասարդները դժվարությամբ փորձում են անհատապե՛ս կյանքի կոչել:

Հաշվի առնելով այս և այլ հանգամանքները՝ գտնում ենք, որ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն, և կոչ ենք անում Միության անդամներին Համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին: Հակառակ դեպքում սերնդափոխության հարցը կշարունակվի մնալ արդիական, ինչով և ՀԿԵՄ-ի գործունեությունն ապագայում վերջնականապես կիմաստազրկվի:

 

Արամ Հովհաննիսյան, Ժնև (Շվեյցարիա)
Վահրամ Սարգսյան, Մոնրեալ (Կանադա)
Աննա Հակոբջանյան, Վանաձոր
Արման Ղուշչյան, Մոսկվա (Ռուսաստան)
Արթուր Աքշելյան,Ժնև (Շվեյցարիա)
Հովիկ Սարդարյան, Երևան
Դավիթ Սաթյան,Լոնդոն (Անգլիա)
Ժիրայր Շահրիմանյան, Երևան
Գևորգ Բադալյան, Երևան
Ռուբեն Աբրահամյան, Մոնրեալ (Կանադա)
Անդրանիկ Ֆատալյան, Քյոլն (Գերմանիա)
Էռնեստ Դուլգարյան, Երևան
Արսեն Բաբաջանյան, Մյունխեն (Գերմանիա)
Քաջիկ Գրիգորյան, Երևան
Հեղինե Սարգսյան, Արտաշատ
Սերգեյ Ումրոյան, Գյումրի
Դավիթ Պիվազյան,Երևան
Շուշան Սարգսյան, Կիև (Ուկրաինա)
Բելա Հովհաննիսյան, Գյումրի
Անդրանիկ Բերբերյան, Երևան
Ռուբեն Անտոնյան, Երևան
Գևորգ Դարբինյան,Համբուրգ (Գերմանիա)
Մանե Հովհաննիսյան, Երևան
Անժելա Ստեփանյան, Երևան
Աննա Զաքարյան, Երևան
Արթուր Հարությունյան,Երևան
Գոռ Հովհաննիսյան, Երևան

 

«Ուր է ոստիկանը» գոռացած ոչ սթափ վիճակով քաղաքացուն բերման են ենթարկել

Ոստիկանություն3Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերել Վահագն Մ.-ին, որը ժամը 02.20-ի սահմաններում մոտենալով Երևանի քաղաքապետարանի դիմացի աստիճաններին՝ գոռացել է, թե «ուր է ոստիկանը» (այն դեպքում, երբ քաղաքապետարանի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանները կանգնած են եղել հենց աստիճանների ներքևի հատվածում)։
Ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել են Վահագն Մ.-ին՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նա բղավում և աղմկում։ Պարզելով, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ է՝ ոստիկանները նախ փորձել են հանգստացնել նրան, կարգի հրավիրել, հետո էլ առաջարկել են իրենց օգնությունը, սակայն Վահագն Մ.-ն շարունակել է գոռգոռալ, ցավագին է ընդունել ոստիկանների դիտողությունները, անհարգալից վերաբերմունք դրսևորել։
Ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Վահագն Մ.-ն բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջների հատկանիշներով իրավախախտում կատարելու համար՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 259-261-րդ, 264-րդ հոդվածների իրավական հիմքով, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ, ինչպես և բացատրություն վերցնելու մասին արձանագրություն։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վահագն Մ.-ն ենթարկվել Է նաև անձի սթափության վիճակի զննության, որի արդյունքում՝ նրա մոտ արձանագրվել Է ոչ սթափ վիճակ։