Հայկական քթի ոդիսականը և լեհահայերի հարստությունը

Երբևէ մտածե՞լ եք, թե Հայաստանից  դուրս` օտար երկրում, ինչպես պետք է կարողանաք արտաքինով տարբերել հային: Առաջինը, որ մտքով անցնում է, հայկական քիթն է: Ու չնայած ինքս հայկական քիթ չունեմ, ես էլ էի փորձում հայերին իրենց քթով  տարբերել:

Հայկական քթերի փնտրտուքը, որն այդպես էլ հաջողությամբ չպսակվեց

պատարագՊատկերացրեք մե~ծ եղեկեցի` լեցուն մի քանի հարյուր հավատացյալներով, որոնք լսում են կիրակնօրյա ժամերգությունը, և ես, որ շարքից շարք եմ անցնում ու հերթով զննում եմ  պատարագը լսողների դեմքերը, մասնավորապես` քթերը:

Հարցուփորձով պարզեցի, որ հայկական համայնքը կիրակի օրը հավաքվելու է պատարագի Բոլոր սրբերի եկեղեցում:

Սրտի թրթիռով բացեցի եկեղեցու մեծ դուռն ու ներս մտա` չիմանալով, թե ներսում ինչ կգտնեմ:

Երբ ներս մտա` պատարագն արդեն սկսվել էր: Եկեղեցում մոտ 2-3  հարյուր, գուցե և ավելի մարդ էր հավաքված: Մի մասը նստած, մյուս մասը կանգնած հոգևորականին էին լսում: Վերջինս խոսում էր լեհերեն, ժամերգությունն էլ էր լեհերեն: Այստեղ հիասթափության առաջին հարվածը զգացի. եթե դա էր հայերի համար պատարագը, ապա այդտեղ հայկական ոչինչ չկար: Սկսեցի շարքից շարք անցնել և ուսումնասիրել  մարդկանց արտաքինը. շեկ մազեր, սուր ու փոքրիկ քիթ, կապտականաչավուն աչքեր: Հուսահատված մտածեցի, որ եկեղեցում հայեր չկան, երբ պատահաբար նկատեցի մի աղջկա, որ հայկական քիթ ուներ ու արտաքուստ էլ լեհի նման չէր: Պարզվեց, որ նա  ևս լեհ է, անունն էլ Ագնեշկա: Նա եկեղեցականից իմացավ, որ հայերի համար պատարագն այլ սրահում է անցկացվում:

Երբ աստիճաններով իջնում էի նկուղային հարկը, որտեղից հայերեն շարականի ձայներ էին լսվում, նորից հուզվեցի ու մոռացա մինչ այդ ապրած հիասթափությունս. վերջապես գտել եմ հայերին: Սակայն տեսածս սառը ցնցուղ էր ինձ համար. ակնկալիքներս ու իրականությունը միմյանց չէին համապատասխանում:

Երբ հայկական աղբյուրներն ես նայում, տեղեկանում ես, որ Լեհաստանում շուրջ 80 հազար ծագումով հայ կա, խոշոր ու հզոր հայկական համայնք ունենք: Նման  տեղեկատվության ֆոնին ակնկալում ես  գոնե մի քանի տասնյակ մարդու գտնել եկեղեցում: Ժամերգությանը, սակայն, ներկա էր ընդամենը 13 մարդ: Ավելի ուշ, երբ հարցնում եմ, թե սովորաբար պատարագին քանի մարդ է մասնակցում, հումորով պատասխանում են. «Այնքան մարդ, որքան հիմա ենք, չհաշված ձեզ»:

Ըստ Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխի` Լեհաստանում առավելագույնը 10 հազար հայ է բնակվում. «Հայկական ծագմամբ մարդիկ շատ կան, սակայն նրանցից քչերն են ընդունում իրենց հայկական արմատները, առավել քիչ մասն է, որ նաև ընդգրկված է որևէ հայկական կազմակերպությունում»: 2011-ի մարդահամարի տվյալներով` Լեհաստանում շուրջ 3 հազար հայ է բնակվում, որոնցից հազարն իրենց համարում են և՛ լեհ, և՛ հայ:

Հաջորդ հարվածն աղոթագիրքն էր. մի քանի րոպե կորցրել էի խոսելու, մտածելու, շարժվելու ունակությունը,  երբ բացեցի ինձ հանձնած աղոթագիրքն ու մեսրոպյան տառերի փոխարեն գտա լեհերեն տառերով և հայերեն բառերով գրվածքներ` կողքին լեհերեն թարգմանությամբ:

Քիչ անց պարզվեց, որ սրահում որևէ մեկը հայերեն չի խոսում, բացառությամբ լեհ քահանայի:

Հայերի հետ անգլերենով և ռուսերենով, լեհի հետ` հայերենով

համայնք

Վարշավայում հայկական համայնքի ներկայացուցիչները

Հայր Ռաֆայել վարդապետ Կռաֆշիկը հայկական ծագում չունի, լեհ է: Ասում է, որ հայերի հետ առաջին անգամ ծանոթացել է Ռուսաստանում` Դոնի Ռոստովում: Այդ ժամանակ էլ որոշել է, որ որպես հոգևոր հովիվ պետք է ծառայի  կաթոլիկ հայերին: Հայկական տարբերակով պատարագ անցկացնելու համար երեք անգամ Հայաստան է այցելել: Այդ ընթացքում էլ սովորել է հայերեն խոսել: Հայր Ռաֆայելի հետ խոսում ենք հայերենով: Ասում է, որ չի ուզում հայերենով խոսելու առիթը բաց թողնել,  Լեհաստանում հայերեն խոսող չկա և աստիճանաբար սովորածը մոռանում է:

Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ էլ շփվում ենք ռուսերենով և անգլերենով: Պարզվում է, որ այստեղ բոլորն ընկերներ են, համայնքային հավաքներն էլ կարծես իրար տեսնելու, միմյանց ողջությունն իմանալու առիթ է: Ինձ էլ ջերմ ընդունում են, անգամ հրավիրում   են օրեր անց կայանալիք հավաքին: Հայ լինելու հանգամանքը բավարար է, որ մարդ այստեղ ջերմ ընդունելություն և բարյացկամ ընկերների պոտենցիալ շրջանակ գտնի:

Լեհահայերն ունեն նաև իրենց պարբերականը` «Ավետիսը», որը հրատարակվում է 2009-ից: Երկլեզու պարբերականը եռամսյա է և տարածվում է անվճար: 2012-ին պարբերականը  Սփյուռքի նախարարության պատվոգրի է արժանացել  Հայրենիք-Սփյուռք գործակցության, հայապահպանության հիմնախնդիրների, Սփյուռքում ծավալվող իրադարձությունների լուսաբանման և վերլուծության, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների ներկայացման ու տարածման համար:

Հայերն ունեն նաև մի քանի շաբաթօրյա դպրոցներ, որոնցից մեկը` Վարշավայում: Դպրոցների գործունեությունը ֆինանսավորում է լեհական կառավարությունը: 2012-ի տվյալներով` Վարշավայի հայկական դպրոցում սովորում է 25 աշակերտ (ցավոք, ժամանակի սղության պատճառով հայկական դպրոցում լինել չհասցրեցինք):

Լեհահայերի հարստությունը` ապահով ձեռքերում

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը ցույց է տալիս ջրից քայքայված գրքի փրկված էջերը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը ցույց է տալիս ջրից քայքայված գրքի փրկված էջերը

Լեհաստանում հայկական համայնքի կյանքը կազմակերպում և ժառանգությունն է պահպանում  Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամը, որը ստեղծվել է 2006-ին: Կազմակերպության գրասենյակի երեք սենյակներում ամփոփված է լեհահայերի հարստությունը` գրքերը: Սենյակներից մեկում պահպանվում են մինչև XIX դարի գրքերը` շուրջ 500 կտոր, հայերեն, լեհերեն և այլ լեզուներով: Հիմնադրամը գումար է հատկացրել գրքերը կոնսերվացնելու, փչացած մասերը վերականգնելու, պաշտպանիչ ծրարներում ամփոփելու համար: Մյուս սենյակում XIX դարում ստեղծված գրքերն են, իսկ երրորդում` լեհահայերի փաստաթղթերն են, ինչպես, օրինակ` եկեղեցական մատյանները  և այլն:

Արմեն Արտվիխը շրջում է լեհահայերի «մատենադարանում» ու հերթով ներկայացնում գրքերը, թե ինչպես  է յուրաքանչյուրն  իրենց հասել, ինչպես են կարողացել վերականգնել, մասնագետները, որքանով են կարևորել գրքի բովանդակությունը: Զգացվում է, որ անցյալն իր մեջ ամփոփող ամեն իր այստեղ գնահատված է ու ապահով ձեռքերում:

Այն հարցին, թե ինչ է նշանակում հայ լինել Լեհաստանում, Արտվիխը պատասխանում է. «Կարծում եմ, որ հայ լինելը բոլորովին չի խանգարում լեհ լինելուն և Լեհաստանի լավ քաղաքացի լինելուն: Նախ` նշանակում է հիշել իր արմատների մասին և երկրորդ` անել ինչ-որ բան Լեհաստանում հայկական մշակույթի պահպանության համար»:

Ձուլվե՞լ, թե՞ չձուլվել. սա է խնդիրը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը ներկայացնում է գրքի պատմությունն ու  նշանակությունը

Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը ներկայացնում է գրքի պատմությունն ու նշանակությունը

Խոսելով Լեհաստանում հայկական համայնքի կազմավորման մասին` Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչն ասում է, որ  լեհահայերը երեք խմբի են բաժանվում` հայեր, որոնք Լեհաստանում են հաստատվել XIII դարից սկսած. նրանք դեռ այն ժամանակ կորցրել էին  իրենց լեզուն: XVII դարից սկսած` այստեղ հաստատվում են հայախոս հայեր, որոնց մի մասը մինչև Երկրորդ աշխարհամարտը դեռ խոսում էր արևմտահայերենով: Երրորդ խումբը 1988-ից և հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո Լեհաստանում հաստատված հայերն են:

«Այս խմբերի հետաքրքրությունները տարբեր են: Առաջին երկու խմբերն այստեղ են ապրում վաղուց, ունեն Լեհաստանի քաղաքացիություն, իրենց Լեհաստանի քաղաքացի են զգում. լեհեր են, որոնք հպարտանում են իրենց հայկական ծագումով,- բացատրում է հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը:- Երրորդ խումբը  բոլորովին այլ խնդիրներ ունի, նրանք ևս միասեռ չեն, կան մարդիկ, որոնք Լեհաստան են գալիս, բայց Լեհաստանը վերջնակետը չէ, այլ ընդամենը կանգառ Արևմտյան Եվրոպա տանող ճանապարհին: Կան մարդիկ, որոնք Լեհաստանում են ապրում, բայց  վաստակած գումարը Հայաստան են ուղարկում:  Կան մարդիկ, որոնք հաստատվել են Լեհաստանում, ուզում են, որ իրենց երեխաներն այստեղ դպրոց գնան, այստեղ ապրեն»:

Այն հարցին, թե արդյոք շփվու՞մ են «նոր» հայերի հետ, Աբգարովիչը պատասխանում է, որ իրենք բաց են բոլոր ցանկացողների համար:

Հայկական համայնքի, մասնավորապես «նոր» հայերի ապագայի հարցում Արտվիխը և Աբգարովիչը մի փոքր տարակարծիք են: Արտվիխի խոսքով` ամեն քաղաքում գոնե մեկ հայ ընտանիք կա, մինչդեռ ամեն տեղ չէ, որ կա հայկական դպրոց, եկեղեցի, շատ են խառնամուսնությունները, ուստի մեկ-երկու սերունդ հետո ձուլման վտանգը մեծ կլինի:
Մինչդեռ Աբգարովիչը կարծում է, որ երբ «նոր» հայերն էլ տնտեսական առումով բարեկեցության հասնեն, կսկսեն մտածել մշակութայինի, իրենց արմատների մասին, ինչպես «հին» հայերի դեպքում է եղել:

 

 

Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը ժամանել է Բաքու

ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Ադրբեջան, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

Կարճատև այցով հոկտեմբերի 20-ին Բաքու ժամանած համանախագահը հանդիպում է ունենալու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, նոյեմբերի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ջանքերը շարունակելու նպատակով։ Նրանք կազմակերպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։

Ինչու մենք ոչինչ չգիտենք քաղցկեղը բուժող մրգի մասին

1378233_556725517733980_1146125930_nԳուանաբանան կամ գրավիոլա ծառի պտուղ. այսպես է կոչվում միրգը, որը քաղցկեղ է բուժում  և որի ազդեցությունը 10 000 անգամ հզոր է քիմիաթերապիայից: Դա հրաշք է, որը սպանում է քաղցկեղային բջիջները: Ինչու մենք դրա մասին չգիտենք, որովհետև կան կազմակերպություններ, որոնք շահագրգռված են դրա սինթետիկ տարբերակը գտնելու մեջ, ինչը թույլ կտա  հսկայական գումարներ դիզել:

Այս մասին հրապարակումներ են հայտնվել ռուսական մի շարք բլոգներում (օր.` lenalav.ru, brenik.livejournal.com): Դժվար է անվերապահորեն հավատալ հրապարակման մեջ արված հայտարարություններին, բայց  ամեն դեպքում «Անկախ»-ը նյութը մասնակի թարգմանությամբ ներկայացնում է:

Բրազիլիայում  միրգն  հայտնի է Graviola անունով,  Լատինական Ամերիկայում այն Guanábana են անվանում : Պտուղները խոշոր են, սպիտակ պտղամսով, քաղցր, օգտագործվում են հում վիճակում սննդի մեջ, քաղցրավենիք ու ըմպելիքներ պատրաստելու համար:

Այս բույսի պտուղների ազդեցությունը փորձված է: Ոմանք համոզված պնդում են, որ այն բարերար է ազդում քաղցկեղի բոլոր տեսակների բուժման ժամանակ: Կարծիք կա , որ այն լայն սպեկտրի հակաբիոտիկ, հակասնկային ու  հակամակաբույծ  ազդեցություն ունի, կարգավորում է արյան ճնշումը, օգնում սթրեսների ու նյարդային խանգարումների դեպքում: Այս տեղեկության աղբյուրը դեղագործական խոշորագույն ընկերություն է: 1970-ին ավելի քան 20 լաբորատոր թեստ է անցկացվել, որոնք ցույց են տվել, որ պտղի ոգեթուրմը սպանում է 12 տեսակ չարորակ քաղցկեղի  բջիջները, այդ թվում` հաստ աղիքի, կաթնագեղձի, շագանակագեղձի, թոքերի ու ենթաստամոքսագեղձի… Եվ, ինչպես մասնագետներն են հավատացնում, գրավիոլայի էքստրակտով թերապիան ոչնչացնում է միայն քաղցկեղային բջիջները:

Բժշկական գիտությունների ինստիտուտ, L.L.C. 819 Н. Charles Street Baltimore, MD 1201

Մեքսիկայում տագնապ է հայտարարված

o_697266Մեքսիկայում տագնապ է հայտարարված ափերին մոտեցող “Ռեյմոնդ” փոթորկի պատճառով: Այն վտանգի   առաջին աստիճանի է հասել (միջազգային սանդղակով հինգ հնարավորից):

Փոթորկի պատճառով հորդառատ անձրևներ են ու քամի, որի արագությունը հասնում է 120 կմ/ժամի:”Ռեյմոնդը” ջրհեղեղի պատճառ կարող է դառնալ, դրա համար էլ բնակչության տարհանում է կատարվում երկրի այն շրջաններից, որոնք կհայտնվեն փոթորկի գոտում:  Հատուկ միջոցներ են ձեռք առնվում Հերերո նահանգում, որը դեռևս  սեպտեմբերին պատուհասած “Մանուել” փոթորկի հետևանքներից ուշքի չի եկել: “Ռեյմոնդի” էպիկենտրոնը գտնվում է  Մեքսիկայի արևմտյան ափին գտնվող Սիուանտանեխո քաղաքից 215 կմ հարավ:

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը

Տիգրան Սարգսյան, տնտեսագիտական միության համաժողովԵրևանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ տարետացրի այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ընդլայնվում մասնակիցների շրջանակները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման համաժողովները պետք է նպաստեն տնտեսագիտական մտքի զարգացմանը, երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնեն տնտեսագիտական հետազոտությունների նկատմամբ: «Մենք պարտավոր ենք Երևանի պետական համալսարանում ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի մարդիկ մոտիվացվեն՝ հետազոտություններով զբաղվելու համար: Ամենայն ուշադրությամբ պետք է հետևենք այդ հետազոտություններին և հնարավորինս օգտագործենք այն հիմնական գաղափարները, որ Հայկական տնտեսագիտական միությունը կներկայացնի մեզ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ ժամանակակից ճգնաժամային աշխարհը լրացուցիչ բարդություններ է ստեղծել տնտեսագետների համար, միևնույն ժամանակ վերջիններիս աշխատանքը դարձրել հետաքրքիր: «Եթե հետևենք Նոբելյան մրցանակներին, որոնք տրվում են տնտեսագիտության ոլորտում, կտեսնենք այն արդիական թեմաները, որոնք հետաքրքրւմ են տնտեսագետներին: Ակնհայտ է, որ բազմաթիվ օրինաչափություններ, որ դասական տնտեսագիտությունը մեզ տալիս էր, շատ հաճախ չեն դրսևորվում: Դրանք փոխարինվում են այլ օրինաչափություններով, միաժամանակ ստիպելով տնտեսագետներին սերտորեն համագործակցել այլ մասնագիտությունների՝ սոցոլոգիայի, հոգեբանության մասնագետների հետ: Այդ ամենը ստիպում է մեզ ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակները»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետի դիտարկմամբ՝ այսօր հետադարձ հայացք գցելով վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում դրսևորված սոցիալտնտեսական, ֆինանսական բավականին բարդ գործընթացների վրա, փորձ է արվում հասկանալ, թե ինչ նոր մարտահրավերների առջև կարող ենք կանգնել: «Իհարկե, այդ տեսակետից միջազգային համադրումները, անցումային երկրներում դրսևորվող օրինաչափությունների ուսումնասիրությունները մեզ օգնում են ավելի ճիշտ հասկանալ մեր առանձնահատկությունները և օրինաչափությունները, որոնք այսօր առկա են մեր տնտեսական համակարգում»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ կառավարությունն ուշադրությամբ հետևելու է համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումներին:
Եռօրյա համաժողովին առաջին զեկուցմամբ հանդես է եկել աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աջեմօղլուն:

Բախվել են «ԲՄՎ» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՀոկտեմբերի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանյան խճուղու թիվ 80 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա»:
Կատարվում է քննություն:

Ծառուկյանը հայհոյե՞լ է Արթուր Բաղդասարյանին

231584781382296696

Երեկ երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահին դիմավորողների մեջ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլոք:  Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», Նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ փողոցային ամենավերջին հայհոյանքներով իրար հետ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս Արթուր Բաղդասարյանին հիշեցրել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից գործած «մեղքերը», իսկ Բաղդասարյանը հետ չմնալու համար Գագիկ Ծառուկյանին մատնանշել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո «առյուծից կատու դառնալը»: Բանը հասել է նրան, որ երկուսն էլ սկսել են իրար ամենավերջին հայհոյանքները տալ՝ հիշելով միմյանց մայրերին և կանանց: Դիմավորելու եկած պաշտոնյաները մի քանի րոպե շարունակ չեն կարողացել զսպել երկուսին էլ: Սերժ Սարգսյանին դիմավորելուց հետո Ծառուկյանն ու Բաղդասարյանն արագ նստել են իրենց ավտոմեքենաները և հեռացել:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Asekose.am-ի հետ զրույցում խնդրեց միայն առավոտյան մեկնաբանություն տալ միջադեպի կապակցությամբ: Իսկ ՕԵԿ-ի մամուլի պատասխանատուի հեռախոսն ընդհանրապես անհասանելի է:

Մինչդեռ Top-news.am կայքի ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, իրականում թեժ վեճ կոչվածը տեւել է 1-2 րոպե, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը: «Այսպես կոչված, թեժ վեճի ընթացքում Բաղդասարյանը մեկ բառ անգամ չի արտասանել, իսկ երբ Ծառուկյանը նրան առաջարկել է դուրս գալ եւ առանձին խոսել’ չխանգարելու համար Անվտանգության Խորհրդի անդամներին, վերջինս շտապել է թաքնվել նրանց ետևում», – գրում է կայքը՝ ավելացնելով, որ Ծառուկյանը փորձել է հնարավորինս զսպել իրեն՝ հասկանալով, որ Արթուր Բաղդասարյանին արդեն շատ վաղուց հնարավոր չէ ավելի նվաստացնել․․․:

 

Խոշոր ավտովթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին,մեկ զոհ, վեց վիրավորներից մեկը դերասան Վարդան Պետրոսյանն է

ավտոպատահար,Եղվարդ-Երևան Հոկտոմբերի 20-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 870 ՕԼ 64 և «ԲՄՎ» մակնիշի 04 ՍԼ 920 պետհամարանիշերով ավտոմեքենաները:Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1959 թ. ծնված Վ. Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից` վարորդ` 1965 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր տեղափոխվել են Եղվարդ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վարդան Պետրոսյանինը` ծանր:Մյուս տուժածների ինքնությունը պարզելու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև 1994 թ. ծնված Տ. և 1997 թ. ծնված Է. Հ.-ները, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1997 թ. ծնված Է. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:«Էրեբունի» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նաև 1970 թ. ծնված Հ. Հ.-ը, 1992 թ. ծնված Է. Հ.-ը, որտեղ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Հ. Հ.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, օգնել են ավտոմեքենաները մոտեցնել ավտոքարշակին:

 

Հրդեհ Հալաբյան փողոցում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀոկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.13-ին, մարվել՝ 07.28-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մոսկվայում անհայտ չարագործներն այրել են չորս ավտմեքենա

o_792551Մոսկվայի հյուսիսում հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը անհայտ մարդիկ վառվող հեղուկ են լցրել չորս արտասահմանյան ավտոմեքենաների վրա և վառել:

Դեպքը կատարվել է Վսեվոլոդ Վիշնեվսկու փողոցում, չորս մեքենան էլ կայանել էին մի տան դիմաց: Ավտոմեքենաները եղել են  Mercedes, Toyota, Skoda և Suzuki մակնիշի: Ոստիկանությունը փնտրում է չարագործներին, հաղորդում է”Интерфакс“-ը:

Մոսկվայում կրակել են հայերի վրա` 3 հայ երիտասարդ հոսպիտալացվել է

m20Մոսկվայի հարավ-արևմուտքում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 3 հայ` 19-ամյա Գառնիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21-ամյա ընկեր, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը, հայտնում է galatv-ին` վկայակոչելով  lifenews.ru-ին: Ինչպես հայտնի է դարձել, 20-ամյա դաղստանցի Ազամատ Շամսուևը և 21-ամյա Մուհամեդ Մալիկովը դեպքի վայրից BMW մեքենայով փախուստի են դիմել, սակայն տաք հետքերով ձերբակալվել են: Ազամատ Շամսուևը, չնայած որ ինքնակամ հանձնել է իր անվամբ գրանցված ատրճանակը, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նրա ընկեր Մուհամեդ Մալիկովի հետ այժմ աշխատում են քննչական մարմինները: Կախովկա փողոցի վրա գտնվող «Պրինց» ռեստորանի դիմաց կրակոցների մասին տեղեկություններ է ստացվել առավոտյան ժամը 4-ի սահմաններին: Հաղորդվել է, որ ագրեսիվ տրամադրված երկու խումբ քաղաքացիներ միմյանց վիրավորում և սպառնալիքներ են հնչեցնում: Սակայն միայն սպառնալիքներով գործը չի ավարտվել: Ծեծկռտուքից մի քանի րոպե անց կրակոցներ են հնչել:

Նիդեռլանդներում հրդեհվել է Մատա Հարիի տունը

imagesՆիդեռլանդներում այրվել է այն տունը, որտեղ ծնվել է Մարգարետա Գերտրուդա Զելլեն` բեմական կեղծանունը` Մատա Հարի:

Տունը գտնվում է Լեուվարդենում ու կառուցվել է 1876-ին: Այստեղ որոշ ժամանակ բնակվել է ապագա համաշխարհային ճանաչում ունեցող լրտեսը: 15 տարեկանում զրկվելով մորից ու հորից`  նա մեկնում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է հանրահայտ կեղծանունը` վերածվելով պրոֆեսիոնալ լրտեսության խորհդանիշի: Նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ. 1917-ի փետրվարի 13-ին Հարիին ձերբակալեցին ու 2 օր անց գնդակահարեցին: Նրա մարմինը հանձնվել է թանգարան, սակայն 2000-ին անհայտ չարագործները Մատա Հարիի մարմինն անգլուխ են թողել`  այն գողացել են:

 

Պակասում ենք, ծերանում ու չենք վերարտադրվում

population1«Ժողովրդագրական անվտանգությունը տնտեսական անվտանգության մասն է կազմում և նպատակ ունի նվազեցնել ու վերացնել բնակչության թվաքանակի կառուցվածքի և փոփոխությունների հետ կապված խնդիրները»,-  նշում է տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր զեկույցներից մեկում:

 Երբ նայում ենք ժողովրդագրության համաշխարհային միտումներին, ստացվում է հետևյալ պատկերը. 1650 թ. աշխարհում ապրում էր 500 մլն մարդ, 1990-2004 թթ.` 6.7 մլրդ մարդ: Ըստ կանխատեսումների` 2025 թ. աշխարհում կապրի 8.2 մլրդ մարդ, դրանից 20 տարի անց` 2045 թ.` 9 մլրդ, իսկ XXI դարավերջին` 2095 թ., Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհատի 13 մլրդ-ի սահամանգիծը և կկազմի մոտ 13.7 մլրդ մարդ: Սրան գումարվում են նաև կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի խնդիրները, բնական ռեսուրսների սահմանափակ լինելը և այլն, ու ստացվում է, որ այս դարավերջին լուրջ մարտահրավերներ են սպասում մարդկությանը: Այսինքն` այդքան մարդու սննդի, կացարանի և այլ պահանջների բավարարման համար բնական ռեսուրսները կսկսեն չբավարարել: Նույնիսկ հիմա, երբ Երկրի բնակչությունը 6.7 մլրդ է, արդեն նման խնդիրներ կան, էլ ուր մնաց կրկնակի շատանալու դեպքում:

Այժմ նայենք մեր տարածաշրջանին ու այն կազմավորումներին, որոնց մասն է կազմում նաև Հայաստանը: Ըստ ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի տվյալների` բնակչության անկում են ունեցել միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը, սակայն ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանում: 2007 թ. Հայաստանն ունեցել է 3 մլն 223 հազար բնակչություն, իսկ 2012-ին` 2 մլն 830 հազար:

Սրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, ինչպես, օրինակ` գործազրկության մակարդակը: Ըստ այդմ` 2013 թ. գործազրկությունը Ադրբեջանում եղել է 6.6%, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմել է 7%, Մոլդովայում` 5.1%, Ռուսաստանում` 6.2%, Ղրղզստանում` 8.3%, Տաջիկստանում 7.4%, իսկ Հայաստանում` 16.4%:

Բնակչության աճի տեմպերի վրա շատ գործոններ են ազդում, բայց դրանցից հիմնականները պատերազմները, ժողովրդագրական տեղաշարժերը,  համաճարակներն ու բնական աղետներն են: Սրանց ազդեցությունն ավելի ուժգին է արտահայտվում:

Ըստ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրությունների` բնակչության աճի փոփոխության վրա էական ազդեցություն են ունեցել 1988 թ. Սպիտակի երկրաշարժը, որը խլեց 25 հազար մարդու կյանք, Ղարաբաղյան հակամարտությունը, որի ժամանակ Հայաստանը կորցրեց 5856 զինվոր և 1264 խաղաղ քաղաքացի:

Բայց առավել շատ այդ փոփոխության վրա ազդել են 1994-1999 թթ. տնտեսական ճգնաժամն ու արտագաղթի ներկայիս նոր ալիքը: Ըստ Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրության` 1990-2007 թթ. Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտագաղթել է 1 մլն 200 հազար քաղաքացի:

Ժողովրդագրական այս փոփոխությունների արդյունքում, ինչպես ներկայացնում է Թաթուլ Մանասերյանն իր «ՀՀ ժողովրդագրական սպառնալիքները. պատճառներ և հանգուցալուծումներ» զեկույցում, սպառնում է լեռնային սահմանամերձ գյուղերի ամայացումով, ուրբանիզացիայի մակարդակի փոփոխությամբ, բնակչության ծերացմամբ, ծնելիության ցածր մակարդակով, չկառավարվող և անօրինական արտագաղթով, կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքով և այլն:

Ի՞նչ են նշանակում ժողովրդագրական փոփոխությունները

Փաստորեն, այսօր ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում բավականին մտահոգիչ է, որովհետև բոլոր հիմնական ուղղություններով ու ժողովրդագրական ցուցանիշներով, որոնք են` ծնելիությունը, միգրացիան և մահացությունը կամ ծերացումը, Հայաստանը բավականին բացասական տվյալներ է այս պահին մատուցում: Նշենք, որ  Հայաստանի անկախացումից ի վեր ծնելիությունը մոտ 2 անգամ անկում է ապրել. ծնելիության գործակիցը 2,5-2,6- ից հասել է նրան, որ այսօր վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվարկով 1,5-1,6 երեխա է ծնվում: Այսինքն` 10 զույգերը միասին, որոնք դեռ ի վիճակի են երեխաներ բերել լույս աշխարհ, ունենում են ընդամենը 15 երեխա: Բայց որպեսզի հասարակությունը սովորական վերարտադրողական ֆունկցիան չկորցնի, վերարտադրողականության գործակիցը պետք է լինի 2,1:

Սրան գումարվում են միգրացիոն հոսքերը, մասնավորապես` արտագաղթ կոչվող չարիքը և այլն: Համաձայն ընդունված ցուցանիշների` սահմանային կետերից հավաքված տեղեկությունների, որոնք այսօր միակ պաշտոնական ու հասանելի տեղեկատվությունն են, մենք տարեկան մոտավորապես 35-40 հազար մարդու հաշվարկով բացասական սալտո ունենք:

Շատ լուրջ խնդիր է Հայաստանի ծերացումը: Ըստ այդմ` բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ՄԱԿ-ի ցուցանիշը Հայաստանի վերաբերյալ, ըստ որի` մենք այսօր ունենք 60+ տարիք ունեցող ազգաբնակչության 14,4% ցուցանիշ, և արդեն հատել ենք ծերացած ազգաբնակչության սահմանագիծը:

«Մինչև 13 տոկոսը ծերացող է, իսկ 13 տոկոսից ավելի 60 և ավելի տարիք ունեցող ազգաբնակչություն ունեցող հասարակությունը համարվում է ծերացած: Եվ մի շատ կարևոր բան արժե այս կապակցությամբ ասել, որ 2017 թ. առաջին անգամ մեր ազգաբնակչության բնական հավելաճը դրականից կփոխվի բացասականի»,- տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսինքն` հասարակության մեջ մեծահասակների և երիտասարդների հարաբերակցությունը կփոխվի այնպես, որ մենք արդեն կունենանք բացասական բնական աճ: Իսկ մինչև 2050 թ., ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, Հայաստանում 60-ն անց բնակչությունը կկազմի ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսը:

Ժողովրդագրական այսպիսի վիճակը հետագայում կարող է անդրադառնալ երկրի, պետության բոլոր ոլորտների վրա: Օրինակ` եթե քիչ երեխաներ են ծնվում, բնականաբար, առաջանում է բանակի համար զինվորներ ունենալու խնդիրը, աշխատուժն է քչանում, հետևաբար նաև տնտեսական ակտիվությունն է փոքրանում, երկրի բիզնես միջավայրն է դառնում ոչ գրավիչ, քանի որ շուկան է նվազում, երկրի տնտեսական կառուցվածքն է փոխվում, որովհետև, օրինակ, ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրի համար ավելի կարևոր է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և նման այլ ոլորտները, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է զարկ տան, օրինակ, տրանսպորտային, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտների զարգացմանը: Երիտասարդ բնակչություն ունեցող երկրները աշխատուժի ավելի քիչ խնդիր են ունենում, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է Գերմանիայի օրինակով զարկ տան մեծահասակների կրթության ծրագրերին, որպեսզի մարդիկ մեծ տարիքում էլ կարողանան աշխատել ու բարիքներ ստեղծել:

Նման դեպքերում նաև պետական ու հասարակական ենթակառուցվածքների փոփոխության պահանջ է առաջանում: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությունը վառ օրինակ է, որովհետև, եթե Հայաստանի անկախացման ժամանակ 1 թոշակառուի «համար», կոպիտ ասած, աշխատում էր  7 աշխատունակ տարիքի քաղաքացի, այժմ` 3,5, իսկ 2050 թ., դարձյալ ՄԱԿ-ի կանխատեսումներով, 1 թոշակառուի դիմաց Հայաստանում կլինի  1 աշխատունակ տարիքի քաղաքացի: Սա փոխում է սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և բոլոր քաղաքականությունները:

Այս պատկերը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ: Ու եթե շատերի կարծիքով սոցիալ-տնտեսական վիճակն է այս պատկերի պատճառը, ապա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ մոտ 7 տարի ղեկավարել է Հայաստանում ժողովրդագրական պատկերի ուսումնասիրությունները, ավելի է լայնացնում «սոցիալ-տնտեսական» պայմանները: Նրա ներկայացմամբ` թեև Հայաստանն արդեն ուշացել է, դեռ կարող է ու պարտավոր է սկսել համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ` հետագա լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար:

 

 

 

ТEPCO ըկերությունը խոստովանել է, որ չի կարողանում կանխել ռադիոակտիվ ջրի արտահոսքը

o_819885Ճապոնական “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի 12 հատվածներից ռադիոակտիվ ջուրն արտահոսել է ցիստեռնի շուրջ տեղակայված արգելապատնեշներից ( վարակված ջուրը պահելու համար են կառուցված): Ջրի արտահոսքը եղել է հորդառատ անձրևների պատճառով, որ արդեն ատոմակայանի շրջանում մի քանի օր չի դադարում: Հանգստյան օրերին տեղումների քանակը հասել է 30 մմ/ժամի, այն դեպում, երբ արգելապատնեշի բարձրությունն ընդամենը 30 սմ է: ТEPCO-ի աշխատակիցները մեկ օրում կարող են պոմպի միջոցով միայն 2 սմ ջուրը հեռացնել: Անձրևաջրի կուտակման պատճառով արտահոսք է կատարվում, որի չափն ու վարակման աստիճանը որոշում են մասնագետները: Նրանք երկյուղ ունեն, որ այդ ջուրը ծովի մեջ լցված լինի: Ռադիոակտիվ ջրի ամբարներից արտահոսք վերջին անգամ կատարվել էր “Վիպհա “ թայֆունի ժամանակ`  մեկ շաբաթ առաջ: Հեղուկի մի մասը ստիպված հողի մեջ լցրեցին, սակայն ТEPCO-ն վստահեցնում է, որ ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունն այդ ջրում նորմի սահմաններում է եղել:

 

ԱՄՆ-ում ձերբակալել են Պարագվայի նախագահի որդուն

iՄայամիում (Ֆլորիդա նահանգ) ձերբակալվել է 29-ամյա Խուան Պաբլո Կարտեսը` Պարագվայի նախագահ Օրասիո Մանուել Կարտեսի ավագ որդին: Պատճառը երիտասարդի ագրեսիվ վարքագիծն է: Նրա ազատման համար   մեկուկես հազար  դոլար գրավագումար է պահանջվում: Խուան Պաբլո Կարտեսը բնակվում  և սովորում է Մայամիում:

2013-ի հունիսին ճաղերի հետևում էր հայտնվել նախագահի մեկ ուրիշ բարեկամը` քեռին: Նրան ձերբակալել էին Ուրուգվայում, թմրանյութերի վաճառքի համար:

Կոսովոյում ծեծի են ենթարել արտաքսված գնչու աղջկա ընտանիքին

131021001154_leonarda_dibrani_304x171_afpԿոսովոյում հարձակում են կատարել Լեոնարդա Դիբրանիի ծնողների վրա` այն գնչու աղջկա, որի արտաքսումը Ֆրանսիայից  դժգոհության ալիք է բարձրացրել: Ոստիկանների խոսքով, Դիբրանիի ծնողների վրա հարձակվել է մեկ ուրիշ գնչու զույգ, ընդ որում, աղջկա մայրը հարձակումից հետո հիվանդանոցում է հայտնվել:

Շաբաթ  Ֆրանսիայի նախագահ Օլանդը հասարակության դժգոհության պատճառով ստիպված զիջումների է գնացել ու Լեոնարդային առաջարկել է Ֆրանսիա վերադառնալ, սակայն առանց ծնողների:

Աղջիկը պատասխանել է, որ առանց ծնողների ինքը չի վերադառնա Ֆրանսիա:

Ղպտիական հարսանիքի ժամանակ հարձակում է կատարվել.զոհերի թվում երեխա կա

21042242.728805.1520Եգիպտոսում ղպտիական հարսանեկան արարողության ժամանակ զինված հարձակում է կատարվել, ինչի  հետևանքով զոհվել է 8-ամյա մի աղջնակ  և 70-ամյա մի կին: Ընդհանուր առմամբ 4 մարդ է  զոհվել և 18-ը վիրավորվել:Կահիրեյի հյուսիսում գտնվող  Էլ Վարաք շրջանում  հարսանքավորների` եկեղեցուց  ելնող  հյուրերի ուղղությամբ անհայտ մոտոցիկլավարները  կրակ են բացել: Զոհվել է 4 մարդ: Չարագործները թաքնվել են, ոստիկանությունը շրջանային բոլոր ելքերը փակել է ու որոնումներ է կատարում: Եկեղեցու հոգևոր հայրը հայտնել է, որ իրենց շրջանում նման բան առաջին անգամ է կատարվում ու  չգիտի, թե ով  կարող էր հարձակվել:

Քադաֆիի այրին պահանջում է ցույց տալ ամուսնու գերեզմանը

526414c8-3efb-bf2b-3efb-bf2453528b9c.photo.0Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի այրին պահանջել է իրեն հայտնել լիբիական հեղափոխության ժամանակ  սպանված ամուսնու մարմնի գտնվելու վայրը: Համաշխարհային ընկերակցությանը գրած բաց նամակում, որը հրապարակել է “Գոլոս Ռոսիին”, Սաֆիա Ֆարկաշը դիմում է նաև Աֆրիկյան միությանը` պահանջելով հետաքննել գեներալ Քադաֆիի մահվան հանգամանքները:”Պահանջում եմ մարդու իրավունքների գծով միջազգային բոլոր կազմակերպություններից  օգնել ինձ կապ հաստատելու որդուս` Սեյֆ Ալ-Իսլամի հետ, որին մեր ընտանիքի բոլոր անդամներից մեկուսացրել են ձերբակալության պահից, հաշվի առնելով, որ նա բացարձակ անմեղ է նրա դեմ առաջ քաշված  մեղադրանքի բոլոր կետերով”: Ռադիոընկերության խմբագրությունը տեղեկացնում է, որ նամակը հանձնել է Սաֆիա Ֆարկաշի  քույրը` Ֆաթիմա Ֆարկաշը: