Նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահներին

601. Minister Nalbandian received the EU-Armenia PCC co-chairs 30.10.2013Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխին, ով Հայաստան է ժամանել Համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, որում նշանակալի դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը։

Հանդիպմանը քննարկվեց անցած շաբաթ Եվրախորհրդարանում Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ ընդունված բանաձևը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։ Նախարարը հավելեց, որ նմանատիպ ձևակերպումների հեղինակները պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց խորհրդարանական մակարդակով փոխգործակցության հետագա ծրագրերին և իրականացվելիք քայլերին։

Վարչապետն ընդունել է լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային

10815_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի և ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում: «Երիտասարդ տարիներին մենք հպարտանում և մեծ ոգևորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ հաստատել եք ջերմ կապեր և նախաձեռնել նոր ծրագրեր: Հայաստանի կառավարությունը շարունակելու է նոր միջոցներ ձեռնարկել՝ սպորտի մասսայականացմանը հասնելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սպորտի զարգացմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման ընդունելության: Հանդիպումներ ենք ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ: Կարևոր է, որ այսօր սպորտի բնագավառը ղեկավարում են Յուրի Վարդանյանի և Ռոբերտ Էմմիյանի նման լեգենդար մարզիկները: Ուրախ ենք տեսնել, թե ինչպես է այսօր Հայաստանը վերականգնում իր սպորտային մեծ ավանդույթները»,- նշել է Սերգեյ Բուբկան:
Տեղեկացվել է, որ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ առաջիկայում Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղադրվելու է աթլետիկայի ժամանակակից վազքուղի, ինչը թույլ կտա անցկացնել միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ:
Սերգեյ Բուբկան շնորհակալություն է հայտնել նաև հոկտեմբերի 27-30-ը Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ոչ ֆուտբոլային կնճռոտ հարցերի մասին

221349121383123750ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև մեր օրերում շրջանառվող ոչ ֆուտբոլային կնճռոտ հարցերի:
Հայտնի է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի, որդին ներկայումս անազատության մեջ է և նրան լուրջ մեղադրանք է ներկայացվել` կապված թմանյութեր տեղափոխելու հետ:

Հայրապետյանն ասաց, որ ինչքան տեղյակ է Յուրի Վարդանյանն այնքան է հոգնել այդ ամենից, որ նույնիսկ փաստաբան չի վարձել: Նշվեց, որ ցանկացածի հետ կարող է այդպիսի բան  պատահել, իսկ նրա որդին չափահաս մարդ է, որի համար հայրը չի կարող պատասխանատվություն կրել: Բանախոսը Վարդանյանին  լեգենդ է համարում, իսկ տեղի ունեցածը` դժբախտ պատահար: ՀՖՖ նախագահը  ուղղակի խնդրեց, որ ընտանիքի հետ կապված շահարկումներ չարվեն,  քանի որ Վարդանյանն ամենից շատ կուզեր, որպեսզի նման բան կատարված չլիներ:

Հայտնվեց, որ Վարդանյանը ցանկանում է սպորտը հանել ճահճից: Ըստ Հայրապետյանի` սպորտը օդանավակայանում ծաղկեպսակ մարզիկների վզին գցելը չէ և պետք չէ սպորտը խառնել քաղաքականության հետ:

«Նա փորձում է սպորտը հեռու պահել քաղաքականությունից: Եթե մենք աջակցենք սպորտի ղեկավարին, ապա կունենանք հաջողություններ: Միանգամից մի փորձեք ցեխ շպրտել»,- խորհուրդ տվեց ՀՖՖ նախագահը:

Արթուր Բաղդասարյանի Հայաստանի վոլեյբոլի ֆեդրացիայի նախագահ դառնալու հետ կապված էլ, ասվեց, որ այդ կազմակերպության նախագահի պաշտոնը իրենից մեծ բան չի ներկայացնում, և անարդարության մասին անիմաստ է խոսել: Վոլեյբոլի ֆեդերացիան էլ հասարակական նույնպիսի կազմակերպություն որակվեց, ինչպիսին է ազգային օլիմպիական կոմիտեն, ֆուտբոլի ֆեդերացիան և որևէ մեկին իրավունք չի տրվում ասել, թե այլ հասարակական կազմակերպությունն ինչպես պետք է կատարի նախագահի ընտրություն:

Հայրապետյանի կարծիքով` Արթուր Բաղդասարյանն այն մարդն է, որը կարող է բարձրացնել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հեղինակությունը:

Փողոցների ճաքալցման աշխատանքները կընթանան այնքան, որքան դա թույլատրելի է տեխնոլոգիական նորմերով

Փողոցների ճաքալցման աշխատանքներՄայրաքաղաքում, ի լրումն արդեն ավարտված հիմնական ծրագրի, շարունակվում են  փողոցների ճաքալցման աշխատանքները: Այժմ արդեն նախատեսված ծավալները գերակատարվել են մինչև 5 անգամ: Գործընթացն այս տարի իրականացնում են 4 մասնագիտացած կազմակերպություններ`  մայրաքաղաքի երեքական վարչական շրջաններում: Ճաքալցումը կանխում է ասֆալտի վրա արդեն առկա ճաքերի հետագա տարածումը ինչը տեղի է ունենում խոնավության կամ սառցակալման հետևանքով: Փորձը ցույց է տալիս, որ ճաքալցված փողոցներում գարնանը նոր փոսեր ու խոշոր վնասվածքներ քիչ են ի հայտ գալիս: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ճաքալցման աշխատանքներում, ինչպես փոսային նորոգումների դեպքում, մեծ ուշադրություն է դարձվել ծայրամասային փողոցներին: Ի դեպ, ճաքալցման հումքը տարբեր ընկերություններ ձեռք են բերում տարբեր տեղերից, երկուսը Եվրոպայից, երկուսը տեղական արտադրողից, իսկ թե որն է ավելի արդյունավետ, վերջնականապես պարզ կդառնա գարնանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առանց գլխավոր մարզչի է

31600Այսօր լրագրողներին հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Եվ քանի որ այժմ մեր երկրի ազգային ընտրանին առանց գլխավոր մարզչի է մնացել, առաջնահերթ հետաքրքրում է, թե ով է ստանձնելու թիմի ղեկը:

Նա նշեց, որ փորձել է համոզել Վարդան Մինասյանին, որ նա շարունակի մարզել Հայաստանի հավաքականը, սակայն արդյունքի չի հասել: Հայրապետյանն ափսոսանք հայտնեց, որ Մինասյանը հեռացել է: Նա նշեց նաև, որ վերջինս խորհուրդ է տվել հրավիրել իսպանացի կամ ֆրանսիացի մասնագետների:  «Ես չեմ բացառում, որ նոր մարզիչը լինի արգենտինացի կամ գերմանացի: Խնդրում եմ չկառչեք գերմանացիներից և ասեք, թե դա կապված է իմ մականունի հետ»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Պարզաբանվեց, որ սկզբում բանակցել է Ֆրանսիայում աշխատող Միշել Տեր-Զաքարյանի հետ, սակայն մերժում է ստացել, որ նա այս պահին չի կարող մարզել հավաքականը:

«Նա մերժեց ինձ, այնպես մերժեց, որ այլևս չեմ կարող շարունակել: Տեր-Զաքարյանը պայմանագիր ունի իր թիմի հետ: Բայց շատ ցանկալի կլիներ  նրա հետ աշխատել»,-ասաց Հայրապետյանը:

Տեղեկացվեց նաև, որ հանրածանոթ մարզիչ Սերխիո Մարգարյանն էլ գրավոր դիմել է, որ այլևս չանդրադառնան իր չգալուն:

ՀՖՖ նախագահը գտնում է, որ եթե հավաքականի գլխավոր մարզիչն արտերկրից հրավիրվի, նա պետք է Հայաստանում բնակվի: «Մենք մարզիչ ենք բերում, ոչ թե տուրիստ: Այլևս սխալներ չենք կարող թույլ տալ»,-եզրափակեց Հայրապետյանը:

Սիսիան-Վայք ավտոճանապարհին կոնտեյներներով բեռնված ավտոգնացքը ընկել է ձորը

բեռնատարն ընկել է ձորըՀոկտեմբերի 29-ին, ժամը 19.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենա է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահյտված հանգամանքներում Սիսիան-Ծղուկ ավտոճանապարհի 31-րդ կմ-ում 1984 թ. ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մեհդի Հազրատ Օղլի Կհերջոյ Ենգջեմինի վարած 59A71110 պետհամարանիշի կոնտեյներներով բեռնված ավտոգնացքը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և ընկել ձորը (մոտ 100 մ):
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդին, ում շտապօգնության աշխատակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը` երկրորդ մրցանակակիր

25441 chessԳրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Դոմբայ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և առաջին-երկրորդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Ալեքսանդր Լաստինի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիելյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին 41 շախմատիստներ:

Սպասվում է առանց տեղումների եղանակ


եղանակը աշնանըՀանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին հյուսիս-արևմտյան՚  2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոփոխվի:

Երևանում՝Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ՚• Օդի առավելագույն ջերմաստիճան 23.60C (1974թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան -5.80C (1889թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.40C

Ադրբեջանի ռազմական ոլորտում շարունակվում են կադրային փոփոխությունները. hերթը զինվորական պոլիկլինիկայինն է

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունԱդրբեջանի Զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի ղեկավար Ֆիրուդին Գարաբեկովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով Գարաբեկովը նշանակվել է ՊՆ Կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի ղեկավար:

Նախարարի մյուս հրամանով պահեստային սպա Թոֆիգ Թագիևը նշանակվել է ՊՆ Գլխավոր կլինիկական հոսպիտալի ղեկավար:

Հիշեցնենք, որ պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը և Պաշտպանության նախարարության տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը հեռացվել են իրենց պաշտոններից: Ալթայ Մեհտիևին փոխարինել է Ադրբեջանի նախագահի` ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը: Բեյդուլլաևին այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը: Հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը:

Նոր կադրային փոփոխություններ ՀՀ Գլխավոր դատախազությունում

դատախազությունՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:

Այսպես`

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`սեփական դիմումի համաձայն:
Լոռու մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Չիչոյանը` ազատվելով Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական է նշանակվել Նունե Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ` դատախազների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով, միաժամանակ տեղի է ունեցել նաև դատախազների թեկնածուների հավակնորդների արտահերթ ստուգում և մասնակիցներից 19 հավակնորդ հաջողությամբ հանձնել է ստուգումը:

Facebook-ն անձնագիր է պահանջում

b_702036Երեքշաբթի  տեխնիկական սխալի պատճառով  Facebook սոցիալական ցանցը մի  քանի օգտատերերից անձը հաստատող փաստաթուղթ է պահանջել: Ընկերությունն արդեն ներողություն է խնդրել օգտատերերից:

“Երեկ մեր օգտատերերի մի մասն անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու հարցում է ստացել… Հաղորդագրությունը հեռացվել է, երբ սխալը հայտնաբերվել է,-նշում է ընկերությունը,-Մենք ներողություն ենք խնդրում անհարմարություն պատճառելու համար”:

Սոցցանցում անհարթությունների մասին հայտնի դարձավ   Twitter-ից: Օգտատերերը բողոքել էին, որ սոցցանցն  անձը հաստատող փաստաթուղթ կամ էլ լուսանկարով անձնագիր է պահանջում:

Ի դեպ,  Facebook-ը կարող է անձնագրային տվյալներ պահանջել, եթե կասկած ունի, որ օգտատիրոջ տարիքը 13-ի չի հասել:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է արտադրական ձեռնարկության ներդրումային ծրագրերին

Տիգրան Սարգսյան,«Օվալ պլաստիկ»Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է պլաստմասե տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ձեռնարկության ղեկավարների ուղեկցությամբ շրջել է արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության առաջիկա ծրագրերին:

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկանային կազմակերպությունն ընկերությանն արդեն իսկ տրամադրել է 140 մլն դրամի վարկ, ևս 60 մլն դրամ նախատեսում է տրամադրել առաջիկայում: Ստացված միջոցներից 60 մլն դրամն ընկերությունն ուղղել է գործող վարկային պարտավորությունների մարմանը, իսկ 80 մլն դրամը՝ հիմնականում կապիտալ ներդրումների իրականացմանը, մասնավորապես, նոր սարքավորումների ներմուծմանը, ինչպես նաև արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների համալրմանը: Ակնկալվող 60 մլն դրամով ևս նախատեսվում է ներմուծել նոր սարքավորումներ:
Նոր տեխնոլոգիաների ներդրումը ձեռնարկությանը թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը, ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել արտադրանքի տեսականին` հնարավորություն տալով մրցունակ դիրք զբաղեցնել ներքին և արտաքին շուկայում, ինչպես նաև խնայել լրացուցիչ դրամական միջոցներ և դրանք ուղղել արտադրության զարգացմանը:
«ՕՎԱԼ պլաստիկ» ընկերությունն այժմ ունի 169 աշխատակից: Առաջիկա ծրագրերի արդյունքում նախատեսվում է ավելացնել աշխատատեղերի թիվը:
Ընկերության ապրանքատեսակները լայն կիրառում են գտել սննդամթերքի արտադրությունում, բժշկության և դեղագործության մեջ, ինչպես նաև առօրյա կյանքում: Արտադրատեսակներն արտահանվում են Վրաստան, աշխատանքներ են տարվում նաև ՌԴ արտահանելու ուղղությամբ:

***

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի 717-Ա որոշմամբ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընկերությունն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսից:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվում են ձեռնարկատիրական /բիզնես/ վարկեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Սերժ Սարգսյան, Եվրամիություն, Ֆիլիպ ԼեֆորՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափում շարունակելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Օքսֆորդում կբացվի Նիզամի Գյանջևիի անվան Ադրբեջանի և կովկասագիտության գիտական կենտրոն

Ադրբեջան,Նիզամի Գյանջևի,Օքսֆորդ, կովկասագիտությունՕքսֆորդում կնքվել է հուշագիր`Օքսֆորդի համալսարանում Նիզամի Գյանջևիի անվան Ադրբեջանի և կովկասագիտության գիտական կենտրոն ստեղծելու մտադրության մասին:

Ինչպես տեղեկացնում է “1նյուզ” կայքը, հոկտեմբերի 28-ին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր, Ադրբեջանա-բրիտանական համայնքի համանախագահ, պրոֆեսոր Նարգիզ Փաշաևան համալսարանի հրավերով մեկնել էր Օքսֆորդ: Այցի շրջանակներում Փաշաևան համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հանդես է եկել “ադրբեջանցի” մեծ բանաստեղծ և փիլիսոփա Նիզամի Գյանջևիի ստեղծագործական և գիտական ժառանգության մասին զեկույցով:

Միջոցառմանը մասնակցել են մեծ թվով գիտնականներ և պրոֆեսորներ: Այս այցի շրջանակներում էլ ստորագրվել է գիտական կենտրոն բացելու մտադրության մասին հուշագիր: Այն կնքել են Ն. Փաշաևան և Օքսֆորդի համալսարանի` միջազգային զարգացման գծով տնօրեն  Լայզլ Էլդեր:

Նշենք, որ Նիզամի Գյանջևին իրականում պարսկական բանաստեղծական արվեստի, միջնադարյան Արևելքի մեծագույն բանաստեղծներից մեկն է: Նա ծնվել է 1141թ.-ին Պարսկաստանում`Գանձակ քաղաքում:

Սիրիայում գրոհայինները Թուրքիայի սահմանի մոտ քիմիական զենք են կիրառել

i (1)Սիրիացի գրոհայինները կրկին թունավորող նյութով զենք են կիրառել Ռաս-էլ-Այն քաղաքի մոտ, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու:

Քուրդ զինվորների խոսքով, պայթյունի տեղում դեղին ծխասյուն է բարձրացել, իսկ զինվորների մոտ թունավորման նշաններ են ի հայտ եկել: Սակայն, քիմիական զենքի կիրառման մասին պաշտոնական տեղեկացում երկրի իշխանությունների կողմից չի եղել:

Չնայած դրան, երկրի հարավ Արևելքում տարհանել են շուրջ 2 հազար խաղաղ բնակիչների:  Որպեսզի բնակչությունը կարողանա հեռանալ վտանգավոր վայրից, բանակն ու գրոհայինները ժամանակավորապես դադարեցրել են մարտերը Դամասկոսի մոտ: Տարհանվողներին օգնություն են ցուցաբերում Կարմիր խաչն ու մյուս իրավապաշտպան կազմակերպությունները:

ԱՄՆ-ը 22-րդ անգամ հրաժարվեց վերացնել Կուբայի շրջափակումը

o_791590ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հերթական անգամ քվեարկեց Կուբայի  նկատմամբ բռնարգելքը վերացնելու օգտին ու հերթական անգամ ԱՄՆ-ն ու Իսրայելը քվեարկեցին այդ որոշման դեմ: Ձեռնպահ մնացին Խաղաղօվկիանոսյան պետությունները` Պալաուն, Միկրոնեզիան ու Մարշալյան կղզիները:

Ամերիկան տնտեսական էմբարգո   է կիրառում 1962-ից`  կուբայական հեղափոխությունից 3 տարի   հետո: Նման միջոցները ձեռք էին առնվել Ազատության կղզում հակաժողովրդական վերակերպումների ու մարդու իրավունքների խախտման պատճառով,մասնավորապես, գրեթե ամբողջ խոշոր մասնավոր սեփականության ազգայնացման և խոսքի ազատության փաստացի արգելքի պատճառով: Այդուհանդերձ,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաձայն չի Նահանգների դիրքորոշման հետ, որն արդեն 22 տարի  էմբարգո է կիրառում: Կուբան հայտարարում է, որ ԱՄՆ-ն է իրականում մարդու իրավունքները խախտում: Ու , բացի այդ, ԱՄՆ-ի հետ  տնտեսական ու առևտրային հարաբերություններում լճացումը  Ֆիդել Կաստրոյի երկրի վրա ավելի քան տրիլիոն դոլար է նստել:

Միանում ենք տրանսպորտի ոլորտի ապաքրեականացմանը. «Մենք ենք այս քաղաքի տերը»

menqenq-logo«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման նոր փուլին և կոչ է անում երևանցիներին՝ պատասխանատվության կանչել հանրային միջոցներն ու հանրային ունեցվածքը չարաշահող պատասխանատուներին: Մեր՝ քաղաքացիներիս վճարած հարկերի գողությունը քաղաքապետարանի կողմից արդեն դարձել է սովորություն:

Երևանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հանցագործությունները, գծատեր լինելն ու կոռուպցիան վկայում են, որ Երևանի քաղաքապետարանը վերջնականապես կորցրել է հաշվետու և թափանցիկ կառավարման ընդունակությունը: Իմիտացիոն հանձնաժողովները՝ ինչպես տրանսպորտի ոլորտում, այնպես էլ էկոլոգիականը, պարզապես խորամանկություն և խորհրդային ոճի դրածո կոմիտեներ են:

Ինչպես հանրային կանաչ տարածքների ապօրինի յուրացման դեպքում, այնպես էլ տրանսպորտի ոլորտում հանրային շահի ոտնահարումը և մեր առողջության ու կյանքի վտանգման հաշվին մի քանի անձանց հարստացումը տանում են մայրաքաղաքի կենսագործուներության կոլապսին:

Կոչ ենք անում երևանցիներին քաղաքապետարանում հայտնված հանցավոր անձանց ցույց տալ հանրության կամքը և ինքնուրույն քաղաքացիական գործողություններ իրականացնել:

Քաղաքացիական համերաշխության և ինքնակազմակերպման շնորհիվ իրավագիտակից հանրությունը կհասնի Երևանում արդար և ժողովրդավար կառավարման իրականացմանը:

«Մենք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն

Լեռնային Ղարաբաղի հարցը ողջ թյուրքական աշխարհի խնդիրն է. թուրք դեսպան

turk-azԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  երեկ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90 ամյակը նշել են նաև Ադրբեջանում: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշքունը այս առիթով անդրադարձել է հանարպետության անցած ուղուն, նրա առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի խաղացած դերին: Դեսպանը նաև նշել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ունեցած ներդրման մասին: «Այսօր Թուրքիան և Ադրբեջանը հասել են ամուր դաշինքի և մեր երկրները դեռ վստահ առաջ են շարժվելու տնտեսության զարգացման հետ մեկտեղ: Նախագահ Իլհամ Ալիևի իրականացրած հաջող քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը կարողացել է տարածաշրջանում առաջատար դառնալ»,-ասել է Ջոշքունը:

Թուրք դեսպանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին՝ կրկնելով այն տարածված տեսակետը, թե «հայերը պետք է դուրս գան օկուպացրած ադրբեջանական հողերից»: «Այս հարցը հանդիսանում է ոչ միայն Ադրբեջանի, այլ ողջ թյուրքական աշխարհի խնդիրը և Թուրքիան միշտ կանգնած է լինելու եղբայրական Ադրբեջանի կողքին»,-ընդգծել է Իսմայիլ Ալպեր Ջոշքունը:

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ձերբակալելՀոկտեմբերի 29-ին, ժամը 20.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1979 թ. ծնված Կալուստ Կ.-ին, որը սեպտեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: