ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը

ՄԻԵԴՍտրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։ Այս մասին Անկախը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության կայքից:

Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։  ՄԻԵԴ  դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և  Վահե Գրիգորյանը։

Ֆիլիպ Լիչը ներկայացնելով գործը՝ ասաց, որ Մինաս Սարգսյանը և նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում  պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, այնուհետև  հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ։

Ինչպես նշեց Լիչը, Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ և այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես ՄԻԵԴ նախադեպային՝  Իլասկուն ընդդեմ Մոլդովայի գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։

Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։

Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, և 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։

Սագսյանների կողմը՝  հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, այն է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում, 8-րդ և 9-րդ հոդվածների վրա՝  կրոնի ազատություն,  բողոքում է  Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ վանդալիզմից և ոչնչացումից։

Սագսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ նաև Գյուլիստաում գտնվող հայցվորների ազգականների գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝  գերեզմաններն ավիրվել և վանդալիզմի են ենթարկվել։

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ հայցվոր կողմի,  խախտվել է նաև կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ այն է  խտրականության արգելում։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ և Ադրբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝ նրանց սեփականությունն անօրինական զբաղեցնելու համար, ինչպես նաև հայկական գերեզմանների ոչնչացման համար։

Հայցվորները պահանջում են՝ հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան և ստանալ համապատասխան փոխհատուցում։

ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն  անդրադարձավ կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել հայցվորների իրավունքների խախտում։ Գյուլիստանը, որտեղ ապրել են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։

Ինչպես նշեց ՀՀ կառավարության ներկայացուցիչը, հայկական եկեղեցիները և գերեզմանները վանդալիզմի են ենթարկվում և պատասխանող կողմն այս առումով որևէ հակափաստարկ չի ներկայացրել։

Գևորգ Կոստանյանը դատարանին առաջարկեց այս առումով իրականացնել հետազոտական առաքելություն, որը կօգնի նրան գործով որոշում կայացնելու համար։

Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում և որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։

ՄԻԵԴ-ում գործով պատասխանող կողմ հանդիասցող Արբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պնդումներն այն են, որ Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում և տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը։

Նշենք, որ Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը ՄԻԵԴ բերվել է 2006թ-ի օգոստոսի 11-ին։

Հովհաննես Գաբուզյանը շախմատի մոսկովյան մրցաշարում առաջատարների խմբում է

հգգաբուզյանՄոսկվայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունի  Հովհաննես Գաբուզյանը:

Նա 4 հնարավորից վաստակել է  վաստակել է 3,5 միավոր ու ևս 7 մասնակիցների հետ բաժանում է 3-10-րդ տեղերը: 3 միավոր  ունի  Ռոբերտ Աղասարյանը, 2,5 միավոր` Տիգրան Սիմոնյանը:

1-2-րդ տեղերը բաժանում են ռուսաստանցիներ Բորիս Գրաչևը, Իլդար Խայրուլինը:

Անկախ

Եզդիները ՀՀ պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում եզդի գործարար Մերաբ Թամոյանի դատավարության գործին

Մերաբ Ալոյան2013 թվականին Ուկրաինայի առաջին ատյանի դատարանը ազգությամբ եզդի գործարար Մերաբ Ալոյանին դատապարտեց ցմահ ազատազրկման: Ուկրաինայի իշխանությունները նրան մեղադրում են երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ, որը կատարելիս զոհվել են նաև ոստիկանության երկու աշխատակիցներ:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, Մերաբ Ալոյանի փաստաբան Միքայել Դանիելյանի խոսքով` ինչպես իր, այնպես էլ իրեն նախորդած փաստաբանների վրա Ուկրաինայի դատարանները ճնշում են գործադրել` ստիպելով հրաժարվել Մերաբ Ալոյանի գործից:

«Ինձ վրա էլ են ճնշում գործադրել հենց դատարանի շենքում: Ես բազմիցս դիմել եմ Ուկրաինայում ՀՀ ներկայացուցիչներին, բայց նրանք ոչ մի անգամ չեն այցելել դատարան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միքայել Դանիելյանը:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանի խոսքով` Մերաբ Ալոյանի դատավարությունն ընթացել է լրջագույն խախտումներով: Մերաբ Ալոյանի մեղադրանքի հիմքում ընկած են Դավիթ Բատիկյանի, ով մեղադրվում է սպանությունը կատարելու մեջ և Ռոզա Նայթի ցուցմունքները, որոնք ստացվել են խոշտանգումների ներքո: Նրանցից պահանջել են ցուցմունքներ տալ այն մասին, որ սպանությունը պատվիրել է Մերաբ Ալոյանը:

«Դատավարության 6 ամիսների ընթացքում Մերաբ Ալոյանը զրկված է եղել իր փաստաբաններին տեսնելու հնարավորությունից, իսկ դատաքննության վերջին փուլում Մերաբ Ալոյանին և նրա փաստաբաններին հեռացրել են դատարանի դահլիճից: Բացահայտ խախտվել է Մերաբ Ալոյանի արդար դատաքննության իրավունքը»,- ասաց Արա Ղազարյանը:

Աշխարհի և Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանն էլ իր խոսքն ուղղելով ՀՀ պատկան մարմիններին` խնդրեց վերջիններիս լրջորեն ուսումնասիրել Մերաբ Ալոյանի դատական գործը` հավելելով, որ  հայերն ու եզդիները Հայաստանում հավասար իրավունքներ ունեն:

 Անկախ

Ոստիկանության գնդապետ է ձերբակալվել Ադրբեջանին ինֆորմացիա վաճառելու մեղադրանքով

աած ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից Անկախին տեղեկացնում են, որ  ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

 

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար անձնակազմի հետ

Սարգսյանը ԱԻՆ-ումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի խորհրդակցությունների սրահում Նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որին ուղիղ կապով միացմամբ մասնակցել են նաև նախարարության մարզային կառույցների ղեկավարները:

Խորհրդակցության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարը, նախարարի տեղակալները, փրկարար ծառայության տնօրենը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Արմեն Երիցյանն իր զեկույցում ներկայացրել է 2010-2013թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության հիմնական արդյունքները, նախարարության և նրա առանձին գործակալությունների զարգացման խնդիրները, նախարարության համակարգի բարեփոխումների շրջանակներում ԱԻՆ ենթակայության բոլոր կառույցներում մայրաքաղաքում և մարզերում մինչ այժմ իրականացված աշխատանքները, տարբեր ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու դրանց արդյունքում արձանագրված առաջընթացը, խոսել նաև միջազգային համագործակցության ծրագրերի, ԱԻՆ համակարգում աշխատող խոցելի խավի՝ հաշմանդամների գործունեության մասին:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը զեկուցել է իր համակարգման ներքո գտնվող «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և նրա 4 ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, հաշվետու ժամանակաշրջանում այդ ծառայությունների աշխատանքում արձանագրված ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները:

Նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը զեկուցել է ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության, հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ընթացիկ աշխատանքների ու խնդիրների մասին:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը ներկայացրել է իր ղեկավարած ստորաբաժանման կառուցվածքը, կադրերով ապահովվածությունը, անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով զինվածության վիճակը, ծառայության ստորաբաժանումների կողմից արտակարգ իրավիճակների դեպքերին, պատահարներին արձագանքման վերլուծությունը, փրկարար ծառայության հիմնական խնդիրները, ծառայության գործունեության ուղղություններն ու ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները:

Աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանն իր զեկույցում ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, անձնակազմի կառավարման և աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Նախարարության ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին:

«Ես տեսնում եմ, և դա իրականություն է առանց հավելյալ գունազարդման, որ արտակարգ իրավիճակների կառավարման կարողությունների զարգացման առումով մենք առաջընթաց ունենք, և ընդհանրապես, նախարարության կայացման գործընթացը շարունակվում է նորմալ տեմպերով: Շատ կարևոր է, որպեսզի մենք այդ տեմպերը չդանդաղեցնենք, ընդհակառակը՝ արագացնենք, որպեսզի վերջնականապես կարողանանք ասել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացել է, և որ բարեփոխումների արդյունքում մեզ մոտ ստեղծվել են ծառայություններ, որոնք որակյալ սպասարկում են ոչ սովորական իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին: Կարծում եմ, որ հիմա նաև պետք է լուրջ ուշադրություն դարձնել այլ ծառայությունների, այլ ոլորտների հետ փոխգործակցության խնդիրներին, առաջին հերթին՝ նկատի ունեմ ոստիկանությունը և առողջապահական ծառայությունները: Բնականաբար, տեղյակ եմ, որ այս ոլորտում էլ աշխատանքներ են կատարվել: Բայց այստեղ էլ կա հսկայական մի հատված, որ պետք է կարողանանք հաղթահարել: Վերջիվերջո, մեր քաղաքացիներից շատերը չգիտեն, և կարծում եմ՝ պարտավոր էլ չեն իմանալ, թե իրենց պատուհասած վտանգը կամ իրավիճակը ո՞ր նախարարությունը կամ ո՞ր ծառայությունը պետք է վերացնի, օժանդակի իրենց: Ուստի, պետք է զարգացնել 911 ծառայություն, և քաղաքացու մի զանգից հետո համակարգը պետք է համագործակցված աշխատի ու կարճ ժամանակում քաղաքացին պետք է ստանա որակյալ ծառայություն:

Հաջորդ խնդիրը, որ կարծում եմ լուծման կարոտ է՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների աշխարհագրության ընդլայնումն է, հանրապետության տարածքում հավասարաչափ և որակյալ ծառայությունների մատուցումը, անկախ նրանից՝ քաղաքացին ապրում է Մեղրիում, Տաշիրում, Տավուշում, թե Երևանում: Ձեր բոլոր ծառայությունները նրանց համար պետք է լինեն հասանելի: Սա չափազանց կարևոր խնդիր է, և այս ուղղությամբ էլ, իհարկե, պետք է աշխատել: Մարզերում մտածում են, որ երևանցիները բարձրակարգ ծառայություններ են ստանում (ոչ միայն ձեր նախարարության գործառույթներին վերաբերող ոլորտներում), իսկ իրենք՝ ոչ: Բոլորը համարում են, որ Երևանում աշխատանքներ ենք կատարում, որոնք այնքան էլ հրատապ չեն, սակայն այդ միջոցները կարող ենք ծախսել մարզերում և այլն: Իհարկե, շատ սուբյեկտիվ մոտեցում կա այստեղ, բայց ձեր կողմից մատուցվող ծառայությունները, ձեր աշխատանքն այնպիսին է, որ, իրոք, որակյալ աշխատանքի անհրաժեշտություն կա նաև մարզերի կտրվածքով:

Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի և՛ նախարարության, նրա ծառայությունների նյութական բազան ամրապնդվի, և՛, իհարկե, առաջին հերթին բարելավվի սոցիալական վիճակը, լուծվեն սոցիալական խնդիրները: Այս առումով, Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները շատ բանով չեն տարբերվելու ո՛չ Պաշտպանության նախարարության և ո՛չ էլ այլ կառույցների զինծառայողների սոցիալական ապահովման մակարդակից: Մենք հուլիսի 1-ից որոշակի ուղղումներ ենք մտցնելու, և այն ժամանակ բոլորը հստակ տեսնելու են, թե ինչպիսի հարաբերակցություն կա այդ կառույցների աշխատողների միջև: Սա ասում եմ նաև այն պատճառով, որովհետև գիտեմ, որ որոշ մարդիկ դժգոհում են, ասում են՝ կրակի դեմ պայքարելը պակաս վտանգավոր չէ, քան գնդակի դեմ կամ սահմանում պայքարելը: Հասկանում եմ, որ այդ աշխատանքները դժվար են, բարդ են, այնուհանդերձ, մենք պետք է կարողանանք տարբերել գործառույթները: Մեր յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ծառայող պետք է լինի ապահովված: Մենք դրան հասնելու ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական խնդիրներին, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, նախարարության համակարգում դեռևս առկա առանձին խնդիրների լուծման հնարավորություններին:

Խորհրդակցության ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը, փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը, փրկարար ծառայության` ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

 Անկախ

Դեսպան Տեր-Ստեփանյանն ընտրվել է Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահ

33.Meeting of the ambassadors of the Francophone countries in Paris 05.02.2014Փետրվարի 4-ին Փարիզում կայացավ Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։ Նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվեց դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը։

Խմբի գործունեությունը միտված է լինելու Ֆրանկոֆոնիայի արժեքների և սկզբունքների տարածմանը, ֆրանկոֆոնիայի բազմազանության ներկայացմանը,  ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը:

Անկախ

Ավարտվել է ոստիկանի կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ թմրանյութ փոխադրելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

հքծՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) բջջային հեռախոսներ և լիցքավորող սարքեր փոխադրելու ժամանակ դրանց միջից հայտնաբերված «Բուպրենորֆին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հաստատվել է, որ 2013թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Ա.-ն, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Ա. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի խորտկարաններից մեկի հարևանությամբ գործող մթերային խանութի մոտ, քաղաքացու կողմից իրեն հանձնված երկու բջջային հեռախոսը և մեկ լիցքավորիչ սարքը նույն հիմնարկի կրտսեր մասնագետ Ա.Կ.-ին գաղտնի փոխանցելու համար ստացել է կանխիկ գումար:
Նույն օրը Տ. Ա.-ն, հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը հագուստի գրպաններում, մուտք է գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում նրա մոտից հայտնաբերվել են հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Անկախ

ԲՀԿ-ական պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

arm13487470079ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) հրաժարականի մասին դիմում է ներկայացրել՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Վերջինս հայտարարեց, որ եթե հրաժարականի հրապարակումից հետո երեք օրվա ընթացքում նա հետ չի վերցնի դիմումը, ապա հրաժարականը համարվում է ընդունված:

Արդեն լուրեր են շրջանառվում, թե ով է փոխարինելու Գրիգորյանին. դա Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարի ներքո գտնվող Աբրահամ Մանուկյանն է: Իսկ Գրիգոր Գրիգորյանի դիմումը կուսակցության որոշումն է եղել՝ կապված նրա պասիվ գործունեությամբ:

Անկախ 

Մեր ջրացատկորդները Գվադալահարայում կմասնակցեն պատանեկան օլիմպիական վարկանիշային մրցաշարի

ջրացատկ5ORPGPnRpe6T1KrgUe0FcLdx4UՓետրվարի 20-ին Մեքսիկայում կմեկնարկի ջրացատկի միջազգային մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցեն Լև Սարգսյանը և Վլադիմիր Հարությունյանը: Գվադալահարայում նրանց կողքին կլինի մարզիչ՝ Հրաչյա Չանդիրյանը:

Մասնակիցները վիճարկելու են Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Մերոնք կարողությունները կփորձեն աշտարակացատկերում և 3 մ-ոց ոստնակից ցատկերում:

Պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշը կլրացնեն երկու մրցաձևում էլ 1-9-րդ տեղերը գրավողները:

Անկախ

 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սուր արտահայտված սոցիալական խնդիրներ ունեն հատկապես Լոռին, Գեղարքունիքը, Տավուշը և Շիրակը

միգՀՀ կառավարության կողմից իրականացված կարևոր բարեփոխումներից մեկը սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն էր, որն, իհարկե, առանց կողմնակի աջակցության դժվար կլիներ իրականացնել: 2012-ին մեկնարկած «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ, մեծապես կարևորվում է, քանի որ խոսքը  խնդրահարույց մարզերում և համայնքներում աշխատանքային միգրացիայի և դրա հետևանքների վերացման մասին է: Այսօր ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփման ժամանակ այս մասին  ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Հայկ Գալստյանը: Նա գործնականում շատ կարևոր հանգամանք համարեց այն, որ ծրագրում ներառված են նաև համայնքները, քանի որ նրանց մասնակցությամբ և դերակատարությամբ կբաձրանա նաև համայնքային գործունեության բարձրացման արդյունավետությունը:

«Հիմք ընդունելով այն, որ մեր նախարարության համակարգման ոլորտում է գտնվում Միգրացիոն պետական ծառայությունը, մենք փորձելու ենք սերտորեն համագործացել, կապեր սեղծել համայնքների և Միգրացիոն պետական ծառայության միջև՝ ծրագրի արդյունավետության բարձրացման համար: Մենք կարևորում ենք այն, որ ծրագիրն իրականացվելու է այս չորս մարզերում, քանի որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մենք հատկապես այս չորս մարզերում ունենք սուր արտահայտված խնդիրներ»,- ասաց Հայկ Գալստյանը:

Անկախ

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում ստորագրվել են համագործակցության նոր հուշագրեր

վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստն սկսվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման առաջին արդյունքների ամփոփմամբ:

Նիստում ներկայացվել են 2013 թ. առաջին ինը ամսվա կտրվածքով ընդհանուր արդյունաբերական ցուցանիշները, ապա ըստ ոլորտների իրականացված մոնիթորինգի թիրախային ցուցանիշները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը զեկուցել է, որ 2013 թ. ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1 տրիլիոն 204.1 մլրդ դրամի արտադրանք, ինչը 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով: Իրացվել է 1 տրիլիոն 214.4 մլրդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 8.3 տոկոս աճ, որից արտահանման ծավալը կազմել է 453 մլրդ դրամ:
2013 թ. ինը ամսվա կտրվածքով արտադրանքի իրացման և արտահանման ցուցանիշների աճ է արձանագրվել, մասնավորապես, հետևյալ ոլորտներում՝
դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ – իրացման թիրախային ծավալ՝ 12 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 12.6 մլն ԱՄՆ դոլար, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 9 ամսվա կտրվածքով՝ 6.7 մլն ԱՄՆ դոլար,
կոնյակագործություն – իրացման ծավալը թիրախային՝ 5 տոկոսից աճել է փաստացի 14.9 տոկոսի, այսինքն՝ գերազանցել է ծրագրված ցուցանիշը շուրջ 10 տոկոսով, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 135 մլն ԱՄՆ դոլար, 9 ամսվա կտրվածքով փաստացի ցուցանիշ՝ 125.5 մլն ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով արտահանման ծավալի փաստացի ցուցանիշը կգերազանցի թիրախայինը,
ոսկեգործություն – արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 19.4 մլն ԱՄՆ դոլար, փաստացի ցուցանիշ՝ ինը ամսվա կտրվածքով 15.3 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ առաջնային նպատակային շուկաներում ոսկեգործության արտադրանքի արտահանման ծավալի թիրախային ցուցանիշը եղել է 8.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ փաստացի կազմել է 8.6 մլն ԱՄՆ դոլար՝ 9 ամսվա կտրվածքով:
Այնուհետև անդրադարձ է եղել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների համապատասխան գործողությունների ծրագրերի մոնիթորինգի և մեթոդաբանության համակարգին, որն իրենից ներկայացնում է այդ ռազմավարությունների իրականացման մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգ: Վարչապետ Սարգսյանը կարևորել է ունիվերսալ մեթոդաբանության և որակի վերահսկման ունիվերսալ համակարգի մշակումը, որը կիրառելի կլինի ՀՀ արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված բոլոր ճյուղերի համար:
Արդյունքների ամփոփմանը հաջորդել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված ևս երկու ճյուղերի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ու թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցության հուշագրերի ստորագրման արարողությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտը՝ ի դեմս Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության, Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի, արտադրող ընկերությունների և կրթական և գիտահետազոտական կառույցների, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտը՝ ի դեմս ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության, ոլորտի ընկերությունների և կրթական հաստատությունների ստորագրել են համապատասխան ոլորտային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության, թեթև արդյունաբերության ոլորտի անունից՝ ոլորտային միությունների և ընկերությունների ներկայացուցիչները:
Ստորագրված հուշագրերի նպատակն է՝ նպաստել ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ու թեթև արդյունաբերության երկարաժամկետ զարգացմանը` միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովման և միջազգային ճանաչման ընդլայնման միջոցով, ինչպես նաև ընդլայնել պետական ու մասնավոր հատվածների միջև համագործակցությունն այդ ոլորտների զարգացման ռազմավարության ներքո: Թեթև արդյունաբերության ոլորտային ծրագիրը կնպաստի հագուստի, ինչպես նաև կաշվի և կոշիկի արտադրության ենթաոլորտների, ոսկեգործության ոլորտային ծրագիրը՝ ալմաստի մշակման, ժամացույցների և ոսկյա զարդերի արտադրության ենթաոլորտների զարգացմանն ու արտահանման ծավալի ընդլայնմանը:

 Անկախ

Մոսկվայում ադրբեջանցի “օրենքով գող” է սպանվել

3 (4)Մոսկվայում սպանվել է ազգությամբ ադրբեջանցի “օրենքով գող” Չըլդըրը Իլգարը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը։

Ճանապարհին Մոսկվայի ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենա են հայտնաբերել, որի դուռը կոտրված է եղել։ Զննության արդյունքում մեքենայի սրահում հայտնաբերվել է քրեական հեղինակության արնաշաղախ մարմինն ու պարկուճներ։

Նախաքննության տեղեկությունների համաձայն՝ տղամարդուն սպանել են խոշոր գողական հավաքի նախաշեմին։

Անկախ

Ըմբշամարտում նոր քաշային կարգեր և Հայաստանի նոր չեմպիոններ

ըմբ137362773430Մարզասերները տեղյակ են, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան օլիմպիական նոր քաշային կարգեր է սահմանել: Դրանց թիվը 6-ն է:

Այդուհանդերձ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մարզիկները մրցումների կմասնակցեն ևս երկու քաշային կարգերում: Ստացվում է, որ եթե նախկինում ընդամնը 7 քաշային կարգ էր, ապա այժմ `դրանք 8-ն է:

Եվ ահա, Երևանում անցկացվեց հունահռոմեկան ոճի ըմբշամարտի ՖԻԼԱ-ի կողմից ավելացրած 71 կգ և 80 կգ քաշային կարգերի ըմբիշների  Հայաստանի առաջնությունը:

Չեմպիոններ դարձան գյումրեցիներ՝ Վարշամ Բորանյանը (71 կգ) և Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ): Նրանք եզրափակիչ գոտեմարտերում հաղթեցին համապատասխանաբար Հովհաննես Վարդերեսյանին և Էդուարդ Սարգսյանին:

Չեմպիոնները Հայաստանի հավաքականի կազմում կնախապատրաստվեն ապրիլի 1-6-ը Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Անկախ

 

Կույր կինը 416 ժամ է անցկացրել իր ամբողջ մարմինը դաջվածքներով պատելու համար

Fran Atkinson3Կինը 416 ժամ է անցկացրել իր ամբողջ մարմինը դաջվածքներով պատելու համար՝ չնայած նա երբեք չի տեսնի դրանք, քանի որ կույր է:

Ֆրեն Ատկինսոնը վերջին երեք տարիներն  անց է կացրել իր մարմինը գունավոր թանաքով պատելու վրա՝ որևէ պատկերացում չունենալով, թե ինչ տեսք ունի այն:

Ուելսի Ռիլ քաղաքի բնակչուհին հայտնում է, որ իր ամուսինը և դաջվածքների նկարիչը հանդես են եկել իր աչքերի դերում՝ մանրամասն նկարագրելով դաջվածքները:

Այժմ նա մտածում է, որ ինքը կարող է դառնալ Ուելսի ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը և հույս Fran Atkinson2ունի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

52-ամյա կինը տառապում է աչքի Fran Atkinsonժառանգական հիվանդությամբ և իր տեսողությունը սկսել է կորցնել դեռահաս տարիքից: Այժմ նրա տեսողությունը երեքից հինգ տոկոսի է հասնում:

Դաջվածքները հազարավոր ֆունտ են արժեցել, իսկ Ատկինսոնը հայտնում է, որ վերջնական մի քանի շտկող դաջվածքներից բացի, ինքն այլևս դաջվածքներ չի անի:

Անկախ

ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. հայ զինվորականության պատվո վարքագիծը

մուշեղ մամիկոնյանՀայ զինվորականությունն իր պատվո վարքագծով միշտ օրինակելի է եղել: Թե՛ Բյուզանդական կայսրության մեջ, թե՛ եվրոպական երկրներում ու Ռուսաստանում, թե՛ հեռավոր Եգիպտոսում տարբեր ժամանակաշրջաններում իրենց զենքով փայլած հայորդիները ոչ միայն սխրանքի ու արիության, այլև պատվի ու արժանապատվության բազում օրինակներ են ցույց տվել: Նման դեմքերը հայոց պատմության մեջ բազում են: Եվ նրանց թվում հայոց ռազմուժի խրոխտ ու նվիրյալ մարտիկներից մեկը` Մուշեղ Մամիկոնյանը, իր վարքով միշտ օրինակելի է եղել:

Մուշեղ Մամիկոնյանի ծննդյան թվականը հայտնի չէ: Նա որդին էր հայրենանվեր սպարապետ Վասակ Մամիկոնյանի, որ տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայեց հայրենիքին և բազում ճակատամարտեր շահեց: Միայն խաբեությամբ Վասակին իր ձեռքը գցեց պարսից Շապուհ արքան և մորթազերծ արեց:

368 թ. հայ-պարսկական պատերազմն ավարտվեց Հայաստանի կատարյալ ջախջախմամբ: Հայոց արքան և սպարապետը գերվեցին և սպանվեցին, հայոց Փառանձեմ թագուհին երկար դիմադրությունից հետո նույնպես գերվեց և սպանվեց: Երկիրն անտերության էր մատնված: Սակայն Արտագերս ամրոցում պատսպարված հայոց դշխոն Վասակ Մամիկոնյանի երիտասարդ որդուն` Մուշեղին, որ ստանձնել էր հայոց զորքերի սպարապետությունը և Մամիկոնյան տան տանուտիրությունը, հասցրել էր ուղարկել Բյուզանդիա` այնտեղից օգնական զորքի հետ Հայաստան բերելու թագաժառանգ Պապին և բազմեցնելու հայրական գահին:

Փաստորեն, երիտասարդ սպարապետի ուսերին է դրվում ծանր ու պատասխանատու առաքելություն` հայոց երկրի ու պետականության փրկության խնդիրը:
Մուշեղ սպարապետը պատվով է կատարում իր առաքելությունը: Նա, բյուզանդական օգնական զորքերի հետ ժամանելով Հայաստան, Ձիրավի ճակատամարտում ջախջախում է Շապուհ Երկրորդի բանակը և Պապին բազմեցնում հայոց գահին:
Ապա հայրենատեր սպարապետը հայոց զորագնդերով սկսում է երկրի տարածքը միավորելու ծրագիրը: Նա արագ ռազմերթով միավորում է պատերազմի և անիշխանության տարիներին հայոց երկրից ապստամբած և անջատված աշխարհները` Նորշիրականը, Ատրպատականը, Կորդուքը, Տմորիքը, Գուգարքը, Արցախը` ամբողջացնելով երկրի սահմանները:
Մուշեղ Մամիկոնյանը Պապ թագավորին առաջարկում է Հայաստանն արևելքում դարձնել ամրակուռ ռազմական բազա, որ ի զորու լինի հակահարված տալու ցանկացած հակառակորդի: Սա, բնականաբար, հայոց երիտասարդ ու քաջ արքայի սրտով էր: Սակայն պետք է նկատել, որ Պապ թագավորի ու Մուշեղի հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթացել: Պապը, քաջ ու տաղանդավոր միապետ լինելով, նաև ճկուն քաղաքական գործիչ էր, ինչը չի կարելի ասել Մուշեղի վերաբերյալ, որի համար հայրենիքից զատ մեծ արժեք էր նաև քրիստոնեական կրոնը: Մուշեղը որքան քաջ ու արի էր, նույնքան էլ կրոնամոլ: Եվ Պարսկաստանի հետ հարաբերություններում, բնականաբար, պիտի բախվեին հայոց արքայի և սպարապետի տեսակետները:
Թե որքան սուր է եղել հակադրությունը երկու երևելի քաջերի միջև, դժվար է ասել, պատմությունն այդ մասին լռում է: Սակայն մի բան փաստ է. Պապի սպանությունից հետո հայոց ավագանիում առաջնային դիրք հենց Մուշեղ սպարապետն ուներ, որի կրոնամոլությունը հավանաբար թույլ չտվեց, որ հայոց բանակը վրեժ լուծեր նենգ բյուզանդացիներից, որոնք հյուրասիրության սեղանի վրա հեղեցին Պապ թագավորի արյունը:

Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ անգամ Մուշեղն է մասնակից եղել Պապի դեմ նյութվող դավադրությանը: Դժվար է նման բան հաստատել: Այդ հարցում դեր կարող էր խաղալ Մուշեղի կրոնամոլությունը: Ամեն դեպքում հայոց սպարապետը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր հայրենասիրությունն ու տիրապաշտությունը: Սակայն հայոց արքան չէր վստահում Մուշեղին: Անգամ Ձիրավի ճակատամարտից առաջ նա Ներսես կաթողիկոսի մոտ և ողջ զորքի ներկայությամբ ստիպեց սպարապետին երդվել, և միայն արքային հավատարմության երդում տալուց հետո սպարապետը մարտադաշտ իջնելու հրաման ստացավ:
Անկախ ամեն ինչից, Պապի վրեժը չառնելը խարան էր ոչ միայն Մուշեղի, այլև ողջ հայ ազնվականության ու զինվորականության ճակատին:
Ինչևէ: Պապ թագավորի մտերիմ Բատ Սահառնունի իշխանը Պապի հաջորդ` Վարազդատ արքայի գահակալման օրոք, Մուշեղին մեղադրելով արքայի սպանության մեղսակցության մեջ, նրան մորթել տվեց սեղանին, ինչպես որ ժամանակին Պապն էր սպանվել: Գուցեև այս դատաստանի մեջ արդարություն կա, ինչը խնամքով քողարկել են հայ կղերական պատմիչները:

Մուշեղ սպարապետը կարճ ժամանակում արագ երթով ազատագրում է հայրենիքը: Նա անողոք էր պարսիկ ռազմագերիների նկատմամբ: Ամեն ճակատամարտից հետո գերի ընկած թշնամիներին Մուշեղը հրամայում է մորթազերծ անել և ուղարկել Տիզբոն` պարսից թագավորին նվեր: Դրանով Մուշեղն իր վրեժն էր առնում Շապուհից իր հոր` Վասակ Մամիկոնյան սպարապետի նենգ սպանության համար:
Որքան որ անողոք էր Մուշեղը տղամարդկանց հանդեպ, նույնքան էլ մեծահոգի էր կանանց նկատմամբ: Ատրպատականի Գանձակ քաղաքի մոտ ճակատամարտում ջախջախելով Շապուհի բանակը` նա գերեց պարսից արքայի ողջ կանանոցը: Մինչ այդ` տարիներ առաջ, Շապուհը անարգել սպանել էր հայոց շատ ազնվազարմ կանանց, նրանց մեջ նաև` հայոց թագուհի Փառանձեմին: Թվում էր` Շապուհի այդ անարգանքի վրեժն առնելու հարմար առիթ էր ներկայացել: Սակայն Մուշեղ սպարապետը Շապուհի կանանոցը պատվով ուղարկում է Տիզբոն` հարուցելով բոլորի զարմանքն ու Պապ թագավորի զայրույթը:
Մուշեղի մեծահոգությունը ապշահար է անում Շապուհին: Որպես երախտիք Շապուհ արքան իր ոսկյա գավաթի վրա պատկերել է տալիս Մուշեղ Մամիկոնյանին իր սպիտակ ձիով ու ամեն անգամ գինի ըմպելիս ասում. «Ճերմակաձին թող գինի խմի»:
Դժվար է գնահատական տալ Մուշեղի վարմունքին: Իհարկե, նրա քայլով Շապուհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չփոխվեց, և հայոց սպարապետի մեծահոգությունը միայն բաժակաճառ դարձավ պարսից արքունիքում: Դրանով հայերն իրենց անարգված ազնվազարմ կանանց վրեժը չառան: Մյուս կողմից` Մուշեղի այս քայլն ընդգծում է հայ զինվորականի ասպետականությունն ու մեծահոգությունը: Հայ զինվորականը մարտադաշտում կարող էր անողոք լինել թշնամու հանդեպ և մեծահոգի, երբ դիմացը թույլ ու անպաշտպան կին էր:

Մուշեղի ասպետական ու մեծահոգի վարմունքի մասին է պատմում նաև Ձիրավի ճակատամարտի դիպվածը: Ճակատամարտից առաջ պարսից Շապուհ արքայի մոտ պարծենում է աղվանից Ուռնայր արքան` ասելով, որ ինքը ցիրուցան կանի հայոց բանակը: Նրան է մոտենում Մեհրուժան Արծրունին, որ դավաճանելով հայրենիքը` ծառայում էր Շապուհին, և հանդիմանում է հետևյալ խոսքերով. «Դու փուշ գրկեցիր, շատ զարմանալի կլինի, եթե հավաքել կարողանաս»։
Աղվանից արքայի պարծենկոտությունը խոցում է Մեհրուժանի ինքնասիրությունը, որ այդ մասին զգուշացնում է Մուշեղին. «Իմացի՛ր և պատրաստվի՛ր, Մուշեղ, աղվանից Ուռնայր թագավորը մեծ պարծանքով քեզ Շապուհին պարգև է խոստացել։ Արդ, լսի՛ր և անելիքդ իմացի՛ր»։
Մուշեղն անձամբ է իր գնդերն առաջնորդում պարսկական բանակի այն թևը, ուր Ուռնայրն էր գործում: Մի հարվածով հայոց քաջերը ջարդում են աղվաններին, իսկ նրանց արքան փախուստի է դիմում: Սակայն Մուշեղ Մամիկոնյանը, հասնելով նրան, իր նիզակի կոթով ծեծում է` ասելով. «Դու թագակիր ես, այլապես քեզ շանսատակ կանեի»:
Այս փաստը դարձյալ սրում է Մուշեղի և Պապի հարաբերությունները: Երբ հայոց թագավորը հաշիվ է պահանջում սպարապետից, վերջինս պատասխանում է. «Արքա՛, ես կոտորեցի նրանց, ովքեր ինձ հավասար էին, զորավարներ կամ զինվորներ էին։ Իսկ նրանք, ովքեր թագ են կրում, ինձ հավասարակից ու ընկեր չէին, նրանք քո ընկերներն են, որովհետև թագավորներ են։ Գայիր, ինչպես որ ես ինձ հավասարակից մարդկանց սպանեցի, դու էլ քեզ հավասար թագավորներին սպանեիր։ Միևնույն է, ուր էլ լինեմ, ինչ էլ լինի, ես թագավոր մարդու վրա, որը իր գլխին թագ է կրում, ո՛չ ձեռք եմ մեկնել, ո՛չ մեկնում եմ, ո՛չ էլ կմեկնեմ։ Եթե կամենում ես ինձ սպանել, սպանիր, դա քո կամքն է, բայց ասում եմ և իմացիր, եթե առաջիկայում ևս ձեռքս թագավոր մարդ անցնի, ինչպես շատ անգամ է պատահել, ես, միևնույն է, թագավոր մարդու, որ գլխին թագ է կրում, չեմ սպանի, թեկուզ ինձ սպանելու լինեն»։

Ազդվելով Մուշեղի պատասխանից` Պապը գրկում է նրան և արտասվում` ասելով.
«Մահապարտ են բոլոր նրանք, ովքեր հանդգնում են կամ այսուհետև կհանդգնեն չար բերան բանալ Մուշեղի՝ այս քաջ և պատվական մարդու հասցեին։ Նա մի մարդ է, որն իր ծագումով մեզ նման պատվական է։ Նրա նախնիները մեր նախնիների նման ևս այլ աշխարհից են եկել։ Նրանք թողել են Ճենաց աշխարհի թագավորությունը, եկել մեզ մոտ և ապրել ու մեռել մեր նախնիների համար։ Սրա հայրը իմ հոր համար մեռավ, և սա հավատարմությամբ ծառայել է մեզ։ Շատ անգամ աստված մեր հոր՝ սքանչելի Ներսեսի աղոթքներով ու պաղատանքներով Մուշեղի ձեռով մեզ հաղթություն է շնորհել»։
Հետագայում Ուռնայր թագավորը չմոռացավ Մուշեղի մեծահոգությունը և համագործակցեց հայոց հետ ընդդեմ պարսից տերության:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ 

 

Ջիբրալթարի շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր

սմMovsesian-2Ջիբրալթարում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում բրազիլահայ գրոսմաստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը սևերով զիջեց վրացուհի Լելյա Ջավախիշվիլիին:

Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ ռուսաստանցի Նատալյա Պոգոնինայի նկատմամբ:

Մովսիսյանի կինը` Սլովակիան ներկայացնող գրոսմայստեր  Յուլյա Կոչետկովան հաղթեց իտալացի Պատրիկ Սչարերին:

Բրազիլահայ  Արմեն Պրուդյանն էլ ստիպեց անձնատուր լինել գերմանացի Բերնդ Սկուտային:

Նորվեգիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանն առավելության հասավ շվեյցարացի Ստեֆան Հերի նկատմամբ:

Մրցաշարի առաջատարն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է` 7 միավոր:

Մերոնցից լավագույն ցուցանիշն ունի Սերգեյ Մովսիսյանը: Նա  5,5 միավորով 22-րդ տեղում է:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Հաղթողը հայտնի կդառնա վաղը: Տղամադկանց պայքարում լավագույն արդյունքը ցույց տված շախամատիստը որպես պարգև կստանա 20 հազար եվրո: Ուժեղագույն ճանաչված շախմատիստուհին էլ կհարստանա 15 հազար եվրոյով:

Անկախ

Թուրքիան կարող է Իրանից 2 մլդ դոլարի փոխհատուցում ստանալ

iran-turkiye3 2012 թվական մարտին Թուրքիան Իրանի դեմ հայց էր ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան՝ կապված գազի գնի բարձրացման հետ: Ահա Թուրքիայի էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլմազը հայտարարել է, որ եթե իրենք կարողանան շահել դատը, ապա Իրանը սպտիպված կլինի Թուրքիային 2 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Անկարան հույս ունի, որ միջազգային ատյանը որոշում կկայացնի Թուրքիայի օգտին:

1996 թվականին Թուրքիայի և Իրանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տարեկան 10 մլդ մ3 գազ էր արտահանվելու Թուրքիա, սակայն վերջին տարիներին այս համաձայնությունը չի պահպանվել:

Անկախ

«Apple» ընկերությունը մտադիր է Թուրքիայում արտադրություն սկսել

apple«Apple» ընկերությունը մտադիր է աքսեսուարների արտադրություն սկսել Թուրքիայում: Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը նախագահ Աբդուլահ Գյուլի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Սաբահի» հաղորդմամբ՝ Քուքը նշել է, թե ապրիլ ամսին «Apple»-ը Ստամբուլում կբացի աշխահրի ամենամեծ վաճառքի կենտրոնը: Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ ներդրումների հնարավորությունը երկրի ՏՏ ոլորտի զարգացման մեջ:

Անկախ

Երևանի «Փյունիկը» ստուգողական խաղում պարտվեց Ուժգորոդի «Գովերլային»

փյունիկ32878Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող  Երևանի «Փյունիկը» ստուգողական խաղում ուժերը չափեց Ուժգորոդի «Գովերլային» հետ և պարտվեց 0:1 հաշվով:

85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գեղամ Կադիմյանը:

Վաղը «Փյունիկը» կվերադառնա Հայաստան:

Անկախ