Մոլդովայի ժողովրդական արտիստը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով իր անունը հանել “սև ցուցակ”-ից

Կոնստանտին ՄոսկովիչՄոլդովայի քաղաքացի Կոնստանտին Մոսկովիչը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրելով իր անունը հանել երկրի արտաքին գործերի նախարարության կողմից կազմած “անցանկալի անձանց” ցանկից։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Մոսկովիչի անունը ցուցակում հայտնվել էր այն բանի համար, որ նա խախտել էր “Պետական սահմանի” մասին ադրբեջանական օրենքն ու այցելել Լեռնային Ղարաբաղ։

Մոլդովայի ժողովրդական արտիստի նամակում նշված է, որ նա Լեռնային Ղարաբաղ այցելել է որոշակի նպատակով և պարտավորվում է այլևս չխախտել Ադրբեջանի օրենքները։

ԱԳ նախարարությունից տեղեկացրել են, որ Մոկովիչի դիմումը կքննարկվի համապատասխան կարգով։

Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ ներառվում են Ադրբեջանի արտգործնախարարության “պերսոնա նոն գրատա” ցուցակում, որում ներառվել է 335 օտարերկրացի:

Կառավարման մեջ շատ պարզ օրենք կա. եթե չգիտես ինչ անես` ոչինչ մի արա

Հարություն-Մեսրոբյան-կառավարման-փորձագետԳործող վարչատարածքային բաժանումը, ինչպես նշվում է Տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ)` «Համայնքների խոշորացման միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում», լուրջ և էական խոչընդոտ է համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ըստ հիշյալ փաստաթղթի, տեղական ինքնակառավարման համակարգի մասնատվածության բարձր աստիճանն է` փոքրաթիվ բնակչությամբ գյուղական համայնքների գերակշռող թվով:

ՏԿՆ–ում հարցի լուծում են համարում համայնքների խոշորացումը: 

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին` տարեսկզբին տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողներին ասաց, որ տարածքային կառավարման  նախարարությունում քննարկվել է համայնքների խոշորացման պիլոտային երկու տարբերակ` ծրագրային և վարչական: Առաջինը ենթադրում է համայնքների խոշորացում որևէ ծրագրի, օրինակ` արդյունավետ բյուջետավորման շուրջ: Իսկ վարչականը  ենթադրում է համանքների միջև կարճ հեռավորությունը, բնակիչների համատեղելիությունը և այլ հանգամանքներ  հաշվի առնելը:

 Կառավարությունը պիլոտային ծրագիր է անցկացնելու, և Մեղրին դիտվել է որպես ստրատեգիական կարևոր ուղղություն: Առաջարկվել է  Մեղրի քաղաքը, Ագարակը, հարակից բնակավայրերը մեկ խոշոր համայնք դարձնելու գաղափարը:

Մեղրու տարածաշրջանի բնակիչները դժգոհ են, որ Մեղրին, Ագարակը և տարածաշրջանի գյուղերը պետք է միավորվեն մեկ համայնքում, և հայտարարել են, որ պատրաստավում են բողոքի ակցիաներ անցկացնել: 

Այս հարցերի առնչությամբ «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին:

Մեզնից անկախ` դարձանք անկախ 

– Պարո՛ն Մեսրոբյան, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ մոտեցում է համայնքների խոշորացումը:

– Կառավարման մեջ իրոք կա այնպիսի մոտեցում, որ չի կարելի կառավարման համակարգը շատ մանրացնել, առավել ևս, երբ խոսքը տարածքային կառավարման մասին է: Բայց կա նաև մյուս կողմը` շատ էլ չի կարելի խոշորացնել: Երբ շատ է մանրացված, այդ տարատեսակ, տարբեր կառավարման օղակները, անձնակազմի տեսանկյունից, դառնում են բյուրոկրատացված համակարգեր: Իսկ ցանկացած բյուրոկրատացված համակարգ շարունակում է աճել: Այսինքն` տարածքները փոքր են, բայց այն անձնակազմը, որը պետք է տարբեր հարցերով սպասարկեր այդ տարածքները, քայլ առ քայլ մեծանում է: Մյուս կողմից` շատ խոշորացնել էլ պետք չէ, որովհետև այդ դեպքում էլ կառավարման տեսադաշտից դուրս են գալիս տեղային` լոկալ խնդիրները, սկսում են ավելի գլոբալ, իբր ստրատեգիկ հարցեր լուծել: Ես նշեցի կառավարման մեթոդաբանությունը:

– Կառավարման օպտիմալության տեսանկյունից Հայաստանում տարածքային կառավարման մեխանիզմները, կառուցվածքն ու պատկերն ինչպիսի՞ն են:

– Բավականին անհաջող: Եթե զրուցենք այս կամ այն համայնքի բնակիչների հետ, կպարզվի, որ խախտվել են պատմականորեն ձևավորված կապերը: Օրինակ` դիտարկենք Արագածոտնի մարզը: Այդ մարզում` Երևան-Ապարան ճանապարհին, որոշ գյուղերում մարդիկ իրենց համարում են ապարանցի, բայց վարչական այդ տարածքները ենթարկվում են Աշտարակին: Եվ այստեղ արդեն որոշակի խնդիրներ են սկսում առաջանալ: Օրինակ` նույն տարածքում գյուղացիները կարծես բաժանված են Աշտարակի և Ապարանի միջև կոնկրետ կենսական խնդիրները լուծելու իմաստով:

Այն վարչական բաժանումները, որոնք կան, չեն արտահայտում պատմականորեն ձևավորված միջհամայնքային կապերը: Եթե մենք կարողանանք վարչատարածքային բաժանումը ճիշտ կատարել` առավելագույնս մոտեցնելով պատմականորեն ձևավորված այդ կապերին, իհարկե, շատ լավ կլինի: Ես միայն մեկ օրինակ բերեցի, նման բան մենք ունենք նաև Սյունիքում և այլ մարզերում:

– Նման խնդիրներ լուծելու համար ինչպիսի՞ մոդելներ կան:

– Վարչատարածքային բաժանման աշխատանքներին պետք է մասնակցեն պատմաբաններ, սոցիոլոգներ և այլք, մարդիկ, որոնք տիրապետում են Հայաստանում պատմականորեն ձևավորված ներքին համայնքային ու միջհամայնքային կապերին և աշխատում են տարածքային կառուցվածքը մաքսիմալ մոտեցնել այդ իրական կապերին: Հակառակ դեպքում ամենաառօրյա հարցերում մարդն ունենում է խնդիրներ, պատկերավոր ասած, հոգով-սրտով կապված է մի կենտրոնին` քաղաքին, բայց պետք է հարցեր լուծի այլ կենտրոնի հետ: Այս իմաստով մենք պետք է ուշադիր լինենք:

– Համայնքների, այսպես ասած` «աշխարհագրական չափերի» առումով Հայաստանում ի՞նչ խնդիրներ կան:

– Սարսափելի մեծ տարբերություններ չկան: Բայց, օրինակ, շատ հավանական է, որ եթե մենք պատմականորեն ձևավորված ավանդույթների ու կապերի մոտեցումը կիրառենք, որոշ փոփոխություններ ունենանք վարչատարածքային կառուցվածքի մեջ: Ես էլ չեմ ասում, որ բավականին լուրջ խնդիր ունենք Արցախում, այնտեղ ունենք շատ ավելի սարսափելի վիճակ, քան այստեղ` Հայաստանում:

– Կառավարությունը, ինչպես գիտեք, իրականացնում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր:  Դրանք այժմեակա՞ն են, դրանց կարիքը կա՞:

– Կրկնում եմ` վարչատարածքային բաժանումը պետք է համապատասխանի պատմականորեն ձևավորված կապերին: Չի կարելի միայն մի խնդիր դնել` խոշորացնել կամ ընդհակառակը` տրոհել: Պետք է համապատասխանեցնելու խնդիր դնել, մենք ուզում ենք ստեղծել տարածքային օպտիմալ կառավարման համակարգ:

Երկրորդ խնդիրն այն է, որ ես բավականին սկեպտիկ եմ վերաբերվում ցանկացած փոփոխության, եթե պետության կառավարման համակարգն անհաջող է: 1991 թ. մենք պետական կառավարման իմաստով ստեղծեցինք շատ անհաջող պետություն, որը, որպես կանոն, աշխատում է իրավիճակային խնդիրներ լուծել «յոլա գնալու» կարգավիճակով: Իսկ եթե ամբողջական կառավարման համակարգն անհաջող է, այս կամ այն հարցում ուղղել կառավարման համակարգը անհնարին է, գոյություն չունի այդպիսի լուծում: Պետք է ամբողջովին փոխել կառավարման համակարգը,  դրա շնորհիվ զուգահեռ լուծել նաև մյուս  խնդիրը:

– Ճի՞շտ հասկացա, համայնքների խոշորացման ծրագիրն իրավիճակային լուծո՞ւմ եք համարում:

– Ես դա չեմ կարող ասել, բայց հստակ կարող եմ ասել, որ դա ստրատեգիկ լուծում չէ: Որովհետև ստրատեգիկ լուծումը սկսվում է ամբողջական կառավարման համակարգը փոխելուց, ոչ թե պետական կառավարման համակարգը մի կողմ դնելով` տարածքների կառավարումն առանձնացնելուց: Եթե փորձում ես մասնավոր դեպքով լավացնել ընդհանուրը, անհնարին է: Ես սկզբունքն եմ նշում: Մարդկությունը հազարամյա պատմության ընթացքում դա ապացուցել է: Կառավարման տեսությունն էլ է դա ասում` մասնավորից չի լինում շտկել ու կարգավորել ընդհանուրը: Միշտ պետք է ընդհանուրը փոխել: Իսկ մեզ մոտ, փաստորեն, 1991 թ. փորձ արվեց Խորհրդային Միությունից եկած կառավարման համակարգը հարմարեցնել անկախ պետության կառավարման համակարգին: Նման բան չեն անում:

համայնքների խոշորացում– Պարո՛ն Մեսրոբյան, իսկ ինչպե՞ս են անում:

– Ամբողջական պետական կառավարման համակարգը պետք է փոխվի` վերից վար: Հայաստանում, ըստ իս, մի քանի մահացու վտանգներ կան: Առաջին` մեր պետական կառավարման համակարգը վարակված է այսպես կոչված Պարկինսոնի հիվանդությամբ, այսինքն` ստեղծվում են բազմաթիվ նոր կառավարող օղակներ, գերատեսչություններ, կոմիտեներ, հանձնաժողովներ և այլն, որոնք ծանրացնում են ամբողջ  կառավարման համակարգը: Եթե նայենք 1991-ից առ այսօր ինչքանով է մեծացել մեր պետական կառույցների ու չինովնիկների թվաքանակը` կսարսափենք: Սա նշանակում է, որ մեր կառավարման համակարգը շատ ծանր հիվանդ է: Երկրորդ վտանգն այն է, որ նույնպես 1991-ից մեզ մոտ հաղթեց այսպես կոչված «բացասական ընտրասերումը»` negative selection-ը: Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է  հավանականությունը, որ այդ պաշտոնը կզբաղեցնի ոչ արժանի թեկնածուն: Եվ երրորդ վտանգն այն է, որ որպես կանոն, նոր ստեղծվող կառույցները պարտադրված են լինում դրսից, կոպիտ ասած, «քոփի-փեսթ» ենք անում: Նման ձևով կառավարման համակարգ չեն ստեղծում: Եթե հարցերի լուծումը սկսվի իմ նշած եղանակով, դա կլինի ճիշտ ճանապարհը:

– Իսկ տարածքային ու տեղական ինքնակառավարման հարցերում Հայաստանն ի՞նչ պետք է  անի, ո՞րը կլինի ամենաօպտիմալ տարբերակը կամ լուծումը:

– Նախ` պետք է հասկանանք, որ իրականում Հայաստան հասկացության տակ չպետք է հասկանանք միայն Հայաստանի Հանրապետությունը, նաև Արցախը` իր ազատագրված տարածքներով, և չպետք է վախենանք, թե միջազգային հանրությունը չի հասկանա և այլն: Ում որ պետք է, թող աշխատի, որ հասկանա… Ու չի կարելի դե ֆակտո եղած ընդհանուր հանրագումարը տրոհել մասնիկների ու փորձել միայն մի տեղում լավացնել իրավիճակը, իսկ մյուս տեղին ձեռք չտալ: Չի կարելի  վերցնել ու վերափոխել Հայաստանի Հանրապետությունն ու համապարփակ մոտեցմամբ դա չանել Արցախում:

Երկրորդ` մենք պետք է պարզ սահմանագիծ տանենք, թե որոնք են այն հարկատեսակները և տուրքերի տեսակները, որոնց եկամտային մասը մնում է տեղական ինքնակառավարման  մարմիններին, ու ավելացնել ՏԻՄ-երի պատասխանատվությունը: Այսինքն` հզորացնելով տեղային բյուջեները` մենք նաև, որպես տրամաբանական շարունակություն, պետք է տեղական իշխանություններից պահանջենք ավելի մեծ պատասխանատվություն ու ավելի մեծ խնդիրների ցանկ: Այս դեպքում ստացվում է, որ կենտրոնական իշխանությունը, որը գտնվում է  Երևանում, ավելի շատ վերահսկողական դեր պետք է կատարի` տարածքների զարգացման իմաստով: Իսկ երբ կենտրոնական իշխանությունն աշխատում է ամեն ինչ կենտրոնացնել պետբյուջեում, իսկ հետո մասհանումներով բաժանել, դա փողի լրացուցիչ պտույտ է,  բացի այդ, տեղերում ավելի լավ գիտեն իրենց խնդիրները, քան այստեղ` Երևանում: Միայն մի խնդիր է առաջանում նման մոտեցման դեպքում` կենտրոնական իշխանությունը պետք է շատ արդյունավետ վերահսկողություն իրականացնի: Գործողությունները տեղափոխվում են դեպի տեղերը, իսկ վերահսկողությունը կենտրոնանում է կենտրոնական իշխանությունների մոտ:

– Եթե Ձեր նշած մտահոգությունները, մոտեցումները համադրենք այսօրվա առաջարկվող համայնքների խոշորացման ծրագրերին, ի՞նչ կարող ենք ասել. դադարեցնե՞ն այդ ծրագրերն ու ավելի ընդգրկուն ու լուրջ ծրագրեր մտածեն, թե՞…

– Առաջարկը հետևյալն է. մենք մի խնդիր ունենք, մնացած խնդիրները դրա ածանցյալներն են: Հայաստան պետությունը, ոչ թե  Հայաստանի Հանրապետությունը, այլ Հայաստան պետությունը վերադիրքավորել որպես ժամանակակից, ագրեսիվ զարգացող և մրցունակ պետություն: Եթե դնում ենք նման նպատակ, հիմնովին պետք է փոխենք մեր պետական կառավարման համակարգը; Այդ խնդիրը լուծելուց հետո նոր Ձեր ասած հարցերն են: Նորից եմ ասում` չի կարելի ամբողջությմաբ հիվանդ օրգանիզմ ունեցող մարդու միայն ձախ ոտքը բուժել, նման բան չեն անում, եթե ամբողջ օրգանիզմն է վարակված, հիվանդ: Գտնում են հիվանդության պատճառներն ու դրանք են վերացնում, ոչ թե վերցնում են մարդու առանձին օրգան և սևեռվում դրա վրա: Այդպես մարդը կմահանա:

Կառավարման մեջ մի շատ պարզ օրենք կա. եթե չգիտես ինչ անել` ոչինչ մի արա:

Ավստրալիայի Լաթրոբ դաշտավայրում ածխահանք է բռնկվել

1132-390x290Ավստրալիայի հարավում, Լաթրոբ դաշտավայրում հրշեջները ստիպված են գետնի տակից հանել ածուխը, որ հանգցնեն կրակը:

Հերթապահ սպա Բոթմանի խոսքով, հրդեհը կարող է վնաս հասցնել դաշտավայրում տեղակայված  Հեյզլվուդ էլեկտրակայանին: Կրակի տարածմանը նպաստում է շոգ եղանակը և ուժեղ քամին: Վիկտորիա նահանգում արդեն այրվել է առնվազն 20 տուն:

Հարևան Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների պատճառով փակ է Սիդնեյը Մելբուռնին կապող մայրուղին: Նախօրեին Մելբուռնում 150 հրդեհ էր մոլեգնում, որոնցից 25 դեռևս մեկուսացնել չի հաջողվել: Մելբուռնի արվարձաններից մեկից  բնակիչների տարհանում է իրականացվում:

Անկախ

ՀԱՀ-ի նախագահի որդին մեղադրվում է մի կնոջ մահվան մեջ

юар1ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զումայի որդին միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի մեջ է ընկել.մի կին է զոհվել:

Դեպքը կատարվել է փետրվարի 1-ին, սակայն դրա մասին հիմա է հայտնի դարձել: Ոստիկանության տվյալներով, Դուդուան Զումայի  վարած Porsche 911-ն, թաց ճանապարհի վրա սահելով բախվել է միկրոավտոբուսին: Հետևանքը եղել է այն, որ 2 մարդ վիրավորվել է, մի կին էլ` մահացել: Որոշ տվյալների համաձայն, կինը Զիմբաբվեի քաղաքացի էր: Ինքը Porsche 911-ի վարորդը լուրջ վնասվածք չունի:

Տեղի ընդդիմության ներկայացուցիչները այդ պատահարի հետաքննության հսկողությունն են ստանձնել.նրանց խոսքով` ոչ ոք օրենիքից վեր չէ:

Անկախ

Սնոուդենն իր նպատակի համար համակարգչային էժան ծրագրեր է կիրառել

сноуден2-390x290Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը հազարավոր փաստաթղթերը Ազգային անվտանգության գործակալությունից էժան համակարգչային ծրագրերի օգնությամբ է  դուրս բերել:

Սնոուդենը կիրառել է ոչ թանկ ու մատչելի ծրագրեր ու արագ պատճենել վեբ-կայքերի տեղեկությունները: Դրա համար նա որոնման իրեն անհրաժեշտ պարամետրեր է ներմուծել:

Հետաքննությամբ պարզվեց, որ Սնոուդենին հասանելի են դարձել 1,7մլն փաստաթուղթ, որոնք նույնիսկ հասարակ  պաշտպանությունից են զուրկ եղել: Բացի այդ, գողությունը շատ արագ կարելի էր հայտնաբերել, սակայն նույնիսկ այդ հարցում են թերացել. ոչ ոք չի արել:

Անկախ

Մերօրյա անեծք` Բոգոյի սպասարկած երթուղուց օգտվես

ավտոկայանԻնչո՞ւ է տրանսպորտի և կապի նախարարությունն աչք փակում խախտումների վրա

Եթե ուզում եք մեկին անիծել, պարզապես մաղթեք, որ միկրոավտոբուսով Երևանից Մարտունի գնա: Դա պատիժ է, որը մարդու թե՛ նյարդերը, թե՛ առողջությունն է քայքայում:

Մարտունեցի 21-ամյա Մարիամն ուսանող է, արդեն 5-րդ տարին է` ապրում է Երևանում: Ասում է, որ առաջին  կուրսում կարոտին չէր դիմանում ու ընտանիքին այցելության էր գնում ամեն երկու շաբաթը մեկ, սակայն երբ ձմեռը վրա հասավ` ստիպված հայրենի քաղաք այցելությունների պարբերականությունը կրճատեց. չդիմացավ Երևանից Մարտունի գնալու, ապա վերադառնալու ճանապարհի դժվարություններին: Հիմա 4-6 շաբաթը մեկ է Մարտունի գնում. «Երթուղայինի վատ աշխատելու պատճառով հարազատներիս շաբաթներով չեմ տեսնում: Ավտոկայանում ամռանը շոգին, ասֆալտի վրա, արևի տակ ենք դաղվելով երթուղայինին սպասում, ձմռանը` ձյան,  սառույցի վրա: Տարիների ընթացքում  ճարպկացել եմ` սովորել եմ կողքիններիս արմունկներով լավ հրել, որ կարողանամ տեղ զբաղեցնել միկրոավտոբուսում. առաջին կուրսում մինչ երկու քայլ էի անում դեպի միկրոավտոբուսը, մարդիկ, իրար հրելով,  բոլոր տեղերը զբաղեցնում էին»:

Հակոբն էլ, որ երեք տարվա ուսանող է, ասում է, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է միկրոավտոբուսով Մարտունի գնացել:  «Ուրբաթ օրը կեսօրից հետո Մարտունի գնացող գազել չկա, կիրակի էլ առավոտյան 11-ից հետո Երևան եկող գազել չկա: Ո՞նց գնամ»,- ասում է նա` հավելելով, որ տաքսիով է գնում-գալիս. ճիշտ է` կրկնակի թանկ է, փոխարենը խնայում է առողջությունն ու ժամանակը:

Տողերիս հեղինակը Երևան-Մարտունի և Մարտունի-Երևան  միջքաղաքային երթուղուց օգտվելու տասը տարվա փորձ ունի: Ցավոք, պետք է փաստել, որ տարեցտարի  երթուղայինի աշխատանքի որակը վատանում է, չնայած այն երբեք էլ բավարար չի եղել:

Եթե նախկինում  հարկավոր էր Հյուսիսային ավտոկայանում լինել 18:30-19:00-ին վերջին երթուղայինով գնալու համար, ապա այժմ ժամը 17-ից հետո Մարտունի գնալն իրատեսական չէ: Նույնը և Մարտունուց Երևան հասնելուն է վերաբերում:

Եթե տարիներ առաջ վարորդները բավարարվում էին լրացուցիչ աթոռիկների վրա 2 ուղևոր նստեցնելով, ապա այժմ պարտադիր է 3-4 լրացուցիչ ուղևորի առկայությունը, այլապես մեքենան տեղից ժամերով  չի շարժվի (մի քանի օր առաջ եմ Մարտունուց Երևան հասել միկրոավտոբուսով, որը 19 ուղևոր էր փոխադրում , վարորդն էլ հետը` 20):

Գնալով ավելի ու ավելի է վատանում նաև միկրոավտոբուսների սանիտարական վիճակը. կեղտոտ  ու ջարդված նստարաններ, անգամ զզվելի է դրանց վրա նստելը, ջարդոտված հատակ, կեղտից խամրած ապակիներ ու ամեն կողմից անցքեր, որտեղից ձմռանը ցուրտը ներս է սողոսկում:

Տարիների ընթացքում միայն մի բան չի փոխվել` վարորդները շարունակում են ճանապարհին ռաբիս երգեր լսել ու անդադար ծխել:

Պակասել է նաև երթուղին սպասարկող միկրոավտոբուսների թիվը, կամ գուցե ուղևորահոսքերն են շատացել: Այժմ  առավոտյան առաջին միկրոավտոբուսին հասար` լավ, եթե ոչ, ապա ստիպված կլինես դրսում ժամերով սպասել, մինչև մի միկրոավտոբուս հայտնվի: Սակայն, եթե միկրոավտոբուսը կարող է 18-19 ուղևոր տանել, ապա այդ ժամերի ընթացքում դրսում առնվազն 30 մարդ է հավաքվում: Ու մշտապես քաշքշուկից ու լեզվակռվից (երբեմն ոչ միայն) հետո 8-10 մարդ դրսում է մնում, եթե օրվա վերջ է, նաև Երևան կամ Մարտունի չի հասնում:

Պետք է նշել, որ չնայած միկրոավտոբուսները չեն հասցնում բավարարել պահանջարկը և պատշաճ կերպով սպասարկել ուղևորներին, տաքսիների աշխատանքը Հյուսիսային ավտոկայանում արգելված է: Մի անգամ չէ, որ պատահել է. ժամեր շարունակ միկրորավտոբուսի սպասելուց հետո փորձել եմ տաքսի կանչել Մարտունի հասնելու համար: Ամեն անգամ մերժում եմ ստացել: Իսկ ծանոթ վարորդներից մեկն էլ բացատրեց. «Եթե տեսնեն, որ ուղևոր եմ վերցնում Մարտունի տանելու համար` կծեծեն»:

Չնայած իրավիճակին,  տրանսպորտի և կապի նախարարությունից հավաստիացնում են, որ երթուղու վատ աշխատանքի մասին դիմում-բողոքներ չեն ստացել:

Տրանսպորտի և կապի նախարարությունից, «Անկախի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են, որ թիվ 306 Երևան-Մարտունի երթուղու սպասարկման վերջին մրցույթն անցկացվել է 2012 թ. հոկտեմբերի 18-ին, 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2016 թվականի նոյեմբերի 16-ը, իսկ թիվ 307 Մարտունի-Երևան երթուղունը` 2013 թ. փետրվարի 8-ին, նույնպես 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2017 թ. փետրվարի 19-ը:

Միջմարզային  երկու միկրոավտոբուսային երթուղիներն էլ  շահագործում է «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ն:

Պետք է նշել, որ մինչ այդ էլ երթուղին նույն ընկերությունն է շահագործել, և հարց է առաջանում. նման սարսափելի սպասարկման պարագայում ինչպե՞ս է ընկերությունը կրկին շահել մրցույթը:

Երևան-Մարտունի երթուղին սպասարկում են 5, իսկ Մարտունի-Երևան երթուղին` 4 միկրոավտոբուսներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունից «Անկախին» տեղեկացնում են, որ երթուղին աշխատում է հստակ չվացուցակով` առաջին երթուղայինը Երևանից Մարտունի է ուղևորվում 10-ին, վերջինը` 18:30-ին, իսկ Մարտունուց Երևան` առաջինը 8-ին, վերջինը` 18:00-ին: Ըստ չվացուցակի` ամեն 1-1,5 ժամվա ընթացքում մեկ երթուղային է ճանապարհ դուրս գալիս: Սակայն  իրականում որևէ չվացուցակ չի գործում, և միկրոավտոբուսը (եթե, իհարկե, լինում է) ճանապարհ է ընկնում այն ժամանակ, երբ իր ուզած թվով ուղևորներ է հավաքում: Երկրորդ` տրամաբանական հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է, որ Վարդենիսի կամ Գավառի տարածաշրջաններից ավելի շատ բնակիչներ ունեցող Մարտունիում  երթուղայինը կրկնակի նվազ պարբերականությամբ  է աշխատում: Գավառում և Վարդենիսում Երևան մեկնող հասարակական տրանսպորտն աշխատում է 30-40 րոպեն մեկ պարբերականությամբ, երթուղի են դուրս գալիս չվացուցակում նշված ժամին, եթե անգամ մի քանի ուղևոր է նստած:

«ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ում վերջին թեմատիկ ստուգումը նախարարությունն անցկացրել է 2013-ի հոկտեմբերին: Ստուգման ժամանակ, ըստ ՏԿՆ-ի, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք «սահմանված ժամկետում ընկերության կողմից  վերացվել են» (սակայն վերոնշյալ խնդիրներից և ոչ մեկը չի լուծվել ու չի մեղմվել):

Համացանցը փորփրելուց պարզ դարձավ, որ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ն  գրանցված է  Երևանում` Նորագյուղ 119  հասցեում, պատկանում է ոմն Բոգոյի, որը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներից է: Բոգո մականունով անձի հետ «Անկախն» առնչվել է 2013-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նորագյուղի 9/27 և 9/28 ընտրատեղամասերում Բոգո անունով անձն ընտրողներին ազատ ուղղորդում էր, թե որ քվեատուփին մոտենան, հանձնարարականներ էր տալիս Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներին և հասցրեց անգամ սպառնալ տվյալ պահին ընտրատեղամասում գտնվող դիտորդին, որը բարձրաձայնել էր իր տեսած խախտման մասին:

«ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ի մասին ողջ  տեղեկատվությունը խնամքով քողարկված է. այն գրանցված չէ որևէ տեղեկատվական համակարգում, հատուկենտ հրապարակումները չհաշված, ընկերության անվանումը առկա է միայն ՏԿՆ կայքում:

Հաշվի առնելով այն, թե ում է պատկանում երթուղին սպասարկող ընկերությունը, հասկանում ես, թե ինչու է երթուղին այդքան վատ սպասարկվում, ինչու է հենց այդ ընկերությունը հաղթել մրցույթում և ինչու ՏԿՆ-ն բողոքներ չի ստանում և  տեղյակ էլ չէ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ»-ի խախտումների մասին: Մեկ այլ հարց էլ է առաջանում. էլ ինչի՞ համար են ոլորտը կարգավորող օրենքները և տրանսպորտի ու կապի նախարարությունը, եթե ոմն քրեական հեղինակություն կարող է բացահայտ  անտեսել այդ ամենը: