Monthly Archives: May 2014
Չինաստանը վերածվում է միայնակների երկրի
Ժամանակակից Չինաստանում նախկինում գոյություն ունեցող բազմանդամ, սերնդաշատ ընտանիքի պատկերը փոխվել է: Նման եզրակացություն է արել պաշտոնական իր զեկույցում Չինաստանի ազգային առողջության ու ընտանիքի պլանավորման հանձնաժողովը: Գործակալությունն ուսումնասիրել է երկրի ժողովրդագրական պատկերը, որը ցույց է տալիս, որ չինական ընտանիքները դարձել են ավելի մեկուսացված` քիչ զավակներով: Իրավիճակը մտահոգում է որոշ չինացի տնտեսագետներին ու քաղաքական գործիչներին:
Ընտանիքները դառնում են ավելի փոքր և պատճառը միայն ընտանիքի պլանավորման պետության քաղաքականությունը չէ. 1950թթ.-ականներից առաջ Չինաստանում ընտանիքները միջինում 5.3 մարդուց էին բաղկացած, սակայն արդեն 1990թթ.-ականներին ցուցանիշը հասել է միջինը 3.9 մարդու, 2012թ.-ին` միջինում 3.02 մարդ և գնալով ցուցանիշը նվազում է: Այդ զեկույցի համաձայն` ողջ ազգի 40 %-ն այժմ բաղկացած է ամենաշատը երկու անդամից, իսկ 2010թ.-ին երկու անդամից բաղկացած ընտանիքների թիվը հասել է 68%-ի: Շատերը նախընտրում են զբաղվել իրենց կարիերայով, տեղափոխվել խոշոր քաղաքներ, իսկ ընտանիքն ու երեխաների ծնունդը մղվում է հետին պլան:
Զի Հիեֆեյը` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսորը կարծում է, որ Չինաստանը գնալով չի կարողանալու ապահովել կայուն աճ` ելնելով նման ժողովրդագրական պատկերից: Շատերը մեղադրում են Չինաստանի քաղաքական գործիչների կողմից վարվող ընտանեկան պլանավորման քաղաքականությունը, որով սահմափակվում է ընտանիքների անդամների թիվը` մեկ երեխա ունենալու թույլտվությամբ: Թեև 2012թ.-ի բարեփոխումները ենթադրում էին 2 երեխա ունենալու թույլտվություն, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հաղթական նորամուտը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ առաջին խաղն անցկացրեց:
Այն Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում, ուժերը չափելով ԱՄԷ ընտրանիի հետ, հաղթեց 4:3 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ ավագի թևկապով խաղադաշտ մտած Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա աչքի ընկավ 42-րդ և 67-րդ րոպեներին:
Մեր թիմից հաշիվը 37-րդ րոպեին բացել էր Չեխիայի «Պրիբրամի» պաշտպան Լևոն Հայրապետյանը: Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն էլ իր նորամուտը ազգային թիմում տպավորիչ նշեց: Նա էլ 71-րդ րոպեին կատարած գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:
Ուշագրավ է, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գոլային երեք փոխանցում կատարեց:
Հավելենք, որ ԱՄԷ ընտրանին շարունակ հետապնդողի դերում էր, և մերոնք կարողացան խաղը հասցնել հաղթական վերջաբանի:
Տեխնիկական արդյունքներ
ԱՄԷ-Հայաստան՝ 3:4
Ահմեդ (40), Աբդուլռահման (52), Սալեմ (85) – Հայրապետյան (37), Մխիթարյան (42, 67), Հովսեփյան (71)
Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով “ԱզՎիժոն” կայքին:
Ըստ տեղեկության` հունիսի 4-ին Իլհամ Ալևը Բոդրումում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Հանդիպումը տեղի կունենա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում: Իլհամ Ալիևից բացի` նիստին կմասնակցեն նաև Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահներրը:
Նշենք, որ խորհրդի նախորդ հանդիպումը կայացել է 2013թ.-ին Ադրբեջանում` Գաբալայում:
Եկել է Թուրքիայի վերածննդի ժամանակը. Թայիփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը նշել է, որ եկել է Թուրքիայի տնտեսական և ազգային վերածննդի ժամանակը: Էրդողանի խոսքերով՝ մի շարք երկրներ տեսել են պատերազմներ, սակայն դա չի խանգարել, որ դրանք վերածնվեն: Սակայն չգիտես ինչու Թուրքիայի պարագայում վերածնվել չի հաջողվել: Ըստ վարչապետի՝ ամեն անգամ, երբ Թուրքիան բռնում էր վերածնման ճանապարհը, ահաբեկչությունները և մի շարք քաղաքական իրադարձությունները խափանում էին այդ գործընթացը: «Կան ուժեր, որոնք ձգտում են պառակտել Թուրքիան, սակայն դա երբեք տեղի չի ունենա», – նշել է վարչապետը:
Էրդողանը ընդգծել է նաև, որ Թուրքիան մեծ ծրագրեր ունի տարբեր ոլորտներում և մոտ ապագայում պատրաստվում է դրանք ի կատար ածել: Նշենք, որ վերջերս Թուրքիայի Ժողովրդա- հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել էր Էրդողանին՝ նշելով, որ վերջինս Թուրքիային ներքաշում է ներքին հակասությունների մեջ:
Հենրիխ Մխիթարյանի նոր խաղընկերն Իտալիայից է
Հենրիխ Մխիթարյանի ակումբը`Դորտմունդի «Բորուսիան», 22 մլն եվրո կվճարի ֆուտբոլի Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեին գնելու համար:
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենթուսին» և «Տորինոյին»:
Իտալիայի ավարտված առաջնությունում «Տորինոյի» կազմում հանդես եկած Իմոբիլեն մրցակիցների դարպասը 22 գնդակ էր խփել և ճանաչվել լավագույն ռմբարկու:
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` Չիկագոյի մրցաշարի հաղթող
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց առաջին տեղը:
Նույնպիսի արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Պրիյադհարշան Կանապանը (Հնդկաստան), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:
Հավելենք, որ մեր երկրի ներկայացուցիչն այս մրցաշարում հաղթել էր նաև 2012-ին:
Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 100 հազար դոլար էր:
Անչափահաս դատապարտյալները թատրոն են այցելել
ՀՀ ԱՆ աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ
«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի աջակցությամբ մայիսի 27-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահաս դատապարտյալներն այցելեցին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն՝ դիտելու «Սասունցի Դավիթ» ներկայացումը։ Միջոցառման նպատակն էր անչափահաս դատապարտյալներին հաղորդակից դարձնել մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային անցուդարձին: Այն ուղղված է նրանց կրթական-դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև նպաստելու է անչափահաս դատապարտյալներին մեր հասարակության լիարժեք անդամներ դառնալուն և նրանց սոցիալիզացմանը: Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:
Վերջին ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տոհմական ցլիկի գողության հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը և հասցեները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դոնեցկում կորել են ԵԱՀԿ-ի դիտորդները
Դոնեցկում ԵԱՀԿ դիտորդական խմբերից մեկի հետ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության կապը ընդհատվել է: Չորս հոգուց բաղկացած դիտորդները առաքելության հետ կապը կորցրել են երեկ, մայիսի 26-ին:
“Թիմը Դոնեցկի արևելքում կատարում էր սովորական հերթապահություն, երբ նրա հետ կապն ընդհատվեց: Առայժմ այն հնարավոր չէ վերականգնել”-Եվրոպայում անվտանգության և համագործակցության Կազմակերպության կայքից վկայակոչում է “Интерфакс“-ը: Մենք շարունակում ենք ջանքեր թափել, օգտագործելով տեղի մեր կապերը, գտնելու համար դիտորդների գտնվելու վայրը”:
ԵԱՀԿ-ն տեղեկացրել է Կիևին և Դոնեցկի իշխանություններին առաքելության դիտորդների խնդրի մասին:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հորդորում է Կիևին վավերացնել ԵԱՀԿ-ի հուշագիրը, որը ապահովում է միջազգային կազմակերպությունների անդամների անձեռնմխելիությունը Ուկրինայում: Նա ընդգծել է, որ չորս կորած դիտորդների մեկը Թուրքիայի քաղաքացի է:
Մայրաքաղաքում քանդվել է հերթական ապօրինի կառույցը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Չնայած ինքնակամ կառույցների թիվը հետևողական վերահսկողության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ կան: Հերթական ապօրինաշինությունը հայտնաբերվել և քանդվել է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի բակում: Շինությունը դեռևս 2009 թվականին դատարանի վճռով ճանաչվել է պետական սեփականություն, քանի որ այն զբաղեցրել է հանրային սեփականություն հանդիսացող հողատարածք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համապատասխան որոշմամբ՝ շենքի կցակառույցը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից ամբողջովին ապամոնտաժվել է, իսկ ազատված տարածքը վերադարձվել է շենքի բնակիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բաղդադի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ
Երեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շիաների մզկիթը: Պայթյունի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել 43 մարդ:
Մահապարտ ահաբեկիչը մտել է Բաղդադի Շորժա շրջանի շիաների մզկիթ, երբ հավատացյալները ներսում պատրաստվում էին կեսօրվա աղոթքին:
Բաղդադում ռումբ է պայթել նաև շիաներով բնակեցված արևելյան հատվածի բանջարեղենի շուկայում, որի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, իսկ հինգը վիրավորվել: Մեկ այլ ռումբի պայթյուն տեղի է ունեցել հարավային Դորա շրջանի ոստիկանական պահակակետում, որի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել է վեց այլ մարդ:
Երեք բժշկական ոլորտի պաշտոնյաներ հաստատել են մահացածների թիվը:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ 2008թ-ից ի վեր անցած տարին ամենամահաշատն է եղել Իրաքում, որի ընթացքում զոհվել է 8,800 մարդ՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ:
Փոլ Մաքարտնին հեռացել է Ճապոնիայից
Նախկին բիթլ Փոլ Մաքարտնին վիրուսային վարակից առողջանալուց հետո հեռացել է Ճապոնիայից:
71-ամյա երգիչը երկուշաբթի օրը չարտերային թռիչքով հեռացել է Ճապոնիայից, և ըստ տեղեկությունների՝ մեկնել է Լոնդոն:
Մաքարտնին առեղծվածային վիրուսով հիվանդացել էր մայիսի 16-ին՝ համերգային շրջագայության նպատակով Ճապոնիա ժամանելուց մեկ օր անց:
Նա հետաձգել էր Ճապոնիայում տեղի ունենալիք համերգները՝ հիասթափեցնելով իր երկրպագուներին, որոնց մի մասը 980 դոլար էր վճարել նրան տեսնելու համար:
Նախատեսվում էր, որ մայիսի 28-ին Մաքարտնին հանդես կգա նաև Սեուլում: Սա կլիներ նրա առաջին համերգը Հարավային Կորեայում:
Այսօր համերգի կազմակերպիչները հայտնել են, որ Մաքարտնին հույս ունի որքան հնարավոր է շուտ վերադառնալ Ճապոնիա այնտեղ համերգներ կազմակերպելու նպատակով:
Հիվանդության ընթացքում նրա կինը՝ 53-ամյա Նենսի Շեվելը նրա հետ է եղել:
Փոլը ԱՄՆ-ում իր համերգային շրջագայությունը կսկսի հունիսի 14-ին, որի ընթացքում կունենա 18 համերգ: Շրջագայության վերջում նա հանդես կգա Քենդլսթիք Փարք ստադիոնում, որտեղ 1966թ-ին տեղի է ունեցել Բիթլզի վերջին հանրային ելույթը:
Նկարիչը վիրաբույժից վերցրել է իր սեփական ոսկորը և արգանակ եփել
Նորվեգացի էքսցենտրիկ նկարիչ Ալեքսանդր Սելվիկ Վենգշելը համոզել է բժիշկներին իրեն տալ իր կոնքոսկրը, որը 21-ամյա երիտասարդին բարդ վիրահատություն կատարելիս փոխարինել էին մետաղական պրոթեզով : Երիտասարդը վերադառնում է տուն, եփում իր կոնքոսկրը և ուտում է այն: Նա ասում է, որ կերակուրը հիանալի էր , հաղորդում է Mirror-ը:
Նկարիչը մանկուց տառապում էր կոնքոսկրի դեֆորմացիայով: Մինչև 21 տարեկանը նա շարժվում էր միայն հաշմանդամի սայլակով կամ հենակներով: Վերջապես որոշելով գնալ բարդ վիրահատության` նկարիչը խնդրել է բժիշկներին նախ վիրահատության ժամանակ կատարել մի քանի լուսանկար, երկրորդ`տալ իրեն իր կտրած ոսկորը, երբ ամեն ինչ կվերջանա:
Վերադառնալով տուն, նկարիչը արգանակ է եփում կոնքոսկրից, որի վրա կային մարմնի մնացորդներ: “Սկզբում ես ուզում էի օգտագործել ոսկորն իմ որևէ աշխատանքում: Ես չէի պլանավորել այն ուտել, բայց հետո մտածեցի այն եփել:Դա շատ տրամաբանական է”, – պատմել է նկարիչը:
“Ես իմ մի մասը գցեցի եռման ջրի մեջ, սպասեցի, որ միսն անջատվի ոսկրից: Ընդ որում մարմնի որոշ մասեր այնուամենայնիվ ոսկորի վրա մնացին:Այդ ժամանակ ես մտածեցի, որ այդպիսի շանս ամեն օր ինձ չի հանդիպի: Ես կերա իմ սեփական մսից փոքրիկ կտոր և այն ինձ դուր եկավ: Նա ոչխարի մսի համ ուներ”,-հայտնել է նորվեգացին:
Բացահայտում Մայիսյանում. 700.000 դրամի նյութական վնաս պատճառողը ձերբակալվել է
Մայիսի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Արմեն Ս.-ն և hայտնել, որ Մայիսյան գյուղի իր տնից գողացել են համակարգիչ, կենցաղային իրեր և շինարարական գործիքներ` պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզվել են, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Դավիթ Վ.-ն:
Գողոնն առգրավված է:
Դավիթ Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիր
Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդել Թումանյանի համախմբի համար (Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Չկալով, Դսեղ, Ձորագետ համայնքներ)
Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի ներկայացում
27 մայիս, 2014թ., ք. Թումանյան: Մայիսի 27-ին ՀՀ Լոռու մարզի Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Թումանյան քաղաքի շրջակա Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Չկալով, Դսեղ, Ձորագետ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով ՏՏԶ մոդելի մշակումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին: «Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ընդգրկված համայքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին»,- ասել է ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա: Մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա կազմակերպվելու են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Միջոցառման մասնակիցներն էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին համախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայքների տնտեսական զարգացմանը: Արդյունքները ներկայացրին ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչները և փորձագետները:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Դոլարը՝413.75 դրամ
Սյունիքի աղմկահարույց գործն ուղարկվել է դատարան.Փաստինֆո
Անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:





