Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 119 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծնողներ, հյուրեր:
Հայաստանի վարչապետը կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել կանաչ ճանապարհ. «Ես հպարտ եմ ձեզանով՝ մեր ապագա սերունդով, և որպես երկրի վարչապետ շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի լավ աշակերտներ»: Հաջողության հասնելու համար կառավարության ղեկավարը հորդորել է դպրոցականներին լավ սովորել և փորձառություն ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանը նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին ազգանվեր գործունեության՝ ապագա սերունդներին հայրենասիրական ոգով կրթելու և պիտանի մարդ դաստիարակելու համար: Այնուհետև վարչապետը դիտել է շրջանավարտների պատրաստած տոնական համերգ-միջոցառումը, որի ընթացքում դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով:
Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր դպրոցական տարիներին, գործադիրի ղեկավարը նշել է. «Դպրոցական տարիներն ինձ համար հիշարժան տարիներ են եղել, և այն, ինչ այսօր հորդորեցի ապագա սերունդին, մեր շրջանավարտներին, անկեղծ էր: Համոզված եմ՝ եթե լսեն իմ հորդորը, անպայման հաջողություններ կունենան իրենց կյանքում»: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ այսօր գիտելիք ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ կան, քան իր ուսանած տարիներին, և իշխանությունը կանի ամեն ինչ՝ ապագա սերունդի կրթման և դաստիարակման անհրաժեշտ միջավայրն ստեղծելու համար: «Նման հանդիպումներից հետո միշտ ոգևորվում եմ և հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունն ունենալու է փայլուն ապագա, և մենք ապագայում ունենալու ենք հզոր Արցախ, հզոր Հայաստան», – եզրափակել է երկրի վարչապետը:
Monthly Archives: May 2014
Ինչո՞ւ հավատանք կառավարությանը, եթե իրենք մեզ չեն հավատում և չեն վտսահում անգամ վերահսկման ֆունկցիա. Ռուբեն Հակոբյան
Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ երեկ կայացած կառավարության ծրագրի քվեարկությանը: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քառյակի միավորումն ու չքվեարկելը, քաղաքական մեծամասնության լեզվով ասած, ՛՛իրատեսական էր, խստապահանջ և ականջալուր՛՛:
՛՛Իրատեսական էր, որովհետև, եթե կառավարության ծրագրից խոստումները դուրս հանենք, կտեսնենք, որ մնացած կետերն իրականացնելու մեխանիզմներ ու հնարավորություններ կառավարությունը չի մշակել: Կառավարությունը կկարողանար հասնել ընդդիմության աջակցությանը, եթե գոնե մի քանի օգտակար և վստահելի օրինագծեր մտցներ ծրագիր, օրինակ, եթե տային վերահսկող ֆունկցիա ընդդիմությանը, կամ առաջարկեին փոփոխություններ ընտրական օրենսգրքում, քանի որ մեծամասնականը ուղղակի այլանդակում է ընտրական պրոցեսը: Ինչո՞ւ հավատանք կառավարությանը, եթե իրենք մեզ չեն հավատում և չեն վստահում անգամ վերահսկման ֆունկցիա, – հավելեց Ռուբեն Հակոբյանը և անցավ երկրորդ կետին,- խստապանաջ, որովհետև, չնայած կառավարությունը մեզ ոչ մի լծակ չի տալիս, բայց մենք մեր ունեցած լիազորութունների սահմանաներում խստապահանջ ենք լինելու և հետևողական: Եվ երրորդ, ականջալուր՝ պոետական եզրույթ, որովհետև մեր քվեարկությամբ մենք ականջալուր էինք հասարակության ձայնին: Հասարակությունը դժգոհ է և՛ կառավարությունից, և՛ այս ծրագրից՛՛:
Այսօր արդեն 6 ավտոմեքենա է տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք
Մայիսի 23-ին, ժամը 11.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը վարել են անչափահասներ, 4-ի վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել, իսկ մեքենաներում գտնվող երեխաները երթևեկում էին պատուհաններից կիսով չափ կախված:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:
Բենզալցակայանի մոտ վիճաբանել են, ապա կրակել
Մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986 թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980 թ. ծնված Վարդան Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը և Է. Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:
Էդվին Թադևոսյանը և Մաթևոս Կարապետյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Արդարադատության նախարարը շնորհավորել է շրջանավարտներին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելեց Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ:
Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն: «Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. «Կյանքիցս շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ»»,- պատմեց Հովհաննես Մանուկյանն ու շրջանավարտներին մաղթեց ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն կատարածի ու ապրած կյանքի համար:
Նախարարի խոսքով՝ սա անչափ կարևոր ու պատասխանատու պահ է, մեր երիտասարդներին ճիշտ ուղու վրա դնելու, ճիշտ քաղաքացի դաստիարակելու, հայրենասեր սերունդ ունենալու համար: «Կրթությունն այն կարևոր ինստիտուտն է, որը մարդուն օգնում է գտնելու իր ուրույն տեղն ու դերը հասարակական կյանքում: Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, պատրաստված, գիտակից և վստահ քաղաքացիներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և գիտեն, թե ինչպես կարելի է հասնել համընդհանուր նպատակների ճիշտ իրացմանը՝ դրսևորելով բարձր իրավագիտակցություն, հոգատարություն և սրտացավ վերաբերմունք մեր երկրի, մեր ժողովրդի ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ»,- ասաց նախարարը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություն ուսման ու աշխատանքի մեջ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը
Քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կամիսար Պողոսյանը ձերբակալվել է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
ՀՔԾ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում. Մամեդյարով
Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է խորհրդարանականների հարցերին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նիստի ընթացքում այլ հարցերի հետ մեկտեղ Մամեդյարովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ դրա լուծման դիվանագիտական ուղիները դեռ չեն սպառվել։
“Մադրիդյան առաջարկները շատ իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում, սա խորը հակամարտություն է։ Անհրաժեշտ է վերացնել դրա հետևանքները, այնուհետև մարդկանց միջև վստահության մթնոլորտ ստեղծել: Հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, քանի որ դա գրգռիչ գործոն է”,- նշել է Մամեդյարովը:
«Վերջին զանգին»` Պուշկինի անվան հարազատ դպրոցում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում մասնակցեց «Վերջին զանգի» միջոցառմանը:
«Սիրելի ուսուցիչներ, սիրելի շրջանավարտներ, անչափ սիրելի առաջին դասարանացիներ, թույլ տվեք կթական մայր օջախում` Պուշկինի անվան դպրոցում ողջունել բոլորիդ և հույս հայտնել, որ երկար տարիներ, տարբեր սերունդներ իրավունք կունենան գալ և ձեզ ներկայանալով ասել. «Այո, ես ավարտել եմ այս դպրոցը և իմ հիմնական կրթական հաջողությունները սկսվել են հենց այստեղից»,- ընդգծեց Մուրադյանը:
Հուզմունքով վերհիշելով բազմաթիվ իր ուսուցիչներին, նա իր խորը երախտագիտությունը հայտնեց կրթօջախի հանդեպ։
Նախարարը հույս հայտնեց, որ այս դպրոցի շրջանավարտները ուր էլ լինեն, ինչ հաջողությունների էլ հասնեն չեն կորցնի մարդկային այն տեսակը, որի ձևովորման գործում իր մեծ ներդրումն ունի Պուշկինի անվան դպրոցը:
«Անսպառ բարիություն, հանդուրժողականություն եմ մաղթում: Եվ որպես բժիշկ ցանկանում եմ, որ լինենք նաև առողջ»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նաև պատմեց, որ հետագայում, բժշկության մեջ առաջին քայլերն անելիս, ավարտական դասարաններում ստիպված է եղել կրթություն ստանալ հեռակա ուսուցմամբ և միաժամանակ աշխատել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում որպես սանիտար:
«Հիշողությունները ոչ միայն շատ ջերմ են, այլև հուզիչ։ Այսօր այստեղ ներկա են նաև շրջանավարտների ծնողները, որոնցից շատերը ճանաչված մարդիկ են: Այս դպրոցը իր պատմության մեջ բազմաթիվ սերունդներ է դաստիարակել և կրթել, ովքեր այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այսպես ասած «պուշկինասֆերան», անշուշտ, իր ուրույն տեղն ունի մեր քաղաքում արժեքներ ձևավորելու գործում: Ես հպարտությամբ եմ հիշում իմ դպրոցը, դասարանցիներին, ուսուցիչներին։ Երբ դպրող էի հաճախ, ուզում էի շուտ դուրս գալ, անգամ փախչել դասերից, բայց այսօր մի պահ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս շենքից դուրս գալ չեմ շտապում»,- հավելեց նախարարը:
Նախարարը դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, ինչպես նաև փոխտնօրեն Մարիետա Մատղաշյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցով` ծանոթացավ ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարանին:
Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Ուկրաինան շարունակում է «ռինգ» մնալ աշխարհաքաղաքական խաղացողների համար
Ուկրաինական ճգնաժամը սուր հակասություններ է առաջացրել Արևելքի և Արևմուտքի միջև:
Ամերիկացի փորձագետ, Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մակադամսի կարծիքով` Արևմուտքի համար ամենաշահավետ դիրքորոշումը ներկայիս հանգամանքներում կարող է լինել չմիջամտելու քաղաքականությունը: «Ռուսաստանի հետ հակամարտությունը չի բխում որևէ մեկի շահերից: Կարծում եմ` եվրոպացիները հասկանում են դա, ինչի մասին վկայում է, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումը», – նշել է փորձագետը:
Բայց Արևմուտքը տուրք է տալիս ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքի թելադրանքով ստեղծվող լարվածությանը:
Ուշագրավ է ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Յուջին Ռումերի և հիմնադրամի հետազոտական աշխատանքների գծով փոխնախագահ Էնդրյու Վայսի դիտարկումն ուկրաինական Ճգնաժամի վերաբերյալ Politico Magazine պարբերականում հրապարակված հոդվածում. «Ճգնաժամը հետզհետե ցածրորակ քաղաքացիական պատերազմ է հիշեցնում: Սիրողական տեսանյութերում առկա անիմաստ բռնությունները սովորական երևույթ են դառնում»:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ մայիսի 14-ին հայտարարեց, որ Ուկրաինայում սուր ներքաղաքական ճգնաժամը մոտ է վերաճելու քաղաքացիական պատերազմի, և ակնարկեց բանակցությունների անհրաժեշտության մասին:
Վերջին շրջանում արդեն հարյուրավոր զինվորականներ, ցուցարարներ ու խաղաղ քաղաքացիներ են զոհվել Օդեսայում, Սլավյանսկում, Կրամատորսկում, Լուգանսկում, հարակից գյուղերում, ամենուր: Այնպես որ, Ուկրաինային ոչ թե սպառնում է քաղաքացիական պատերազմ, այլ երկիրը, եթե կարելի է Ուկրաինային դեռ այդպես կոչել, արդեն իսկ քաղաքացիական պատերազմի մեջ է:
Մեկ այլ ուշագրավ փաստ էլ է արձանագրվում: Ճգնաժամի ալիքն օգտագործելով` ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի սահմաններին ավելի ու ավելի մոտիկ ամրապնդել իր դիրքերը: Այս առումով բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ ու կոչեր են հնչել: Վերջիններից էր մայիսի 15-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը. «Եթե պատրաստակամություն չլինի ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը ԵՄ արևելյան սահմանային երկրներում, կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը սոսկ հռչակագիր է»:
Նրա խոսքով` Դաշինքի ենթակառուցվածքը և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն ավելի մեծ ներկայություն պետք է ունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքը ստիպված կլինի քննարկել Արևելյան Եվրոպայի երկրներում մշտական հիմքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: Բարձրաձայնվեց անգամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Իհարկե, Մոսկվան կտրականապես դեմ է դրան: «Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու փորձերը շատ բացասական են ազդելու եվրոպական անվտանգության համակարգի վրա, և մենք կտրականապես դեմ ենք»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Մինչ ռուսական կողմը սպառնում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կապակցությամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում` կապված Վրաստանի հանդեպ Մոսկվայի հնարավոր քայլերի հետ: ԱՄՆ դեսպանն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Վրաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու հարցը, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:
Նման հայտարարությունները կարծես միտված էին ստիպելու, որ ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանից հետ քաշվեին: Բայց եթե ՆԱՏՕ-ն որոշի կայաններ տեղակայել Վրաստանում, ապա ռուսական զորքն ավեի շուտ կկապիտուլացնի Թբիլիսին, քան թույլ կտա, որ իր քթի տակ ՆԱՏՕ-ական բազա հայտնվի:
Սա, ինչ խոսք, հայտնի է արևմտյան քաղաքականության «հաշվապահներին»: Ուստի ԱՄՆ-ին մնում է դարձյալ դիմել ավելի փորձված քալերի` տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների: Այդ պատժամիջոցների դեմ արտահայտվողներին, ի դեպ, բացի Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից, միացավ նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Արևմուտքի «պատժամիջոցները» Ռուսաստանում միայն ժպիտ են առաջացնում
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, The Wall Street Journal-ում ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսը, որ այժմ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավարն է, գրեց, թե Կրեմլի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է էժանացնել ռուսական նավթը, իսկ դրա համար պարտադիր չէ պայմանավորվել «սև ոսկի» արդյունահանող երկրների հետ:
«Հաշիվները սառեցնելուն և Պուտինի մտերիմների համար վիզաները չեղարկելուն Կրեմլը միայն հորանջելով է պատասխանում, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները հրապարակայնորեն այդպիսի միջոցներին գրեթե չեն աջակցում: Մեկ բարելի դիմաց նախկին 117 դոլարի փոխարեն նավթի գինը 60 դոլար դարձնելը շատ շահավետ կլինի Արևմուտքի, Չինաստանի և Հնդկաստանի համար»,- ասել է նա:
Թերևս իրավացի է ԿՀՎ նախկին ղեկավարն արևմտյան պատժամիջոցների դեմ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում: Հիշենք թեկուզ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կապված պատմությունը, որ չմտավ Եվրամիության պատժամիջոցների ցուցակ իր եվրոպացի գործընկերների շնորհիվ: Գերմանական, ֆրանսիական և իտալական էներգակոնցեռնների ղեկավարները քաղաքական գործիչներին ստիպեցին հանել նրա անունը ցուցակից` զգուշանալով բիզնեսին սպառնացող հետևանքներից: Արևմուտքը հատկապես մտքափոխվեց այն բանից հետո, երբ Միլլերն ակնարկեց, որ պատժամիջոցների շարունակության դեպքում «Գազպրոմը» կհայտնվի սնանկացման եզրին: Սա, ավեի շուտ, ակնարկ չէր, այլ սպառնալիք: Որովհետև փաստ է` Եվրոպային մատակարարվող գազի 30 տոկոսից ավելին բաժին է հասնում ռուսական գազին: Ու եթե «Գազպրոմը» որոշի, որ սնանկ է, ապա ԵՄ-ում էներգետիկ, հետևաբար նաև արդյունաբերական, տնտեսական, սոցիալական լուրջ ճգնաժամ կսկսվի: Սա, բնականաբար, Եվրոպայի երազանքը չէ:
Ենթադրենք, թե Եվրոպան էլ, իր հերթին, Ռուսաստանին պատժելու համար կարող է հրաժարվել ռուսական գազից: Սակայն այդ դեպքի համար էլ Ռուսաստանը պահեստային տարբերակ ունի: Մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան: Այսինքն` Ռուսաստանն էլ տնտեսական հակապատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ունի, հենց միայն գազի առումով, եթե չհաշվենք, օրինակ, եվրոպական գիգանտ կորպորացիաների դուստր ձեռնարկությունների առկայությունը Ռուսաստանում: Եվ այս օրերին Ռուսաստանն իր այդ հակաքայլերի, այսպես ասած,«զորավարժություններն» է անցկացնում Ուկրաինայում` ցույց տալով Եվրոպային, թե ինչ կարող է անել` պարզապես գազի խողովակի փականի հետ «խաղալով»:
«Գազպրոմի» տվյալների համաձայն, Ուկրաինան գազի դիմաց պարտք է մոտ 3.5 մլրդ դոլար: Այժմ Ուկրաինային մատակարարվող գազի գինը մոտ 480 դոլար է: Ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել` ըստ որի, եթե Ուկրաինան չվճարի պարտքը, ապա հունիսից գազ կստանա այնքան, որքան վճարել է: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 4 մլրդ դոլար վճարել գազի գնի իջեցման դեպքում` մոտ 300 դոլար: Այդ մասին Welt պարբերականին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գազի պարտքերի պատճառով Ռուսաստանը որոշել է կանխավճար սահմանել երկրի համար:
Թե ինչ նշանակություն են ստանում Ռուսաստանի գազային քմահաճությունները, թերևս ամենից դիպուկ է բնութագրել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը. «Գազային շանտաժը ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների վրա ճնշում գործադրելու սիրած ձևաչափն է»:
Բայց ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր միայն ռուսական կողմն է համագործակցության ու բանակցային գործընթաց սկսելու առաջարկ արել: Իսկ եթե Արևմուտքի միակ հաղթաթուղթը Ռուսաստանին «քլնգելու» հարցում ռուս-ուկրաինական սահմանին մոտեցված ռուսական զորքերն էին, ապա մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարգադրեց Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին մասնակցող զորքերին մշտական տեղակայման վայրեր վերադառնալ: Գոնե միառժամանակ կթուլացնի՞ սա լարվածությունը, դժվար է գուշակել: Առավել ևս, որ ուկրաինական ճգնաժամում կրքերը գնալով ոչ թե հանդարտվում, այլ էլ ավելի են թեժանում. ո՛չ Արևելյան Ուկրաինայի անջատողականներն են պատրաստվում համակերպվել Կիևի մայդանական իշխանությունների հետ, ո՛չ էլ նոր իշխանություններն ու նրանց զինյալներն են պատրաստվում առանց զենքի, առանց զոհ ու արյան հրաժարվել արևելքից:
Օրացույցի այս օրը
Այսօր Կրիայի համաշխարհային օրն է: Մայիսի 23-ին աշխարհի բազում երկրներում նշվում է Կրիայի համաշխարհային օրը, կենդանի, որը խորհրդանշում է հարստություն, երկարակեցություն և իմաստություն: Օրը սկսել են նշել 2000 թվից, կրիաների փրկության ամերիկյան ընկերության կողմից: Այն ստեղծվել է 1990-ին, Մալիբուում(Կալիֆոռնիա նահանգ), քաղաքի ծայրամասերում կրիաների պոպուլյացիայի պահպանման համար:
Օրվա նպատակն է `հասարակայնության ուշադրությունը հրավիրել մարդկանց հարևանությամբ բնակվող կրիաների մեծ քանակությամբ անկմանը:
Լուգանսկում Ազգային գվարդիայի մարտիկները գնդակահարել են 30 ծառայակիցների
Լուգանսկի Նովոդրուժկովա գյուղում «Աջ սեկտորի» մարտիկները սպանել են Ուկրաինայի ազգային գվարդիայի ժամկետային զինծառայողներին, որոնք հրաժարվել են սպանել թշնամական զրահամեքենաներն ու հրասայլերը կանգնեցնել փորձող խաղաղ բնակչությանը»,-հայտնել է մայիսի 25-ի գիշերը «Հարավ-արևելքի միավորված բանակի» ջոկատներից մեկի հրամանատար Օստապ Չոռնին:
Նրա խոսքով, կանայք, երեխաներն ու ծերերը կանգնեցրել են Ազգային գվարդիայի ռազմատեխնիկան ու խնդրել են իրենց չսպանել իրենց, հաղոդում է «Ինտերֆաքսը»: «Ազգային գվարդիայի մարտիկների հրամանով գնդացիրներից ու ինքնաձիգներից կրակ են բացել գյուղացիների ու նրանց պաշտպանների ուղղությամբ: Զոհվել է 4, վիրավորվել 16 մարդ:
Նրա խոսքով, ազգայնականները կրակել են իրենց վիրավոր ծառայակիցների ուղղությամբ, որոնց գյուղացիները փորձել են հիվանդանոց փոխադրել: Կենդանի մնացածներից մեկը պատմել է, որ ինքը պայմանագրային զինծառայող է.»Մեզ ասացին, որ անջտողականները թմրամոլներ են, հարբեցողներ ու նրանց պետք է սպանել»:
Նրա խոսքով «Աջ սեկտորի» զինյալները ռազմական գործողությունների ժամանակ վերջից են գնում ու սպանում բոլորին, ովքեր հրաժարվում են կրակել խաղաղ բնակիչների վրա ու նաև մարտի դաշտում վիրավորված իրենց ծառայակիցներին: Ով զենքը հանձնեց` նրան սպանեցին»,պատմել է ձերբակալված զինծառայողը ու հավելել, որ Ազգային գվարդիան երբեք իր վիրավոր ու սպանված ծառայակիցներին չի վերցնում:
Թուրքիան այլևս չի շահագործելու Սոմայի ածխահանքերը
Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սոմայի շրջանում գտնվող ածխահանքերը այլևս չեն շահագործվելու: Նախարարի խոսքերով՝ Սոմայի ածխահանքերի փակումը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:
301 հանքափորի մահվան պատճառ դարձած ողբերգությունից հետո Թուրքիայում լեռնահանքային արդյունաբերության վերաբերյալ նոր օրինագիծ է մշակվում: Վերջինիս մանրամասներն առայժմ հայտնի չեն: Շուտով օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Առևանգված նիգերիացի աղջիկների որոնողական աշխատանքներով կզբաղվեն ամերիկացիները
ԱՄՆ-ը 80 զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկել Նիգերիայի հետ սահման՝ Չադ, «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված նիգերիացի աղջիկների որոնողական աշխատանքներին մասնակցելու համար: Սպիտակ տունը հայտնել է, որ վերոնշյալ զինծառայողները զբաղվելու են անօդաչու թռչող սարքերի կառավարմամբ, որոնք էլ հետախուզական աշխատանքներ են կատարելու աղջիկների առևանգվման վայրում: Այնուհանդերձ, որոնողական և փրկարարական աշխատանքներ տանելու գործում գլխավոր դերը ստանձնել են Նիգերիայի իշխանությունները:
Նշենք, որ ապրիլի 14-ին «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչները հարձակում էին գործել Բորնո նահանգի Շիբոկ քաղաքի դպրոցների մեկի վրա՝ առևանգելով 200 աշակերտուհու:
Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի հողային աշխատանքներն ավարտվում են
Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Եվս 20 մետր և ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար:
Այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության և ուշադրության ներքո: Շինարարության ընթացքին, կատարված աշխատանքների որակը գնահատելու նպատակով Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կառուցվող նոր ճանապարհահատվածում էին:
Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:
Շինարարական աշխատանքներն իրականացնող Իջևանի ճանշինի ավագ աշխղեկը ճանապարհի կառուցման ընթացքից գոհ է, սակայն նշում է, որ կան նաև դժվարություններ. դրանք հիմնականում կապված են պայթեցման աշխատանքների հետ:
Այլընտրանքային ճանապարհահատվածը կունենա 3.2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
ԱՄՆ-ը քննադատել է Թաիլանդի ռազմական հեղաշրջումը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թաիլանդում կատարված ռազմական հեղաշրջումը «արդարացում չունի»,-հայտնում է ԲիԲիսին:
10 մլրդ դոլարի ամերիկյան օգնության ծրագիրը հնարավոր է դադարեցվի:
Հինգշաբթի Թաիլանդի բանակի գեներալ Պրայուտ Չան-Օչան հայտարարեց իշխանությունը զինվորականներին փոխանցվելու ու սահմանադրության դադարեցման մասին:
Գեներալ Պրայուտ Չան-Օչանը խոստացել է երկրում վերականգնել կարգը: Նրա խոսքով, բանակը մտադիր է երկրում ապահովել քաղաքական բարեփոխումների անցկացումը:
Ողջ երկրում պարետային ծամ է հայտարարված երեկոյան 10-ից մինչև առավոտյան 5-ը: Քաղաքական բոլոր հավաքներն արգելված են:
Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Ռուսատանցի միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի ութերորդ տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանին և, վաստակելով 6 միավոր, կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Հարությունյանը 5,5 միավորով ընթանում է երկրորդ տեղում:
ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 4,5 միավոր: Հայկը մրցաշարի միակ մասնակիցն է, որը չի կրել ոչ մի պարտություն:
ԴԺՀ-ը զորահավաք է հայտարարել
Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը հայտարարել է 19-40 տարեկան տղամարդկանց զորահավաքի մասին: Նրանք պետք է պաշտպանեն հանրաքվեից հետո ինքնահռչակ պետության խաղաղ բնակչությանն ուկրաինացի ուժայիններից, որոնք համաձայն չեն Դոնբասի անկախությանը:
ԴԺՀ-ի մամլո ծառայությունից հայտնել են, ցանկացողներին կուղարկեն կռվելու «թեժ կետերում», այդ թվում` Սլավյանսկ, Կրամատորսկ, Վոլնովախ:
Ավելի վաղ հաղորդել են, որ «Դոնբաս» բատալյոնը, որը մասնակցում էր աշարհազորայինի դեմ պատժիչ օպերացիայի, հայտնվել է դարանակալման մեջ: ԴԺՀ-ի ինքնապաշտպանության մարտիկները վիրավորել են 9 մարդու:
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կես միավորով է ետ մնում առաջատարներից
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում կայացած յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան), Միխայիլ Մչեդլիշվիլուց (Վրաստան) և Օլեգ Կորնեևից (Իսպանիա): Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 5 միավոր:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումներ են
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ուսումնական տարվա վերջին դասն է ու ավարտական դասարանների «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառումները: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձինք:
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց է այցելել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Նախքան միջոցառման մեկնարկը, հանդիսավոր պայմաններում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ:
Հիմնական դպրոցն ավարտող 9-րդ դասարանի աշակերտները, շնորհակալություն հայտնելով իրենց ուսուցիչներին փոխանցված գիտելիքների և ցուցաբերած մշտական հոգատարության համար, խոստացել են, որ հետագայում իրենց գրանցած հաջողություններով բարձր են պահելու դպրոցի և Երևանի պատիվը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայաստանի մարմնամարզիկները պայքարում են մեդալների համար
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը պայքարում են մեդալների համար:
Օղակների վարժությունում հայ երկու մարզիկները դուրս են եկել եզրափակիչ։ Թովմասյանը նախնական փուլում զբաղեցրել է 3-րդ, Դավթյանը՝ 6-րդ տեղը:
Բազմամարտի նախնական փուլի մրցումներում Արթուր Դավթյանը 83,398 միավորով չորրորդն է: Նա նույնպե հանդես է գալու եզրափակչում:
