Պարգևատրվել են ռազմաուսումնական հաստատութունների կուրսանտները

SIP_3080 copy (1)Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է վերջերս ՌԴ-ում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի շրջանակում մաթեմատիկա, ինֆորմատիկա և ռազմական անգլերեն առարկայական առաջնություններին մասնակցած ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտներին:

Ընդունելությանը ներկա էին նաև օլիմպիադայում Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները ներկայացրած թիմերի ղեկավարները` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոսներ, գնդապետ Մնացական Խաչատրյանը և մայոր Դավիթ Սոֆյանը:

Հայ կուրսանտները հայրենիք են վերադարձել բարձր ցուցանիշներով. մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի թիմային հաշվարկում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Թիմի ներկայացուցիչ, ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտ, ԵՊՀ մեխանիկական մաթեմատիկայի մագիստրատուրայի շրջանավարտ Արտաշես Բեգլարյանը անհատական հաշվարկում նույնպես զբաղեցրել է երկրորդ տեղը: Գրանցած հաջողությունների և հայոց բանակի սպայի վարկը միջազգային օլիմպիադայում բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արտաշես Բեգլարյանին պարգևատրել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Ռազմական ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտներ Սիփան Գրիգորյանը, Սահրադ Աբրահամյանը, ինչպես նաև ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտ Դավիթ Մելյանը պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են պատվոգրերի:

Պաշտպանության նախարարը, շնորհավորելով օլիմպիականներին, ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները պատվով են կատարում ոչ միայն իրենց առջև դրված մարտական խնդիրները, այլև կարողանում են հարկ եղած դեպքում միջազգային ասպարեզում փայլուն կերպով հանդես գալ մասնագիտական իմացությամբ և բարձր պահել հայ սպայի պատիվը:

Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը. Դավութօղլու

դավութօղլուՄոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: “Բարենպաստ իրավիճակ է ստեղծվել Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար”,-ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ բրիֆինգի ժամանակ:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Դավութողլուն, որը Մոսկվա է մեկնել Բաքվից, հայտարարել է. “Այսօրվա բանակցություններում  մենք հարգարժան Լավրովի հետ քննարկել ենք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Թուրքիան աջակցում է տարածաշրջանում “սառեցված” հակամարտությունների կարգավորմանը: Այս տարածաշրջանը շատ մոտ է և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին: Հուսով եմ՝ Ռուսաստանը կաջակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը: Պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ”:

Անկախ

60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կխաղա Սան Ֆրանցիսկոյում

ապpetrosian-a01Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, 60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կմասնակցի հունիսի 6-8-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում կայանալիք   «արագ» շախմատի միջազգային մրցաշարին:

Ուժերը կչափի հանրածանոթ 8 խաղացող:

Պետրոսյանից բացի, հրավիրվածների թվում են` կանանց ԱՄՆ-ի կանանց 5-ակի չեմպիոնուհի Իրինա Կրաշը, ռուսաստանցի Եվգենի Սվեշնիկովը, Թուրքիան ներկայացնող Միխայիլ Գուրևիչը, Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Անդրեյ Միխալչիշինը, իսրայելցի Մաշա Կլինովան, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լև Ալբուրտն ու Գենադի Զայչիկը:

Հունիսի 9-ին կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար, իսկ հունիսի 10-ին կկայնա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:

Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 9 զոհ

india-rail-crashԵրկուշաբթի օրը Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից՝ զոհվել է առնվազն ինը մարդ, 82 մարդ վնասվածքներ է ստացել:

Նախնական տվյալներով մարդատար գնացքի վեց վագոնները բախվել են բեռնատար գնացքի հետ:

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր ուղևորներին գնացքից դուրս բերելու նպատակով: Դեռևս պարզ չէ, թե որքան մարդ է մնացած եղել վագոնների ներսում:

Երկրի վարչապետը իր ցավակցությունն է հայտնել կատարվածի առթիվ:

 Անկախ

Լևոն Արոնյանի քիթը վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Լևոն-1AronianՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի քիթը վիրահատել են: Վիրահատությունը կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Այդ մասին  է Twitter-ի իր էջում հայտնել է գրոսմայստերը: Նա գրել է. «Շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցներին, բժիշկ Շուկուրյանին և նրա թիմին` հաջող վիրահատության համար: Վերջապես կրկին կարող եմ լիարժեք շնչել»:

Մայիսի 30-ին մեկնարկում է Cartoon Non-Stop համերգային ծրագիրը

Սերգեյ ՍմբատյանՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին,  31-ին և հունիսի 1-ին Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Cartoon Non-Stop բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները։

 

Cartoon Non-Stop-ը դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած  Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունն է։ «Եթե Hollywood Non-Stop-ը նպատակ ուներ դասական երաժշտության ոլորտում ներգրավել երիտասարդներին, ապա նոր ծրագրով մեր թիրախը երեխաներն են։ Բոլոր այն երեխաները, որ կգան համերգին իրենց ծնողների հետ, կհեռանան արդեն պատկերացում կազմելով, թե ինչ է սիմֆոնիկ երաժշտությունը »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը». «Ալադդինը» և այլն։ Սերգեյ Սմբատյանը խոստացավ, որ կլինեն նաև հետաքրքիր անակնկալներ։ «Բոլորը հոլիվուդյան արտադրության ֆիլմերից են։ Երաժշտության ընտրությունը շատ բարդ գործընթաց էր, քանի որ կան շատ հրաշալի մուլտֆիլմեր, որ հարուստ չեն բազմերանգ սիմֆոնիկ երաժտությամբ, և հակառակը. կան շատ գեղեցիկ երաժշտություն ունեցող մուլտֆիլմեր, որոնք, անձամբ ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։ Մուլտֆիլմերի ընտրությունը կատարվել է նաև սոցցանցերում տեղադրված հարցման արդյունքում։

Այս անգամ ևս կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆֆեկտներով։

Դիրիժորը հայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այս տարի արդեն հայկական ֆիլմերը պրոպագանդող համերգային ծրագիր անցկացնելու ուղղությամբ։

ՀՊԵՆ –ի տնօրեն Սոնա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ մայիսի 31-ին ՝ ժամը 14։00-ին տեղի կունենա մեկ լրացուցիչ՝ բարեգործական համերգ, որին ներկա կգտնվեն այն երեխաները, որոնք ի վիճակի չեն ներկա գտնվելու մյուս համերգներին։

Անկախ

Չինաստանը 6 միլիոն հին մեքենա կհանի ճանապարհներից

չինաստանԱյս տարվա ընթացքում Չինաստանի կառավարությունը պատրաստվում է ճանապարհներից հանել 6 միլիոն հին, օդը աղտոտող մեքենաներ՝ փորձելով առաջընթաց գրանցել ծխապատ քաղաքների մաքրման ծրագրում:

Երկուշաբթի օրը կաբինետի հրապարակած նախագիծը կոչ է անում նաև Պեկինի, Շանհայի և այլ խոշոր քաղաքների լցակայաններում վաճառել միայն ամենամաքուր բենզինը և դիզելը:

Այս նախագիծը հրապարակվել է այն բանից հետո, երբ Չինաստանը չկարողացավ 2011-2013թթ-ի համար նախատեսված աղտոտվածության մակարդակի նվազեցման պաշտոնական ծրագրի նպատակներն իրականացնել: Հայտարարության մեջ նշվում է, որ նախքան 2005թ-ը գրանցված մեքենաները, որոնք չեն համապատասխանում մաքուր արտանետումների չափանիշներին կհանվեն ճանապարհներից, սակայն այդտեղ չի խոսվում դրանք օգտագործումից հանելու տարբերակների մասին:

Հայտարարության մեջ երկրի շրջակա միջավայրի վիճակը բնութագրվում է որպես ծայրահեղ վատ:

Չինաստանի խոշոր քաղաքները պատված են ծխով: Չինաստանը արտանետումների վերաբերյալ աշխարհի ամենախիստ չափորոշիչներն ունեցող երկրներից է, սակայն կառավարությունը մինչ այժմ դրանք չի կիրառել, որպեսզի հին բեռնատարները չհանի օգտագործումից և չվնասի փոքր բիզնեսին:

Չինաստանում ճանապարհների վրա շուրջ 240 միլիոն մեքենա կա, որի կեսը կազմում են մարդատարները:

Հայաստանի պատանի սեղանի թենիսիստներին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում

սթtabletenis-1Հայաստանի սեղանի թենիսիստներին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում: Հուլիսի 11-20-ը Իտալիայի Ռիվա Դել Գարդա քաղաքում անցկացվելու է Եվրոպայի պատանիների անհատական-թիմային առաջնությունը:

Հուլիսի 1-ից  մարզիչ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը նախապատրաստական ուսումնամարզական հավաք կսկսի: Հավաքականում ընդգկվել են 3-ական պատանի և աղջիկ:

Իտալիայում Հայաստանի  պատիվը կպաշտպանեն` երևանցիներ Էռնեստ Ապրեսյանը, Սերգեյ Սիմոնյանը, Կարեն Պապյանը, Դիանա Խոջագորյանը, Սվետլանա Եղիազարյանը և վանաձորցի Մերի Հովհաննիսյանը:

Հրավիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը,լուսանկարներ

6503Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողով, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

unnamedՀանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:

«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով:

Խիստ կարևորում եմ լոբբիստական և իրազեկման կառույցների դերը, ինչպես նաև տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին:

հայոց ցեղասպանության հանձնաժողովԱյս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից:

Հարգելի՛ գործընկերներ,

Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար: Մեծ եղեռնը և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուրը հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը: Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է: Ահա թե, ինչու եմ համարում, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման և միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը:

Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:

6500Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը:

Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, և այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում և արդարություն: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը: Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:

Այս հանգամանքը և փաստերի անառարկելիությունը ստիպում են Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել: Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ:

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլև կարողացանք համախմբվել և ուղի հարթել դեպի անկախ պետականություն` ազատ Հայաստան:

Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:

Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին:

Հարգելի՛ գործընկերներ,

Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ:

Մենք կարևոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչև 2015թ., Նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման և օգտակար առաջարկությունների ներկայացման համար:

Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ

6485Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:

Ամենայն Հայոց Հայրապետի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ Նախագահը քննարկել է պետության և հայոց եկեղեցիների միջև հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաև Հայրենիքին և Սփյուռքին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայապահպան կարևոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր Նվիրապետական Աթոռների, թեմերի և կառույցների ամենօրյա ջանքերին: Կարևորվել է նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ և ընդհանրապես՝ համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից Սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը:

Հանրապետության Նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ վերոնշյալից բացի քննարկել է սիրիական ճգնաժամի պատճառով այդ երկրում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների ներկա վիճակի և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ ժողովրդի միասնականությունը աշխարհասփյուռ հայության բարօրության, ինչպես նաև հայության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու կարևոր գրավական է, և այսուհետ ևս պետք է շարունակել ու առավել արդյունավետ դարձնել ջանքերի համադրումը ազգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Ատրճանակ` «Մերսեդես-Բենց»-ի վարորդի նստելատեղի տակից

ատրճանակՄայիսի 26-ին, ժամը 16.20-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղից ոստիկանության Արարատի բաժին է բերվել 1983 թ. ծնված Նորիկ Ի.-ն` իր վարած «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով:
Մեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է օդամղիչ ատրճանակ, իսկ բեռնախցիկից` ավտոմեքենայի ռուսական պետհամարանիշեր:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Դիեգո Կոստայի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցը կորոշվի վերջին պահին

դկ2099136_w1Ինչպես հայտնի է,  բժիշկները խորհուրդ են տվել Մադրիդի «Աթլետիկոյի»  և Իսպանիայի դուտբոլի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստային 15 օր հանգստանալ: Վնասվածքի պատճառով` նրա մասնակցությունը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը հարցական է:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պարզաբանել է, որ Կոստայի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցը կորոշվի վերջին պահին: «Հուսով եմ, որ նա կկարողանա մեզ հետ մեկնել Բրազիլիա, բայց մենք այլընտրանքային տարբերակներ էլ ունենք»,- ասել է նա:

Երևան-Բաթումի գնացքի տոմսերն արդեն վաճառքում են

հկե“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am:

Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 50 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 40 րոպե:

Անցած տարվա հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել:

Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի հետ համեմատ 2013  թվականին “Արմենիա”  ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 532%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար:

Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է “ֆիրմային” կարգավիճակը և “Արմենիա” անվանումը:

Եթե աշխատաշուկան չի մոտենում բուհին, տեղի է ունենում հակառակը

05-26-2014 AshxatashukaՀայաստանյան մի քանի խոշոր բուհեր միավորվում են՝ աշխատաշուկան համալսարաններին մոտեցնելու համար:

ԵՊՀ-ում անցկացվեց «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի՝ կարիերայի հարցերով պատասխանատու կառույցների ղեկավարներ, բիզնես միությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Հավաքի նպատակն էր աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության հարցերի վերաբերյալ միջբուհական փոխգործակցության հեռանկարների ձեռքբերման և համալսարան-ձեռնարկություն համագործակցության խնդիրների քննարկումը:  «Տասը տարուց ավելի է՝ սրա մասին արդեն խոսում ենք, փորձում ենք ելքեր գտնել բուհ-ձեռնարկություններ փոխգործակցության զարգացման համար: 21-րդ դարի կրթությունն առանց դրա չի կարող գոյատևել: Լավ հասկանում ենք, որ աշխատաշուկան մեր հանրապետությունում դեռևս լավ զարգացած չէ, բայց մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Անհրաժեշտ է, որ գործարար աշխարհը բուհերին օգնի ոչ այնքան նյութապես, որքան մեթոդական առումով, ձեռք մեկնեն նոր մասնագիտություններ ներմուծելու հարցում, օգնեն դրանցով համապատասխան մասնագետներ պատրաստելու գործում և այլն»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մայր բուհի ռեկտորը, սակայն, նշում է, որ շատ դեպքերում հենց բուհերը հետաքրքրություն չեն ցուցաբերում գործարար ոլորտի հետ համագործակցելու ուղղությամբ: Հետևաբար քիչ ուշադրության են արժանանում միջմասնագիտական մասնագիտությունները, մինչդեռ այսօրվա աշխատաշուկան պահանջում է այնպիսի մասնագետներ, որոնք երկու և ավելի մասնագիտությունների են տիրապետում:

«Այս տարվանից փորձ ենք անում փոխել աշխատաշուկայի կարգավորման պետական քաղաքականությունը: Այսօր մեր բնակչության 1/3-ն աղքատ է, աշխատաշուկայում պահանջարկ-առաջարկի լուրջ անհամապատասխանություն կա, գործազրկության մակարդակը տատանվում է 17-18%-ի սահմաններում, իսկ երիտասարդների գործազրկության մակարդակը վաղուց հատել է 20%-ը, որը վտանգավոր ցուցանիշ է»,- հանդիպման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ մյուս կողմից էլ աշխատաշուկայում կա որակյալ մասնագետների պակաս, որը չի հաջողվում համալրել:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ հյուրերին ներկայացրեց, թե վերջին տարիներին ԵՊՀ-ն ինչ աշխատանք է կատարել աշխատաշուկան բուհին մոտեցնելու ուղղությամբ: «ԵՊՀ գիտխորհրդի կողմից ընդունվել է ձեռնարկությունների հետ համագործակցության հայեցակարգ, ստեղծել ենք նաև գիտխորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է ռեկտորը, իսկ քարտուղարությունն իրականացնում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Ունենք նաև այլ ստորաբաժանումներ, որոնք գործի բերումով համագործակցում են ձեռնարկությունների հետ»,- նշեց պարոն Մարկոսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում «TEMPUS» ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ձեռարկությունների հետ համագործակցության պորտալ:

Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ ստեղծվելու է շրջանավարտների տվյալների բազա, որից գործատուները հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ մասնագետներին:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում. հավաքվածներից մի քանիսը ներկայացրին իրենց մտահոգությունները, բացերը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել նշված համագործակցությունը, ինչպես նաև առաջարկեցին կոնկրետ քայլեր:

Վերջում հայաստանյան 9 բուհերի՝ ԵՊՀ-ի, Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների՝ կարիերայի հարցերը համակարգող կառույցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: «Համագործակցության հիմնական շրջանակներն են ամենամյա հանրապետական միջբուհական աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների իրականացումը, տեղեկատվության փոխանակումը և այլ ծրագրերի մշակումը: Քանի որ նախաձեռնողը ԵՊՀ-ն էր, այս տարվա աշխատանքի հանրապետական տոնավաճառը կանցկացվի մեզ մոտ»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը մեկ հարկի ներքո էր հավաքել տարբեր սերունդների հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլև մասնակցելու բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, ովքեր Չավուշի նման իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի փրկության:

Մինչ ավանդատոնի բուն միջոցառումների մեկնարկը, Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել  Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հուշարձանին: Այնուհետ քաղաքապետն աշնակցիների և Աշնակ այցելած հարյուրավոր հայորդիների հետ միասին շարժվել է դեպի Գևորգ Չավուշի թանգարան: Հատկանշական է, որ այս տարի ֆիդայական ավանդատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Գևորգ Չավուշի թանգարանի՝ «ֆիդայատան» աշտարակին տեղադրվել է Հայոց արծվի քանդակը: Ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով և քանդակագործ Գևորգ Գևորգյանի կողմից իրականացված արծվի քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ներկաները նշում էին, որ տարիներ անց կյանքի կոչելով թանգարանի շենքի հեղինակ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ հայացքը դեպի Էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ արծիվի քանդակը թանգարանի աշտարակին տեղադրելու մտահղացումը, ըստ էության, ավարտուն տեսք է հաղորդվել ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի թանգարանին:

002 (1)Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին նախաձեռնության համար՝ տոնախմբության մասնակիցները նաև ընդգծել են, որ արծվի քանդակի տեղադրումը կիսատ գործն ավարտին հասցնելու պարտքի կատարում էր նախնիների հոգու առջև, ինչն իր հերթին նաև սերունդների հայեցի դաստիարակության խորհուրդ է կրում իր մեջ: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել հերոս ֆիդայու զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։ Շնորհավորելով տոնի մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ընդլայնվում է տոնախմբության՝ տարբեր սերունդների մասնակիցների թիվը. «Հատկապես մշեցիների և սասունցիների կողմից մայիսի 27-ին մեծ ֆիդայապետ Գևորգ Չավուշի մահվան օրը որպես ոգեկոչման տոն նշելը երկար տարիներ ավանդույթ է եղել:  Սա պատմության այն եզակի դեպքերից է, երբ հերոսի մահվան օրը վերածվում է իսկական տոնի և համազգային  տոնախմբության: Ու հատկապես վերջին 2-3  տարիներին առավել վերաիմաստավորված է նշվում այս տոնը, ինչի վառ ապացույցն է նաև հազարավոր մարդկանց այցելությունը Աշնակ: Այս օրը առիթ է մեկ անգամ ևս հիշելու և գնահատելու իսկապես հերոս ֆիդայապետին ու նրա հերոսական մահվան օրինակով հայրենասիրության իսկական դասեր առնելու, առավել ևս, որ ճակատագրի բերումով Գևորգ Չավուշի մահվան օրը մեր պատմության մեկ այլ հերոսական էջի՝ Սարդարապատի ճակատամարտի նախօրեին է: Ինձ համար հատկապես շատ ուրախալի է, որ տոնախմբությանը տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաև դպրոցականներ են մասնակցում, ինչի արդյունքում, համոզված եմ, Չավուշի ու մեր մյուս հերոսների հայրենասիրական ոգին փոխանցվում է նաև նրանց, ինչը նրանք հաստատապես կփոխանցեն նաև մեր հետագա սերունդներին: Այս տարի նաև իրականացրեցինք Գևորգ Չավուշի թանգարանի հիմնադիրների երազանքը, որը թանգարանը կառուցելիս կիսատ էր մնացել: Մեր մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ով նաև այս թանգարանի ճարտարապետն է եղել, ի սկզբանե նպատակ է ունեցել շենքի աշտարակին տեղադրել նաև հայացքը Էրգրին հառած ու թռիչքի պատրաստ արծվի քանդակ: Եվ ահա այսօր, ի ուրախություն բոլորիս, մենք իրականացրինք այդ մտահաղացումը և արծիվն, ինչպես տեսնում եք, իր տեղում է: Ու տա՛ Աստված, որ շուտ գա այն օրը, երբ մեր անկոտրում կամքի խորհրդանիշ արծիվը իրոք կթռչի դեպի Էրգիր՝ հետ նվաճելով մեր պապենական հողն ու ջուրը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մինչև ուշ երեկո համերգային ծրագրով ուղեկցվող տոնախմբության շրջանակում աշնակցիներին ու Աշնակ այցելած հայորդիներին ազգային, հայրենասիրական երգ ու պարով ողջունել են մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Սկոլարին գտնում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները

լֆսskolariՄինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը քիչ ժամանակ է մնացել: Այն Բրազիլիայում կսկվի հունիսի 12-ին:

Այդ ստուգատեսի հաղթողի հիմնական հավակնորդ են համարվում աշխարհի 5-ակի չեմպիոն բրազիլացիները:

Եվ ահա, Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է իր ենթադրությունները ` առաջիկա և հնարավոր մրցակիցների հետ խաղերի հետ կապված: «Կուզենայի խուսափել Չիլիի հավաքականի հետ հանդիպելուց, չնայած այդ երկրի ներկայացուցիչների հետ մրցամարտերում դրական վիճակագրություն ունենք: Չպետք է անտեսլ, թե ինչքան բարդ է խաղալ այդ թիմի դեմ: Դեպքերի այսպիսի զարգացում ենք կանխատեսում. խմբից դուրս գալուց հետո խաղում ենք Հոլանդիայի, Իտալիայի և Գերմանիայի հավաքականների, իսկ եզրափակչում` Արգենտինայի թիմի հետ»,- ասել է Սկոլարին:

ԱՄՆ դեսպանությունն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում են «Անսահման հիփ-հոփ» մրցույթը

ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ վերջերս հայտարարեց «Անսահման հիփ-հոփ» մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է  ԱՄՆ պետքարտուղարության հիփ-հոփ պարերի Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակում: Հայաստանում մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել 16-26 տարեկան շուրջ 84  ՀՀ քաղաքացի, ովքեր հիփ-հոփի սիրահար են (breakin’, poppin’, lockin’ կամ այլ պարային ոճեր):

Մայիսի 23-28-ը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել  Soul Street Dance Company  պարային քառյակը, ովքեր ընդգրկված են մրցույթի ժյուրիի կազմում և անցկացնում են վարպետության դասեր տեղի հիփ-հոփ պարողների  ու Թումոյի սաների համար:  Soul Street Dance Company-ին նաև կընտրի այս ոճի լավագույն պարողներին, ովքեր կմասնակցեն հուլիսին Բաթումում (Վրաստան) կայանալիք տարածաշրջանային պարի ակադեմիային:

Մայիսի 28-ի գալա ներկայացմանը մասնակցելու համար նախընտրական փուլեր տեղի ունեցան Երևանում մայիսի 23-ին, իսկ մայիսի 24-ին՝ Վայքում և Չարենցավանում: Հայտագրված մասնակիցները մրցեցին հիփ-հոփ պարային ոճում, և այդ երեք քաղաքներից ժյուրին ընտրեց 19 լավագույն պարողներին, ովքեր հրավիրվեցին Երևան մասնակցելու  Soul Street Dance Company-ի վարպետության դասերին և նախապատրաստվելու մայիսի 28-ին Թումո պլազայում կայանալիք գալա ներկայացմանը: Այս եզրափակիչ միջոցառման ընթացքում   Soul Street Dance Company պարային քառյակը Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողների հետ միասին կներկայանա հանդիսատեսին, ընդ որում որոշ կատարումներ կընթանան Թումոյի մի խումբ սաների կողմից մշակված հիփ-հոփ երաժշտության ուղեկցությամբ:

Եզրափակիչ ներկայացումից հետո Soul Street Dance Company-ի կողմից կընտրվի տեղացի պարողների մի խումբ, ովքեր, որպես երիտասարդական դեսպաններ, տարածաշրջանի մյուս ներկայացուցիչների հետ միասին, հուլիսին հանդես կգան Բաթումում:

Սեյրան Օհանյանը զորամաս է այցելել

2 (2)Մայիսի 27-ին, վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող 5աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: Նախարարին է ներկայացվել նաև զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը:

Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

Անդրանիկ Թեյմուրյանն Իրանի հավաքականի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը

աթandranik-teymuryanԲրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Իրանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի թիմի հետ:

Կողների դարպասները մնացին անառիկ` 0:0:

իրանի հավաքկանի  մեկնարկային կազմում էր Անդրանիկ Թեյմուրյանը: «Էսթեղլալի» կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` Չիկագոյի մրցաշարի միանձնյա առաջատար

գսSargissian-Magic-5Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված յոթ տուրից հետո ունի 6 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: