Ինչպե՞ս է կատարվում հանրային հավաքների անցկացման մասին իրազեկումը

հանրահավաքՀավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2011 թ. ապրիլի 14-ին): Հիշյալ օրենքի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է իրազեկմամբ անցկացվող հանրային հավաքներին, իսկ 9-րդ հոդվածի համաձայն` հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների: Իրազեկումը քննարկող և որոշում կայացնողը համայնքի ղեկավարն է` լիազոր մարմինը: Լիազոր մարմնի որոշմամբ իրազեկումը կարող է քննարկել և դրա վերաբերյալ որոշում կայացնել նրա լիազորած անձը:

Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելը, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է:

Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ: Իրազեկումը ներկայացվում է գրավոր, անձամբ կամ փոստով:

Օրենքն իրազեկման համար ներկայացնում է որոշակի պահանջներ, որոնք պարտադիր կերպով պետք է հաշվի առնվեն լիազոր մարմնին ուղղված գրավոր նամակում: Այսպես, օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` իրազեկման մեջ պետք է նշվեն`

1) հավաքի վայրը,

2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,

3) հավաքի նպատակը,

4) մասնակիցների սպասվող թիվը,

5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն),

6) կարգադրիչների նախատեսվող թիվը,

7) երթի դեպքում` երթի ուղին և ժամանակացույցը,

8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են, նաև հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն և առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն:

Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաև այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը: Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաև վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ: Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք: Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաև իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:

Կազմակերպիչը պարտավոր է վերոհիշյալ կետերում արված փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին: Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը:

Եթե իրազեկումը պարունակում է ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանք  ցույց է տալիս կազմակերպչին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` կազմակերպչին նախապես կամ հետագայում իրազեկելով այդ մասին: Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր սահմանած ժամկետում լրացնել դրանք:

Պատրաստեց

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Երանի նրան, ով առանց տեսնելու հավատում է

gaxut2Արմանն արդեն 27 տարեկան է, որից 13 տարին անցկացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Դեռևս անչափահաս` ուղղիչ գաղութում էր, բայց կյանքի մրուրը ճաշակած տղային չուղղեցին  գաղութի կանոնները: Հաջորդ  հանգրվանը պատժիչն էր…

Վարույթը բացվեց մի կիսատ ընտանիքի պատմությամբ: Պարզվեց, որ դեռևս դպրոցական` Արմանը (անունը փոխված է իր խնդրանքով) առաջին անգամ իր աչքերով է տեսել, թե ինչպես է սեփական հայրը ծեծում մորը. հարբեցող հայրը կյանքից շուտ հեռացավ: Դպրոցականի մանկական հոգին միանգամից մթագնեց, և  երևան եկան կյանքի դառնությունները:

Արմանը դպրոցում լավ էր սովորում, և՛ մատյանով էր առաջին համարը, և՛ գիտելիքներով: Բայց կյանքը մի թվականով փոխվեց. սովորական 1999-ին փոխարինեց «պատմական» 2000-ը:

– Հայրս միշտ խորհուրդ էր տալիս, որ լավ կրթություն ստանամ: Դպրոցում գերազանց եմ սովորել: Ծնողական ժողովներին մայրս գնում էր հպարտությամբ, որովհետև գիտեր՝ տուն է վերադառնալու հատուկ տրամադրությամբ: Դասղեկի ամենասիրելի աշակերտն էի, դասարանում միակ օրինակելի տղան: Բայց կյանքս, չգիտեմ ինչու, միանգամից փոխվեց: Դա ամենածանր տարին էր, երբ կորցրեցի հորս:

– Հայրդ ցանկանում էր, որ լավ կրթություն ստանաս…

– Այո՛, ես էլ էի ցանկանում, մայրս էլ էր ցանկանում, բայց սովորեցի այնքան ժամանակ, որքան կարողացա: 14 տարեկան կլինեի, որ առաջին անգամ թմրադեղ օգտագործեցի: Հորս մահը սարսափելի հարված էր ինձ համար: Վերջին տարիներին նա աշխատանք չուներ ու իր նյարդայնությունը մեր վրա էր կոտրում կամ էլ այդ նյարդային վիճակը  խեղդում էր օղու շշի մեջ:

Դպրոցական տարիներին իմ ամենասիրելի առարկան գրականությունն էր: Հանձնարարված գրքերից բոլորը մեկ առ մեկ կարդացել եմ: Անգամ հիշում եմ՝ ամառային արձակուրդին գրադարանից գրքեր էի վերցնում ու կարդում: Խնկո Ապոր անվան գրադարանի լավագույն դպրոցական ընթերցողն էի. գրադարանավարուհին արդեն ինձ վստահում էր, ու քանի որ կենտրոնից մի քիչ հեռու էինք ապրում, ինձ միանգամից մոտ 5 գիրք էր տալիս, հետո գրքերը վերադարձնելիս նրան պատմում էի իմ տպավորությունները:

– Գրքի հանդեպ սերդ մարեց ու սկսվեց ա՞յլ կյանքով ապրելու ցանկությունդ:

– Դա այնքան արագ ստացվեց, որ անգամ չեմ էլ կարողանում հասկանալ: Լինելով դեռ անչափահաս` միանգամից անսպասելի ապտակ ստացա կյանքից: Դա իմ կյանքում տիրող խառնաշփոթից էր: Պատճառը երևի հետաքրքրասիրությունն էր: Սուտ է, որ ասում են՝ ըհը, վատ շրջապատ ընկավ, նարկոման դարձավ: Եթե տղան չուզենա, շրջապատի ընկերները նրան զոռով դեղեր չեն ներարկի:

– Եվ ի՞նչն էր հետաքրքիր:

– Հետաքրքիրն էն էր, թե մարդ ինչ զգացողություններ է ունենում, ինչ է իրենից դա ներկայացնում: Դա ծխելու պես մի բան ա, ու որ առաջինը ծխում ես, էլ չես մտածում, որ կգայթակղվես ու կցանկանաս երկրորդ կամ երրորդ անգամ:

– Առաջին անգամ դու հայտնվեցիր անչափահասների ուղղիչ քրեակատարողական հիմնարկում, ու որքան տեղյակ եմ, ոչ թմրադեղերի համար:

– Այո՛, փառք Աստծո, որ մեկ երկու անգամ փորձելուց հետո գլխիս խփեցի ու հասկացա, որ դա իմը չէ: Ղումարբազ էի դարձել ու պարտվել, փող էր անհրաժեշտ: Ընկերներիցս հարցուփորձ արեցի, ու խորհուրդ տվեցին գողություն անել: Հենց առաջին փորձն անհաջող էր: Ինձ սխալ ինֆորմացիա էին տվել, ու արագ բռնվեցի: Բայց փողն ամեն դեպքում ճարեցի, տվեցի: Դասարանցիներս ինձ շատ օգնեցին: Ոստիկանության քննիչները դպրոցից բնութագիր էին վերցրել: Հիշում եմ՝ այնպիսի արտահայտություններ էին գրված, որ ես էլ էի զարմացել: Դպրոցի տնօրենը գրել էր, որ ուղղակի չի հավատում կատարվածին, ու մեղադրում էր ոստիկաններին անմեղ երեխային բերման ենթարկելու համար: Քննիչն ինձ ձերբակալեց, իսկ դատախազն ասաց. «Այ այլանդակ, դու նստելու ես գողության համար, սրիկայի մեկը»: Դատավորը մի քիչ մարդ էր ու հաշվի առավ, որ երեխա եմ դեռ ու գուցե չմտածված եմ արել դա: 

– Ու սկսվեց անազատությո՞ւնը:

– Սկսվեց դաժան անազատությունը: Ես երբեք քյարթու չեմ եղել ու չեմ էլ կարող լինել, գողական էլ երբեք չեմ ձևացել ու չեմ ցանկացել լինել: Առաջին անգամ կյանքում տեսա անարդարություն: Սիրտս մի տեսակ փշրվեց, հասկացա, որ այնքան գրքերը, որ քարոզում էին բարություն, այնքան էլ երևի ճշմարիտ չէին:

Այնտեղի օրենքները մի քիչ այլ էին. կա՛մ պետք է ենթարկվեիր ռեժիմին, կա՛մ պատժվեիր հենց ներսում: Մայրս այդ ժամանակ ամեն հնարավոր տարբերակ օգտագործում ու այցելում էր ինձ: Երևի միակ մարդն էր, որ  իրեն էր մեղադրում անուշադրության համար: Ասում էր՝ անցումային տարիքում ամեն ինչ էլ երեխաներն անում են: Փաստորեն, սփոփում էր ինձ: Հիմա մամայի առողջականն այնքան էլ լավ չէ: Աշխատում եմ անել ամեն հնարավորը, լավ է՝ արդեն մամայի տրամադրությունը մի քիչ փոխվել է: Երևի ներել է ինձ:

– Ինչպե՞ս էր անցնում ժամանակը քրեակատարողական հիմնարկում: 

– Ժամանակն ինձ համար գոյություն չուներ: Ես ինձ մեղավոր էի համարում ու որևէ մեկին չէի ցանկանում տեսնել: Ֆիզիկայի դասատու ունեի, ինձ շատ էր սիրում, մամային խնդրել էր, որ գա տեսնի ինձ: Ես չէի ուզում, բայց նա եկավ: Ասաց, որ շատ երկար ժամանակով չի եկել: Մի քանի թանկ խորհուրդներ տվեց կյանքի հետ կապված ու մի գիրք նվիրեց: Այդ գիրքը մինչև այսօր իմ կողքին է: Դա Աստվածաշունչն է: Ես կարդում էի ու հասկանում, որ, այո՛, եթե ես մեղավոր եմ եղել, ուրեմն պետք է պատժվեմ դրա համար: Բայց ես կյանքում երևի շատ ավելի թանկ վճարեցի:

– Ինչպե՞ս էին քեզ վերաբերվում:

– Ես խցի գիտունիկն էի, բոլորը տարբեր հարցերով ինձ էին դիմում, սիրում էին ինձ, բայց երբ գալիս էր քնելու ժամանակը, անտանելի էր: Անգամ սկզբնական շրջանում վախենում էի: Հասկանում ես՝ դու մեն-մենակ ես, մի խցում ու կրում ես քո պատիժը: «Ներսում» էի, երբ իմացա, որ ինձ մեղադրող դատախազին հանել են գործից, սիրտս ընկավ տեղը: Գաղութի պետը միջնորդություն էր տվել մի քանի տարի անց, և ինձ ազատ արձակեցին: Եկա տուն, տեսա մորս ու խոստացա, որ էլ երբեք գաղութ չեմ ընկնի:

– Եվ պահեցի՞ր քո խոստումը:

– Պահեցի, բայց որոշ ժամանակով: Ավելի շուտ ես խոստացա, որ էլ երբեք հանցագործություն չեմ անելու: Մի քանի ամիս աշխատում էի, մամային էի օգնում: Որոշեցի անգամ բարձրագույն ընդունվել: Դասատուները ստուգեցին գիտելիքներս ու ասացին, որ անգամ անվճար էլ կարող եմ սովորել: Բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

– Էլի գողությո՞ւն:

– Բանակից նոր էի եկել: Սիրած աղջիկ ունեի` Մարիաննան, ու նրա սիրո համար պատրաստ էի համարյա ամեն ինչի: Միասին գծել էինք մեր ապագան ու ցանկանում էինք միասին լինել: Իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակներն էին:

Մի օր իմացա, որ «երրորդ ավելորդ» է հայտնվել ու Մարիշի սրտում տեղ է փնտրում: Խոսեցինք ու հասկացանք իրար: Տղան շատ համարձակ էր ու ամեն ինչ անում էր, որ Մարիշն ինձնից հիասթափվի: Ասել էր՝ ընկերդ նարկոման ա, գող ա, նստած-հելած ա, մերն էլ՝ հավաքարարություն ա անում, դու է՞դ աղջիկն ես, որ իրան ընտրես: Մարիշն օր օրի փոխվում էր, սկսել էինք հաճախ կռվել: Այդ տարի նա գործերը համալսարան էր տալու: Մոնումենտի այգում նստած էինք, ու նա այս ամենի մասին պատմեց ինձ, պատմեց ուղղակի, առանց հետին մտքի, անգամ չմտածեց էլ, որ կարող եմ հաշվեհարդար տեսնել: Իմ ու մորս արժանապատվությանն էր կպել, տաքացել էի, ու վերջը դանակահարեցի: Ծնողները բողոքեցին ու ինձ էլի նստացրին: Մամայի տրամադրությունն էլի ընկել էր, իսկ մինչ այդ անշիրիմ հորս գերեզմանի մոտ երդվեցի, որ կպաշտպանեմ մամային:

– Խոստումդ կատարեցիր, բայց էլի անազատության գնով…  

– Այս անգամ չփոշմանեցի, որովհետև ինձ այլ բան չէր էլ մնում անելու: Բոլորն էլ իմ կողմից էին, այս անգամ՝ նաև հուսալքված մայրս: Եթե առաջին անգամ ամաչում էի նայել ընկերներիս ու բարեկամներիս աչքերին, վախենում էի, ապա այս անգամ ներքին հպարտություն ունեի, ու մի տեսակ ապահով էի ինձ զգում:

«Ներսում» անցկացրած տարիների մասին հիմա չեմ էլ ուզում խոսել, պատմել: Դա որքան դաժան էր, անմարդկային, այնքան էլ՝ ուսուցանող: Ես «ներսում» էի իմ ճիշտ քայլի համար, ու չէի էլ զղջում:

– Իսկ ի՞նչ ես զգում հիմա` արդեն ազատության մեջ:

– Տղան, որին դանակահարել էի, եկավ գաղութ ու ներողություն խնդրեց ինձնից: Իմ ամենածանր հանդիպումն էր, չէի ուզում լսել ու տեսնել նրան: Խորհուրդ տվեց Մարիշից հեռու մնալ ու ասաց, թե ինչեր գիտի: Հանցագործությունը պետք է կրկնվեր, բայց կանխեցին հսկող ոստիկանները: Օրերն էի հաշվում, որ դուրս գամ ու… Սեփական աչքերով տեսա, որ իմ սիրած աղջիկը մարմնավաճառ է դարձել ու փողի դիմաց անում է ամեն ինչ: Ոչինչ չեմ խոսել նրա հետ: Երիտասարդ կյանքս էլի թունավորման ճանապարհին էր, որոշել էի խմել: Մանկության ընկեր ունեմ՝ Տիգրանը, հիմա ծրագրավորող է, նա ինձ կարողացավ «վերակենդանացնել», ու ես դարձա հին Արմանը, որի մանկության երազներում գիրն ու գրականությունն էին, որը լիդեր էր ուսման մեջ ու հարգված ընկերական շրջապատում:

«Ներսում» ապրած ժամանակն ու անցած-գնացած օրերը ստիպեցին ինձ հասկանալ կյանքն ամբողջությամբ, ստիպեցին, որ անկախ ամեն ինչից չկորցնեմ հավատը ու գնամ առաջ: Հիմա ես աշխատում եմ ու չեմ դժգոհում: Ուղղակի ցանկացա պատմել, որ մարդիկ իմանան` հնարավոր է ուղղվել, հնարավոր է ինքնամաքրվել ու չկործանվել… Աստվածաչնչում է գրված. «Երանի նրան, ով առանց տեսնելու հավատում է»:

 

 

Կազմվել է Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ցանկը

10706_am_3Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին, որը ներառում է Մաքսային միությունում գործող փաստաթղթերի և ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրումը, առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդիրների ուսումնասիրությունը, Հայաստանի համար անմիջապես ընդունելի, ընդունման համար որոշակի ժամանակ պահանջող և բանակցման ենթակա նորմերի տարանջատումը, Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանությունը և այլն:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնել Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ:

Միջազգային համագործակցություն

Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման, ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրերի թիվ 4 փոփոխությունների կնքման առաջարկություններին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպանի հետ և քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները: «Այս երկու որոշումները, որ ընդունում ենք, մեզ հնարավորություն են տալիս ստորագրել համաձայնագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ունենալ շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն: 
Մենք ԱՄՆ ՄԶԳ-ին խնդրել էինք, որպեսզի գյուղատնտեսության միասնական ռեգիստրի ձևավորման համար մեզ ֆինանսական օժանդակություն տրամադրվի: Հիշում եք, որ մենք հաստատեցինք այդ ծրագիրը: Սա բավականին մեծածավալ ֆինանսական ներդրում պահանջող ծրագիր է՝ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու համար, և ԱՄՆ ՄԶԳ-ն, Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել էին մեր խնդրանքին և մեկ մլն դոլար են հատկացրել այս աշխատանքների իրականացման համար: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել և դեսպանին, և Միացյալ Նահանգների կառավարությանն` այս օժանդակությունն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար»,-ասել է վարչապետը:
Կառավարությունը 2014թ. հունվարի 1-ից հաստատել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելությունում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հաստիք:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտներում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Ընդլայնվում է սոցիալական բնակտարածքը

ՀՀ կառավարությունը որոշել է Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված և դեռևս չբաշխված բնակելի տներից չորսը հատկացնել իրացման դիմաց երկու անձի և դատարանի երկու վճռի համաձայն, ինը հանձնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու նպատակով: «Երեկ պետական բյուջեի նախագիծը քննարկելիս անդրադարձանք նաև փախստականների խնդրին,- ասել է վարչապետը: -Մենք պատրաստ ենք նաև այն փախստականներին, որոնք հաշվառված են և որոնց նկատմամբ մենք բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, այս պահին կարող ենք Սպիտակ քաղաքում բնակարաններ առաջարկել: Եթե հայտեր կլինեն, ապա մենք կառավարության որոշումով կարող ենք նրանց բնակարաններ տրամադրել»:
Գործադիրը սահմանել է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը: Այն ծառայողները, որոնք ծառայությունը կանցնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռու, կստանան դրամական փոխհատուցում համաձայն վարձակալության պայմանագրում նշված գումարի, սակայն ոչ ավելի, քան 30 հազար դրամ: Վարչապետի դիտարկմամբ, մեզանում առաջին անգամ ձևավորվել է այլընտրանքային ծառայության ամբողջական օրենսդրական դաշտը, և աշնանային զորակոչը պետք է ցույց տա, թե ինչպես է այն կիրառվում: «Անհրաժեշտ է աչալուրջ լինել,-հավելել է Տիգրան Սարգսյանը,- որպեսզի այս բնագավառում լրացուցիչ ռիսկեր չունենանք, քանի որ այսպիսի աշխատանքի փորձ չունենք»:

Կզարգանա էլեկտրոնային առևտուրը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ արմատապես փոխվել է նաև առևտրային գործարքների տեխնոլոգիան: Ստեղծվել է բիզնեսի նոր էլեկտրոնային միջավայր` «էլեկտրոնային առևտուր»: Այն բնութագրում է համացանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքի կամ ծառայության ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը: Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար Հայաստանը պարտավոր է հաշվի առնել առևտրի, այդ թվում էլեկտրոնային, զարգացման ընդհանուր միտումները: Որոշման նպատակն է ստեղծել էլեկտրոնային առևտրին օժանդակելու համար ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքներ, մշակել պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խթանել ապրանքների և ծառայությունների արտահանումը, կատարելագործել էլեկտրոնային առևտրի ոլորտի իրավական և օրենսդրական դաշտը, երկրում ստեղծել էլեկտրոնային առևտրի կայուն զարգացման բարենպաստ միջավայր:
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը նպաստավոր պայմաններ է ստեղծել ս.թ. հոկտեմբերի 4-ից 6-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում անցկացվելիք «Դիջիթեք-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի, ինչպես նաև ոլորտի մի շարք այլ կարևոր միջոցառումների համար:
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Արաքս երկաթուղային կայարանի բեռնման-բեռնաթափման տարածքին հարող 5-րդ երկաթուղային գծի 240 մետր երկարությամբ հատվածն ամրացվել է «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Իր նիստում կառավարությունը հաստատել է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները, որոնց սահմանումը թույլ կտա պետգույքի օգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ որոշակի սկզբունքներ պահպանել: «Մենք այս դաշտում կարգուկանոն ենք հաստատում, որովհետև կան սուբյեկտներ, որ դիմում են մեզ, թե իբր զբաղվելու են գրահրատարակչական գործունեությամբ, բայց իրականում տեսնում ենք, որ ի հայտ են գալիս զբոսաշրջային գործակալություններ, այլ բիզնեսներով են զբաղվում, ինչն ուղղակի անթույլատրելի է»,-պարզաբանել է Տիգրան Սարգսյանը: 
Նիստում հաստատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը:
Գործադիրը 5 տարով երկարաձգել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը:

Լուծվում են մարզերի հիմնախնդիրները

ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին: Ընդհանուր առմամբ 2012-2013թթ. Այդ նպատակով մարզպետարաններին է տրամադրվել 40 մլրդ դրամ:
ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզի «Գուգարք» կարի արտադրական միավորման կողմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով, Գարգառի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի կարի արտադրական միավորման արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 952.5 հազար դրամն ուղղել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը:
Մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում հնարավոր կլինի կառուցել հանգստի և ժամանցի գոտիներ:Հիշեցնելով, որ թույլտվությունը կամ հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում են այն պատճառաբանությամբ, որ այդտեղ ներդրում է արվելու, վարչապետը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է անցկացնել հերթական մոնիթորինգը և պարզել, թե կատարվո՞ւմ է արդյոք ներդրումը և ինչ ծավալով ու ինչ ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա: 
Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղական համայքների երրորդ համաժողովը նախապատրաստելու և ս.թ. հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկ քաղաքում անցկացնելու նպատակով:

Հիմնովին կբարեկարգվեն Երևանի կենտրոնի փողոցները

Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանին է հատկացվել մոտ 9 մլրդ դրամ` քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Այդ աշխատանքի արդյունքում Երևանի երթևեկելի հատվածներում կլինի ավելի քան 1 մլն քառ. մետր բարձրորակ ասֆալտբետոնե շերտ, ևս 70 հազար քառ. մետր` մայթերի հատվածներում, ինչպես նաև մոտ 39 հազար գծամետր նոր եզրաքար: Քաղաքապետարանը 4-րդ աստիճանի վթարային քանդման ենթակա շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով ձեռք կբերի 100 բնակարան, ինչպես նաև առնվազն 350 քառ. մետր տարածք` շենքի առաջին հարկի հասարակական տարածքից: Եվս երկու որոշմամբ գործադիրը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղու շինարարությունն ավարտին հասցնելու համար:

 

Օրենսդրական գործունեություն

ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուց հետո ողջամիտ ժամկետում կազմակերպել դրա քննարկումը: Կառավարությունը ժամկետի ճշտում է արել և նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր առաջարկության ընդունման դեպքում:
Նիստում քննության է առնվել Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային: Դրական գնահատելով նախաձեռնությունը, գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է Արարատի մարզի Արարատի քաղաքային,Նշավանի և Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. գարնանային զորակոչ, տարկետում է տրվել իրավագիտություն մասնագիտությամբ Բեռլինի Հումբոլդտի համալսարանի բակալավրիատ ընդունված Աշոտ Պողոսյանին:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պատշաճ մասնակցություն ցուցաբերել ս.թ. հոկտեմբերի 8-10-ը անցկացվելիք «Արձագանք-2013» զորավարժությանը: 

Ո՞ւմ սիրտն է Բաքվի փախլավա ուզում

ադրբեջանԴեռևս հայ–թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ էր, երբ Հայաստանում լայն թափով շրջանառվում էին վերլուծությունները թուրքական տնտեսության ներուժի, թուրքական ապրանքների, ներմուծում–արտահանում հարաբերությունների մասին: Այդ ժամանակ, եթե հիշում եք, նշվում էր, որ Թուրքիան պետական մակարդակով արգելում է հարյուրավոր, նույնիսկ` 1000-ի հասնող  ապրանքատեսակների ներմուծումն իր երկիր կամ դրանց համար այնպիսի հարկեր է կիրառում, որ ներմուծումը դառնում է աննպատակահարմար: Այդ համատեքստում հայ–թուրքական սահմանի բացման կողմնակիցներն էլ, որպես հակափաստարկ նշում էին, թե հայկական կողմն էլ կարող է նման պրակտիկա կիրառել, եթե այդքան շատ ենք վախենում այդ իրականությունից:

 Ադրբեջանական գյուղմթերքն արդեն կարող է ներմուծվել Հայաստան

Նույնիսկ կարծիքներ էլ էին շրջանառվում, թե գյուղնախարարի 2009 թ. ամռանը հրապարակած հրամանը, որով արգելվում էր թուրք-ադրբեջանական ծագման գյուղատնտեսական մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան, հենց այդպիսի գործընթացների հիանալի օրինակ են:

Եվ ահա 2013 թ. հունիսի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ստորագրեց N 03-Ա հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. սեպտեմբերի 15-ի «Թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. հունիսի 11-ի N146-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N220-Ա հրամանը: Այսպիսով, ինչպես կարծում են շատերը, հերթական հարվածն է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը:

Ըստ մամուլի հրապարակումների` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` ադրբեջանական ու թուրքական ծագմամբ մթերքի ներկրումը թույլատրող հրամանից հետո Հայաստան են ներկրվել թուրքական ծագմամբ մի քանի ապրանքներ` կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ: Ադրբեջանական ծագման ապրանքներ հունիսի 7-ից մինչ օրս չեն բերվել:

Հարցն այն է, որ Թուրքիան այսօր հանդիսանում է  G-20-ի անդամ, ուժեղ զարգացող տնտեսություն ունի և իր տնտեսական ներուժով դարձել է մի շարք եվրոպական առաջատար տնտեսությունների «ահուսարսափը»: Օրինակ` Ֆրանսիայի, քանի որ Հյուսիսային Աֆրիկայում, որն ավանդաբար համարվում է ֆրանսիական ազդեցության ու տնտեսական շահերի գոտի, այն հատվածներում, որտեղ Թուրքիան մի քիչ ակտիվացնում է իր տնտեսական գործունեությունը, Ֆրանսիան միանգամից սկսում է նահանջել: Որովհետև Թուրքիան ընկալվում է որպես մուսուլմանական` եղբայր երկիր, նրա ապրանքներն էլ համեմատաբար որակյալ են, քան, օրինակ, չինական ապրանքները, իսկ գները, համեմատած եվրոպական արտադրանքի հետ, անհամեմատ էժան են:

Թուքրիան ունի նաև զարգացած գյուղատնտեսություն: Այստեղ գյուղատնտեսության զարգացման պայմանները և մակարդակն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս սննդամթերքով ապահովելու ոչ միայն ներքին շուկան, երկիրը դասվում է սննդամթերքի արտահանման 10 խոշորագույն երկրների շարքը: Թուրքիան ունի 78 մլն հա տարածք, նույնքան, ինչքան Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին վերցրած, և այս տարածքի 36%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Թուրքական գյուղատնտեսության մեջ պետք է առանձնացնել մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Թուրքիան տարեկան 3.2-3.6 մլն տոննա արտադրանքով մտնում է աշխարհի խաղող արտադրողների հնգյակի մեջ: Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից է նաև ծիրանաբուծությունը: Ծիրանի ողջ բերքն օգտագործվում է չրի պատրաստման համար, որի 95%-ն արտահանվում է: Թուրքիայում զարգացած է նաև սառեցված մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Արտադրանքի 75-80%-ն արտահանվում է: Թուրքիան եղջերավոր անասունների և թռչունների թվաքանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր և հայտնի է իր մսամթերքով: Ու թեև ալկոհոլային խմիչքները մտնում են ներմուծման համար արգելված ապրանքների շարքը, հիշարժան է նաև Թուրքիայի ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Թուրքիայում տարեկան արտադրվում ու արտահանվում է 42-43 մլն լիտր գինի, արտադրվում է 7 մլն լ օղի, 1.0 մլն լ կոնյակ, 2 մլն լ լիկյոր, 3.7 մլն լ ջին, 0.1 մլն լ վիսկի: Երկիրը համարվում է նաև կաթնամթերք արտադրող խոշոր երկիր:

Այս տվյալները հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում:

hramanՄի խոսքով, այս հիմնական փաստերը համադրելով, կարելի է ասել, որ Թուրքիան ունի զարգացած գյուղատնտեսություն և վարում է պրոտեկցիոն քաղաքականություն: Եթե սրան գումարենք Հայաստանի գյուղատնտեսության վիճակը, ապա նման հրամանը մեզ համար դառնում է վտանգավոր: Իհարկե, Թուրքիայից ներկրվող էժան ապրանքները շուկայում հայ սպառողների համար կարող են ընտրության լրացուցիչ հնարավորություն ստեղծել, բայց դրանից հարցի տնտեսական նշանակությունը չի փոխվում: Որովհետև այն նույն ժամանակահատվածում, երբ մեր հարևան երկրները տարբեր հնարքներ են կիրառում օտարերկրյա մթերքները շուկայից դուրս մղելու և սեփական տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, վարում են ուժեղ պրոտեկցիոն քաղաքականություն, մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը:

Նախարարի այս հրամանի կապակցությամբ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում նշում է. «Տարիներ շարունակ շատ արտադրողներ բողոքում էին, որ թույլ վերահսկողության  հետևանքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում թուրքական պտուղ-բանջարեղեն, ինչն ուղղակիորեն հարվածում է Հայաստանում նոր զարգացող ջերմոցային տնտեսությանը, իսկ գյուղատնտեսության նախարարությունն այս հրամանով գյուղացուն աջակցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ավելի բարդացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը: Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցառումներ են իրականացվել կամ գոնե իրականացվելու տեղական արտադրանքի մրցունակությունն ապահովելու նպատակով, ցավոք, մինչ օրս տրված չէ (չգիտես ինչու, հրապարակված չէ նաև այս հրամանը)»:

Նայենք հարցին մեկ այլ` զգացմունքային տեսանկյունից: Թուրքական, առավել ևս ադրբեջանական ծագում ունեցող ներկրվող մթերքների սահմանային հսկողությունը, ինչպես ընդունված է, պետք է կատարվի` հիմք ընդունելով ուղեկցող փաստաթուղթը: Ստացվում է, որ Ադրբեջանը նույնիսկ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնց ազգանունը վերջանում է «յան»-ով, չի թույլատրում իր սահմաններից ներս մտնել,  մինչդեռ ադրբեջանական փաստաթղթերը մեզ մոտ հիմք  են ընդունվելու:

 

 

 

Պատերազմում` ինչպես պատերազմում. սիրիական խնդիրը դեռ չի լուծվել

Վերջին երկու շաբաթն աննախադեպ ակտիվ էր սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի հարցում:Նախ` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ արեց Դամասկոսին հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, ինչին Սիրիայի իշխանությունները համաձայնեցին: Այնուհետև պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը, եթե Ասադը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնի քիմիական զենքը: 

Լավրով-ՔերիՍիրիական խնդրում դեպքերն աննախադեպ արագ զարգացումներ են ապրում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հենց այն օրը, երբ նշվում էր Սիրիային հարվածներ հասցնելու ամենահավանական ժամկետը` սեպտեմբերի 11-ը, հանկարծ փոխեց իր քաղաքական կուրսը` համաձայնելով Ռուսաստանի` սիրիական քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու առաջարկին: Օբաման հայտարարել է, թե պատրաստ է սպասել է ՄԱԿ-ի հետաքննությանը` կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, և կոչ է արել Կոնգրեսին դեռևս քվեարկության չդնել Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ սեպտեմբերի 12-ին հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու ստորագրել դրա կիրառումն արգելող համաձայնագիրը:

Դրանով Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մտան աննախադեպ բուռն զարգացումների շրջան: Ժնևում Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկկողմ մակարդակում և ՄԱԿ-ում քննարկում էին Սիրիայի քիմիական զենքերը միջազգային վերահսկողության տակ դնելու առաջարկը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ  «Ժնև-2» (ԱՄՆ և ՌԴ) համաժողովի շրջանակներում  ԱՄՆ-ն պնդելու է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացումը:

Սեպտեմբերի 14-ին Ժնևում բանակցություններ վարող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջիմ Քերին հայտարարեցին, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ ծրագիրը:

Ժնևյան եռօրյա բանակցություններն աննախադեպ էին ու կդառնան դիվանագիտության դասագրքային օրինակ, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողացան համաձայնեցնել  սիրիական քիմիական զենքի խնդրի կարգավորման խաղաղ սցենարն այն պահին, երբ ռազմական միջամտությունն Արևմուտքի կողմից անխուսափելի էր թվում:

Այս բանակցությունները եկան ապացուցելու, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն աշխարհի երկու ամենահզոր գերտերություններն են, որոնք կարող են որոշել, թե աշխարհի որ կետում ինչպիսի զարգացումներ ընթանան կամ չընթանան:

Ինչպես այս առիթով գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով ռուսական պատվիրակության կազմում իր աղբյուրին, ռուսական պատվիրակությունը մինչև վերջին պահը լիովին համոզված չի եղել, որ ամերիկացիները կընդունեն Մոսկվայի նախագիծը սիրիական քիմիական պահեստները միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ: Անորոշությունը պահպանվել է անգամ, երբ համաձայնությունը կայացած է եղել, և բանակցողներին մնացել է միայն այդ մասին հայտարարել լրագրողներին:

«Ջոն Քերին երկար ժամանակ ձգձգում էր ճեպազրույցը: Այդ ժամանակ Սերգեյ Լավրովը ոչ սովորական քայլի դիմեց. նա մամուլի սրահ գնաց միայնակ, նստեց իր աթոռին ու սկսեց խոսել եղանակի մասին: Նրան անմիջապես շրջապատեցին արևմտյան լրագրողները: Նրանցից մեկի հարցին, թե ինչ է այս ամենը նշանակում, Լավրովը պատասխանեց. «Ես ժամանակ եմ սպանում, պարզապես անելիք չունեմ»: Դրանից քիչ անց Ջոն Քերին հայտնվեց»,- գրում է թերթը:

Ըստ պարբերականի` բանակցությունների ընթացքում ամենադժվար կետը եղել է այն, թե ինչ կլինի, եթե հակամարտող կողմերից մեկը խախտի պայմանավորվածությունը: ԱՄՆ-ն պնդել է, որ պատասխանատվություն կարող է կրել միայն Բաշար ալ-Ասադի ռեժիմը, և եթե այն չգործի ըստ ռուսական սցենարի, ապա անմիջապես պետք է պատժել և ուժ կիրառել` համաձայն  ՄԱԿ-ի օրենսդրության: Իսկ Ռուսաստանը պահանջել է համաձայնությունը խախտելու դեպքում պատասխանատվությունը տարածել նաև ընդդիմության վրա` կտրուկ դեմ արտահայտվելով որևէ ավտոմատ պատժիչ միջոցի: Հատկանշական է, որ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Քերին հրապարակավ խոստովանեց, որ ընդդիմությունը ևս քիմիական զենք ունի:

Ընդամենը` «թայմ աութ»

Մի խոսքով, բանակցությունները Ժնևում դեռ նոր էին ավարտվել, երբ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը ստացել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային Սիրիայի անդամակցությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այդպիսով Սիրիայում կոնվենցիան ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 14-ին` անդամակցության մասին փաստաթղթերի փոխանցումից 30 օր հետո:

Թվում էր` մնում են արդեն միայն տեխնիկական խնդիրները: Սակայն սեպետեմբերի  16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում հանգեցին այն եզրակացության, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի իրավիճակի վերաբերյալ «ուժեղ և պարտադրող» բանաձև պետք է ընդունվի:

Այդ նույն օրը OPCW-ն` Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), հայտարարել է, որ  պատրաստ է մի քանի օրվա ընթացքում սկսել Սիրիայի քիմիական զենքերի ոչնչացման ծրագիրը:

Եվ եկավ ամենասպասելի ժամը` սեպտեմբերի 16-ին հրապարակվեց Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի պատրաստած զեկույցը, որում հաստատվել է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման փաստը: Մասնագետների խոսքով` Սիրիայում օգտագործվել է «երկիր-երկիր» տիպի հրթիռ` զարին գազով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- Մունը, սակայն, հայտարարել է, որ քիմիական հարձակման մեղավորներին բացահայտելու համար պետք է լրացուցիչ հետաքննություն իրականացնել, քանի որ առկա տվյալները բավարար չեն ռեժիմին պատասխանատու համարելու համար:

ՄԱԿՍրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Նա նշեց, որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը: «Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից` շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը, թե ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում:

Այս փաստը հետաքրքիր է դառնում հատկապես Բարաք Օբամայի այն հայտարարության համատեքստում, որ ԱՄՆ-ն  կշարունակի իրականացնել Սիրիայի վրա միջազգային ճնշման քաղաքականությունը: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնել, եթե այս խնդրի լուծման դիվանագիտական տարբերակը արդյունք չտա: Ըստ Օբամայի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խնդիրներ են սպասում, եթե նա փորձի շեղվել նախագծված ծրագրից:

Ամենայն հավանականությամբ, հենց ՄԱԿ-ի համապատասխան զեկույցի բովանդակությունն էլ բխում է այդ տրամաբանությունից, քանի որ «տեղ է թողնում» ԱՄՆ-ի համար, ցանկացած պահի այդ զեկույցին հղում կատարելով, դարձյալ ակտիվացնել Սիրիայի վրա ռազմական ուժի կիրառման սցենարները: Այս դեպքում, համոզված ենք, Ռուսաստանի արձագանքը չի ուշանա: «Պատերազմում` ինչպես պատերազմում»,- ասում է ռուսական ասացվածքը: Իսկ հիմա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ծավալվում է նյարդերի և ուղեղների լարված պայքար` սառը պատերազմ: Ամեն դեպքում, մինչև հոկտեմբերի 14-ը ԱՄՆ-ն դժվար թե ռազմական ուժ կիրառի Սիրիայի նկատմամբ: Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու մտադրությունները վերջնականապես չեզոքացված չեն, ընդամենը մտել են «թայմ աութի» փուլ:

 

Սառը պատերազմը հասավ Հայաստան

 Putin-SargsyanԵրկու շաբաթ է անցել, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության ու հետագայում Եվրասիական միության ստեղծման աշխատանքներին լծվելու պատրաստակամության մասին: Այս ընթացքում քաղաքական այդ կարևոր որոշումը քննարկվեց բազմաթիվ տեսանկյուններից: Հիմնականում, իհարկե, շեշտը դրվեց տնտեսական կողմի վրա, տարբեր իշխանամետ գործիչներ և վերլուծաբաններ սկսեցին բացատրել, թե ինչքան ձեռնտու է Հայաստանին Մաքսային միությանը անդամակցելը, իսկ ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբաններ էլ քննարկում էին, թե ինչքան վնաս էր  Եվրամիության հետ ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրային գոտու համաձայնագրերի չստորագրումը: Սրանք թերևս վիճելի հարցեր են, քանի որ երկու կառույցներն էլ` թե՛ Մաքսային միությունը, թե՛ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին մեր երկրի տնտեսությանը կարող են շատ հարցերում օգուտ, բայց բազմաթիվ հարցերում էլ վնաս տալ: Սա տնտեսագետների ու գործարար հատվածի  ներկայացուցիչների վիճելու թեմա է: 

Այդ որոշման մեջ էականն ու մեծ դժգոհություն առաջացնողը, բնականաբար, եղել ու մնում է երկրի հետագա ճակատագրի համար նման կարևոր որոշման ընդունման ժամանակ միայն մեկ հոգու` նախագահի կամքի պարտադրումը բոլորին, այսինքն` քաղաքական բաղադրիչը: Բայց քաղաքական մեկ այլ ոչ պակաս կարևոր բաղադրիչ էլ կա, որ արժե նախագահի  հիշյալ որոշումից ու հայտարարությունից երկու շաբաթ հետո դիտարկել մի քիչ ավելի սթափ մտքով:

 Գործընթացներ, որոնք հուշում էին «սեպտեմբերի 3»-ի մասին

Անդրադառնանք Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դիտարկենք Սերժ Սարգսյանի որոշումը:

Ինչպես արդեն «Անկախը» բազմիցս նշել է, Հայաստանի շուրջն ու ոչ հեռու տարածաշրջաններում արդեն վաղուց ընթանում են լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ: Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, իրար հետևից հրապարակեց ու այս տարածաշրջանում փորձեց իրականացնել մի քանի աշխարհաքաղաքական նախագծեր: Դրանցից ամենահայտնին, թերևս, Զբիգնև Բժեզինսկու «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծն է, ինչպես նաև  2006 թ. հունիսից «Նոր Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրիրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Պետերսի քարտեզ»:

Մեր տարածաշրջանի համար սրանք ենթադրում էին խաղի նոր կանոններ ու համաշխարհային իշխանության միաբևեռ վերադասավորումներ` ԱՄՆ գերիշխանությամբ: Այս երկու նախագծերի ժամանակ էլ Ռուսաստանը, որ դեռ չէր հասցրել ուշքի գալ Խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, հասարակական- քաղաքական և մշակութային շոկից, բավականին պասիվ դիրքերից էր հանդես գալիս` միայն ժամանակ առ ժամանակ հիշեցնելով իր մասին:

Սակայն սկսած «Արաբական գարնան» գործընթացներից, որոնք արդեն ԱՄՆ հեղինակած ծրագրերի գործնական քայլերն էին, Ռուսաստանն այլևս չէր կարող պասիվ դիրքերում մնալ, քանի որ ԱՄՆ բոլոր ծրագրերը, վերջիվերջո, ուղղված էին հենց Ռուսաստանի դեմ: Մի խոսքով, թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ հարևան տարածաշրջաններում և թե՛ ընդհանրապես ամբողջ աշխարհում Ռուսաստանը սկսեց արտաքին ակտիվ,  երբեմն նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն վարել:

Այս առումով Հայաստանը չէր կարող դուրս մնալ Ռուսաստանի հետաքրքրության տիրույթից մի պարզ պատճառով. մեր տարածաշրջանում Արևմուտքը երկու գերկարևոր դաշնակից ունի` Թուրքիան ու Իսրայելը: Երկու երկրներում էլ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներն ունի: Ուստի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները  շատ կարևոր նշանակություն են ստանում, որովհետև ավելի մոտիկ են տեղադրված խնդրո առարկա տարածքներին, քան բուն Ռուսաստանում գտնվող ռազմաբազաները: Սա նշանակում է, որ օրինակ` մեր երկրում տեղակայված ռազմաբազայից արձակված հրթիռը 1-2 րոպե ավելի շուտ կհասնի թիրախներին, քան Ռուսաստանի տարածքից:

«Այդ 1-2 րոպեները կարևորագույն նշանակություն ունեն` քաղաքական որոշումներ կայացնելու առումով: Իսկ միջազգային քաղաքական հարաբերություններում 1-2 րոպե ավելի ժամանակ ունենալը երբեմն ռազմավարական նշանակություն են ունենում»,- նշում է նախկին դեսպան Արա Պապյանը: Այսինքն` երբ մի երկիրը կարողանում է մյուս երկրի քաղաքական որոշումներ ընդունողների որոշումների կայացման ժամանակը 1-2 րոպեով նվազեցնել, կարևոր առավելություն է ստանում:

Մի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի համար ուներ և այժմ ավելի շատ ռազմավարական կարևորություն ունի: Այս հանգամանքը, բնականաբար, հստակ գիտեին ու դրա դեմ ամեն ինչ անում էին նաև Արևմուտքի ներկայացուցիչները: Եվ երբ վերջին մի քանի տարիներին Հայաստանը «ջերմացրել» էր իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, հետապնդում էր Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու նպատակ, ինչը չէր կարող Ռուսաստանին անտարբեր թողնել:  Արդյունքը եղավ սեպտեմբերի 3-ը:

Հայաստանն էլ սկսեց «սրթսրթալ» սառը պատերազմից

FyuleԱկնհայտ է, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարությունն ավելի շատ էական է հետագայում Եվրասիական միության հիմնադիրներից լինելու համատեքստում: Որովհետև Եվրասիական միությունը պետք է ստեղծվի որպես ԱՄՆ-ին հակակշիռ նոր աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքը կլինեն Ռուսաստանն ու Չինաստանը: Եվ այդ միությանը Հայաստանը պետք է միանար: Այս մտքի հետ պետք է համակերպվել, չհամակերպվելու տարբերակ կարծես չի մնում: Որովհետև Հայաստանը ռազմական ու էներգետիկ անվտանգության երաշխիքներ չունի: Թե նման պայմաններում այս կացությանը չհամակերպվելն ինչ կարող է արժենալ Հայաստանի համար, ոչ վաղ անցյալի շատ օրինակներ կարելի է բերել` սկսած Արցախյան պատերազմի օրերից մինչև ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Այլ տարբերակներ չեն առաջարկում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն:

«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար եմ եղել ու բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամերիկացիների և մյուսների հետ, և երբ նրանք այդ հարցը տալիս էին, թե ռուսական բազաները Հայաստանում ինչ գործ ունեն, ես նրանց պարզ հարց էի տալիս` եթե մենք ռուսական բազաները հանենք, դուք կարո՞ղ եք մեզ երաշխավորել այն անվտանգությունը, որ այսօր այդ բազաներով ու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջոցով ապահովվում է: Ու նրանք ասում էին` ոչ, իհարկե՛ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը:

Սա, իհարկե, չի նշանակում ԵՄ-ի հետ բոլոր կապերի ու հարաբերությունների խզում, այլ միայն Ասոցացման համաձայնագիրն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու ծրագիրն է ի չիք դառնում: Եվրամիությունը մի հնարավորություն կգտնի Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ հաշվի է նստելու կատարված փաստի հետ: Եվ այս առումով ԵՄ-ն տարբեր միջոցներ ունի: Իհարկե, Ասոցացման համաձայնագիր Հայաստանի հետ այլևս չի կնքվի, բայց  ԵՄ-ն նման դեպքերի համար ձևավորել է տարբեր կարգավիճակներ: Կարելի է դիտարկել նույն Եվրախորհրդի օրինակը, որ «Հանուն ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակ է ստեղծել, որի մեջ մտել են Պաղեստինը, մի շարք աֆրիկյան երկրներ և այլն: Այսինքն` ԵՄ-ն կարող է և այժմ ամենայն հավանականությամբ կգտնի տարբեր ձևաչափեր, որ Հայաստանին համապատասխան համագործակցություն առաջարկի:

Հարաբերությունների շարունակության մասին  սեպտեմբերի 13-ին Երևանում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես ակնարկեց և նշեց. «Ես եկել եմ` լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները և նախընտրությունները, և եթե նրանք ցանկանան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրի շրջանակներում, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում»:

Այսինքն` Եվրոպան դեռ չի հրաժարվում Հայաստանը Ռուսաստանից պոկելու գաղափարից, ուղղակի դրան հասնելու ուղիները փոքր-ինչ բարդացան: Այսինքն` «երկրորդ սառը պատերազմին», որը հետզհետե ուժգնանում է, Հայաստանն այլևս անմիջական մասնակցություն ունի:

 

Լեգենդար հոկեյիստները Երևանում կհավերժացնեն Գրիգոր Մկրտչյանի հիշատակը

հոկեյԵրևանի մարզահամերգային համալիրի կամարների ներքո բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ շատ մրցումներ են անցկացվել: Եվ ահա սեպտեմբերի 19-ին մարզական այս կառույցում տափօղակով հոկեյի ընկերական մրցամարտ կանցկացվի: Սահադաշտ դուրս կգան ռուսական «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբների խաղացողները: Ուշագրավն այն է, որ միջոցառումը նվիրվելու է տափօղակով հոկեյի օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-ամյա տարելիցին:

Նա ԽՍՀՄ հավաքականի հուսալի դարպասապահն է եղել և 1956-ին դարձել օլիմպիական խաղերի չեմպիոն: Մկրտչյանն աշխարհի, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 1948-59 թթ. 9 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, ունեցել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: 1965-67 թթ. հայ մասնագետը որպես մարզիչ գլխավորել է գնդակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականը, և նրա սաները  երեք անգամ հռչակվել են աշխարհի չեմպիոն:

Մկրտչյանը ծնվել է 1925 թ. Կրասնոդարում, մահացել է 2003-ին Մոսկվայում:

Գրիգոր Մկրտչյանի ընկերների նախաձեռնությամբ առաջարկ է եղել Հայաստանում յուրօրինակ միջոցառում կազմակերպելև հարգանքի տուրք մատուցել նրան:

«Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում խաղալու համար Երևան են ժամանելու օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոններ, դարպասապահ Վլադիմիր Միշկինը, պաշտպաններ` Վլադիմիր Լուտչենկոն, Սերգեյ Բաբինովը, Յուրի Լյապկինը, Ալեքսանդր Գվոզդևը, հարձակվողներ Իրեկ Գիմաևը, Ալեքսանդր Գոլիկովը, Վիկտոր Շալիմովը, Իգոր Միշուկովը, Ռոման Իլյինը, Եվգենի Դավիդովը, Անդրեյ Կովալենկոն, Ալեքսանդր Յակուշևը:

Հայաստանում սիրում են տափօղակով հոկեյը: Ցավոք, 2011-ին Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպված C խմբի աշխարհի առաջնության մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը որակազրկվել էր մեկ տարով: Բանն այն է, որ մեր թիմի կազմում խաղում են հիմնականում ԱՄՆ-ում մարզվող և մրցելույթ ունեցող մեր հայրենակիցները: Եվ փաստաթղթերի ձևակերպում պահանջված ձևով չէր կատարվել:

Երևանի գեղասահքի դպրոցն ավերակի վերածելուց հետո էլ Հայաստանի առաջնություններ չեն անցկացվում:

Թվում էր, թե սահադաշտ չունենք, սակայն հավաքական կա: Բայց, չգիտես ինչու, 2012-ին նպատակահարմար չհամարվեց խաղալ Թուրքիայի Էրզրում քաղաքի մարզապալատում կազմակերպված C խմբի աշխարհի առաջնությունում:

Ինչևէ, մեր երկրի տափօղակով հոկեյի սիրահարները հնարավորություն ունեն հետևելու բարձրակարգ խաղացողների գործողություններին: Կազմակերպիչները լավ նվեր են մատուցել, ՄՀՀ-ի դռները բաց են բոլորի առջև:

 

 

Սրճաբլիթներ

սրճաբլիթՀեշտ պատրաստվող թխվածքաբլիթ է, ուժ ու եռանդ չի խլի:

Բաղադրությունը

120 գ կարագ

75 գ շաքարավազ

լուծվող սուրճ` 1 թ/գդալ

կակաո` 25 գ

150 գ ալյուր:

Կարելի է կրկնապատկել չափաբաժինը, քանի որ շատ արագ է սպառվում:

Պատրաստման եղանակը

Փափկացրած կարագը շաքարավազի հետ տրորել այնքան, որ համասեռ զանգված ստացվի: Ապա ավելացել սուրճն ու խառնել: Հետո` կակաոն ու նորից խառնել: Այդ զանգվածի վրա ավելացնել նախապես մաղած ալյուրը և նորից ամբողջը լավ խառնել:

Ստացվածից  ամբողջական գունդ ձևավորել, ծածկել սննդի թաղանթով ու դնել սառնարանը 1 ժամով:

Տապակի վրա թխվածքի համար նախատեսված թուղթ տարածել ու վրան շարել խմորից ստացած փոքր` «մեկ-երկու բերան անելու» գնդերը: Ամբողջ զանգվածից ստացվում է նման 20 գունդ: Խմորը շատ նուրբ է ու ցանկացած ձև կարելի է ստանալ:

Տապակը գնդերով պետք է դնել 1800 տաքացված փուռը: Թխել 20 րոպե: Թխելու ընթացքում արդեն  անուշ սրճային բուրմունք է տարածվում:

Ժամանակը լրանալուց հետո տապակը հանել ու թողնել, որ բլիթները սառչեն, ապա վրան շաքարափոշի ցանել և մատուցել:

Ստացվում են նուրբ, թեթևակի  խրթխրթան ու շատ հաճելի համով ու հոտով սրճաբլիթներ:

Ծիրանաչրով ու տանձով քաղցրաշերտեր

81e49f_wmarkԲաղադրությունը

400 գ սառեցված շերտավոր խմոր

ալյուր` մի քիչ

ծիրանաչիր` 200 գ

200 գ թարմ տանձ

շաքար ու վանիլին:

ծիրանաչիրԽմորը պետք է հետ գա: Սեղանին  ալյուր շաղ տալ  ու խմորը գրտնակել, ապա ամբողջ կտորը երկու մասի բաժանել: Մի կտորը տարածել տապակի (նախապես տակը կալկա փռել) վրա, դասավորել չիրն ու տանձի կտորներն ինչպես նկարում է, ապա յուրաքանչյուր կտորի վրա շաքար ցանել ու ծածկել խմորի երկրորդ շերտով: Սուր դանակով շերտեր քաշել խմորի  վրա, այնպես, որ թխվելուց հետո միրգը գեղեցիկ երևա:

Թխել 30 րոպե:

Նշանավոր փորձագետի վերջին խոսքերը` Թուրքիայի Ցեղասպանության պատասխանատվության մասին

հարութՀայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում:

Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը կրող հոդվածում համառոտ շարադրել է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հիմքերը:

Դոկտ. Բարսեղովը պնդում էր, որ 1920 թ. «Օսմանյան կայսրությունը ճանաչեց այդ հանցագործության համար իր պատասխանատվությունը», ստորագրելով Սևրի պայմանագիրը, որը, ցավոք, չվավերացվեց Դաշնակից տերությունների կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու դժկամության պատճառով: Այդ ժամանակից ի վեր, չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պրոֆ. Բարսեղովը կարծում էր, որ նման ճանաչումները «չեն լուծի [Թուրքիայի] պատասխանատվության խնդիրը»:

Պրոֆ. Բարսեղովը պնդում էր, որ «քանի դեռ Թուրքիան համառորեն շարունակում է հրաժարվել ընդունելու, որ հանցագործություն է կատարել, Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցն անհրաժեշտ է լուծել իրավասու միջազգային մարմինների միջոցով՝ նման որոշումները պարտադիր դարձնելով երկու կողմերի [Հայաստան և Թուրքիա] համար»:

Դոկտ. Բարսեղովը չէր հավատում, որ Միավորված ազգերի կազմակերպությունը լավագույն միջոցն է Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար, քանի որ այն շատ քաղաքականացված մարմին է: «Գլխավոր ասամբլեայի որոշումները չեն համարվում պարտադիր», իսկ  մեծ պետությունները, ինչպիսիք են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, Անվտանգության խորհրդում հավանաբար կօգտագործեն վետոյի իրենց իրավունքը՝ Թուրքիայի դեմ որևէ գործողություն արգելափակելու համար:

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության հիման վրա դատական գործ նախաձեռնելու խնդիրն այն է, որ Հայաստանը և Թուրքիան պետք է նախօրոք համաձայնվեն ենթարկվել դատարանի որոշումներին: Այս երկրներից ոչ մեկը դեռևս չի «ընդունել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավազորությունը»: Քանի որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի նման իրավազորության ենթարկվել, դոկտ. Բարսեղովն առաջարկել էր, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն, օգտվի «եզակի հնարավորությունից»` միակողմանիորեն Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ գործ հարուցել` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի IX հոդվածի հիման վրա»:

Դոկտ. Բարսեղովն ափսոսանք էր հայտնել, որ որևէ պատասխան չի ստացվել Հայաստանի կառավարության կողմից, երբ մի քանի տարի առաջ այս հարցի վերաբերյալ  Ռուսաստանի հայերի միության Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը, որը նա ղեկավարում էր, ուսումնասիրություն էր ներկայացրել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին:

Դոկտ. Բարսեղովը բացատրել էր, որ «այս դատական ընթացակարգով [հոդված IX] գործ սկսելու համար, Հայաստանի կառավարությունը պետք է ձևակերպի իր դիրքորոշումը Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ իրականացման հարցերի վերաբերյալ, դրա հիման վրա թուրքական պետության կողմից կատարված հանցագործության պատասխանատվության հարցի առնչությամբ»:

Պրոֆ. Բարսեղովը նախազգուշացրել էր հայ պաշտոնյաներին, որ «միջազգային իրավունքում գործում է այն դրույթը, որը հաստատվել է միջազգային դատարանի կողմից այլ դեպքերով, ըստ որի, եթե մի պետություն հայց ներկայացնելու հնարավորություն ունի, սակայն չի անում այդ, նշանակում է, որ այն համաձայն է գոյություն ունեցող իրավիճակի հետ»:

Դոկտ Բարսեղովը փորձում էր փարատել հայկական այն հնարավոր մտավախությունը, որ Միջազգային դատարանը կարող է առարկել նման գործ ներկայացնելու համար՝ կապված Ցեղասպանության կոնվենցիայի հետադարձ գործողության հարցերի հետ: Նա խորը համոզմունք էր հայտնել, որ Կոնվենցիան վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, չնայած որ այն նախորդել է Կոնվենցիային: Միջազգային դատարանը 1951թ. իր Խորհդատվական եզրակացության մեջ նշել էր. «Ցեղասպանության մասին կոնվենցիայում ամրագրված սկզբունքները, ի տարբերություն դրանում սահմանված պայմանագրային պարտավորությունների, այդ սարսափելի հանցագործությունների կատարման ժամանակ արդեն իսկ սովորութային միջազգային իրավունքի մաս էին կազմում»:

Պրոֆ. Բարսեղովը նշել է, որ Կոնվենցիայի հետադարձ ուժը հիմնավորող  փաստարկներն առաջ են քաշվել Միջազգային դատարանի կողմից, որը «երկու անգամ իրավասու, սպառիչ բացատրություններ է տվել Կոնվենցիայի կիրառելիության սկզբունքային, հիմնական հարցերի, այդ թվում՝ դրա հետադարձ ուժի վերաբերյալ»: Պրոֆ. Բարսեղովն այս կանոնների հիման վրա եզրակացրել է. «Կոնվենցիան տարածվում է նաև նախկինում կատարված հանցագործությունների վրա, որոնց հետևանքները, վերացված չեն»:

Ինչպես հայտարարվեց վերջերս Երևանում կայացած մի համաժողովի ժամանակ, Հայաստանի կառավարությունը ձևավորել է աշխատանքային խումբ պատրաստելու համար փաթեթ, որով հայց կներկայացվի Թուրքիայի դեմ միջազգային դատարաններում: Պրոֆ. Բարսեղովի և այլ մասնագետների խորհուրդը պետք է երաշխավորի, որ դատական գործը պատշաճ կերպով է նախապատրաստված և ներկայացված, որպեսզի ձեռք բերվի վաղուց սպասված արդարություն Հայոց ցեղասպանության զոհերի համար:

 

Հարութ Սասունյան

 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Օձաբույս (Aspidistra)

April06AspidistraՕձաբույսի տեսակին  են պատկանում  (Aspidistra) շուշանազգիների ընտանիքից 8 դեկորատիվ-սաղարթավոր տեսակներ: Այդ մշտադալար բույսի հայրենիքը Արևելյան Ասիան է: Օձաբույսը բնական պայմաններում աճում է հով և ստվերոտ անտառներում:

Aspidistra թարգմանվում է “օձի ուղեցույց” («aspidis» – օձ, «tra» –

ուղեցույց):

Հով և ստվերոտ տեղանքներում հաճախ օձեր են բնակվում և  օձաբույսի մոխրագույն, խճճված արմատները նույնպես օձ են հիշեցնում: Բույսի ռուսական ժողովրդական անունը “մտերիմ ընտանիք է”:

Օձաբույսը ցողուն չունի, ճկուն է և խիտ: Խիտ և կիսով չափ հողի մեջ խրված արմատներից ուղղահայաց դեպի վեր են աճում փայլուն տերևները:

Որպես բնակարանի բույս աճեցնում են միայն մի տեսակ `բարձրահասակ օձաբույսը (Aspidistra elatior Variegata ): Օձաբույսի դեկորատիվ այս տեսակի տերևները սպիտակ կամ կրեմա-դեղնավուն երկարավուն գծեր ունեն:

Ծաղկում է հազվադեպ (սովորաբար ամռանը) և ընդամենը մեկ օր: Ծաղիկները անմիջապես արմատի վրա են և գրավչությամբ չեն փայլում:  Ծաղիկների արհեստական փոշոտումից հետո առաջանում են բավականին խոշոր պտուղներ ներսում միայն մեկ սերմով:

Օձաբույսի հիմնական արժեքը նրա պահանջկոտ չլինելն է և ստվերասիրությունը: Այն իդեալական է հյուսիսային սենյակների պատուհանների համար, քիչ լուսավորությամբ բնակարանները զարդարելու և արհեստական լուսավորվող գրասենյակները կանաչապատելու համար:

Օձաբույսը չի տառապում խոնավության  ավելցուկից կամ պակասից, նրան հարկավոր չէ պարարտացնել: Այդ պատճառով այս բույսը խորհուրդ է տրվում պահել սկսնակ ծաղկաբույծներին և բոլորին, ովքեր ժամանակ չունեն բույսերով զբաղվելու:

 

Аспидистра
 Օձաբույսի բուժիչ հատկությունները

Օձաբույսն  ունի բուժիչ հատկություններ և իր հայրենիքում լայն տարածում ունի ժողովրդական բժշկության մեջ: Նա միզամուղ է և հակաբորբոքային հատկություններ ունի: Բույսի բոլոր մասերը պարունակում են բուժիչ  նյութեր:  Նրանց թուրմերը օգտագործում են ցնցումների, աղեստամոքսային  հիվանդությունների, փորլուծության, մկանային ցավերի և միզարտադրող օրգանների քարերի դեպքում:

Օձաբույսի խնամքը

Լուսավորությունը. բույսը կարող է աճել սենյակի խորքում, պատուհաններից հեռու, մի փոքր լույս է սիրում բույսի խայտաբղետ տեսակը: Ամռանը  բույսն  իրեն լավ է զգում պատշգամբում:

Ջերմաստիճանը. կարելի աճեցնել սովորական բնակարանային պայմաններում, այն հատուկ ջերմաստիճանային ռեժիմ չի պահանջում: Ձմռանը լավագույն ջերմաստիճանը 10-12°C, բայց լավ է աճում նաև 20°C դեպքում:

Ջրելը. չի կարելի թույլ տալ, որ հողը չորանա, բայց ջրի ավելցուկը թաղարում ցանկալի չէ:

Օդի խոնավությունը. բնակարանային սովորական պայմաններում օձաբույսը իրեն լավ է զգում, բայց տերևների փոշին անպայման պետք լվանալ:

Պարատացնելը.  գարնանն ու ամռանն  օձաբույսին տալիս են լրիվ միներալներով պարարտանյութ ոչ հաճախ քան ամիսը մեկ: Խայտաբղետ տեսակները չեն պարարտացնում, քանի որ դրանից խայտաբղետ տերևները  կանաչում են:

Տեղափոխումը. դանդաղ է աճում, տարին աճում են մոտ հինգ տերև: Բույսը վերատնկում են ոչ հաճախ, երբ ամբողջ հողը լցվում է արմատներով, լավագույնը ապրիլ-մայիս ամիսներն են: Տարիքով բույսերի միայն հողի վերին շերտն են փոխում: Չի կարելի արմատները լրիվ խրել հողի մեջ:

Հողը. օձաբույսը պահանջկոտ չէ հողի նկատմամբ և լավ աճում է բանջարանոցային կամ այգու հողում:

Բազմացում. իրենից դժվարություն չի ներկայացնում,բազմացնում են տեղափոխման ժամանակ արմատը բաժանելով: Ապրիլ-մայիս ամիսներին արմատները բաժանում են մասերի 3-5 տերևներով, ծածկում փայտածուխով: Առանձին մասերը տնկում են թաղարների մեջ: Արմատակալման ժամանակ հողի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի  18°C:

Аспидистра
Аспидистра

Վնասատուները. հաճախ օձաբույսը վարակվում է վահանակիրով և ոստայնատիզով: Ուժեղ վարակի դեպքում բույսը պետք է մշակել կարբոֆոսով կամ ֆուֆանով:

 

Վարորդները բողոքում են, ոստիկանությունը` պարզաբանում, իսկ տաքսիստները պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը

Արագաչափ-սարքՎարորդները  դժգոհում են, որ իրենց սկսել են շատ տուգանել 

Բազմաթիվ քաղաքացիներ են բողոքում քաղաքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ու դրանց միջոցով արձանագրվող երթևեկության կանոնների խախտումների կարգից ու ընթացքից:

Դժգոհողների հիմնական բողոքը, այսպես ասած, կրկնակի տուգանքներից է: Այսինքն` ինչպես ներկայացնում են վարորդները, դեպքեր են լինում, երբ իրենց կատարած խախտման համար ՃՈ սպան տուգանում է, բայց միառժամանակ հետո իրենք փոստով ծանուցում են ստանում, որ այդ նույն  խախտման համար, որը ֆիքսել են տեսանկարահանող կամ արագաչափ սարքերը, նույնպես տուգանք է նշանակվել:

Այս հարցի մասով ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, թե բացառվում է, որ միևնույն խախտման համար քաղաքացիները կրկնակի տուգանվեն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նման դեպքերում քաղաքացիները կարող են ուղղակի վերցնել տուգանքների կտրոնները և մոտենալ ՃՈ բաժին, ու այդ հարցը 3 րոպեում կլուծվի: Այս հարցերի կապակցությամբ, իհարկե, ոստիկանությունը հայտարարություններ էլ է տարածել իր պաշտոնական կայքում, բայց…

Վարորդները բողոքում են նաև, որ միևնույն տուգանքի համար ՃՈ աշխատակիցը իրենց մեկ այլ չափի տուգանք է նշանակում,  և տեսանկարահանող կամ արագաչափ սարքերի գրանցած խախտման համար բոլորովին այլ տուգանքի ծանուցագիր են ստանում: Այս հարցը ևս ուղղեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետին: Նա դարձյալ բացառեց, որ միևնույն խախտման համար երկու տարբեր չափերի տուգանքներ նշանակված լինեն քաղաքացուն, քանի որ տուգանքը ոչ թե որոշում է ՃՈ սպան, այլ սահմանվում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ  օրենքով: Ընդ որում` օրենքով  սահմանվում են ոչ միայն խախտումները, այլև դրանց համար նախատեսված տուգանքի չափերը:

«Հաճախ քաղաքացիները երկու տարբեր խախտումներ են անում` միաժամանակ կամ իրար հետևից ու հետո, երբ նրանց տուգանում են, ասում են` ինչո՞ւ տուգանեցիք, ինձ հենց նոր էին տուգանել»,- նշեց Ա. Ահարոնյանը:

Եվս  մի խնդիր կա. օրինակ` Երևանի կենտրոնում տարածքներ կան, որտեղ մարդիկ նախկինում կայանել են իրենց մեքենաները, բայց այժմ այդ վայրերում մեքենա կայանելն արգելված է, ու մարդիկ, չիմանալով դրա մասին, սովորության համաձայն, կայանում են ու տուգանվում:  Եվ դժգոհությունը բուն տուգանվելու փաստի առթիվ չէ:

«Տերյան փողոցում ես միշտ մեքենաս կայանում էի այն խանութի մոտակայքում, որտեղից միշտ առևտուր եմ անում: Մի օր էլ փոստով ծանուցում ստացա, որ տուգանվել եմ, քանի որ այդտեղ կայանելն արգելված է, ու իմ խախտումը ֆիքսվել է տեսանկարահանող սարքի միջոցով: Լավ, խախտումը` խախտում, բայց ես չգիտեի, որ կարգ է փոխվել կամ ամեն օր կանոններ են փոխվում, գոնե պետք է ինչ-որ նշաններ տեղադրվեն, որոնք արգելում են այս կամ այն գործողությունը, ու դրանից հետո մի որոշ ժամանակ էլ անցնի, որ մարդիկ իմանան ու այդ խախտումը չանեն: Ամենահետաքրքիրն այն է, որ տուգանելուց հետո, բնականաբար, մինչև ծանուցումն ինձ էր հասել, 2-3 օր անցել էր, բայց ես, չիմանալով, որ խախտում եմ անում, այդ օրերին էլ կայանել եմ այն վայրում, որտեղի համար տուգանվել եմ: Ու մինչև տուգանվելու մասին ծանուցումը ստացա, մնացած օրերի համար էլ տուգանվեցի: Կարծում եմ` այդպես ճիշտ չէ»,- պատմեց մեզ ծանոթ վարորդ Վ.Ի.-ն:

Այս դեպքում, իհարկե, ընդունված է այն սկզբունքը, որ օրենքի չիմացությունը չի արդարացնում այն խախտելը, և չի ազատում օրենքը խախտելու համար սահմանված պատասխանատվությունից:  Փաստորեն քաղաքացին պարտավոր չէ օրենքներն անգիր իմանալ, բայց պարտավոր է դրանք չխախտել: Այստեղ, իհարկե, չես մեղադրի ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ որևէ մեկին: Ուղղակի մարդկային մոտեցումը կարելի է պահպանել ու մի քիչ մեղմ վերաբերվել թեթև խախտումներ անողների հանդեպ: Առավել ևս, որ օրենքները, դրանց կիրառման գործիքները, տեղադրված բոլոր սարք-սարքավորումները ոչ թե ստեղծված են պատժելու, այլ սխալը, խախտումը, զանցանքն ու, ի վերջո, հանցանքը կանխարգելելու նպատակով: Այս դեպքում ավելի շատ մոտեցման խնդիր է, որ ո՛չ ոստիկանը, ո՛չ պետությունը, ո՛չ էլ որևէ պետական կամ մասնավոր հիմնարկ չփորձի հասարակական կարգի պահպանման հարցերը վերածել առևտրի կամ շահույթ ստանալու ձգտման:

Ինչ վերաբերում է վերջինին, ապա Հայաստանում, գոնե տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի արձանագրած խախտումների համար նշանակված տուգանքների մի զգալի մասը` գանձված գումարների 70 տոկոսը, ուղղվում է այդ սարքերը տեղադրող և սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին, որը, ըստ ոստիկանության տված բազմաթիվ պարզաբանումների, շահույթ չի հետապնդում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման դիմաց:

Հիշեցնենք, որ տեսախցիկների և արագաչափերի ներկրումն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որի պայմանագրային պարտավորություններից է 2011-2017 թթ. համակարգի զարգացման նպատակով 9մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումներ իրականացնելը: 2011թ. «SENSYS Traffic AB» ընկերության հայաստանյան գործընկերը ազգային երթևեկության մոնիթորինգի համակարգի վերաբերյալ պայմանագիր է կնքել` կոնսորցիումի մեջ մտնելով տեղական երկու ընկերությունների` «Սեքյուրիթի դրիմի» («Security Dream») և «Ellips GA»-ի հետ, որոնցից առաջինը` «Սեքյուրիթի դրիմը», պայմանագիր է կնքել ոստիկանության հետ: Այդ ժամանակ, ի դեպ, «Sensys Traffic AB» ընկերության տնօրեն Յոհան Ֆրիլունդը, համագործակցությունից իր գոհունակությունն արտահայտելով, հայտարարել է. «Մենք շատ գոհ ենք, որ ՀՀ ոստիկանությունը ընտրել է մեր առաջարկած լուծումը: Պայմանագիրը համապատասխանում է օպերատորական պայմանագրեր գործարկելու մեր ռազմավարությանը և երկարաժամկետ բիզնես մոդելներ կառուցելու տեսլականին: Մենք հույս ունենք առաջիկայում ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի երթևեկության անվտանգության բարձրացման գործում»:

Ինչպես տեսանք, նա իր խոսքում նշել է «բիզնես մոդել» եզրույթը, իսկ ցանկացած բիզնես շահույթ է հետապնդում:

«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ  զզվում են իրենց գործից»

 Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:

Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:

Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի  2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:

Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար  իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:

Մի խոսքով` դժգոհություները շատ են:  Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:

«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,-  ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:

Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական  ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:

Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ  նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց  բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»:

 

 

«Ես այդքան փող չունեմ, որ Հայաստանում հանգստանամ»

ուռեկիԱյն արտահայտությունը կամ դժգոհությունը, թե սեփական հայրենիքում հանգստանալը թանկ արժե, ամեն տարի լսվում  է հայաստանաբնակներից: Առաջին հայացքից զարմանք հարուցող այս միտքը թվում  է անհավանական:  Որքան էլ նոր կառուցվող շքեղ ու օտարահունչ հյուրանոցների ու հանգստյան տների թիվն օրեցօր մեծանում է, միևնույն է, չի նպաստում մրցակցությանը և առաջարկվող ծառայությունների սակագների մատչելիությանը: Ընդհակառակը, յուրաքանչյուր նորակառույց համալիր փորձում է մյուսներից ավելի բարձր գնային ռեկորդ սահմանել:

                       Փոքրիկ ճամփորդության մեծ բացահայտումները

Ինչևէ, այս տարի դարձյալ երկմտանքի  մեջ էի. որտե՞ղ անցկացնել ամառային արձակուրդս: Դարձյալ պրպտեցի համացանցը հետաքրքիր առաջարկներ փնտրելու նպատակով: Խոստովանեմ, որ վերջին երկու երեք տարում Հայաստանից դուրս չէի եկել, հանգիստս անցկացրել էի Հայաստանի տուրիստական կենտրոններում: Ուստի այս տարի որոշեցի ընտրել ծովափնյա հանգիստը, բայց այնպիսի վայրում,  որտեղ համեմատաբար սակավամարդ կլիներ: Ուստի գների և համարավետության առումով  գրավիչ էր հարևան երկիրը՝ Աջարիան,  բայց ընտրությունից դուրս էին աղմկոտ ու հայաշատ Քոբուլեթն ու Ուրեկին: Իսկ Չակվիի մասին լսել էի բազմիցս, ասում են, որ այնտեղ կլիման բարենպաստ է և բավական առողջարար, բացի այդ՝ սակավամարդ:  Եվ գնային առաջարկներն էլ գրեթե չէին տարբերվում: Մեկ անձի դիմաց յոթնօրյա հանգիստը  միջին պայմաններում Քոբուլեթում սկսվում և տատանվում էր 80-110  հազարի միջև՝ ներառյալ ճանապարհածախսն ու նախաճաշը: Ուրեկիում, որտեղ համեմատաբար մերձափնյա հատվածն ավելի նպաստավոր ու առողջարար է, գները մի փոքր ավելի բարձր են, բայց ոչ այնքան, որքան մեր երկրում: Հաջորդ վայրը, ուր հայերը նախընտրում են հանգստանալ, Գոնիոն է, որը բացի ծովափնա հանգստից,  լեռնային գոտում է և տուրիստներին գրավում է իր հրաշալի բնությամբ: Այստեղ ևս վերջին տարիներին նոր հյուրատներ են կառուցվել, հենց ծովի մերձակայքում և բավական մատչելի պայմաններում հազարավոր զբոսաշրջիկների են ընդունում: Այս տարի զբոսաշրջիկների համար բոլորովին նորույթ  էր Անակլեան, որը տեղակայված է հարևան Վրաստանի և Աբխազիայի սահմանամերձ գոտում և բավական բարենպաստ կլիմա և մաքուր ու ավազուտ լողափ ունի: Այս վայրում միայն մեկ տարվա ընթացքում երեք հյուրանոց է  կառուցվել,  այստեղ, ի դեպ, գնտվում  է նաև Վրաստանի նախագահի նորակառույց ամառանոցը: Տուրիստական ընկերություններից տեղեկացանք, որ ուղեգրված հայերից մի քանիսը գոհ են եղել այնտեղ անցկացրած հանգստից, և միակ դժգոհությունը կապված է եղել ծառայությունների և ապրանքների թանկ  գների հետ: Լինելով նոր բացահայտված հանգստավայր` այն ամենուր գովազդվում  է և ներդրումների համար  բարենպաստ վայր համարվում:

Այսպիսով, ընտրությունս կանգ առավ Չակվի տանող ուղերթի վրա:  Կարծում էի, որ այս վայրում իսկապես հանգիստս կվայելեմ, կկտրվեմ քոբուլեթյան հայաշատ իրարանցումից, հայկական համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներից և ամենուր հնչող հայկական ռաբիս երաժշտությունից: Համացանցից գտա մի բանուկ հատվածում տեղակայված հյուրանոցային համալիր և որոշեցի ուղևորվել այնտեղ:

Չակվին բավական  փոքր ավանատիպ գյուղակ էր, Բաթումի քաղաքից մի քանի կմ հեռու: Հյուրանոցը կառուցված էր անտառի գողտրիկ անկյունում՝ շրջապատված կանաչապատ պուրակներով և ծառախիտ այգիներով: Սակայն զարմանքս հարուցեց կայանատեղիում բեռնաթափվող հայկական ավտոմեքենաներիից հնչող հայկական երաժշտությունը: Իսկ ավելի ուշ, ճաշարանում պարզ դարձավ, որ նախաճաշում եմ միայն այզգությամբ հայ զբոսաշրջիկների հետ: Քսան հյուրանոցային համար ունեցող այս հյուրանոցի գրեթե բոլոր համարները զբաղեցրել էին հենց հայ քաղաքացիներ: Ի դեպ, մի քանիսը Հայաստանի մարզերից էին. երկու ընտանիք ժամանել էր Կապանից, երեքը՝ Եղեգնաձորից: Պարզվեց, որ մեր ցանկությունները համընկել էին, և նրանք ևս այս գողտրիկ հանգստավայր էին եկել ամենօրյա աղմուկից զերծ մնալու նկատառումներով:

Մի քանի օր այստեղ հանգստանալուց հետո, զբոսնելու նպատակով մեկնեցի հայաշատ Ուրեկի: Բացահայտեցի, որ շատ հյուրանոցային համալիրներ շատ ավելի մատչելի պայմաններով են պատրաստ տուրիստների ընդունել, քան առաջարկում են հայկական տուրիստական ընկերությունները: Մի քանի հյուրատներ էլ նոր էին կառուցվել, որտեղ զբոսաշրջիկներին ժպիտով ընդունում ու ծառայությունների մասին տեղակացնում էին ազգությամբ հայ աղջիկներ: Հետաքրքիր էր նաև շրջիկ վրաց-ուկրաինական համատեղ կրկեսի առկայությունը, որը մի քանի ամսով տեղակայվել էր ավանի կենտրոնում, և ցուցադրությունները հիմնականում անցկացվում էին հայ զբոսաշրջիկների պատվերով:

Բազմամարդ Ուրեկին լի էր հայերով, իսկ հայկական երաժշտությունը հատկապես` երեկոյան ժամերին, ցնծում էր մեր հայրենակիցների գավաթների զրնգոցների և բազմատեսակ կենացների ներքո: Կենտրոնական հրապարակում` ռեստորաններից մեկում,   երեկոները  հայրենակիցների պատվերով հնչեցվում էին հայրենասիրական երգեր, հատկապես` Անին ու «Երևան դարձած իմ Էրեբունին»: Քայլում էի այդ բազմամարդ նեղ փողոցով ու ամենուր տեսնում հայկական համարանիշով մեքենաներ, որոնք համարձակ սուլոցներով ազդարարում էին իրենց երթը և ճանապարհ խնդրում: Նույնիսկ առևտրի կենտրոններից շատերում վաճառողուհիները ազգությամբ հայ էին, մի քանիսը ժամանակավոր աշխատանքի նպատակով այնտեղ էին տեղափոխվել Քութաիսիից և Թբիլիսիից:  Որոշ հյուրանոցային համալիրների ղեկավարների հետ զրուցելով` տեղեկացա, որ հատկապես այս տարի էլ ավելի է մեծացել հայ զբոսաշրջիկների հոսքը, ինչը, ըստ նրանց, պայմանավորված է առաջարկի մեծացմամբ և նոր ծառայությունների ավելացմամբ:

Այս տարի հարևան Վրաստանում զբոսաշրջիկների 45-50 տոկոսը եղել են հայեր:

Այս թիվը  իսկապես մտահոգիչ է ներքին տուրիզմի վիճակագրության նվազեցման պարագայում: Որքան էլ մեր երկրում անընդհատ խոսվում է ցուցանիշների բարելավման, հյուրատների առաջարկի մեծացման, ճանապարհների վերանորոգման, ենթակառուցվածքների զարգացման մասին, հայաստանաբնակների մեծամասնության համար դեռևս սեփական հայրենիքի զբոսաշրջային բարիքներից օգտվելը մնում է անմատչելի: Դրանք կարծես կառուցվում և գործարկվում են միայն որոշակի խավի պահանջները բավարարելու և որոշ վճարունակ օտարերկրյա հայրենակիցների համար:

Եթե պարզ հաշվարկ կատարենք, որպեսզի իմանանք, թե մեկ հայ զբոսաշրջիկը որքան գումար է ծախսում իր հանգիստը հարևան երկրում կազմակերպելու համար, ապա տվյալներն էլ ավելի մտահոգիչ կդառնան: Բացի հյուրանոցային և սննդի ծախսերից, զբոսաշրջիկը գումար է վատնում նաև երթևեկության, ժամանցային կենտրոններից օգտվելու, սրճարանների ու ռեստորանների մատուցած ծառայությունների դիմաց: Չմոռանանք նշել նաև, որ առևտրային կենտրոններից ևս զբոսաշրջիկը օգտվում է թե՛ սննդամթերք, թե՛ ծովափնա պարագաներ գնելու նպատակով: Այսինքն՝ հարևան երկրում միայն ամռան այս ամիսներին մեկ հայաստանցի զբոսաշրջիկը միջին հաշվարկով ծախսում է 110-130 հազար դրամ: Հայ զբոսաշրջիկների ծախսած գումարները ամեն տարի շրջանառվում են հարևան երկրի տնտեսության մեջ:

Եվ պատահական չէ, որ դեպի Վրաստան հայ զբոսաշրջիկների հոսքը նվազեցնելու համար այս տարի ստահոդ լուրեր էին շրջանառվում, թե  այդ երկրում հանգստանալը վտանգավոր է տարատեսակ վիրուսների  տարածման պատճառով: Փոքր ճշգրտում անելուց հետո հասկացա, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այլ հերթական խայծն են ներքին տուրիզմը զարգացնելու համար: Այս երկրի հյուրատների առաջարկած մեկ օրվա միջին գինը համազոր է մեր երկրի  ամենասովորական հյուրանոցային համարների առաջարկած գներին: Բայց հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք ծով չունենք, և միայն մի փոքրիկ լճով հայ զբոսաշրջիկին զարմացնելն ու սեփական ծածկի տակ պահելը խրթին գործ է:

Բացի Վրաստանից, այս տարի մեծ է եղել հոսքը նաև դեպի Արաբական Էմիրություններ: Թեպետ ամռան այս ամիսներին դեպի այդ պետություն մեկնողների հոսքը նվազում է բարձր ջերմաստիճանի պատճառով, այս տարի, զարմանալիորեն հաղթահարելով տապը, հայ զբոսաշրջիկներից շատերը ուղևորվել են նաև դեպի Դուբայ, Շարժա, Աբու Դաբի: Դեպի Անթալիա և Վառնա չվերթները  նույնպես աշխույժ են եղել,  մանավանդ հուլիս ամսվա վերջին: Իսկ օգոստոսի սկզբներին փոքր-ինչ աշխուժացել է դեպի Հունաստան և Շրի Լանկա մեկնողների հոսքը: Չվերթներ են եղել նաև դեպի Ֆրանսիա և Թաիլանդ:

Լ. Ն

Պատերազմն անավարտ թողեց բոլորի երազանքները

պապիկՇատ դաժան եղավ ցեղասպանությունից մազապուրծ սերնդի ճակատագիրը. անհիմն քաղաքական հալածանքներ, Հայրենական մեծ պատերազմ: Բաղձալի հաղթանակը ձեռք բերվեց բազմաթիվ շնորհալի երիտասարդների կյանքի գնով:

91-ամյա գեղանկարիչ Արմեն Աթայանը հիշում է.

–       1936 թ. ես 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Գեղարվեստի տեխնիկում: Ինձ առաջին կուրսում դասավանդում էր Կորյուն Սիմոնյանը, հետո նրան փոխարինեց Վահրամ Գայֆեճյանը: Չորրորդ կուրսում դարձյալ Կորյունն էր դասավանդում: Հիշում եմ` նա «Կոմունիստների գնդակահարումը Տաթևում» դիպլոմային աշխատանքն էր անում Կոնդում: Մենք տղաներով հաճախ էինք գնում նայելու: Կորյունին մենք կարծես ավելի լավ էինք հասկանում, քան մյուսներին: Հինգերորդ կուրսի կեսից մենք դիպլոմային աշխատանքներ էինք անում և չհասկացանք` ինչու Կորյունը չդասավանդեց: Նրան փոխարինեց Բաբկեն Քոլոզյանը: Նա ևս լավ դասատու էր, կիրթ, լավ էլ սովորեցնում էր: Մեր կուրսի տղաները չէին համակերպվում, ուզում էին, որ Կորյունը դասավանդեր: Նրանք ինձ խնդրեցին. «Դու լավ ես սովորում, խոսի’ր, մենք բոլորս կմիանանք քեզ, մենք սովորել ենք Կորյունին և դիպլոմի  ժամանակ ուրիշ դասատու չենք  ուզում»: Ես բացատրեցի  տղաներին, որ չարժե, Քոլոզյանն էլ լավն է: Սակայն տղաներն անդրդվելի էին: Ես մեր խնդրանքը հայտնեցի Բ.Քոլոզյանին և նստեցի տեղս: Տղաները լռեցին, ոչ ոք ելույթ չունեցավ: Հետո ես բարկացա նրանց վրա, որ այդպես վարվեցին:

Կապը Կորյունի հետ պահում էինք: Մեր գործերը ցույց էինք տալիս իրեն: Նա շատ էր զբաղված և մեզ մոտ հազվադեպ էր լինում: Մենք պիտի ավարտեինք 1941 թ. հունիսի 20-ին, խնդրեցինք, որ մի 5 օր ավելացնեն, քանի որ չէինք հասցնում: Ես և՛ աշխատում էի, և՛ սովորում, որովհետև հորս` Արշակ Աթայանին գնդակահարել էին 1937-ին, չնայած հետո արդարացրեցին:

Դիպլոմի պաշտպանության ժամանակ ներս խուժեց մեր պահակը (վանեցի, բեղերով մարդ էր, «պապաշա» էինք ասում) և ասաց.

– Տղանե՛ր, գերմանացի ֆաշիստները հարձակվել են մեր երկրի վրա, պատերազմ է:

Զարմացանք, ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան:  Սկսեցինք հետևել լուրերին, դրանք սովորականի նման էին, մտածեցինք, թե սխալ է հասկացել: Հետո ժամը 12-ին Լևիտանի ձայնը հայտարարեց, որ պատերազմ է: Գլուխներս կախ հավաքվեցինք տեխնիկումի ամենամեծ դասարանում և նստեցինք պատերի տակ, հենց հատակին: Մտածում էինք` կարճ կտևի, կվերջանա:

Դիպլոմները պաշտպանեցինք: Պաշտպանելու ժամանակ եկավ քիմիայի դասատուն` Սարգիս Ալիմյանը և ասաց.

– Տղանե՛ր, եթե ես որևէ մեկիդ նեղացրել եմ, ներեցե՛ք ինձ, խնդրում եմ վատ չհիշեք:

Դիպլոմի պաշտպանությունը դարձավ մի հանդիսավոր հայրենասիրական դաս: Ալիմյանին ճանապարհեցինք, իսկ ոգին մնաց: Դեռ չգիտեինք, որ առաջիկա գիշերը մեր դասատուներից շատերին տանելու էին ռազմաճակատ, իսկ մեր տղաներին էլ դիպլոմի պաշտպանությունից հետո տարան: Ինձ չէին տանում, բայց գցել էին մի զորամաս, որտեղ մորզե էինք անցնում, սովորում էինք պարաշյուտով իջնել, մեզ պիտի գցեին թշնամու թիկունքը: Ընկերներս բանակում էին, նամակագրական կապը պահում էի, շուտով ինքս էլ կամավոր գրվեցի:

Մեր տղաներից շատ-շատերը զոհվեցին, 22 հոգուց մնացել էինք 4-ը: Երբ վերադարձա, Սարգիս Առուշյանն աշխատում էր թատրոնի նկարիչ, նա վտանգավոր տեղերում էր ծառայել, հրաշքով կենդանի էր մնացել: Մինչև հիմա սիրտս մղկտում է, որ շատ տաղանդավոր տղաներ չվերադարձան` Սևաչերյան Վանիկը, Գևորգյան Համլետը, Ալթունյան Զազիկը, նա իմ ամենամոտ ընկերներից էր, Լևոն Թոթովենցը, Ավագյան Սուրենը, որ տիկնիկային թատրոնում էր աշխատում: Հիշում եմ` թատրոնը Չարենցի դպրոցի տեղում` «Անաստված» կինոթատրոնում էր տեղավորված, իսկ դրա տեղում եկեղեցի էր եղել:

Շատ եմ մտածում, տանջվում ու ափսոսում, որ լավագույն տղաները գնացին, զոհվեցին` Կորյուն Սիմոնյանը, Վանիկ Կարապետյանը, Լևոն Տոնականյանը, Սարգիս Ալեքսանյանը, Անդրանիկ Մարկոսյանը, շատ-շատերը: Հիշում եմ Լևոնին, Լենինգրադում նա ամուսնացել էր Ելենա Տաբակովայի հետ: Տաբակովան հոյակապ նկարիչ էր: Նկարել էր  կոլտնտեսականներին հանգստանալիս, տարել էր ցուցահանդես:  Առաջինը նայել էր Ստալինը և հարցրել աշխատողին. «Այդ ե՞րբ աշխատեցին, որ հիմա էլ հանգստանում են»: Այդքանը հերիք էր, որ նրա նկարը հանեին ցուցադրությունից:

Հետագայում ես ուսումս շարունակեցի Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտում, ինձ Ալ.Օսմյորկինն էր դասավանդում, նա աշխատում էր նաև Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: Նա ինձ շատ բան սովորեցրեց, չտեսնված մարդ էր: Պատմեց, որ 1937-ին Թ.Չորեքչյանը Կորյունի դիպլոմը փչացրեց, պաշտպանության ժամանակ վեր կացավ և հայտարարեց, որ նա օգտագործել է դաշնակցական դրոշի գույները: Այդ պաշտպանությունը չընդունեցին, հաջորդ տարի Կորյունն աշխատում էր իր դիպլոմի վրա, դրա համար էլ մեզ դաս չէր տալիս: Օսմյորկինը շատ էր գովում Կորյունին, ասում էր. «Նա հոյակապ զգում էր լույսը, նա շատ լավ ուսանող էր, դիպլոմային աշխատանքն էլ հոյակապ էր, ափսոս, այդ տականքը փչացրեց»:

Իմ սիրելի ուսուցիչը` Կորյունը, քչախոս էր, զուսպ, շատ տպավորիչ էր բացատրում, ավելի շատ շարժումներով էր ցույց տալիս, երկու բութ մատերով, կարծես ծեփում էր նկարը: Նա գույնը չտեսնված լավ էր զգում: Նրա «Ինքնանկա՜րը» հոյակապ գործ է: Իհարկե, երիտասարդ նկարիչը դեռ պիտի հղկվեր, շատ փորձ ունենար, հետո գտներ իր սիրած ուղղությունը: Կորյունը ցավոք չհասավ դրան իր կարճ կյանքում, պատերազմն անավարտ թողեց բոլորի երազանքները:

 

Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆ. հայ գահակալներից ամենաերկարակյացը

անհողին (1)Դավիթ Ա Անհողինը (990-1048) Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան արքայատոհմի երկրորդ գահակալն է: Նա պատմության մեջ չգնահատված տիրակալ է: Դրա պատճառները բազում են. գլխավորը թերևս այն է, որ Դավիթը ոչ թե Անվո հայոց կենտրոնական թագավորության, այլ Տաշիր-Ձորագետի գահակալն էր: Եվ քանի որ նա երիցս փորձ է արել տիրանալ Անվո գահին, պատմիչները նրան սև ու մռայլ գույներով են ներկայացրել:

Իրականում, Դավիթ Անհողինը XI դարի հանճարեղ գործիչներից էր և հմուտ զորահրամանատար:

Մինչ օրս պատմագրությունը միասնական տեսակետ չունի Լոռվա թագավորի Անհողին մականվան մասին: Ընդունված է «Անհողին» մականունը կապել 1001 թ. Դավթի` հայոց շահնշահ Գագիկ Առաջինի (990-1020) դեմ ապստամբությանն ու պարտությանը, որի  հետևանքով նա կորցրել է Կայան և Կայծոն բերդերը: Ըստ իս` սա թյուր տեսակետ է. նախ` երկու ամրոցի կորստյան պատճառով թագավորը Անհողին չէր կոչվի, ապա միանշանակ չէ նրա ապստամբության պարտությունը, և վերջապես, դեռևս 996 թ. Հաղբատի մի արձանագրության մեջ Դավիթը կոչվում է Անհողին և Ինքնակալ:

Ըստ իս` Դավիթ Ա-ն Անհողին է կոչվել հետևյալ պատճառով: Հայոց Աշոտ Գ Ողորմած (954-977) արքան երեք որդի ուներ` Սմբատ, Գագիկ, Գուրգեն: Սմբատ Բ Տիեզերակալը (977-990) հաջորդեց Աշոտ Գ-ին, իսկ Գուրգեն-Կյուրիկեն թագավորեց Լոռիում (962-990): Համարվում է, թե Գագիկը Աշոտ Գ-ի երկրորդ որդին էր: 990 թ. նա, սպանելով եղբորը` Սմբատ Բ-ին, տիրացավ Անվո գահին: Նույն թվականին մահացավ Գուրգենը: Կարծում եմ` Գուրգենը մեծ էր Գագիկից, և Սմբատ Բ-ից հետո, որ ժառանգ չուներ, Անին պետք է ժառանգեր հենց Գուրգեն-Կյուրիկեն, կամ նրա որդի Դավիթը: Եվ սակայն հորեղբոր` Գագիկի գահը դավադրաբար նվաճելու հետևանքով նա մնաց անհող… Ահա և Դավիթ Անհողինի` Գագիկ Ա-ի դեմ ապստամբության և հետագայում Անվո գահը գրավելու փորձերի պատճառը: Այս վարկածի օգտին է խոսում նաև Դավթի հոր` Գուրգեն-Կյուրիկե Ա-ի տապանագիրը Սանահինում. «Այս է տապան Գուրգեն Բագրատունու շահնշահի» արձանագրությամբ: Բնականաբար, Գուրգենն ինքն իր համար տապանաքար չէր կարող պատվիրել, դա արել է Դավիթը` դրանով իսկ հայտարարելով իր նկրտումների մասին:

Դավիթ Անհողինը Տաշիր-Ձորագետի թագավորության հզորագույն գահակալն է: Ինչպես վկայում են ժամանակակից պատմիչներ Վարդան Բարձրաբերդցին և Դավիթ Քոբայրեցին, իր երկարատև թագավորության ժամանակաշրջանում նա իր թագավորությունում կառուցել է 20 ամրոց և ոչ մի եկեղեցի… Ի թիվս այլ կառույցների, Դավիթը կառուցեց նաև Լոռէ բերդաքաղաքը, որը հետագայում դարձավ Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը:

անհողինԴավիթը ամենաերկար գահակալած հայոց թագավորն է. իր տիրակալության 58-ամյա շրջանում նա բազում ճակատամարտեր շահեց: Ճիշտ է, պատմիչների հավաստմամբ, նրա գահակիցն էր եղբայրը` Սմբատը, սակայն վերջինիս թագավորությունը սոսկ անվանական բնույթ ուներ:

Հոր գահը ժառանգելով երիտասարդ հասակում` նա անմիջապես ձեռնամուխ եղավ իր օրինավոր ժառանգությանը տիրանալու գործին և իր թագավորությունն անկախ հռչակեց Անվո գահից: Դավիթը դաշինք կապեց Սյունիքի և Վանադի թագավորությունների հետ: Հետագայում այդ դաշինքն օգնեց Դավթին` ջախջախելու իր տիրույթները ներխուժած Աբուլ-Ասվարի զորքերին:

Նոր գահ բարձրացած Դավիթ Անհողինը ստիպված էր ճնշել Գագ ամրոցի տեր Դեմետրե իշխանի ապստամբությունը, որն անհնազանդություն էր հայտնել իր տիրոջը Գագիկ արքայի դրդմամբ:

1001 թ. Գագիկ Ա-ն մեծ բանակով ներխուժում է Լոռի: Նա իր զորքերով շուրջ երեք ամիս շրջեց Լոռու թագավորության տարածքում, բայց Դավթի զորքի հետ բախում չեղավ: Խույս տալով ահեղ հակառակորդի հետ բաց ճակատամարտից` Դավիթ Անհողինն իր զորքերով ներխուժեց Շիրակ և ավերեց Գագիկի տիրույթները: Դա ստիպեց Գագիկ Ա-ին կանգ առնել և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Հայոց տիրակալի և Լոռվա գահակալի միջև բանակցությունները տեղի ունեցան Շիրակավանում: Ցավոք, բանակցությունների ընթացքի և արդյունքների մասին հայոց պատմիչները լռում են` հիշատակելով սոսկ այն, որ Դավիթը Գագիկ Ա-ին զիջել է Կայան և Կայծոն բերդերը:

Հարկ է նշել, որ այս ապստամբությունից հետո Լոռու թագավորության վրա տարածվեց Աղվանից կաթողիկոսության իրավասությունը: Միգուցե դա Շիրակավանի բանակցությունների ընթացքում Դավթի ձեռքբերումներից մեկն էր:

Ամեն դեպքում փաստերի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած մասնակի զիջումներին` Դավիթն այս պատերազմում պարտվող չէր: Ապստամբությունից հետո էլ նա կրում էր ինքնակալ արքա տիտղոսը: Ավելին` Գագիկ Ա արքայի կազմակերպած զորահավաքներից և ոչ մեկին Լոռվա տիրակալը չմասնակցեց, ինչը վկայում է նրա ինքնակալության մասին:

1003 թ. Դավթի տիրույթների վրա հարձակվեց Գանձակի Փատլուն ամիրան: Դավիթը ոչ միայն ջարդեց ու հալածեց նրա զորքը, այլև նվաճումներ կատարեց Փատլունի տիրույթներում` մեծացնելով իր թագավորության սահմանները:

Նա իրեն այնքան ամուր ու զորեղ էր զգում, որ սատարեց Նիկեփորոս Ծռվիզի 1021 թ. ապստամբությանը` ընդդեմ բյուզանդական կայսր Վասիլ Բ Բուլղարասպանի:

Դավիթը հմուտ դիվանագետ էր: Նա իր որդիներին ու դուստրերին ամուսնացրեց ժամանակի ազդեցիկ գործիչների հետ: Այդ խնամիական կապերը հետագայում Դավիթը խնամքով օգտագործեց իր արտաքին քաղաքական ծրագրերում: Մասնավորապես, նա իր դստերը` Հրանուշին, ամուսնացրեց Սյունյաց արքայազնի հետ: Երկու թագավորությունների դաշինքը բավական ամուր էր. հետագայում Սյունյաց տունն առաջինն օգնության փութաց Դավիթ Անհողինին Դվինի էմիրության դեմ պայքարում: Դավթի որդին` ապագա թագավոր Կյուրիկե Երկրորդն (1048-1080), ամուսնացավ վիրա-աբխազական թագավոր Բագարատ Դ-ի քրոջ` Շերիկի հետ: Դավիթն ու Բագարատը դաշինք կապեցին և միմյանց միջև բաժանեցին իրենց ազդեցության գոտիները Կովկասում:

Ինքը` Դավիթը, ամուսնացած էր Կախեթի քորեպիսկոպոս Դավթի Զորակցել դստեր հետ: Հետագայում Կախեթի արքա Կվիրիկե Գ-ի մահից հետո Դավիթը գրավեց  Կախեթի թագավորությունն ու այնտեղ թագավոր կարգեց իր որդի Գագիկին:

Դեռևս 1020-ական թթ. Դավիթ Անհողինը նոր դաշինք ձևավորեց Կովկասում: Նա դաշնակցային հարաբերություններ ստեղծեց Վիրա-աբխազական թագավորության գահակալ Բագարատ Դ-ի, Կախեթի թագավոր Կվիրիկե Գ-ի, Թիֆլիսի Ջաֆար ամիրայի հետ: Դաշնակիցները միասին դիմագրավեցին Գանձակի Փատլուն ամիրայի զորքերին և 1030 թ. ջախջախեցին նրա բանակը:

Կովկասում այդ տարիներին առաջնության համար պայքարում էին Դավիթ Անհողինը և Վիրա-աբխազական թագավորության գահակալ Բագարատ Դ-ն: Անիի թագավորությունը, որ արդեն անկման եզրին էր, այլևս դուրս էր պայքարից: Դավիթն այս պայքարում հաղթող դուրս եկավ, քանզի կարողացավ Կախեթի գահին նստեցնել իր որդուն` Գագիկին և իր պետությանը հպատակեցնել նաև Թիֆլիսի էմիրությունը: Դավիթն իր երբեմնի դաշնակցին և այսօրվա ախոյանին թուլացնելու համար աջակցեց նրա դեմ ապստամբած Լիպարիտ Լիպարիտյանին: Լիպարիտին զորական օգնություն ցուցաբերեց նաև Դավթի որդին` Կախեթի Գագիկ թագավորը:

1040 թ. մեծ բանակով Դավթի տիրույթների վրա հարձակվեց Դվնո Աբուլ-Ասվար ամիրան: Դավիթի զորքերի թվաքանակը քիչ էր նրան դիմագրավելու համար: Նրան օգնության փութաց հավատարիմ դաշնակիցը` Բաղք-Կապանի թագավորությունը: Դավիթը սպառնալիքով օգնական զորք կորզեց նաև Անվո Հովհաննես-Սմբատ Գ արքայից (1020-1041), վիրա-աբխազական թագավորությունից: Նա զորահավաք հայտարարեց իր թագավորության տարածքում, զենքի կոչեց նաև բնակչությանը: Պատմիչները հավաստում են, որ Դավիթը պատերազմին կրոնական երանգ հաղորդեց: Նա Լոռու բոլոր եկեղեցիներից ժողովեց հոգևորականներին և ճակատ ուղարկեց զորքի առջևից:

Ինչևէ, Դավիթը կարողացավ ջախջախել թշնամուն և նրա զորքերի մնացորդները հալածական անել իր երկրից: Հալածելով Դվնո ամիրային` Դավիթը հավանաբար նրան պարտադրել է նոր դաշինք ընդդեմ Անվո թագավորության: 1045 թ. դեպքերի կապակցությամբ պատմիչները գրում են. «Իսկ քաղաքացի գլխավորները, որ Անիում էին նստում, տեսնելով, որ Գագիկը արգելափակվեց Հունաստանում, երբեմն մտածեցին քաղաքը հանձնել Դավթին, երբեմն` Դվինեցուն, որովհետև սրա քույրը Դավթի կինն էր..»

Այստեղ շարադրանքը շատ խճճված է. դժվար թե զառամյալ տարիքում Դավիթն իրեն կին առներ: Սակայն այն, որ նրանց միջև խնամիական կապ կար, ակներև է: Ամեն դեպքում, 1045-ից հետո Անվո գահին հավակնում էին թե՛ Դվնո ամիրան, թե՛ Դավիթ Անհողինը: Ուսումնասիրողներից ոմանք պնդում են, թե Դավթի քույրը  Դվնո ամիրայի կինն էր:

1041 թ. մահանում է Անվո Հովհաննես-Սմբատ Գ արքան: Դավիթը կրկին փորձ է անում տիրանալու իր ժառանգությանը և բանակով հարձակվում է Անվո վրա: Սակայն անեցիները հակահարված են հասցնում, և Դավիթ Անհողինը մեծ ավարով ու գերիներով նահանջում է: Այնքան մեծ ավերումներ է գործել Դավիթը Շիրակում, որ այս արշավանքից հետո պատմիչները նրան կոչեցին «Դավիհ»: Ի դեպ, խոսելով այս դեպքերի մասին` Մատթեոս Ուռհայեցին Դավիթ Անհողինին  անվանում է Հովհաննես-Սմբատի ազգապետ: Սա ևս մեկ լրացուցիչ վկայություն է, որ Շիրակավանի բանակցություններում Դավիթը կարողացել էր պաշտպանել իր իրավունքները:

Դավիթը նույն փորձը կատարեց նաև 1045 թ., սակայն դարձյալ  ապարդյուն, և Անին` հայոց չքնաղ մայրաքաղաքը, բաժին հասավ նենգ բյուզանդացիներին:

1048 թ. իր մահկանացուն կնքեց զառամյալ թագավորը, որ հայ գահակալներից ամենաերկարակյացն էր` թագավորելով 58 տարի: Պատմությունը արդարացի չեղավ նրա հանդեպ, և պայքարով ու մաքառումով լի նրա կյանքն ու գործն այդպես էլ գնահատական չգտան:

 

Արժե՞ զսպել զայրույթը

բարկությունԹվում է, թե պետք է  անմիջապես այս հարցին բացասական պատասխան տալ: Այլապես ինչպե՞ս կարող են մարդիկ իմանալ, որ մենք դժգոհ ենք ինչ-որ բանից: Ինչպե՞ս կհասկանան, որ պետք է դադարեցնեն  մեզ համար անընդունելի վարքագիծը: Շատ մասնագետներ, լուրջ հոգեբաններ խորհուրդ են տալիս կամքին ազատություն տալ անմիջապես:  Արտահայտվել, չզսպել զայրույթը: Դուրս թողնել ներսում կուտակվածը:

Սակայն այլ բան են մարդկային հարաբերությունները: Երբեմն մենք սխալմամբ ուրիշի ցավն ու լուռ վիրավորանքն արհամարհանքի, անշնորհակալության հետ ենք շփոթում: Ճանապարհին ուրիշի շտապողականությունը կամ դանդաղկոտությունն ընկալում  հատուկ մեր նկատմամբ արված ոտնձգություն:  Բայց մի՞թե բոլորը ցանկանում են  իրար վիրավորել, նվաստացնել:

Ահա մի այսպիսի պատմություն: Մի անգամ մի գործարար գնացքով մեկնում է  ուրիշ երկիր: Գնացք է բարձրանում մի տղամարդ երեխաների հետ ու նստում իրեն հատկացված տեղում, իսկ երեխաները սկսում են վազվզել, խառնաշփոթ ստեղծել:  Հայրը դիտողություն չի անում նրանց ու ասես չի էլ նկատում, թե ինչ է շուրջը կատարվում: Երբ երեխաներից մեկը նստած կանանցից մեկի մազերն է քաշում, գործարարը մոտենում է հայրիկին ու զայրացած նախատում. «Ինչո՞ւ չեք սաստում ձեր երեխաներին, մի՞թե չեք տեսնում, թե նրանք ինչ են անում»:

Տղամարդը նրան պատասխանում է. «Դուք իրավացի եք: Ես ցավում եմ, որ նրանք իրենց այդպես են պահում: Բանն այն է, որ կինս` այդ երեխաների մայրը, մի քանի ժամ առաջ է մահացել, ու ես չգիտեմ, թե ինչպես եմ այսուհետ ապրելու: Երեխաները դեռևս չեն գիտակցում այդ, գուցե նրանք այդ կերպ են արձագանքում: Խնդրում եմ, ներող եղեք»:

Գաղտնիք չէ, որ տարբեր մարդիկ նույն իրավիճակը տարբեր կերպ են տեսնում ու գնահատում, դա հավասարապես վերաբերում է թե՛ հարազատներին, թե՛ օտարներին: Չիմանալով մարդկային արժեհամակարգի մասին` դժվար է  որոշակի մարդու վարքագծի մասին սեփական անձի դիրքերից գնահատել ու դատել: Ուստի ավելի դյուրին է ներելն ու հասկանալը, քան թե անմեղին մեղադրելը: Ընդ որում, հիմնականում բոլոր «զանցանքները» չեն արվում միտումնավոր, այլ սոսկ  ենթագիտակցորեն ազդանշելու, որ ուշադրության արժանանանք կամ էլ մեզ նկատեն:  Ուստի գուցե ներենք այդ փոքրիկ թուլությունները:

Անձնական տարածք

Անձնական տարածքը մարդու շուրջ այն գոտին է, որտեղ մուտք ունեն միայն մտերիմները: Դա  պարզապես մեկնված թևի հեռավորությամբ տարածություն չէ: Անձնական տարածք հասկացության մեջ բնակարանն է, բանկային հաշիվը, ավտոմեքենան, պայուսակի պարունակությունը, գրագրությունը: Յուրաքանչյուր մարդ ունի սեփական նախապատվություններն անձնական տարածքի հարցերում. ինչ-որ մեկը տանել չի կարողանում ուրիշ մարդու հպումը, մեկի համար շատ է կարևորվում անձնական բաժակը, իսկ ոմանք էլ իրենց իրերի հսկողությունը  հեշտությամբ վստահում են անծանոթ մարդկանց: Ձեռքսեղմումը, ուսին կամ թիկունքին թեթևակի թփթփացնելը համարվում են սոցիալապես թույլատրելի  հպումներ, իսկ «գործերդ ոնց են» հարցը հարգանքի հասարակ դրսևորում է: Սակայն, հոգեբանների հավաստմամբ, նման անմեղ թվացող «ներխուժումներն» անգամ կարող են զայրացնել: Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ուսումնասիրում կամ նայում են  ձեր համակարգչի էկրանին, առանց հարցնելու վերցնում իրերը ձեր դարակից կամ հյուր գնում առանց նախապես զգուշացնելու:

Անձնական տարածքի սահմանները յուրաքանչյուրի մոտ տարբեր են ու հաճախ կախված են նաև բնակության վայրից: Օրինակ` մեծ քաղաքներում այդ տարածքները բնակչության խտության պատճառով ավելի փոքր են: Անձնական տարածքի գլխավոր գործոններից են այն պայմանները, որոնցում մեծանում է մարդը: Մեծ ընտանիքում անձնական տարածքի շրջանակներն ավելի լղոզված են, ոչ հստակ, քանի որ մեծ ընտանիքներում հիմնականում իրերի մեծ մասն ընդհանուր է ու առանձնանալու հանարավորություններն էլ` ոչ շատ: Սակայն, հարկ է նշել, որ անձնական տարածքի պաշտպանությունը ոչ մի կապ չունի եսասիրության կամ ժլատության հետ: Բացարձակապես նորմալ է անձնական հարմարավետությանը վերաբերող կանոններ հաստատելն ու պահանջելը, որ շրջապատողները նույնպես հետևեն այդ կանոններին: Իհարկե հետևելով, որ ինքներդ էլ չխախտեք մեկ ուրիշի կանոնները: Անհրաժեշտ է շրջապատի մարդկանց հստակ բացատրել, թե որն է ձեր անձնական տարածքը, ու խնդրել չներխուժել այնտեղ առանց ձեր թույլտվության: Գուցե դրա մասին անընդհատ հիշեցնելու կամ անգամ դռների վրա փականներ շարելու հարկ լինի:

Երբեմն մարդը չի կռահում անգամ, որ իր տեսանկյունից անմեղ գործողությունները կարող են մեկ ուրիշին տհաճություն պատճառել: Կարևոր է նաև «ոչ» ասել սովորել: Դա այն կարևոր խոսքն է, որը սահմաններ է գծում: «Ոչ»-ը պետք է արտաբերել հանգիստ ու վստահ: Ու չպետք է մերժումը դիտարկել որպես բացասական երևույթ: Դա սոսկ տեղեկությունը հասցնելու, շրջապատին հասկացնելու միջոց է, երբ ցանկանում ես բացատրել, որ սեփական հարմարավետությունը որոշակի սահմաններ ունի,  և ձեր ժամանակի չարաշահումը, խաղը ձեր զգացմունքների հետ, առանց հարցնելու ձեր իրերն օգտագործելն ազդում է ձեր տրամադրության ու նույնիսկ առողջության վրա: Իսկական ընկերներն ու բարեկամները պետք է դա հասկանան ու երբեք չվիրավորվեն: Չէ՞ որ նրանք էլ են ուզում, որ մենք մեզ հարմարավետ զգանք: Միմյանց նկատմամբ  հարգալից վերաբերմունքն անձնական տարածքի հարցում  վճռորոշ դեր է խաղում ու հնարավորություն տալիս խուսափելու կոնֆլիկտներից:

Ուրախանալ ամեն աստծո օրով

Յուրաքանչյուրն էլ գեթ մեկ անգամ բողոքել է կյանքից. ինչքան ամեն ինչ դժվար է ու անարդարացի, ինչքան չարություն ու դժբախտություն կա: Ցավոք, հաճախ նկատում ենք ու նշում միայն բացասական երևույթները` համառորեն հրաժարվելով նկատել դրականները: Մինչդեռ դրանք քիչ չեն, հարկավոր է միայն նկատել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է երբեմն սև-սպիտակ կյանքին գույներ ավելացնել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կյանքի որակը միայն փողով, հաջողություններով, հասարակության մեջ գրաված դիրքով ու «բարեկեցության այլ մանրուքներով» չի որոշվում ու չափվում: Չէ՞ որ նույնիսկ ամեն ինչ ունենալով էլ կարելի է դժբախտ զգալ: Ինչո՞ւ: Որովհետև ոչինչ չի երջանկացնում: Բերկրանքը երջանկության զգացումն է տվյալ պահին: Իսկ եթե հաշվի առնենք, որ ողջ կյանքը բաղկացած է կարճ պահերից ու ակնթարթներից, ապա ինչքան շատ ենք բերկրանքի պահեր ունենում, այնքան երջանիկ ենք:

Ուրեմն ի՞նչն է խանգարում մեզ այդ զգացումն ապրելուն: Հաճախ ուրիշի հաջողություններից շատերն ասես «պայթում» են նախանձից: Մտածում են` լինեի նրա փոխարեն: Կամ` ինձ մոտ պետք է պարտադիր ամեն ինչ ավելի լավ լինի: Հաճախ չենք էլ խորանում, թե հարկավո՞ր է արդյոք մեզ այն, ինչն ուրիշին է պետք: Ցավոք, ամեն լավ բան ասես ակնթարթորեն ջնջվում է հիշողությունից: Երբ նախանձը սկսում է խեղդել, փորձեք հիշել, թե վերջերս ինչ հաճելի բան է եղել ձեր կյանքում: Անպայման կգտնեք, միայն մի մոռացեք մանրուքների մասին: Համեղ թխվածքը, ընկերների հետ սուրճի  սեղանի շուրջ զրույցը: Իսկ եթե դժգոհության ու դատարկության զգացումը չի նահանջում, ապա մտածեք, թե ինքներդ ինչ կցանկանայիք հենց այդ պահին, և ինչպես կարելի է այդ ցանկությունն իրականացնել: Ամեն ինչ փորձեք, սակայն ձեռքերը մի ծալեք ու նստեք: Գործի անցեք երազանքն իրականություն դարձնելու համար, և երջանկությունը կայցելի ձեզ:

Երբեմն մեզ ներսից կրծում է վիրավորանքի զգացումն անարդարացիությունից. թվում է, թե մեզ թերագնահատում են, օգտագործում, չեն սիրում: Ու սկսվում է` ինչու է իմ ճակատագիրն այսպիսին:  Մինչդեռ իրական պատճառը գտնելն ու վերացնելը շատ բարդ է: Սակայն ոնց էլ պտտվես, ամեն ինչ փոխելու համար պետք է սկսես ինքդ քեզնից:

Փորձեք չաղտոտել , եթե  ձեզ նյարդայնացնում են կեղտոտ փողոցները: Ժպտացեք ու հաճոյախոսեք ձեր մռայլ հարևանին, որը ձեզ անգամ չի բարևում: Թուփ կամ էլ ծառ տնկեք ձեր լերկ բակում: Մի խոսքով, ավելի շատ անշահախնդիր բարություն արեք: Այն կվերադառնա եռապատիկ,  բայց ոչ անմիջապես: Սակայն բերկրանքի ու հպարտության զգացումը կլցնի ձեր սիրտը շատ շուտով: Մի մասնակցեք բամբասանքին ու այն ամենին, ինչը կգցի ձեր տրամադրությունը: Հավատացեք, այդ խոսակցություններն ամենևին չեն թեթևացնում հոգին, այլ միայն բացասականով են աղտոտում: Պարզապես ձեզ պատնեշեք այն անպետք  տեղեկությունից, թե  ինչքան վատ է ամենուր: Ավելի լավ է կատակերգություն դիտեք կամ էլ հետաքրքիր գիրք կարդացեք: Ուշադրություն մի դարձրեք չար, կոպիտ ու անտաշ մարդկանց վրա: Ի՞նչ կարելի է նրանցից սովորել: Կարելի է ու պետք է միմիայն ծիծաղել ամեն վատի վրա. օրվա մռայլության, չարի ու նախանձի, կոպտության, սեփական անհաջողությունների: Ու կտեսնեք, թե ինչպես է փոխվում տրամադրությունը,  դուք ուրախ եք դառնում, ու հոգին էլ թեթևանում է:

Փորձեք ծիծաղել. ինքներս մեզ վրա ծիծաղելը դժվարին խնդիր է, սակայն երբ սովորեք, կզգաք, թե որքան է դա թեթևացնում: Հումորի զգացումը հոյակապ բալասան է ունայնության ու անհուսության պարագայում: Ու մի բան էլ. ոչինչ այնպես չի շեղում տխուր մտքերից, որքան սիրած գործը: Եթե ունեք հոբբի, ապա օգտվեք դրա պատճառած բերկրանքից ու բավականությունից:

Կարելի է, ասենք, մաքրություն ձեռնարկել հաճելի ուրախ երաժշտության ներքո:

Նույնիսկ ամենադրական ու պայծառ մարդիկ ժամանակ առ ժամանակ զայրանում են, վշտանում  և անգամ արտասվում: Սակայն դժվար թե նրանք իրենց կյանքը վերածեն  փնթփնթոցի: Մի ծուլացեք երջանկացնելու ձեր իսկ սիրտը, դա այնքան էլ դժվար բան չէ:

Փորձեք նախանձը վանել. իրական նպատակներ դրեք ձեր առջև ու մշակեք դրանց հասնելու պլաններ: Փորձեք ապրված յուրաքանչյուր օրից, մի հաճելի մանրուքից բավականություն ստանալ: Փորձեք ինքներդ լցնել կյանքը, մի սպասեք երկնային մանանայի: Դատարկ խոսակցությունների, բամբասանքի ու բացասական տեղեկությունների վրա ժամանակ մի վատնեք: Ավելի լավ է  ուրիշ գործ գտնել: Ագրեսիային ագրեսիվությամբ մի պատասխանեք: Փորձեք մի լավ ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Բարի գործ կատարեք առանց պատասխան ակնկալելու: Դա ձեր կյանքն ավելի կհետաքրքրացնի: Արժե միայն ցանկանալ,  և անպայման կգտնեք երջանկանալու առիթ:

«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»

Tigran-Hovhannisyan«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն և բազմաթիվ տաքսիստներ պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:

Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:

Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի  2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես: Ու մինչև տուգանքի մասին փոստով իմանում ենք  երկու ամիս տևում ա, բայց էդ ընթացքում մենք արդեն մի հարյուր անգամ նույն տեղը կանգնած ենք լինում ու չենք իմանում, որ խախտում ենք անում»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:

Taxi-miting Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար  իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:

Մի խոսքով` դժգոհություները շատ են:  Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:

«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,-  ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:

Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական  ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:

Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ  նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց  բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»:

Սիրիահայերը Թուրքիայի թիրախներից մեկն են

սիրիահայերԱյս օրերին աշխարհն անհամբեր սպասում է` Սիրիայի դեմ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ռազմական գործողություններ կսկսե՞ն, թե՞ ոչ: Այս հարցը հետաքրքիր է ոչ միայն Սիրիայում աշխարհաքաղաքական շահեր հետապնդողներին, ուղղակի հետաքրքրասերներին ու միջազգային հարաբերություններով հետաքրքրվողներին, այլև մեզ` հայերիս համար: Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի մայր համայնքն է համարվում:

«Բոլորս էլ լավ գիտենք, որ այդ համայնքը ձևավորվել է հատկապես Ցեղասպանությունից հետո: Ցեղասպանության ենթարկված մեր ազգի մնացորդներից մի չնչին մասը, որ կենդանի է մնացել, անցնելով Դեր-Զորի անապատը, Սիրիայում է հաստատվել հետագայում այլ երկրներ տեղափոխվելու հույսով, բայց 1924 թ., ինչպես գիտենք, նրանց տրվեց քաղաքացիության իրավունք, և սիրիահայերը անցյալ 90 տարում ինտեգրվեցին սիրիական հանրությանը»,- ներկայացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարության` սիրիահայերի հարցերով զբաղվող  աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը:

Փաստորեն սիրիահայ համայնքը ձևավորվել է Ցեղասպանության իրականացման հիմնական վայրերում. Դեր Զորը Սիրիայում է: Բավականին մեծ ու կազմակերպված համայնք էր, որը լուրջ դեր ու նշանակություն ուներ ոչ միայն Մերձավոր Արևելքի հայ համայնքների շարքում, այլև աշխարհի` համարվելով սփյուռքի կենտրոնական ու գլխավոր համայնքներից մեկը: Մինչև սիրիական խնդիրների սկիզբը ոչ պաշտոնական տվյալներով Սիրիայում ապրում էր 100 հազար, իսկ պաշտոնական տվյալներով` մոտ 80 հազար հայ: Եվ այս համայնքը ոչ միայն հայկական խոշոր ազգային-մշակութային կենտրոն էր, այլև անմիջապես  Թուրքիայի սահմանների մոտ բավական ուժեղ հայկական գործոն:  Այս համայնքը մեծ դեր ուներ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում,  և հենց նման հզոր ու կազմակերպված համայնքի գոյությունը սահմանի երկարությամբ բավական լուրջ խնդիրներ էր ստեղծում Թուրքիայի համար: Դրա համար էլ պատահական չէ, որ սիրիական կոնֆլիկտի մեկնարկից սկսած` Թուրքիայի համար այն հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից մեկն էր:

«Սիրիայի հարցի հետ կապված` Թուրքիայի թիրախում, ի թիվս այլ հարցերի, նաև տեղի հայ համայնքի խնդիրն է: Թուրքիայի համար ներկայում ստեղծված իրավիճակը հարմար առիթ է Սիրիայի հայկական համայնքը թուլացնելու և կազմալուծելու համար: Իհարկե, Անկարային որևէ կերպ ձեռնտու չէր հարևան երկրում ուժեղ հայկական համայնքի գոյությունը, որը, ի դեպ, հենց Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հետևանքով է ձևավորվել իր այսօրվա տեսքով: Սպասելի էր, որ Թուրքիան ամեն կերպ թիրախավորելու է հայ համայնքին և փորձելու է թուլացնել այն: Եվ այն տեղեկությունները, թե Թուրքիայից ֆինանսավորում են հայերի վրա հարձակումներն ու սպանությունները, տրամաբանությունից զուրկ չեն և իրականությունից հեռու չեն: Պետք է հասկանալ, որ Թուրքիան մեր օրերում նույնպես շարունակում  է հայատյաց քաղաքականություն վարել, և Սիրիայի հայ համայնքի դեպքում դա վառ ընդգծվում է: Այս առումով տեղի հայ համայնքի համար ևս մեկ բացասական զարգացում կլինի միջազգային լիարժեք ներխուժումը Սիրիա, որի ակտիվ ջատագովներից և պատրաստակամ մասնակիցներից է Թուրքիան»,- պարզաբանեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Համենայն դեպս, սիրիական դեպքերի ամբողջ ընթացքում բազմաթիվ հրապարակումներ, հայտարարություններ եղան, կարծիքներ ու տեսակետներ հնչեցին, որ Սիրիայի ապստամբները, որոնք  մարտական պատրաստություն են անցնում նաև Թուրքիայում կամ թուրք հրահանգիչների միջոցով, հենց այդ թուրք հրահանգիչների միջոցով էլ ուղղորդվում են` հարվածներ հասցնելու նաև հայկական թիրախներին` մարդկանց, տներին, գույքին, ազգային-մշակութային շինություններին և այլն: Տարբեր կազմակերպություններ նաև բազմիցս հանդես են եկել հայտարարություններով, որ սիրիայի ապստամբների շարքերում քիչ չեն նաև թուրք ու ադրբեջանցի վարձկանները, որոնք, բնականաբար, նույնպես հայերին ու հայկական ամեն ինչը որպես թիրախ են տեսնում: Ու, ինչպես նշեց թուրքագետը, միջազգային ներխուժումն էլ ավելի վտանգավոր պայմաններ կստեղծի սիրիահայ համայնքի համար:

«Բացի մարդկանց սոցիալ-կենցաղային հարցերից, Սիրիայում կան բազմաթիվ մշակութային կոթողներ ու հուշարձաններ, այդ թվում նաև հայկական եկեղեցիներ, մշակութային կոթողներ, որոնք մեր մշակութային ժառանգությունն են և պարզապես կործանվում են ու կորչում: Եվ շատ ցավալի կլինեն այդ կորուստները: Ցեղասպանությունից հետո մարդիկ 100 տարվա ընթացքում ստեղծել են դպրոցներ, մշակութային օջախներ, միություններ` նոր կյանք, և հիմա կորցնում են այն»,- նշեց սփյուռքի նախարարության  Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը:

Նշենք, որ թեև ոչ ոք հստակ չգիտի, թե սիրիահայ բազմահոծ համայնքից քանի հոգի է դեռ մնում Սիրիայում, քանիսն են տեղափոխվել Հայաստան ու քանիսը` այլ երկրներ, ամեն դեպքում թե՛ սփյուռքի նախարարությունը և թե՛ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշում են, որ այս պահին Հայաստանում է հանգրվանել մոտ 10 հազար սիրիահայ:

«Վերջին տվյալներով, որը մեծ մասամբ ստանում ենք լրատվամիջոցներից, քանի որ պաշտոնական տվյալներ, որպես այդպիսին, չկան, տարբեր կարգավիճակներով ու փաստաթղթերով սիրիահայեր են, որոնք անընդհատ ժամանում են Հայաստան կամ մեկնում են Հայաստանից, ուստի մենք այդ տվյալներով ասում ենք, որ մոտ 10 հազար սիրիահայ է այսօր գտնվում Հայաստանում: Այդ 10 հազար սիրիահայերից 432-ը միայն այս պահին ունի փախստականի կարգավիճակ: Եվս 103 հոգի սպասում է իր կարգավիճակի հաստատմանը: Սիրիահայերը Ցեղասպանությունից են մազապուրծ եղել, մեկ սերունդը դեռ չվերջացած, մեկ դարի ընթացքում, նրանք արդեն երկրորդ անգամ են ստիպված բռնում գաղթի ճանապարհը»,- հայտնեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

Սիրիայում, ըստ սփյուռքի նախարարության ունեցած տվյալների, դեռ ունենք շուրջ 50 հազար հայրենակից: Արդեն նշեցինք` 10 հազար սիրիահայ գտնվում է Հայաստանում, իսկ մնացած շուրջ 20 հազարը հարակից ու հեռավոր երկրներում են ապաստանել: Ստույգ հայտնի չէ նաև, թե ներկայումս Սիրիայում գտնվող հայերից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, բայց բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կան այնտեղ: Մոտավոր տվյալներով` Սիրիայում ներկայումս գտնվող սիրիահայերից վերջին 1 տարում գոնե 5 հազար հոգի ձեռք բերեց հայկական անձնագիր:

«Սիրիայում գտնվող հայերի խնդիրների հետ կապված` նախարարության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չկան ո՛չ ցամաքային, ո՛չ էլ օդային ճանապարհներ, փակ են, և մենք, ըստ էության, որևէ կերպ չենք կարող ազդել  այնտեղի գործընթացների վրա»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Բնականաբար, կոնֆլիկտի հետագա  ծավալման դեպքում դեռևս Սիրիայում մնացած հայերի մեծ հոսք կարող է  լինել դեպի Հայաստան: Հաշվի առնելով, որ Հայաստանում ներկայումս գտնվող սիրիահայերը դեռևս բազմաթիվ չլուծված հարցեր ու խնդիրներ ունեն, պետք է պարզել` մեր երկիրը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ է ընդունել ու ապաստան տալ սիրիահայերին նոր հոսքի դեպքում:

«Սիրիական կոնֆլիկտի շուրջ նոր զարգացումների սպասելիս, լարվածության մեծացմանն ընդառաջ, ասեմ ձեզ, որ մենք բոլոր սցենարներին էլ պատրաստ ենք: Մենք ելնում ենք իրավիճակից ու առկա փորձից: 2012 թ. մայիսի վերջին մենք չէինք սպասի, որ սիրիահայերի այդպիսի ներհոսք կունենանք և մեկ տարի անց Հայաստանում 10 հազար սիրիահայեր կլինեն: Ենթադրում էինք, որ մի քանի հազար հոգի կգան: Հիմա մենք, բոլոր դեպքերում, պատրաստ ենք, ու եթե նորից սիրիահայեր գան, մենք կընդունենք նրանց, ինչպես ընդունել ենք այս 10 հազար հոգուն: Եթե նրանք խնդիր չդնեն, որ անպայման պետք է Երևանում հանգրվանեն, մենք կարող ենք նույնիսկ նրանց երևանամերձ համայնքներում տեղավորել»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Ամեն դեպքում սիրիահայերի հանդեպ սփյուռքի նախարարությունը որդեգրել է այն սկզբունքը, որ որևէ արհեստական մոտեցում չի լինելու սիրիահայ համայնքի պահպանման համար. ո՛չ  փորձելու են այդ համայնքը քանդել, ո՛չ էլ հորդորելու են մնալ Սիրիայում, քանի որ դա սիրիահայերի լուծելու ու որոշելու հարցն է:

ԵՄ Ազատ առևտրի գոտի՞, թե՞ Մաքսային միություն. Եթե չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, միայն վնասներ ենք կրելու

Նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունից հետո, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, քննարկումները չեն դադարում: Ամենուրեք և ամենքը քննարկում են այն հարցը, թե Հայաստանի համար որն է ավելի նախընտրելի, Եվրասիական միության Մաքսային միությանը միանա՞լը, թե՞ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը և Առևտրի ազատ գոտուն միանալը: Անգամ հանրաքվե անցկացնելու պահանջ եղավ:

ԵՄ-մաքսայինՉնայած բազմաթիվ քննարկումներին, այդպես էլ շարքային քաղաքացուն չի ներկայացվում, թե ինչ են  իրենցից ներկայացնում Մաքսային միությունը և Ազատ առևտրի գոտին, կառույցներից յուրաքանչյուրին միանալու դեպքում Հայաստանը ինչ ձեռքբերումներ և կորուստներ կունենա, որպեսզի  նա ճիշտ կողմնորոշվի:

Մաքսային միության դրականն ու բացասականը այլոց փորձով

ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի հիմքը դրվել է  2008-ին: Այն ենթադրում է ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցում ԽՍՀՄ նախկին  երկրներից  Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ: Գործընկերության շրջանակներում նախատեսվում է այդ երկրների և ԵՄ-ի միջև կնքել ասոցացման համաձայնագիր, որի մի բաղադրիչն է  խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին:

Ազատ առևտրի գոտի հասկացությունը Վիքիպեդիա օն-լայն հանրագիտարանն այսպես է սահմանում. «Սա միջազգային ինտեգրման  տեսակ է, որի դեպքում մասնակից երկրների միջև վերացվում են մաքսատուրքը, հարկերը և առևտրային  քանակական  սահմանափակումները` համաձայն միջազգային պայմանագրի: Յուրաքանչյուր երկրի իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմը: Մեծ մասամբ ազատ առևտրային գոտու պայմանները տարածվում են բոլոր ապրանքների վրա, բացառությամբ գյուղմթերքի»:

2007-ին ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը համաձայնագիր ստորագրեցին մաքսային միություն ստեղծելու մասին: «Մաքսային միության նպատակն է ստեղծել միասնական մաքսային տարածք, որի սահմաններում կկիրառվի միասնական մաքսային  տուրք  և այլ միասնական առևտրային քայլեր երրորդ երկրների հետ»,- ասված է Եվրասիական  միության կայքում:

Ըստ այդմ` միասնական տնտեսական տարածքն ընդգրկում է համաձայնագրի անդամ երկրները: Այստեղ  գործում են  տնտեսության կարգավորման միանման մեխանիզմներ` հիմնված  ընդհանուր շուկայական մոտեցումների վրա, գործում է միասնական ենթակառուցվածք և կիրառվում է համաձայնեցված հարկային, դրամա-ֆինանսական ու մաքսային քաղաքականություն, որն ապահովում է ապրանքների և ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

Եթե Հայաստանի առումով դեռ որևէ վերլուծություն չկա, թե ինչ օգուտ և վնաս կտա Մաքսային միությանն անդամակցելը, ապա Բելառուսի և Ղազախստանի դեպքում այդպես չէ. կան բազմաթիվ վերլուծություններ:

Օրինակ` Բելառուսական բիզնես (http://economics.bel.biz/) կայքի վերլուծության համաձայն` Մաքսային միությունը Բելառուսի համար նախընտրելի այլընտրանք է, քանի որ կկարողանա էներգակիրներ ստանալ համեմատաբար ցածր գներով, բացի այդ, ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը փոքր է, քան Մաքսային միության երկրների հետ: Ավելին,   ազատ առևտրի գոտուն միանալու պարագայում  դժվար թե ծավալները կարողանան մեծացնել, քանի որ բելառուսական ապրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին:

Չնայած  ցանկալի այլընտրանք լինելուն` Մաքսային միությունն ունեցավ նաև բացասական ազդեցություն Բելառուսի տնտեսության վրա: 2011-ին պարենամթերքի էժան գներով արտահանումը Ռուսաստան կանխել չկարողացան, ինչի հետևանքով երկրի բնակչությունը պարենամթերքի պակասի խնդրի առջև կանգնեց: Սա բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է:

Իսկ Համաշխարհային բանկն էլ, վերլուծելով Ղազախստանի կորուստներն ու ձեռքբերումները, նշում է, որ Մաքսային միության իրագործման ամենամեծ խոչընդոտը միասնական արտաքին մաքսատուրքի սահմանումն է, որը տվյալ դեպքում Ղազախստանին տնտեսական կորուստներ է պատճառում:

«Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»

Հասմիկ ՀովհաննիսյանՊարզելու համար, թե ինչ կտա Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելը,  «Անկախը» զրուցել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

Նրա խոսքով` որևէ միության անդամակցելուց առաջ հարկավոր է խորը և լուրջ հետազոտություն կատարել` պարզելու կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարը. «Չի կարելի բացասել հանուն բացասման կամ գովաբանել հանուն գովաբանման»: Բացառություն չէ և Մաքսային միությունը:

Հովհաննիսյանը  ներկայացրեց Մաքսային միությանը միանալու հնարավոր դրական և բացասական կողմերը` կարճաժամկետ առումով (տնտեսագիտության տեսանկյունից սա 1-3 տարի ժամանակահատվածն է):

Ըստ այդմ, Մաքսային միությանն անդամակցելը կարճաժամկետ առումով կտա հիմնական ռեսուրսների էժան, այդ շրջանակներում առավել սերտ համագործակցության և նոր ռուսական վարկի ձեռքբերման հնարավորություն:

Որպես հնարավոր բացասական ազդեցություն Հովհաննիսյանը նշում է, որ կարող է թանկանալ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքը, ինչ-որ առումով կսահմանափակվի երկրի ինքնիշխանության ֆունկցիան և կզգանք ռուսական բիզնեսի ներկայությունը: Անդրադառնալով ինքնիշխանության սահմանափակմանը`  ասում է. «Նույնը կարող է լինել, եթե մենք անդամակցեինք մեկ այլ կառույցի, քանի որ փոխհամաձայնության  պիտի գնանք: Չնայած այժմ էլ այդ քայլին գնում ենք:  Որևէ  նոր քաղաքականություն մշակելիս մենք այն համապատասխանեցնում ենք այս կամ այն կառույցի հետ կնքված համաձայնագրերին»:

Իսկ այն հարցին, թե իսկապե՞ս Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է վերադարձ Խորհրդային միությանը, մասնագետն ասում է. «Ցանկացած մաքսային միություն իր ենթատեքստում դա  ենթադրում է, որքան էլ որ պնդեն հակառակը: Եթե մտածում ենք, որ կառույցը կատարյալ միություն է, արդեն սխալվում  ենք և կորցնում ենք, ում էլ որ հարենք»:

Անդրադառնալով հնարավոր սցենարին, որ կարող էր ի հայտ գալ,  եթե Հայաստանը ստորագրեր  ԵՄ ասոցացման համաձայնագիրը, տնտեսագետն ասում է. «Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու  դեպքում էլ որոշ սահմաններում չէինք կարողանալու ինքնուրույն որոշումներ ընդունել: Այստեղ նաև միգրացիոն խնդիր կառաջանար, քանի որ որակյալ աշխատուժը շատ ավելի ազատ կտեղաշարժվեր ԵՄ անդամ երկրներ:  Կառաջանար նաև   գների աճ`՝ պայմանավորված  հիմնական ռեսուրսների թանկացմամբ և գործազրկության աճ»:

Հովհաննիսյանը  վստահ է, որ  հայաստանյան արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, հետևաբար  սկզբնական փուլում չի կարողանա արտահանվել եվրոպական շուկա: Բացի այդ, Հայաստան ապրանք կներմուծվի  հիմնականում Եվրոպայից, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում, հետևաբար ապրանքի գինն  էլ ավելի բարձր կլինի:

Չնայած այս ամենին` Հովհաննիսյանն ասում է, որ  տվյալ պահին որևէ մեկը միանշանակ չի կարող ասել, թե որն է Հայաստանի համար ավելի ձեռնտու, Մաքսային միությա՞նը, թե՞ ԵՄ ազատ առևտրի գոտուն անդամակցելը. «Ուսումնասիրություն է պետք, որպեսզի հասկանանք, թե որ կառույցին միանալու դեպքում ինչ օգուտներ և վնասներ կունենանք: Կարևորը, որ երկու դեպքում էլ կառուցողական մոտեցում ցուցաբերենք:  Եթե  չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, լինելու են  և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ վնասներ»:

Տեսականորեն հնարավոր է նաև երրորդ տարբերակը. Հայաստանը չի անդամակցում որևէ կառույցի և շարունակում է իր տնտեսական քաղաքականությունը: Այս տարբերակը, սակայն, ըստ Հովհաննիսյանի, հավանաբար հնարավոր չլինի տեսականից գործնականի վերածել, քանի որ Հայաստանը արտադրողականության առումով սահմանափակ հնարավորություններ ունի:

Անդրադառնալով այն խնդրին, որ Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի, Հովհաննիսյանն  ասում է, որ եթե անդամակցում ենք, ապա այդ մարտահրավերը պետք է դրվի Մաքսային միության առջև փոխշահավետ լուծման ակնկալիքով. «Եթե մենք չենք ունենում լիարժեք պատասխան մեր բարձրացրած հարցին, պետք է այլ քայլերի դիմենք:  Խնդիրն այն է, որ բոլորս փորձում ենք ենթադրություններ անել դեռ չտեսնելով ընդհանուր առաջարկությունների փաթեթը»:

Եզրափակելով Հովհաննիսյանն   ասում է, որ նախ պետք է կողմնորոշվենք, որպեսզի կարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել և իրավիճակը ճիշտ գնահատել. «Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»:

 

 

 

Հայաստանում քանդելու լուրջ ավանդույթներ են ձևավորում. հերթը «Զվարթնոցի» կլոր շենքինն է

ադբաշյան «Սրտիցս արյուն է կաթում»,- «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի կամ, ինչպես ժողովուրդն է ասում,  կլոր շենքի քանդման մասին լուրերին այսպես է արձագանքում Դմիտրի Աթբաշյանը, որը ժամանակին Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետն էր և անձամբ է մասնակցել համալիրը կյանքի կոչելու ողջ գործընթացին:

Աթբաշյանը մասնագիտորեն է բացատրում, թե որքան ճիշտ և որքան մտածված էր համալիրը  նախագծված և կառուցված` ի տարբերություն նոր մասնաշենքի: Նա անգամ կարծում է, որ նոր շենքի կառուցման անհրաժեշտություն ընդհանրապես չկար, այլ կարելի էր հինը զարգացնել, որի շուրջ 90-ականների սկզբին լուրջ բանակցություններ են վարվել Ճապոնիայի, Կորեայի և այլ երկրների հետ:

Այսօրվա պես հիշում է. 1971 թվականն էր, նոր էր Ռուսաստանից հայրենիք եկել և ստանձնել քաղավիացիայի վարչության պետի պաշտոնը, երբ մի քանի օր անց իրեն զանգահարեցին և ասացին, որ օդանավակայանում նոր համալիր կառուցելու նախագծեր կան: Անտոն Քոչինյանը (ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ուզում է լսումներ անցկացնել դրանց վերաբերյալ և ցանկանում է լսել իր կարծիքը:

«Ներկայիս արտգործնախարարության շենքում, որն այն ժամանակ պետշինի շենքն էր, մի դահլիճ էին վերցրել, պատերին կախել այդ գծագրերը և տակը շարել նախագծերի մակետները: Վեց նախագիծ, վեց մակետ` յուրաքանչյուրն իր ճարտարապետական խմբով»,- հիշում է նա:- Վեցն էլ ելույթ ունեցան և իրենց պրոյեկտները գովեցին, բայց իմ կարծիքով` ոչ մեկն էլ չէր համապատասխանում քաղավիացիայի այդ ժամանակվա պահանջներին: Ասացի, որ նախ և առաջ պետք է գծել տեխնոլոգիան, հետո դրա շուրջ շարել պատերը, իսկ դուք արել եք ուղիղ հակառակը:  Այդ միտքը Քոչինյանին շատ դուր եկավ, և նա իմ ելույթից հետո ասաց, որ հասկացել է ինձ: Հետո Քոչինյանը հարցրեց, թե այդ վեց նախագծերի մեջ չկա՞ն գոնե երկուսը, որ խելքին մոտ են: Այո, կային, և այդ երկուսից մեկը Արթուր Թարխանյանինն էր: Քոչինյանը հանձնարարեց, որ այդ երկու նախագծերը ներկայացրած բյուրոները միանան և համատեղ աշխատեն: Դրանից հետո գնացի արտերկիր, ուսումնասիրեցի տարբեր օդանավակայաններ, որտեղից մի քանի ճամպրուկ գծագրեր բերեցի»:

զվարթնոց (1)

Աթբաշյանը պատմում է նաև, որ շենքի նախագիծն ուղարկել էին Մոսկվա այն ճարտարապետների մոտ, որոնք աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակներից մեկը` Մոսկվայի «Օստանկինոն» էին նախագծել; Երբ նրանք ամրության տեսանկյունից ուսումնասիրել էին «Զվարթնոցի» շենքի նախագիծը, ասել էին, որ այն «Օստանկինոյից» երկու անգամ ավելի ամուր է:

9Եվ այդպես 1961 թ. հիմնադրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի  ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը, որը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար: Դրա բացմանը Մոսկվայից հատուկ պատվիրակություն էր եկել` Խորհրդային Միության ավիացիայի նախարարի առաջին տեղակալի գլխավորությամբ:

Կլոր շենքը դարձավ Հայաստանի այցեքարտերից մեկը և ներառվեց պատմա-մշակութային հուշարձանների ցանկում: Ամենակարևորը` սիրվեց ժողովրդի կողմից:

Այսօր արդեն ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ հանդիսացող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են կլոր շենքը քանդելու հարցը` պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները վնասված են: Բացի այդ, ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք զարգացման ծրագիրն են ներկայացրել, և եթե նախատեսեն մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը կարող է խանգարել:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

2107Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեզ հայտնեց, այս տարեսկզբին շենքը քանդելու հարցը բերվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհուրդ, որի անդամ է նաև ինքը, և Նարեկ Սարգսյանը, որն այդ ժամանակ դեռևս Երևանի գլխավոր ճարտարապետն էր, անգամ հարցը քննարկման չի դրել` ասելով, որ միևնույնն է, քաղաքապետարանը պետք է մերժի, քանի որ չպետք է թույլ տալ այդ շենքը քանդել: «Դրանք Նարեկ Սարգսյանի խոսքերն են: Նա անգամ ասաց, որ Ծածկած շուկայի շուրջ աղմուկը քիչ է, հիմա էլ լրացուցիչ աղմուկ այս շենքի շուրջ չի կարելի հանել»,- ասում է Քալաշյանը` նշելով, որ դրանից հետո քաղաքապետարանը գրավոր մերժել է դիմումը:

Բայց ինչպես երևում է, օդանավակայանի ղեկավարությունը մտադիր չէ հանձնվել, և օրեր առաջ նույն հարցով Հանրային խորհուրդ է դիմել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը և առաջարկել համատեղ քննարկել հարցը, որպեսզի նախքան վերջնական որոշում կայացնելն իրենք ունենան այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են հանրության շրջանում, և ներկայացնեն կառավարություն:

Հանրային խորհրդից տեղեկացրին, որ եկող շաբաթվա ընթացքում հարցը քննարկման է դրվելու խորհրդի մի շարք ենթահանձնաժողովներում` քաղաքաշինության, քաղավիացիայի, մշակույթի և այլն, որից հետո հանրային լայն քննարկում է կազմակերպվելու:

10Քալաշյանի խոսքով, ժամանակին, ինչպես շատ այլ արժեքավոր կառույցներ, կլոր շենքը նույնպես պատմա-մշակութային հուշարձանների ցանկից հանվել է, որպեսզի հեշտությամբ սեփականաշնորհվի, որից հետո այլևս չի ներառվել այդ ցանկում: «Անկախությունից հետո, երբ օլիգարխները սկսեցին իրենց «վաստակած» գումարները մարմնավորել բետոնի մեջ, որ կորստի չենթարկեն, որոշեցին շենքեր գնել, բայց երբ իմանում էին, որ դրանք հուշարձան են, հրաժարվում էին, դրա համար էլ հուշարձանների ցանկից հանում էին»:

Ճարտարապետը համամիտ է, որ ժամանակները փոխվել են, և օդանավակայանի  հին շենքը միգուցե չի համապատասխանում նոր պահանջներին, քանի որ խորհրդային տարիներին օդանավակայանն արտասահմանյան չվերթներ չէր սպասարկում, չկար մաքսակետի, այլ ծառայությունների կարիք, բայց նաև կարծում է, որ այն կարելի է այլ նպատակի ծառայեցնել:

Դմիտրի Աթբաշյանն էլ առաջարկում է կոնկրետ նպատակն ու լուծումը. առանց որևէ փոփոխության այդ շենքն օգտագործել որպես տրանզիտային օդանավակայան կամ, ինչպես դրսում է ընդունված ասել, «հաբ» օդանավակայան: «Բերել, տրանզիտային չվերթները Հայաստանում իջեցնել, և այն ուղևորները, որոնք պետք է մի քանի ժամ անցկացնեն օդանավակայանում և շարունակեն իրենց ճանապարհը, այդ ժամանակահատվածը կարող են անցկացնել կլոր շենքում, որտեղ բնականաբար պետք է լինեն տարբեր ծառայություններ` հյուրանոց, ռեստորան և այլն: Ուղևորներից յուրաքանչյուրն ամենապակասը 60-100 դոլար կթողնի այնտեղ»:

Աթբաշյանը համոզված է, որ դրա պահանջարկը կա, «Զվարթնոցն» էլ աշխարհագրական առումով հիանալի դիրքում է` տեղակայված է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Ասում է, որ 90-ականների սկզբին, երբ ինքը կրկին քաղավիացիայի վարչության պետն էր, այդ հարցը քննարկվել է: Օրինակ, Ֆրանսիայի հետ, որը պատրաստակամ է եղել տրանզիտային չվերթներ իրականացնել Հայաստան, բայց գործը, ցավոք, կիսատ է մնացել:

Սաշուր Քալաշյանին ցավ է պատճառում, որ XX դարի մեր ճարտարապետական նվաճումները հերթով հօդս են ցնդում: «Ոչ մի երկրում էդպիսի բան չկա, որ ճանաչում ստացած օբյեկտները քանդեն ինչ-ինչ պատճառներով: Դրանք պահպանվում են` անկախ  այն հանգամանքից` հնացել են, թե ոչ, կորցրել են իրենց պիտանիության արժեքը, թե ոչ: Դրանք արդեն մշակութայի՛ն արժեքներ են»: