Հյուրերի մասնակցությամբ

OLYMPUS DIGITAL CAMERAՄայիսի 8-ին Վանաձորում կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար` նվիրված Մարշալ Բաղրամյանի հիշատակին: Բացի հայ մարզիկներից մրցաշարին մասնակցելու են նաև ըմբիշներ Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Հայաստան են ժամանելու 15 վրացի և 3 ռուս մարզիկ: Յուրաքանչյուր քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու են 10 մարզիկներ:

Մարշալ Բաղրամյանի հուշամրցաշարը հոբելյանական է, այն մեկնարկել է 1983-ին և անց է կացվում արդեն 30-րդ անգամ: Այս մրցաշարում լավ հանդես եկած պատանի հայ ըմբիշները հունիսին կմեկնեն Չեռնոգորիա` մասնակցելու Եվրոպայի պատանիների առաջնությանը:

Հաջող սկիզբ

շchess-000Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկած Եվրոպայի անհատական առաջնությունում հայ 7 շախմատիստներ վստահորեն են խաղացել:
Հաջող են սկսել պայքարը և իրենց օգտին հաղթանակներ են գրանցել Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Հովհաննես Գաբուզյանը։ Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանը, Կարեն Գրիգորյանը և Ռոբերտ Աղասարյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։ Պարտվել են  Էլինա Դանիելյանը և Վլադիմիր Պողոսյանը։

Առաջնությանը մասնակցում է 280 շախմատիստ: Խաղացվելու է 11 տուր։

Իլհամ Ալիևը հերթական անհեթեթ մտքերն է արտահայտել Հարավկովկասյան համաժողովի ժամանակ

alievՀայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մեկնարկած Հարավկովկասյան համաժողովի ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ալիևը իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը ձգտում է ԼՂ հիմնախնդիրը լուծել միջազգային իրավական նորմերի շրջանակում: “Մենք ցանկանում ենք մեր բռնազավթված տարածքներն ազատագրել միջազգային իրավունքի նորմերի շրջանակում: Մենք շարունակում ենք տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Այնպես որ, որքան ուժեղ լինենք, այնքան շուտ կկարողանանք լուծել հիմնախնդիրը”,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև վրաց-ադրբեջանական հարաբերություններին` նշելով, որ “դրանք հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակ են”: “Ցավոք սրտի, Հարավային Կովկասի երրորդ երկրի՝ Հայաստանի հետ մեր հարաբերությունները լարված են: Որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն, Հայաստանը պետք է դադարի բռնազավթիչ քաղաքականություն վարել”,-նշել է նա:

 

Հարավկովկասյան համաժողովը մեկնարկել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Միջոցառմանը մասնակցում են մոտ 400 փորձագետներ աշխարհի 70 երկրից, պետությունների և կառավարությունների նախկին և ներկա ղեկավարներ:

 

Համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջան է ժամանել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

 

Երեք մեդալ` «Սև ծով» ըմբշամարտի միջազգային մրցաշարում

20110127052336sportՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, որի կազմում էր 6 մարզիկ, 3 մեդալի տիրացավ  Օդեսայում կայացած «Սև ծով» ըմբշամարտի միջազգային մրցաշարում:

55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը, պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտերում, բավարարվեցին 2-րդ տեղով: Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:

Ինչպես  «Անկախ»-ին տեղեկացրեց միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանը,  մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 87 ըմբիշներ: Բողոքի ցույց է կազմակերպվել օլիմպիական խաղերի ծրագրից ըմբշամարտը հանելու ՄՕԿ-ի որոշման դեմ:

 

Մանվել ԲադեյանՉնսեմացնենք մեր ժողովրդին. Մանվել Բադեյան

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ կուսակցությունից Մանվել Բադեյանը, խոսելով ավագանու ընտրությունների արդյունքների մասին, կոչ արեց չնսեմացնել ժողովրդին:

«Եթե մենք անընդհատ ասում ենք, որ մարդկանց ուղղորդել են, վախեցրել են, կաշառել են, և նրանք էլ ենթարկվել են վախենալով, մենք նսեմացնում ենք մեր ժողովրդին: Ընտրախախտումներով անգամ Նիգերիայում չի կեղծվում ընտրությունների մի քանի տոկոսից ավելին, էլ ուր մնաց մեզանում», – կարծիք հայտնեց Մանվել Բադեյանը:

Կենդանի է մնում ուժեղագույնը

o_771906Շնաձկան ձագերը դեռևս մոր արգանդում են խժռում միմյանց: “Կենդանի է մնում ուժեղագույնը” արտահայտությունը  հայտնի  է դեռևս Սպարտայի ժամանակներից  ու հետագայում դարձել է Դարվինի տեսության հիմքը:

Վագրաշնաձկան ձագերը առաջնորդվում են հենց այդ սկզբունքով մինչ լույս աշխարհ գալը: Առաջնածին շնաձուկ սաղմը մոր արգանդում խժռում է մնացած քույր-եղբայրներին: Արդյունքում ստացվում է, որ շնաձուկն ունենում է ընդամենը 2 ձագ ,այն էլ այն բանի շնորհիվ, որ երկու արգանդ ունի:

Նման եզրահանգման են եկել մասնագետները` ուսումնասիրելով 15 հղի շնաձկների, որոնցից յուրաքանչուրն ուներ մինչև 9 “ձու”: Առաջին սաղմը խժռել էր մնացածին:

Մի հետաքրքիր փաստ էլ հաջողվեց պարզել.  60%-ի մոտ երկու  առաջնեկներն էլ նույն հորից են, այն դեպքում, որ էգը հարաբերվել է մի քանի արուների հետ: Գիտնականները կարծում են, որ սաղմային կաննիբալիզմը նպաստում է կենդանի մնացած  սաղմի  աչքի ու ատամների արագ ու ակտիվ զարգացմանը:

 

Իզաբելլա Յայլյանը 4-րդ տեղում է

weightlifting-320x213Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում  Իզաբելլա Յայլյանը 58 կգ քաշայինների պայքարում երկամարտի 194 (87+107) կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը:

Չեմպիոն է դարձել ռուսաստանցի Քսենյա Մաքսիմովան՝ 205 (94+111) կգ: Երկրորդ տեղը գրաված դոմինիկանցի Յինեյսի Ռեյեսը նույնպես երկամարտում հավաքել է 205 (85+110) կգ, սակայն անձնական քաշով Մաքսիմովայից 280 գրամով ծանր է եղել: Երրորդ տեղը զբաղեցրել է վենեսուելացի Յուսլեյդի Ֆիգուերոան` 195 (85+110) կգ:

 

 

Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման հետևանքով 5 լեռնագնաց է զոհվել

i (1)Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքան պատճառով առնվազն 5 լեռնագնաց է զոհվել: Մայոնը տարածաշրջանի ամենաակտիվ հրաբուխն է: Այն մոխրասյուն ու լենապար է արտաժայթքել: Այդ պահին լեռան ստորոտում 20 լեռնագնաց կար: Տեղի իշխանությունների տվ յալներով, 7 մարդ վիրավոր է:

Զբոսաշրջիկների մի խումբ էլ, որը դեպի հրաբուխ վերելք էր կատարում, հայտնվել է խարանից ոչ հեռու  շրջափակման մեջ: Նրանց օգնության է հասել փրկարաների խումբը:

Չինական ավիաուղիներում առնետի միս են մատուցել

iՌուսաստան – Չինաստան ավիաուղու ինքնաթիռներում ուղևորներին տավարի  ու ոչխարի մսի փոխարեն ուղևորներին առնետի ու աղվեսի միս են հրամցրել:

ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը բացահայտել է, որ մթերքը ներկայացվել է տավարի ու ոչխարի մսից կիապատրաստվածքների տեսքով: Մասնագետները կասեցրել են այդ մթերքի տարածումը:

“Նախարարության տվյալներով, հունվարի վերջից մինչ օրս գրանցվել է 382 դեպք, առգրավվել է 20 տ նման արտադրանք”,հայտնել է աղբյուրը:

Առնետի ու աղվեսի միսը վնասակար է առողջությանը.դրանում կարող են լինել կատաղության , ժանտախտի, տուլյարեմիայի, տիֆի, սալմոնելոզի ու լեպտոսպիրոզի մանրէներ:

Օմբուդսմենի գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին

ՄԻՊԵրևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է ընդամենը 19 ահազանգ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդած Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում Պաշտպանի աշխատակազմը ստացել էր 178 ահազանգ, իսկ նախորդած Նախագահի ընտրությունների ժամանակ՝ 214 ահազանգ: Հաշվի առնելով նախորդած ընտրությունների համեմատությամբ եղած ահազանգերի սակավաթվությունը՝ քվեարկության օրը Պաշտպանի արագ արձագանքման խմբերը շրջել են քաղաքում և հանդիպել են տեղամասերում եղած քաղաքացիներին, դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին՝ առաջարկելով իրենց աջակցությունը և փորձելով ստանալ լրացուցիչ տեղեկություններ հնարավոր ընտրախախտումների մասին: Սեփական նախաձեռնությամբ կատարված 66 շրջայցերի արդյունքում ստացվել է 2 բողոք:

Այս ընտրությունների ողջ ընթացքում Պաշտպանին ուղղված ահազանգերի և բողոքների վիճակագրությունը հետևյալն է. ընտրացուցակներում առկա անճշտությունների, նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու և քվեարկության ավարտից հետո ընտրատեղամաս մուտք գործելու վերաբերյալ խորհրդատվության համար (10 զանգ), ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ (6 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման մասին (2 ահազանգ), լրագրողի նկատմամբ բռնության վերաբերյալ (1 ահազանգ), դիտորդին ահաբեկելու և տեսախցիկը խլելու մասին (1 բողոք), դիտորդի ոչ պատշաճ վարքագիծ (1 ահազանգ):

Հիմք ընդունելով սեփական ահազանգերը, նաև ուշադրությամբ հետևելով լրատվամիջոցների, տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության մեջ առկա խախտումների մասին փաստական տվյալներին՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները:

Ընտրությունները եղել են մրցակցային: Բոլոր մրցակից ուժերը ունեցել են քարոզչության ազատ պայմաններ, իսկ տեղամասերում ունեցել են բավարար ներկայացվածություն ու իրական հնարավորություն վերահսկելու քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը: Լրագրողները և հասարակական կազմակերպությունների դիտորդները աննախադեպ ակտիվությամբ են հետևել ընտրությունների ողջ գործընթացին և հանրությանն իրազեկել են գրեթե յուրաքանչյուր՝ նույնիսկ աննշան շեղման մասին: Դիտորդական կազմակերպությունների և լրագրողների բոլոր ճշտված և չճշտված հրապարակումները էական և ոչ էական խախտումների, այդ թվում՝ կասկածների ու ենթադրությունների վերաբերյալ, չեն գերազանցել 600-ը: Նախորդած ընտրությունների համեմատ՝ Ոստիկանությունը  առավել օպերատիվությամբ և լրիվությամբ է արձագանքել քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված բոլոր ընտրակեղծիքների մասին ահազանգերին և այդքանով հանդերձ հայտնաբերել և առանձնացրել է արժանահավատ միայն 143 ահազանգ: Լցոնման, ընտրակաշառքի բաժանման, կրկնակի քվեարկության և այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջև եղած ձայների տարբերությունը էականորեն գերազանցում է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են ազատ, իսկ դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են:

Ընտրությունների գործընթացի ընդհանուր դրական պատկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը, որի պատճառով եղել են քաղաքացիների անհարկի կուտակումներ, ընտրողների ուղղորդման կասկածներ, ընտրական գործընթացի մի քանի մասնակիցների աշխատանքի խոչընդոտում և հոգեբանական ճնշում: Մտահոգիչ էին նաև առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից գրանցամատյանում համապատասխան գրառումները չթույլատրելու վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ ահազանգերը:

Ընտրությունների արդյունքները որոշվում են Բաղրամյան 26-ում. Արկադի Վարդանյան

արկադի վարդանյանԱյսօր «Վարկած» մամուլի ակումբում քաղաքագետ Արկադի Վարդանյանը անդրադարձավ ներքաղաքական զարգացումները հետընտրական փուլում թեմային:

Բանախոսն ընդգծեց, որ մեզանում խոսել ընտրությունների մասին, նվազագույնն  անիմաստ է. «Ընտրություն ասվածը ֆորմալ երևույթ է մեզանում: Ակնհայտ է, որ արդյունքները որոշվում են Բաղրամյան 26-ում: Ինձ համար նախապես պարզ էր, որ ջախջախիչ հաղթանակ է տանելու Տարոն Մարգարյանը, բայց ջախջախիչ ասվածը հարաբերական է, իհարկե, այս պարագայում: Նախագահական ընտրությունների ընթացքում, եթե դեռևս կար ինչ-որ մոտիվացիա` լրջորեն մոտենալու ընտրություններին, ապա երկու-երեք ամսում մոտիվացիան վերացավ: Ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ ընտրությունները ձևական են, դրանց վրա հույս դնելն անիմաստ է»:

Խոսելով ընդդիմության ակնհայտ պարտության մասին` Արկադի Վարդանյանը շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ընդդիմադիր առաջնորդ, ցավոք սրտի, չկայացավ: Իսկ ստացված բացասական պատկերը մեղմելու համար ժողովրդին անհրաժեշտ է մոտիվացիա և կտրուկություն:

Իրանում 5 ադրբեջանցի ազատազրկման է դատապարտվել

1 (3)Իրանի Թավրիզ քաղաքի շրջանային դատարանը “Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում” կազմակերպության առաջնորդ Լյատիֆ Հասանիին և նրա չորս զինակիցներին 9-ական տարվա  ազատազրկման է դատապարտել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, ադրբեջանցիները մեղավոր են ճանաչվել ապօրինի խմբավորում ստեղծելու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված քարոզչություն իրականացնելու համար:

“Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում” կազմակերպությունը ստեղծվել է 1995թ-ին: Այն պայքարում է այսպես կոչված Միավորված ադրբեջանական պետություն ստեղծելու համար, որի մեջ, ըստ իրենց, ընդրգկվելու են Հյուսիսային Ադրբեջանը (ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը) և այսպես կոչված Հարավային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական նահանգ):

Հանդիպել են Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարները

321. The meeting of the Foreign ministers of Armenia and Montenegro 07.05.2013 (2)Մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Իգոր Լուկշիչը Չեռնոգորիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան և այցելությունը լավ սկիզբ և հիմք կարող է հանդիսանալ տարբեր ոլորտներում մեր համագործակցության զարգացման համար։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդները շատ պատմական ընդհանրություններ ունեն, ինչը լավ հիմք կարող է ծառայել միջպետական հարաբերությունների զարգացման համար։

«Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ անելիքներ կան՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծում, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում, մշակութային փոխանակումների խթանում և այլն։ Այս առումով Ձեր այցը լավ հնարավորություն է տալիս ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության հիմնական ուղղությունները, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու և ջերմ ընդունելության համար` Իգոր Լուկշիչն ընդգծեց, որ Չեռնոգորիան կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու իր այցելության հիմնական նպատակն է երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով պայմանավորվածությունների ձեռք բերումը։

Բանակցությունների ընթացքում նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ստեղծման, ԱԳՆ-ների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման, մշակութային փոխանակումների խրախուսման ուղղությամբ։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Չեռնոգորիայի ԵՄ անդամակցության բանակցություններին, Հայաստան – ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Նախարարներ Նալբանդյանն ու Լուկշիչն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ Նախարար Լուկշիչն իր հերթին պատմեց Բալկաններում ընթացող զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

կգնՄայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև  հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը  կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության  մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ:Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18 00-ն:

«Ինչո՞ւ ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին». աշխատակիցները տարակուսած են

կոնտինենտեքս22012 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Կոմիտաս 15 հասցեում գտնվող 4368 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, որտեղ տեղակայված է ՀՀ ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը, ուղղակի ձևով վաճառվել է «ԿԱԷՌ քընսթրաքշըն» ՍՊԸ-ին:

«Կոնտինենտտեքսի» աշխատակիցները, որոնցից մի մասն այդ ընկերությունում է աշխատում արդեն 35-40 տարի, խիստ անհանգստացած են, քանի որ իրենց որևէ տեղեկություն չի տրվել այդ գործարքի մասին, այժմ էլ պարզաբանում չի տրվում իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

Ոստիկանությանը պատկանող կարի ֆաբրիկան շուրջ կես դարի պատմություն ունի: Տասնամյակներ շարունակ այստեղ են կարվել ոստիկանության համազգեստները: Սակայն այսօր, ըստ աշխատակիցների, տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս են աշխատում, քանի որ պատվեր չկա:  Եղած աշխատանքի դիմաց էլ արդեն չորրորդ–հինգերորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել, իսկ շենքի վաճառքի մասին իմացել են պատահաբար:  «Օրերից մի օր էլի աշխատավարձի կռիվ եղավ, որ գործ չունենք, պարապ ենք, և երբ կրքերը բորբոքվեցին, իմացանք, որ շենքը վաճառված է: Մեզ էլ ասացին, որ եթե տեղ տան` կգնանք, կաշխատենք, եթե չէ` բոլորիս հաջողություն, ֆաբրիկան էլ կլուծարվի»,- ասում է արտադրամասի վարպետներից մեկը:

Բանն այն է, որ ժամանակին կարի ֆաբրիկան ոստիկանության համազգեստները կարելու մենաշնորհ ուներ, իսկ նոր օրենքների ընդունումից հետո, որոնք պարտադրում են մրցակցային դաշտի ապահովում, ոստիկանությունը պարտավոր է մրցույթ հայտարարել: Սակայն զարմանալին այն է, որ բազմամյա տարիների փորձ ու հմուտ աշխատողներ ունեցող պետական ֆաբրիկան մրցույթներում չի հաղթում, այլ հաղթում են մասնավոր, փոքր ընկերությունները:

Աշխատակիցները նշում են, որ նախկինում իրենք այդ մրցույթներին մասնակցում էին և ինչ-որ ծավալի աշխատանք շահում, սակայն ներկայիս տնօրենի գալուց ի վեր գրեթե գործ չունեն. «Տնօրենն ասում է` տենդերը չենք շահում: Բայց ո՞նց է, որ առաջ շահում էինք, հիմա՝ չէ: Էնպիսի տպավորություն է, որ միտումնավոր ուզում են հիմնարկը սնանկացնել և լուծարել»,- դժգոհում են աշխատակիցները:

2013-04-17 15.52.11Ֆաբրիկայի աշխատակիցները հպարտությամբ ցույց են տալիս այդ տարիների ընթացքում ստեղծած համազգեստների նմուշները, որոնք մանեկենների վրա ցուցադրված են հատուկ սենյակում: Լաբորատորիայի աշխատակիցն ասում է, որ համազգեստի նմուշների վերջնական տեսքի ստացման համար հատուկ մասնագիտական խումբ էր աշխատում,  իսկ այսօր իրենց մոդելները «գողանում են» մասնավոր ընկերություններն ու բազմացնում: «Մասնավորները գնում, անորակ կտորը Թուրքիայից բերում են, կարում, տալիս ոստիկանությանը, իսկ էս հսկայական հիմնարկն անգործության է մատնված: Ոստիկանները միշտ մեզ ասում են` ձեր կարի նման կար չկա, խի՞ դուք չեք կարում»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Ընկերության տնօրեն Սամվել Բեկչյանը չցանկացավ այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն տալ` առանց ոստիկանության համապատասխան մարմինների հետ համաձայնեցման: Փոխարենը բավականին պարզ խոսեց արտադրության պետ Աշոտ Հովհաննիսյանը. «Սա շահույթ հետապնդող ձեռնարկություն է, պետք է մասնակցի այդ մրցակցությանը: Դա նորմալ է: Բայց տնօրենները մի տեսակ ուրիշ (պետական չինովնիկի) հոգեբանությամբ են գալիս էստեղ, և բավարար կոմպետենտության բացակայության դեպքում առաջանում են դժվարություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են անհաղթահարելի:  Ինչպես ասում են` տնօրենները գալիս ու գնում են, բայց ոչինչ չի փոխվում»:

Ըստ Հովհաննիսյանի` ընկերությունը մրցակցությանը չի դիմանում ոչ միայն տնօրենի աշխատաոճի պատճառով, այլև մի շարք օբյեկտիվ պատճառներով. «Մեր հաստատուն ծախսերը` կոմունալ ծախսեր, սոցապ վճարներ, կրեդիտորական պարտքեր և այլն, գերազանցում են մեր արտադրանքի իրացումից եկած գումարները: Դրան գումարած` ամսական մոտ 650 հազար դրամ հարկային պարտավորությունների գումար ենք տալիս, պարզ է, որ եկամուտ չունենալու դեպքում ոչ միայն այդ վճարները չենք կարողանա փակել, այլև պարտքերի տակ կհայտնվենք»,- ասում է նա:

Բանն այն է, որ աշխատողների մեծ մասի հետ անժամկետ պայմանագրեր են կնքվել, և ստացվում է, որ հիմնարկն այդքան պատվեր չունի, բայց ունի անթիվ-անհամար աշխատողներ (մոտ 200), որոնց համար առաջանում են պարտադիր սոցիալական վճարներ: Ըստ Հովհաննիսյանի, եթե պայմանագրերը ժամանակավոր լինեին, ապա դրանց ժամկետները լրանալուն պես նրանց մի մասին այլևս աշխատանքի չէին վերցնի, իսկ այս դեպքում նաև պետք է լրացուցիչ ծախսեր անեն և նրանց ազատեն աշխատանքից:

Կարճ ասած՝ արտադրության պետն իրավիճակն այսպես է ձևակերպում. ապրանքն արտադրելու համար ծախսում ես, ենթադրենք, 5000 դրամ, հետո այն վաճառում 4000-ով:

կոնտինենտեքսՍակայն նա դեռ հույսը մեռած չի համարում. «Պետք է վերը նշված անիմաստ ծախսերը կրճատվեն, այդ թվում նաև ավելորդ կադրերը, որոնք պարտադրվել են տնօրենին, իսկ ընկերությունը պետք է ղեկավարվի լիազոր մարմնի մասնակցությամբ և կոմպետենտ ձևով: Էստեղ շատ լավ մասնագետներ կան, որոնք պատրաստ են և ունակ աշխատելու, խնդիրը միայն պատվերների բացակայությունն է: Եթե լիազոր մարմինը մեզ հնարավորություն տա, կարող ենք վերականգնվել և մրցունակ դառնալ»,- ասում է նա:

Նշենք, որ Կոմիտաս 15 հասցեում գտնվող շենքի տեսքն ու դիրքն այնքան գրավիչ են, որ հավանական է թվում աշխատակիցների առաջ քաշած վարկածներից մեկը, թե շենքի վրա շատերն աչք ունեին, և խանգարողն իրենք էին, հիմա ուզում են իրենցից ազատվել և շենքն առավել «նպատակային» օգտագործել:

«Մենք շատ վիրավորված ենք մեր ղեկավարության նման վերաբերմունքից. որոշ ժամանակ առաջ բողոքի ակցիա արեցինք, լրագրողներ հրավիրեցինք, բայց ոստիկանության արձագանքն այդպես էլ չլսեցինք»,- ասում է աշխատակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ ավելացնում է. «Մեր շենքի ցուցանակի վրա գրված է` «ՀՀ ոստիկանության Կոնտինենտտեքս ՓԲԸ»: Էդ ինչի՞ են կախել, եթե ոստիկանության վերնահագուստը մենք չենք կարում, եթե ոստիկանությունը տեր չի կանգնում իր հիմնարկին»:

Ի դեպ, կառավարությունը գնորդին նաև պարտավորեցրել է, որ շենքի առաջին հարկում գտնվող 116,250 քմ տարածքն անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության միջոցով) օտարի ՀՀ քաղաքացի Արտակ Մակարյանին:

Այդ տարածքում այժմ հարմարավետորեն տեղակայվել է ՀՀԿ Արաբկիրի գրասենյակը, որի դիմացի հատվածն էլ քաղաքապետարանը խնամքով բարեկարգել ու ծաղկապատել է:

Աշխատակիցների բարձրացրած հարցերի պատասխանները ստանալու համար «Անկախը» գրավոր դիմեց ՀՀ ոստիկանությանը` փորձելով պարզել` ինչպե՞ս է լուծվելու  ընկերության հետագա գործունեության հարցը, ինչո՞ւ չեն վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, ո՞վ է դրա համար պատասխանատու և, ի վերջո, եթե ընկերությունը չի կարողանում շահել համապատասխան մրցույթներն ու պատվեր ապահովել, նպատակահարմա՞ր է այդքան մեծ թվով աշխատողներ պահելը:

Ամենօրյա հիշեցումներից հետո ոստիկանության լրատվական ծառայությունից 8 օր անց «պատասխանեցին», որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն մեզ կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Հավանաբար, այդ հարցերի պատասխաններն այս պահին ոստիկանությունն էլ չունի կամ էլ ունի, պարզապես դրանք ենթակա չեն հրապարակման, քանի որ դժգոհության նոր ալիք կբարձրանա: Մնում է սպասել ու տեսնել, թե 30 օրվա մեջ ինչ դատավճիռ կկայացնի ոստիկանությունը սեփական ընկերության նկատմամբ:

Թունավորում` Եղեգնաձորում

շտապ-օգնությունՄայիսի 7-ին, ժամը 07.40-ին, տեղեկություն է ստացվել, որ քիմիական նյութից թունավորմամբ Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Գագարինի փողոցի թիվ 9 տան բնակիչ`  1991 թ. ծնված Ա. Բաբլոյանը, ով, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Եղվարդի բնակիչն ընկել է ջրանցքն ու խեղդվել

ջրանցքՄայիսի 6-ին, ժամը 11.29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրշեջ-փրկարարները, ընկնելու վայրից 15-20 կմ հեռավորության վրա, Կարբի գյուղի գերեզմանատան մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 18 տան բնակիչ`  1984 թ. ծնված Կարեն Ալեքսանյանի դին:

Երևան-Աշտարակ ճանապարհին մեքենան ընկել է ձորակը, վարորդի վիճակը ծանր է

ավտովթարՄայիսի 6-ին, ժամը 09.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԲՄՎ-318» մակնիշի  35 SD 413 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:

Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Հայկ Մանուկյանը և ուղևորներ` 1990 թ. ծնված Մարիամ և Վրեժ Հովհաննիսյանները տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Հ. Մանուկյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր, իսկ Մարիամ և Վրեժ Հովհաննիսյանները հրաժարվել են բուժօգնությունից:

Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Հրդեհներ. այրվել է տնակ և ավտոմեքենա

հրդեհՄայիսի 6-ին, ժամը 08.45-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.57-ին, մարվել` 09.21-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 87 վագոն-տնակում: Այրվել են Ա. Գրիգորյանին պատկանող վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը` 9 քմ մակերեսով, և գույքը` մասամբ:

Մայիսի 6-ին, ժամը 13.40-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 14.07-ին: Այրվել է Ս. Սուքիասյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 03 LS 645 պ/հ ավտոմեքենայի սրահն` ամբողջությամբ:

Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի կամավորի անձնագիր

հեհՀայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որը կլուծի երիտասարդության շրջանում առկա կարևորագույն հարցերից մեկը՝ աշխատանքային փորձի խնդիրը, ինչն անհրաժեշտ է աշխատանք գտնելու համար։

2013թ. ապրիլից մեկնարկել է ՀԵՀ-ի նոր ծրագիրը։ Հիմնադրամը հրավիրում է ուսանողներին և երիտասարդներին որպես կամավոր մասնակից դառնալ իր ծրագրերին։ Այս նախաձեռնությունը նոր մշակույթ է ներմուծում երիտասարդական կամավորական աշխատանքում։

ՀԵՀ-ի կողմից տրամադրվում է կամավորի անձնագիր, որտեղ գրանցվում է կամավոր աշխատանքի ամբողջ կենսագրությունը։ Անձնագիրը հետագայում կօգնի երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում։ Գործատուն այսօր Հայաստանում, որպես կանոն, պահանջում է աշխատանքային փորձ, իսկ երիտասարդի համար կամավորի անձնագիրը հենց այդ փորձի վկայությունն է։

Հիմնադրամի կողմից մշակվել է կամավորական աշխատանքի, կամավոր դառնալու կարգը, և բոլոր հարաբերությունները երիտասարդների հետ կարգավորվում են համաձայն այդ փաստաթղթի։

Կամավորական աշխատանքն ընդունված է ամբողջ աշխարհում. այն տալիս է հսկայական փորձ, ծրագրեր նախաձեռնելու, կազմակերպելու և իրականացնելու հմտություններ։ Բացի այդ, օգնում է բացահայտել և իրացնել սեփական ունակությունները, բարձրացնել ինքնագնահատականը, ձեռք բերել համախոհներ ու գործընկերներ։ Կամավորությունը թույլ է տալիս երիտասարդին զգալ հասարակության լիիրավ անդամ ու մասնակիցը դառնալ հասարակական գործընթացներին։

Արդեն իսկ բազմաթիվ երիտասարդներ են միացել ՀԵՀ-ի նախաձեռնությանն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։

Նշենք, որ մեր երկրում չկա ՙԿամավոր աշխատանքի մասին՚ օրենք։ ՀԵՀ-ն իր այս ծրագրով նպատակ ունի Հայաստանում զարգացնել կամավորական աշխատանքն ու նպաստել ոլորտի կանոնակարգմանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն