Ավագանու ընտրություններն էլ ավատվեցին, իսկ հետո՞…

Երևանի ավագանու ընտրություններ,2013Ավարտվեցին նաև «ոչ քաղաքական» ևս մեկ ընտրություններ, ու քաղաքը, համաձայն պաշտոնական տվյալների, «ընտրեց» նոր ավագանի: Ու ի՞նչ ստացվեց. Հայաստանի ներքաղաքական կյանքում այսպես թե այնպես որոշակի դերակատարում ունեցող քաղաքական ուժերից երեքը, որոնք մասնակցում էին Երևանի ավագանու ընտրությունների ընտրապայքարին` ՀՅԴ–ն, նորաստեղծ ՀԱԿԿ–ն ու ՕԵԿ–ը, տեղ չունեցան ավագանու կազմում: Ու երևանի ղեկավարումը հաջորդ 4 տարիներին իրականացնելու են ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն ու «Բարև Երևան» դաշինքը:

 Հիմա քաղաքապետարանը «բաժանելու» հերթն է

Ամենևին էլ ցանկություն չունենք այս նյութում անդրադառնալ ո՛չ ընտրությունների ընթացքի, ո՛չ դրանց որակի ու ո՛չ էլ քաղաքական նշանակության կամ դրսևորումների վրա: Մի բան ակնհայտ է. թեկուզ ավագանու կազմ անցած ուժերը` ՀՀԿ-ն,  ԲՀԿ-ն, «Բարև Երևանը», հավաքել են, համապատասխանաբար, 55, 23  և 8 տոկոսից ավելի, բայց քանի որ ընտրապայքարից դուրս մնաց 4 ուժ, նրանց ստացած քվեների տոկոսները կբաշխվեն ավագանի անցած ուժերի միջև: Այսպիսով, Երևանի ավագանու կազմում ՀՀԿ-ն կունենա 41 կամ 42 մանդատ, ԲՀԿ-ն` 17 մանդատ, իսկ «Բարև Երևանը»` 6 կամ 7 մանդատ: Սա արդեն ոչ թե կանխատեսում է, այլ իրական պատկեր: Ու հիմա հարց է առաջանում` Երևանի ավագանու կազմ ձգտող քաղաքական ուժերն ինչպե՞ս են  իրենց դրսևորելու ավագանու «կերակրատաշտի» վերաբաշխման հարցերը լուծելիս:

Դատելով պատկերից, պարզ է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի միանձնյա որոշելու, թե ինչպես են բաշխվելու ավագանու հաստիքացուցակները, քանի որ բացարձակ մեծամասնություն է կազմում: Իսկ բացարձակ մեծամասնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի կառավարման գործերի հաստիքները բաշխվում են ավագանու քվեարկությամբ, ենթադրում է, որ ՀՀԿ-ն, առանց կողմնակի «աջակցության», կարող է իր ուզած որոշումներն ընդունել ու իր ուզած արդյունքները ստանալ:

Այս պայմաններում հարց է, թե ինչ են անելու իրենց համամասնական ցուցակները ԲՀԿ-ն ու «Բարև Երևան» դաշինքը:

Եթե ՀՀԿ–ն ավագանիում բացարձակ մեծամասնություն չկազմեր, ասել է թե` չկարողանար միանձնյա քաղաքապետ «ընտրել» կամ նշանակել, պարզից էլ պարզ է, որ մյուս ուժերի համամասնական ցուցակների առաջին համարները թեժ պայքար կմղեին ինչպես քաղաքապետի, այնպես էլ քաղաքապետի տեղակալների, թաղապետերի և այլ կարևոր պորտֆելների համար:

Որովհետև,  քանի որ Երևանում է բնակվում ՀՀ բնակչության մոտ 2/3-ը,  այստեղ է կենտրոնացած երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների 70 տոկոսից ավելին, Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնում է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական նշանակության պաշտոն:  Ուստի այն բավական «ցանկալի պատառ» էր, օրինակ, ԲՀԿ-ի ցուցակի առաջին ու երկրորդ համարներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի համար, ախորժալի էր նաև Արմեն Մարտիրոսյանի և այլոց համար: Բայց երբ այդ պաշտոնին ԲՀԿ-ի ու «Բարև Երևանի» առաջատարները արդեն չեն կարող հավակնել, կարելի՞ է պատկերացնել մի սցենար, որ, օրինակ, Վարդան Օսկանյանը կամ Գուրգեն Արսենյանը հրաժարվեն ԱԺ պատգամավորի իրենց մանդատներից ու վերցնեն Երևանի ավագանու, թեկուզ փոխքաղաքապետի մանդատներ: Ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ` ԲՀԿ ցուցակի առաջին երկու համարներն իրենց իրավունքները Երևանի ավագանիում կզիջեն, օրինակ, ավագանու ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Աբրահամ Մանուկյանին: Ի դեպ, մամուլում արդեն լուրեր են պտտվում, որ իշխող ուժի մոտ շրջանառվել է նաև Մանուկյանին Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկի պաշտոնում նշանակելու մասին միտքը: Ու եթե քաղաքական աշնանը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «օպերացիա ՕԵԿ» չխաղարկեն, այսինքն` ԲՀԿ-ն չդարձնեն ընդդիմություն, ինչի մասին խոսակցություններ նույնպես շրջանառվում են, ապա շատ հնարավոր է, որ Աբրահամ Մանուկյանին էլ տեսնենք Երևանի փոխքաղաքապետների շարքում: Այսինքն` պարզ է, որ Արսենյանն ու Օսկանյանն ԱԺ-ի իրենց մանդատները չեն թողնի ու գան Երևանի ավագանի` պայքարելու իրենց նախընտրական դրույթներն ի կատար ածելու համար:

«Բարև Երևանի» գործը դժվարացավ

Այս դեպքում «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մասին նույնիսկ չենք էլ խոսում: Մեր տեղեկություններով` նրանց ցուցակի առաջատարները կվերցնեն  ավագանու մանդատները: Այս ուժը ցանկանում է Երևանի ավագանիում ստեղծել ուժեղ թիմ, ու այդ նպատակով ավագանի կգործուղի ցուցակի առաջատար համարների տակ հանգրվանած «Ժառանգության» ներկայացուցիչներին` գումարած նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին:

Ընտրություններից հետո էլ մանդատները վերցնելու մասին խոսեց նաև «Ժառանգության» փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ եթե ինչ-որ ուժի կամ կուսակցության ժողովուրդը վստահության քվե է տվել, ապա այդ ուժը պետք է այդ վստահությունն արդարացնի…

Այսինքն` «Բարև Երևանը», ի տարբերություն ՀԱԿ-ի, որը նախկին ավագանու կազմում վայր դրեց իր մանդատները` հանդիսանալով ավագանու միակ ընդդիմադիր խմբակցությունը, կվերցնի այդ մանդատները: Առհասարակ, ճիշտ էլ կանի, որովհետև սխալ է, երբ մի ինչ-որ ուժ կամ ուժեր պայքարում են ինչ-որ արդյունքի համար, բայց ստանում են ավելի պակաս արդյուք, քան ակնկալում էին, ու հրաժարվում են իրենց այդ ձեռքբերումից: Ճիշտ է` Երևանի ավագանիում «Բարև Երևանը» որոշումների ընդունման վրա չի կարող ազդել: Չի կարող նույնիսկ ԲՀԿ-ի հետ միավորվելով: Բայց Երևանի ավագանիում մանդատ ունենալը լրացուցիչ գործիք է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար` թեկուզ այն որպես քաղաքական գաղափարներ առաջ քաշելու և ավագանին որպես հարթակ, ամբիոն օգտագործելու նկատառումներից ելնելով:

Այս առումով, ի տարբերություն ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականներում հանգրվանած թեկնածուների, «Բարև Երևանի» ներկայացուցիչներն ընտրելու անհրաժեշտություն էլ չունեն. նրանցից ոչ  ոք ներկայումս ավելի բարձր պաշտոնում չէ:

Մի խոսքով` քանի դեռ ԲՀԿ–ն հստակ դիրքորոշում չի հայտնել, թե քաղաքական դաշտի որ կողմում է դիրքավորվում, ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական, Երևանի ավագանիում ամբողջ ընդդիմադիր հատվածի «շահերը» կներկայացնի «Բարև Երևանը»` 6 կամ 7 անդամներով: Ասել է թե` նրանց թեժ քառամյակ է սպասում…

  

 

Մյուսների համար տոն, մեզ համար` եռատոն

եռատոն-արցախՀայոց նոր և նորագույն շրջանի պատմության մեջ մայիսն իրավամբ համարվեց մեր հաղթանակների ամիսը: Վերջին հարյուր տարվա մեջ Հայաստանի երեք հանրապետություների  գծած պատմական ուղեգծում մայիսն առանձնանում է հայերիս գոյամարտի հաղթական հանգուցակետերով: Մեր հաղթանակների մայիսը թերևս սկսվում է մայիսի 8-9-ից: Այն արդեն 21 տարի է, ինչ կոչվում է նաև եռատոն:

 Երկրորդ աշխարհամարտը նաև հայերի պատերազմն էր

Եռատոնի «առաջին արարը» կապված է  ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի հետ Հայրենական մեծ պատերազմում, որում ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Ճիշտ է, Հայաստանում, բարեբախտաբար, ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան, քանի որ Խորհրդային Հայաստանը կոմունիստական ճամբարի երկիր էր և խորհրդային բանակում կռվող հարյուրհազարավոր հայեր իրենց  արյունն էին հեղում:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939 թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը կռվում էր: Բացի նրանցից, 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: Այսինքն` ամբողջ աշխարհում 1939-ից մղվող  Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության թիվը  600 հազար էր: Շուրջ 200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Այս պատերազմում հայերն աչքի ընկան ոչ միայն մասնակցության մեծ թվով, այլև ռազմական տաղանդով և սխրանքներով: Հայերը պատերազմ ուղարկեցին 6 ազգային դիվիզիա: Իսկ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան Կովկասից հասավ Բեռլին:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 106 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո, նրանցից 2-ը` Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել: 27 հայեր դարձել են «Փառքի» շքանշանի բոլոր 3 աստիճանների ասպետներ:

Պատերազմի մասնակից 4 հայորդիներ դարձան մարշալներ` Հովհաննես Բաղրամյանը, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանցը) և զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը: 160-ն արժանացան գեներալի կոչման, որոնցից 64-ը` հենց պատերազմի ժամանակ: Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների թվով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: ԽՍՀՄ-ը 1945 թ. մայիսի 9-ին գրավեց Բեռլինը` այդպիսով հաղթանակ տանելով ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ: Եվ 1945-ից սկսած մինչև փլուզումը` 1991 թ., ԽՍՀՄ-ում, իսկ 1991-ից հետո հետխորհրդային երկրներում մայիսի 9-ը նշվում է որպես հաղթանակի տոն: Այդ թվում և Հայաստանում:

Հենց մեր պապերի փառահեղ հաղթանակն էլ կրթեց նոր սերնդին, որը 1991 թվականին Արցախում պարզեց ազատության դրոշն ու դուրս գալով գոյամարտի` հաղթեց, վերահաստատեց հայերիս ապրելու իրավունքը արևի տակ ու մայիսյան հաղթանակն էլ մեր ազգի համար դարձրեց եռատոն:

Եռատոնի «երկրորդ արարը»

Արդեն 21 տարի է` 1992 թվականից, ինչ մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այլև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ կարևոր հաղթանակի` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը:  Շուշիի ազատագրումը կարևոր էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից էին ադրբեջանցիները հարվածում Ստեփանակերտի և մերձակա գյուղերի ուղղությամբ:

Կարագյավ գյուղից մինչև Քիրս մոտ 40 կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման 4 ուղղություն: Առաջինը Հյուսիսային կամ 26-ի ուղղությունն էր, հրամանատար Վալերի Չիթչյան, երկրորդը` Շոշի, հրամանատար Արկադի Կարապետյան, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային (Լաչինի) ուղղությունն էր, չորրորդը` Ջանհասան-Քյոսալարինը (հարավարևմտյան), հրամանատար Սեյրան Օհանյան: Ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, որի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը, և մոտ 300 հոգանոց պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին: Ամբողջ օպերացիան, որը կրում էր «Հարսանիք լեռներում» անունը,  ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը, սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:

Մերոնք հաղթանակած մտան Շուշի և Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:

Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը` 250-300: Շուշիի ազատագրումից հետո հայկական ուժերը ազատագրեցին նաև մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին) և մայիսի 18-ին, բացելով «Լաչինի մարդասիրական միջանցքը», հասան ՀՀ սահման: Պատերազմը մտավ նոր փուլ:

Շուշիի ազատագրումով ու միջանցքի բացումով պիտի որ  պատերազմը բեկվեր: Բայց դրան հաջորդեց հայկական զինուժի դիմակայությունը նույն տարվա ամառվա աննախադեպ ուժեղ գրոհներին, եղան ծանր պարտություններ, սակայն աշնանից սկսած` հակահարձակման ու լայնածավալ առաջխաղացման ոգին վերականգնվեց, արդյունքում ազատագրվեցին Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Զանգելանի, Ղուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանները, ինչը, ի վերջո, ավարտվեց 1994-ի մայիսին զինադադարի կնքմամբ:

Հենց Շուշիի ազատագրումն էլ համալրեց մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա տոնական խորհուրդը, և այժմ այս օրը նշվում է ոչ միայն «միասնական հայրենիք» ԽՍՀՄ-ի տարած հաղթանակը Մեծ հայրենականում, այլև հենց բուն հայկական հողում հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական ու փառահեղ էջերից մեկը:

Ինչ վերաբերում է եռատոնի «երրորդ արարին», ապա պետք է նշել, որ 1992 թ. մայիսի 9-ը համարվում է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի օր: Ու դրա  շնորհիվ էլ առաջացել է «եռատոն» անվանումը:

Հաղթանակների ամիս մայիսը

եռատոնԵրբ փակում ես կորուստներով լեցուն ապրիլյան էջը (Եղեռն, «Կոլցո» օպերացիա, Մարաղա…)  և ակամա հայտնվում կորուստների ու հաղթանակների ճամփաբաժանում, չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Բայց երբ առաջ ես նայում ու զգում մայիսյան հաղթանակների` Սարդարապատի ճակատամարտի, Շուշիի ազատագրման շունչը, գոտեպնդվում ես, թե  ինչքա՜ն պատմելու բան կա:

Էլ չեմ խոսում Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի ունեցած դերի մասին: Բայց ինչո՞ւ չխոսել:

Տասնամյակներ անց Մոսկվայի Կարմիր հրապարակում, Մեծ հայրենականի հաղթանակի 60-ամյակին նվիրված շքերթի ժամանակ առաջին անգամ ողջ աշխարհի առջև հրապարակավ խոստովանեցին, որ հայ ժողովուրդն այդ պատերազմին տվեց ավելին, քան Ադրբեջանը, Վրաստանը և շատ այլ երկրներ:

Խոստովանությունը` խոստովանություն, բայց մենք էլ մեր հերթին պիտի խոստովանենք, որ արդեն դարավերջին, երբ դժվարին կացության մեջ մենք էինք հայտնվել, ռուսները ոչ թե մեր կողքին կանգնեցին, այլ ադրբեջանցու, և իրականացրին «Կոլցո» օպերացիան: Հայաթափվեց Շահումյանը:

Ինչևէ:  Շուշիի ազատագրումը ոչ միայն մայիսյան հաղթանակների դափնեպսակն է, այլև ողջ Արցախյան գոյամարտի, ու այդպիսին էլ կմնա, որովհետև Շուշին էր վճռելու հայոց նորօրյա ազատամարտի ելքը:

Հին անունը Շոշ է եղել, որը նշանակում է բարձրություն: Քաղաք, որ անհիշելի ժամանակներից (VI-IX դդ.) հպարտորեն թիկնել է Քիրս լեռան (2750 մ) հյուսիսային փեշին  և շրջապատված է անդնդախոր ձորերով: Իսկ վաղ միջնադարում այն Շիկաքար է կոչվել:

Երբ  Ղարաբաղում սկսվում է հայերի ազգային-ազատագրական շարժումը, շատ նվիրյալների հետ Ավան անունով մի լոռեցի մշտական բնակություն է հաստատում Շոշ գյուղում: Հոգևորական գերդաստանի զավակը, մտահոգված ժողովրդի անվտանգությամբ, պաշտպանությամբ, 1720 թ. Շուշի քաղաքի արևելան մասում` Հնոտի կիրճի ձախափնյա ժայռին, նախաձեռնում է բերդ-ապարանքի կառուցումը, որն այսօր էլ Ավան հարյուրապետի անունով է կոչվում:

Քաղաքի մշակութային կյանքը հարուստ է եղել: Դեռևս 1820 թ. քաղաքում տպարան է գործել է: Լույս են տեսել 10-ից ավելի թերթեր ու ամսագրեր: Շուշիի Հակոբյան տպարանում է տպագրվում Լեոյի «Իմ օրագիրը», Րաֆֆու «Խենթը», Ֆիրդուսու «Շահնամեն»:

Բայց արի ու տես,որ նաև դառնություններով լեցուն է եղել քաղաքի կյանքը, քանզի պատերազմներն ու ազգամիջյան բախումներն անպակաս էին: Մարդիկ քանիցս շենացրել են քաղաքը, իսկ քոչվորներն ու ավարառուներն այն  ավերել են: Թե որքան փոթորիկներ են անցել նրա գլխով, վկան ավերված 5 եկեղեցիներն ու բզկտված հողն են, շիրիմները պսակող հայոց ինքնատիպ խաչքարերն ու նրանց մասին մինչ օրս պահպանվող պատմությունները : Իսկ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման շեմին ներխուժած թաթարների եռօրյա  ասպատակությունից հետո Շուշին անվանեցին Հայոց Պոմպեյ:

Շուշիին մի նոր աղետ էր սպասում արդեն  XX դարավերջին, ավելի ճիշտ այն արդեն չոքել էր նրա դռանը: Ոսոխը ոչ միայն կրկին Շուշին էր հայաթափել, այլև շրջանի մի շարք գյուղեր: Հրետակոծությամբ շարունակ ահ ու սարսափի մեջ էին պահում նաև Ստեփանակերտը, որտեղ կյանքը նկուղ էր տեղափոխվել: Միայն հերոս Քարին տակի «հախից» այդպես էլ չկարողացավ գալ: Շուշիի քթի տակ (2 կմ հեռավորությամբ) գտնվող  գյուղի մեջ թշնամին իրեն սպառնացող վտանգ էր տեսնում: Եվ  այդ մտավախությունն իզուր չէր, քանի որ 1992 թ. հունվարի 26-ին թուրքը գյուղի մատույցներում 150 դիակ թողեց, բայց գյուղ այդպես էլ չմտավ: Շուշիի բարձունքից ադրբեջանցի հրոսակները շատ վայրագություններ են արել: Անգամ փորձել են այն ժայռը պայթեցնել, որի վրա իրենք էին շնթռած, միայն թե ինչ-որ կերպ գյուղի «հախից» գային, վկայությունը` ժայռի տակ փորված անցքերը: Հավի խելք ու միտք ունեցողները հավանաբար ուշ են գլխի ընկել, որ դրանով նաև իրենց գերեզմանն են փորում:

Շուշիի օպերացիան ծրագրված էր սկսել մայիսի 4-ին, սակայն առատ տեղացած ձյան պատճառով այն հետաձգվեց 8-ին: Մարտական գործողությունների քարտեզը պատրաստ էր դեռ ապրիլի կեսից: Արդեն մայիսի 7-ից շուրջ 80 ինքնապաշտպանական ջոկատներ ու դասակներ գրավում են իրենց դիրքերն ու սպասում «Հարսանիք լեռներում» ծածկանունով գործողությունը սկսելու հրամանին, որն էլ շատ չի ուշանում:

Շուշիի օպերացիայի իրադարձությունները հազարապատիկ են, մասնակիցներն էլ` ոչ պակաս: Եթե անսանք օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին. «Թեև Շուշիի օպերացիային իրականում 2500 զինվոր մասնակցեց, բայց ես ավելին կասեմ, որ այդ ազատագրմանը մասնակցեց նաև ողջ հայ ժողովուրդը, որի սրտի թրթիռը, սրտատրոփ սպասումը  մեր թիկունքում զգում էինք»:

Մահ ու ավեր սփռող, անառիկ ամրոց հիշեցնող քաղաքն ընկավ 27 ժամում: 1992 թ. մայիսի 9-ի առավոտյան արդեն հայոց եռագույնը փողփողաց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին, իսկ քաղաքն արդեն թուրքաթափ էր եղել: Եվ այդ փառահեղ հաղթանակը պատմության մեջ մտավ որպես ոգու հաղթանակ: Իսկ առջևում Լաչինի շրջանի ազատագրումն էր, որ հետո Քաշաթաղ վարչական շրջան պիտի դառնար` իր Բերձոր շրջկենտրոնով:

Ադրբեջանցիներն իրենց կրած պարտության պատճառը հրամանատարության դավաճանությունն էին համարում` մեղադրելով հատկապես Շուշիի զորամասի հրամանատար Էլբրուս Օրուջևին: Այդպես էլ գլխի չընկան կամ էլ խոստովանելու համարձակություն չունեցան, որ այդ խաղն իրենք տանուլ տվեցին դեռևս 1991 թ. դեկտեմբերին Կրկժանի, այնուհետև Մալիբեյլիի, Ղուշուլարի կրակակետերի լռեցմամբ, իսկ 1992 թ. հունվարին` Քարին Տակի հերոսամարտում և, վերջապես, Խոջալուի ազատագրմամբ:

Այսօր Շուշին ոչ միայն անկախ Արցախի համանուն շրջանի վարչական կենտրոնն է, այլև Արցախի թեմի առաջնորդանիստ քաղաքը, որը կամաց-կամաց բուժում է ինչպես 70-ամյա ավերի, կորստի, այնպես էլ պատերազմի վերքերը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դատական ո՞ր ակտերն են ենթակա հարկադիր կատարման

դատարանՀամաձայն ՀՀ Սահմանադրության` երկրում արդարադատություն իրականացնում են բացառապես դատարանները, որոնց կայացրած որոշումները պարտադիր են բոլորի համար և պետք է կատարվեն անխտիր բոլորի կողմից: Սակայն ոչ միշտ է, որ դատավարության կողմը հոժարակամ կատարում է  դատական ակտի ուժով իր վրա դրված պարտավորությունը: Այստեղ է, որ կարևորվում է այնպիսի մարմնի դերակատարությունը, ինչպիսին է հարկադիր կատարման ծառայությունը, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում:

«Հարկադիր կատարման ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի,

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով,

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները,

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով,

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները,

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:

Դատական ակտն ի կատար ածելու համար կիրառվում են հարկադիր կատարման մի շարք միջոցներ, մասնավորապես`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով,

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը,

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը,

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը,

5) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը,

6) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

Ինչ վերաբերում է կատարողական թերթ տալուն, ապա այն տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա,

2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա,

4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա,

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:

Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ