Մայիսի 27-ին կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բիշքեկ։
Daily Archives: May 25, 2013
Սահման, պատ եւ զրո խնդիրներ
Լրատվամիջոցների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Անկարան Սիրիայի հետ իր սահմանի վրա երկուսուկես կիլոմետր երկարությամբ պատ է կառուցելու, թվում է հաւանական է։ Ծրագրի գոյությունը պարզ կդառնա ոչ ուշ ժամանակին։
Կարեւորը, ներկա պահին, նման քայլի շարժառիթների վրա կենտրոնանալն է։
Առաջադրված սահմանային անցակետի վրա փետրվարի 11-ին պայթել էր ռումբով բեռնված մեքենա։ Թուրքիայի առևտրի ու մաքսային գործերի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ իր գերատեսչությունը արձանագրություն է ստորագրել՝ զինված ուժերի հետ տվյալ ծրագրի իրագործման համար: Նա հաւելել է, որ անցակետի աջ և ձախ կողմերին պիտի կառուցվեն արգելափակոցներ՝ պատի և վանդակացանցի տեսքով, ինչպես նաև պիտի տեղադրվեն դիտարկման սարքեր: Նախարարի կարծիքով՝ այդ ամենը կբարձրացնի տվյալ շրջանի անվտանգության մակարդակը և կնվազեցնի սահմանի ապօրինի հատման դեպքերը: Յազըջըն հայտարարել է, որ ամբողջովին պիտի նորոգվեն սիրիական սահմանի մյուս անցակետերը՝ համալրվելով դիտարկման ժամանակակից սարքերով:
Մի քանի դիտարժան երեւույթների վրա հարկ է կենտրոնացնել լուսարձակները։
Պատի կառուցումը միաժամանակ թե՛ ապահովական եւ թե՛ մաքսային նկատառումներով է։ Այստեղ չկան առեւտրի եւ մաքսային խնդիրների վերաբերող վիճակագրական տվյալներ, հատկապես գաղափար կազմելու համար թե ոչ օրինական մուտքերի կամ ստվերային առեւտրի ի՞նչ շրջանառության մասին է խոսքը։ Իսկ ապահովական բաժնի համար խոսվում է ականված մեքենայի մեկ դեպքի մասին։
Եթե մի պահ մտածենք, որ պատի կառուցման ծրագիրը հիմնականում ապահովական նկատառումով է, ապա այդ դեպքում հարց է ծագում, որ նման մեծ ծրագրի որոշում մեկ դեպքի պատճառով դժվար թե կայացած լիներ։
Պատի կառուցումը անպայման առնչվում է դարձյալ Թուրքիա-Սիրիա սահմանին միջազգային երաշխաւորությամբ մարդասիրական գոտու ստեղծման Անկարայի առաջադրանքին։ Փախստականներ ընդունելու եւ միջազգային հիմնադրամների հոսք ակնկալելով խորքում առաջադրվածը մարդասիրականից աւելի անվտանգության գոտու առաջացումն է, որը հետապնդում է Անկարան։
Այս առաջադրանքին զուգահեռ այժմ պատնեշի կառուցումը միեւնույն նպատակին ծառայեցվող գործողություն է։ Այս անգամ էլ առեւտրային եւ մաքսային շղարշների տակ։
Ուրեմն մարդասիրական եւ մաքսային ու առեւտրային շղարշների տակ խորքում անվտանգության գոտիների ստեղծումն է, որը կառաջադրվի Անկարայի կողմից։ Մտավախությունը եթե առերեւույթ սիրիական թափանցումն է, ըստ էության սակայն Սիրիայի քրդերի վտանգն է եւ առհասարակ համաքրդական գործոնի մղձաւանջը։
Իրադրությունները հարափոփոխ բնույթ ունեն մնայուն։ Իրաքի քրդերի հետ բնականոն հարաբերություններըը կարող են կտրուկ շրջադարձ ապրել, երբ տարբեր մակարդակների վրա համաքրդական միաւորումների պահը հասունանա։ Այդ դեպքում էլ Թուրքիան իր եւ Իրաքի սահմանային անցակետերի երկայնքին պատեր կառուցելու ծրագրեր է մշակում, այս անգամ էլ այլ պատրվակներով։
Աշխարհաքաղաքական ծրագրերի առումով Իրանի հետ Թուրքիայի սահմանի անպատնեշ ներկա դրությունը կայունության իմաստով շատ հեռանկարային չի թվում։
Իսկ Հայաստանի շրջափակմանը մնայուն բնույթ տալու համար Թուրքիան գուցե մտածի նաեւ այդ փակ սահմանը պատելու մասին։
Պատ, պատնեշ, վանդակացանց կառույց, արգելափակոց, շրջափակում։ Այս բոլորը Թուրքիայի հետ սահման ունեցող երկրների նկատմամբ առաջադրված եւ գոյություն ունեցող ծրագրեր են։ Անկարան կար ժամանակ հոխորտում էր հարեւան երկրների հետ զրո խնդիրներ կարգախոսով։ Այս կարգախոսը երբեմն հիշելը վնասակար չէ։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի խմբագիր
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
Մայիսի 28 –ից մինչև հունիսի 2-ը կանցկացվի «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը
Մայիսի 28-ին Երևանում տեղի կունենա «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի բացումը: Այս կապակցությամբ Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը և Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի դեկան, հանձնաժողովի անդամ Անետա Երզնկյանը այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Նրանք հայտնեցին, որ փառատոնը կտևի մինչև հունիսի 2-ը, կանցկացվի Երեւանում և Աղվերանում, ինչպես նաև ներկայացրեցին փառատոնի ժամանակացույցն ու ժյուրիի կազմը: Արտաշես Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի առաջին անգամ կինոփառատոնը հանդես կգա որպես միջազգային փառատոն. «Անցած տարի կինոփառատոնն ունեցել է համահայկական նշանակություն, իսկ այս անգամ միջազգային բնույթ կունենա: Ժյուրիի անդամները ճանաչված մասնագետներ են Հայաստանից: Փառատոնի մրցութային փուլ անցած հայկական ֆիլմերը 17-ն են, մրցութային փուլ են անցել նաև թվով 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Եվրոպայից:
Փառատոնի ժյուրիի նախագահ, ԵԹԿՊԻ պրոռեկտոր, կինոգետ Անետա Երզնկյանը, խոսելով կինոփառատոնի նշանակության ու դերի մասին, ասաց, որ ինքը անցած տարի էլ է մասնակցել փառատոնի աշխատանքներին որպես ժյուրիի նախագահ և հասկացել, որ այն յուրահատուկ է: Նա նաև հավելեց, որ այս տարվա փառատոնին ներկայացված ֆիլմերն ավելի բազմազան են, քան անցած տարի:
Մրցեցին դատապարտյալները
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ ”Աբովյան” քրեակատարողական հիմնարկում անցկացրեց մարզական-մասսայական միջոցառում դատապարտյալ կանանց և անչափահաս տղաների մասնակցությամբ, որոնք միմյանց հետ մրցեցին վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ,վազք 30 մ և հեռացատկ տեղից մրցաձևերից: Մարզաձևերի հաղթղները, մրցանակակիրները և մասնակիցները պարգևատրվեցին հովանավորների կողմից հատկացված նվերներով և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով: Միջոցառմանը աջակցեցին ”Ասողիկ” հրատարակչությունը, Աբովյանի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ:Միջոցառումը կնպաստի դատապարտյալների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, առողջ ապրելակերպի ամրապնդմանը:Միջոցառումը անց է կացվում թվով 4-րդ անգամ: 2014 թ. միջոցառումը կանցկացվի նոր թարմացված ծրագրով:
Հայ շախմատիստները աշխարհի առաջնությունում
Ունենք այն, ինչ ունենք` աճող գներ ու աճող աղքատություն. Անդրեաս Ղուկասյան
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Սիլվա Ադամյանը, Արամ Գրիգորյանը և Անդրեաս Ղուկասյանը ներկայացրեցին գազի գնի բարձրացման դեմ իրենց նախատեսած ծրագրերն ու հետագա քայլերը:
Սիլվա Ադամյանը, ով 7 տարի աշխատել է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ում, նկատեց, որ ընկերությունը այնքան վատ է աշխատել նախկինում, որ հիմա անհեթեթ է խոսել սպասարկման որակը բարձրացնելուն ուղղված գործողությունների կատարման նպատակով սակագնի ավելացման մասին: «Եթե բակ առ բակ շրջեք, կտեսնեք, որ հաշվիչները սխալ են տեղադրված, կան արտահոսքեր, անհասկանալի է` ընկերությունը ինչով է զբաղված, եթե ոլորտը սարսափելի վիճակում է», – ասաց Սիլվա Ադամյանը և ահազանգեց. «Ոչ ոք չի կարող արգելել մարդուն ծառ հատել ու տաքանալ, երբ նա չի կարողանում վճարել օրեցօր թանկացող գազի վարձը: Սա ոչ միայն գազի գնի թանկացում է, այլև ժողովրդի լինելու կամ չլինելու խնդիր, քանի որ այս գնաճը տարածվելու է բոլոր ապրանքների ու ծառայությունների վրա»:
Խոսելով իրենց նախաձեռնության մասին` Արամ Գրիգորյանը նկատեց, որ գազի գինը ոչ միայն չի բարձրանա, այլև կիջնի, եթե պատկան մարմինները լրջագույնս ուսումնասիրեն իրենց առանձնացրած պրոբլեմները, օրինակ, թե ինչու է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ում միջին աշխատավարձը գրեթե կրկնակի գերազանցում ՀՀ միջին աշխատավարձի չափին:
Անդրեաս Ղուկասյանն էլ հայտնեց, որ իրենք աննկուն են և չեն թույլ տալու իշխանություններին անել խելքներին փչածը. «Տապալել որոշումը` սա մեր նպատակն է: Իշխանությունները գործում են նույն կազմով և թույլ են տալիս նույն կամայականությունները: Սա է պատճառը, որ ունենք այն, ինչ ունենք` աճող գներ ու աճող աղքատություն: Բայց մենք պատրաստվում ենք մինչև հունիսի 7-ը տապալել գազի թանկացման ընթացքը և 90 օրվա ընթացքում պահանջել, որ հանրությանը հասանելի դառնան թանկացման բոլոր մանրամասները, ընթացքը դառնա պարզ ու թափանցիկ, պարզ դառնա, թե ուր է գնում այդ հսկայական դրամահոսքը, և արդյոք չկան կոռուպցիոն ռիսկեր: Էլ չենք թողնելու, որ «զոռբայության» եղանակով առաջ գնան, հակառակ դեպքում անհնազանդության ուղին ենք բռնելու` կոչ անելով սպառողներին չվճարել գազի վարձը»:
Մաքուր ջրի պաշարները սպառվում են. գիտնականներ
Եթե ախտոտումը այսպիսի տեմպերով շարունակվի, երկրագնդի վրա մեկ կամ երկու սերնդից հետո ի հայտ կգա ջրի պակաս: Սրա մասին զգուշացրել են գիտնականները Բոննում կայացած կոնֆերանսի ժամանակ:Իսպանիայում կսկսվի հարկային հետաքննություն արքայադստեր դեմ
Իսպանիայի Գերագույն դատարանի դատավորը ուրբաթ կարգադրել է հետաքննություն սկսել թագավոր Խուան Կարլոսի կրտսեր աղջկա՝ արքայադուստր Քրիստինայի դեմ:Գվատեմալան նախկին նախագահին ԱՄՆ է արտահանձնում
Ուրբաթ Գվատեմալան ԱՄՆ է արտահանձնել նախկին նախագահ Ալֆոնսո Պորթիլլիոյին փողերի լվացման հարցով պատասխան տալու համար:ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարար Նալբադյանը բարձր գնահատեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները, ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության և իր աշխատանքի գնահատականի համար՝ դեսպան Օբոլենսկին նշեց, որ միշտ ջերմությամբ է հիշելու Հայաստանում անցկացրած տարիները։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին մտքեր փոխանակեցին հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։
Հաջողություն մաղթելով Կոնստանտին Օբոլենսկուն իր հետագա դիվանագիտական աշխատանքում՝ նախարար Նալբանդյանը՝ ի գնահատումն հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում ունեցած ներդրման, դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալ։
Թուրքական «Հրաշալի դար» սերիալի Հյուրեմը հեռացել է Թուրքիայից, «TIMS» ընկերությունը նրան փոխարինող է փնտրում
Թուրքական հանրահայտ «Հրաշալի դար» («Muhteşem yüzyıl») սերիալի գլխավոր հերոսուհի Հյուրեմ սուլթանին մարմնավորած դերասանուհի Մերյամ Ուզերլին անցած կիրակի անակնկալ կերպով հեռացել էր Ստամբուլից՝ մեկնելով ընտանիքի մոտ՝ Բեռլին: Դերասանուհին չի շփվում ոչ մեկի հետ, կտրել է կապը նույնիսկ ֆիլմի իր խաղընկերների հետ: Ուզերլին չի պատասխանում հեռախոսազանգերին, այնուհանդերձ հնարավոր է եղել զրուցել նրա հոր հետ: Վերջինս նշելով, որ չգիտի, թե արդյոք դերասանուհին վերադառնալու է Ստամբուլ, թե ոչ, ասել է. «Մերյամը բուժվում է, չգիտեմ, թե երբ կապաքինվի»:
Թուրքական «Vatan» թերթը հաղորդում է, որ սերիալի արտադրությամբ զբաղվող «TIMS» ընկերությունը ամեն տեսակ իրավիճակի պարագայում միջոցներ է ձեռնարկել: Եթե դերասանուհին չվերադառնա, ապա գործի կդրվի պահեստային՝ երկրորդ սցենարը, ըստ որի Հյուրեմ սուլթանը իր որդու՝ Մեհմեդի հետ կուղարկվի Ամասիա: Մի քանի սերիայից հետո ավարտվում է սերիալի եթերաշրջանը, իսկ հաջորդի համար նախատեսվում է գտնել նոր դերասանուհի:
Խոսելով Ուզերլիի հեռանալու պատճառների մասին՝ պետք է նշել, որ վարկած կա, թե նա գոհ չէ իր ստացած աշխատավարձից, որը շաբաթական 12 հազար 500 եվրո է կազմում: Ուզերլին նշել է, որ ուզում է Սուլեյմանի դերակատար Հալիթ Էրգենչի չափ գումար ստանալ, այսինքն ներկայիս հոնորարի կրկնապատիկը:
Ադրբեջան-Հայաստան. Հեյդար Ալիևը և հայկական դրոշը`կողք կողքի. Eurasianet.org
Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հոդված է ներկայացել Eurasianet.org լրատվական-վերլուծական կայքը: “Ադրբեջան-Հայաստան. Հեյդար Ալիևը և հայկական դրոշը`կողք կողքի” անվամբ հոդվածի հեղինակը Օնիկ Գրիգորյանն է:
Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը.
“Թբիլիսիի Հին քաղաք կոչվող թաղամասում երկար ժամանակ կողք կողքի ապրել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ հայեր, ադրբեջանցիներ, հրեաներ, քրդեր, վրացիներ: Հին քաղաքի փողոցներից մեկում գտնվում է ադրբեջանական թեյատուն, որը ներկայում տնօրինում են էթնիկ հայերը, իսկ մեկ այլ փողոցում ադրբեջանցիներին պատկանող թեյատունն է, որտեղ այցելուներին սպասարկում է հայ մատուցողուհի:
Բլրի վրա գտնվում է մզկիթ, որտեղ հիմնականում այցելում են էթնիկ ադրբեջանցիներ, իսկ մզկիթից մի քանի քայլ այն կողմ հայկական եկեղեցին է, որտեղ թաղված է 18-րդ դարի աշուղ Սայաթ-Նովան, որը նաև բազմաթիվ ադրբեջաներեն երգեր ու բանաստեղծություններ է գրել:
Իր վերջին ֆիլմն Ադրբեջանում նկարահանած սյուրռեալիստ ռեժիսոր, ազգությամբ հայ Սերգեյ Փարաջանովի հուշարձանը գտնվում է նարգիլեի սրճարանից մի քանի մետր հեռավորության վրա, որտեղ աշխատում են հիմնականում Մերձավոր Արևելքից Վրաստան տեղափոխված էթնիկ հայեր, իսկ այցելուները հիմնականում ադրբեջանցիներ են:
Վրաստանում մեծ թվով էթնիկ հայեր ու ադրբեջանցիներ են բնակվում, և տարբեր ազգությունների ներկայացուցիչների համագոյակցությունն այստեղ սովորական երևույթ է: Բայց սա չի նշանակում, որ այստեղ արտասովոր իրավիճակներ չեն լինում: Օրինակ` վերջերս Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրու մոտակայքում գտնվող մասնավոր բաղնիքի տարածքում մի հայկական դրոշ էր ծածանվում:
Դրոշը բաղնիքի տարածքում ծածանվում էր մինչև մայիսի 9-ը՝ Հեյդար Ալիևին նվիրված Ծաղկի տոնի նախորդ օրը: Մայիսի 10-ին դրոշն անհետացել էր, իսկ հաջորդ օրը կրկին հայտնվել: Ինչ խոսք, անսովոր հարևանություն է: Հեյդար Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2003թթ-ին, և հենց նա էր երկրի նախագահը, երբ Լեռնային Ղարաբաղի համար հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմն ավարտվեց և զինադադար կնքվեց 1994թ.-ին: Այդ վայրում դրոշի հայտնվելու, անհետանալու, կրկին հայտնվելու հստակ պատճառները հայտնի չեն: Բաղնիքի ղեկավարությունից բացատրություն ստանալ չհաջողվեց:
Հայկական դրոշն այդ վայրում ծածանվում էր ԱՄՆ-ի, Իսրայելի, Վրաստանի, ԵՄ-ի դրոշների կողքին՝Հեյդար Ալիևի անվան զբոսայգու անմիջական հարևանությամբ գտնվող համալիրի տարածքում:
Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության վրաստանյան գրասենյակը, որը վերահսկում է Հեյդար Ալիևի անվան զբոսայգին, նույնպես չմեկնաբանեցին, թե ինչով էր պայմանավորված դրոշի անհետացումը:
Վերոհիշյալ լուսանկարի վերաբերյալ արձագանքները “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում տարբեր էին: Շատերը սկսեցին պնդել, որ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է: Սակայն այս պատմությանը քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանն անձամբ է այցելել բաղնիք և տերերին խնդրել է դրոշը հանել: Ասում են, որ ադրբեջանական հեռուստաընկերությունների աշխատակիցները եղել են զբոսայգում և ցանկացել են նկարահանել կիսանդրին և դրա ետնամասում ծածանվող դրոշը, բայց նրանց թույլ չեն տվել:
Որոշ աղբյուրների համաձայն՝ երբ դրոշը կրկին հայտնվել է այդ տարածքում, Ադրբեջանի դեսպանը զայրացել է ու նորից է այցելել բաղնիքի տերերին: Բաղնիքի աշխատակիցը, որը չցանկացավ հայտնել իր անունը, հերքում է, որ իրենց համալիրի տարածքում ծածանվող հայկական դրոշն ինչ-որ խնդրի պատճառ է դարձել: Սակայն եթե հաշվի առնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը, ապա կողմերը դեռևս կհամոզվեն, որ հակամարտության ներուժը դեռ չի սպառվել”:
Սևան Նիշանյանը միայնակ չէ. թուրք մտավորականներ
Մի խումբ թուրք մտավորականներ “Սևան Նիշանյանը միայնակ չէ” վերնագրով հրապարակությամբ են հանդես եկել, որտեղ իրենց բողոքն են արտահայտել պոլսահայ գրող, լրագրող Սևան Նիշանյանին 13.5 ամսով ազատազրկելու դատարանի որոշման դեմ:
Ինչպես հաղորդում է “Հայ թերթը”, այդ հրապարակումը ստորագրողների թվում է նաև թուրք հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ ու լրագրող Ռագըֆ Զարաքօլուն:
“Մենք բողոքում են Սևան Նիշանյանին Իսլամի առավելությունը իսլամիստների նման չմեկնաբանելու համար 13.5 ամսվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ: Դա ցույց է տալիս, որ սուննի իսլամը պետական մակարդակով անհանդուրժողական է”,- ասված է մտավորականների տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ պոլսահայ գրող Սևան Նիշանյանը 13.5 ամսվա ազատազրկման է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համա: Նման դատավճիռը դրամական տույժով փոխարինվել չի կարող: Նրա դեմ գործ էր հարուցվել “ժողովրդի մի մասի կրոնական արժեքները վիրավորելու” մեղադրանքով:
PKK-ի մարտիկների հետ քաշվելու ընթացքը կանգ է առել ուժեղ անձրևների պատճառով
Քրդական հարցի լուծման գործընթացում, անկասկած, ամենակարևոր քայլերից մեկը PKK-ի մարտիկների՝ Թուրքիայի տարածքից հեռանալու որոշումն էր: Աբդուլլահ Օջալանի կոչով և Քանդիլի կարգադրությամբ PKK-ի մարտիկները մայիսի 8-ից սկսած զենքերով սկսել են դուրս գալ երկրից: Մինչ օրս Վանի, Շըրնաքի և Հաքյարիի շրջաններից միայն հինգ խումբ է անցել Հյուսիսային Իրաք:
Հայտնի թուրք լրագորղ Հասան Ջեմալը հանդիպել և զրուցել է հետ քաշվելու որոշմանը գալու գործում վճռորոշ դերակատարներ Մուրադ Քարայըլանի, Սաբըր Օքի և Ջեմիլ Բայըքի հետ: «T24» կայքում հրապարակված հոդվածում վերջիններս նշել են. «Մայիսի 8-ից սկսած Թուրքիայի տարածքը լքող PKK-ի մարտիկների միայն հինգ խումբ է ելել: Այս պահին հետ քաշվելու գործընթացը կանգ է առել ուժեղ անձրևի և եղանակային վատ պայմանների պատճառով: Հիմա մի փոքր ուշանում ենք, սակայն եկող ամիս հոսքը կրկին կարագանա: Ինչ-որ ժամկետ սահմանելը սխալ է, սակայն հստակ է, որ երկու ամսում հետ կքաշվենք»:
Կարմիր սուլթան Աբդուլհամիդ 2-րդին պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի
Թուրքիայի Քարաբյուք համալսարանի ճանապարհային համակարգերի ինժեներության բաժինը օսմանյան սուլթան Աբդուլհամիդ 2-րդին Հիջազի երկաթուղու աշխատանքների համար պատվավոր դոկտորի կոչում է շնորհելու: Այսօր Քարաբյուք համալսարանի կոնֆերանս դահլիճում կազմակերպված հանդիսության ժամանակ դոկտոր պրոֆեսոր Բեքթաշ Աչըքգյոզը դիպլոմը կհանձնի Աբդուլհամիսի տոհմի Թուրքիայում բնակվող ամենատարեց անդամ Հարուն Օսմանօղլուին:
«ntvmsnbc» կայքը գրում է, որ համալսարանի ռեկտոր Բուրհանեդդին Ույսալը լրագրողներին ասել է, որ օսմանյան սուլթանին նման կոչում շնորհելու առաջարկը արել են պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբդուլահմիդ սուլթանը մեծ կարևորություն էր տալիս երկաթուղային համակարգին: «Օսմանյան կայսրության ամենամեծ երկաթուղու նախագիծը իրականացվել է օսմանյան 34-րդ սուլթան Աբդուլհամիդ 2-րդի ժամանակ: Քարաբյուք քաղաքն ու համալսարանը երկաթուղիների ոլորտում կենտրոնական է, քանի որ այս ոլորտում մեծ նախագծեր ունենք: Այս պարագայում նման մեծությանը պետք էր դոկտորի կոչում տալ և դա մենք արեցինք»,-նշել է համալսարանի ռեկտորը:
Տաջիկստանում YouTube-ն արգելափակվել է նախագահի որդու հարսանիքի տեսանյութի պատճառով
Տաջիկստանի իշխանությունները YouTube-ն արգելափակել են,քանի որ անցած շաբաթ նախագահի որդու հարսանիքից տեսանյութն էին հայտնվել հոսթինգում: Պրովայդերները ռեսուրսն արգելափակելու գրավոր հրահանգ ստացան: Կապի ծառայությունը նման կարգադրություններ է անում սովորաբար, առանց մեկնաբանելու որոշման պատճառը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի որդու` Ռուստամ Էմոմալիի հարսանիքից տեսանյութեր էին հայտնվել YouTube-ում.հաղորդումը վարում էր տաջիկ ընդդիմադիր լրագրող Դոդոջոն Աթովուլոևը,որը հիմա հանարապետությունում չի բնակվում:Նա քննադատում էր հարսանիքի ավելորդ ճոխությունը:
Վերջին 2 տարին Կապի ծառայությունն անընդհատ փակում է “անպետք “ ռեսուրսները: Իշխանության տաք ձեռքի տակով են անցել և Facebook-ը, և ռուսական օնլայն ԶԼՄ-ները: Փակ կայքերն անհավանական մասսայականություն են վայելում Տաջիկստանում.երկրի բնակչությունը միշտ այդ արգելքները շրջանցելու միջոցներ է գտնում:
Մոսկվայում էքսկավատորի ղեկին բռնել են Ղուկաս ավետարանչին
Մոսկվայում ոստիկանները բռնել են էքսկավատորի վարորդին, որի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունք` Ղուկաս առաքյալի անունով: Դոմոդեդովոյի 45-ամյա բնակչին կանգնեցրել են Վարշավյան ավտոճանապարհի վրա: Նրանից վերցնելով վարորդական իրավունքը, ավտոճանապարհային ոստիկանության աշխատակիցները կասկածեցին դրա իսկության մեջ: Հետո պարզեցին, որ տղամարդն այն տպագրել է գունավոր տպիչով ու լամինացրել:
РИА Новости-ի տեղեկացմամբ, վարորդի նկատմամբ”կեղծ փաստաթուղթ ներկայացնելու գործով մեղադրանք է առաջադրվել”: Այդ հոդվածով նրան 80 հազար ռուբլու տուգանք կամ էլ կես տարվա կալանք է սպառնում:
Բրեդ Փիթն ախտորոշել է ինքն իրեն
Բրեդ Փիթը վստահաբար հայտարարել է, որ ինքը տառապում է պրոզոպագնոզիայով, խանգարում, որին բնորոշ է դեմքերը ճանաչելու ու հիշելու ունակության կորուստը: Esquire ամսագրին նա պատմել է, որ դժվարությամբ է հիշում դեմքերը ու խոստովանել, որ այդ վիճակով պայմանավորված` մարդկանց հետ շփման դժվարություն է ունենում:
Փիթը պատմել է, որ շատերին թվում է, թե ինքը պատշաճ հարգալից չէ իրենց նկատմամբ.օրինակ` չի ողջունում ծանոթներին կամ էլ չի կարողանում անուն հիշել: Իրականում նա չի կամենում ոչ ոքի վիրավորել .պարզապես չի կարողանում մտաբերել ` ճանաչում է այս կամ այն մարդուն, թե ոչ:
Նա խոստովանել է, որ փորձել է պայքարել այդ վիճակը շտկելու համար ու սկսել է հարցնել, թե որտեղից է ճանաչում խոսակցին.”Սակայն ամեն ինչ ավելի վատթարացավ.մարդիկ սկսեցին վիրավորվել ինձնից ավելի շատ”: Դրա համար էլ դերասանը տանն ավելի շատ ժամանակ է սկսել անցկացնել:
Նա մտադիր է բժիշկների հետ խորհրդակցել ենթադրյալ հիվանդության շուրջ: Այդ վիճակի պատճառնրից մեկն էլ ծոծրակային աջ հատվածում ստացած վնասվածքն է:
Աջ պրոզոպագնոզիայով մարդիկ չեն կարողանում ճանաչել դեմքեր,սակայն ճանաչում են իրերը:
Պակիստանում ավտոբուսի գազի պայթյունից 16 երեխա է զոհվել
16 երեխա և ուսուցչուհին զոհվել են դպրոցական ավտոբուսի գազի բալոնի պայթյունից:
Ոստիկանության տվյալներով, Գուջրաթի մասնավոր դպրոց երեխաներին տեղափոխող ավտոբուսն այրվել է: Ամենայն հավանականությամբ, հրդեհի պատճառ է դարձել կայծը, որն առաջացել է գազից բենզին վառելիքի փոխանցման ժամանակ: Զոհվածներից բացի, 7 դպրոցական էլ վիրավորվել է, նրանցից 5-ը հոսպիտալացվել է ծանր վիճակում, երեխաների տարիքը 5-15 է:
Ավտոբուսի վարորդը կենդանի է մնացել ,սակայն փախել է պատահարի վայրից: Հիմա նրան որոնում է ոստիկանությունը:

