Daily Archives: May 3, 2013
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հահաստանի նախագահությունը» թեմայով ՀՀ ԱԺ լսումներին
Հարգելի Ազգային ժողովի նախագահ,
Հարգելի Սահմանադրական դատարանի նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Ողջունելի է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը:
Եվրոպայի Խորհուրդը համաեվրոպական ճարտարապետության մեջ կարևոր դերակատարություն ունի: Այն առաջին հերթին քաղաքական երկխոսության հարթակ է: Եվրոպայի Խորհուրդն այն ատյանն է, որտեղ քննարկվում են համաեվրոպական արդիական հարցեր, սա կարևոր առանձնահատկություն է, քանի որ Եվրոպայի Խորհրդի աշխարհագրական տարածքում տեղի ունեցող իրադարձությունները դիտվում և համապատասխան արձագանք են ստանում հենց համաեվրոպական չափանիշների տեսանկյունից:
Իր փորձագիտական կարողություններով, չափորոշիչների և նորմերի տարածման և անդամ երկրներում դրանց ներդրմանը հետևող մոնիտորինգային մարմինների գործունեության միջոցով, Եվրոպայի Խորհուրդը նպաստում է կայուն և ժողովրդավար հասարակությունների զարգացման գործընթացներին: Եվրոպայի Խորհրդի այս առաքելությունը ճանաչված է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առնվազն վերջին 10-15 տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներում Եվրոպայի Խորհուրդն իր կարևոր ներդրումն է ունեցել:
Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում՝ իրականացնելով խորքային բարեփոխումներ: Արդյունքները տեսանելի են և անշրջելի: Գործընթացը շարունակվում է և այս առումով կցանկանայի հատուկ կարևորել Հայաստան/Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը մեր երկրի տարբեր գերատեսչությունների և Եվրոպայի Խորհրդի քարտուղարության համատեղ աշխատանքի արդյունք է և արտացոլում է բարեփոխումների մեր գերակայությունները:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի ակտիվ անդամներից է և իր ներդրումն է բերում կազմակերպությունում բոլոր ուղղություններով օրակարգային հարցերին և գործընթացներին:
Հակիրճ անդրադառնամ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը, բայց նախ՝ մի քանի խոսքով Նախարարների կոմիտեի մասին:
Եվրոպայի Խորհուրդն ունի երկու կանոնադրային մարմին: Դրանցից Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի ղեկավար և որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից:
Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:
Եվրոպայի Խորհրդի մյուս կանոնադրային մարմինը՝ Խորհրդարանական վեհաժողովը, խորհրդատվական մարմին է: Վեհաժողովում առաջ են քաշվում և քննարկվում են եվրոպական հասարակությունների համար մարտահրավեր հանդիսացող կարևորագույն հարցեր:
Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունից անցել է 12 տարի և, առաջին անգամ, մայիսի 16-ին Հայաստանը ստանձնելու է Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա շատ կարևոր և պատվավոր առաքելություն է Հայաստանի համար, բայց նաև մեծ պատասխանատվություն է:
Ընդունված կարգի համաձայն, մայիսի 16-ին Ստրասբուրգում նախագահությունը ստանձնելիս, մենք պետք է հրապարակենք մեր նախագահության գերակայությունները, այսինքն այն ոլորտները, որոնք մենք կարևորում ենք կազմակերպության առաջիկա 6 ամսվա աշխատանքների տեսանկյունից:
Հայաստանի գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Դրանք քննարկվեցին Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ՝ ապրիլի 16-17-ին Հայաստան կատարած այցի ընթացքում:
Հայաստանի նախագահության գերակայություններով մենք շեշտել և կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք հենասյուները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն, յուրաքանչյուրից ընտրելով այն ուղղությունները, որոնք Հայաստանի կարծիքով արդի ժամանակահատվածում կարևոր են:
Մարդու իրավունքների ոլորտում կարևորագույն հարցերից է անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ պայքարը: Սա համաեվրոպական, խիստ արդիական խնդիր է, որը նոր սրությամբ է արտահայտվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների հասանելիության պայմաններում:
Դրա մասին են վկայում Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի (ECRI), Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցները, ինչպես նաև այս տարվա մարտին պաշտոնապես մեկնարկած «Ո՛չ համացանցում ատելություն սերմանող հրապարակային ելույթներին» համաեվրոպական երիտասարդական արշավը:
Այս ուղղությամբ մեր ներդրումը բերելու համար Հայաստանում կկազմակերպվի անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանս, Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը, որը վերջին տարիներին հատուկ կարևորություն և մեծ հնչեղություն է ձեռք բերել, ինչպես նաև կմիանա և կսատարի ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ երիտասարդական արշավին:
Եվրոպայի Խորհրդի մյուս հենասյունը օրենքի գերակայության ոլորտն է: Այս ուղղությամբ մեր ներդրումը կլինի «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովը, որը նախաձեռնել է Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական դատարանի հետ համագործակցաբար: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը սիրով համաձայնել է ավելի մանրամասն ներկայացնել նախագահության այս առանցքային միջոցառումը:
Այս ոլորտի հետ կապված է նաև Եվրոպայի Խորհրդի օրակարգում ընդգրկված կարևոր մեկ այլ հարց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազգային մակարդակով արդյունավետ կիրառման հարցը: Այս ուղղությամբ Ստրասբուրգում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնցում Հայաստանն իր ներդրումն է բերելու:
Եվրոպայի Խորհրդի երրորդ հենասյունը՝ ժողովրդավարությունը, լայն ընդգրկում ունի: Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ նախատեսված են համապատասխան միջոցառումներ, որոնք կկարևորեն տեղական մակարդակով մասնակցային ժողովրդավարության խնդիրները:
Տեղական ժողովրդավարության առումով բոլոր երկրների կյանքում կենտրոնական դեր ունեն մայրաքաղաքները: Այս կոնտեքստում Հայաստանն իր նախագահության ընթացքում մտադիր է կազմակերպել Եվրոպայի Խորհրդի մայրաքաղաքների քաղաքապետերի համաժողով, որի կապակցությամբ Հայաստան կհրավիրվեն 46 երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր:
Հայաստանը պատշաճ ուշադրություն կհատկացնի մշակութային ժառանգության, բարձրագույն կրթության և երիտասարդության քաղաքականության ոլորտներին: Համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցաբար Երևանում կկազմակերպվեն Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական մեկնարկի արարողությունը, Բարձրագույն կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը և Երիտասարդական քաղաքականության եվրոպական սիմպոզիումը:
Նախատեսված են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը և ամառային նստաշրջանի կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահի այցը:
Մշակութային միջոցառումներից առանցքայինը Ստրասբուրգում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացումն է լինելու:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է կազմակերպության համար շատ կարևոր ժամանակահատվածում: Գլխավոր քարտուղարը նախաձեռնել է կազմակերպության խորքային բարեփոխումներ, որոնց նպատակը Եվրոպայի Խորհրդի արդյունավետության և դերի բարձրացումն է: Հայաստանը որպես նախագահող երկիր ակտիվորեն ներգրավվելու է այդ բարեփոխումների գործընթացում:
Մեր նախագահության ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու է կազմակերպության 2014-2015թթ. բյուջեն և գործողությունների ծրագիրը:
Վերջին շրջանում ԵԽ-ում լուրջ քննարկումներ են ծավալվել մոնիտորինգային ընթացակարգերի, դրանց օպտիմալացման և համակարգման վերաբերյալ: ԵԽԽՎ 2013թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Գլխավոր քարտուղարն առաջարկել է մշակել «ժողովրդավարության մատրիքս»՝ բոլոր անդամ երկրների համար՝ բացահայտելու տվյալ երկրում առկա խնդիրները, ինչպես նաև եվրոպական մակարդակով առկա ընդհանուր և գերիշխող միտումները: Ըստ Գլխավոր քարտուղարի, նման մատրիքսը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ և նպատակաուղղված օգտագործել Եվրոպայի Խորհրդի սահմանափակ ռեսուրսները:
Գլխավոր քարտուղարի այս առաջարկությունը սկիզբ դրեց բավական լուրջ քննարկումների, որոնք շարունակվելու են մայիսի 16-ին կայանալիք նախարարական նստաշրջանին և հետագա ամիսների ընթացքում:
Արաբական երկրներում սկիզբ առած զարգացումներից հետո, Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ, Եվրոպայի Խորհուրդը սկսել է այդ տարածաշրջանի նկատմամբ այսպես կոչված «հարևանության քաղաքականության» մշակման գործընթացը, որը ևս Նախարարների կոմիտեի օրակարգային հարցերից կլինի առաջիկա ամիսներին:
Նախագահության ընթացքում մենք շարունակելու ենք խրախուսել և առաջ մղել Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ` մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական Միության և Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետ Նախարարների կոմիտեի համագործակցության առնչությամբ հարկ է նշել, որ մայիսի 31-ին Երևանում կայանալիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվելու են Հայաստանի նախագահության գերակայությունները: Խորհրդարանական Վեհաժողովի ամառային և աշնանային նստաշրջանների ընթացքում, Նախարարների կոմիտեի նախագահողը պետք է հանդես գա ելույթներով՝ ներկայացնելով Կոմիտեի աշխատանքները:
Եզրափակելով, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը՝ Արտաքին գործերի նախարարության հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար: Մենք մեծապես կարևորում ենք այդ փոխգործակցությունը և հուսով ենք, որ այն լավագույնս կնպաստի Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության անցկացմանը:
Շնորհակալություն:
Իլհամ Ալիևը մամուլի “գիշատիչ” է. “Լրագրողներ առանց սահմանների”
Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է արդեն ավանդական դարձած “Ազատ մամուլի գիշատիչները” ցուցակը: Այդ ցուցակում տեղ են գտել 39 պետության ղեկավարներ, քաղաքական, կրոնական գործիչներ, զինվորականներ: Այս անձիք իրենց “ներդրումն են ունեցել” լրագրողների, մամուլի այլ աշխատակիցների սպանության, առևանգման, հետապնդման և խոշտանգումների գործում:
Ըստ կազմակերպության` բոլոր “գիշատիչները” կարծում են, որ օրենքը իրենց չի վերաբերում:
“Մամուլի գիշատիչները գնալով ավելի են ակտիվանում: 2012թ.-ին աշխարհում մամուլի դեմ բռնության մակարդակը աննախադեպ է, սպանվել են ռեկորդային թվով լրագրողներ”,-ասել է “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Կրիստոֆ Դելորը:
Այս տարի 39 “գիշատիչների” շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Որպես “գիշատիչ” են որակավորվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և այլք:
ՏարոնՄարգարյանը և Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող ՏարոնՄարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարեւորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է և նպատակ է հետապնդու ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:
Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել երևանցիներին
Սիրելի՛ երևանցիներ,
Արագ անցան Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 27 հագեցած օրերը:
Տասնյակ հազարավոր երևանցիներ մասնակիցը դարձան մեր հանդիպումների:
Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, ներկայացնելու մեր նոր ծրագրերն ու ավելի լավ Երևան ունենելու մեր պատկերացումները, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:
Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին:
Կրկին շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիների:
Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին:
Վստահեցնում եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քննադատությամբ օգնեցին մեզ՝ ավելի լավ ընկալելու և էլ ավելի մոտ լինելու Երևանի յուրաքանչյուր բնակչին:
Շնորհակալ եմ նաև մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգակար լինելու իրենց ցանկության համար:
Մայիսի 5-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ:
Եկե՛ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, որպեսզի մեր երեխաներին ու թոռներին թողնենք ավելի լավ Երևան:
Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լավ արդյունքներ, ապրել ավելի լավ Երևանում՝ արժանապատիվ պայմաններով ու ավելի հարմարավետ կյանքով:
Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ:
Խորին հարգանքով`
Տարոն Մարգարյան
Հաստատվել է տնօրենների հավաստագրման քննությունների ժամանակացույցը
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով այսօր հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 14-ին և 17-ին, ժամը 1000-ին “Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան” ՊՈԱԿ-ում /հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17/:
«Բարեւ Երեւանը»հակադարձում է “Բարգավաճին”
Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Ես ցանկանում եմ հարց տալ նրանց եւ, բնականաբար, «Բարեւ Երեւան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, թե ինչու տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները» (տես http://news.am/arm/news/151786.html):
«Բարեւ Երեւան» դաշինքը հայտարարում է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները:
Բացի այդ, դաշինքը համարում է, որ Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:
Առաջիկա ժամերին հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ՀՀ դատախազություն և հատուկ քննչական ծառայություն:
Քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Հալիձոր եւ Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացավ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացքին:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր:
Ներկայացվեց «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված` Տաթեւի վանքի հարակից ութ համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշվեց, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը կխթանի համայնքների զարգացումն ու կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես քննարկվեցին համայնքների գազիֆիկացման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերի վերականգնման հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ Հալիձոր-Տաթեւ ճանպարհահատվածում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը:
Խորհրդակցությանը կարեւորվեց, որ տարածաշրջանում բոլոր ծրագրերը համահունչ լինեն «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տրամաբանությանը, իրականացվեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաեւ բնապահպանական եւ քաղաքաշինական փորձաքննություն անցնեն:
Հյուրերը շրջայց կատարեցին նաեւ համայնքներում, ծանոթացան զարգացման հնարավորություններին:
Հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է կոլեգիայի նիստ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:
Ներկայացված զեկույցներն ունեցել են երկու ուղղվածություն. առաջին՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական բազան հարստացնելու համար կազմակերպվող գնումների և մատակարարումների գործընթացը, երկրորդ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ թե՜ գնումներն ու մատակարարումները, թե՜ ռազմաարդյունաբերական պլանավորումը գտնվում է ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Սեյրան Օհանյանը ընդգծել է նաև, որ. «Հարկ է նաև նկատել, որ այս ոլորտները վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել են զգալի առաջընթաց, որը պայմանավորված է մեր կողմից իրականացված միջոցառումներով»:
Պաշտպանի միջնորդության շնորհիվ կինը ստացավ օգնություն և այլևս մուրացկանությամբ չի զբաղվի
Երեկ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ ստացավ, որ Մաշտոցի պողոտայի վրա մի կին փոքր երեխայի հետ նստած փող է մուրում: Պաշտպանի՝ երեխաների հարցերով խորհրդական Աիդա Մուրադյանը անմիջապես մեկնեց նշված վայր՝ մանրամասները ճշտելու նպատակով: Բացի այդ տիկին Մուրադյանը կապվել էր ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի և Ոստիկանության հետ՝ նրանց նույնպես ներգրավելով խնդրի լուծման մեջ:
Ինչպես պարզվեց, մայրը, ելնելով ծանր սոցիալական վիճակից, երեխայի հետ միասին Մասիս քաղաքից եկել էր Երևան մուրացկանության միջոցով գումար վաստակելու նպատակով: Առաջին անգամն էր, որ կինը դիմում էր նման միջոցի, քանի որ արդեն չէր կարողանում հոգալ իր և երեխայի սննդի խնդիրը: Նախկինում դատված ամուսինը ոչնչով չի օգնում նրան և չի կարողանում պահել ընտանիքը:
Մայրն ու երեխան փողոցից տեղափոխվեցին ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն և ստանալով որոշակի օգնության փաթեթ՝ ուղևորվեցին տուն: Ոստիկանության աշխատակիցների խոսքերով կնոջ վրա առկա են եղել նաև բռնության հետքեր, որոնց կապակցությամբ կինն, այնուամենայնիվ, հրաժարվել է բողոք ներկայացնել:
Պաշտպանի խորհրդականը պարբերաբար կապ է պաշտպանում թե կնոջ հետ, թե Ոստիկանության և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի աշխատակիցների հետ:
Միաժամանակ իրավիճակը հսկողության տակ պահելու և երեխային կրկին մուրացիկության մեջ ներգրավելը կանխելու նպատակով, Պաշտպանը գրություններ է պատրաստվում ուղարկել Մասիսի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժին և Ոստիկանություն:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակվել
Ադրբեջանում Եվրամիության ներկայացչությունը նոր ղեկավար ունի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար նշանակվել է շվեդ դիվանագետ Մալենա Մարդը: Նախօրեին այս նշանակումը ստորագրվել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի կողմից:
Մալենա Մարդը ներկայում ղեկավարում է Շվեդիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով վարչությունը, իսկ նախկինում աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Բրյուսելում և Դաքքայում գտնվող Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Մալենա Մարդը փոխարինելու է Ռոլան Կոբիային, որի պաշտոնավարման ժամկետն (2009թ-ի նոյեմբերից) այս տարի ավարտվել է:
Ադրբեջանում գերմանացի ուսանողի են դանակահարել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Գերմանիայի քաղաքացի է սպանվել, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Գերմանացի ուսանող Վուսալ Շիլդեր Ադոլֆն անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել է։
Ներկայում գործողություններ են իրականացվում մարդասպանի ինքնությունը պարզելու և ձերբակալելու ուղղությամբ։
Հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն։
Իտալիայի օդանավակայանների հաճախորդներին 86 մարդուց բաղկացած խումբ է թալանել
Օդանավակայաններից ուղեբեռի գողությունների մասշտաբային հետաքննության արդյունքում ամբողջ Իտալիայում 86 մարդ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է ԱՆՍԱ գործակալությունը, նրանցից 49-ը “Ալիտալիա” ավիաընկերության և մայրաքաղաքի միջազգային “Լեոնարդո դա Վինչի” օդանավակայանի վերգետնյա ծառայության աշխատակիցներ են:
Տարվա ընթացքում անց կացված հետաքննական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի ամբողջական խմբավորում, որը զբաղված էր ուղևորների ուղեբեռի կողոպուտով, հաղորդում է “Интерфакс“-ը: Ձերբակալվածները մեղադրվում է իտալական ութ օդային նավահանգիստներում կատարած գողությունների համար, այդ թվում `Հռոմը, Միլանը, Նեապոլը, Պալերմոն, Բոլոնիեն,Վերոնան: Ուղևորների արժեքավոր իրերի կորստի մասին ավելի հաճախ դարձած հայտարարություններից հետո տեղադրվել են տեսախցիկներ:
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մայիսի 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-08-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 06-08-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 06-08-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-08-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևանի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.80C (1935թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.90C (1965թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 15.00C
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ
Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Կողմերը քննարկեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության արժանացան Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարեւորվեց դրանց անցկացումը օրինականության եւ ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
Հովհաննես Սահակյանը` Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքի և Ստեփան Մարգարյանի ուշացած հայտարարության մասին
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անդրադարձավ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքին ու դրա շուրջ տեղի ունեցող քննարկումներին: Նրա կարծիքով, Տարոն Մարգարյանն ազնվորեն հայտնել է իր ունեցվածքի մասին, մինչդեռ նրան քննադատողները թաքցրել են իրենց իրական ունեցվածքը:
Լրագրողներից մեկն էլ հարցրեց` արդյո՞ք ազնվությամբ հայտարարագրելն արդարացնում է ազնիվ ճանապարհով ձեռք չբերված ունեցվածքը: Հովհաննես Սահակյանը թերահավատներին խորհուրդ տվեց սպասել մինչև իրավապահ մարմինները Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ իրենց եզրակացությունը կտան և կպարզվի, որ ամեն ինչ ազնիվ է:
Վերադառնալով ճեպազրույցների հիմնական թեմային` ավագանու ընտրություններին, լրագրողները ՀՀԿ խմբակցության քարտուղարին տեղյակ պահեցին նախորդ բանախոսներից մեկի` ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մուրադյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն այս ընտրություններում կլինի առաջինը, իսկ մյուսները կպայքարեն երկրորդ տեղի համար: Հովհաննես Սահակյանն ասաց. «Ստեփան Մարգարյանն ուշացել է: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր հալածյալի իր կեցվածք պետք է լինի առաջինը»:
Վերլուծումներ, միտումներ և արդյունքներ
Աշխարհաքաղաքական ծրագրերի մասին ուսումնասիրություն կատարող տարբեր վերլուծական կենտրոնների եւ միջազգային մամուլի աշխատակից Ալեքսանդրա դել Վալը գիտահետազոտական աշխատասիրություններ ունի հետքեմալական Թուրքիայի, Եւրոպական Միության համարկման ճիգերի եւ ընդհանրապես իսլամական աշխարհում կատարվող զարգացումների մասին։ Սիրիայի խնդիրներին վերաբերող իր վերջին հրապարակումով Ալեքսանդրա դել Վալը շեշտել է սիրիահայության նկատմամբ Անկարայի կողմից գալիք վտանգը։ Այստեղ կա ծայրահեղացման միտում։ Դել Վալը «վկայակոչում է» սիրիահայ համայնքը եւ խոսում հարյուրաւոր սպանվածների եւ հայկական Քեսաբ գյուղի դեմ իրականացված հարձակման մասին. վերլուծումը հանգում է այն ենթադրության, որ հոգուտ կառավարական ուժերի հայերի կողմնորոշման դեպքում, նրանց սպառնում է նոր ցեղասպանություն Սիրիայում ապրող թուրքմենների ձեռքով, որոնք զինվում և ֆինանսավորվում են Անկարայի կողմից։
Մի պահ անտեսենք դել Վալի հաղորդածների ծայրահեղացված լինելու փաստը եւ քաղաքական միտումի համոզումը եւ տեսնենք երկրում ծարահեղ իսլամականության կայացման դրսեւորումները, հակաքրիստոնյա մոլուցքի երեւույթները, քրիստոնյա հոգեւոր առաջնորդների առեւանգումները եւ նմանատիպ դեպքեր, որոնք հիշեցնում են Իրաքի քրիստոնյաների նկատմամբ կիրառված քաղաքականությունն ու դրա արդյունքը։ Բնական է, որ ճգնաժամը, անապահովությունը, պատերազմական գործողությունները կհանգեն բնակչության որոշ տեղաշարժերի։ Իսկ երբ նախադրյալները հուշում են ազգաբնակչության որոշ խաւի թիրախաւորված լինելու մասին, տեղաշարժի մղումները բազմապատկվում են։ Տեղաշարժը կարող է լինել ներքին, Իրաքի դեպքում դեպի ինքնավար Քուրդիստան, եւ հատկապես արտաքին, մասնաւորաբար դեպի Եւրոպա եւ դեպի Շվեդիա։
Քրիստոնյա տարրը շրջանից դատարկելու քաղաքականության կիրառման մասին մտածելու որոշ տվալներ կան անշուշտ։ Խուճապային տրամադրություններ ստեղծելը, դեպքերը խոշորացույցի տակ առնելը եւ արագ եզրակացություններ կատարելը, ընդհուպ մինչեւ յուրաքանչուր քրիստոնյայի սպանության դիմաց փրկագների ճշտում կամ նոր ցեղասպանության նախապատրաստություն, այս բոլորը անշուշտ զուտ տեղեկատվական կամ ապատեղեկատվական պարագայական արտադրություններ չեն, այլ նախանշում են որոշ ուժերի քաղաքական մի վարքագիծ։
Հրապարակագրական ենթադրությունները, վերլուծումները քաղաքական ոսպնյակների ազդեցություն են կրում անշուշտ։ Փաստերը սակայն մանաւանդ արդյունքները մտածել են տալիս այդ բոլորի քաղաքական շարժառիթների մասին։ Թե՛ Իրաքի եւ թե՛ Սիրիայի դեպքում քրիստոնյա ազգաբնակչություններին դեպի Շվեդիա ուղղորդելու համար ընծայված դյուրությունները հեռու են պատահականության տեսությունից։
Որոշ սիրիահայերի դեպքում հայաստանյան քաղաքացիության շատ արագ տրամադրումը առաջին դուռն է Երեւանի ժամանակաւոր կանգառից դեպի Շվեդիա կամ այլուր մեկնելու։ Համապատասխան գրասենյակները արագ են գործում այս ուղղությունները ապահովելու համար։ Վճարները որոշված են եւ ընթացակարգը հայտնի։
Բայց նախքան այդ ամբողջ գործընթացի սկսելը նախ համոզումը պետք է ձեւաւորել։ Եւ այստեղ է, որ Ալեքսանդրա դել Վալի հոդվածների կարիքն է զգացվում։ Անկարա, թուրքմեններ, հարձակում հայկական գյուղի վրա եւ նոր ցեղասպանության սպառնալիք։
Առանց թերագնահատելու թուրքական գործոնի վտանգը՝ դել Վալի մատնանշած սպառնալիքը տեսանելի չի թվում։ Բայց կա քրիստոնյա տարրի հեռացումը երկրից եւ շրջանից։ Իսկ այստեղ է ահա, որ պարզեցված կարգով եւ հատուկ դյուրությամբ ու արագությամբ քաղաքացիություն շնորհելը ինքնին կարող է նպատակին չծառայել, եթէ չկա համալիր ծրագիր՝ ճգնաժամի հետեւանքով հայրինիքում հայտնված հայ մարդուն ոչ ժամանակաւոր հայրենադարձի կարգավիճակ ապահովելու համար։
Ստեղծված պայմաններում առաջադրված ելքը դեպի Հայաստանն է, ուր քաղաքացիություն ստանալը եւ կեցության օրինականացումը բաւարար չեն անշուշտ։ Բնակարանային հարցի լուծումը ինքնին չի նպաստում ճգնաժամային պայմանների բերումով սկսած հայրենադարձության սահմանափակ գործընթացին։ Աշխատանքի ապահովումը, արդարացված աշխատավարձը, կենցաղային խնդիրների լուծումը աւելի քան անհրաժեշտ գործոններ են, որոնց ապահովումը այս բոլոր բարդ եւ անկանխատեսելի իրավիճակներում կարող է առավել իրականանալի թվա պետական մակարդակի վրա հակաճգնաժամային ծրագիր գործադրելու համար։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Լևոն Զուրաբյանը գտնում է, որ ժողովուրդը պետք է ընտրի «անբիծ» քաղաքական ուժ ՀԱԿ-ին
Աժ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ձևակերպված է այս ընտրարշավի հիմնական հարցը և այդ հարցը ձևակերպել է ՀԱԿ-ը. «Արդյո՞ք ժողովուրդն իր քվեն տալու է իրեն թալանած կուսակցության ներկայացուցչին, թե՞ ժողովուրդը ցանկանում է դադարեցնել այս թալանը երկրում և պետական իշխանությունը հանձնել այնպիսի ուժի, ինչպիսին է Հայ ազգային կոնգրեսը, որը անբիծ քաղաքական ուժ է և ազնիվ պետական կառավարման սկզբունքների կողմնակից»:
Ի դեպ, Լևոն Զուրաբյանի հայտարարությունը` ՀԱԿ-ի «անբիծ» լինելու վերաբերյալ լրագրողների որոշ մասի կողմից զարմանքի բացականչությունների արժանացավ:
Այնուհետև Զուրաբյանն ասաց, որ իրենք հանրության և դատախազության դատին են ներկայացրել մի փաստ, որը վկայում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զբաղեցնելով պետական պաշտոններ, կուտակել է հսկայական ունեցվածք:
Նա նաև ասաց, որ ՀԱԿ-ն այս ընտրություններին ակնկալում է առնվազն 20 տոկոս ձայն հավաքել:
Բորսայում դոլարի գինը` 416 դրամ
Թուրք-ամերիկյան հարաբերությունները գնալով սերտանում են
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենկիս Ռիկարդոնեն Իզմիրում մասնակցել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որից հետո պատասխանել է «Anadolu» գործակալության թղթակցի հարցերին: Քրդական հարցի կարգավորման մասին ամերիկացի դիվանագետը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել ընթացքի մեջ գտնվող գործընթացը, որը Թուրքիայի ներքաղաքական խնդիրն է: Ինչ վերաբերում է ընդհանրապես Թուրքիային, ապա Ռիկարդոնեի խոսքերով՝ Վաշինգտոնը դրականորեն է տրամադրված այս երկրի ապագայի հարցում:
Ընդգծելով, որ Թուրքիան տեղակայված է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում և մեծ դերակատարում ունի, Ռիկարդոնեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամբողջությամբ աջակցում է Թուրքիային և հետաքրքրված է հետագա երկկողմ համագործակցությամբ: Անդրադառնալով վարչապետ Էրդողանի ԱՄՆ կատարելիք մոտակա այցելությանը՝ դեսպանը նշել է, որ բանակցությունների գլխավոր թեման լինելու են տնտեսական հարցերը:




