Քաղաքը կաթվածահար էր եղել անձրևից

Լարա ԱռաքելյանԵվրատեսիլյան աղմուկի ու, առհասարակ, եվրոպական արժեքներից ու եվրոինտեգրումից խոսելը ուղղակի ծիծաղելի է երկրի ամենակաենցաղային ոլորտի խնդիրների ֆոնին: Ընդամենը 10 րոպե առաջ քաղաքի կենտրոնը (էլ չասած ծայրամասերի մասին) կաթվածահար էր եղել անձրևից: Խոսքը ընդամենը անձրևի մասին է` հորդառատ անձրևի, որ տեղաց շուրջ 15 րոպե և վեր հանեց մեր քաղաքի մի լուրջ պրոբլեմ` ջրահեռացման համակարգը, առանց չափազանցնելու, չի աշխատում: Բաղրամյան պողոտայում ջուրը ոչ թե քաշվում էր նախատեսված վայրերով, այլ հակառակը` մոտ մեկ մետր բարձրության կեղտաշիթեր գոյացնելով թափվում փողոց` խափանելով երթևեկությունը: Հալաբյան փողոցում մեկ տասնյակի հասնող մեքենաներ կիսով չափ ջրի մեջ էին մնացել: Քաղաքացին կարող է իրավամբ պնդել, որ իր եկրում պաշտպանված չէ անգամ անձրևից: Կարծում ենք` պատկան մարմինները լուրջ անելիքներ ունեն վերոգրյալի հետ կապված:
Լարա Առաքելյան

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Լուիզ Մանուկյան-ՍիմոնՆախագահ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորել է ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք:
«Դուք փայլուն շարունակողն եք բարեգործության այն լավագույն ավանդույթների, որոնք եղել են և կան հայ իրականության մեջ: Տարբեր ժամանակներում և պայմաններում Դուք կարողացել եք ստանձնել պատասխանատվություն և իրականացնել ազգանպաստ և հայրենանվեր ծրագրեր: Ձեր ծանրակշիռ հանձնառություններով, տևական և արգասաբեր գործունեությամբ արժանիորեն վաստակել եք մեծ հեղինակություն թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Արցախի հազարամյա պատմությունը քարե մատյաններում

cicernavanqԱպրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում  է Արցախի 7 հնավայրերից  (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված  հնագիտական 100  նոր  գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:

Իսկ ցուցադրությունը նվիրված է  հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան, որն էլ կշարունակվի մինչև մայիսի 19-ը` թանգարանների միջազգային օրը: Այդ օրն ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար թանգարանի տնօրինությունը միշտ մի նոր բան է մտածում, թեև թատերականացված ներկայացումներն ու այլ միջոցառումներն էլ իրենց հերթին են լցնում օրը:

Իսկ թե ինչու այդ երկու հիշարժան առիթները մեկտեղվեցին հատկապես արցախյան անակնկալով, թանգարանի տնօրեն  Գագիկ Գյուրջյանի պատասխանն ավելի քան խոսուն է. «Վերջին տարիներին Արցախի 7 հնավայրերում  իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված այս 100 նոր գտածոները ոչ միայն առաջին անգամ են Երևանում ցուցադրվում, այլև նորույթ են Արցախի մշակութային կյանքում, որովհետև մայիսի 19-ից հետո ողջ ցուցադրությունը կնվիրվի Արցախին: Եվ  սա Երևանի քաղաքապետարանի ու Լեռնային Ղարաբաղի մշակութային համագործակցության լավագույն օրինակներից է, որի բացմանը ներկա էին նաև Ղարաբաղի մշակույթի նախարարության ներկայացուցիչները: Դրանից լավ նվեր լինել չէր կարող»:

Չորս հնագիտական  արշավախմբեր են իրականացրել պեղումները, մեկը` Լեռնային Ղարաբաղից, երեքը` Հայաստանից: Հիրավի, դրանից լավ նվեր չէր կարող լինել ոչ միայն   թանգարանային օրվանն ընդառաջ, այլև  ի նշանավորումն մայիսյան փառահեղ հաղթանակների: Ցուցադրությունը շարժական բնույթ ունի, և պրն Գագիկ Գյուրջյանը հավատացած է, որ այն, Արցախի սեփականությունը դառնալով, կտեղափոխվի և կցուցադրվի նաև  այլ բնակավայրերում: Իսկ ցուցադրությունը Երևանում կմնա մինչև թանգարանային գիշերը: Այնպես որ, Էրեբունի թանգարանի գիշերային այցելուներին մի նոր անակնկալ է սպասում, իսկ ողջ հնավայրի  գիշերային լուսավորությունն արդեն նորություն չէ:

Այնուհանդերձ, թանգարանի  գիտահետազոտական բաժնի վարիչ Աննա Ազիզյանի օգնությամբ փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել արցախյան այդ 7 հնավայրերը ներկայացնող  ցուցասրահում: Նորովի բացահայտենք այդ զարմանահրաշ երկիրը:

Առաջին ցուցափեղկը հազարամյա կենսագրություն ունեցող Ծիծեռնավանքինն է (Քաշաթաղի շրջան): Միջնադարյան  IV-V դդ. թվագրվող բազիլիկ եկեղեցու և հարակից տարածքից պեղումների նյութերն էլ այդ ամենի լուռ վկաներն են: Եկեղեցական սպասքին վերագրվող նյութեր, նյութական օգտագործման ձիթաճրագներ, կարասներ, այսինքն` եկեղեցական սպասքի նյութեր, ինչպես նաև Ծիծեռնավանքի ճարտարապետական վերլուծությամբ արված լուսանկարներ:

2005 թ. ՀՀ ԳԱԱ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը` Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, հայտնաբերեց հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55մ.թ.ա.) Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը: 2006-2012 թթ. հնագիտական պեղումներ կատարվեցին այդ տարածքում: Իսկ արդյունքն ավելի քան շլացուցիչ էր:

Տիգրանակերտը ներկայացված է ինչպես միջնադարյան, այնպես էլ անտիկ ժամանակաշրջանը ներկայացնող  գտածոներով` ջնարակապատ անոթների բեկորներ, ամբողջական աղաման, մոմակալ, գինու կարասներ, երկաթե նետասլաքներ XII-XIII դդ., կան նաև այլ գտածոներ: Առանձնակի ուշադրություն են գրավում նաև անտիկ և վաղ միջնադարի շրջանի սափորների բեկորները, խոյակների զարդաքանդակները:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ ցուցադրության գերակշիռ մաս են կազմում Տիգրանակերտից պեղված նյութերը: «Տիգրանակերտը շատ հայտնի հուշարձան է, հայտնի է նաև իր նշանակությամբ և լայնածավալ պեղումներով»,- մեկնաբանեց երիտասարդ հնագետը:

Ցուցապաստառի գրությունից իմանում ենք, որ միջնաբերդի պեղումների արդյունքում բացվել է նրա  հյուսիսային պարսպապատի 180 մետրանոց հատվածը: Եվ այն իր ժամանակի ամենամեծ պեղված պատերից մեկն է Անդրկովկասում:

Հաջորդը Շուշիի տարածքում պեղված երկու հուշարձաններն են: Առաջինը Քրիստոսից առաջ VI-VII դարերի դամբարան է, իսկ մյուսը` ժայռալանջին հայտնաբերված Կարկառի ամրոցը` XII-XIV դդ.:

Հանդաբերդն էլ միջնադարյան հուշարձան է, որն առավել հայտնի է իր զարդաքանդակներով, պատկերավոր սյուժեներով զարդարված խաչքարերով, ինչպես նաև Հանդաբերդի «Տիրամայր» խաչքարի բեկորով` թվագրված XII-XIV դդ.:

Բացառիկ ուշադրության են արժանի նաև Կերենի տարբեր դամբարաններից հանված անոթները, մետաղյա իրերը, ապարանջանները, օղերը և շատ այլ գտածոներ:

Թեև Հոռեկա վանքը այցելուին ներկայացված է միայն եկեղեցու ճարտարապետական վերլուծությամբ: Հոռեկա վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ, անտառապատ լեռան հյուսիսային լանջին, և 1279 թ. մինչև 1809 թ. գյուղը Հոռեկա է կոչվել, Թալիշ է դարձել 1822 թ.: Արցախ աշխարհի այս հնագույն սրբավայրը` վանքը, կառուցվել է V դարում Եղիշե առաքյալի գերեզմանի վրա: Բաղկացած է եկեղեցուց (1279թ.), գավթից (1284թ.), զանգակատնից (XVII դար) և օժանդակ այլ շինություններից: Վանքի բակը հարուստ է խաչքարերով, որոնք թվագրվում են VIII և հետագա դարերով:

Ուշագրավ է, որ այստեղ է թաղված Երմոլովի գլխավորած ռուսական բանակի շտաբի պետ, հետագայում Պարսկաստանում Ալեքսանդր Գրիբոյեդովի քարտուղար ու թարգմանիչ, 1813 թ. Գյուլիստանի պայմանագրի ստորագրման մասնակից, թալիշցի գեներալ Շամիր խանը:

Օրեր անց դարերի ոտնահետքերով այս ցուցանմուշները տուն` Արցախ կվերադառնան` հարստացնելու այդ հնամենի երկրամասի հայկականության փառահեղ պատմությունը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Գյումրին` “Թանգարանների գիշեվա” մեջ

017Մայիսի 18-իմ նշվում է թանգարանների միջազգային օրը, որ այս տարի համընկել է “Թանգարանների գիշեր” տոնին:

Ամեն տարի Գյումրիի թանգարանները ևս նոր ծրագրերով են հանդես գալիս: Առավոտից մինչև կեսգիշեր թանգարանները հյուրընկալում են այցելուների, ներկայանում բազմաթիվ միջոռացումներով:
Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում ցուցադրվեցին Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի և գեղանկարչության բաժնի ուսանողների աշխատանքները, ներկայացվեց Իսահակյանի “Ալագյազի մանիներ” պոեմի փոքրիկ բեմադրությունը, կազմակերպվեց ամենամյա գյումրվա թեյախմբությունը:
Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի ունեցան բազմաթիվ ցուցահանդեսներ: Թանգարանի բակում կազմակերպվեց “Ինչ, որտեղ, երբ” խաղի, “Կարատե դո” մարզային ցուցադրական առաջնություն, ներկայացումով հանդես եկավ Գյումրիի տիկնիկային թատրոնը, հնչեց երգ-երաժշտություն: Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջի սաները ելույթ ունեցան` նվիրված Վլադիլեն Բալյանի ստեղծագործական գործունեության 60-ամյակին:
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում տեղի ունեցավ հացաթխության պրոցես` լավաշը որպես ավանդական ուտեստ խորագրով, թանգարանի այցելուների համար բակում տեղադրված էր ֆայտոնն ու Ալեքսանդրապոլի տարազներով կին և տղամարդ մանեկենները, տեղի ունեցավ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Զգեստի մոդելավորում ֆակուլտետի ուսանողների պոդիումը, ինչին հաջորդեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը:
Մհեր Մկրտչյանի թանգարանն այս տարի ներկայացավ մոնո ներկայացմամբ` Պետեր տուրինի “Վերջ, վերջապես” պիեսի “Չէ” տարբերակով: Որում տեղ գտած հոգեբանական դրսևորումները զուգահեռել էին Մհեր Մկրտչյանի կյանքի հետ:
Ցուցահանդեսներ ու միջոռացումներ կազմակերպվեցին նաև քաղաքի մյուս թանգարաններում ու պատկերասրահներում:

Էսքիշեհիրում բացվել է «Մադամ Տյուսոյի» թանգարանի թուրքական տարբերակը

tusoԱշխարհի շատ երկրներում գոյություն ունեցող «Մադամ Տյուսոյի» թանգարանի միակ և առաջին թուրքական օրինակը բացվել է Էսքիշեհիրում՝ «Յըլմազ Բյույուքերշենի մոմից արձանների թանգարանը»: Վերջինիս բացմանը մասնակցել են բազմաթիվ արվեստագետներ, լրագրողները, գրողներ, քաղաքացիներ:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ թանգարանի բոլոր արձանները պատրաստել է հենց Էսքիշեհիրի քաղաքապետ Յըլմազ Բյույուքերշենը: Թուրքական «Մադամ Տյուսոյում» տեղ են գտել պատմական դեմքեր, տեղական և արտասահմանյան նշանավոր անուններ՝ ընդհանուր առմամաբ 160 արձան: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տարբեր ժամանակաշրջանի արձանները, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կերպարները: «Մենք այնպիսի մարդկանց ենք մեծացրել, որոնցով հպարտանում ենք: Սակայն կարծում եմ, որ մեր պատմությանն ու նշանավոր դեմքերին առժանին չենք մատուցել: Մոմից արձանների միջոցով մարդիկ հանդիպում են պատմության և հայտնի անձանց հետ: Այդ պատճառով էլ սիրում եմ այս արվեստը: Հուսով եմ, որ իմ արած գործը ինքներս մեզ հետ հաշտվելու գործում թեկուզ և փոքր, սակայն որոշակի ներդրում կլինի»,-նշել է ստեղծագործ քաղաքապետը:

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնայներից մեկը կարծում է, որ չինացի զբոսաշրջիկենրը պետք է ավելի քաղաքավարի լինեն, քանի որ արտերկրում նրանք վնքսում են երկրի հեղինակությանը

ch1Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների ոչ քաղաքավարի պահվածքը վնասում է երկրի հեղինակությանը արտերկում:

Երկրի չորս փոխվարչապետներից մեկը՝ Վան Յանը նշել է, որ արտերկրում հանգստացողները պետք է իրենց ավելի քաղաքավարի պահեն, չառանձնանան բարձր խոսելով և վատ պահվածքով:

Անցած տարի չինացիները ճանաչվեցին որպես աշխարհում ամենաշատ ծախսող զբոսաշրջիկներ: Ըստ ՄԱԿ-ի համաշխարահյին տուրիզմի կազմակերպության՝ նրանք 2012թ-ին արտերկրում զբոսաշրջության վրա ծախսել են 120 միլիարդ դոլար:

Անցած տարի չինացիները կատարել են 83 միլիոն ուղևորություն դեպի արտերկիր՝ 2000թ-ի 10 միլիոնի փոխարեն:

Վան Յանը կուսակցության պաշտոնաթերթին հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների քաղաքավարության մակարդակը բարձրացնելը և նրանց վերաբերյալ լավ իմիջի ստեղծումը կառավարության և համապատասխան ընկերությունների պարտականությունն է՝ ավելացնելով, որ Չինաստանի իշխանությունները պետք է ուղղորդեն, որպեսզի զբոսաշրջիկները ենթարկվեն հասարակական կարգին և էթիկային, հարգեն տեղի կրոնը, հավատալիքները և ավանդույթները, ուշադիր լինեն իրենց խոսքի և պահվածքի վերաբերյալ, ինչպես նաև պահպանեն շրջակա միջավայրը:

Ինչևէ՝ որոշ չինացի զբոսաշրջիկներ նշում են, որ արտերկրում իրենց վերաբերվում են, որպես երկրորդ կարգի մարդկանց:

BBC-ի Պեկինի թղթակիցը տեղեկացնում է, որ այս տարվա սկզբին Չինաստանի ինտերնետ ֆորումները հեղեղվել էին բողոքներով, երբ Մալդիվների հյուրանոցներից մեկում չինացիների զբաղեցրած բոլոր համարներից հավաքել էին թեյնիկները: Ըստ երևույթին հյուրանոցի մենեջերը չէր ցանկացել, որ չինացիները իրենց սենյակներում եռացրած ջրով արագ պատրաստվող լափշաներ պատրաստեն, փոխարենը գումար ծախսեն և սնվեն հյուրանոցի ռեստորանում:

 

Թուրք ամուսնական զույգի սևամորթ երեխայի հայրը մենակ չի թողնելու նրան

hayrԻնչպես արդեն հաղորդել էին՝ Թուրքիայում մեծ սկանդալ էր առաջացել այն բանից հետո, երբ բավական հայտնի երկու ընտանիքների զավակներ էին ամուսնացել, իսկ նրանց առաջնեկը սևամորթ էր ծնվել: Ազատ կյանքի հրաժեշտ տալու գիշերը հարսն ու փեսան առանձին խնջույքներ էին կազմակերպել և արդեն վաղը ամուսնացող հարսնացուն լավ զվարճանալուց հետո կենակցել էր սևամորթ պարողի հետ՝ արդյունքում ունենալով սևամորթ երեխա: Այս դեպքը շոկ էր առաջացրել նորակազմ ընտանիքում: Նորածին երեխային տեսնելու համար փեսայի հարազատները մեկնել էին ԱՄՆ-ը, սակայն ստանալով սևամորթ երեխայի ծնունդի լուրը՝ առաջին ինքնաթիռով վերադարձել էին Ստամբուլ: Փեսան բաժանվելու համար հայտ է ներկայացրել դատարան:
Ահա թուրքական «Takvim» թերթը հաղորդում է, որ երեխայի նիգերիացի հայրը, իմանալով տեղի ունեցածի մասին, որոշել է տեր կանգնել իր երեխային: «Այդ գիշեր հարսնացուն շատ հարբած էր: Ձեռքիցս բռնելով ինձ մի դատարկ սենյակ տարավ և սկսեց համբուրել: Ես շփոթվեցի, քանի որ վախենում էի, որ աշխատանքից կարող եմ հեռացվել: Սակայն նա շատ պնդեց, և ես էլ չկարողացա դիմանալ: Երեխա ունենալուս մասին ընկերներիցս եմ լսել, նրանք էլ թերթերում էին կարդացել: Ես շոկի մեջ էի: Եթե նրանք չեն ուզում իմ երեխային, ես նրան տիրություն կանեմ:»
Արդեն երեք տարի է Թուրքիայում բնակվող նիգերիացին իր հետ կատարվածը «ճակատագիր» է անվանել: «Ես ոչ ոքի հետ չեմ խոսելու: Բավական է, որ երեխան անտեր չմնա»,-ասել է անակնկալ կերպով հայր դարձած պարողը:

 

Օբաման ու Էրդողանը փոխանակվեցին նվերներով

obama-erdogan (1)Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտվում է ԱՄՆ-ում, այսօր հուշանվեր է հանձնել իրենց հյուլընկալած նախագահ Բարաք Օբամային: Էրդողանի նվերը թերևս ավանդաբար շնորհվում է բարձրաստիճան շատ պաշտոնյաների: Օբաման թուրք վարչապետից ստացավ թուրք ծաղկանկարների կողմից պատրաստված սալիկ՝ իր անունով:
Ինչպես հաղորդում է «Anaolu» գործակալությունը՝ նախագահ Օբաման էլ իր հերթին Էրդողանին նվիրեց ԱՄՆ-ի խորհրդանիշը՝ հախճապակուց պատրաստված սպիտակագլուխ արծիվ: Հետաքրքրական է, որ Էրդողանի նվերը պատրաստել էին ԱՄՆ-ում բնակվող թուրք վարպետներ Յունուս Ուսլուն և Բարըշ Թաշերը:

 

Ինչո՞ւ Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան

Azerbaijan's Ahmadli wrestles with Bulgaria's Yusein at the Senior Wrestling European Championship in BakuԸմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա  Վարդանյանին:

– Մրցաշարը գրանցված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցառումների օրացուցային ծրագրում: Այդ է պատճառը, որ  բոլոր երկրներից էլ կարողությունները փորձում էին լավագույն ըմբիշները: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Գերմանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ուկրաինայի,  Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանից մրցագորգ դուրս եկած 6 մարզիկներից 3-ը մրցանակակիր դարձան: 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլանը բավարարվեց 3-րդ տեղով: Մրցումները բարձր մակարդակով էին, տիտղոսակիրները շատ էին: Ենոքյանը վճռական գոտեմարտում պարտվեց 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած ուկրաինացի ըմբիշին:

 – Իսկ մերոնցից ովքե՞ր չարդարացրին սպասելիքները:

– 74 կգ քաշային կարգում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը փորձարկեց Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր Վարուժան Կաջոյանին: Նա թրծվելու կարիք ունի: Հայաստանի հավաքականի հնաբնակ, 29-ամյա 74 քաշային Սուրեն Մարկոսյանը (74 կգ) մեկ հաղթանակ տարավ, հետո պարտվեց: Նա վնասվածք ուներ, այժմ ապաքինվել է, փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Մուսա Մուրթազալիևն այս քաշային կարգում էր հանդես գաիս, սակայն այժմ ուժերն է չափում 84 կգ քաշայինների պայքարում և 2013-ին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Մարկոսյանի հիմնական մրցակիցը Հայաստանի այս տարվա չեմպիոն, 2013-ի Եվրոպայի առաջնությունում 5-րդը ճանաչված Գրիգոր Գրիգորյանն է, որն այս ստուգատեսին չէր մասնակցում: Նա կարողությունները կփորձի մայիսի 20-24-ը Դաղստանում կայանալիք Ալի Ալիևի միջազգային մրցաշարում: Սերգեյ Հովսեփյանը (66 կգ) ևս իր օգտին հաղթանակ գրանցեց, հետո էլ պարտվեց: Գերծանրքաշային ըմբիշ չունեինք: Անդրանիկ Գալստյանը մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը և իրեն չէր կարողացել դրսևորել: Այդ է պատճառը, որ նրան նոր մրցաշարում հանդես գալու հնարավորություն չէր տրվել: Մեր մարզիկների հիմնական նպատակն է լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Նրանց համար փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը:

 – Թբիլիսում 2013-ին կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից Դավիթ Սաֆարյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, Մուրթազալիևն արծաթե մեդալի է տիրացել: Աշխարհի առաջնությունում մեր թիմի հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Պետք է լրջորեն նախապատրաստվել, նաև լավատես լինել: Ի դեպ, մեր պատանի և երիտասարդ ըմբիշներին ևս առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Հունիսին պատանիները Չեռնոգորիայում, հուլիսի սկզբին էլ երիտասարդները  Մակեդոնիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Օգոստոսին կայանալու են  պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները: Հոկտեմբերին էլ երիտասարդական հավաքականները մասնակցելու են Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությանը: Այդպիսի պատվի են արժանանալու Եվրոպայի առաջնությունում տասնյակում տեղ զբաղեցրած թիմերը: Սա նոր մրցաշար է: Այնպես որ, ըմբիշների օրացուցային ծրագիրը հագեցած է:

 – Այժմ շատ է խոսվում այն մասին, որ ըմբշամարտը կարող է դառնալ ոչ օլիմպիական մարզաձև: Հավատո՞ւմ եք, որ այդպիսի բան կկատարվի:

– Ի դեպ, Օդեսայում ցույց կազմակերպվեց` ի պաշտպանություն ըմբշամարտի, որպեսզի այն մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Բողոքի պաստառ պարզվեց. մրցաշարի բոլոր մասնակիցները միասին լուսանկարվեցին, և այդ ամենի մասին տեղեկացվեցին միջազգային մարզական  կազմակերպությունները, լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է, մայիսի 16-18-ը Մոսկվայում կայանալու է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Անցկացվելու են կազմակերպության նախագահի ընտրություններ: Փոփոխություններ են կատարվելու ըմբշամարտի երկու մրցաձևերի մրցակարգերում: Դիմում է ներկայացվելու Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Ինչպես հայտնի է, ըմբշամարտը օլիմպիական խաղերի անցկացման սկզբից եղել է  ստուգատեսի ծրագրում: Թեև այն հանվել է 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից, բայց հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի: Ոչ ոք չի հավատում, որ ըմբշամարտը կարող է չլինել օլիմպիական խաղերի ծրագրում:

 – Հետաքրքիր է, թե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդներն ովքեր են: Ֆեդերացիայի այժմ արդեն նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին և՞ս նրանց թվում է:

– Մարտինետին, որը ներկայացնում է Շվեյցարիան, նույնպես նախագահ դառնալու ցանկություն է հայտնել, բայց ընտրվելու ավելի մեծ հնարավորություններ ունի Սերբիայի ներկայացուցիչ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նենադ Լալովիչը: Կարելի է ասել, որ տարբեր երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների 70-80 տոկոսը նրան են ցանկանում տեսնել կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Հիմնական մրցապայքարը այս երկուսի միջև է ընթանալու: Հնարավոր է, որ տեղում նաև նոր թեկնածուներ առաջադրվեն:

 – Այդուհանդերձ, քանիցս ՄՕԿ–ի մի շարք պաշտոնյաներ մերկացվել են կոռումպացված լինելու հանցանքում: Հնարավո՞ր է, որ փողեր կորզելու նպատակով է ստեղծվել այս իրարանցումը:

– Թող այդ մասին մտածեն փողեր տվողները և վերցնողները: Հույսներս այն է, որ համարձակություն, ուժ, ճարպկություն պահանջող ըմբշամարտը, որը ոչ միայն տղամարդկանց կողմից է սիրված, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, կշարունակի մնալ օլիմպիական խաղերի ծրագրում:

 – Քանի որ կանանց անդրադարձաք, ապա հետաքրքիր է, թե ինչու Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան:

– Հայաստանում կանանց ըմբշամարտի հիմնադիրը ես եմ: 1998-ից մինչև 2003-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 25-30 մարզուհի կար: Բայց երբ մեր երկրի մարզական պետական կառույցում աշխատանքի անցա, փոխարինող չգտնվեց: Փաստն այն է, որ Հայաստանում այժմ ըմբշամարտով զբաղվող մարզուհիներ չկան:

 – Տարօրինակ է, քանի որ մեր սահմանակից Ադրբեջանում և Վրաստանում ըմբշամարտի հավաքականներ կան: Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար մեդալներ են նվաճում միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում:

– Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի կազմում են ուկրաինուհի բարձրակարգ ըմբիշներ: Թիմում միայն մեկ ադրբեջանցի մարզուհի կա: Վրաստանի հավաքականում մի քանի մարզուհի են: 

– Նպատակ չկա՞ դրսից մարզուհիների, նաև նոր մարզիկների հրավիրել Հայաստանի հավաքական:

– Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչներն առաջարկել են, որ իրենց տարբեր քաշային կարգերի 2-3-րդ համարների մարզուհիներին ընդգրկենք Հայաստանի հավաքականում, սակայն դեռ մտածում ենք, չենք կողմնորոշվել, թե այդ քայլն ինչքանով է նպատակահարմար: Եթե դրսից ըմբիշներ հրավիրենք, ապա նրանք կարող են լինել միայն գերծանրքաշայիններ: Առայժմ հարցական է, թե Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Յուրի Պատրիկեևը մրցելույթները կշարունակի՞, թե՞ ոչ: Եվրոպայի առաջնությանը նա չմասնակցեց: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում էլ առայժմ հսկա փորձառու մարզիկ չունենք: Ֆինանսական հիմնախնդիրներ չկան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ըմբիշներին, մարզիչներին աջակցում է բոլոր հարցերում: Արդյունքներն էլ ակնառու են: Նախատեսվում է, որ աշխարհի առաջնությանը մեր երկու մրցաձևերի հավաքականներն էլ մարտական կազմերով հանդես կգան, և մեդալներ կլինեն: