ԿԸՀ-ը որոշում է ընդունել

imagesԱյսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն`  2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:

Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, ՀՀ վարչական դատարանի որոշումները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` ԿԸՀ-ն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին:

Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ,

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից`  Երևանի ավագանու 6 անդամ,

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից`  Երևանի ավագանու 42 անդամ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Գյումրեցի դյուցազնը վերադառնում է

Gevorg Davtyan (3)Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ էվերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը: Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:

“Արդեն 6 ամիս է մարզվում եմ, պատրաստվում եմ հուլիսին Հայաստանի գավաթի առաջնությանը, դրանից հետո` հոկտեմբերին, աշխարհի առաջնությանը, – archive2.ankakh.com-ին փոխանցեց ծանրորդը: – Բուժմանս համար երկար ժամանակ պահանջվեց: Սկզբում ճիշտ ուղու վրա չէինք, տարբեր տեղեր բուժման կուրսեր անցա, բայց անօգուտ, հետո, երբ գնացի Մոսկվա` պրոֆեսորի մոտ, առաջարկեց վիրահատոթյուն, ուրիշ ոչ մի բուժում: Վիրահատությունից մեկ ամիս հետո լրիվ վերականգնվել եմ”: Գևորգը Մոսկվայում վիրահատվել է հոկտեմբերին, և ինչպես ինքն է նշում` 1-1.5 ամիս անց լիարժեք մարզավճակում կլինի:
Գևորգն այժմ նախապատրաստվում է Հայաստանի գավաթին և նպատակադրվել` Գյումրի բերել աշխարհի չեմպոնի տիտղոսը:
“Կարևորը Հայաստանի գավաթում բարձր արդյունքով հաղթելն է. բայց հաղթել չի նշանակում քեզանից թույլ մարզիկին գերազանցել, այլ պետք է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում քո բարձրացրած արդյունքները կրկնես”, – ասում է մարզիկը:
Արդեն երրորդ տարին է լրանում, երբ Գևորգը Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում միջազգային առաջնություններում հանդես չի եկել, և նշում է, որ շատ է կարոտել մրցահարթակն ու ծանրաձողը: Այս դադարի ընթացքում լուրեր տարածվեցին, թե Գևորգն ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը նեղացած են հավաքականից ու ֆեդերացիայից: Մարզիկը դա բամբասանքներ որակեց. “Խոսակցություն եղավ, որ մեզ հավաքականից հանել են. այդ մասին էլի եմ ասել` հավաքականից ոչ ոք չի կարող հանել կամ հավաքական մտցնել, ով ուզում է լինի: Հավաքականի կազմ մտցնելը պաշտոն չէ, որ հանեն ու նշանակեն: Հավաքականի կազմ մտնում է այն մարզիկը, որը Հայաստանի առաջնությանը կգրավի առաջին տեղը. այսինքն, դա կախված է մարզիկից: Թույլ մարզիկին կարող են հավաքականի կա՞զմ մտցնել, չի լինի”:
Նույն ժամանակահատվածում շատերն էին նշում, թե Գևորգն այլևս հավաքական չի վերադառնա, քանի որ լավ առաջարկներ է ստացել այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու համար: “Այլ երկրից առաջարկներ միշտ եմ ստացել, ոչ թե Անթալիայում տեղի ունեցած առաջնությունում իմ անհաջողությունից հետո: Հիմա էլ կան առաջարկներ: Բայց չեմ համաձայնվում. ինձ թվում է` համաձայնելը սխալ է”, – ասում է մարզիկը, ու միևնույն ժամանակ փաստում, որ դրսում պայմանները շատ ավելի լավն են` թե’ ֆինանսական, թե’ մնացած բոլոր առումներով:
Լինել օլիմպիական խաղերի մեդալակիր, հետո ունենալ նման անհաջողություն, արդյոք հուսահատություն չի ապրել հարցին` Գևորգը նշեց. “Օլիմպիական խաղերից առաջ արդեն հուսահատված էի, որովհետև շատ լավ մարզավիճակում էի, բայց օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ ոտքի վնասվածք ստացա: Մինչև վերականգնվեցի` խաղերին մասնակցելու ժամանակը հասավ, և դա էր պատճառը, որ բավարարվեցի երրորդ տեղով: Ես օլիմպիական խաղերին գնացել էի հենց ոսկե մեդալի համար: Դրանից հետո մեջքիս վնասցվածքը, և, անշուշտ, հուսահատվել էի, դժվար էր այդ ապրումները հաղթահարել, բայց, փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է”:
Ասում են` ծանրորդը 25-27 տարեկանից հետո պետք է հրաժեշտ տա կարիերային, որին Գևորգը բնավ համաձայն չէ. “Տարիքը նշանակություն չունի: 15 տարի առաջվա մեր հավաքականի հիմնական կազմում էին Խաչատուր Քյափանակցյանը, և էլի շատերը, որ 30-ից բարձր տարիք են ունեցել: Քյափանակցյանը 34 տարեկանում աշխարհի ռեկորդ էր սահմանել: Մինչև 35-36 տարեկան շատ մարզիկներ են եղել, որ բարձր արդյունքներ են ցույց տվել”:
Որպես սպորտի մարդ, ով երկար տարիներ այս ոլոտում է, Գևորգ Դավթյանը դժվարանում է մեկնաբանել վերջին տարիների մեր ծանրամարտի հավաքականի անհաջողությունների պատճառները: “Առաջին հերթին պետք է ձգտում, աշխատասիրություն լինի, երևի դա է պակաս շատերի մեջ: Մասնագետներ են պետք, հոգեբանական կարիք էլ ունի թիմը: Հավաքականի ելույթներին միշտ հետևում եմ, վնասվածքներ են շատ տեղի ունենում: Օրինակ մեր Տիգրան Գ.Մարտիրոսյանը, արդեն երկրորդ անգամն է վնասվածքի պատճառով չմասնակցեց կարևոր մրցումների` օլիմպիական խաղերին ու այս տարվա Եվրոպայի առաջնությանը: Այսինքն, պետք է լուրջ բժիշկ, մեր թիմը սպորտային բժիշկ չունի: Մյուս երկրները զարմանում են, որ մենք սպորտային բժիշկ չունենք: Այնտեղ ամեն թիմում 3-4 հատ բժիշկ կա, մեզ մոտ` մեկն էլ չկա: Հոգեբան չկա: Այս բացերը լրացնում են գլխավոր մարզիչը, անձնական մարզիչները, որի` ծնողները: Օրինակ իմ կողքին միշտ կանգնած են եղել հայրս, եղբայրս, ովքեր ևս ծանրամարտով են զբաղվել, անձնական մարզիչս`Վահան Բիչախչյանը:
Հայկական ծանրամարտին մեծ կորուստ էին Աշոտ Մխիթարյանն ու Խաչատուր Քյափանակցյանը. այսօրվա անհաջողություններիում պատճառներից մեկը”:
Գևորգը մարզվել և շարունակում է մարզվել Գյումրիում, անձնական մարզիչն է Վահան Բիչախչյանը: Ծանրամարտում է 11 տարեկանից, և գրեթե 20 տարի հանդես է գալիս այս մարզաձևում: Սակայն դահլիճը, որտեղ մարզվում է Գևորգ Դավթյանը, ինչպես մարզիկն է ասում, ունի ոչ “նորմալ պայմաններ”, դա սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի անվան դպրոցն է. “Հաջորդ տարի հիմքից նոր դահլիճ է կատռուցվելու, որքան ես եմ տեղյակ”, – ավելացնում է ծանրորդը:
Նշենք, որ Գևորգ Դավթյան այն մարզիկներից է, ով ամեն տարի հաղթական դափնին ուսերին է վերադառնում հայրենի քաղաք:
Իր կարիերայում Գևորգը նվաճել է.
1997թ.` պատանիների Եվրոպայի երրորդ կարգի մրցանակ:
1998թ., 1999թ.` Եվրոպայի պատանիների չեմպիոն:
2001թ.` երիտասարդների աշխարհի չեմպիոն:
2003թ.` երիտասարդների աշխարհի 3-րդ կարգի մրցանակ,
2003թ.`մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն:
2006թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` աշխարհի փոխչեմպիոն:
2008թ.` Պեկինի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր:
Առջևում 2013թ. աշխարհի չեմպիոնի մրցանակն է:

Տեղումները կշարունակվեն

big_1368347820_75666`Մայիսի 13-17-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`
Մայիսի 13-17-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Alexander-Lukashenko-007

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան կժամանի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը

«Չելսիին» նոր փառքից բաժանում է մեկ քայլ

չելսիՄայիսի 15-ին Հոլանդիայում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը: 4-րդ անգամ այս ստուգատեսի վճռական խաղը կանցկացվի:

«Ամստերդամ արենա» մարզադաշտում կմրցեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր անգլիական «Չելսին» և պորտուգալական «Բենֆիկան»:

Փաստորեն, «Չելսիին» մեկ քայլ է բաժանում, որպեսզի այն դառնա 4-րդ ակումբը, որին հաջողվել է հաղթել ՈւԵՖԱ-ի երեք գլխավոր մրցաշարերում` Եվրոպայի Չեմպիոնների լիգա,  ՈւԵՖԱ-ի գավաթ/ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգա, Գավաթակիրների գավաթ: Լոնդոնյան ակումբը եզրափակչում «Բենֆիկային» հաղթելու դեպքում կարժանանա այն փառքին, որն ունեն իտալական «Յուվենթուսը»,  գերմանական «Բավարիան» և հոլանդական «Այաքսը»:

Նախկինում միայն մեկ անգամ են եվրոպական գավաթային մրցաշարերում խաչվել այս ակումբների ճանապարհները:

Նախորդ մրցաշրջանում թիմերը միմյանց հետ մրցել են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում և երկու խաղում էլ հաղթել են անգլիացի ֆուտբոլիստները:

Նրանք հյուրընկալվելիս առավելության են հասել 1:0 հաշվով: Աչքի է ընկել Սալոմոն Կալուն: Իսկ  լոնդոնյան հանդիպումում հաշիվը տանտերերից բացել է Ֆրենկ Լեմպարդը: Թեև դրանից հետո մրցավարը խաղադաշտից հեռացրել է հյուրերի կազմում հանդես եկող Մակսի Պերեյրային, լիսաբոնցիներից Խավի Գարսիան կարողացել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Իսկ «Չելսիին» հաղթանակ է բերել պորտուգալացի Ռաուլ Մեյրելեշի իր հայրենակիցների դարպասը խփած գնդակը` 2:1:

Թե ինչպես կավարտվի երկու ակումբների նոր հակամարտությունը, դժվար է ասել: Երկու թիմերն էլ նախկինում քանիցս հանդես են եկել եվրոպական գավաթային մրցաշարերի եզրափակիչներում: Անգլիացիները 2012-ին հաղթել են  Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում, 1971-ին և 1998-ին` գավաթակիրների գավաթի խաղարկությունում:

Իսկ «Բենֆիկան» հեռավոր 1961-ին և 1962-ին ուժեղագույն է ճանաչվել Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության մրցաշարերում: