Թուրքիայում բնակչության 29%-ը կարծում է, որ ամուսնական անհավատարմություն ցուցաբերած կանանց պետք է քարկոծելով սպանել.սոցհարցում

3Հանրային կարծիքի ուսումնասիրության Pew Research Centre կենտրոնը ներկայացրել է “Աշխարհի մահմեդականները” խորագրով սոցհարցման արդյունքները:  Կազմակերպությունը 2008-2012 թթ. աշխարհի 39 երկրներում 38 հազար մարդկանց շրջանում 80 լեզվով սոցհարցում է իրականացրել:
Ինչպես հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” թերթը, սոցհարցման տվյալների համաձայն` Թուրքիայի բնակչության 67%-ը ցանկանում է հզոր առաջնորդ ունենալ, 12%-ը նախընտրում է` երկրում իշխի շարիաթը:
Թուրքիայում շարիաթով առաջնորդվել ցանկացողների 29%-ը կարծում է, որ ամուսնական անհավատարմություն ցուցաբերած կանանց պետք է քարկոծելով սպանել, 35%-ը կարծում է, որ գողություն անողի ձեռքը պետք է կտրել, իսկ 17%-ը ճիշտ է համարում դավանափոխ մահմեդականին մահապատժի ենթարկելը:
Թուրքիայում հարցվածների 30%-ը գտնում է, որ իսլամամետ կուսակցությունները այլ կուսակցություններից ավելի լավն են, իսկ 26%-ը`ավելի վատը: Հարցվածների 15%-ը ճիշտ է համարում իսլամի պաշտպանության համար ինքնազոհության գնալը:
Թուրքիայի բնակչության 14%-ը շիաների և սուննիների միջև լարվածությունը կարևոր խնդիր է համարում: Այս առումով ամենաբարձր ցուցանիշը Լիբանանում է`34%:

 

 

Բաքուն բողոքի նոտա է ներկայացրել Թեհրանին

Բաքուն բողոքի նոտա է ներկայացրել ԹեհրանինԱդրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Իրանին` Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Խալիդի ձերբակալության կապակցությամբ, հաղորդում է ադրբեջանական “Contact.az”-ը:

Բողոքի նոտան իրանական կողմին հանձնել է Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը:

Նոտայում Ադրբեջանը պահանջել է պարզաբանել քաղաքացիների ձերբակալումը և  նրանց գտնվելու վայրի մասին մոտ ժամանակում տեղեկություն տրամադրել:

Նշենք, որ Խալիդա Խալիդը ձերբակալվել է ապրիլի 30-ին: Նրա հետ միասին ձերբակալվել են ևս մի քանի մարդիկ:

 

 

Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

AJ nist-8Մայիսի 2-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակում նիստին ներկա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշեց, որ հարցը մանրակրկիտ քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը: Նա հորդորեց ձեռնպահ մնալ նման օրենքի նախագծի ընդունումից, մանավանդ, որ Հայաստանում արդեն գործում են ապահովագրական ընկերություններ: Ըստ նրա՝ ավտոմեքենայի գույքահարկի եւ տեխզնման խնդիրների լուծումները հենց ապահովագրական ընկերությունների գործն են:

Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, նշեց, որ տեղական հարկերի եւ տուրքերի գծով եկամուտները հնարավոր է ավելացնել տարբեր մեխանիզմների, այդ թվում՝ անշարժ գույքի համար գանձվող գույքահարկի միջոցով:

Ամփոփիչ ելույթում Ստեփան Մարգարյանը նշեց, որ օրենքում նախատեսված փոփոխությունները որոշակի կանոնակարգ են հաստատում եւ բարելավում են խնդրի կարգավորման օրենսդրական դաշտը: Գլխադասային հանձնաժողովի ղեկավարն առաջարկեց նաեւ կազմակերպել քննարկում այն թեմայով, թե ինչ միջոցներով են համալրվում տեղական բյուջեները:

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, անդրադառնալով պատգամավորների հարցերին, նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը կարեւոր է, եւ այն հստակություն է մտցնում թե գույքահարկի վճարման, եւ թե շարժական գույքի սեփականատիրոջ եւ օտարման դեպքում հաջորդ սեփականատիրոջ հարաբերություններում: Նա շնորհակալություն հայտնեց խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին «Արդարադատության ակադեմիայի մասին» եւ հարակից օրենքի նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ առաջարկներ չեն եղել, հիմնական փոփոխությունները կրել են խմբագրական բնույթ:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւս նշեց, որ բովանդակային փոփոխություններ չեն եղել, կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:

Հարցի քննարկումից հետո Ազգային ժողովն ընդունեց ինչպես մայիսի 2-ին, այնպես էլ երեքշաբթի քննարկված օրենքի նախագծերը:

Պատգամավորները երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկեցին կառավարության եւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հարակից զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ երկրորդից երրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել, ուստի հորդորեց խորհրդարանին դրական քվեարկել:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ երկրորդից երրրորդ ընթերցում ստացվել է միայն խմբագրական փոփոխություններին առնչվող առաջարկներ, ուստի նա եւս պատգամավորներին հորդորեց կողմ քվեարկել օրինագծին:

Օրենսդիրը քննարկեց նաեւ «ՀՀ Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ երկորրդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում որեւէ դիտողություն եւ առաջարկ չի ստացվել: Ըստ նրա՝ հարցը վերաբերում է Ադրբեջանից բռնագաղթված Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացին: Այն իրականացվում է քաղաքացիների ճանաչման մեխանիզմով, որից արդեն իսկ մոտ 85 հազար մեր հայրենակիցներ օգտվել են:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հարակից զեկույցով՝ նշելով, որ հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն: Նախատեսվում է Ադրբեջանից բռնագաղթված մեր քաղաքացիների՝ այս միջոցով քաղաքացիություն ստանալու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Խորհրդարանին ներկայացվեց նաեւ «ՀՀ քրեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշեց, որ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիական գործով սուտ ցուցմունք տալու, քրական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու, քրերական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:

Հարակից զեկուցող, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, ընդգծեց, որ օրենքի արժեքային փոփոխությունն այն է, որ ներմուծվում է միատեսակ եզրույթի կիրառումը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ Էլինար Վարդանյանի եւ Վահան Բաբայանի հեղիանկած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է նոր պարբերությամբ լրացնել օրենքը, որը հնարավորություն կտա փաստաբաններին՝ տեղեկություն ստանալ գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ:

Հարակից զեկուցող, Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ առաջարկվող օրենսդրական լուծումը նպատակ է հետապնդում դատավարական գործընթացում ապահովել կողմերի իրավահավասարությունը: Նա վկայակոչեց կադաստրային տեղեկատվությունը բաց եւ թափանցիկ ստանալու մասին միջազգային փորձը եւ նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը եւս մեկ քայլ առաջ է այդ ճանապարհին:

Օրինագծի վերաբերյալ հայտնելով իր տեսակետը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դրական է գնահատում օրենքի փոփոխությունը, քանի որ իսկապես նախկինում նման խնդիրներ առաջացել են, երբ փաստաբանները տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել են դատարանի միջնորդությանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ հարցն իսկապես կարեւոր է:

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմնավորված է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կազմի եւ նրանց պատրաստվածության մակարդակի փոփոխությամբ: Համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ոստիկանության զինծառայողները հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ միասին մասնակցում են պարեկապահակային ծառայությանը: Այդ դրույթը օրենքի նախագծում ներառվել է այն տրամաբանությամբ , որ ոստիկանության զորքերում ծառայում են ժամկետային զինծառայողներ, որոնք փորձառու չեն:

Ըստ փոխոստիկանապետի՝ նախագծի նպատակն է առավել արդյունավետ դարձնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, բարձրացնել ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունը, ճիշտ օգտագործել ոստիկանության ուժերն ու միջոցները:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը: Ըստ պատգամավորի՝ օրինագիծը նպատակ ունի բարձրացնելու Երեւան քաղաքում հասարակական անվտանգության ապահովման մակարդակը եւ հասարակական կարգի պահպանությունը:

Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Արտաշես Գեղամյանը:

Գագիկ Ջհանգիրյանը օրինագծի ընդունումը համարեց անհրաժեշտ եւ պարտադիր: Պատգամավորն առաջարկեց կառավության ներկայացուցչին առաջինից երկրորդ ընթերցում խմբագրել որոշ դրույթներ:

Ըստ Արտաշես Գեղամյանի՝ օրինագիծը միտված է վտանգավոր հետեւանքներով հղի գործողությունների չեզոքացմանը:

Եզրափակիչ ելույթում Արթուր Օսիկյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին կառուցողական քննարկում կազմակերպելու համար: Անդրադառնալով ելույթներում հնչած տեսակետներին՝ հիմնական զեկուցողը հավաստիացրեց, որ ՀՀ ոստիկանությունը վճռական է այսուհետ եւս հասարակական կարգի պահպանության հարցում եւ ընդհանրապես հանցագրծությունների դեմ պայքարում գործել օրենքի տառին համապատասխան: Արթուր Օսիկյանը հորդորեց պատգամավորներին մինչեւ երկորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ:

Այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսում էր թմրամոլությամբ տառապող անձանց առանձին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներ սահմանելու իրավասությունը վերապահել կառավարությանը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ ներկայացված նախագիծը պայմանավորված է նրանով, որ թմրամոլությամբ տառապող անձանց առանձին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները սահմանվում են ոլորտային տարբեր իրավական ակտերով եւ առանձին ակտի անհրաժեշտությունը բացակայում է:

Գլխադասային՝ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց նաեւ Աժ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ դրան հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող եւ համահեղինակ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութերը` լավագույն փոխհարաբերությամբ, ինպես նաեւ գործոններ, որոնք պաշտպանում են մանկանը հիվանդություններից:

Ըստ Արա Բաբլոյանի՝ փաթեթի ընդունման նպատակն է կարգավորել երեխաների կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի եւ որեւէ այլ ձեւով խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցողը նշեց, որ փաթեթի ընդունումը կնպաստի երեխայի սնուցման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը եւ այն գործոնների վերացմանը, որոնք խոչընդոտում են կրծքով կերակրման խրախուսումն` օրենսդրորեն ամրագրելով այդ բնագավառին առնչվող միջազգային փորձն ու պահանջները:

Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ:

Հարակից զեկույցում Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ միաձայն ստացել դրական եզրակացություն:

Քննարկվող հարցի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը: Նրա կարծիքով՝ փաթեթի ընդունումը կնպաստի կրծքով սնուցման ցուցանիշի բարձրացմանը, դրան խոչընդոտող գործոնների ազդեցության նվազեցմանը, ինչն էլ վերջնական արդյունքում կհանգեցնի վաղ հասակում երեխաների հիվանդացության եւ մանկական մահացության ցուցանիշների նվազեցմանը: Ըստ կառավարության ներկայացուցչի՝ օրինագծերի ընդունմամբ Հայաստանը կիրականացնի կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման՝ միջազգային օրենսգրքին միանալու վերաբերյալ առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկը, կապահովի երեխայի առողջ աճի եւ զարգացման նախադրյալ հանդիսացող կրծքի կաթով սնվելու նրա իրավունքը:

Ազգային ժողովը քննարկեց երկու տասնյակ ԱԺ պատգամավորների հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Արա Բաբլոյանը:

Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ:

Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ցածր ծնելիություն ունեցող երկրներից է: Ըստ ՄԱԿ-ի՝ բնակչության հիմնադրամի տվյալների՝ Հայաստանում բնակվող վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր վեց կնոջից մեկը տառապում է անպտղությամբ (16.8%), ինչը ԱՀԿ-ի կողմից սահմանված ճգնաժամային ցուցանիշից բարձր է 1.8%-ով: Հիմնական զեկուցողը նաեւ նշեց, որ գրեթե բոլոր Եվրոպական երկրներում առկա են ժողովրդագրական խնդիրներ, եւ այդ երկրների կառավարությունները ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված տարբեր քայլեր են ձեռնարկում. դրանք են՝ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը, բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցությունը, երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդի դեպքում նպաստի հատկացումը եւ այլն: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը եւ սպասարկումը կիրառվում է անպտղության տարբեր տեսակների դեպքում: Այդ տեխնոլոգիաների կիրառումը փուլային գործընթաց է եւ պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, հետեւաբար հասանելի չէ բնակչության բոլոր խավերի` մասնավորապես անապահով ընտանիքների զույգերի համար:

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ժողովրդագրական իրավիճակը եւ այն բարելավելու անհրաժեշտությունը` հեղինակները առաջարկում են օրենքում կատարել համապատասխան լրացումներ: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից: Սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերը, պետական նպատակային ծրագրի շրջանակներում, բժշկական օգնության եւ սպասարկման արտոնություններ կունենան:

Գլխադասային՝ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ կառավարության կարծիքը դրական է: Նա անդրադարձավ նաեւ այս ոլորտում ՀՀ կառավարության վարած ծրագրային քաղաքականությանը, անպտղության եւ արհեստական բեղմնավորման ձեւերին, դրանց համար անհրաժեշտ բյուջետային ծախսերին ու հասցեականությանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան ժողովրդագրական խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական քայլի կարեւորությանը՝ առաջարկելով ներդնել նաեւ սոցիալական աջակցության այլ միջոցներ եւ սահմանել անապահովության համապատասխան չափանիշներ:

Եզրափակիչ ելույթում Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ հաշվի կառնվեն բոլոր առաջարկները եւ մինչեւ երկրորդ ընթերցում դրանց մի մասը կներառվեն նախագծում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին

կըհԱյսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակաությունն ընտրական գործընթացներում:

Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով ԿԸՀ նախագահը ներկայացրել է տեղեկատվություն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են նաև ընտրական հանձնաժողովների կազմավորման, ընտրողների ցուցակների վարման և կազմման սկզբունքներին առնչվող հարցեր:

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր

erebuniԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր, շրջել Էրեբունի ամրոցի միջնաբերդում, ծանոթացել հնավայրի վերականգնման, ինչպես նաև թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին։

Հավաք ծրագրում ընդգրկված են Էրեբունի հնավայրի պահպանությանը և թանգարանի արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ առաջնահերթություններ, ինչպիսիք են Միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցումը (լուսաձայնային սեզոնային ներկայացման միջոցով քաղաքի հիմնադրման, քաղաքային կյանքի և քաղաքի կործանման պատմությունն այցելուի համար մեկնաբանելու նպատակով), հնավայրի ցանկապատումը, ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնումն ու ամրակայումը, Խալդ աստծո տաճարի և կից պաշտամունքային աշտարակի վերականգնումը, որմնանկարների տեղադրումը, Կարասային սրահի մի հատվածի վերականգնումը և այլն։
Ծանոթանալով ծրագրին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման մեծածավալ ծրագրի իրականացումը լիովին իրատեսական է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ, և որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է քննարկել ներդրումային ցանկացած առաջարկ, որը նպաստավոր կլինի հնավայրի տևական պահպանության համար։
Երևանի քաղաքապետին են ներկայացվել նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդում ու թանգարանում դեռևս նախորդ տարի իրականացված բազմաբնույթ ծրագրերի արդյունքները, որոնցից են թեքահարթակների կառուցումը, «Պատանի հնագետ» դպրոցի հիմնումը, Էրեբունի ամրոցի միջնաբերդի և հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը և այլն։ Ներկայում թանգարանի շենքում ընթացքի մեջ են ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Միջատներ ուտելու նկատմամբ թուլություն ունեցող տղամարդը հայտնել է, որ վերջին 11 տարիների ընթացքում կերել է 5,000տեսակի միջատ

i1Տղամարդը հայտնել է միջատներ ուտելու նկատմամբ իր կախվածության մասին՝ ավելացնելով, որ վերջին 11 տարվա ընթացքում կերել է ավելի քան 5.000 տեսակի միջատ:

Ամերիկացի 47-ամյա Դեյվիդ Գրեյսերը իր սիրած տեսակներից՝ ներառյալ ճանճեր, ուտիճներ և կարիճներ, պահում է իր սառնարանի սառցե խցիկում:

Մեկ երեխայի հայր Դեյվիդը այսօր TLC հեռուստաալիքով ներկայացրել է, թե ինչպես է որսում միջատներին և անցավ նրանց սատկացնում սառեցման միջոցով:

Անգլերենի ուսուցիչ Գրեյսերը ընդունում է, որ իր ճաշացանկը այնքան էլ ավանդական չէ:

Սակայն նա պաշտպանում է իր տարօրինակ սննդակարգը՝ հայտնելով, որ դա նման է ծովային խեցեմորթներին ուտելու սովորույթին, որը բավականին թանկ հաճույք է:

Նա նշում է, որ մարդիկ կարող են մեծ գումարներ վճարել տարբեր ծովային կենդանիներ ուտելու համար, քանի որ նրանք օվկինոսում են բնակվում, բայց քանի որ փայտոջիլները բնակվում են ցամաքում դրանք զզվելի են համարվում:

i2Ինչևէ նրա կինը Կիմ Ջեյսոնը այնքան էլ չի հավանում իր ամուսնու տարօրինակ սննդակարգը՝ հայտնելով, որ նրա միջատներ ուտելու սովորությունը ավելի ու ավելի է մեծացնում:

Նրանց սառնարանում կա ավելի քան 12,000 միջատ, որոնք ներառում են 20 տեսակներ:

Ըստ հաշվարկների աշխարհի բնակչության կեսից ավելին ուտում են տարբեր տեսակի միջատներ:

 

Մենք ուզում ենք, որ թուրքերը ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն. Արսինե Խանջյան

arsineԹուրքական «Bianet»-ից Այչա Սոյլեմեզը զրուցել է հանրահայտ հայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, որը երկար տարի Թուրքիայում չէր եղել, սակայն այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նա մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Այս կապակցությամբ նա նշել էր. «Ստամբուլում ցեղասպանության հիշատակմանը մասնակցելը ինձ համար շատ մեծ խորհուրդ ունի: Ապրիլի 24-ին ամեն ինչի սկզբի օրը, ամեն ինչի սկզբի տեղում լինել:»

Ահա թուրքական լրատվամիջոցին Խանջյանը պատմել է իր ընտանիքի պատմությունը, խոսել ցեղասպանության և այս խնդրի լուծման ուղիների մասին: Լրագրողի այն հարցին, թե ինչ եք սպասում և ինչ պահանջներ ունեք, դերասանուհին պատասխանել է. «Ուզում ենք, որ ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն: Ուզում ենք, որ պատմությունը ճիշտ ընկալվի, պատմության հետ առերեսվեն: Ոչ միայն Թուրքիայի տեսանկյունից, այլև ամբողջ աշխարհում: Որպես հայ մենք իրավունքներ ունենք մեր կրոնի, մշակույթի, լեզվի, երգերի, ինքնության նկատմամբ, անգամ եթե դժվար է ընդունել, սա է ճշմարտությունը: Ես հավատում եմ, որ պապերի մեղքերի պատճառով երեխաների, թեռների խիղճը հանգիստ չէ: Պատմությունը մեր բնական մի մասին է: Եթե մերժում ենք մեր պատմությունը, ապա մերժում ենք նաև մարդկայնությունը: Չլինի մեր պատմությունն ու հիշողությունը, ապագա էլ չենք ունենա: Իհարկե, երիտասարդները մեղավոր չեն իրենց պապերի գործած մեղքերի համար, սակայն այդ հանցանքները մերժելը մեկ այլ հանցանք է: Խնդիրը հենց այստեղ է սկսվում»,-ասել է Արսինե Խանջյանը:

Հզորագույն երկու պետությունների հարաբերությունները փակուղի են մտել

ol3001367481653Եվրոպական ԶԼՄ-ները գրում են, որ Գերմանիայի կանցլեր Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Օլանդի դիվանագիտական հարաբերություններն օր-օրի վատանում են:

Օրինակ, վերջերս տիկին Մերկելը Ֆրանսիան անվանել է “Եվրոպայի ամենապրոբլեմատիկ երեխա “  ու Ֆրանսիայի սոցիալիստ նախագահին  մեղադրել անիմաստ շատախոսության մեջ: Ֆրանսուա Օլանդն էլ իր հերթին “տակ” չտալու համար գերմանացի գործընկերոջը մեղադրել է  “եսասիրական անհողդողդության մեջ”:

Լրագրողները նկատում են, որ երկու հզոր պետությունների դիվանագիտական հարաբերությունները կտրուկ վատացել են  այն բանից հետո, երբ Անգելա Մերկելը հայտարարեց, որ եվրոպական պետությունները պետք է  համատեղ  մեծ ջանքեր գործադրեն  ԵՄ միացյալ տարադրամը փրկելու համար:

Նոր Զելանդիայում արգելվել է երեխաներին Լյուցիֆեր կամ էլ Արքայադուստր անվանել

i (3)Նոր Զելանդիայի իշխանությունները ծնողներին պարտավորեցրել են երեխայի հոգեկանը չվնասել` նրանց տարօրինակ անուններով անվանակոչելով: Նոր օրենքն արգելում է նաև երեխայի անվան համար թիվ, վիրավորական ասոցիացիաներ առաջացնող անուններ դնել: Մասնավորապես,  արգելվել են Լյուցիֆերը, Անալը, բոլոր հնարավոր “թագուհիները”, “հերցոգուհիներն” ու “ արքայադուստրերը” և նամանատիպ այլ անուներ:

Նման օրենքի ընդունումը նորզելանդյան իշխանությունների մտահոգության արդյունքն է, քանի որ վերջին շրջանում հաճախացել է վիրավորական անունների գրանցումը:

Գործակալության տեղեկացմամբ, 2008-ին դատարանը ստիպված  սոցիալական խնաքի է ուղարկել  9-ամյա Talula Does The Hula From Hawaii –ին (“Թալուլան պարում է հավայական խուլա”), մինչ նրա ծնողները կհամաձայնեին փոխել երեխայի անունը: Մի ուրիշ զույգ փորձել էր որդուն անվանել 4Real (Բնույթով): Երբ նրանց խնդրանքը մերժվեց, ծնողները որոշեցին երեխային անվանել Սուպերմեն, սակայն տանը նրանք շարունակում են երեխային կոչել 4Real:

Ադրբեջանում հետաձգվել է նախագահական ընտրությունների օրը

1 (1)Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների օրը հետաձգվել է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նախատեսվում էր, որ նախագահական ընտրությունները տեղի էին ունենալու 2013թ. հոկտեմբերի 16-ին, սակայն այս տարի հոկտեմբերի 15-16-ը Ադրբեջանում ոչ աշխատանքային`տոնական օրեր են (նշվելու է Զոհաբերության օրը`Քուրբան բայրամը): Այդ իսկ պատճառով Միլլի մեջլիսը (խորհրդարան) փոփոխություն է մտցրել Ընտրական օրենսգրքում: Ըստ այդ փոփոխության`եթե նախագահական ընտրությունների օրը համընկնում է տոնական ոչ աշխատանքային օրվան, ապա կենտրանական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը տեղափոխում է միևնույն ամսվա մեկ այլ օր:

Փոփոխությունը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից հաստատվելուց և մամուլում տպագրվելուց հետո:

Սակայն այս օրինագծի մեջ չի նշվում` քանի օրով կարող են հետաձգվել ընտրությունները:

«Լույս». նոր հայկական թերթ Ստամբուլում, որը կներկայացնի համայնքի լուսավոր կյանքը

tertՍտամբուլի կրպակներում հայտնվել է «Լույս» երկշաբաթաթերթի առաջին համարը, որի գլխավոր խմբագիրն է պոլսահայ Շահնուր Քազանջըն: Գունավոր թերթը, որը բաղկացած է 28 թուրքերեն և  միայն 1 հայերեն էջից, ընդգրկելու է հայկանան համայնքի, ինչպես նաև հույն, հրեա և ասորի փոքրամասնությունների համայնքային կյանքի, մշակույթի, արվեստի, սպորտի և առողջապահության մասին պատմող լուրեր: Ներկայացնում ենք թուրքական «Taraf» թերթից Սումեյրա Թանսելի հարցազրույցը Շահնուր Քազանջըի հետ:

Հայալեզու թերթի գաղափարը ձե՞րն էր:

-Այո, ես նկատեցի, որ հայկական համայնքում նման հանդեսի պակաս կա: Մարդիկ միշտ սև պատկերների, տխուր դեմքերի առաջ են կանգնում, սակայն կյանքը գեղեցիկ երես էլ ունի: Մենք՝ հայերս, ասորիները, հրեաները միշտ միասին ենք ապրում, մեր շրջապատում ուրախ կյանք ենք անցկացնում՝ հարսանիքներ, նշանադրություններ, կնունքներ ունենք: Այս ամենը ուրախություն և երջանկություն է: Օրինակ՝ սպորտային մրցաշարեր են լինում, բոլոր հայերը Եվրոպայում հանդիպում են: Մենք այստեղից Ժնև, Բուլղարիա կամ Իտալիա ենք մեկնում: Ուրեմն եթե այսպիսի գունավոր, աշխույժ կյանք կա, մտածեցինք ինչու այս ամենը պատկերավոր կերպով ցույց չտանք մարդկանց: Այս դատարկությունից գործի անցնելով` արդեն երեք տարի է նախագծում ենք և վերջապես ամսի 30-ին թերթը լույս տեսավ:

Ինչու՞ երեք տարի սպասեցիք:

-Սպասում էինք, որպեսզի հիմք ձևավորվի: Աշխատում ենք և՛ պրոֆեսիոնալ և՛ կիսով չափ պրոֆեսիոնալ լրագրողների հետ: Թերթը լույս ենք ընծայում Արամ Քուրանի մոտ, նա դեռևս «Posta» թերթում է տպագրվում: Նախապատրաստական աշխատանքներ ենք արել, մեր մտքում նախագծել ենք, թե ինչ են ուզում մարդիկ մեզանից, հետևել ենք համայնքին:

Համայնքը ի՞նչ է ձեզնից սպասում:

-Ժպտացող երես է սպասում, գույներով լի լուսանկարներ է սպասում: Ցանկանում են ավելի քիչ գրվածքներով և ավելի շատ պատկերներով մի տպագիր օրգան, մենք էլ հենց դա արեցինք: Մեր թերթերը սովորաբար սև-սպիտակ են տպագրվում, մենք առաջին անգամ գունավոր ձևաչափով հրատարակություն արեցինք:

Ի՞նչ է նշանակում լույս:

Մենք լուսավոր մի աշխարհի մասին ենք պատմում, այդ պատճառով էլ ցանկացանք, որ թերթի անվանումը դրական աշխարհայացք արտահայտի:

Ի՞նչ բովանդակություն է ունենալու հանդեսը:

-Այն ընդգրկելու է համայնքային կյանքը, մշակույթը, արվեստը, սպորտն ու առողջապահությունը: Մենք մեր օպերաներն ու թատրոններն ունենք, զրույցներ ենք ունենում, մոտ 20 միություն ունենք, ամեն տարի միջոցառումներ են լինում, կրոնական ծեսեր ունենք, այդ պատճառով էլ ակտիվությունը մեծ է: Այս ամենը շատ քիչ տեղ է գրավում մամուլում: Մենք էլ մտածեցին` ինչ անենք: Որոշեցինք հակառակն անել՝ շատ լուսանկարներ ներկայացնենք և գնահատենք այդ մարդկանց աշխատանքը:

Քանի՞ լեզվով է հրատարակվելու թերթը, ի՞նչ հաճախականությամբ:

-15 օրը մեկ անգամ է հրատարակվելու, 28 էջանոց հանդեսը թերթի ձևաչափով է լինելու: Մեկ էջն էլ հայերեն է լինելու, որը պատմելու է բովանդակության մասին: Բաժանորդագրման համակարգ ունենք, սակայն թերթը կրպակներում էլ է վաճառվելու: Այս պահին արդեն 800 բաժանորդ ունենք:

Համայնքը ի՞նչ հետաքրքրություն է ցուցաբերում:

-Չափազանց մեծ հետաքրքրություն կա: Մենք թերթի հրատարակման մասին 30 հազար մարդու ենք հայտնել: Շիշլիում և այն թաղամասերում, որտեղ մենք ստվար բնակչություն ենք կազմում ցուցապաստառների վրա մեր հրապարակումներն են: Մարդիկ հետաքրքրվում են, թե սա ինչ է, քանի որ նախկինում նման թերթ չի եղել:

Փաշինյանն էլ ոստիկանապետին կպատասխանի «արա»-ով

Nikol-Pashinyan2Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանից փորձել է պարզաբանում ստանալ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի “արա, դուք պատգամավոր եք, թե գողական” արտահայտության վերաբերյալ.  «Այդ երբվանի՞ց է ՀՀ ոստիկանության պետը պատգամավորների հետ խոսում «արա»-ով։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև, եթե նա շեշտեր անուն ազգանունը, դա լրիվ այլ իրավիճակ կլիներ, բայց եթե նա չի շեշտում անուն-ազգանունը, նա «արա»-ով դիմում է կարգավիճակին, այսինքն՝ ԱԺ պատգամավորներին»։

Այնուհետև նա Օսիկյանին խնդրել է իր անունից Վլադիմիր Գասպարյանին փոխանցել, որ եթե հաջորդ անգամ ինքը կխոսի կարգավիճակի մասին այդպիսի տոնով՝ «արա»-ով, ապա ինքը նույն “արայով” կպատասխանի ոստիկանապետին և ընդհանրապես ցանկացած մեկին. «Եթե կա «արա» ու գողական Ազգային ժողովում, թող ոստիկանապետը բարի լինի այդ անունները հրապարակել, որպեսզի բոլորին ամեն ինչ պարզ լինի։ Հակառակ դեպքում, եթե նման ոճը կրկնվի և այդպիսի ասելիքը տարածվի կարգավիճակի վրա, կրկնում եմ՝ ես ինքս պարտավորվում եմ ոստիկանապետին արժանացնել համարժեք պատասխանի»,-հայտարարեց Փաշինյանը։

 

Արթուր Օսիկյանը Փաշինյանին կոչ է արել կոռեկտության սահմանները պահել, ինչին ի պատասխան` ՀԱԿ պատգամավորն ասել է. «Կարծում եմ՝ դուք այստեղ կոռեկտության կոչ անելու որևէ հիմք չունեիք, և հույս ունեմ, որ դուք կոռեկտության իմ կոչը կփոխանցեք Ձեր ղեկավարին»:

 

 

Հովիկ Աբրահամյանը խիստ բարկացել է. բացակա պատգամավորների հարցն այսպես չի մնա

D2C74866-040C-45BA-8673-E1FE68998550_mw1024_n_sԱյսօր խորհրդարանում քվեարկության ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նկատել է, որ ՀՀԿ-ականները, սովորության համաձայն, քվեարկում են ուրիշի փոխարեն և այդ մասին հայտնել Հովիկ Աբրահամյանին: Վերջինս ընդունել է պատգամավորի դիտողությունը և կոչ արել պատգամավորներին չքվեարկել գործընկերների փոխարեն: Իսկ երբ քվեարկությունից հետո պատգամավորները սկսել են լքել նիստերի դահլիճը, խորհրդարանի ղեկավարին դա արդեն խիստ զայրացել է. «Տարրական կուլտուրա ունեցեք, երբ Ազգային ժողովի նախագահը խոսում է,-բարկացել է նա` հիշեցնելով, որ պատգամավորը միջանցքներում շրջելու փոխարեն պետք է մասնակցի ԱԺ նիստերին»։

Նա նաև հայտնել է նաև, որ որոշում կընդունի, որպեսզի այսուհետ քվեարկությունը կազմակերպվի հարցերի քննարկման ավարտից հետո, որպեսզի պատգամավորները չմասնակցեն միայն քվեարկությանը և հեռանան` չմասնակցելով մյուս օրինագծերի քննարկմանը:

Հովիկ Աբրահամյանը խոստացել է դիմել Աժ քարտուղարություն, որպեսզի օրական երեք անգամ ստուգեն, ներկա- բացակա անեն պատգամավորներին և բացակաների ցանկը տեղադրեն Աժ պաշտոնական կայքում: Իսկ լրատվամիջոցներին հորդորել է այդ հարցն ուշադրության կենտրոնում պահել և բացակայությունների մասին տեղեկատվությունը տարածել նաև սոցկայքերում, որպեսզի ընտրողները տեսնեն, ճանաչեն նրանց և հաջորդ անգամ չընտրեն:

Ավելի ուշ նա լրագրողներին հայտնել է, որ պատգամավորների բացակայությունների հարցը քննարկելու է նաև Աժ էթիկայի հանձնաժողովում:

 

 

 

 

Հայաստանից կմասնակցի երեք ծանրորդ

ծանրամ-320x213Մայիսի 3-13-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կկայնա մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77 կգ , Սամաղար), պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների առաջնության  բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+ 105 կգ, Գյումրի ) և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը (58 կգ, Երևան):

Պատվիրակության ղեկավարն է` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, թիմի մարզիչն է`  Մելիք Ղուկասյանը :

Մայիսի 5-ից էլ «ընտրացավից» չենք տառապի

voting2Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, այնքան նախընտրական քարոզարշավներն ու քարոզչամիջոցներն ավելի «մանկապարտեզային» են դառնում: Շատ ու շատ քաղաքական գործիչներ հավանաբար դեռ չեն գիտակցում, թե որն է քաղաքական գործունեությունը, պայքարն ու քաղաքականությունն ընդհանրապես:

 Օրինակ` օրերից մի օր` «Բարև Երևան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, դաշինքի ներկայացուցիչներից Անահիտ Բախշյանը կանգնեց ու, ոչ ավելի, ոչ պակաս, շարադրեց իր միտքն այսպես. «Գիտեք, չէ՞, ժողովուրդ, իսկական ընդդիմությունը նա է, որը երբեք իշխանության մաս չի կազմել»: Այսինքն` ըստ Բախշյանի տրամաբանության, նաև չի կեղտոտվել:

Ուղղակի ապշել կարելի է. տպավորություն է ստեղծվում, որ քաղաքագիտական այս ֆարսով Անահիտ Բախշյանը քաղաքական նոր ուղղություն է հիմնադրում: Ու ասենք վաղը, մյուս օրը քաղաքական այս ուղղությունը կոչվելու է, ենթադրենք` քաղաքագիտության «Բախշյանական» դպրոց… Զավեշտ է, որովհետև գոնե Հայաստանում գրանցված են մի քանի տասնյակ տարբեր տրամաչափի` մանր-մունր կուսակցություններ, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Ու ի՞նչ է, այդ բոլոր մանրմունրներն ընդդիմությո՞ւն են,  մանավանդ նրանք, որ ընտրությունից ընտրություն այս կամ այն իշխանական ուժին աջակցության առաջարկ են անում:

«Դա լվացք անողի չափանիշ է. այն շորը որը երբեք չես հագել, դրանով փողոց դուրս չես եկել, այլ միշտ  պահարանում կախած է, իհարկե, մի քիչ ավելի մաքուր է, քան այն շորը, որով աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ,  նշանակում է` նաև աշխատանքի այն բաժինը չես վերցրել քո ուսերին ու փորձ էլ չես ձեռք բերել: Երբ աշխատում ես, այո՛, կարող ես նաև փոշոտվել, բայց այդ փոշին կարելի է նաև մաքրել, իսկ  պահարանում կախած վերարկուն կարող է երկար կախվել ու մոդայից դուրս գալ»,- այս առումով նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ինչևէ, չկենտրոնանանք Բախշյանի խոսքերի վրա, համարենք պատահականություն:

Իհարկե, Ինչպես ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, «բարևոլյուցիայի» սկզբում բազմաթիվ քաղաքական ուժեր քննադատեցին Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա գլխավորած քաղաքական ուժը,  բայց երբ նույն ոգով և ավելի էժանագին որակումներով արդեն իրենք են հանդես գալիս, դա տունտունիկի է վերածվում: Կամ, ինչպես սիրում էր ասել մեր ծեր հարևանը, «ֆուտբոլի դաշտում զիլինա են խաղում…»:

Օրերս «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները հայտարարեցին, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փող են բաժանում: «Եթե նրանց թվում է, որ նման ապատեղեկատվություն տարածելով` նվազեցնում են ԲՀԿ-ի վարկանիշը, իսկ իրենց ընկած վարկանիշը դրանից բարձրանալու է, ապա սխալվում են: Եվ դա ամենաճիշտ ու ազնիվ ուղին չէ»,- այդ  առիթով ընդգծել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ընտրությունները, հասկանալի է, թանձրացնում են քաղաքական դաշտի գույները, որոշ ուժերի ու գործիչների լարման պատճառ են դառնում: Բայց կան բաներ, որոնք ուղղակի անընդունելի են: Օրինակ` չի կարելի իշխանական մենաշնորհի դեմ պայքարում քար նետել նույն նպատակի համար պայքարող ուժի բոստանը: Դա, մեղմ ասած, պատշաճ չէ, իսկ քաղաքագիտորեն ասած` տակտիկական սխալ է, որը հետագայում կարող է դառնալ ստրատեգիական սխալի սկիզբ: Որովհետև, երբ քաղաքական ուժերը թշնամանում են իրար նկատմամբ և անում են բաներ, որոնք կամուրջ են այրում, հետագա համագործակցության հնարավորությունից  զրկում են այդ ուժերին, ինչը չի կարելի անել նույնիսկ իշխանությունների հետ:  Եթե վաղն անհրաժեշտ լինի Հայաստանի Հանրապետությանը, որ այդ ուժերը համագործակցեն այս կամ այն քաղաքական ուժի հետ, նրանք չպետք է  իրենց  պահվածքով ստեղծած լինեն մի վիճակ, որ դա հնարավոր չլինի:

Ու այնպես չէ, որ ամենաբարձր հայհոյողները իսկական ընդդիմադիր են: Մենք ունենք այս առումով «հաջողված» օրինակ: Երբևէ որևէ մեկն ավելի բարձր հայհոյե՞լ է իշխանություններին, ինչպես ժամանակին Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը:  Հավանաբար` ոչ: Իսկ ո՞ւր են հիմա, ո՞ր դաշտում և ո՞ւմ թիմից են խաղում այժմ նրանք:

ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 30-ի հանրահավաքում կոչ արեց ընդդիմադիր ուժերին համախմբել ուժերը` կանխելու իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Այդպիսի կոչեր արդեն քանիերորդ անգամ արել են նաև ՀՅԴ-ականները:

Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ` ավագանու ընտրություններին հաջորդող չորս տարիներին կարևոր նշանակության ընտրական գործընթաց չի լինելու, այդ պատճառով մայրաքաղաքի ընտրությունները վճռական նշանակություն են ձեռք բերել:

«Ու դեմքերն իսկ սազում են սրանց…»

Սա, ըստ ՀԱԿ առաջնորդի, ավելի լավ հասկանում են նաև իշխանությունները, ու դրա համար նրանք էլ քնած չեն:  Դեռ մի կողմ թողնենք այն, որ հրապարակային քարոզարշավ են իրականացնում, օրինակ` ապրիլի 30-ին ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ հայտարարություն են ընդունել Տարոն Մարգարյանին սատարելու մասին: ՀՀԿ-ն այլ` ստվերային գործողություններ էլ է անցկացնում: Օրինակ` որոշ մարզպետներ «Տարոնին 40 հազար ձայն տալու» խոստումներ են տալիս, թաղային հեղինակությունների համար քեֆեր են կազմակերպում, ցուցակների մանիպուլյացիա են անում և այլն, և այլն:

Այս պահին հետաքրքիր է նաև քաղաքական խաղաքարտերի դասավորումը կոալիցիոն ճամբարում: Օրինակ`  ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը, ՕԵԿ-ի կանանց հետ հանդիպման ժամանակ նշել է, թե փորձը ցույց է տալիս, որ վերևներում որոշումներ են կայացվում, իսկ ինչքան իջնում է  ներքև, այնքան այդ որոշումներն ինչ-որ տեղ կորչում են: «Այսօր, երբ երևանցու հետ խոսում ես համատիրության մասին, դա վերջն ա, քիչ ա մնում քեզ տեղում սպանեն: Դրա համար ես հիմա դաստիարակվել եմ: Սկզբում խոսում էի համատիրության մասին, հիմա ավելի քիչ եմ խոսում: Բայց, վերջիվերջո, բնակիչները շարունակում են դժգոհել, որ դրանք միայն փող են հավաքում, իսկ փողը տանելուց հետո էլ նրանց չեն տեսնում: Այդ գումարները, որ հավաքում են, ո՞ւր են գնում: Դրա համար առաջարկում եմ, որ յուրաքանչյուր երևանցի տեսնի, որ այդ կոպեկը, որը երեխայի բերանից կտրում է, տալիս պետությանը, որտեղ և ինչ նպատակների համար է ծառայելու»,- ասել է Արմեն Երիցյանը:

Այ քեզ զարմանալի բան. իշխանությունները սկսել են քննադատել իրենց կոալիցիոն «ավագ եղբորը»: Արդեն սկսում ենք վախենալ Արմեն Երիցյանի հետագա քաղաքական ճակատագրի համար. մարդը դեռևս ԱԻՆ նախարարի պաշտոնակատար է, հանկարծ կարո՞ղ է չափն անցնել, ՀՀԿ-ից էլ ճիշտ չհասկանան, ու մեկ էլ մի օր Երիցյանը զարթնի ու տեսնի, որ իր հետ վարվել են այնպես, ինչպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների հետ են վարվում…

Զառամախտի է հասնում նաև ՀՀԿ-ական որոշ պատգամավորների «հումորը»: Մասնավորապես` ՀՀԿ-ական պատգամավոր, «փուչիկների գործից» ավելի հայտնի Կարեն Ավագյանը Աժ հայտարարությունների ժամին խնդրեց նախընտրական շրջանում քաղաքական ուժերի նկատմամբ ուշադիր լինել և տարբերել կեղծ քաղաքական ապրանքանիշներից: «Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշներ: ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի: Զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը` Նիկոլ Փաշինյանով: Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է: «Ժառանգության» նոր տարբերակը` մայիսի 5-ից հետո, քանի որ հինը արտադրությունից դուրս է մնացել: Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար»,- «հումոր» էր անում Կարեն Ավագյանն ու շարունակում, թե երկրի կառավարումն արկածախնդրության տեղ չէ. սա շատ լավ ընկալում է ընտրողը, ինչն արտահայտում է իր տված քվեով: Այստեղ են ասում` ով խոսի-չխոսի, դուք պետք է լռեք, երբ խոսքը վերաբերում է արկածախնդրությանը, ընտրողների քաղաքական պահվածքին և այլն:

Հավանաբար պարոն Ավագյանը չի նկատում անգամ, որ հենց իր այդ հայտարարությունը քաղաքական արկածախնդրության, անլրջության  ցայտուն օրինակ է:

Մի խոսքով, բան չմնաց. մայիսի 5-ին կավարտվի քաղաքական այս կլոունադան ևս, ու մի 4-5 տարի էլ «ընտրացավից» չենք տառապի:

Յուրա Մովսիսյանը մնացել է Ռուսաստանի մայրաքաղաքում

Յուրա Մովսիսյան 221235Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», մեկնել է Սարանսկ`արտագնա խաղի, սակայն հայ ֆուտբոլիստը մնացել է Ռուսաստանի մայրաքաղաքում:

20 ֆուտբոլիստներ են «Սպարտակի» կազմում ուղևորվել մրցավայր, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության  27-րդ տուրի շրջանակում կայանալիք «Մորդովիայի» հետ խաղին:

Այն կայանալու է  մայիսի 3-ին:

Ուսուցումն ինքը «բռնություն է». Ռուբեն Պողոսյան

Ruben-PogosyanԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային և մանկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը ներկայացրեց տարրական դասարանների աշակերտների հնարավոր հոգեբանական խնդիրներն ու դրանց պատճառները:

Մասնագետը նախ նշեց, թե հատկապես ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել երեխան` կյանքի խաղային էտապից մտնելով դպրոց: «Պատահում են դեպքեր, երբ առաջին դասարանի կեսից երեխան հրաժարվում է այցելել դպրոց, շատերի մոտ ի հայտ են գալիս առարկայական ֆոբիաներ` վախեր դասավանդվող այս կամ այն առարկաներից, մեծ խնդիր է նաև այլ աշակերտների հետ ունեցած փոքր պրոբլեմները ամբողջ դպրոցի վրա պրոյեկտելը: Սա հատուկ է երեխաներին, եթե նրանց ինչ-որ մեկը դպրոցում խփում է , նրանք այդ երևույթը այդուհետ վերագրում են դպրոց հասկացությանն առհասարակ», – նշեց բանախոսը և,  իբրև բերված խնդիրների  հմինական պատճառ, նշեց այն, որ ուսումնադաստիարակչական պրոցեսը բոլորովին նոր տիրույթ է երեխաների համար, որին հարմարվելու համար ժամանակ է պետք:

«Ուսուցումն ինքը բռնություն է` երեխայի ազատության որոշակի սահմանափակում: Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ այդ տարիքում երեխան իրոք կարող է ունենալ հոգեբանական պրոբեմներ և մեծահասակները պետք է մտածեն` արդյոք կարողանում են այդ տարիքի երեխաներին ընկալել իբրև անձ, ում պետք է վերաբերվեն հարգանքով: Խոսքը հատկապես տարրական դասարանների մանկավարժների մասին է: Չէի ասի, թե մեր դպրոցներում դասվարները տիրապետում են բոլոր վերը նշված հմտություններին: Ես ավելի կարևոր եմ համարում միտումը` այն, թե որքանով է միտված ուսուցիչը իրոք երեխայի հետ հոգեբանական աշխատանք տանելու», – ասաց Ռուբեն Պողոսյանը:

Լառա Առաքելյան

ՀՅԴ-ն թեժ գիծ է գործարկել

հեռախոսՀՅԴ կենտրոնական շտաբում թեժ գիծ է բացվել:

Քաղաքացիները Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում նկատած խախտումների մասին կարող են ահազանգել  010 585481 հեռախոսահամարով:

«Եթե ցանկանում եք ձեր արդար եւ ազատ ընտրությամբ ձեւավորվի Երեւանի իշխանությունը, տեր դարձեք Ձեր քվեին։ Ձեր նկատած  ցանկացած խախտման մասին՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, կրկնակի քվեարկություն ե  այլն, խնդրում ենք հայտնել Դաշնակցության կետրոնական շտաբ, ուր բացվել է թեժ գիծ։  Կարող եք զանգահարել ցանկացած  ժամի։ Տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորում ենք»,- ասված է ՀՅԴ տարածած հաղորդագրությունում:

ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, 6-ին, 7-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝

Մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Երևանի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
•Օդի առավելագույն ջերմաստիճան  33.30C (1935 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան     0.20C (1945 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան  15.30C

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ետ է մնում մեկ միավորով

Գրիգոր-Սևակ 2525Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության փնջային մրցաշարում  խաաղացված հինգ տուրից հետո ունի 3,5, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանը` 3 միավոր:
Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա) և Դեյսի Կորին (Պերու):