Վաշինգտոնում, նախագահական Սպիտակ տանըմեկնարկել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Երկու երկրների առաջնորդների առանձին հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում արդեն ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Այնուհետև նախագահական նստավայրի այգում Էրդողանն ու Օբաման հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Էրդողանը հանդիպել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որը հանդիսավոր ճաշի է հրավիրել բարձրաստիճան հյուրերին:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Էրդողանը հանդիպելու է նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Ջոն Բոների հետ: Նրանք միասին այցելելու են ԱՄՆ-ի Առևտրական պալատ, որտեղ կլոր սեղան կկազմակերպվի թուրք և ամերիկացի գործարարների համար: Երեկոյան նախագահ Օբաման Սպիտակ տանը հանդիսավոր ընթրիք կմատուցի վարչապետ Էրդողանի պատվին:
Daily Archives: May 16, 2013
BBC-ին ապացույցներ ունի, որ Բաշար Ասադի ուժերը քիմիական զենք են կիրառել
Բրիտանական BBC հեռուստաընկերությունը հաղորդել է, թե ապացույցներ ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը քիմիական զենք է կիրառել: Ականատեսները BBC-ի թղթակցին պատմել են, որ կառավարական զորքերի ուղղաթիռները թունավոր գազով լի ամենաքիչը երկու սարք են նետել Սարաքեբ քաղաքի վրա: Այս քաղաքը ապրիլ ամսին գնդակոծվել էր կառավարական ուժերի կողմից, ինչից հետո տեղական հիվանդանոցների բժիշկները ութ վիրավորի մոտ արձանագրել էին շնչառական խնդիրներ և ուժեղ սրտխառնոց:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ BBC-ի տվյալներով` քիմիական զենքի կիրառման ապացույցները, ինչպես նաև զոհվածների աճյունների նմուշները քննության են ուղարկվել Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Թուրքիա և ԱՄՆ-ը: Հայտնի է, որ BBC-ի հասցեին բազմաթիվ տեսանյութեր են գալիս Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, սակայն դրանց իսկությունը ճշտել հնարավոր չէ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ նման գործողությունները կարող են դառնալ այն «կարմիր գիծը», որից հետո հնարավոր է զորք մտցվի Սիրիա: Այնուհանդերձ ԱՄՆ-ի հետախուզությունը դեռևս չունի քիմիական զենքի կիրառման հստակ ապացույցներ:
Երկու ավստրալիացիներ մերկացել են նյուդիստությունը խթանելու նպատակով (լուսանկարներ)
Երկու ավստրալիացի «առանց հագուստի խաչակիրներ» մերկությունը խթանելու նպատակով մերկացել են Լոնդոնի մի քանի ամենախորհրդանշային տեսարժան վայրերի մոտ:
Սեմ Հեթֆիլդը և Ֆիոնա Սքելթոնը ամբողջովին մերկացել են Բուքինհեմյան պալատի, Թաուեր բրիջի, Պառլամենտի շենքի և Լոնդոն Այի առջև:
Նրանք նաև նկարել են Բիթլզի հայտնի խարհրդանշական լուսանկարի իրենց տարբերակը՝ Էբբի Ռոուդը անցնելիս:
Այս լուսանկարները կազմում են նրանց «Nakedme» ինտերնետային նախագծի մի մասը, որի նպատակն է աշխարհի շուրջ նյուդիստությունը ընդունելի դարձնել:
Լոնդոնի լուսանկարները արվել են ծրագրի համար նկարված կարճ հոլովակի նկարահանման ժամանակ, որը ստացել է «Մերկ շրջագայություն մեծ ծխի մեջ» անվանումը:
Իրենց խաչակիրներ առանց հագուստի անվանումը տված զույգը հայտնում է, որ իրենք ցանկանում են առանց հագուստի շրջելը հարմարավետ դարձնել մարդկանց համար:
Սա նրանց մերկանալու առաջին դեպքը չէ: Նրանք Սիդնեյի Հարբոր Բրիջում մերկ սկուտեր են վարել՝ իրենց վրա ունենալով միայն կասկաներ, երկարաճիտ կոշիկներ և ձեռնոցներ:
Գերմանական Վուպերտալ քաղաքում նրանք մերկ պարել են երկաթգծի ուղևորների հետ:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն անմասն մնաց խաղարկված պարգևներից
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում անմասն մնաց խաղարկված պարգևներից: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 92 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 13-րդ տեղը:
9,5 միավորով աշխարհամասի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):
Թուրքիայի պատմության դասագրքերում փոփոխություններ են տեղի ունենալու. Թուրքիայի ազգային կրթության նախարար
Թուրքիայի ազգային կրթության նախարար Նաբի Ավջըն հայտարարել է, որ պատմության դասագրքերում փոփոխություններ են տեղի ունենալու:
Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը, Թուրքիայի կրթության նախարարն ասել է, որ պատմության դասագրքերից պետք է հեռացվեն այն նախադասությունները, որոնք միավորմանը ծառայելու փոխարեն անջատողական դեր են կատարում:
Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, նախարարը նշել է, որ կետ առ կետ չի նշելու`հավելելով, որ կիմանան այն ժամանակ, երբ փոփոխությունները տեղի ունենան:
Նշենք, որ Թուրքիայի պատմության դասագրքերում հայերը, հույները և ասորիները հաճախ անվանվում են “դավաճան և անջատողական”:
Թուրքիայի TRT հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհու արևմտահայերեն երգը (տեսանյութ)
Պոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի “Ձյունի փաթիլ” երգի տեսահոլովակը մայիսի 11-ից ի վեր ցուցադրվում է թուրքական “TRT Müzik” պետական հեռուստաընկերությամբ։
Ինչպես տեղեկացնում է “Հայ թերթը”, Էրլին Թոմաօղլուի այս արևմտահայերեն երգը տեղ է գտել “Տարիներ անց” անվամբ ալբոմում, որը Թուրքիայում արևմտահայերենով լույս տեսած առաջին ալբոմն է:
Թոմաօղլուն տեսահոլովակը ցուցադրելու խնդրանքով դիմել է TRT հեռուստաընկերությանը և 10 օր անց դրական պատասխան ստացել։
Հայերեն երգը ներկայացվում է թուրքերեն ենթագրերով։ “Դա հատկապես շատ էի ցանկանում, քանի որ ուզում էի, որ իմ երգը հասկանան ոչ միայն հայերը, այլև թուրքերը։ Իմ տեսահոլովակի հեռարձակումը TRT-ի եթերում Թուրքիայում ապրող հայերի համար շատ կարևոր և ուրախալի է: Անչափ ուրախ եմ”,-ասել է երգչուհին։
TRT-ն երկու տարի առաջ հեռարձակել էր երգչուհի Սիբելի տեսահոլովակը, որը ևս հայերենով էր:
Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը
Մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որին մասնակցում էին ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:
Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը և հանդես եկավ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով։
ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորելով Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահեցրին, որ ամենայն աջակցություն կցուցաբերեն հայկական նախագահության նախաձեռնությունների իրականացմանը:
ՀՀ Արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԽ նախարարների կոմիտեի նիստում
16 մայիսի, 2013թ., Ստրասբուրգ
Հարգելի գործընկներ,
Տիկնայք և պարոնայք,
Այսօր առանձնակի պատիվ է հանդես գալ այս ամբիոնից որպես Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի նախագահ, մի կառույց, որը Եվրոպայում ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից է:
Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը լավ հնարավորություն, մարտահրավեր և մեծ պատասխանատվություն է:
Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում՝ առաջնորդելու ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Մեծ պատասխանատվություն, որովհետև ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։
Հայաստանը, որի եվրոպական ինքնության արմատները սերում են ընդհանուր արժեքներից, գաղափարներից և ժառանգությունից, վստահորեն ստանձնում է այս պատասխանատվությունը:
Հարգելի գործընկերներ,
Մեր նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք մեր կարծիքով առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք: Այդ նպատակով մենք ձգտելու ենք մեր ներդրումն ունենալ Եվրոպայի Խորհրդի կարողությունների ամրապնդմանը:
Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Անհանդուրժողականությունը և այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը և վտանգում են մեր հասարակությունների ներդաշնակությունը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:
Հայաստանի նախագահությունը իր աջակցությունն է բերելու «Ոչ ատելության խոսքին» շարժմանը, կարևորելով առցանց երիտասարդական արշավը ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:
Միջմշակութային երկխոսության խթանումը արդյունավետ գործիք է եվրոպական հասարակություններում ավելի լավ փոխըմբռնման համար: Բազմազանությունը Եվրոպայի ուժն ու հարստությունն է, և մենք պետք է ջանք չխնայենք՝ պահպանելու մեր ընդհանուր առանձնահատուկ մշակութային ժառանգությունը: Հայկական նախագահությունը կընդունի 2013թ.-ի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության նախաձեռնությունը:
Մարդու իրավունքների և օրենքի գերակայության չափանիշների սահմանումը այս կազմակերպության գերակա ոլորտն է: Մենք պետք է ավելի ամրապնդենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համընդհանուր կիրառումը: Սա անհրաժեշտ նախապայման է Եվրոպայում բնակվող բոլորի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Օրենքի գերակայության եվրոպական ստանդարտներին վերստին անդրադառնալու նպատակով, ի շարունակումն Եվրոպայի խորհրդի Միացյալ Թագավորության նախագահության ջանքերի, Հայաստանի նախագահության շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանը Երևանում համաժողով է կազմակերպելու «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով:
Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար և այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում: Այս ուղղությամբ մենք հիմնականում կկենտրոնանանք տեղական ու ռեգիոնալ խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացման վրա: Այս նպատակով կկազմակերպվի համապատասխան համաժողով՝ նվիրված Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում այդ ոլորտում առկա լավագույն փորձին:
Հայաստանի նախագահությունը նաև հատուկ ուշադրություն կդարձնի մայրաքաղաքների խնդիրներին՝ հաշվի առնելով նրանց դերը, կշիռը և ազդեցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում և տեղական ժողովրդավարության զարգացման մեջ:
Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր աշխատանք է տանում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայումս առաջնորդում է Հայաստանը։ Չնայած շոշափելի արդյունքների առկայությանը՝ կարևոր է շարունակել ջանքերը դրանց առավել ամրապնդման նպատակով:
Հայաստանը նաև հատուկ ուշադրություն կդարձնի մասնակցային ժողովրդավարությանը և համապատասխան գիտելիքների տարածմանը հատկապես երիտասարդության շրջանում: Այս նպատակով Երևանում կկազմակերպվի սիմպոզիում, որը հարթակ կծառայի երիտասարդական մասնակցության վերաբերյալ տեսակետների փոխանակման և խորքային քննարկումների համար:
Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը:
Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը: Նման համագործակցությունը էական է գործադրվող ջանքերի առավել արդյունավետ համադրման համար: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Եվրամիության միանալու գործընթացին, որն էլ ավելի կնպաստի միասնական եվրոպական իրավական տարածքի ստեղծմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ: Հաջորդ վեց ամիսների ընթացքում նշված կառույցների երկու խոշոր միջոցառում է ծրագրված անցկացնել Երևանում:
Մենք կապահովվենք հաջորդական նախագահությունների շարունակականությունը սերտորեն համագործակցելով նախորդ՝ Անդորայի և հաջորդ՝ Ավստրիայի նախագահությունների հետ։
Տիկնայք և պարոնայք
Հայաստանը բարի կամքով կհամագործակցի բոլոր անդամ պետությունների հետ, որոնք կամենում են ներգրավվել Եվրոպայի խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ կառուցողական երկխոսության մեջ և որոնք ցանկանում են ներդրում ունենալ այս կազմակերպության նպատակների իրագործմանը:
Շնորհակալություն:
Դեվիդ Բեքհեմը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին
Դեվիդ Բեքհեմը ֆուտբոլում ունեցած իր փայլուն կարիերայից հետո հայտարարել է ասպարեզից հեռանալու մասին:
Նա բրիտանական միակ ֆուտբոլիստն է, որը երկու տասնամյակ առաջ իր մեկնարկը սկսելով Մանչեստր Յունայթեդի կազմում այժմ 38 տարեկան հասակում դարձել է ըստ երևույթին իր սերնդի ամենախորհրդանշային ֆուտբոլիստը:Առաջնորդելով իր երկրի թիմը, նա վերցրել է 115 գավաթ և չորս տարբեր երկրներում դարձել չեմպիոն:
Չնայած ֆրանսիական կողմի՝ Փարիզի Սեն-Ժերմեն թիմի հետ պայմանագիրը երկարացնելու առաջարկին, 38-ամյա ֆուտբոլիստը խաղացել է իր վերջին խաղը՝ Կարլո Անչելոտիի խմբին Ֆրանսիայի գավաթը 19 տարվա մեջ առաջին անգամ վերցնելու հարցում օգնելուց հետո:
Բեքհեմի ներկայացուցիչը այսօր անհասանելի է եղել, երբ Sportsmail-ը ցանկացել է լսել նրա մեկանբանությունները:
Աշխարհի հայտնի ակումբներում՝ Մանչեստր Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Միլան և Լոս Անջելես Գալաքսի, խաղացած ֆուտբոլիստը այժմ պատրաստվում է շարունակել իր ներկայացուցչական պարտականությունները տարբեր կազմակերպությունների համար՝ ներառյալ Sky Sports-ը, adidas-ը, Unicef-ը և Չինաստանում Ֆուտբոլի խթանումը:
Հունվարին Լոս Անջելեսից տեղափոխվելուց հետո Բեքհեմը պատրաստվում է իր կնոջ՝ Վիկտորիայի ու երեխաների՝ Բրուկլինի, Ռոմեոյի, Քրուզի և Հարպերի հետ մշտական բնակություն հաստատել Լոնդոնում:
Նրա կարողությունը գնահատվում է 165 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը նրան դարձնում է Բրիտանիայի սպորտում երբևէ եղած ամենահարուստ մարզիկը:
Քաբուլում տեղի ունեցած ռումբի պայթյունից մահացել է վեց ամերիկացի
Ըստ ԱՄՆ-ի և Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այս առավոտ Քաբուլում տեղի ունեցած մեքենայում տեղադրված ռումբի հզոր պայթյունից 14 զոհվածներից վեցը ամերիկացիներ են:
Վիրավորվել են ավելի քան 30 Աֆղանստանի խաղաղ բնակիչներ՝ ներառյալ երեխաներ:
Ահաբեկիչը պայթուցիկներով բեռնված մեքենան վարել է ուղիղ ռազմական պահակախմբի վրա: Պայթյունը այնքան հզոր է եղել, որ մոտակայքում գտնվող մեքենաները ջարդոնի կույտի են վերածվել, իսկ մոտակա շենքերից մեկը հրդեհվել է: ՆԱՏՕ-ի զինվորները անմիջապես շրջափակել են դեպքի վայրը:
Հիզբ-իսլամի ռազմական խմբավորումը իր վրա է վերցրել պայթյունի պատասխանատվությունը՝ հայտնելով, որ իրենք թիրախ էին դարձրել ամերիկյան ռազմական խորհրդատուներ տեղափոխող պահակախումբը:
Հայկական մշակութային օր Լիբանանի Քասլիկի համալսարանում
Մայիսի 14-ին Քասլիկի համալսարանի հայ ուսանողների նախաձեռնությամբ Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեց հայկական մշակութային օր:
Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դակեսյանը, Քասլիկի համալսարանի ուսանողների հարցերով բաժնի փոխտնօրեն Խալիլ Աբուդը
Դեսպան Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ արվեստին:
Անդրանիկ Դակեսյանը խոսեց լիբանանահայության եւ նրանց դերի մասին հայ-լիբանանյան պատմական առնչությունների շառավիղում:
Համալսարանի տարածքում կազմակերպվեցին ցուցահանդեսներ՝ հայ ոսկերիչների, գորգագործների եւ արհեստավորների մասնակցությամբ:
Ձեռնարկին ներկա էին համալսարանի տնօրինությունն ու ուսանողները, ինչպես նաեւ Ազգային Եղիշե Մանուկյան վարժարանի 11-րդ եւ Համազգայինի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան Ճեմարանի 10-րդ դասարանների աշակերտները:
Ադրբեջանում զինվորը ինքնասպան է եղել
Ադրբեջանում հերթական զինվորը ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թովուզի շրջանի զորամասերից մեկում իր վրա կրակել է 1994թ. ծնված շարքային Ռամիլ Ալիզադեն, որը զորակոչվել էր Լենքորանի զինկոմիսարիատից: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում հաստատել են փաստը: Միջադեպի պատճառը պարզ չէ:
Ըստ լրատվամիջոցների` նախորդ տարի Ադրբեջանի Զինված ուժերը կորցրել են 97 զինծառայող, որոնցից 77-ը՝ արտակարգ պատահարների հետևանքով:
Ադրբեջանում REAL շարժման առաջնորդի ձերբակալության ժամկետը նորից երկարաձգվել է
Բաքվի շրջանային դատարանը այսօր՝ մարտի 15-ին, ևս 3 ամսով երկարացրել է ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալության ժամկետը, հաղորդում է “Contact.az”ը:
Մամեդովը երկու ամսով ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 4-ին, այնուհետև նրա ազատազրկումը երկարաձգվել է ևս 2 ամսով: Այսպիսով նրա ձերբակալության ժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 4-ը: Նա մեղադրվում է այս տարվա հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում անակարգությունների կազմակերպման մեջ: Նախկին մեղադրանքով Մամեդովին սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում:
Դատարանը իր որոշումը պայմանավորել է մի շարք լրացուցիչ վկաների հարցաքննության անհրաժեշտությամբ: Մամեդովը նշել է, որ իր ձերբակալության և դրա ժամկետի երկարացման իրական պատճառի իրեն երկրի քաղաքական կյանքից մեկուսացնելն է:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Դատարանը Ադրբեջանի կառավարությանը գործին առնչվող մի շարք հարցումներ է ուղարկել, որոնց Բաքուն պետք է պատասխանի մինչև հունիսի 18-ը:
Նեպալում վայրէջքի փորձ կատարած ինքնաթիռը վթարվել է. բոլոր 21 ուղևորները վնասվածքներ են ստացել, չորսի վիճակը ծանր է
Այսօր առավոտյան Նեպալի լեռներում վայրէջքի փորձ կատարծ ինքնաթիռը վթարվել է՝ բոլոր 21 ուղևորները վնասվածքներ են ստացել: Զոհեր չկան:
Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ վնասվածներից չորսի վիճակը ծանր է:
Ուղևորներից ինը ճապոնացի տուրիստներ էին, իսկ անձնակազմի երեք անդամները և մնացած ուղևորները Նեպալի բնակիչներ:
Նեպալի ավիաուղիներին պատկանող ինքանթիռը վթարվել է Կատմանդուից 201 կմ հեռավորության վրա գտնվող Ջոմսոմ օդանավակայանում վայրէջք կատարելու պահին:
Վնասվածքներ ստացածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց:
Այս տարածաշրջանը հայտնի է օտարերկրյա տրեկկերների շրջանում, ովքեր այցելում են Անապուրնա լեռը, իսկ հնդիկ ուխտավորները հաճախ են այցելում Մուկտինատ տաճար:
Անցած տարվա մայիսին տասնհինգ ուղևորներ էին զոհվել կրկին նույն օդանավակայանում ինքնաթիռի վթարի ժամանակ:
Յուրաքանչյուր տարի Հիմալայները ավելի քան 100,000 տրեկկերներ են գրավում դեպի Նեպալ:
2006թ-ին քաղաքացիական պատերազմից հետո Էվերեստ այցելողների թիվը կրկնապատկվել է, սակայն ասիական երկրում հաճախկի տեղի ունեցող ինքնաթիռի վթարները անհանգստության տեղիք են տալիս:
Օդաչուները պնդում են, որ իրենց ղեկավարները իրենց շատ են ճնշում ծանրաբեռնված ժամանակաշրջաններում, իսկ Նեպալի քաղաքացիական ավիացիայի իշխանությունները ի վիճակի չեն լուծել անվտանգության հետ կապված խնդիրներ:
Որոշ փորձագետների կարծիքով մեկ կամ մի քանի Նեպալի տեղական ավիաուղիներ շուտով կանցնեն ԵՄ-ի սև ցուցակ:
Լուսանկարներ և վերջին տեղեկությունները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված հրդեհից
Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել գազածխապաշտպան ծառայության օղակը, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի երկրորդ մարտական հաշվարկը:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը:
Օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03», էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները:
Տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ» ՓԲԸ-ի պահպանության ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:
Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքներ իրականացնող կենտրոնից 2 փրկարարական ջոկատ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման 2 խումբ: Ընդհանուր առմամբ ` 110 հրշեջ-փրկարար և փրկարար։
Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին:
Տեղում պարզվել է, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:
Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության և ոստիկանության ավտոմեքենաներ:
Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ,- դիմելով կառավարության անդամներին, ասել է վարչապետը։ – Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը Հայաստանի Հանրապետություն պետք է մատակարարվի 270 դոլարով։ Իմ նամակում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը։ Երկրորդը` ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։ Հանձնաժողովի քննարկումը լինելու է բաց և հրապարակային. բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս հարցով, կարող են մասնակցել քննարկմանը և որևիցե փակ հարց չի լինելու. այս նորմը սահմանված է Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքով։ Այդ քննարկումը լինելու է բաց և հրապարակային, և հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները հանձնաժողովը տրամադրելու է մեր քաղաքացիներին»։
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է անցած գիշեր «Սպայկա» ընկերության շենքերից մեկում ծագած հրդեհին, որը մինչև առավոտ բավական մեծ ծավալ էր ստացել։ Պատասխանելով «Ի՞նչ հետևանք կարող է ունենալ հրդեհը» հարցին, ՀՀ բնապահպանության նախարարը զեկուցել է, որ իրոք հրդեհի ծավալը մեծ էր` 1500 և ավելի քառակուսի մետր։ Ավտոմատ կայանների և շարժական լաբորատորիայի միջոցով անընդհատ վերահսկվել է օդի աղտոտվածության մակարդակը։ Ծխի ամպն առաջացել է պլաստիկ տարայի և այլ սարքավորումների այրումից։ Նախարարը հավաստիացրել է, որ նախնական տվյալներով որևէ անհանգստացնող խնդիր չկա։ Օրվա վերջում պատկերն առավել ամբողջական կլինի և կառավարությանն ու հանրությանը համապատասխան տեղեկություն կտրվի։
Այնուհետև դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, Տիգրան Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հրդեհի հետևանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը, ուստի անհրաժեշտ է միջամտել և աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար։ «Միգուցե մենք կարողանանք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումն այլ տարածքներում կազմակերպի, և այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի»,-ասել է վարչապետը։ Նա հանձնարարել է հրավիրել «Սպայկայի» ղեկավարությանը և քննության առնել այդ հարցերը։ Նախարարը հավաստիացրել է, որ համապատասխան լուծում կտրվի խնդրին։
Նոր կառավարության ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով
ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության ծրագրին և այն ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։ Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներ` դրանով իսկ ապահովելով շոշափելի արդյունքներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, բոլոր նախարարություններից և գերատեսչություններից ստացել են առաջարկություններ, որոնք նախագիծ են ներառվել։ Խմբագրական աշխատանքներն ավարտելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Ազգային Ժողով, և ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի օրը, ՀՀ Սահմանադրության պահանջին համապատասխան, կսկսվի ծրագրի նախագծի քննարկումը։
Պետբյուջեի պակասուրդը կֆինանսավորվի եվրապարտատոմսերի թողարկման միջոցով
Կառավարությունը հավանություն է տվել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին։ Ըստ հայեցակարգի` եվրապարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալ է սահմանվելու 500 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի թողարկումը` 10 տարի ժամկետով։ Հաջորդ որոշման համաձայն կառավարությունը եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքելու «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, որը տեխնիկական աջակցություն կցուցաբերի և կօժանդակի լավագույնս կազմակերպել եվրապարտատոմսերի թողարկումը։ «Այսօր մենք քաղաքական որոշում ենք կայացնում, Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու, -որոշումների առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական շուկաներից ներգրավելու ավելի էժան միջոցներ։ Բոլոր միջազգային կառույցները, ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ աշխատում են մեր տնտեսվարող սուբյեկտները, միշտ մատնանշում այն փաստը, որ եթե Հայաստանը չունի միջազգային շուկաներում գնանշված պարտատոմսեր, ապա նրա համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալը լինում է առնվազն 1-1,5 տոկոսով ավելի թանկ։ Հասկանալի է, որ սա մեր առաջին տեղաբաշխումն է լինելու, և մենք առաջին անգամ հայտնվելու ենք միջազգային ֆինանսական շուկայում և ապագայում էլ, իհարկե, կախված մեր երկրի վարկանիշից, տոկոսադրույքները նույնպես կարող են նվազել։ Փաստորեն այս որոշումով մեր տնտեսական քաղաքականության մեջ այսուհետ արմատական փոփոխություն է տեղի ունենում։ Մենք պարտավոր ենք լինելու հետևել, թե ինչպիսին է մեր պարտատոմսերի գնանշումը միջազգային շուկաներում, և դա լրջագույն ազդակներ է հաղորդելու նաև մեր տնտեսական վիճակի մասին։ Մենք ընտրել ենք լավագույն իրավաբանական խորհրդատուին, քանի որ սա մեր առաջին թողարկումն է և մենք պետք է սովորենք, կարողություններ ձևավորենք և’ ֆինանսների նախարարությունում, և’ Կենտրոնական բանկում, և’ արդարադատության նախարարությունում՝ նման գործարքներ իրականացնելու համար։ Լավագույն իրավաբանական ծառայության ընտրությունը մեզ հնարավորություն կտա նաև հարստացնել այդ բնագավառի մեր գիտելիքները։
Եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, մենք մտադիր ենք մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկը, որովհետև այժմ 2B վարկանիշ ունեցող ընկերությունները` հաշվի առնելով շուկայի միջավայրը, կարողանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել։ Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ այս երկխոսությունը սկսել ենք, ունենք նրանց համաձայնությունը և նաև օժանդակություն, որպեսզի վարկի մարումը լինի սահուն, եթե տոկոսադրույքները լինեն ավելի մեղմ, քան այն տոկոսադրույքներն են, որ այսօր գործում են մեր միջպետական պայմանագրով։
Այս տեղեկատվությունը նաև մասնավոր հատվածին պետք է մանրակրկիտ ներկայացվի, ինչպես նաև այն փաստաթուղթը, որ մենք հիմա հաստատում ենք՝ հայեցակարգը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե այսուհետ մենք ինչպես ենք կառավարելու մեր արտաքին պարտքը»։
Աջակցություն է ցուցաբերվում կարկտահարությունից տուժած տնտեսություններին
2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆագրո» կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու և հատկացնել Արմավիրի մարզպետարանին` կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործներին տրամադրելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարը զեկուցել է նաև ձեռնարկվող և ձեռնարկվելիք այլ միջոցների մասին։ Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի այս ամբողջ տեղեկությունը հասնի մեր գյուղացիներին։ Նրանք պետք է պատրաստ լինեն, որ մատակարարվող սերմացուն տեղ հասնելուն պես կարողանան իրականացնել համապատասխան աշխատանքները։
Նիստում հաստատվել է նաև Սննդամթերքի անվտանգության ծառայության «Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով լրացումներ, որոնք թելադրված են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը սահմանել է, որ գինեգործական և մի քանի այլ ապրանքախմբերի շարքը դասվող ապրանք ներմուծող կամ արտադրող անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա մակնշել ապրանքի հնացման աստիճանը` ըստ տարիների։ Այսպիսով, կատարվում են կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության պահանջները, իսկ սպառողը հնարավորություն է ստանում տեղեկանալ, թե ինչ չափով է հնացել տվյալ ապրանքը։
Կառավարությունն ընդունել է գույք հանձնելու և նվիրաբերելու որոշում, որով ապահովվում է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրով գնված գույքի շահագործումը։ Որոշման շնորհիվ գյուղատնտեսության աջակցության 10 մարզային կենտրոնները կունենան անհրաժեշտ գյուղտեխնիկա և սարքավորում, կբարելավվի 32 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղտեխնիկայի պահանջարկը։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Շուրջ 500 հազարանոց ֆրանսահայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Փարիզ-Լիոն-Մարսել քաղաքներում։ Ռոն-Ալպ (Հռենոս-Ալպ) շրջանում և դրա Լիոն վարչական կենտրոնում, ինչպես նաև շրջանի այլ քաղաքներում ոչ պաշտոնական տվյալով կա 100 հազար հայ։ Հաշվի է առնվում այս քաղաքի ու շրջանի առանցքային դերը հայ-ֆրանսիական համագործակցության ասպարեզում։
Կառավարությունը մոտ 3 մլն դրամ է հատկացրել ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի իրականացման համար պետություն-մասնավոր համագործակցությամբ մասնավոր կապիտալի ներգրավման նպատակով մրցույթ կազմակերպելու, ծրագրի իրականացման համար օտարերկրյա մամուլում շահագրգիռ կողմերին հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի հրապարակման նպատակով։ Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մեր արդյունաբերական քաղաքականության մեջ սա նոր մոտեցում է։ Առաջին անգամ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացնում մի ծրագիր, որը մենք ներկայացնում ենք մասնավոր հատվածի ուշադրությանը և ցանկանում ենք ներդրումներ ներգրավել։ Հասկանալի է, որ եթե հավանության ենք արժանացնում այս ծրագիրը, ապա այն պետություն-մասնավոր համագործակցության լուրջ հիմք է ստեղծում, որ պետությունն օժանդակելու և աջակցելու է ներդրողներին։ Մասնավորապես, ենթադրվում է, որ 3-4 հազար հեկտար հողատարածություն պետք է ներգրավվի գետնախնձոր արտադրելու համար, որը ինուլինի արտադրության հիմնական հումքն է։ 1000-ից ավելի աշխատատեղ է ստեղծվելու գյուղատնտեսության ոլորտում և շուրջ 300 աշխատատեղ` հենց գործարանում։
Ծրագրի երկրորդ կարևոր տարրն այն է, որ մենք չինական կողմից ունենք հայտ՝ մասնակցելու այս ձեռնարկությունում որպես ներդրող, որովհետև այդ տեխնոլոգիան ներդնելու է չինական կողմը և երկրորդը՝ չինական կողմը մեզ ներկայացրել է երաշխիքային նամակ, որ 100 տոկոսով երաշխավորում է արտադրված ինուլինի իրացումը, որն էապես նվազեցնում է ներդրողների ռիսկերը։ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին, այդ թվում` իր մասնակցությամբ նորաստեղծ ձեռնարկությունում։ Մեր մասնակցության մասը պայմանավորված կլինի նրանով, թե ինչ հայտեր մենք կստանանք և ներդրողներն ինչ ծավալի ներդրում պատրաստ կլինեն իրականացնել։ Ծրագիրը գնահատվում է 33 մլն դոլար։ Քանի որ սա առաջին նման գործառույթն է, որ մենք իրականացնում ենք, կարիք կա, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք այս նոր գործիքին, որ մենք արդյունաբերական քաղաքականության մեջ կիրառելու ենք այսուհետ։ Հեղինակավոր ամսագրերում հայտարարություն հրապարակելը նշանակում է, որ նաև միջազգային ներդրողների ուշադրությունն ենք գրավում, այլ ոչ միայն ՀՀ ներդրողների, և հրավիրում ենք նրանց մասնակցել այս ծրագրի իրականացմանը»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի («Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդան գծի ծրագրով մատուցվելիք փորձագիտական ծառայության համար` մինչև 820 հազար եվրո դրամաշնորհ») նախագծին և ՀՀ ֆինանսների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին լիազորել ստորագրելու համաձայնագիրը։
Ս.թ. հունիսի 15-ից 29-ը ՖԻԴԵ-ի օրացուցային պլանի համաձայն Դիլիջանում անցկացվելիք շախմատի կանանց մեծ մրցանակի խաղարկության մրցաշարը պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ ավելի քան 73 մլն դրամից 65 միլիոնն իր որոշմամբ տրամադրել է ՀՀ կառավարությունը։
Ավելի քան 4,5 մլն դրամ է հատկացվել 2013թ. մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկում կայանալիք «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 8-րդ բաց Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով։
Կապահովվի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք թելադրված են կենսաթոշակային բարեփոխման իրականացման ու եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրմամբ։ Սահմանվել է, որ բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի չհաշվառված անձին հանրային ծառայության համարանիշ հատկացնելիս նրա տվյալները մուտքագրվում են պետռեգիստրի տեղեկատվական համակարգ։ Դրանով ապահովվում է ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը եկամտային հարկի կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում` անկախ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելուց։ Փոփոխություներ կատարելով նախկինում ընդունած իր երկու որոշումներում, կառավարությունը սահմանել է «Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ» ամենամյա զեկույցի նոր կառուցվածքը, ինչի շնորհիվ կբարձրանա ոչ պետական հատվածի աշխատավարձերի վերլուծության նպատակով օգտագործվող տեղեկատվության որակը, կապահովվի դրա իրատեսականությունը։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին (շահառուներին) են տրամադրվում ինքնարժեքով` 3 հազար 500 դրամով։
Գործադիրը հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա 2013 թ. հուլիսի 1-ից հետո Հայաստան ներմուծված և Հայաստանում արտադրված տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները։
Մեկ այլ որոշմամբ Ալավերդու քաղաքապետարանն ազատվել է քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերի ամրացման ֆինանսավորումն իրականացնելու համար տրամադրված վարկային պարտավորությունից, որը հասնում է 100 մլն դրամի։ Որոշման շնորհիվ համայնքը հնարավորություն կունենա այդ գումարով ամեն տարի լուծելու որևէ սոցիալ-տնտեսական խնդիր։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, գործադիրը Կոտայքի մարզի ուսուցիչների վերապատրաստման և մեթոդական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հանձնել Հրազդան քաղաքի դպրոցներից մեկում։
Ձևավորվում է միգրացիոն վիճակագրական ցուցանիշների համակարգ
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է մեր երկրում ներդնել ապակենտրոնացված ճանապարհով միգրացիոն վիճակագրական համակարգ։ Ենթադրվում է միգրացիոն վիճակագրական ցուցիչների համակարգ ներդնել այն բոլոր մարմիններում, որտեղ կան վիճակագրական ցուցիչներ, ապա դրանք փոխանցել ՀՀ ազգային վիճծառայություն` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան տեղեկատվական զեկույցներ ներառելու և հրապարակելու նպատակով։ Այժմ անցում է կատարվում այդ համակարգի ձևավորմանը։ Նման մոտեցումը համահունչ է նաև միջազգային պրակտիկային։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` կառավարությունն օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրման և անվտանգության վերահսկողության գործընթացը համապատասխանեցրել է Եվրամիության կանոնակարգերին։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Միջազգային առողջապահական կանոնների համաձայն առանձին պետական կառավարման մարմինների իրավասություններին, ինչի շնորհիվ կկանոնակարգվեն ներդրման գործընթացին, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող շահագրգիռ մարմինների գործառույթները նույն կանոնների պահանջների կատարման համատեքստում։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և ևս չորս օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Սեյսմիկ պաշտպանության մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանով առաջարկվում է օրենքում լրացնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները` ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները որպես պարտադիր, կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 20 միաբան և ուսանող, մինչև 2014 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 36 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 17 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 5 սանի և վանաձորցի մեկ դպրոցականի։
Կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Գործադիրը որոշել է 2013թ. մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013թ. հունիսի 1-ը` շաբաթ օր։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
Ադրբեջանը նախագահական ընտրությունների նախօրեին խստացնում է վերահսկողությունը ինտերնետի նկատմամբ. Amnesty International
Միջազգային իրավապաշտպան Amnesty International (AI) կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների` համացանցում զրպարտություն և վիրավորանք տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու որոշումը: Ադրբեջանի իշխանությունները չպետք է գալիք նախագահական ընտրությունները քննադատության ձայները լռեցնելու պատրվակ դարձնեն, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է “Contact.az”-ը:
“Ադրբեջանի իշխանությունները վախենում են քննադատական ձայներից ու այդ փոփոխությունների միջոցով ցանկանում են խոսքի ազատության վերջին կղզյակի վրա դնչկալ հագցնել”,-հայտարարել է կազմակերպության փոխտնօրեն Դեյվիդ Դիաս Ժոգեն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը 10 տարվա ընթացքում նպատակաուղղված խստացնում և սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը: Դա իրականացվում է ուժի կիրառման, ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների վրա ֆիզիկական ճնշում գործադրելու, օրենսդրական սահմանափակումների միջողով, նշվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարան) մայիսի 14-ին քրեական օրենսգրքում փափախություն կատարելու մասին օրինագիծ է ընդունել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում համացանցում զրպարտություն և վիրավորանք տարածելու համար:
Յան Քելին քննադատել է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը փոխելու առաջարկը
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Յան Քելին պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը մինչև նախագծերի դիտորդ իջեցնելու առաջարկին, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:
Քելին քննադատել է Բաքվի նմանատիպ մոտեցումը: “Մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել հաջողված, ժողովրդավարական և բարգավաճող ու ինքնիշխան երկիր: Այդ իսկ պատճառով իմ կառավարությունը մտահոգված է Ադրբեջանի իշխանությունների՝ այս տարի տեղի ունեցած բողոքի ցույցերի նկատմամբ արձագանքով, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչների ձերբակալությամբ, ինչպես նաև “Ազատ մտքի համալսարանի” փակմամբ”,-ասել է Քելին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կկարողանա որպես ժողովրդավարական ազգ առաջ շարժվել օրենքի գերակայության, ինչպես նաև բոլոր հիմնարար ազատությունների հարգման միջոցով:
“ԱՄՆ-ը իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ-ի՝ Բաքվում գտնվող ներկայիս գրասենյակի կարգավիճակին և լիահույս է, որ Ադրբեջանը կապահովի ԵԱՀԿ-ի հուսալի ներկայությունը`բոլոր ուղղություններով աշխատանք իրականացնելու համար: Մենք վճռականորեն կոչ ենք անում Ադրբեջանին կառուցվածքային երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ՝ Բաքվի կողմից բարձրացված խնդիրներին լուծում տալու համար”,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ:
Դեսպանը նշել է, որ իրենք ակնկալում են, որ Բաքուն նախագահական ընտրությոնենրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավեր կուղարկի նաև ԵԱՀԿ-ին:
Հիշեցնենք, որ Մամեդյարովը ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի իջեցման մասին դիմում էր ներկայացրել մարտի 18-ին: Ադրբեջանի արտգործնախարարը նման առաջարկը պայմանավորել էր միջազգային իրադրության փոփոխմամբ և Ադրբեջանի նվաճումներեով:
Ադրբեջանը խստացնում է ազատագրված տարածքներ մուտք գործելու պայմանները
Ադրբեջանը մտադիր է խստացնել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների` ազատագրված տարածքներ մուտքի-ելքի կանոնները, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Համաձայն գործակալության` այդ նպատակով “Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին” օրինագծում հատուկ կետեր են ընդգրկվել: Այսպես՝ Ադրբեջանի հետ մուտքի-ելքի անայցագիր ռեժիմի պայմանագիր չունեցող երկրների քաղաքացիները, ինչպես նաև ադրբեջանական քաղաքացիություն չունեցող անձիք ադրբեջանական կողմից կարող են ազատագրված տարածքներ մուտք գործել արտգործնախարարության և դիվանագիտական առաքելությունների կողմից համապատասխան կարգով այցագրի ստացման դեպքում: Բացի այդ՝ Ադրբեջանի հետ մուտքի-ելքի անայցագիր ռեժիմի պայմանագիր ունեցող երկրների քաղաքացիները ազատագրված տարածքներ կարող են մուտք գործել Ադրբեջանի Հանրապետությա ն տարածքից արտգործնախարարության, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից հատուկ թույլտվություն ստանալուց հետո: Այս հոդվածը խախտողները կպատժվեն Ադրբեջանի քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:
Օրինագիծը մոտ ապագայում կներկայացվի Միլլի մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) քննարկմանը:
Կմեկնարկի «Կոկա-Կոլա գավաթ 2013» Հայաստանի միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը
Մայիսի 21-ին կմեկնարկի «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 17-ին: Մրցաշարը անցկացվում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 732 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականներին ծնված ավելի քան 8784 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում: Երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում: Երկրորդ փուլի բոլոր հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ:
Լեոնարդո ԴիԿապրիոն Կաննի կիռոփառատոնի բացման արարողության ժամանակ տեղացած անձրևից թրջված աստղերի շարքում էր (լուսանկարներ)
Կաննի կինոփառատոնը հայտնի է որպես շոուբիզնեսի ամենագլամուրային միջացառումներից մեկը, սակայն ֆրանսիական Ռիվերան ևս չի խուսափել գարնանային վատ եղանակից:
Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ տեղացած անձրևի պատճառով հոլիվուդյան էլիտայի զգեստները թրջվել են, իսկ ուժեղ քամին փչացրել է լավ պլանավորված նրանց «կարմիր գորգային» տեսքը:
Փառատոնի A ցուցակի աստղերի շարքում ընդգրկված Լեոնարդո ԴիԿապրիոն, Քերի Մալիգանը և Նիկոլ Քիդմանը թրջված և անձրևանոցների տակ քայլում էին թաց կարմիր գորգի վրայով:
Փառատոնին մասնակցող բոլոր աստղերը անձրևանոցներով օգնականների կարիք ունեին, քանի որ անձրևը շարունակվում էր:
Քերի Մալիգանը մեքենայից դուրս գալիս հասցրեց գլուխը հարվածել անձրևանոցին: Այս միջադեպի կապակցությամբ նա նշեց, որ իր շուրջը հավաքված բազմաթիվ անձրևանոցներով մարդկանց պատճառով ինքը հազիվ է մեքենայից իջել և նույնիսկ չի նկատել, որ տեսախցիկը իրեն նկարում է: Ամեն դեպքում նա գեղեցիկ տեսք ուներ իր վարդագույն ատլասից Dior-ի զգեստով:
Նիկոլ Քիդմանը ամեն դեպքում Mail-ին հայտնել է, որ անձրևը իրեն չի խանգարում և ինքը այն շատ է սիրում:
Առաջիկա 12 օրերի ընթացքում տեղի կունենա աշխարհի գեղարվեստականորեն ամենահավակնոտ ֆիլմերի պրեմիերան Կաննի համաշխարհային բեմում՝ չորեքշաբթի բլոկբաստերների ցուցադրման օրն էր:
Այս տարվա Կաննի կինոփառատոնի ժուրիի նախագահը Սպիլբերգն է, ժուրիի կազմում են նաև հայտնի աստղեր Նիկոլ Քիդմանը, Անգ Լին և Քրիստոֆ Վալցը:
Կաննի կինոփառատոնը բացել է Սքոթ Ֆիջերալդի նովելի հիման վրա նկարված Լեոնարդո ԴիԿապրիոյի գլխավոր դերակատարմամբ «Մեծ Գետսբի» ֆիլմը:
Ֆիլմի ռեժիսյոր Բազ Լուրման հայտնել է, որ ֆիլմի շնոհիվ Ֆիջերալդի նովելը հայտնվել է բեստսելլերների շարքում՝ մեկ շաբաթվա ընթացքում գրքի ավելի շատ օրինակներ են վաճառվել, քան հեղինակի կյանքի ընթացքում:
