Արաբական միացյալ էմիրությունների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

360. Minister Nalbandian received the ambassador of UAE 23.05.2013Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Միացյալ արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ Ալ Զաաբիին(նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով  դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հետագա զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը նաև հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները և պատրաստակամություն հայտնեց աջակցել դեսպանին դրանց առավել ամրապնդման և ընդլայնմանն ուղղված նրա առաքելության մեջ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ալ Զաաբիին նշեց, որ Արաբական միացյալ էմիրությունները կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ և վստահեցրեց, որ ջանքեր չի խնայի այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ալ Զաաբիին քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը։
Զրուցակիցներն արձանագրեցին, որ հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման բնագավառում մեծ ներուժ կա, որի օգտագործման համար հարկավոր են երկուստեք գործուն քայլեր։ Այս համատեքեստում նշվեց հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի ձևավորման կարևորությունը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Երևանում Էմիրությունների դեսպանության բացման անհրաժեշտությանը։

 

ԱՄՆ-ի հարավային շրջանները ենթարկվել են տերմիտների հարձակման

t3Չորեքշաբթի Նյու Օրլեան են ներթափանցել տասնյակ հազարավոր ֆորմոզյան տերմիտներ՝ ստիպելով հարյուրավոր մարդկանց պաշտպանիչ ծածկոցներ կրել:

Ողբերգական ֆիլմի դրվագ հիշեցնող այս տեսարանում տերմիտները հավաքվում էին իրենց ավտոմեքենայի լույսերի, փողոցի լույսերի կամ լուսավորված տան շուրջ:

Ֆորմոզյան տերմիտների հայրենիքը հեռավոր t1արևելքն է, դրանք ԱՄՆ մուտք են գործել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկիր ներկրված փայտյա արտադրանքների միջոցով:

 

Ֆորմոզյան տերմիտների ներխուժումներ տեղի են ունենում նրանց զուգավորման ժամանակաշրջանում:

 

ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված համերգին

361. Minister Nalbandian's speech at the Europe's day concert 23.05.2013Մայիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց.

«Աշխարհում բացառիկ են այն տոները, որոնք միավորում են մի քանի տասնյակ ժողովուրդների` խորհրդանշելով նրանց խաղաղ, անվտանգ, ազատ և բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու երազանքը, կամքը և վճռականությունը:

Երկու դաժան աշխարհամարտերից հետո, անիրական երազանք թվացող խաղաղ և միասնական Եվրոպայի ստեղծումն  այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների և առաջնորդների ավանդը, նրանց հավատն ու համարձակ տեսլականը:

Ինչպես Հայաստանի Նախագահն է նշել.  «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո՝ իր ներկա նպատակադրումներով և իղձերով»:

Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Այս առումով Արևելյան գործընկերությունը լավ հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսությունը և առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանը ստանձնեց Եվրոպայի ամենահին կառույցի՝ Եվրոպայի խորհրդի նախագահությունը, որի առաջնահերթություններն ուղղված են եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը:

Հայաստանը պատվով է ստանձնել այդ կարևոր առաքելությունը և վճռական է նպաստելու այն արժեքների ամրապնդմանը, որոնք կազմում են եվրոպական քաղաքակրթության և եվրոպական միասնության հիմքը:

Վերստին շնորհավորում եմ Եվրոպայի օրվա տոնի կապակցությամբ»։

 

Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

359. Minister Nalbandian received the ambassador of Russia 23.05.2013(1)Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Մեր ժողովուրդներին կապում են բազմադարյա բարեկամությունն ու փոխվստահությունը, և հենց այդ հենքի վրա ենք մենք այսօր կառուցում ապագան՝ հետևողականորեն ամրապնդելով դաշնակցային հարաբերությունները, որոնք տարեց տարի դառնում են առավել հագեցած՝ ընդգրկելով համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ։ Հարաբերությունների զարգացումն ապահովվում է շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում` բոլոր մակարդակներով՝ համաձայն երկու երկրների Նախագահների պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների»։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Վոլինկինը վստահեցրեց, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում ներկայիս բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի դեսպանների դերակատարությունը` համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների միջև պայմանավորվածությունների իրականացման գործում։

Շիրակի մարզում դպրոցը կավարտի 2895 աշակերտ

Վերջին դասըՀՀ կրության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 25.05.2012 թվականի հրամանի համաձայն, մայիսի 24-ին հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում կանցկացվի 2012-2013 ուսումնական տարվա ավարտն ազդարարող “Վերջին դասը”: Շիրակի մարզի դպրոցներում ևս թևածելու է տոնական տրամադրությունը:

Իսկ ահա հունիսին, միասնական քննությունների ավարտից հետո, կկազմակերպվի նաև համաքաղաքային “Վերջին զանգ” տոնակատարությունը` Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Այս տարի Շիրակի մարզը կունենա 2895 շրջանավարտ, որից 1372-ը Գյումրի քաղաքում: Նախորդ տարի մարզը տվել էր 3370 շրջանավարտ, իսկ առանձին Գյումրին` 1680:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեց տարի նվազում է շրջանավարտների թիվը, դրա հետ մեկտեղ` նաև դիմորդների:
Այս ուստարում Շիրակի մարզից միասնական քննություններին մասնակցության դիմում-հայտ է ներկայացրել 1203 դիմորդ. ինչը վկայում է` մարզի շրջանավարտների նույնիսկ կեսը բուհ ընդունվելու ցանկություն չի հայտնել:

Հնդկաստանի ոստիկանությունը վառել է մեծ քանակությամբ բռնագրավված կանեփ

in1Հնդկաստանի ոստիկանությունը առգրավել է հազարավոր կիլոգրամ կանեփ, այնուհետև՝ կրակի մատնել:

Երկրի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Խարուպետիա քաղաքի ոստիկանությունը մեծ բացահայտում է կատարել, որից հետո մեծ քանակությամբ տոպրակների պարունակությունը դատարկվել է և վառվել:

Բռնագրավված կանեփի հստակ քանակությունը հայտնի չէ, սակայն այդ շրջանում վերջերս իրականացված հետախուզումների արդյունքում ավելի քան տասը տոնա կանեփի անօրինական բերք էր հայտնաբերվել:

Ասսամ նահանգի քաղաքներում կանեփի աճեցումը սովորական երևույթ է դարձել վերջին տարիների ընթացքում:

Այս շրջանը ոչ միայն երկրին կանեփ մատակարարող հիմնական գոտին է, այլև դիլերների համար շահութաբեր շուկա է հանդիսանում:

Այդտեղ կանեփի մեկ կիլոգրամը վաճառվում է 60 ֆունտ ստեռլինգով:

 

Սառցադաշտի վրա ճաշող ամերիկացի զբոսաշրջիկները փրկվել են, երբ իրենց հանգրվանած սառցաբեկորը քշվել է բաց ծով

i1Զբոսաշրջիկների խումբը ցանկացել էր ճաշել Իսլանդիայում գտնվող սառցադաշտի վրա, սակայն նրանց հանգրվանած սառույցի կտորը պոկվել էր սառցադաշտից և լողացել:

i2Չորս ամերիկացիներ իրենց ոչ աշխատանքային օրերը անց էին կացնում արևելյան Իսլանդիայում և որոշել էին սառույցի վրա սեղան ու աթոռներ տեղադրել իրենց խնջույքի համար:

Սակայն քամու հետևանքով սառույցի կտորը առանձնացել էր սառցադաշտից և քշվել բաց ծով:

Զբոսաշրջիկնեից մեկին հաջողվել է մագլցել հսկայական սառցե բեկորի վրա և օգնություն կանչել:

Ըստ Iceland Review-ի՝ նրանց գտել են ծովափից 9 մետր հեռավորության վրա:

Դեպքի վայրում արված լուսանկարում երևում է, թե ինչպես են երեք զբոսաշրջիկները հանգիստ նստել իրենց աթոռների վրա՝ նախքան իրենց կփրկեին:

Զնոսաշրջիկներին օգնություն ցուցաբերողներից մեկը հայտնել է, որ բավականին զավեշտալի տեսարանի են ականատես եղել՝ տեսնելով այսբերգի վրա սեղանի շուրջ, աթոռներին նստած զբոսաշրջիկներին՝ ավելացնելով, որ այդ ժամանակ նրանք արդեն ավարտել էին իրենց ճաշը:

RÚV-ին տրված հարցազրույցում փրկարարը նշել էր, որ դա բավականին վտանգավոր դեպք էր, քանի որ իրենք երբեք չեն կարող գուշակել, թե ինչ ընթացք կունենա սառույցի կտորը և երբ այն կարող է շրջվել:

 

Քեթի Փերին Tweeter-ում տեղադրել է իր առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ սննդային հավելումներով լի տոպրակների լուսանկարը

k1Քեթի Փերին Tweeter կայքում տեղադրել է մի լուսանկար, որտեղ ինքը վիտամինների և սննդային հավելումների հսկայական տոպրակներ է բռնել՝ տեղեկացնելով, որ ինքը օրը երեք անգամ ընդունում է դրանք:

28-ամյա Քեթին նշել էր, որ դրանք ընդունում է նախաճաշին, ճաշին և ընթրիքին ՝ հաստատելով, որ ինքը ամբողջավին առողջ ապրելակերպ է վարում:

k3«Ես ամբողջ օրը այս վիտամինային և սննդային հավելումների կյանքի մեջ եմ» մեկնաբանել էր նա:

Քեթին միշտ էլ բարձրաձայնել է իր վարած առողջ ապրելակերպի վերաբերյալ. People ամսագրին նա հայտնել էր, որ իր համար շատ կարևոր է կանոնավոր կերպով սնվելը և համոզված լինելը, որ անհրաժեշտ քանակությամբ էներգիայի պաշար ունի:

Այս շաբաթ Քեթին ընկերների հետ հանգստանում էր Կարիբյան կղզիներում և ցուցադրում առողջ սննդակարգի և ֆիտնեսի շնորհիվ ստացած իր մարմնի կառուցվածքը:

Անգլիայում մահմեդականները մի զինվորի են սպանել, երկրում լարվածություն է

angliaԱնգլիայի մայրաքաղաք Լոնդոնում երեկ երկու հոգի կացնով և դանակով սպանել էին մի զինվորի՝ դիակը նետելով փողոց: Դեպքի ականատեսների վկայությամբ՝ հանցագործները մահմեդականներ են եղել և դա արել են ելնելով վրեժխնդրությունից: Դրանից հետո երկրում լարվածություն է սկսվել, ծայրահեղ աջերը թիրախ են դարձրել մահմեդականներին և մզկիթները:
«Radikal»-ը հաղորդում է, որ Անգլիայի պաշտպանության լիգայից (EDL) մոտ 100 ծայարհեղական սև դիմակներով հավաքվել է բարերից մեկում  և խմիչքով լի շշերով հարձակվել ոստիկանության վրա, ինչպես նաև հարձակում են գործել մոտակայքում գտնվող մի մզկիթի վրա: Նրանք բղավել են «Չենք հանձնվելու մահմեդական որդերին» արտահայտությունը: Լիգայի առաջնորդ Թոմի Ռոբինսոնը դեպքի առնչությամբ նշել է. «Մեր առաջնորդները բավականաչափ ուժեղ չեն, այս ամենը նրանք են թույլ տվել: Մարդիկ նույնիսկ վախենում են մահմեդական բառը արտաբերել, վախենում են իրենց պաշտպանելուց: Բայց արդեն բավական է, այս երկրի մարդիկ շատ զայրացած են և հերիք է արդեն»:
Իրենց հերթին Անգլիայի մահմեդական կազմակերպությունները դատապարտել են տեղի ունեցածը և համախմբման կոչ արել:

 

«Սիրիայի բարեկամների խումբը» հավաքվել է Հորդանանում

hordananՀորդանանի մայրաքաղաք Ամմանում են հավաքվել «Սիրիայի բարեկամների խմբի» անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Հանդիպմանը ներկա էր նաև Սիրիայի հեղափոխական ուժերի և ընդդիմության կոալիցիան, քանի որ լայնորեն քննարկվելու էր սիրիական ճգնաժամի հարցը:
«Anadolu» գործայալությունը հաղորդում է, որ իր ելույթում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը անընդունելի է և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը: Նրա խոսքերով՝ այս ճգնաժամի քաղաքական լուծումը հանդիսանում է միջազգային հանրության անհետաձգելի խնդիրը: Քերին ընդգծել է նաև, որ սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը մեծացվելու է:

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին

3040

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի դերը համաշխարհային և եվրոպական ավիացիայի զարգացման ու անվտանգության ապահովման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, հատկապես արտաքին աշխարհի հետ ցամաքային ճանապարհով սահմանափակ հաղորդակցման հնարավորություններ ունեցող մեր երկրի համար ավիացիան կրկնակի կարևորություն ունի:

Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուն գոհունակությամբ է խոսել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ իր գլխավորած կազմակերպության համագործակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան առաջատարների շարքում է միջազգային չափանիշների կիրարկման բնագավառում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության և ապահովության մակարդակի բարձրացման խնդիրների շուրջ:

Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի նախագահին

358.Ambassador Ghazaryan presented his credentials to the President of Italy 23.05.2013Մայիսի 22-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին:

        Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետեւեց նախագահ Նապոլիտանոյի եւ դեսպան Ղազարյանի առանձնազրույցը:

Շնորհավորելով դեսպան Ղազարյանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Նապոլիտանոն իր գոհունակությունն արտահայտեց երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բոլոր տեսակի կապերի էլ ավելի ամրապնդման գործում:

Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով նախագահ Նապոլիտանոյին ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանը կարեւորում է Իտալիայի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, եւ, որ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Կողմերը համոզմունք հայտնեցին առ այն, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ բազմադարյա պատմության նոր էջ բացելու համար:

Շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հայ-իտալական քաղաքական օրակարգի, այդ թվում՝ նաեւ բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին վերաբերող հարցերին, երկկողմ տնտեսական եւ մշակությային համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ  տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներին:

Էլ-Նուսրա զինված խմբավորումը առևանգել է սիրիահայության առաջատար դեմքերից Հակոբ Միքաելյանին

hakob«Ակօս»-ը հաղորդում է, որ ծայրահեղ իսլամական էլ-Նուսրա կազմակերպությունը առևանգել է սիրիահայ համայնքի առաջատար դեմքերի մեկը հանդիսացող Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի շրջանային կառավարման խորհրդի նախագահ 70-ամյա Հակոբ Միքայելյանին: Վերջինս երեքշաբթի օրը Հալեպից Բեյրութ է ուղևորվել ավտոբուսով, որը ճանապարհին շրջափակել է էլ-Նուսրա խմբավորումը: Նրանք Միքայելյանին իջեցրել են ավտոբուսից և տարել: Միքայելյանի ընտանիքը հայտնելը է, որ նա զանգահարել է իրենց և ասել, որ ողջ է: Ընտանիքը նաև հայտնել է, որ Միքայելյանը զինված խմբավորման կողմից տարվել է կրոնական մի դատարան և մեղարդրելով «ռեժիմի կողմնակիցը լինելու» և «ի պաշտպանություն ռեժիմի քայլերթին մասնակցելու» մեջ, դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի շրջանային կառավարման խորհրդի նախագահը լինելուց բացի գրող և ուսուցանող մտավորական Հակոբ Միքաելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի:

Նոր մանրամասներ Անկարայում սպանված չեչեն Մեդեթ Ունլյուի մասին

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մայիսի 22-ի երեկոյան սպանված չեչեն Մեդեթ Ունլյուն Չեչնիայի հյուպատոսը չէր:

Ինչպես հաղորդում է “Hurriyet”-ը  Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի`արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Իսա Հաջիմուրադովը ռուսական “ՌԻԱ նովոստի” լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք այդ անունով ներկայացուցիչ Թուրքիայում չունեն:  “Անկարայում սպանված անձը Չեչնիայի ներկայացուցիչը չէ”, – ասել է նա:

“BBC Turkce”-ի փոխանցմամբ՝ Մեդեթ Ունլյուն իրեն համարում էր այսպես կոչված Իչկերիայի հանրապետության “պատվավոր հյուպատոս”:

“ՌԻԱ նովոստիի” զրուցակիցը հայտնել է, որ օտար տերության յուրաքանչյուր ներկայացուցչություն, որը վերաբերում է ինքնավարությանը կամ մարզին, պատվավոր հյուպատոսություն կարող է բացել միայն իր երկրի ԱԳՆ-ի միջոցով, տվյալ դերքում` Մոսկվայի միջոցով:

“Մենք որևէ հայտարարություն չենք ստացել ռուսական կողմից Չեչնիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ”,-ասել է նա:

Գազի անխուսափելի թանկացումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը

 գազի գինՀայաստանի Հանրապետությունում այժմ ամենաքննարկվող ու հասարակությանն ամենահուզող հարցը թերևս գազի թանկացումն է: Անցյալ շաբաթ «Հայռուսգազարդն» իր մատակարարած գազի թանկացման մասին դիմում ներկայացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Դիմումով «Հայռուսգազարդը» ցանկանում է Հայաստանում գազի գինը մոտ 67%-ով բարձրացնել: Բոլորն են հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է այս թանկացումն ունենալ ոչ միայն հայկական տնտեսության, այլև սոցիալական ու հասարակական–քաղաքական կյանքի վրա: 

Այ քեզ ռազմավարական դաշնակից…

2012 թ. օգոստոսին 7-8-ը Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, հատուկ անդրադառնալով Հայաստան մատակարարվող գազի սակագնին, նշել էր. «Կարծում եմ` դրա ձևավորման սկզբունքների հարցում փոխըմբռնման ենք հասել: Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից, բազմապատկած կամ բաժանած, ինչպես ցանկանում եք, Հայաստանի բնական գազի կարիքները հարաբերակցելով տարածաշրջանային գներին` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը»:

Այսինքն` դեռևս անցած տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանել է, որ գազի թանկացումն այլընտրանք չունի, որ ռուսական կողմն այս հարցում զիջման չի գնացել, այսինքն` Հայաստանը պետք է հաշվի առնի ստեղծված նոր իրողությունը: Դրանից հետո միակ հարցը, որ կարող էր լինել հայ-ռուսական բանակցությունների օրակարգում, այն էր, թե ինչ չափով կբարձրանա գազի սակագինը Հայաստանի սահմանին:

Ուշագրավն այն է, որ գազամատակարարումը և հատկապես դրա գնային սակարկությունները ռուսական կողմի համար միշտ էլ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կատեգորիա են եղել: Եթե այդպես չլիներ, գազի սակագնի վերանայումը ոչ թե տեղի կունենար երկու երկրների նախագահների մակարդակով, այլ «Գազպրոմի» և ՀՀ կառավարության: Էներգետիկ ռեսուրսների գնային քաղաքականությունը Մոսկվայի համար առաջին հերթին իր գործընկերներից քաղաքական զիջումներ կորզելու գործիք է, որը կիրառում է թե՛ ԱՊՀ և թե՛ ԵՄ երկրների հետ հարաբերություններում:

Չպետք է մոռանալ, որ Հայաստանն ու Ռուսաստանը համարվում են ռազմավարական դաշնակիցներ: Իսկ ռազմավարական գործընկերությունը սովորական դաշնակիցներից տարբերվում է նրանով, որ ռազմավարականի դեպքում դաշնակից կողմերից մեկը պարտավոր է իր ֆինանսա-տնտեսական շահը զոհել հանուն իր դաշնակցի ազգային անվտանգության ու կենսական նշանակության հարցերի:

Գազի թանկացումը Հայաստանի պարագայում նշանակում է, որ ամեն ինչ կթանկանա: Մեզ պես երկրում, որտեղ աղքատության շեմը սահմանված է նվազագույն սպառողական զամբյուղի կեսի չափով և դրանով  հանդերձ անգամ աղքատության մակարդակը պաշտոնապես 35% է,  յուրաքանչյուր թանկացում հղի է սոցիալական բունտի, այնուհետև նաև ներքին անվտանգության խարխլման վտանգներով: Իսկ հաշվի առնելով այն տարածաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրը, որում գտնվում է Հայաստանը, ուղղակի ազգային անվտանգության խնդիր է առաջացնում:

Եվ ո՞րն է տրամաբանությունը, երբ ռազմավարական գործընկերը, որը նաև քո անվտանգության երաշխավորն է ու անհրաժետության դեպքում պարտավոր է ապահովել քո անվտանգությունը, դեռ մի բան էլ ինքն է այդ անվտանգությանը սպառնացող իրավիճակ ստեղծում:

«Հայաստանի էներգետիկ կյանքը կախված է Ռուսաստանից: Եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Էներգետիկ անկախության մասին են խոսում, բայց ոչ մի քայլ չեն անում այդ անկախությունն ապահովելու համար: Ո՞վ է ասում, որ գազի գինը Հայաստանում ցածր է, հակառակը` գազն ավելի թանկ է, քան Վրաստանում: Անգամ եվրոպական երկրների հետ ենք համեմատել, և ստացվում է` մեզ մոտ գազը թանկ է: Իրան-Հայաստան գազամուղը չպետք է հանձնվեր ՌԴ-ին: Այլընտրանքային էներգիայի աղբյուրները պետք է կարևորվեին, բայց դա չի արվում»,- գազի թանկացման շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ Ռուսաստանն այս քաղաքականությամբ հայաթափում է Հայաստանը:

Պատգամավորը, այսօրվա իշխանություններին համարելով «ամենաթույլիկը», նշեց, որ նրանք պետք է համարժեք գործողություններ իրականացնեն:

Համարժեք գործողությունների մասով տղերքը երևակայության պակաս ունեն

Իսկ կառավարության «համարժեք» գործողությունները նույնպես պարզ են. կառավարության մայիսի 16-ի նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գազի գնի վերանայման կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Վարչապետն ասաց, որ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի գինը: Սոցիալապես անապահով ընտանիքները նաև կստանան աջակցություն:

Իհարկե, հիմա նման հիմար վիճակի առջև կանգնած չէինք լինի, եթե Հայաստանը ժամանակին էներգետիկ դիվերսիֆիկացիայի նպատակով կառուցված Իրան-Հայաստան գազամուղը չհանձներ «Հայռուսգազարդի» ղեկավարմանը: Որովհետև իրանական գազը, թեև ավելի ցածր կալորիականություն ունի, բայց անհամեմատ ավելի էժան է ռուսական գազից: Բայց, ինչպես ասում են, այդ ո՞նց պետք է ռազմավարական դաշնակից Հայաստանն իր «ավագ եղբորը» զրկեր Հայաստանը էներգետիկ վերահսկողության տակ պահելուց:

Էհ, եղածն արդեն եղած է, ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Եվ այժմ պետք է ուղղակի նայենք, թե գազի գնի այդ կտրուկ բարձրանալու դեմ ինչ միջոցներ կարող է ձեռնարկել հայկական կողմը, որ Հայաստանը չվերածվի հայերի համար առանց պատերի բանտի:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գազի գնի հետ կապված երկու ասպեկտ է մատնանշում: «Առաջինն այն է, որ բնականաբար Ռուսաստանի Դաշնությունն է սակագինը բարձրացնում և ոչ միայն Հայաստանի համար, այլ բոլոր այն երկրների, որտեղ առաքվում է ռուսական գազ, և այդտեղ մենք շատ մեծ անելիքներ չունենք. լավագույն դեպքում կարող ենք բանակցել և ակնկալիք ունենալ, որ մի փոքր ավելի քիչ կլինի, քան մյուսների համար: Բայց ոչ պակաս  ռեսուրսներ կան հենց Հայաստանում: Այսինքն` հենց «Հայռուսգազարդի» շահույթի նորմը` այն ծախսերը, որ նախկինում ներդրումների համար նախատեսում էին շահույթի մեջ, դրանք հիմա կարելի է նվազեցնել, որովհետև  այսօր այդ ծավալի ներդրումներ ընկերության կողմից չեն արվում: Իհարկե, որոշ բաներ միգուցե արվում են,  բայց ոչ այն ծավալներով, ինչ տարիներ առաջ, քանի որ, ըստ էության, Հայաստանի գազիֆիկացիան ավարտվել է, ու մենք դրանով իսկ Հայաստանի գազի սակագնի վրա ազդելու հնարավորություն ենք ստանում: Եթե օրինակ` նախատեսվում է 67%, ապա մեր հաշվարկներով` առնվազն 10-15%, եթե ոչ ավելի, կարող ենք գոնե այդ մասում իջեցնելու, սակագինը նվազեցնելու տեղ ունենալ»,- նշեց Մանասերյանը:

Կան նաև լծակներ, որոնք, կապված են գազի որակի, բաղադրության, խտության հետ: Գազի հաշվիչները վերջին 10 տարվա ընթացքում ընդհանրապես չափագրման չեն ենթարկվել, մեծ մասը,  բայց վերջին հաշվով սահմանագծին չափիչ խոշոր կայան կա, որի ստեղծման համար մեզանից պահանջվել է 1.5 միլիոն եվրո գումար. դա  նույնպես շատ օգտակար է` ստուգելու համար գազի բաղադրությունը` թե ինչ կալորիականություն ունի, ինչ խտություն ունի և այլն: Այս ամենը գազի գնի կարգավորման համար պետքական գործիքներ են, բայց, ինչպես նշեց տնտեսագետը, չեն օգտագործվում: Այսինքն` մենք պետք է նայենք նաև ներքին հնարավորություններին, ոչ միայն արտաքին:

Օրերս Աժ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ «հպանցիկ» անդրադարձավ այս հարցին, որ եթե Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնած մաքսային միության անդամ լիներ, ապա գազը 30%-ով պակաս կթանկանար: Այս մասին հայկական 1in.am լրատվական կայքին ասել էր նաև կովկասագետների միության նախագահ, ռուս քաղաքագետ, վերլուծաբան  Ալեքսանդր Կռիլովը` նշելով. «Շատ է խոսվում ԵվրԱզԷսի, Մաքսային միության մասին: Իսկապես, Հայաստանը չի հանդիսանում ո՛չ Մաքսային միության, ո՛չ ԵվրԱզԷսի անդամ: Ինձ մոտ տպավություն է ստեղծվել, որ Հայաստանի համար բավական ընդունելի է եվրոպական վեկտորը, գուցե շատ դեպքերում, այո՛, այն առավել գրավիչ է, բայց գուցե Մաքսային միության ներսում ա՞յլ գներ լինեին: Այստեղ Հայաստանի որոշելիքն է. եթե նա նախընտրում է եվրոպական վեկտորը, ապա դա չի կարող չազդել նաև ռուսական էներգասպասարկումների գների վրա: Հայաստանը պետք է համակերպվի, որ չի օգտվում այն արտոնություններից, որոնք տրվում են Ղազախստանին և Բելառուսին: Հետխորհրդային երկրներն ունեն ընտրության հնարավորություն` մտնել այդ կառույցի մեջ կամ չմտնել, դա կախված է հայ քաղաքական գործիչների ընտրությունից»:

Բնականաբար, հարց է առաջանում` պատահական զուգադիպությո՞ւն է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնում 30%-ով սուբսիդավորել գազի գինը: Արդեն խոսակցություններ կան, որ այդ սուբսիդավորման ծախսերը Հայաստանի եվրոպացի «բարեկամները» կփոխհատուցեն: Բայց մնացած` 37%-ն էլ Հայաստանը  հեշտ չի մարսի: Այնպես որ ինչպես անխուսափելի է գազի թանկացումը Հայաստանում, այնպես էլ անխուսափելի են ցնցումները սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և արտաքին հարաբերություններում:

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

կարկուտԱնցյալ շաբաթը Հայաստանի գյուղատնտեսության համար ծանր սկսվեց: Արարատյան դաշտին պատուհասած կարկուտը վնասել է ավելի քան 17 հազար հեկտար տարածք ու գյուղացիներին պատճառել մոտ 35-40 մլն դոլարի վնաս: Գյուղնախարարությունը հայտարարում է, թե վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվել է աշխատանքային շտաբ`  առաջին  փոխնախարար  Գրիշա  Բաղիյանի  գլխավորությամբ, գյուղնախարարի կարգադրությամբ ճշգրտվում են հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները անհրաժեշտության դեպքում տուժած  տնտեսություններին  տրամադրելու  համար, Արմավիրի մարզի` կարկուտից տուժած գյուղերի բնակիչները, որպես բողոքի նշան, փակում են դեպի Երևան եկող  ճանապարհը` պահանջելով փոխհատուցում ու երկու տարով իրենց վերցրած վարկերի սառեցում, իսկ գյուղնախարարի տեղակալն ասում է, որ այդ բանկերը սեփական են, և պետությունը ոչինչ անել չի կարող:

 Բայց նախ տեսնենք, թե ինչու կարկուտն այդքան վնաս տվեց և ինչպես կարելի է հետագայում խուսափել նման աղետներից: 

Ինչո՞վ էին զբաղված հակակարկտային կայանները

Չէ՞ որ գյուղնախարարությունն արդեն մոտ 8-9 տարի է` գլուխ է գովում, թե հակակարկտային կայաններ է տեղադրում, թե դրանք աշխատում են չգիտես թե ինչ անգերազանցելի ցուցանիշներով և այլն:  Ուրեմն ինչո՞ւ երկրի գյուղատնտեսությանը նման հսկայական վնաս հասավ, չէ՞ որ կարկուտից տուժած համայնքներում այդ հակակարկտային կայաններն ամենախիտն են տեղադրված: Գյուղացիների մի մասն ասում է, թե այդ կայանները կարկուտի չարաբաստիկ օրն աշխատել ու կրակել են, մի մասն ասում է, թե չեն աշխատել: Ամեն դեպքում գյուղնախարարությունից պնդում են, թե աշխատել են: Ավելի վատ, քանի որ եթե այդ կայանները աշխատել են, բայց արդյունքում գյուղացիների բերքն ամբողջությամբ կամ 70%-ով ոչնչացել է, նշանակում է, որ կայանները չեն համապատասխանում Հայաստանի պայմաններին:  Ուրեմն ի՞նչ գործ ունեն Հայաստանում:

«Նախկին «Ալազան» տիպը բոլորովին այլ էր, բավականին թանկ հաճույք էր, դա չկա արդեն. նա կրակելով էր աշխատում, ավելի մեծ էֆեկտ էր տալիս: Սրանք փոքր կայաններ են, և ամբողջ տարածքը պետք է ծածկվի, քանի որ եթե ամբողջ օդային տարածքը չի ծածկվում, մանավանդ սահմանային գոտում բավականին բարդություններ են առաջանում. մեկ էլ տեսար` ամպը գոյանում է սահմանի վրա ու չես կարողանում կրակել, և գալիս ու կարկուտը թափվում է: Թափվելուց հետո հազարավոր պարկուճ էլ որ կրակես, միևնույն է` ոչ մի օգուտ այլևս չի տա: Իսկ ընդհանրապես հակակարկտային այս կայանները միջինը կարող են մինչև 60 տոկոս արդունավետություն ապահովել»,- այս կապակցությամբ նշեց Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը` հավելելով, որ աշխարհում ավելի մեծ հակակարկտային կայաններ, քան Հայստանում են, չկան: Հատկապես Եվրոպայում ու ասիական մասերում, բացի Հայաստանից, ոչ մի տեղ հակակարկտային կայաններ չկան: Իսկ այդպիսի մեկ կայանը, նայած տարածքի, կարող է ծածկել 50 հա տարածքից մինչև 80 հա, ոչ ավելի:

Այս հարցի առնչությամբ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը պատմեց հակակարկտային ծառայության ստեղծման հիմքերի մասին` նշելով, որ ստեղծվել էր գյուղատնտեսության հիմնադրամ, ինքը խորհրդի անդամ էր, որտեղ էլ  հենց  8-9 տարի առաջ որոշվեց, որ Արգենտինայից պետք է ձեռք բերվեն այս հակակարկտային սարքերը: «Խորհրդի 11 անդամներից ես միակն էի, որ դեմ  ստորագրեցի այս սարքերին, և հիմնավորեցի, որ այդ սարքերը Հայաստանում չեն փորձարկվել: Երկրորդ դժբախտությունը եղավ այն, որ ացետիլենային այս համակարգերը ներկրվեցին և հետագայում դրանց ացետիլենային պարկուճները փոխարինվեցին պրոպան-բութանով»,- ասաց Հրաչ Բերբերյանը:- Երրորդ դժբախտությունն այն էր, որ  սարքերը տեղադրվել են գյուղերում` այսինքն` ով գումար է ունեցել, կարողացել է ձեռք բերել, ծանոթ է ունեցել` տեղադրել է: Սակայն, իմ խորին համոզմամբ, դա պետք է այլ կերպ արվեր: Մենք ունենք կարկուտնեի հստակ ուղղություններ, որոնք գալիս են  Միջերկրական ծովից: Շիրակի, Արմավիրի` Մասիսի գոտով մտնում են այդ ամպերը, և մենք պետք է երկու էշելոնով դնեինք այդ սարքերը, ոչ թե ցաքուցրիվ անեինք, ուժերը ցրեինք, որպեսզի փորձեինք կանգնեցնել այդ ամպերը, եթե իհարկե ացետիլեն կրակեինք»:

կարկուտ (1) Աշխարհը հրաժարվում է հակակարկտային կայաններից ու անցնում հակակարկտային ցանցերին

Այնուհետև Ագրարագյուղացիական միավորման նախագահն ասաց, որ Եվրոպան վաղուց արդեն հրաժարվել է ացետիլենից,իսկ որտեղ էլ որ դեռևս կան այս տիպի հակակարկտային համակարգեր, այնտեղ էլ հրաժարվում են դրանցից, ու ներկայացրեց հատուկ հակակարկտային ցանցեր, որոնք, նրա հավաստմամբ, 100%-ով գյուղացիական տնտեսությունները կպաշտպանեն կարկուտներից, տարերային աղետներից և նույնիսկ ցրտահարության  ժամանակ 2-3 աստիճան ջերմաստիճանի տարբերություն կապահովեն: Նման ցանցերը 12-15 տարվա երաշխիք ունեն: Մեկ հակակարկտային սարքն Արգենտինայից ձեռք է բերվում  մոտ 30 հազար դոլարով,  իսկ մեկ հեկտարի համար նման ցանցն  արժի մոտ 2500 եվրո: «Եթե ցանցային եղանակը կա, որով գյուղացին հենց ինքը կարող է հոգալ իր հարցերը, ինչո՞ւ թանկ ու մեծ միջոցների մասին մտածենք: Այդ արգենտինական կայանները չեն արդարացնում իրենց»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Այնուհետև  նա ներկայացրեց թվեր, ըստ որոնց, նույն Արգենտինայում, որտեղից Հայաստան են ներկրվել հակակարկտային կայանները, այս տարի մոտ 10 հազար հեկտար խնձորենիների այգիներ են կարկտահարությունից ոչնչացվել, ու եթե Արգենտինայում այդ սարքերն աշխատեին, ապա հենց  նրանց կօգնեին:

Որ ամբողջ աշխարհում անցել են հակակարկտային ցանցերի, Բերբերյանից  բացի նշեց նաև Յուրի Ջավադյանը` շեշտելով. որ Հայաստանում աճող գյուղատնտեսական բույսերից, բացի ընկուզենիներից, մնացած բոլորը այդ հակակարկտային ցանցերով պատելի են:

Ջավադյանի ներկայացմամբ, այդ հակակարկտային ցանցերը պայքարում են ոչ միայն կարկուտի դեմ, այլև վարակների տարածման, նաև հովացնում են բույսերը տոթի ժամանակ, ու արևի ճառագայթները բույսի վրա անմիջական ազդեցություն չեն ունենում: Իսկ վարակների տարածման դեմ պայքարում են  այնքանով, որ նախ` թռչունները չեն ուտում և փչացնում միրգն ու այլ մշակաբույսերը, երկրորդ` բզեզները, որոնք վարակ են տարածում, ավելի դժվար են ներթափանցում ցանքատարածություններ: Այսինքն` բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեն: Հակակարկտային ցանցերը, իհարկե, ավելի թանկ են հակակարկտային կայանների համեմատությամբ, բայց մշտական ապահովություն են երաշխավորում: Դրանք սինթետիկ նյութերից են գործված, բայց հսկայական` մինչև 5 մետրանոց հենակներ պետք է ունենան, այդ հենակների վրա փռվեն, ձմռանը հավաքվեն և այլն:

Ցանցային միջոցները, Հրաչ Բերբերյանի կարծիքով, կարելի է ներդնել պետական սուբսիդիաների միջոցով, հետագայում գյուղացիների կողմից կամաց-կամաց փակելու պայմանով: Նա նշեց, որ եթե մենք մեկ տարում 40 միլիոն դոլարի վնաս պետք է ունենանք, ապա այդ գումարով մեր ամբողջ հանրապետության տարածքը ցանցերով կփակվի:

 

 

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

001 (5)Երևանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցել է 8–12–րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381–ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների։

Առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգևներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առարկայական օլիմպիադայի անցկացման կազմակերպչական հարցերում տարեցտարի առաջընթաց է նկատում։ «Հանձնաժողովի կազմն ամեն տարի փոփոխվում է։ Այս տարի հանձնաժողովում ընդգրկված են եղել ուսուցիչներ ու բուհերի դասախոսներ։ Մասնակիցներին հնարավորություն էր տրված բողոքարկելու արդյունքները, սակայն փաստը, որ թե՛ օլիմպիադայի ընթացքում, թե՛ ավարտից հետո որևէ բողոք չի արձանագրվել, նշանակում է, որ դպրոցականների օլիմպիադան տարեցտարի ավելի լավ է կազմակերպվում։ Ի դեպ, այս տարի այն անցկացվել է դեռևս 2011 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի  հաստատված կարգով»։

Կազմակերպիչները նկատել են նաև, որ այս տարի բարձր է աշակերտների առաջադիմությունը հատկապես բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվեղ առարկաներից։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրազենային հարձակման պատճառով սպանվել է Չեչնիայի Հանրապետության(վարչական միավոր ՌԴ-ում) հյուպատոս Մեդեթ Ունլյուն, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը։

Ոստիկանության հետաքննության համաձայն` հարձակումն իրականացնողները երկուսն են եղել։ Նրանցից մեկը սպասել է մեքենայում, իսկ մյուսը խլացուցիչ ատրճանակով սպանել է հյուպատոսին։

Շենքի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հանցագործներին: Ոստիկանությունը փնտրում է նրանց։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը ևս մասնակցելու է այդ գործին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ըստ նախնական վարկածի՝ երկու անհայտ անձինք հյուպատոսի դռան զանգն են տվել այն պահին, երբ վերջինս պատրաստվում էր նամազ անել։ Դուռը բացելուց հետո հանցագործները մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ և փախուստի դիմել։

Ավելի ուշ հարազատներն անհանգստացել են, քանի որ նա չի պատասխանել հեռախոսազանգերին, և դիմել են ոստիկանությանն ու շտապօգնության աշխատակիցներին։ Վերջիններս գտել են հյուպատոսի անկենդան մարմինը։

Ժոզե Մոուրինյոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից

1354732545,53Հունիսի 3-ին Մադրիդի «Ռեալ»  ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կներկայացնի թիմի գլխավոր  նոր մարզչին` Կարլո Անչելոտիին: Մինչ այդ` հունիսի 1-ին, զբաղեցրած պաշտոնից կհեռացվի  «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Լոնդոնի «Չելսին»։

Շիրակ. Հարուցվել է քրեական գործ` յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ

7827_bՇիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Շիրակի մարզի Հովնունի համայնքում յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Շիրակի մարզի Հովնունի համայնքի ղեկավարը, 2005-2013թթ. ընթացքում նույն համայնքի գյուղապետարանի հարկային գործակալի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հողի հարկի դիմաց համայնքի բնակիչներից համապատասխան անդորրագրերով հավաքագրված գումարները գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել և յուրացրել է:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում համայնքապետը կազմել է համայնքի բնակիչներին սոցիալական օգնություններ տրամադրելու համար համայնքի ավագանու ակնհայտ կեղծ որոշումներ, կեղծել ավագանու անդամների ստորագրությունները, հաստատել դրանք և դրանց հիման վրա գյուղապետարանի դրամարկղից ելքագրել է առանձնապես խոշոր չափի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: