Հույն ուսուցիչները գործադուլի չեն դուրս գա

1Հույն ուսուցիչները գործադուլի չեն դուրս գաՀունաստանի դպրոցների ուսուցիչները երեքշաբթի որոշել են դուրս չգալ գործադուլի, քանի որ երկրում անցկացվում են համալսարանի ընդունելության քննություններ:
«Որոշ ուսուցիչներ կարող են հեռացվել աշխատանքից», – Vima ռադիոյին տված հարցազրույցում ասել է ուսուցիչների OLME միության ղեկավար Նիկոս Պապաչրիստոսը:
Միության անդամների միջև անցկացրած քվեարկության արդյունքում որոշվել է չանցկացնել գործադուլ, որը նախատեսված էր սկսել ուրբաթ օրվանից:
Երկրի առաջատար միությունները հրաժարվել են ընդունել OLME-ի՝ գործադուլին միանալու առաջարկը:

 

Շիրակի մարզի հանցագործ երեխաները

ոստիկանությունՈստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում գրանցվել է 5 անչափահասների կողմից կատարված հանցագործության 3 դեպք: Դրանք հաշվառված են մեկը Գյումրիի, մեկը Արթիկի, մեկը Անիի ոստիկանական բաժանմունքներում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ դեպքերի քանակը նվազել է 13-ով, իսկ հանցագործություն կատարած անչափահասների քանակը` 5-ով:

“Ներկայումս հաշվառման մեջ են գտնվում` պրոֆիլակտիկ գործերով 22, պրոֆիլակտիկ քարտերով` 27 անչափահաս: Մարզում հաշվառման մեջ ունենք 8 ծնող, որոնք բացասաբար կարող են ազդել իրենց երեխաների վրա, թողնել գնալ տնից և այլն: Այս 4 ամիսներում հայտնաբերվել է թափառաշրջիկ մուրացիկ 1 երեխա` Գյումրիում”, – հայտնեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության անչափահասների գծով ավագ օպեր լիազոր Կարեն Գևորգյանը:
Անչափահասների կողմից կատարած հանցագործությունները հիմնականում գողության դեպքեր են:
Օպեր լիազորն անչափահասների մասնակցությամբ դեպքերի նվազումը բացատրում է որպես ոստիկանության անչափահասների, պրոֆիլկատիկ բաժանմունքների ճիշտ կազմակերպած աշխատանքների և ոստիկանական հսկողության արդյունք:
Պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում մարզի դպրոցներում, անցկացվում են հատուկ դասաժամեր: Այս 4 ամիսներին Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում և մասնագիտական ուսումնարաններում անցկացվել է 95 զրույց-զեկուցում:
“Քանի որ մոտենում է “Վերջին զանգը”, դպրոցներում ոստիկանության աշխատանքն ավելի շատ է. դպրոցականների կողմից ոգելից չօգտագործելու, այդ օրերին որևէ դեպք չգրանցվելու առումով”, – archive2.ankakh.com-ին փոխանցեց անչափահասների գծով ավագ օպեր լիազոր Կարեն Գևորգյանը:
Անցյալ տարի Շիրակի մարզային ոստիկանության ենթակա ստորաբաժանումներում “Վերջին զանգի” շրջանակներում որևէ դեպք չի գրանցվել:

Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել է Հայկական հարցի և հայ-թուրքական հարաբերությունների մասին

dominique-de-villepinՖրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլեպինը ժողովրդավար պետությունների խորհրդարանների կողմից Հայկական հարցի կիրառումը որակել է որպես մեծ սխալ: Այս մասին հաղորդում է «Son haberler» կայքը՝ վկայակոչելով «Today’s Zaman»-ի հրապարակած լուրը: Վիլեպինը այս հարցերի մասին է խոսել Ստամբուլում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ՝ նշելով, որ Հայկական հարցը «պատմաբանների գործն է» և «պատմությունը կանոններով կրկին չի կարելի գրել»:

Դոմինիկ դը Վիլեպինը, հիշատակելով հայ-թուրքական մերձեցման գործում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ունեցած ներդրումը, նշել է, որ Հայկական հարցի նման նուրբ և բարդ խնդիրների լուծման համար բարի կամք և երևակայության ուժ է անհրաժեշտ, իսկ լուծման գործընթացը ժամանակ կպահանջի: «Երկու երկրների միջև առկա խնդրում ինչքան քիչ երկիր ներգրավվի, այնքան ավելի լավ»,-հավելել է փորձառու քաղաքական գործիչը

Թուրքիայում դեմոկրատիայի վախճանը՝ Ստամբուլում ճնշվում են ուսանողական ցույցերը (տեսանյութ)

cuycԹուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունների դեմ բողոքի ցույցերը Անկարայից տեղափոխվել են Ստամբուլ: Այսօր ցերեկը մոտ հազար ուսանող հավաքվել էին Ստամբուլի համալսարանի դիմաց: Ուսանողները տրամվայի գծով շարժվել են դեպի Քադըքյոյ թաղամաս, այնտեղ նրանց են միացել Միմար Սինան համալսարանից ուսանողական խումբ: Ուսանողները շարժվել են դեպի Դոլմաբահչե պալատում գտնվող վարչապետական գրասենյակ: Այնտեղ նրանք սկսել են բացատրություն պահանջել, իսկ ոստիկանները ուսանողների դեմ բարիկադներ են կառուցել:

«Radikal»-ը հաղորդում է, որ բողոքող ուսանողները իրենց պաստառների վրա գրել էին «Ռեյհանլըի կոտորածի պատասխանատվությունը ԱԶԿ-ից են հարցնելու», «ԱԶԿ-ը ձեռքդ քաշիր Սիրիայից», «Անիծվե՛ն Ամերիկայի ծառաները», «Դավութօղլու հեռացի՛ր», «Երիտասարդությունը հաշիվ է պահանջելու մարդասպաններից», արտահայտությունները: Ինչպես և երեկ Անկարայում, այնպես էլ այսօր Ստամբուլում, ոստիկանությունը ցուցարարների դեմ ուժ է կիրառել՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ, կան վիրավորներ:
Փաստորեն թուրքական իշխանությունները շարունակում են այլախոհության ցանկացած դրսևորման ճնշման իրենց ավանդական քաղաքականությունը՝ թույլ չտալով ուսանողությանը ազատորեն արտահայտելու իրենց բողոքը կառավարության այս կամ այն քայլի նկատմամբ: Այդքան գովելի թուրքական դեմոկրատիան աստիճանաբար կորցնում է իր վերջին հետքերը:

http://webtv.radikal.com.tr/Turkiye/3515/besiktas-a-yuruyen-ogrencilere-polis-mudahalesi.aspx

«Հատուկ» վերաբերմունք` հատուկ նշանակության ձեռնարկության աշխատակիցներին

OLYMPUS DIGITAL CAMERA«Հայփոստ» ՓԲԸ-ում, որը հանդիսանում է Հայատանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին»  «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել: Նախատեսված է եղել աշխատանքից ազատել մոտ 100 աշխատակիցների:

«Հարյուր հոգու պետք է աշխատանքից ազատեին: Կեսին արդեն ազատել են, իսկ մյուս կեսին էլ պետք է ազատեին` սկսած մայիսի 15-ից: Բոլորիս փոխարեն աշխատանքի են ընդունում իրենց ծանոթ-բարեկամներին, հիմնականում` երիտասարդ` 20-26 տարեկան աղջիկների»,- պատմեց աշխատանքից ազատված աշխատակից Ա.Ա.-ն (խնդրել է իր անունը չհրապարակել):

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել «Հայփոստի» մեր աղբյուրներից. նրան, բարեբախտաբար, աշխատանքից հեռացվելու վտանգ չէր սպառնում: Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ իրականում դա այլ խաղ է: Իրականությունը, պարզվեց, մեղմ ասած, սփոփիչ չէ:

ՀՀ կառավարության  1995 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 113 որոշման համաձայն` «Հայփոստ» պետական ձեռնարկությունն ընդգրկվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկում և վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հայփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության»: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

Հետաքրքիր է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2005 թ. մարտի 10-ի N 292-Ն որոշման համաձայն` հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր և որպես պետությունից պատվիրակված գործունեություն` իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Բայց արի ու տես, որ, ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքէջում, «ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացնել մեծածավալ բարեփոխումներ և ընկերության կողմից իրականացվող գործունեությունը համախատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին, 2006 թ. նոյեմբեր ամսին որոշում է ընդունել «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել հավատարմագրային կառավարման…»: Այդ որոշման շրջանակներում «Հայփոստի», այսպես ասած, հավատարմագրային կառավարումը հանձնվել է արգենտինացի կառավարիչներին: Այսինքն` հենց կառավարության կողմից «ազգային օպերատոր» հռչակված և «հատուկ նշանակության պետական ձեռնարկություն» որակված ընկերության կառավարումը հանձնվում է արտասահմանցի կառավարիչների: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է:

Ինչ վերաբերում է կառավարիչներին, ապա ըստ ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի, ինչպես հայտնեց մեր աղբյուրը, «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչն ունի որոշակի պարտավորություներ, ինչպիսիք են, օրինակ, աշխատողների աշխատանքային իրավունքների պահպանումը, աշխատավարձերի փուլային բարձրացումը և այլն: Այս պայմանագրային դրույթների իրագործման վերահսկողությունն էլ վերապահված է ՀՀ կառավարությանը: Բայց մեր արգենտինացի «բարեկամները», ստանալով «Հայփոստի» կառավարման իրավունքը, մի հնարք են գործի դրել. մի քանի տասնյակ հոգու` «իրենց մարդկանց» , բավականին բարձր աշխատավարձով ու լավ աշխատանքային պայմաններով ընդունել են աշխատանքի, ու վերահսկիչ մարմիններին հենց այդ մարդկանց տվյալները ցույց տալով էլ` «թոզ են փչում» մեր կառավարության աչքերին ու ցույց տալիս, թե իրենք, իբր, կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները: Իսկ նրանց, ովքեր բողոքում են աշխատանքային վատ պայմաններից կամ ցածր աշխատավարձից, ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Ու «Հայփոստի» մեր աղբյուրը հավանական համարեց, որ վերոհիշյալ 100 հոգին հենց այն մարդկանցից են, որոնք դժգոհություն են հայտնել իրենց աշխատանքային պայմաններից ու հայտնվել «սև ցուցակում»: Եվ հավելեց, որ ներկա դրությամբ ընկերությունում իրենց աշխատանքային պայմաններից ու վարձատրության չափից բողոքողների թիվը բավականին մեծ է:

Տեղեկացանք նաև, որ մեկ այլ հնարք էլ կա. բողոքողներին  հայտնում են աշխատանքից հեռացվելու մասին, բայց իրականում չեն հեռացնում, այլ «ակնարկում են», որ նրանք, ցանկության դեպքում, կարող են նաև «վերադարձնել» իրենց աշխատանքը: Իսկ դրա համար, բնականաբար, ինչպես ընդունված է Արևելքում, պետք է նախ «շնորհակալություն» հայտնել աշխատանքը «վերադարձնողներին», իսկ հետո էլ` այդ «թանկագին» աշխատանքին խնամքով վեաբերվել` չբողոքել ու չտրտնջալ: Իսկ ով չի համաձայնվի, ավելի լավ, դիմում կներկայացնի ու կհեռանա, հեռացողների փոխարեն աշխատանքի կընդունեն «երիտասարդ ու բանիմաց» կադրերի` դարձյալ «իրենց մարդկանց»…

Այս բոլոր «նրբությունների» իսկությունը ճշտել, պարզաբանում ստանալ կամ թեկուզ հակառակ տեսակետ լսել մեզ դեռ չի հաջողվել, քանի որ «Հայփոստի» օպերատորի տված հեռախոսահամարները, որոնցով պետք է կապ հաստատեինք ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի գործառույթներ կատարող համապատասխան պատասխանատուների հետ, այդպես էլ չպատասխանեցին:

Մեր հարցմանը դեռ չի պատասխանել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունը, որից հարցրել էինք, թե արդյոք իրենք տեղյա՞կ են, նման խնդիր գոյություն ունի՞ կամ արդյոք ընկերության որևէ աշխատակցից բողոք ստացե՞լ են: Հուսանք, որ հետագայում այս կապակցությամբ որոշակի պարզաբանումներ կստանանք: