Մայիսի 23-ին, ժամը 18.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատանը կարիճը խայթել է Պռոշյան փողոցի թիվ 14 տան բնակիչ` 1962թ. ծնված Վաչագան Խաչատրյանին, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Daily Archives: May 24, 2013
Փրկարարներն օգնել են երեխային
Մայիսի 23-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 2012 թ. ծնված Ա. Հակոբյանին անվնաս հանձնել ծնողներին:
Փոփոխական եղանակը կշարունակվի
Մայիսի 24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-28-ը ժամանակ առ ժամանակ` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ին` նույնքան կնվազի:
Երևանում՝
Մայիսի 24-ին սպսվում է առանց տեղումների եղանակ, 25-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 26-28-ին ժամանակ առ ժամանակ` սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·Օդի առավելագույն ջերմաստիճան 34.20C (1989թ)
·Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1892թ)
·Օդի միջին օրական ջերմաստիճան 19.00C
Բաշ-Ապարանի հերոսամարտը
Եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու (Սպիտակ), Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում...
Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ամենափառահեղ իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը: Առհասարակ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից որևէ մեկին նախապատվություն տալը սխալ է, քանզի թե՛ Սարդարապատում, թե՛ Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտության դեպքում կասկածի տակ կլիներ արևելահայության, մասնավորապես` Արարատյան դաշտավայրի և Լոռի-Թիֆլիս առանցքում բնակվող հայության ֆիզիկական գոյությունը:
Թուրքական բանակը, 1918 թ. գարնանը ներխուժելով Արևելյան Հայաստան, բաժանվեց երեք մասի: Առաջին զորախումբը Ղարաքիլիսայի ուղղությամբ արշավեց հյուսիս` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը, երկրորդ զորամասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց դեպի Երևան Արարատյան դաշտով, իսկ երրորդ զորախումբը փորձեց Երևանը գրոհել հյուսիսից և գրավելով Համամլուն` շարժվեց Բաշ-Ապարանի ուղղությամբ:
1918 թ. մայիսի 22-ին` Սարդարապատի ճակատամարտի օրը, թուրքական 10000-ոց զորաբանակը (9-րդ դիվիզիան) Ասադ փաշայի հրամանատարությամբ և տեղացի 4000 բաշիբոզուկների ուղեկցությամբ հայտնվեց Բաշ-Ապարանի մատույցներում: Թուրքական բանակին հայ աշխարհազորայինները համազարկերով դիմավորեցին արդեն Միրաք գյուղի մատույցներում: Սակայն ապարանցիների նախնական դիմադրությունը անհույս կլիներ, եթե գործին չմիջամտեր Դրոն: Մինչ Դրոյի Ապարան հասնելն այստեղ համատարած խուճապ էր: Չկար ինքնապաշտպանության պլան, չկար կազմակերպված դիմադրություն:
Ապարանի գյուղերն արագ դատարկվում էին: Մինչ Դրոյի ժամանելը որոշ աշխատանքներ էին կատարել Ապարանի գավառապետը` Սեդրակ Ջալալյանը և տեղի բնակիչներից Արսեն Տեր-Պողոսյանը: Նրանք շրջում էին գյուղեգյուղ և ժողովրդին ինքնապաշտպանության կոչեր անում, փորձում տեղի ուժերով կազմակերպել հայերի դիմադրությունը: Նրանք կազմեցին ինքնապաշտպանական խորհուրդ` քահանա Հովհաննես Տեր-Մինասյանի նախագահությամբ: Ինքնապաշտպանական խորհուրդը ստեղծեց թռուցիկ խմբեր, փակեց բնակչության նահանջի ճանապարհը, զենք կրելու ունակ բոլոր տղամարդկանց զորակոչ հայտարարեց և մայիսի 17-ին Ապարանի գավառում հայտարարեց պատերազմական իրավիճակ: Ինքնապաշտպանական խորհուրդը որոշեց թուրքական բանակին դիմակայելու համար ճակատի գիծ հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի մեջտեղն ընկած բլուրները: Մի քանի օրվա ընթացքում հավաքագրվեց և պաշտպանական գիծ մեկնեց մոտ 1500 զինյալ: Մի քանի օր անց զինված աշխարհազորայինների թվաքանակը հասավ 3500 մարդու: Սակայն վերապահությամբ կարելի է հայ աշխարհազորայիններին անվանել զինված: Ճակատի գիծը հսկում էր ընդամենը երկու գնդացիր, թնդանոթներ չկային, իսկ առկա հրացանները հնաոճ էին:
Ինչևէ, մայիսի 22-ին թուրքական առաջապահ զորքերը հասան հայկական դիրքեր և դիմադրության հանդիպեցին: Անակնկալի եկած թուրքերը նահանջեցին և սպասեցին հիմնական ուժերի մոտենալուն, որպեսզի անցնեն վճռական գրոհի:
Մայիսի 22-ի երեկոյան, Երևանի հայոց ազգային խորհրդի որոշմամբ, որպես Բաշ-Ապարանի ռազմաճակատի հրամանատար` իր մարտունակ գնդով Ապարան է ժամանում Դրոն` Դրաստամատ Կանայանը:
Մինչ Դրոն կծանոթանար ստեղծված իրադրությանը և մարտի մեջ կմտներ, թուրքերը կարողացան ճեղքել հայերի պաշտպանական դիրքերը և հայկական աշխարհազորը Արսեն Տեր-Պողոսյանի հրամանով նահանջեց պաշտպանական երկրորդ գիծ:
Սակայն շուտով հայկական աշխարհազորը ստվարացավ: Մի քանի հարյուր կամավորներ ժամանեցին Աշտարակի գյուղերից, և հայկական զինուժն ամուր դիրքավորվեց պաշտպանական երկրորդ գծում: Դրանից զատ, ճակատը համալրեցին փորձառու հայ կամավորները բուլանաղցի Մուրադի, Զեմլյակի, սասունցի Մանուկի, Քաչալ Ղազարի, Յապոնի, գառնեցի Մարտիրոսի հրամանատարությամբ:
Կռիվների երրորդ օրը Դրոյի խնդրանքով Արամ Մանուկյանը Սարդարապատի ճակատից Ապարան ուղարկեց նաև կանոնավոր զորագնդեր: Մասնավորապես, արագ երթով Ապարան հասավ գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը և փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը: Հայկական ուժերը համալրվեցին նաև հրանոթներով: Սարդարապատի ճակատից այստեղ տեղափոխվեցին կապիտաններ Կլիչի և Սակելյարիի մարտկոցները: Այսպիսով, հայկական կողմից ճակատային գծում դիրքավորվել էր մոտ 8000 մարտիկ: Հայկական ուժերին աջակցում էր նաև եզդի աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:
Մայիսի 25-ը վճռական էր Բաշ-Ապարանի ճակատամարտի համար: Վեհիբ փաշայի հրամանով ողջ ճակատով թուրքական զորքերը հարձակման անցան: Թուրքական բանակը փորձեց Սարալանջ գյուղի մոտ շրջանցել հայկական դիրքերը և թիկունքից անակնկալ հարվածել մեր դիրքերին: Սակայն նրանք հայտնվեցին հայկական ուժերի լավ քողարկած ծուղակում և ջախջախվեցին: Գրավելով Սարալանջ գյուղի մատույցներում գերիշխող բլուրները` հայոց զորքը Քասախ գետի հովտում ջարդ տվեց ելուզակներին:
Սակայն Արագածի փեշերին դիրքավորված հայ աշխարհազորայինները թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ տեղի տվեցին: Թուրքերը ճեղքելով հայոց պաշտպանական դիրքերը` հայտնվեցին հայերի թիկունքում և առաջ շարժվեցին ավելի քան մեկ կիլոմետր: Վրա հասած գնդապետ Զալինյանի գունդն ու Գևորգ քահանայի գլխավորած աշխարհազորը շրջապատում են թուրքական բանակն ու խաչաձև կրակի տակ առնում: Ի վերջո, թուրքական այս գունդը գլխովին ոչնչանում է:
Շուտով թուրքական կանոնավոր բանակին օգնության են շտապում Ապարանի գավառում բնակվող թուրքերը: Սակայն Կարմիր վանքի մատույցներում նրանց դեմը փակում է աշխարհազորը, և թուրք բաշիբոզուկները, տասնյակ զոհեր տալով, նահանջում են: Պարտվելով կարմիր վանքի մատույցներում` թուրքերը նոր ճակատ են բացում Բուժական գյուղի ուղղությամբ: Սակայն հայ աշխարհազորը այստեղ ևս հերոսական դիմադրություն է ցուցաբերում թուրքերին և նահանջի մատնում նրանց: Այդ օրը թուրքական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 1000 զոհ: Հայոց զինուժը ձեռք բերեց հսկայական ռազմավար:
Մայիսի 26-ին թուրքական բանակը հայկական պաշտպանական գիծը ճեղքելու մի քանի անհաջող փորձ է անում, սակայն ապարդյուն: Ավելին` քանի որ Սարդարապատում արդեն բեկումնային իրավիճակ էր, Արամ Մանուկյանի հրամանով Սարդարապատից Բաշ-Ապարանի ճակատ են տեղափոխվում կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցն ու հրաձգային 5-րդ գունդը` գնդապետ Հովսեփյանի հրամանատարությամբ:
Դրա հետ մեկտեղ, խանդավառվելով հայոց զինուժի հաղթանակներից, ճակատի գիծը համալրեցին մինչ այժմ մարտից խույս տված շատ բնակիչներ, և հայոց զորքի թվաքանակը, էլ ավելի ստվարանալով, մոտեցավ 10000-ի: Մայիսի 27-ին թուրքական բանակն արդեն ռազմաճակատի որոշ հատվածներում նահանջել էր, իսկ հայոց գնդերը հարձակման էին անցնում գրեթե ողջ ճակատով:
Մայիսի 28-ին Դրոն հայոց գնդերին ընդհանուր հարձակման հրաման է տալիս: Ողջ ճակատով հայկական գնդերն ու աշխարհազորը գրոհելով թուրքերին հետ են շպրտում ելման դիրքերը: Գրոհն անկասելի էր, և թուրքական բանակն արյունաքամ փախուստի է դիմում մարտադաշտից:
Մայիսի 28-ին Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության ծնունդը և Բաթումում հաշտության բանակցություններ սկսում թուրքական հրամանատարության հետ: Կնքվում է զինադադար, որի արդյունքում Թիֆլիսում ձևավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայկական գնդերին կարգադրում է դադարեցնել հարձակումը:
Պատերազմն ավարտված էր: Սակայն դա, ինչ խոսք, անժամանակ և մարտավարական տեսանկյունից ոչ ճիշտ որոշում էր: Թուրքական բանակի մնացորդները, նահանջելով Սարդարապատից և Բաշ-Ապարանից, կենտրոնացան Ալեքսանդրապոլում, և միայն Մուդրուսի զինադադարից հետո հեռացան Արևելյան Հայաստանից: Բացի այդ, եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու, Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Գրքի շնորհանդես Բեյրութում
Մայիսի 22-ին Բեյրութի Բիել համալիրում «Դար ալ Մուրադ» հրատարակչատունը Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայկազյան եւ մի շարք այլ համալսարանների աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպեց «Մեր բանաստեղծները, որոնք կերտել են Հայաստանի փառքը» արաբերեն լեզվով տպագրված ժողովածուի շնորհանդեսը:
Երեկոն, որին ներկա էին շուրջ 1000 հրավիրյալներ, անցկացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ:
Գրքում արաբական աշխարհի ընթերցողին է ներկայացվում հայ բանաստեղծների ստեղծագործությունների արաբերեն թարգմանությունները:
Հանդիսության սկզբում հնչեցին Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերը: Ապա բացման խոսքում «Դար ալ Մուրադ» հրատարակչատան սեփականատեր եւ գլխավոր տնօեն Միշել Մուրադը երախտիքի իր խոսքն ուղղեց գրքի հրատարակման գործում իրենց ավանդը ներդրած թարգմանիչ Ժյուլի Մուրադին, խմբագրման աշխատանքներին մասնակցած գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին ու արվեստագետ Շահեն Խաչատրյանին, ինչպես նաեւ բարերարներին, մասնավորապես՝ Երջո Սամվելյանին, ում աջակցությամբ հնարավոր եղավ լույս ընծայել նախադեպը չունեցող, արաբերեն լեզվով թարգմանված, հայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն:
Հանդիսությանը ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի ուղերձը, որում, մասնավորապես, ասված է. «Հայ եւ արաբ ժողովուրդների առնչություններն ունեն դարավոր ավանդույթներ: Մեր ժողովուրդները պատմության ընթացքում կարողացել են ճանաչել իրար, ակնածանքով եւ հոգածությամբ վերաբերվել միմյանց խնդիրներին: Հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է արաբ ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ հայրենազրկված բազմահազար հայերի հանդեպ ցուցաբերած եղբայրական վերաբերմունքի համար:
«Դար ալ Մուրադ» հրատարակչատան նվիրական ջանքերի շնորհիվ արաբական աշխարհի ընթերցասեր հասարակությունը հնարավորություն է ստանում առավել խորությամբ ճանաչելու հայ ժողովրդին` սերտորեն առնչվելով նրա հարուստ պոեզիայի, կերպարվեստի եւ մշակույթի լավագույն նմուշներին: …հրատարակչատունն անգնահատելի քայլ կատարեց հայ եւ լիբանանցի ժողովուրդների մշակութային հարաբերությունների խորացման ու փոխհարստացման գործում, որը, անշուշտ, ապագայում նոր պտուղներ է տալու:
Մեր եղբայրական ժողովուրդների բարեկամությունը հիմնված է լիբանանահայերի եւ Լիբանան պետության փոխադարձ հարգանքի վրա: Այդ հատուկ վերաբերմունքի շնորհիվ է, որ Լիբանանի հայ համայնքն իր բազմաբովանդակ գործունեությամբ մասնակցում է Լիբանանի զարգացմանը եւ շարունակում մնալ սփյուռքի հոգեւոր կյանքի, ազգային-քաղաքական գործունեության եւ լուսավորչական մտքի կենտրոնը»:
Իր խոսքում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր սատար են կանգնել գրքի լույս ընծայման նախաձեռնությանը:
Հանդիսություն-երեկոն ուղեկցվեց հայ բանաստեղծությունների արաբերեն ընթերցմամբ եւ հանրահայտ «Կոմիտաս» քառյակի երաժշտական կատարումներով:
Փակման խոսքով հանդես եկավ Լիբանանի նախկին նախարար Դմիանոս Քաթթարը, ով կարեւորեց հայերի եւ լիբանանցիների միջեւ գոյություն ունեցող անքակտելի կապը եւ հավաստիացրեց, որ «Մեր բանաստեղծները՝ Հայաստանի փառքի կերտիչները» գրիք լույս ընծայումը էլ ավելի կամրապնդի այդ կապերը:
Հանդիսությանը ներկա էին Լիբանանի Նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Փանոս Մանճյանը, ներկա եւ նախկին նախարարներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համայնքների քաղաքական եւ հոգեւոր այրեր, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Ընդդիմադիրը Ասադին կոչ է անում հեռանալ իշխանությունից
Սիրիայի ընդդիմադիր առաջնորդը նախագահ Բաշար ալ-Ասադին հինգշաբթի ասել է փոխանցել իր լիազորությունները իր տեղակալին կամ վարչապետին և տեղափոխվել արտերկիր իր 500 շքախմբով:
Մոազ Ալխաթիբը նախագահին առաջարկել է 16 կետից բաղկացած ծրագիր: Ծրագրից կարելի է եզրակացնել, որ նա պատրաստ է համագործակցել այն անձանց հետ, ովքեր աշխատել են ունեցել Բաշար ալ-Ասադի հետ:
Հայտնի չէ` արդյոք Ալխաթիբի ծրագիրը աջակցություն կստանա մյուս ընդդիմադիր ուժերի կողմից:
Ալխաթիբն ասել է, որ Ասադը պետք է պատասխանի 20 օրվա ընթացքում, որից հետո նա մեկ ամիս ժամանակ կունենա խորհրդարանը ցրելու համար: Պաշտոնը զիջելուն պես, կառավարությունը կգործի 100 օր, ապա՝ հանձնվի անցումային կառավարությանը:
ԱՄՆ-ում դեռահասների հղիության ցուցանիշը կտրուկ նվազել է
ԱՄՆ-ում դեռահասների ծնելիության մակարդակը աննախադեպ իջել է, սակայն ԱՄՆ-ը զարգացած երկրների միջից առաջինն է իր բարձր ցուցանիշով, ասել է ԱՄՆ-ի առողջապահության վերահսկման կենտրոնը:
Դեռահասների ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել է 25 տոկոսով: Դա նշանակում է, որ 2007թ-ի դրությամբ 15-19 տարեկանների միջև 1000 հոգուց 41,5-ը հղիանում էր, մինչդեռ 2011թ-ին նրանց թիվը կազմում էր 31,3:
Ցուցանիշի անկումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում դեռահասների հղիության կանխմանն ուղղված կոչերի հետևանքով:
Համաձայն վերջերս իրականացված ընտանիքի զարգացման ազգային հետազոտման տվյալների՝ հակաբեղմնավորիչներ օգտագործող դեռահասների քանակն աճել է: Ընդ որում ընդդեմ բեղմնավորման միջոցներ են օգտագործում երկու սեռերի ներկայացուցիչները՝ հիմնականում օգտագործելով պահպանակներ և հորմոնալ մեթոդներ:
Այլ է պատկերը եվրոպական երկրներում: 2009թ Մեծ Բրիտանիայում դեռահասների հղիության ցուցանիշը 2009թ-ին 1.000 հոգու միջից կազմում էր 25, իսկ 2008թ Ֆրանսիայում՝ 10.2:
Կաննում երկու օր շարունակ իրեն որպես Psy է ներկայացրել նրա նմանակը
Հարավկորեացի երգիչ Psy-ի կրկնօրինակը երկու օր շարունակ կերել, խմել և զվարճացել է Կաննում գտնվող աստղերի հետ:
Նա ներկա է գնտվել երեկույթներին և միջոցառումներին, նկարվել հյուրերի և արտիստների հետ:
Օգտագործելով երգչի փառքը, տղան փառատոնների մասնակցության մուտք է ստացել:
Նմանակը հագնվում էր ճիշտ այնպես ինչպես Psy-ը և կրում էր նույնատիպ ակնոցներ: Նա մեկ օր անց է կացրել Մարտինես նավահնգստյան ռեստորաններից մեկում և գիշերն անցկացրել Carlton հյուրանոցում:
Դերասանուհի Նաոմի Հարիսը կուլ է գնացել կատակին և Թվիթերի իր էջում տեղադրել է իր և Psy-ի կրկնօրինակի նկարը, չիմանալով, որ նա ամենևին էլ Psy-ը չէ:
Իսկական Psy-ը Թվիտերի իր էջում կատակով գրել է, որ տեսնելու դեպքում բարևներ փոխանցեն իր կրկնօրինակին:
Հյուսիսային Կորեան ցանկանում է Չինաստանի հետ կարգավորել հարաբերությունները
Հյուսիսային Կորեան պատրաստ է ընդունել Չինաստանի առաջարկը և բանակցությունների սեղանի շուրջ նստել, ասել է Քիմ Չոնգ ունը:
Սակայն շատ ակնկալիքներ չկան, քանի որ Հյուսիսային Կորեան բազմիցս հայտնել է, որ չի պատրաստվում վերջ տալ միջուկային ծրագրին, չնայած արևմտյան ուժերի ճնշումների:
Նախկին դաշնակիցների միջև հարաբերությունները վատացել են փետրվարին կայացած միջուկային փորձարկումից հետո, որին հաջորդել էր ՄԱԿ-ի կողմից Հյուսիսային Կորեայի վրա պատժամիջոցներ սահմանելու համար Չինաստանի համաձայնվելը:
Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև ամենաբարձր մակարդակի շփումը եղել է կորեացի ռազմական պաշտոնյա Չո Ռյոնգ հաի Չինաստան կատարած այցի ժամանակ:
Նրա խոսքերով` Քիմն իրեն Չինաստան է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար:
