Նախագահի մոտ տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ

3383Նախագահի մոտ տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը:
***
Նախագահի բացման խոսքը քննարկման ժամանակ


Բարև ձեզ,

Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ: Այս թեմայով մենք վերջին տարիների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք: Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, և այսօր որևէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետևից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու: Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր ձեռքբերում է: Առաջընթաց ունենք նաև գնումների կազմակերպման գործընթացի կանոնակարգման և տեխնիկական-կազմակերպչական հարցերում: Սա է իրականությունը: Բայց ակնհայտ է, որ սա մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է:

Այո, հիմնական սխեմաները, որոնք աշխատել են տարիներ շարունակ և, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ, բոլորիս հայտնի են: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից իրականացվող մրցույթները շահում են նույն կազմակերպությունները կամ նույն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կազմակերպությունների հետևում: Տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ավելի թանկ են, քան դրանք առկա են շուկայում: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ և մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ: Շինարարական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետև այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով: Խոսքս դասական եղանակներին չի վերաբերում: Եվ ամենավատն այն է, որ այդպիսի դեպքերում փաստաթղթերը կազմում են շատ ճիշտ, օրենքի տառին համապատասխան: Եվ շատ դեպքերում այդպիսի մարդկանց ձեռքից բռնելը դժվար է լինում: Բայց մենք շատ հստակ գիտենք կամ գոնե կասկածում ենք, որ դեպքն այդպիսին է: Ասածս հետևյալն է, որ փաստաթղթերի ճիշտ կազմումը դեռևս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ և պետության համար ընդունելի եղանակով: Այսինքն՝ այսպիսի դեպքերում միշտ չէ, որ մենք կարողանում ենք պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, մինչդեռ՝ պարտավոր ենք: Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք, և մեր ջանքերն այդ ուղղությամբ, իհարկե, պետք է ավելացնենք: Այո՛, այս փուլում, երբ պետությունն ինքն է ամենաբարձրը խոսում առկա թերությունների մասին, հրապարակավ մատնանշում ռիսկային ոլորտները, կարող ենք ունենալ նաև հասարակական ընկալում, թե ամենուր և ամեն ինչը կոռումպացված է, կոռուպցիան իբր աճում է, պետական միջոցներն իբր համատարած թալանվում են. մանավանդ, որ մենք շահարկողների պակաս չունենք: Մենք այս վտանգը շատ լավ հասկանում ենք: Բայց սա է այն անխուսափելի ճանապարհը, որ մեզ կտանի դեպի ցանկալի հանգրվան: Մենք չենք կարող առաջվա պես ամեն ինչը պահել փակի տակ, որպեսզի կոռուպցիայի ավելացման ընկալում չունենանք ու նաև միաժամանակ հուսանք, որ ինչ-որ մի ժամանակ գործընթացները կմտնեն ցանկալի հուն: Այդպես չի լինում: Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել և ենթարկելու ենք այդ երևույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մե՛նք ենք առաջինը խոսելու թերությունների մասին, որպեսզի պետության հիմքերը խարխլող այս երևույթի դեմ ստեղծենք հանրային անհանդուրժողականության այնպիսի միջավայր, որը թույլ չի տա, որպեսզի վաղը որևէ մեկի մտքով անցնի գնալ այդ ճանապարհով: Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորը խոսում են այս երևույթների մասին, բայց միաժամանակ կանոնակարգման գործընթացներն էլ առաջ են գնում: Միգուցե, նման մթնոլորտը հաճելի չի պետական մեր պաշտոնյաների համար, բայց, նորից եմ կրկնում, մենք այլ ճանապարհ չունենք: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակը տեսանելի ապագայում է, շատ հեռու չէ:

Հիմա ուզում եմ մի քանի կոնկրետ հարցերի մասին խոսել և ասել, որ ունեմ մի քանի դիտարկումներ, որոնք ուզում եմ ուղղել տարբեր կառույցների ղեկավարներին և, իհարկե, ակնկալում են նաև այդ կառույցների ղեկավարների ելույթները կամ գնահատականները, որպեսզի մենք կարողանանք գալ ընդհանուր և ճիշտ եզրակացության:

Պարո՛ն վարչապետ,

Ես տեսա, որ Դուք արդեն հանձնարարել եք բոլոր գերատեսչությունների պատասխանատուներին՝ հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին: Իմ հորդորն է, արա՛գ արեք դա, արե՛ք բաց, թափանցիկ: Մենք որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունենք: Այս խնդիրները՝ լինեն դրանք կառուցվածքային, լինեն դրանք քրեական բնույթի կամ որևէ այլ, պետք է լուծվեն և պետք է լուծվեն արագ: Կա՞ն պրոբլեմներ, որտեղ գերատեսչությունների ղեկավարները կամ կառավարությունը դժվարանում են կողմնորոշվել՝ սա քրեակա՞ն բնույթի է, թե՞ զուտ կազմակերպչական, արագ ուղարկեք համապատասխան մարմիններ: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին: Իմ կարծիքով, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ: Սրանք ոչ թե լսել-առաջ անցնելու համար են, ոչ թե տարբեր շրջանակներում քննարկելու համար են, այլ իրավիճակն ուղղելու համար են: Գոնե ես այդպես եմ մտածում: Մենք մեր նախորդ քննարկումներից հետո հետևում ենք կատարվող աշխատանքներին: Կարևորում ենք բոլոր այն քայլերը, որ մեզ պիտի տանեն.

– էլեկտրոնային գնումների դաշտում առկա խնդիրների վերացմանը: Մենք ժամկետներ ենք պայմանավորվել և խնդրում եմ հստակորեն այս ժամկետները պահպանել:

– գնումների հաշվետվությունների ստացմանը, վարմանը և սահմանված կարգով հրապարակմանը: Եվ պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից հետո 1, 2 կամ 3 օր հետո տեղի մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին և այլն: Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի և ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք: Եվ պետք է հորդորել գերատեսչությունների ղեկավարներին, որ անմիջապես նեղացածի դիրք չընդունեն, չասեն՝ մի պատվիրակություն եկավ, մենք ընդամենը 1 մլն դրամով կարողացանք բոլոր հոգսերը հոգալ, իսկ մեր մասին գրում են, որ 1 մլն դրամ ծախսեցինք: Գրում են, թող գրեն: Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք:

– գնումների աջակցման կենտրոնի, ֆինանսների նախարարության և պատվիրատուների համակարգված գործունեությանը: Սա չափազանց կարևոր է: Եվ այս երեք միավորները մշտապես, իրոք, պետք է համակարգված աշխատեն և պետք է երևա համակարգողի դերը:

– բոլոր պատվիրատու կազմակերպությունների կողմից մեկ անձից գնումներ կատարելու դեպքերի կրճատմանը: Բայց այստեղ ուզում եմ որոշակի բացատրություններ տալ, որովհետև ես երևույթներ եմ նկատում, երբ մեր այս պահանջը փորձում են ի չարս գործադրել, փորձում են որպես առիթ օգտագործել և ասել, քանի որ մենք սահմանափակված ենք մեկ աղբյուրից գնում կատարելու հարցում, ստիպված մրցույթ հայտարարեցինք և մրցույթին ահա այսպիսի առաջարկություններ կային: Իմ ասածը չի վերաբերում այն դեպքերին, երբ մրցույթին մասնակցում են սահմանափակ քանակով մատակարարներ, որոնց առաջարկած ծառայությունները և ապրանքներն ակնհայտորեն բարձր են նրանց իրական արժեքից: Ուզում եմ կոնկրետ օրինակ բերել կապված դեղերի ձեռքբերման հետ: Ինսուլինի հետ կապված այդ ողջ պատմությունը, երբ տարիներ շարունակ մենք ինսուլին ձեռք էինք բերում բարձր գներով, եթե չեմ սխալվում 4500 դրամին մոտ 1 սրվակի համար, և երբ հասկացանք դա, տեսանք, փորձեցինք մի աղբյուրից ձեռք բերել, հայտնվեցին մարդիկ, ովքեր ավելի էժան առաջարկեցին, քան տվյալ մեկ աղբյուրը, որն առաջարկում էր կրկնակի անգամ ավելի էժան, և ինչքան էժան, 2-3 դրամ էժան: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա: Եվ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարը այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն, թե վաղը մեզ քննադատելու են, ասելու են այս մեկը 2 դրամ պակաս է տվել: Ակնհայտ չէ՞, թե ինչու է այս մեկը 2 դրամ պակաս տվել: Ո՞վ կարող է որևէ նախարարի քննադատել, եթե այդ նախարարը կրկնակի ավելի էժան գներով մեկ աղբյուրից է ձեռք բերում այդ ապրանքը:

– Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք գերատեսչության ղեկավարի անձնական պատասխանատվության մակարդակի էական բարձրացմանը: Եվ սա պետք է լինի ոչ թե ձևական, մենք տառակերությամբ չպետք է զբաղվենք, այլ պետք է իրականությունը կարողանանք ճիշտ գնահատել: Ինձ համար ավելի ընդունելի կլինի, եթե գերատեսչության ղեկավարը, պահպանելով, իհարկե, որակական չափանիշները, նվազեցնի ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գները, քան թե այն ղեկավարը, որը պետք է ղեկավարվի օրենքի տառով, բայց արդյունքում ունենանք անհասկանալի գներով ձեռքբերված ապրանքներ և ծառայություններ:

Հիմա Վերահսկիչ պալատի մասով:

Պարո՛ն Զաքարյան,

Մենք պիտի կարողանանք պահպանել, պահել այն ընկալումը, որ յուրաքանչյուր ծրագիր աչալուրջ վերահսկողության տակ է, իսկ առկա թերացումներն անխուսափելիորեն բացահայտվելու են ու հետո ստանալու են իրենց գնահատականները: Բոլորը պիտի հասկանան, որ այսօրվա իրենց կատարածը, իրենց գործած սխալները, հանցագործությունները վաղն անպայման բացահայտվելու են: Այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող: Բոլոր գերատեսչությունները պետք է զգան Վերահսկիչ պալատի հայացքը, Վերահսկիչ պալատի ձեռքը, բայց դա, իհարկե, չպետք է լինի օրենքով նախատեսված ժամկետների խախտման արդյունքում կամ ոչ օրինական գործողությունների արդյունքում:

Բայց ես ունեմ նաև մի քանի դիտարկումներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել: Նախ, աշխատանքի տեմպը չպետք է գցել անկախ որևէ քննարկումներից: Եվ, ինչպես ասացի, բոլորը պիտի զգան Վերահսկիչ պալատի տեսանելի կամ նույնիսկ անտեսանելի ներկայությունը: Երկրորդ, պալատը պետք է սկզբունքային լինի բոլոր ծրագրերի նկատմամբ և հավասարապես օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում: Չափազանց կարևոր է, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել և դա շատ ավելի արդյունավետ կլինի: Եվ վերջապես, քանի որ մենք աշխատում ենք բաց, հրապարակային դաշտում, պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում և որակումներում, որպեսզի չվնասենք մեր գործառույթից դուրս այլ գործընթացներին, որպեսզի ավելորդ ընկալումներ չլինեն հասարակությունում: Պալատի գործը խնդիրները վեր հանելն է՝ դրանք առաջ բերող բոլոր կառուցվածքային, կանոնակարգային և մարդկային գործոնների հետ միասին:

Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որևէ թվի պատճառները կամ հետևանքները: Ստեփան Մնացականյանի գործը արձանագրելն է, թե որքան տնտեսական աճ ունեցանք, օրինակ: Նրա խնդիրը չէ, որպեսզի ասի, որ էկոնոմիկայի նախարարությունը վատ աշխատեց, դրա համար մենք ունեցանք տնտեսական անկում: Դա բոլորովին այլ մարդկանց խնդիր է, դա քաղաքական գործիչների խնդիրն է, վերադասի խնդիրն է, փորձագետների խնդիրն է, ի վերջո դա զանազան մասնագետների խնդիրն է, բոլորի խնդիրն է, բացի կոնկրետ պրոֆեսիոնալ մարմնից:
Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով: Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար:

Եթե պաշտոնատար անձը մի տեղ ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս, պետք է աշխատել այդ ելույթի վրա, այդ հարցազրույցի վրա: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մարդիկ ուղղակի փողոցով գնալուց, կարող են շրջվել, մեկ էլ սկսեն մեր տնտեսության խնդիրների մասին խոսել կամ ընդհանրապես մեր հասարակության խնդիրների մասին խոսել առանց նախապատրաստվելու, այդ մարդիկ չեն կարող օգուտ տալ մեր պետական շինարարությանը: Եթե ես այսպիսի խորհրդակցություն եմ հրավիրում և հիմնականում ընթերցում եմ, դա նրանից չի, որ ես չեմ կարող ամենը բանավոր ասել: Բոլորս այս հարցերում պետք է շատ զգույշ լինենք: Մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ է, մյուսը մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ է: Բայց դա չի նշանակում, որ մենք տարբեր ամբիոններից, տարբեր տեղերից պետք է փորձենք մեր անձնական փիարն անել: Բացառվում է: Ես այդպիսի մոտեցումներին կատեգորիկ դեմ եմ:

Դատախազության մասով:

Պարո՛ն Հովսեփյան,

Ձեր խնդիրն է լինել հստակ և կատարել օրենքի պահանջները: Անկախ նրանից, ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն է ուղարկել, չի ուղարկել: Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել և տալ դրան իրավական գնահատական: Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին և ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է և այդ 700 մլրդ ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ, ծառայություններ կամ ապրանքներ ձեռք բերելու կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսը աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա: Բայց դա ձեր գործն է, դուք պետք է դա անեք: Իսկ այն դեպքերում, որտեղ հանցագործություններ կան, խնդրեմ, այլապես հարցեր են առաջանում՝ ո՞վ է այս նյութն ուղարկել դատախազություն, ինչո՞ւ են ուղարկել կամ ինչո՞ւ չեն ուղարկել: Ի՞նչ է նշանակում ուղարկել, չուղարկել: Հնչել է, հրապարակվել է՝ պետք է ստուգել: Բայց ոչ թե պետք է ստուգել, լռել, այլ ստուգել և դրա մասին հայտարարություն անել: Մենք պետք է այս բոլոր դեպքերում աշխատենք այնպես, ինչպես աշխատում էինք ընտրությունների ժամանակ: Երբ մի հայտարարություն է արվում, միանգամից հայտարարությունը հաշվառվում է, գնահատական է տրվում ու դրա մասին հրապարակավ հայտարարվում է: Ուրեմն ես ակնկալում եմ իրավապահ մարմիններից հստակ գնահատականներ բոլոր դեպքերում, բայց ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ ՀՔԾ-ն, և՛ ոստիկանության քննչական մարմինը հրաժարվեն նախկինում եղած պրակտիկայից այն առումով, որ մի տեղ մի փաստ կա՝ միանգամից սկսում են տարածվել, ընդլայնվել և ընդգրկել մեր ողջ տնտեսական դաշտը: Եթե խոսվել է ինչ-որ մի կազմակերպության մասին՝ գնալ այդ կազմակերպություն ու սկսել ստուգել կազմակերպությունը բոլոր ուղղություններով ու հետո այդ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների և այլն, անթույլատերի է: Այդպես մենք չենք կարող աշխատել. կոնկրետ փաստ, փաստի գնահատական ու այնուհետև՝ որոշում: Եվ, ընդհանրապես, իրավապահները շատ քիչ պետք է մտնեն տնտեսության մեջ: Պետք է մտնեն միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ծայրահեղ է, երբ ակնհայտ հանցագործություն կա: Պետք է մարդկանց թողնել ազատ աշխատեն: Դրա համար մենք ունենք հարկային մարմիններ, որոնք այդ գործով զբաղվում են:

Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք:

***

Նախագահի բացման խոսքից հետո վարչապետը, գլխավոր դատախազը և ՎՊ նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

 

Թուրքիայում առաջին անգամ դատական գործ է հարուցվել հային վիրավորելու համար

դատարան   Թուրքիայում առաջին անգամ հանցանք է համարվել «հայ» բառի վիրավորական իմաստով օգտագործումը: Հայկական ծագում ունեցող Լևոն Բալջըօղլուն և նրա որդին Արթուն Բալջըօղլուն դատական հայց են ներկայացրել քաղաքացի Յուսուֆ Փոլաթի դեմ, որը նրանց «հայ գյավուրներ» է անվանել:

Թուրքական «Սաբահից» Աբդուռահման Շիմշեքի լուրի համաձայն՝ քաղաքացի Յուսուֆ Փոլաթին երկու տարվա ազատազրկում է սպառնում «հայ» բառ հայկական ծագում ունեցող մեկի նկատմամբ ստորացնող իմաստով կիրառելու համար: Եթե դատարանը Փոլաթին մեղավոր ճանաչի, ապա նա կդառնա առաջին մարդը, որը Թուրքիայում կպատժվի հայերին վիրավորելու համար: Դատական գործը քննող մարմինները հայտնել են, որ առաջին անգամ են հանդիպում «հայկականությանը վիրավորելու համար» դատական գործի հետ, որը վարելու են Եվրամիության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքների համաձայն:

 

Ամերիկաբնակ թուրքերը բողոքում են «CNN»-ի դեմ

cnn ԱՄՆ-ում բնակվող թուրքերը մտադիր են Նյու Յորքում բողոքի ցույց անկացնել ամերիկյան «CNN» հեռուստաընկերության դեմ: Նման դժգոհության պատճառը «CNN»-ի դիրքորոշումն է «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները Նյու Յորքի թուրքական համայնքին կոչ են արել հավաքվել «CNN»-ի գրասենյակի դիմաց: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ցուցարարները բողոքելու են հետուստաընկերության աշխատակիցների դեմ, որոնք փորձում են վատաբանել Թուրքիային: «Հեռուստաընկերության թղթակիցները ժամեր շարունակ ուղիղ եթերով հեռարձակել են հաղորումներ, որոնք լի են սուտ և շինծու փաստերով»,-նշվում է հայտարարության մեջ:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ակցիայի կազմակերպիչները Թուրքիայի քաղաքացիներին կոչ են արել համախմբվելու «CNN»-ի դեմ: Ավելի վաղ «Ամեն ինչ Թուրքիայի համար» միությունը քննադատել էր «CNN»-ի գործունեությունը՝ սև պսակ դնելով ընկերության գրասենյակի դիմաց:

 

Եգիպտոսում շարունակվում են ցույցերն ու լարված իրավիճակը

egiptos Եգիպտոսում շարունակվում են ցույցերը, որոնք կազմակերպվել են նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ալեքսանդրետում և Նեղոս գետի դելտայի հարակից շրջաններում ռազմական բախումներ են տեղի ունեցել: Ալեքսանդրետում նման բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի ֆոտոթղթակից է եղել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրավորների ընդհանուր թիվը 500-ի է հասել: Պորտ Սայիդ քաղաքում ցույցերի անցկացման վայրի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մեկ լրագրող է զոհվել, 17 մարդ վիրավորվել է:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված նախագահ Մուրսիի հակառակորդները ժամանակ առ ժամանակ բացականչել են հակաամերիկյան կոչեր, ցուցարարներին բաժանվել են նախկին նախագահ Մուբարաքի լուսանկարները, որի վարչակարգը տապալվեց 2011 թվականի ցույցերից հետո:

Հայտնի է, որ Թահրիր հրապարակում ցուցարարները ծեծի են ենթարկել մի օտարերկրացու, որը ցանկացել է լուսանկարել բողոքի ակցիան: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Որոշ ցուցարարներ էլ փորձել են փակել քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ուգանդայի և Մավրիկիոսի հետ

Armenia has   established diplomatic relations with Mavritius - 29.06.2013Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ռիչարդ Նդուհուրան, ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում:

Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվեց Հայաստանի և Մավրիկիոսի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ:

Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման ընթացքում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Մավրիկիոսի դեսպան Միլան Միթարբհանը իրենց պատրաստակամությունն արտահայտեցին երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ:

Անհայտ կորած ազատամարտիկիներին հիշեցին Գյումրիում

26 035Հունիսի 29-ին Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների օրը: Միջոցառումներին առաջին անգամ մասնակցում էր նաև Շիրակի մարզը: Գյումրիի արցախյան ազատամարտին նվիրված “Փառքի թանգարանում” հիշատակի միջոռացում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, “Հայկական Կարմիր խաչի” Շիրակի մարզային ներկայացուցիչները, ազատամարտիկներ, զոհված և անհայտ կորածների ընտանիքներ:
Արցախյան պարտադրված ազատամարտում, ըստ “Կարմիր Խաչի” տվյալների, հայկական կողմը տվել է մոտ 6000 զոհ և 600 անհայտ կորած ազատամարտիկներ: Իսկ Շիրակի մարզից 12 անհայտ կորած ազատամարտիկ կա, որից մեկը` սպա: Առ այսօր կատարվում են կորածների տվյալների հավաքագրում, փաստագրվում են անգամ զինվորների այնպիսի արտաքին նշաններ, որոնց զննությամբ հնարավոր կլինի այսքան տարի անց ճանաչել նրանց դիակները:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, դիմելով անհայտ կորածների ընտանիքներին, նշեց. “Ես առանձնապես ասելիք չունեմ. դժվար է գտնել սփոփանքի խոսքեր որդեկորույս մոր կամ հարազատի համար: Միակ բանը, որ ես կասեմ` հույսով սպասենք, հույս ունենանք` մի բարի լուր կստանանք: Այսօր այցիս նպատակը մի քիչ այլ է. այն ընտանիքները, որոնք բացի մեծ կորստից ունեն խնդիրներ, ես կխնդրեի իրենց պրոբլեմներով դիմեին ինձ”:

՛՛Ավելի մաքուր Երևան՛՛-ը Հաղթանակ զբոսայգում էր

003՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ նախաձեռնության հերթական հավաքը Հաղթանակ զբոսայգում էր։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ ծրագրով և կամավորների ներգրավմամբ շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականցվում Երևանի հանրային օգտագործման տարածքներում։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են դիմում քաղաքապետարան՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար։

՛՛Անշուշտ, Երևանի բոլոր վարչական շրջանների սանմաքրող ընկերությունները պարբերաբար մաքրում են այս բոլոր տարածքները, սակայն նախաձեռնությունը ավելի մաքուր Երևան ունենալու լրացուցիչ հնարավորություն է, ինչպես նաև քաղաքը մաքուր պահելու ուղեցույց՛՛,-նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը։

Քաղաքացիներին իրազեկման և կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի քաղաքaպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։

՛՛Ավելի մաքուր Երևան՛՛ նախաձեռնության շրջանակում Հաղթանակ զբոսայգու սանմաքրման օրվան մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները, բուհերի ուսանողներ, ինչպես նաև Խուլերի միավորումն ու ՛՛Ունիսոն՛՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Այս անգամ ևս մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 400 էր։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են 300 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 23-ից 29-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական  սահմանին  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը կանխարգելիչ քայլեր են ձեռնարկել հակառակորդի ակտիվությունը կանխելու համար և մարտագծի ողջ երկայնքով շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների օրն է

Anhayt KoracnerՀունիսի 29-ին Արցախում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների օրը:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այսօր վերջիններիս հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար մայրաքաղաքի եղբայրական գերեզմանոց են այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ:

Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված միջոցառման ընթացքում նախ՝ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են տեղադրվել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին, իսկ այնուհետև հնչել են ելույթներ ու մատուցվել է պատարագ:

 

 

 

Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին

10504_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը և այլն:
Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ և վերահսկելի դարձնելու համար: «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլև հասարակությանը: Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը և հանրությունը կարողանում է վերահսկել նրանց: Այսուհետ, ՀՀ-ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանասական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ: Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռևս անում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջութամբ կանոնակարգելու համար դեռևս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ:
Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարևորագույն խնդիրը բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է: «Այստեղ էլ առաջին քայլերն ենք ձեռնարկել՝ պարտադրելով ՀՀ 500 բարձրաստիճան պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց ներկայացնել իրենց ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարգրեր, դրանք դարձնել հրապարակային, որոնց հանրությունը նույնպես կարող է ծանոթանալ: Այսպիսի միջոցառումներով փուլ առ թուլ փորձում ենք քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի գործունեությունը դարձնել հրապարակային, ստեղծել զսպող մեխանիզմներ, որպեսզի քաղաքական գործիչներն իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն անձնական շահերի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության վարչապետը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերի և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
«Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականից: Այն հայաստանյան հաճախորդներին առաջարկում է ընկերության կողմից համաշխարհային շուկայում մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը, այն է՝ աուդիտորական, հարկային և իրավաբանական, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ: Երևանյան գրասենյակում աշխատում է 40 մասնագետ: Ամբողջ աշխարհում ընկերությունն ունի 167 հազար բազմազգ աշխատակիցներ:

Հրդեհ`Հրազդանում

Հրդեհ ԱրտաշատումՀունիսի 28-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հացագործների փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 56 տան մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել` 17.44-ին: Գ.Մկրտչյանին պատկանող ավտոտնակի տանիքում այրվել են 10 փայտյա արկղ և տնտեսական իրեր:

ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին

ապակի2Հունիսի 29-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Շեվրոլե ավեո» մակնիշի Լ3001 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` Կարեն Մանգասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ապակիՀունիսի 28-ին, ժամը 00.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի ուղևորուհին՝ 7-րդ դասարանի աշակերտուհի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մեքենան ընկել է Հրազդան գետը

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջՀունիսի 29-ին, ժամը 00.00-ի սահմաններում, «ԴՈՋ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Հրազդան գետը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Արսեն Դավթյանը` Եվրոպայի գավաթակիր

ադDavtyan-ArsenՎրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի պատանեկան գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը մինչև 8 տարեկան պատանիների խմբում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:

Նույն խմբում երրորդ մրցանակին արժանացավ Ռոբերտ Մուրադյանը:

Մինչև 12 տարեկան շախմատիստների պայքարում Շանթ Սարգսյանը բավարարվեց արծաթե պարգևով:

Մինչև 8 տարեկան  աղջիկների մրցավեճում երրորդ մրցանակը շնորհվեց Աննա Պողոսյանին:

«Լիվերպուլի» և «Շախտյորի» ներկայացուցիչներն ընդհանուր հայտարարի են եկել

henrikh-mkhitaryan  000000Դոնեցկի «Շախտյորի» և  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա  օրերին կտեղափոխվի նոր ակումբ:

Ֆուտբոլիստն  բուժզննում  պետք է անցնի և պայմանագիր կնքի անգլիական  «Լիվերպուլի» ղեկավարության հետ:

Որպես փոխհատուցում  անգլիական թիմը ուկրաինական ակումբին կվճարի 30 մլն եվրո:

Մարգարյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ

Վրաերթ (1)Հունիսի 28-ին, ժամը 12.20-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Վրաստան

1Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկաներների, Եվրատլանտյան անվտանգության, Հարավային Կովկասի և Սևծովյան  տարածաշրջանում սպառնալիքների և մարտահրավերների հետ կապված հարցեր:

Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև  ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի և Մեծ Բրիտանյանի պառլամենտի անդամ, Միջազգային անվտանգային ռազմավարության նախարար, դոկտոր Անդրյու Մերիսոնի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացիկ ծրագրեր և նոր հեռանկարներ, մասնավորապես՝ միջազգային խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության և վարժանքի, պաշտպանական բարեփոխումների, հումանիտար ականազերծման ոլորտներում,  և կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Սպասվում են կարճատև տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ տարածքում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կբարձրանա 2-3, հուլիսի 2-3-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Արզական-Աղվերան ճանապարհին «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը

ավտովթարՀունիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արզական-Աղվերան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: