ՀԿԵ-ն տոնում է իր գործունեության 5-ամյակը

հկեՀունիսի 1-ին լրացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության 5-ամյակը, որն Ընկերությունը դիմավորեց իրականացված բազմաթիվ նախագծերով և զարգացման խոստումնալից ծրագրերով:

Մի քանի օր առաջ՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնին, Գյումրիում շահագործման են հանձնվել երկու խոշոր կառույց՝ լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոները, որոնք հիմնվել են դեռ 1899 թվականի փետրվարի 7-ին, երբ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ էր ժամանել առաջին գնացքը:

Դեպոների վերակառուցումը տևեց մոտ 2 տարի: Օբյեկտների վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, “ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրացական երկաթուղիների գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն և այլ պաշտոնատար անձինք:

Անցած 5 տարիների ընթացքում մեծ գումարներ են ներդրվել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման մեջ: «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 90 մլրդ դրամ, իսկ 2013 թվականի ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ:

Այս տարիներին Հայաստանում կառուցվեցին և վերակառուցվեցին բազմաթիվ երկաթուղային օբյեկտներ: Միայն 2012 թվականին շահագործման են հանձնվել 3 խոշոր երկաթուղային կամուրջներ, որոնց թվում նաև Հայաստանի ամենահին Զամանլուի երկաթուղային կամուրջը:

Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, վերանորոգվել են 286,5 կմ գիծ, 52 գծանց, 35 կամուրջ, 132,2 կմ կոնտակտային ցանց:

Էական արդյունքներին Ընկերությունը հասավ նաև երկաթուղային բեռնա և ուղևորափոխադրումների ոլորտում: Օրինակ, բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում երկաթուղային բեռնափոխադրումների մասնաբաժինը 2012 թվականի արդյունքներով կազմեց 34,2%՝ 2008 թվականի 29,3% դիմաց:

Իսկ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2008-ի հետ համեմատ եռապատկվեց. միայն Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնող ուղևորների թիվն աճեց 6 անգամ:

2008-ի հետ համեմատ մերձքաղաքային ուղևորափոխադրումների ծավալը նույնպես աճեց՝ 29%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակելու է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման իր ծրագրերի իրականացումը: 2013-2015 թթ համար Ընկերության գործունեության առաջնահերթություններն են լինելու Գյումրու դեպոների վերակառուցման ծրագրի ավարտը, վագոնների սպասարկման համակարգի ներդրումը և գծի ենթակառուցվածքի և թունելների արդիականացումը:

Վաղը կկայանա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը

զվարթնոցՀունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը: Ծրագրի կազմակերպիչը «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամն է: (Հայտնի կդառնան «Հայ դասական երգ» անվանակարգի երկու տարիքային խմբերի և «ժողովրդական երգ» անվանակարգի մրցանակակիրները,  Հատուկ մրցանակի կարժանանան` «Կոմիտասի լավագույն կատարում», «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողները, ինչպես նաև կհայտարարվի «Գրան պրիի» արժանացած մասնակիցը):

«Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, ինչպես նաև հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններին ու հնարավորություն ընձեռել տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել իրենց կատարումները հանրությանը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակը հայտնաբերել երաժշտական կրթություն չունեցող, բայց գերազանց ձայնային տվյալներ ունեցող անհատների:

Մրցույթ-փառատոնը մեկնարկել է 2012 թ. հունիսից: Ծրագրին հայտագրվել են Հայաստանի և Արցախի  14-36 տարեկան շուրջ 3000 պատանիներ ու երիտասարդներ: Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ «Լսումներ» փուլում, ընտրվել են ձայնային տվյալներ ունեցողները: Ընտրված 800 մասնակցի համար կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսների կողմից և հանձնարարվել է հաջորդ փուլում ներկայացնել Կոմիտասի, հայ դասական, հայ ժողովրդական երգարվեստի գոհարներից: «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի կայքում տեղադրված ձայնադարանը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ ներկայացված  երգերի պատմությանը և նոտաներին: «Մրցույթ» փուլում ընտրվեցին 300 մասնակից, իսկ 2013 թ. ապրիլ, մայիս ամիսներին կայացավ «Մարզային» փուլը, որտեղ իրենց երաժշտական ունակությունները լավագույնս ներկայացրեցին 153 պատանի ու երիտասարդ: Մայիսի 15-ից պրոդեսորադասախոսական անձնակազմի կողմից անցկացվեցին անհատական դասընթացներ:

Մայիսի 31-ից հունիսի 3-ը Երևանում ընթանում է «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի «Հանրապետական» փուլը, որտեղ իրենց ուժերն են չափում 153 պատանի ու երիտասարդ Հայաստանից և Արցախից:  Մասնակիցների համար կազմակերպվում են մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մշակութային գործիչների հետ:

Մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողության և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսորներ Սուսաննա Մարտիրոսյանը, Լարիսա Մկրտչյանը, Գայանե Գեղամյանն ու Սամվել Գալստյանը: Հանձնաժողովի նախագահն է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության վաստակավոր նախագահ Դավիթ Ղազարյանը:

                 «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը   հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու վերածնունդն է Հայաստանում և Սփյուռքում:  Հիմնադրամի կողմից հաջողված ծրագրերից է «Պատարագը բեմից», որի ընթացքում հանդիսատեսը ծանոթացավ պատարագի մատուցման գաղտիքներին, ինչպես նաև երգեցողությանը: 

Բրիտանացի իսլամականը խոստովանել է, որ պատրաստվում էր արքայազն Հարրիին սպանել

30-ամյա Մայք Թաունլին, որն իսլամ է ընդունել, ոստիկանությանը խոստովանել է, որ Վուլիչի դեպքից հետո ցանկանում էր առևանգել ու սպանել արքայազն Հարրիին:

Տղամարդը, որն իսլամ ընդունելուց հետո  դարձել է Աշրամ Իսլամ, Բրիտանիայի հպատակ է: Ոստիկանությունը տղամարդուն ձերբակալեց մայիսի 23-ին, Վուլիչի դեպքերից մի քանի ժամ հետո: Հարցաքննության ժամանակ նա հայտնեց, որ ցանկանում էր առևանգել Բրիտանիայի թագաժառանգին: Չարագործի մոտից առգրավել են նոթբուքը, որով նա ահաբեկչությանը նվիրված  վեբ-կայքեր էր այցելում:

Չկայացած հանցագործին մեղադրանք է առաջադրվել, որով նախատեսվում է 10 տարվա ազատազրկում:

28-ամյա արքայազնի թիկնազորը Վուլիչի ողբերգական դեպքից հետո համալրել են: Մտավախություն կա, որ նա կարող է  արմատական իսլամիստների դավադրության թիրախ դառնալ, քանի որ Աֆղանստանում մասնակցել է մարտական գործողություններին:

ՀԱՀ-ում սկսել են Քադաֆիի ոսկիների որոնումը

Liya unrestՀԱՀ-ի ֆինանսների նախարարությունը ստուգում է Լիբիայից ստացված տեղեկությունն այն մասին, որ երկիր գաղտնի տեղափոխվել են նախկին առաջնորդ Քադաֆիի բազմամիլիոնանոց ակտիվները: Լիբիայի քննիչների տեղեկությունների համաձայն, դրանց մի մասը , որը Քադաֆիների ընտանիքը կուտակել է անօրինական ճանապարհով (այդ թվում` ոսկի, զարդեր), տեղափխվել են Հարավաֆրիկյան Հանրապետություն:

Լիբիայի կառավարությունը Քադաֆիի մահից հետո, 2011-ից սկսել ու շարունակում է  Քադաֆիի ակտիվների որոնումը, որոնք գաղտնի պահվում են աշխարհի  տարբեր երկրների բանկերում:

Չինաստանում ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով 55 զոհ կա

20130603-91685CA9DFBFBD37-0-0-E00022A7-39BA81605626C1D6Չինաստանում թռչնաֆաբրիկայում պայթյունի ու դրան հետևած հրդեհի հետևանքով 55 մարդ է զոհվել, հայտնում են երկրի իշխանությունները:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 43 զոհի մասին: Նախնական տվյալներով, Ցզիլին ավանի թռչնաֆաբրիկայում ամիակի արտահոսքի պատճառով պայթյուն էր եղել, որից հետո հրդեհ բռնկվեց: Չի բացառվում, որ հրդեհի պատճառն էլեկտրացանցի անսարքությունը լինի:

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, հիմա տեղում շարունակում են աշխատել փրկարարները:

Զիմբաբվեի առաջնորդը նշանակելու է նախագահական ընտրությունների ամսաթիվը

pic_5e3123580e1b8ca22d3a000c05936fcdԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն հունիսի 2-ին հայտարարեց, որ համաձայն է նշանակել նախագահական ընտրությունների ամսաթիվը` ենթարկվելով Սահմանադրական դատարանի պահանջին:

Ընտրությունների ամսաթիվը նշանակելու է ինքը` Մուհաբեն, սակայն դրանք պետք է տեղի ունենան հուլիսի 31-ից ոչ ուշ: Նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը մայիսի 31-ին , որը դժգոհություն էր հայտնել  ամսաթիվը որոշելու հարցում Մուհաբեի ձգձգումների կապակցությամբ:

Մայիսի վերջին Զիմբաբվեում նոր սահմանադրություն ստորագրվեց: Երկրի հիմնական օրենքում կատարված մի շարք փոփոխությունների հետ նաև  հաստատվեց, որ նախագահը չի կարող պաշտոնը զբաղեցնել անընդմեջ  2  հնգամյակից ավելի:

Վերջին տարիներին Զիմբաբվեն գտնվում է  խոր տնտեսական ճգնաժամի մեջ: 2013-ի հունվարին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Զիմբաբվեի գանձարանում ընդամենը 217 դոլար է մնացել, այն էլ այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների համար կհապանջվի առնվազն 130 մլն դոլար:

Ռոբերտ Մուհաբեն, որի 89 տարին լրացավ  մարտին, Զիմբաբվեի նախագահական աթոռը զբաղեցնում է 1987-ից, սակայն, փաստացի, երկիրը կառավարում է  1980-ից: Նրա կառավարության օրոք բազմիցս գրանցվել է մարդու իրավունքների խախտում.զանգվածային սպանություններ, թալան, ռասսայական  խտրականության դեպքեր: 2002-ին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, որոնք մեղադրում են Մուհաբեի վարչակարգը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտման մեջ, Զիմբաբվեի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ  սահմանեցին:

Քննարկվել է հայ-քուվեյթական համագործակցության խորացման հարցերի լայն շրջանակ

10440_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունների ամրապնդմանը և ընդլայնմանը: Համոզված եմ, որ ձեր պատվիրակության այցը նոր թափ է հաղորդելու երկկողմ կապերի զարգացմանը», – հյուրերին ուղղված ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է պատվիրակության անդամներին և ընդգծել, որ այցի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների հարաբերությունները:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել կրթության և մշակույթի ոլորտներում ծավալված գործակցության ընթացքից (մշակույթի օրերի անցկացում Քուվեյթում և Հայաստանում, կրթաթոշակների տրամադրում հայ ուսանողներին` Քուվեյթում ուսանելու համար), ինչպես նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Սիրիայից տարհանված և Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից ցուցաբերվող նյութական օժանդակության համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Երկուստեք առաջնային է համարվել օդային ուղիղ հաղորդակցության ստեղծումը, և վարչապետը նշել է, որ այդ հարցը կներառվի միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգ:
Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները և անդրադարձել համագործակցության հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին` գյուղատնտեսական ապրանքների արտահանում, հանքահումքային և քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, ֆինանսական համակարգ, առողջապահական զբոսաշրջություն: Ներկայացված տեղեկատվությանն ի պատասխան Քուվեյթի ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել քուվեյթյան գործարարների պատվիրակության այցը մեր երկիր` ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հեռանկարային ծրագրերը քննարկելու նպատակով:
Պատվիրակության անդամները վարչապետից հետաքրքրվել են Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գործող օրենսդրական և հարկային դաշտի մանրամասներով: Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի «Doing Business» ինդեքսով աշխարհի 184 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 32-րդ տեղը, ինչը վկայում է մեր երկրում բարենպաստ բիզնես միջավայրի և լիբերալ հարկային դաշտի առկայության մասին: Նա հավելել է, որ «Զարգացման հայկական գործակալությունը» Քուվեյթի պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Հայաստանում արտասահմանյան ներդրողների համար գործող օրենսդրության և հարկային արտոնությունների վերաբերյալ
Վարչապետն իր ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերն է փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահին: Իր հերթին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդը վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրել է Քուվեյթ:

Հնդկաստանում բռնաբարության նոր դեպք է գրանցվել

imagesԿալկաթայում, շաբաթ, հունիսի 1-ին Իռլանդիայի 21-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իրեն բռնաբարել է տեղաբնակ Սուջա Միտրան: Տուժածի խոսքով, ինքը ոչ կառավարական միջազգային կազմակերպության աշխատակցվուհի է, իսկ հանցագործը աղջկա ծննդյան օրվա հրավիրյալներից:

Ոստիկանական հաշվետվության համաձայն, երեկույթից հետո աղջիկը Սուջային տուն է հասցրել, որտեղ էլ ենթարկվել է բռնության: Բուժզննումով այդ փաստը հաստատվել է:

Չեխիայում ջրհեղեղի պատճառով տարհանվում է բնակչությունը

130602200818_prague_304x171_reutersՉեխիայի կառավարությունը երկրում արտակարգ իրադրություն է  հայտարարել: Պրահայում ու մյուս քաղաքներում, որտեղ գետերը դուրս են եկել հունից` ջրհեղեղային վիճակ է ստեղծվել: Տարերային աղետի կապակցությամբ Պրահայում վիճակը լարված է:  Նախարարների արտահերթ  խարհրդակցություն է հրավիրվել: Վարչապետ Պետր Նեչասը հեռուստատեսությամբ դիմել է ժողովրդին: Երկրի տարբեր շրջաններից բնակչության տարհանում է կատարվում,  Պրահայում առնվազն մետրոպոլիտենի 8 կայարան է փակվել:

Վլատվայի ափամերձ հատվածում մետաղական արգելապատնեշներ են տեղադրել. Այդ աշխատանքներին կամավորներ են մասնակցում:

Ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունները խափանվել են: Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են: Տեղեկություններ կան, որ բնակչության տարհանում է կատարվում նաև հարավային Գերմանիայում, Ավստրիայում ու Շվեյցարիայում:

Ավստրիական ու գերմանական իշխանությունները կարգադրել են աղետի գոտիներ ուղարկել զինվորական ստորաբաժանումներ:

Գերմանիայի Պասսաու ու Ռոզենհայմ քաղաքներում իշխանությունները արտակարգ իրադրություն են հայտարարել: Էլբայի, Հռենոսի ու Դանուբի մակարդակը գնալով բարձրանում է:

Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 3 մարդ, մի քանիսն էլ անհետ կորած են համարվում:

Թուրքիա.մզկիթներն ու կրպակները վերածվում են վիրակապարանների

130603020421_turkey_protest_reuters_304x171_reutersԲողոքավորների հետ ոստիկանության գիշերային բախումները Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում ամենաարյունահեղն էին անցած շաբաթվանից սկիզբ առած հուզումների  ողջ ընթացքում:

Մզկիթները, խանութներն ու համալսարանի շենքը վերածվել են բուժկետերի, որտեղ վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվում: Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերը քանդել են կամրջի արգելապատնեշներն ու դրանցից բարիկադներ կառուցել:

Ոստիկանության կիրառած արցունքաբեր գազից շատերի մոտ փսխում է առաջացել ու ուժեղ հազ: Գիշերային բախումներին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:

Ոստիկանության տվյալներով, վերջին 2 օրում երկրի 67 քաղաքում ավելի քան 1700 մարդ է ձերբակալվել:

Այդ իրադարձությունների առիթով վարչապետ Էրդողանը հայտնել է, որ բողոքի ակցիայի ետևում արտասահմանից  աջակցող ծայրահեղական խմբավորումներ են կանգնած:

Սկզբում ակցիաները սկսվեցին իշխանությունների` Գեզի այգու տեղում առևտրի-զվարճանքի համալիր կառուցելու պլանների կապակցությամբ,որոնք սկզբում տեղի էկոլոգների  խաղաղ բնույթով ցույցեր էին, ապա, աստիճանաբար վերածվեցին Թուրքիայի վարչապետի ու կառավարող կուսակցության քաղաքականության, մասնավորապես` Թուրքիայի ենթադրվող իսլամականացման նկատմամբ դժգոհության:

Սիրված երեխա` առողջ երեխա

ընտանիքՍիրված երեխաներն առողջ  են մեծանում. դա է ապացուցում առողջ հասուն մարդկանց կյանքի ուսումնասիրությունը: Այդ հետազոտության արդյունքներից դատելով` կարելի է մարդու առողջության կարևորագույն չափանիշ ու պայման համարել սիրված լինելը:

Ծնողների սերը ոչ միայն բարերար գործոն է, այլև կենսականորեն անհրաժեշտ պայման: Սիրո մթնոլորտով, բարությամբ, քնքշությամբ, ընտրության ազատությամբ  շրջապատելով երեխային, նրան սիրո իր պահանջը բավարարելու հնարավորություն ենք ընձեռում:  Առանց սիրո երեխան չի կարող որպես լիարժեք ու ներդաշնակ անհատ ձևավորվել: Ուստի ծնողական սերը կարևոր է ոչ միայն երեխայի, այլև հենց իրենց` ծնողների համար: Չէ՞ որ երեխայի` ծնողների հետ շփումից ստացված փորձն այն  հիմքն ու արմատն է, որի վրա զարգանում է նրա հետագա կյանքը:  Հետևաբար շատ կարևոր է, որ երեխայի համար ընտանիքում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ նա իրեն իր ամենամտերիմ մարդկանց կողմից սիրված զգա:

Մանկաբույժներն ու հոգեբաններն ասում են, որ դեռահասների ու երեխաների հիվանդություններն առաջանում են չբավարարված հոգեկան պահանջմունքի հետևանքով: Փոքրիկի ամբողջ տիեզերքն իր ընտանիքն է: Ու կյանքը նա  պատկերացնում է իր ընտանիքի մոդելով: Ծնողների խնդիրն այն է, որ  երեխային չխանգարեն, չպարտադրեն իրենց պատկերացումները, հակառակը, թույլ տան, որ հասունանալուն զուգընթաց երեխան  աշխարհն ընկալի  հնարավորինս  լիարժեք, հարուստ, առանց աղավաղման ու բազմագույն:

Որպեսզի նա ֆիզիկապես ու հոգեպես առողջ մեծանա,  ծնողները պետք է մի քանի կանոն հիշեն. երեխային պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե փորձել նրանից կերտել այն, ինչ կամենում ենք տեսնել: Ընկալումով ու հարգանքով   վերաբերվել ու աջակցել, երբ դրա կարիքը երեխան ունի: Օրինակ լինել ամեն ինչում,  բացահայտ արտահայտել սեփական դրական զգացմունքները: Պարզ որոշել և երեխային  ուղիղ, առանց  ուժի կիրառման բացատրել, թե ինչ չի կարելի անել և ինչու: Խրախուսել  երեխայի` իր զգացմունքների ու ապրումների մասին ազնվորեն արտահայտվելու,  բացահայտվելու փորձը: Ամեն կերպ նպաստել երեխայի` շրջապատող աշխարհին ծանոթանալու և ուսումնասիրելու նախաձեռնությանը: Պետք չէ վիրավորվել, եթե երեխան մերժում է ծնողի աջակցությունը և փորձում ինքնուրույն ինչ-որ բան անել: Ընդունել, որ երեխան ինքնուրույն անհատականություն է, որն իր հայացքներն ունի, իր ցանկություններն ու ձգտումները, և չփորձել ապրել նրա փոխարեն:

Ցանկալի ու սիրելի երեխաները ծնվում են պինդ ու առողջ, նրանց բախտը կյանքում շատ ավելի է բերում, քան մյուսներինը: Սիրված երեխաները կարողանում են ընկերություն անել ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների հետ:

Շվեդացի գիտնականները հավաստիացնում են, որ այն  երեխաները, որոնք  իրենց հասակակիցների  շրջանում համակրանք  են վայելում, շատ ավելի առողջ են լինում հասուն տարիքում: Ուսումնասիրությունների համաձայն` այն երեխաները, որոնք դպրոցում առանձնապես ճանաչման ու համարման չեն արժանանում, նրանց մեջ  ցածր ինքնագնահատանք է ձևավորվում, նվազում է կյանքից սպասելիքների պահանջը: Այդ երեխաների մեջ անառողջ կյանքի հակում է առաջանում. ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ:

Ուրեմն, հաշվի առնելով ընտանիքի հսկայական դերը անձի ձևավորման ու առողջ մարդ հասունանալու գործում,  հարգելի՛ մեծահասակներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, սիրեցե՛ք ձեր փոքրերին, թոռներին, նրանց լավ օրինակ ծառայեք. դա բարերար է ազդում նրանց ապագայի, հետագայում` նաև առողջության  ամրապնդման վրա:

Ահա թե ինչպես են երեխաներին դաստիարակում Գերմանիայում: Այնտեղ շատ  լուրջ ու մեծ  պատասխանատվությամբ են վերաբերվում երեխաների պաշտպանությանը: Այլևս ոչ ոքի չի զարմացնում արտերկրում կիրառվող այն պրակտիկան, որ երեխաները ծնողներին կարող են դատի տալ: Երեխաները գիտեն իրենց իրավունքները. դա  սովորում են մանկապարտեզում : Դրա համար էլ ծնողներին շատ բան  չի թույլատրվում, օրինակ` երեխաներին ծեծել, վիրավորել, նրանց վրա բղավել, պատժել:

Մասնագետները  կարծում են, որ որքան երեխան հեռուստացույցի առջև քիչ ժամանակ ծախսի, այնքան օգուտ կտա իր առողջությանը:  Ուստի Գերմանիայում  շատ երեխաներ հեռուստացույց չեն դիտում,  որովհետև տանը հեռուստացույց չկա, կամ  ծնողները միացնում են հեռուստացույցը միայն այն ժամանակ, երբ երեխաները քնած են: Չնայած կան մանկական ալիքներ, երեխաները հեռուստացույցի առջև անցկացնում են օրական ընդամենը 15-30 րոպե: Դրա փոխարեն  ողջ օրը նկարում են, խաղում, զբաղվում երաժշտությամբ ու սպորտով: Յուրաքանչյուր ընտանիք, որը սեփական տուն ունի, ունի նաև սեփական խաղահրապարակ, փոքրիկ լողավազան: Իսկ եթե ընտանիքն  ապրում է շենքում, ապա ակտիվ ծնողները տեղի ինքնակառավարման մարմինների հետ կազմակերպում են  խաղահրապարակներ, որտեղ չկան  քարեր, հոսանքալարեր ու վտանգավոր թեքություններ: Հատուկ ավազ է գնվում, կառուցվում են անվտանգ տնակներ, որ երեխաները փողոցում, բակում օգտակար և ուրախ ժամանակ անցկացնեն, և վազելու, մագլցելու, բլրակների վրայից գլորվելու, ձգվելու ու ճոպանով առաջ շարժվելու ժամանակ աշխատեն փոքրիկների մկանները, մարզվեն ֆիզիկապես: Ու  բակում էլ  կարող են խաղալ միայն բակի երեխաները: Մի մեծահասակ էլ տնից հետևում է այդ ամենին: Այս հանգամանքը նպաստում է երեխաների ինքնուրույն զարգացմանը, նրանք քիչ են նյարդայնանում, շփվող են, ավելի կիրթ:

Ինչու են երեխաները չափազանց աշխույժ

Գերակտիվ  երեխաներին չնկատել անհնար է: Նրանք անպայման պետք է ամեն ինչի ձեռք տան, քաշեն ու հրեն: Աղմուկը, վազվզոցը,  բախումները նրանց գոյության անքակտելի մասն են: Նրանց շուրջը մշտապես  լարվածություն է տիրում: Մեծերը պետք է ականջները «սրեն», «մարտական պատրաստվածության» վիճակում լինեն, քանի որ հաճախ հարկ է լինում անհապաղ կարգուկանոն հաստատել:

Առաջին հայացքից թվում է, թե այդ երեխաները պարզապես վատ են դաստիարակված: Սակայն, հարկ է նշել, որ նման դեպքերում դաստիարակությունը  գրեթե դեր չունի: Չափազանց անկարգ երեխաների ինտելիգենտ ծնողները հաճախ տարակուսանքի մեջ են, չեն կարողանում հասկանալ ու բացատրել իրենց երեխայի վարքագիծը:

Բժիշկներն ընդունում են, որ այդ երեխաների մեջ գերակտիվ  շեղում կա: Վերջին տարիներին նման երեխաների թիվը շատանում է:  Հիպերակտիվությունը բնորոշվում է  նյարդային համակարգի այն առանձնահատկությամբ, որ գրգռման պրոցեսները գերազանցում են արգելակման պրոցեսներին: Հիմնականում  հիպերակտիվություն է  ախտորոշվում  տղա երեխաների մոտ: Հիպերակտիվության հակումը հիմնականում ձևավորվում է սաղմի ներարգանդային զարգացման  շրջանում: Մոր անհագստությունը, անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ, վախերն ազդում են պտղի զարգացման վրա, հետք թողնում երկար տարիներ: Հիմնականում գերակտիվ երեխաների մայրերը կա՛մ միայնակ են, կա՛մ ամուսնալուծված:

Այսօրվա կյանքի արագ ռիթմը, հղի կնոջ ակտիվությունը, , աշխատանքը հղիության ընթացքում և խնդիրների լուծումը, որոնք ուղղակիորեն կապված չեն մայրության հետ, ազդում են պտղի զարգացման վրա: Օրինաչափ է, որ հետամնաց կամ թույլ զարգացած  երկրներում գերակտիվության համախտանիշով երեխաներ հազվադեպ  են հանդիպում:

Դպրոցում գերակտիվ երեխաների ուսուցումը նույնպես դժվար է ուշադրության կենտրոնացման դժվարության պատճառով:

Այսօրվա դպրոցական ծրագրի ինտելեկտուալ բեռնվածությունն էլ իր հերթին է նպաստում երեխաների հիպերակտիվության զարգացմանը:

Երեխաները անցման տարիքում հաճախ «ազատվում են» այդ համախտանիշից, սակայն ոմանց գերակտիվությունը պահպանվում է մինչև կյանքի վերջը. չէ՞ որ նյարդային համակարգի տեսակը չի փոփոխվում:

Երեխայի հիպերակտիվությունը որոշ չափով սանձելու համար հարկավոր է  օրակարգ սահմանել: Սահմանափակել հեռուստացույցն ու համակարգիչը, սարսափ ֆիլմերն ու մարտաֆիլմերը: Իսկ մարզումները, սպորտը միայն օգուտ կտան, հատկապես բարերար ազդեցություն կարող է ունենալ լողը, քանի որ այն հանգստացնում է նյարդային համակարգը:

Սննդից ու ըմպելիքներից պետք է բացառել գրգռող մթերքը, կոկա-կոլան, շոկոլադը, կծու ու աղի կերակուրները:

Դժվար է  զերծ մնալ դիտողություններ անելուց , սակայն պետք է փորձել դա հնարավորինս մեղմ անել, որպեսզի երեխայի մեջ լարվածություն չառաջանա: Հակառակ պարագայում նրա մեջ տպավորություն կստեղծվի, որ ինքն անուղղելի չարաճճի է:  Եվ, բնականաբար, նրան ոչինչ չի մնա, քան համապատասախանելն այդ իմիջին:

Հարսն ու փեսան Ստամբուլի խառնաշփոթի մեջ

Ստամբուլի «Gezi» այգու համար շարունակվող ցույցերի ժամանակ, երբ քաղաքի կենտրոնական «Istiklal» պողոտան գտնվում էր ոստիկանության կիրառած գազի պայթուցիկների անձրևի տակ, փողոց է դուրս եկել մի նորապսակ զույգ՝ առաջացնելով բոլորի զարմանքը:

Պողոտայի վրա գտնվող պատմական Սուրբ Անտուանի ֆրանսիական եկեղեցում պսակադրվող օտարազգի զույգը դուրս է եկել փողոց, որպեսզի լուսանկարվի հարազատների հետ: Սակայն գազից առաջացած ծխի պատճառով հարսն ու փոսան ստիպված են եղել թանզիֆե դիմակներ կրել:
«Doğan» լրատվալան գործակալությունը գրում է, որ նորապսակները իրար շնորհավորելով համբուրվել են հենց այդ դիմակներով, իսկ նրանց հետևող անցորդները այսպիսի մաղթանք են հղել զույգին՝ «Ձեր երեխաներին խաղաղություն անունը տվեք»: