Խորհրդարանական լսումներ՝ նվիրված արհեստակցական միությունների գործունեության երաշխիքներին

mardu iravunqneri lsumner1Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի» օժանդակությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով:

Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, արհեստակցական միությունների եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻՊ աշխատակազմի անդամներ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ քննարկման նպատակն է կրկին անդրադառնալ հասարակական մեծ կարեւորություն ունեցող խնդրի՝ արհեստակցական միությունների կայացմանն ու զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին առաջարկեց գրավոր ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կդառնան՝ բարեփոխելու ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը կամ, անհրաժեշտության դեպքում, մշակելու այլ օրինագծեր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր զեկույցն սկսեց խիստ գնահատականներով. ըստ նրա՝ Հայաստանում արհեստակցական միությունները գործում են վիրտուալ աշխարհում, թղթի վրա: Նրա խոսքով՝ արհեստակցական միությունները չեն ուզում կամ չեն կարողանում պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը, այդ մասին են փաստում ՄԻՊ գրասենյակի ստացած բազմաթիվ բողոքներն ու դիմումները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ ելույթ ունեցողներից շատերի կարծիքով, ոլորտի չկայացման պատճառն օրենսդրությունը չէ, այլ հանրային գիտակցությունը, ստվերային տնտեսության առկայությունը, արդարության նկատմամբ վստահության եւ իրավական գիտելիքների պակասը: Ոլորտի չկայացման պատճառներից մեկն էլ ըստ Կարեն Անդրեասյանի՝ արհմիությունների կախվածությունն է գործատուներից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել արհմիության էությունը՝ դարձնելով այն իրավապաշտպան կառույց:

Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետների հետ համաձայն չէր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ում կարծիքով՝ ժամանակ է անհրաժեշտ ոլորտի կայացման համար, քանի որ ոլորտի օրենսդրությունը բացեր չունի, իսկ արհեստական ձեւով՝ վարչարարությամբ, ոլորտ զարգացնելուն ինքը դեմ է: Փոխնախարարի կարծիքով՝ վերջին երեք-չորս տարիներին նկատելի են որոշ դրական փոփոխություններ:

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը եւս, չհամաձայնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականների հետ, ոլորտի թուլացման հիմնական պատճառներ համարեց մրցակցության բացակայությունը, քաղաքացիների՝ աշխատանքը կորցնելու վախը, իրավական գիտելիքների պակասը եւ այլն: Ոլորտի զարգացման ճանապարհը, ըստ նրա, պետական մոտեցումն է. նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ կատարվեն փոփոխություններ, եւ հիմնարկ-ձեռնարկություններում արհեստակցական միությունների ստեղծումը պարտադիր համարվի, ինչպես, օրինակ, կատարվում է այլ երկրներում:

Ոլորտի զարգացման վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, ում կարծիքով եւս ոլորտը կարգավորող օրենսդրությունը թերություններ չունի. ըստ նրա՝ կա տարբեր մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման կարիք: Գագիկ Մակարյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցը ծրագիր է մշակել, որն ուղղված է արհեստակցական միությունների զարգացմանը:

Ելույթներ ունեցան նաեւ Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը, կրթության եւ գիտության աշխատողների ճյուղային արհմիության ներկայացուցիչ Էլեն Մանասերյանը, ՀԿ-ների եւ արհմիությունների ներկայացուցիչներ:

Մտքերի փոխանակության ընթացքում արհմիությունների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան համակարգի խնդիրներին եւ ներկայացրին իրենց առաջարկներն ու տեսակետները:

Փրկարարներն աշխատել են ամբողջ գիշեր

big_1370344357_13060017Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները, մոտենալով դեպքի վայրին, ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհահատվածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք և սարքավորումներ):

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տոննա կշռով, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր, ինչի հետևանքով վարորդը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:

Քանի որ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով ծանր տեխնիկայի կիրառումը հնարավոր չէր, աշխատանքներն իրականացվել են ձեռքի տեխնիկական միջոցներով:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 14 հրշեջ-փրկարար, ինչպես նաև տեղի բնակիչներ և ՀԷԿ-ի շինարարներ:

Ամբոջ գիշեր աշխատելով ու ձեռքի ուժով ժայռաբեկորները հեռացնելուց հետո` հունիսի 4-ին, ժամը 08.47-ին հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել վարորդի դին։

Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում բանվորների

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպություններում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում բանվորների:

Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 51-42-43 հեռախոսահամարով:

Հայաստանի բուհերը «Տեմպուսի» շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը դրական է գնահատել “Տեմպուս” ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է: “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում ծրագրի մոնիթորինգի միջանկյալ փուլի դիտարկումները կատարելու նպատակով, դրական է գնահատել հատկապես այն հանագամանքը, որ ծրագրում ընդգրկված ՀՀ բուհերի ներկայացուցիչներիմեջ մեծ է հատկապես երիտասարդ դասախոսների ընդգրկվածությունը: Քննարկման ժամանակ կողմերը նշել են, որ Հայաստանի բուհերը “Տեմպուսի” շրջանակում  մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի:

Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում ավտոբուսի և տրոլեյբուսի վարորդների

ավտոբուսԵրևանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։

«D» կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող «B» կամ «C» կարգի վկայական ունեցող վարորդների համար «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 67-44-30 կամ (093) 46-85-00 հեռախոսահամարներով։

Իսկ Երևանի քաղաքապետարանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների:

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 060-44-34-00 հեռախոսահամարով:

 

Երևանի մանկապարտեզները կհամալրվեն նոր գույքով

004Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, դեռևս 2012 թվականի աշնանը, գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները և ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։
2013 թվականի՝ մանկապարտեզները նոր գույքով ապահովելու համալիր ծրագրում ներառված է էլեկտրական տեխնիկա՝ սալօջախ,  սառցախցիկ, սառնարան, մսաղաց, թե՛ կրտսեր ու թե՛ ավագ տարիքային խմբերի համար՝ կոշտ կահույք՝ 2313 սեղան և 10.000 աթոռակներ և այլն։ Եռահարկ մահճակալների նախատեսված 1859 հատից 1150-ն արդեն մանկապարտեզներում է։ Ամբողջությամբ բաշխվել են զգեստապահարանների խմբաքանակը՝ 1253 հատ և  խոհանոցային պարագաները. մասնավորապես՝ 1894 հատ տարբեր տարողության արծնապատ կաթսաներն ու թեյնիկները, ինչպես նաև գդալների 274 հավաքածուն՝ յուրաքանչյուրը 12 հատ պարունակությամբ։ Մանկապարտեզներին արդեն բաշխվել են նաև բոլոր 88 սառցախցիկները, 101 մսաղացները, ինչպես նաև արդեն ձեռքբերված 94 սալօջախներից 48-ը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Թուրքիայի արհմիությունների խոշորագույն կոնֆեդերացիան հացադուլ է հայտարարել

2 (2)Թուրքիայի արհմիությունների խոշորագույն կոնֆեդերացիան՝ KESK-ը, միացել է երկրի խոշոր քաղաքներում ծավալված հակակառավարական ցույցին: KESK-ը “Գեզի” այգու ցուցարարներին աջակցելու և իշխանություններին սթափեցնելու նպատակով հունիսի 4-5-ը գործադուլ է հայտարարել:

Ինչպես հաղորդում է թուրքական “Տ24” կայքը, KESK-ի կողմից հայտարարված գործադուլին մասնակցելու են 11 արհմիությունից մոտ 240 հազար աշխատավորներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացան նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցներն այցելեցին Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

DSC_1217Հունիսի 4-ին՝ «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ միջազգային, սոցիալական ծրագրեր, և սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը դրանցից մեկն է։ Մարաթոնի ծրագրերում ընդգրկված է նաև այց Ցեղասպանության հուշահամալիր։ Կարեն Ավագյանը նշեց, որ մարաթոնին մասնակցում են ԱՊՀ տարբեր երկրներ ներկայացնող անձինք, ովքեր իրենց կարծիքը հնչեցնում են տարբեր ամբիոններից, և շատ կարևոր է, որպեսզի վերջիններս տեղեկացված լինեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ մարաթոնի մասնակիցներն իրենք են առաջարկել, որպեսզի առաջին իրենց այցելությունը լինի Հայաստանի կարևորագույն վայրերից մեկը, և ընտրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։

Սայլակով հաշմանդամների աշխարհի գեղեցկուհի, Ռուսաստանը ներկայացնող քսանիննամյա Քսենյայի տպավորություններն աննկարագրելի են։ Ըստ նրա՝ Երևանը ջերմ, հյուրընկալ քաղաք է։ ՙՁեր մայրաքաղաքը տիպիկ եվրոպական քաղաք է՝ շատ լավ հարմարեցված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց՚,- նկատեց Քսենյան։

Հիշեցնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի շրջանակներում Հայաստան են ժամանել Ռուսաստանի և Ուկրաինայի հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երիտասարդներ։ Մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցացիան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ում է վստահում Չեզարե Պրանդելին

12548Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր թիմի կազմում հունիսի 15-30-ը կմասնակցեն Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի համադաշնությունների գավաթի խաղարկությանը:

Ահա թե ովքեր են հրավիրվել հավաքական.

Դարպասապահներ

Ջանլուիջի Բուֆոն, Ֆեդերիկո Մարկետի, Սալվատորե Սիրիգու

Պաշտպաններ

Իգնասիո Աբատե, Մատիա դե Շուլիո, Դավիդե Աստորի, Անդրեա Բարձալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կելինի, Քրիստիան Մաջո

Կիսապաշտպաններ

Ալբերտո Ակվիլանի, Անտոնիո Կանդրևա, Դանիելե դե Ռոսի, Ալեսանդրո Դիամանտի, Ռիկարդո Մոնտոլիվո, Էմանուելե Ջիակերինի, Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո, Ալեսիո Չերչի

Հարձակվողներ

Մարիո Բալոտելի, Ստեֆան Էլ-Շարավի, Ալբերտո Ջիլարդինո, Սեբաստիան Ջովինկո

Մնացել է երկու տուր

chess-1Հնդկաստանի Մումբայ քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Կայացած 9 տուրերից հետո Լևոն Բաբուջյանը և Զավեն Անդրիասյանը վաստակել են 7-ական միավոր: Նրանք կեսական միավորով են ետ մնում աղյուսակը գլխավորող վրացի  Լևան Պանցուլայայից։

 

ՀՖՖ աշխատակազմը` ակադեմիական նոր որակավորմամբ

ֆgJTMj4wzaE7kIMUhaHbE87PV2bԵվրոպական ֆուտբոլի պրոֆեսիոնալ կառավարմանը նպաստելը միշտ էլ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ նպատակով Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ ՈՒԵՖԱ-ն մշակեց կրթական ծրագրեր ազգային ասոցիացիաների պահանջներին համաձայն: Այդ ծրագրերն ուղղված են ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմերի՝ արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները ամրապնդելուն եւ կազմավորելուն, ինչպես նաև կատարած աշխատանքի ակադեմիական ճանաչում ստանալուն` վկայականների, դիպլոմների և մագիստրոսի աստիճանի տեսքով:
ՈՒԵՖԱ-ի ակադեմիական ծրագրի առաջին աստիճանը՝ Ֆուտբոլի կառավարման հավաստագիր ծրագիրը (UEFA CFM), պաշտոնապես մեկնարկեց 2010 թվականին: Ծրագիրը ներառում է ազգային ասոցիացիայի կառավարման հիմնական ոլորտները` ֆուտբոլի կազմակերպում, ռազմավարական կառավարում և արդյունավետության վերահսկում, օպերատիվ կառավարում, միջոցառման կառավարում, մարկետինգ և հովանավորչություն, ներքին և արտաքին հաղորդակցություն: Բոլոր 53 ասոցիացիաներից ստացված բազմաթիվ դիմումների քննության արդյունքում (յուրաքանչյուր ասոցիացիա կարող էր ներկայացնել առավելագույնը 2 թեկնածու) ՈՒԵՖԱ-ն և IDHEAP-ը 2013 թ. թողարկման համար ընտրեցին 34 մասնակից: ՈՒԵՖԱ-ի CFM ծրագրի երրորդ թողարկմանը Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի մենեջեր Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը, որոնք հաջողությամբ հանձնեցին քննություններն ու պարգևատրվեցին ակադեմիական հավաստագրերով:

ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրի երկրորդ աստիճանը Ֆուտբոլի կառավարման դիպլոմ ծրագիրը (UEFA DFM), պաշտոնապես մեկնարկեց 2011 թ. սեպտեմբերին: Այս ութամսյա ծրագրի նպատակն է աջակցել անդամ ասոցիացիաների մենեջերներին ֆուտբոլի օպերատիվ կառավարման ոլորտում առավել մասնագիտանալու հարցում: Այն ներառում է ազգային ասոցիացիաների օպերատիվ կառավարման հետևյալ հիմնական ոլորտները` մարզադաշտերի կառավարում, մարկետինգային գործունեության կազմակերպում, հասարակության հետ կապեր և մեդիա, կամավոր աշխատանքների կազմակերպում (volunteering): Ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում մեկ ներածական օնլայն մոդուլ, երեք սեմինար-հանդիպում, եվրոպական հայտնի մարզադաշտերից մեկում ֆուտբոլային միջոցառման կազմակերպման  սիմուլյացիա և չորս չորսշաբաթյա ուսուցողական օնլայն մոդուլներ, որոնք պատրաստվել են գիտական փորձագետների կողմից ՈՒԵՖԱ-ի պրակտիկ մասնագետների հետ համատեղ: Ծրագրի բոլոր նշված փուլերը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կարող են մասնակցել ավարտական քննությանը, որը հնարավորություն կընձեռի արժանանալու IDHEAP-ի կողմից շնորհվող ֆուտբոլի կառավարման դիպլոմին:  ՈՒԵՖԱ-ի կառավարման դիպլոմ ծրագրի 2013թ. թողարկմանը (UEFA DFM) մասնակցում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, ով ևս հաջողությամբ հանձնեց քննությունն ու պարգևատրվեց ակադեմիական դիպլոմով:
DFM դիպլոմների եւ CFM վկայականների շնորհման պատվավոր արարողությունը տեղի ունեցավ ս/թ մայիսի 31-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում: ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների զարգացման բաժնի պետ Թիերի Ֆավրը ողջունեց բոլոր շրջանավարտներին, որից հետո IDHEAP-ի դեկան պրոֆեսոր Ժան-Լու Շապելեն և ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրերի համակարգող Թոմաս Յունոն շրջանավարտներին շնորհեցին վկայականներն ու դիպլոմները:

Դիվերսիա սահմանին. հայկական կողմն առանց կորուստների հետ է շպրտել ադրբեջանցի դիվերսանտներին

դիվերսիա ԼՂՀ սահմանին Քարվաճառի ուղղությամբ  հակառակորդն անցած գիշեր դիվերսիոն գործողություն է իրականացրել: Հայկական կողմը ադրբեջանցի դիվերսանտներին հետ է շպրտել. Այս մասին հայտնում է iLur.am-ը:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով կատարվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»:

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

big_1370338040_04 06ՈՒշադրություն

Հունիսի 7-9-ին երեկոյան ժամերին հատկապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ՝ ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:

ՀՀ տարածքում՝

Հունիսի 5-6-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-9-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը՝ 7-ի ցերեկը և 8-ի գիշերը, կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 5-6-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 7-9-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Երևանի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան   35.80C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      3.80C (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  19.60C

 

Դավիթ Պետրոսյանը 3-րդ տեղում է

chess3Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող շախմատի  միջազգային մրցաշարում կայացած 7 տուրից հետո Դավիթ Պետրոսյանը վաստակած 5,5 միավորով 3-րդ տեղում է: նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Միխայիլ Մչեդլիշվիլիին և Լևան Պանցուլայային:

5-ական միավոր են վաստակել Լևոն Բաբուջյանը, Զավեն Անդրիասյանը և Վահե Բաղդասարյանը: Գևորգ Հարությունյանն ունի 4 միավոր: 3-ական միավոր են վաստակել Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը:

Չի բացառվում, որ շուտով կսկսվի «թուրքական գարունը». Ռուբեն Մելքոնյան

90837ce42392864e07936067eb19a907_SԵրիտասարդ բնապահպանների սկսած գործողությունները Թուրքիայում հանգեցրել են ներքաղաքական լրջագույն լարվածության, այն դեպքում, երբ շարժումը լիդեր չունի` ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում այն գլխավորել: Այս շարժումը բացահայտեց Թուրքական «ժողովրդավարության» և թուրքական ԶԼՄ-ների իսկական դեմքը. ԶԼՄ-ներն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ երկիրը հեռու  է ժողովրդավար լինելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա`այս շարժումը ցույց է տալիս, որ Թուրքիայի գործող իշխանությունը չի բավարարում հասարակության պահանջները: Այդ է պատճառը, որ  բացի բնապահպանական կոչերից,  հնչում են նաև քաղաքական կոչեր` ուղղված գործող իշխանությանը:  Ռուբեն Մելքոնյանը վստահ է` այս շարժմանն անուղղակիորեն աջակցում է Արևմուտքը, որը  շահագրգռված է շարունակության հարցում: «Վառ ապացույցն այն է, որ արևմտյան լրատվամիջոցները  հպանցիկ անդրադարձան  բնապահպանների բողոքի ակցիային: Սրանով Արևմուտքը մեսիջ է ուղարկում Թուրքիային` հասկացնելով, որ նա  Սիրիայի հարցում պետք է  քիչ պահանջներ ներկայացնի», – ասաց բանախոսը:

Ռուբեն Մելքոնյանը չի բացառում, որ  շուտով կսկսվի  «թուրքական գարունը», քանի որ Թունիսում խժդժությունները սկսվեցին կանաչի վաճառողի սպանությունից:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ներգրավվածություն ունի այս շարժմանը Թուրքիայի հայկական համայնքը,  բանախոսը պատասխանեց. «Հայկական համայնքի մի հատված հարում է թուրքական ձախ ուժերին, հետևաբար չի կարող չներգրավվել բնապահպանների բողոքի ակցիաներին: Որքան էլ զարմանալի թվա,  Թուրքիայում  ցանկացած խնդրի դեպքում  կարմիր թելի նման անցնում  է հայկական թեմատիկան: Մասնավորապես` բնապահպանները պայքարում են թուրքական մի այգու համար, որտեղ իշխանությունները ցանկանում են ծառահատում անել: Այգու հարևանությամբ ժամանակին գտնվում էր հայկական գերեզմանոց, որը որոշ ժամանակ առաջ դարձավ բիզնես կենտրոն: Բնապահպաններն այն ժամանակ չարձագանքեցին ու հիմա իրենք են խոստովանում, որ եթե այն ժամանակ չլռեին  ու պայքարեինք հայկական գերեզմանոցի պահպանման համար, ապա այսօր  իրավիճակն այլ կլիներ»,- մանրամասնեց Ռուբեն Մելքոնյանը և, այնուամենայնիվ, մատնանշեց, որ չի կարծում, թե այս ամենը էական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել “Նաիրիտ Գործարանի”հարցով օրենսդրական նախաձեռնությամբ

frakԱյսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել«Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

ՃՈ. Հունիսի 4-6-ը խորհուրդ է տրվում շրջանցել Հերացի և Մյասնիկյան փողոցները

ճոՃանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս հունիսի 4-ին, 5-ին և 6-ին շրջանցել Երևանի Հերացի և Մյասնիկյան փողոցները:

Երևան քաղաքում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին, 5-ին և 6-ին խորհուրդ է տրվում շրջանցել Հերացի և Մյասնիկյան փողոցները հետևյալ ուղղություններով.

– դեպի Ազատության պողոտա,
– դեպի Կոմիտաս, Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցներ,
– դեպի Դավիթ Բեկ փողոց:

Պատճառված անհանգստության համար Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Ա.Աշոտյան. “Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ”

Լուսանկարը` news.am-ի

Լուսանկարը` news.am-ի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղեկայված քննական կենտրոնում մասնակցել է “Հայոց լեզվի և գրականության” միասնական քննությանը:

Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն. ” Հավատացնում եմ ձեզ, որ թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում: Նախապես մի շարք խնդրահարույց  առաջադրանքներ շտեմարաններից հանվել են, և եթե այդ ամենից հետո թեստերում լինեն երկիմաստ առաջադրանքներ կամ, այսպես, կոչված քննական ծուղակներ, հավատացած եղեք, որ այդ հարցը լուծում է ստանալու հօգուտ ձեզ”,- դիմելով դիմորդներին՝ ասել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:

Նախարարը նաև նշել է, որ ինքն եկել է ծանոթանալու քննական պայմաններին, հանգստացնելու  և քաջալերելու դիմորդներին և նրանց ծնողներին. “Կառավարությունն իր քաղաքականությամբ ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ուսանողների և դիմորդների համար, և քննությունն ընդամենը փոքրիկ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարել”,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:

Անդրադառնալով “Հայոց լեզվի և գրականության”  քննությանը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այն բուհական ընդունելության ամենազանգվածային քննություն է և հանրային ընկալման մեջ ամենասպասվածն ու անհանգստացնողը, որի հետ կապված մասնագիտական վեճերը, սովորաբար անխուսափելի են լինում, քանի որ մասնագիտական հանրույթը դժվարությամբ է գալիս ընդհանուր հայտարարի:

“Ինչպես գիտեք, մասնագիտական վեճ էր ծավալվել, տասնյակից ավելի քննական առաջադրանքներ, որոնք խնդրահարույց էին համարվում, հանվել են շտեմարաններից: Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Քննական թեստը գաղտնի է և բացի խոստումից ու հավաստիացումից, այս պահին այլ բան վստահաբար հավաստելը դժվար է”,- նշել է նախարարն ու հավելել, որ քանի դեռ քննությունը չի ավարտվել, իր համար նույնպես պարզ չէ, թեստն իրականում որքանով է հաջողված:

Ա. Աշոտյանը նշել է, որ հունիսի 1-ին տեղի ունեցած “Ռուսաց լեզվի” քննության միջին գնահատականը եղել է 11 միավորի շրջանակում, և դժգոհություններ կամ բողոքներ դեռևս չկան: Նախարարը զրուցել է նաև դպրոցի բակում հավաքված դիմորդների ծնողների հետ, պատասխանել բուհերում ուսման վարձավճարների բարձրացման, շտեմարանների առաջադրանքների ու այլ մտահոգությունների հետ կապված  հարցերին:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ “Հայոց լեզվի և գրականություն”  առարկայի քննություն հանձնում են շուրջ 9000 դիմորդներ, քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոններում: Քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ և ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպանը

3177

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության
նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչը (նստավայրը՝ Աթենք):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, և կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու և բազմաբնույթ դարձնելու:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաև միջազգային կառույցների շրջանակներում:

Դեսպան Ստարչևիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Ներդրումների հնարավորություններ` կրթության ոլորտում

աՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Վերջիններս Հայաստան են ժամանել  մեր երկրի կրթական համակարգին, առաջարկվող ծառայություններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով: Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին են ներկայացրել տվյալ բուհի գործունեությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել հայաստանյան բուհերի հետ` ընդհուպ մինչև բուհական կամպուս ստեղծելու հնարավորություն:
Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման, մեր երկրի  բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու գործում: Որպես համագործակցության լավ օրինակ` Արմեն Աշոտյանը մատնանշել է հայկական որևէ տեխնիկական բուհի հետ կրկնակի դիպլոմներ կիրառելու հնարավորությունը` հավելելով, որ նշված  բուհերն ակտիվ համագործակցում են խոշոր ընկերությունների հետ` Սինոֆսիս, Վիվա–Սել և այլն: Ըստ նախարարի`  Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում նախարարական գագաթաժողովի անցկացման խնդիրներին: