Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

DSC_1767Հունիսի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները հանդիպեցին հաշմանդամության խնդիրներով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց երկրներում դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։

ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն և մանրամասնեց. «Հասարակությունը շատ հաճախ տեղեկատվության պակասի հետևանքով ոչ միշտ է շփվում հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Ուստի ծրագրի միջոցով ցանկանում ենք նաև բարձրաձայնել այս անձանց խնդիրների մասին: Մենք այս օրերի ընթացքում հասցրել ենք այցելել մեր քաղաքի տարբեր վայրեր, ու գուցեև մեր քաղաքը հաշմանդամություն ունեցող անձանց համար կատարյալ չէ, բայց եթե համագործակցենք, ամեն ինչ հնարավոր է հարթել»:

Ա. Պողոսյանը տեղեկացրեց, որ հունիսի 6-ին Կարմիր խաչում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում հանդես են եկել տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք: Իսկ վաղը Երևանի Տերյան փողոցից  դեպի Հյուսիսային պողոտա սայլակով երթ տեղի կունենա, որը կավարտվի ֆլեշ մոբ ակցիայով:

«Փյունիկ» հաշմանդամների միության ներկայացուցիչ Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օգտակար հանդիպումներ ունենալ համագործակցության, փորձի փոխանակման առումով: Իսկ Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Շուշան Նահապետյանը կարծիք հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ընդհանուր են, ուստի այս հանդիպման միջոցով  հնարավորություն ունեն ինֆորմացիա փոխանակել և ներակայացնել, թե մեր երկրում վերոնշյալ խնդիրների լուծումն ինչ փուլում է գտնվում, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները միշտ արդիական են»:

Նշենք, որ «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմադամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Խաժակ Կարայանը նշանակվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

10456_am_2Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաժակ Կարայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

 

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ. հունվարի 2, ք. Երևան

Կրթություն
1988 -1993 թթ. – Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ
1993 – 1997 թթ. – Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
1996-1997 թթ. – ՄՀՄԻ` կրտսեր գիտաշխատող
1997 թ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային տնտեսական կապերի համալսարան, դասախոս
2000 – 2004 թթ. – «Երևան քաղաքի էկոլոգիական անվտանգության և հսկողության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
2004 – 2009 թթ. – «Երևան քաղաքի կառավարման տեխնոլագիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
2010 – 2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական
2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Այլ տվյալներ
1997 – 1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

«Ծածկած շուկայի» տարածքում իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ

1595Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և ասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ , ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում:

Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված  բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ:  Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը:

Հայկ Ասատրյանը տեղեկացրել է նաև, որ շուկայի շինության ծավալից դուրս բազմահարկ շինություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ հաստատելու հարց քաղաքապետարանում երբևէ չի քննարկվել և չի քննարկվելու:

 

Պարգևներ երիտասարդ գիտնականներին

74775Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, բուհերի ռեկտորներ, գիտության բանագավառի ներկայացուցիչներ: Շնորհավորելով երիտասարդ գիտնականներին` ՀՀ ԿԳ նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. “Հայաստանի գիտական մտքի ապագան բաբախելու է ոչ միայն այսօր, այլև ի դեմս Ձեզ` ապագայում: Երիտասարդ գիտնական արտահայտության մեջ այսօր ավելի գերակա է երիտասարդության, քան գիտությանն կամ գիտնականի  բաղադրիչը, թեև ես վստահ եմ, որ տարիների ընթացքում այդ հարաբերակցությունը կփոխվի` շնորհիվ ձեր աշխատասիրության, տաղանդի և համառ ջանքերի` ապահովելով գիտականության բաղադրիչի գերկայություն”: Նախարարը շեշտել է, որ ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող այս բացառիկ նախագիծը բացահայտում է երիտասարդ գիտնականների կարողությունները և ընձեռում ինքնակազմակերպման հնարավորություն.  “Այս  ծրագրի իրագործմամբ երիտասարդներն ապացուցեցին, որ իրենք կարող են ինքնակազմակերպվել, խնդիրներ լուծել, ինչպես նաև կուռ և համախմբված գործունեություն ծավալել”,- իր խոսքում նշել է նախարարը: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի կողմից ՀՀ կրթության և գիտություն նախարարությունը հանձնարակական է ստացել 2014 թվականի բյուջեի նախագծում միջոցներ գտնել այս ծրագրի ֆինանսավորումն  ավելացնելու համար: “2014 թվականի բյուջեի նախագծում ներառված կլինի 150 մլն դրամ հավելյալ գումար` երիտասարդ գիտնակնների աջակցությոն ծրագրի համար: Շարունակեք աշխատել նույն ոգևորությամբ և հետևողական ջանասիրությամբ”,- կոչ է արել Ա. Աշոտյանը: Երիտասարդ գիտնականներին շնորհավորել է  նաև ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը և շեշտել, որ երիտասարդ գիտնականների կատարած աշխատանքը խրախուսելի է. “Մեր գիտական ինստիտուներում կա երիտասարդ գիտնականների երկու խավ` ակտիվ կազմակերպիչներ և ակտիվ գիտական աշխատողներ: Կցանկանայի, որ ակտիվ գիտաշխատողների ներգրավման ցուցանիշը այս նախաձեռնության մեջ բարձրանար”: Միջոցառման ավարտին երիտասարդ գիտնականների մրցութի հաղթողները ՀՀ ԿԳ նախարարի և ԳԱԱ նախագահի կողմից ստացել են պատվոգրեր և դրամական մրցանակներ:
Երիտասարդ գիտնականների մրցույթին մասնակցել է  մինչև 35 տարեկան 112 գիտնական: Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում` առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Մրցութային 5 անվանակարգերում մրցանակային երրորդ տեղերը թափուր են մնացել` մրցույթին ներկայացված աշխատանքների սահմանված նվազագույն չափանիշներին չհամապատասխանելու համար:

Գազի թանկացումը 5 տոկոսով կբարձրացնի տրանսպորտի գինը

a0e574e70080bee4bb9dba1f6c282369Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որըստ իրենց վերլուծության, գազի թանկացումը հասարակական տրանսպորտի գների վրա կանդրադառնա   5 տոկոսի սահմաններում, այլ ոչ թե մի քանի անգամ, ինչպես կարծում են շատերը:
Ռոբերտ Նազարայնը նաև խնդրել է իրենց հետ չկապել տրանսպորտի ավելի բարձր գնի մասին խոսակցությունները:

 

Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն. Է. Շարմազանով

ՇարմազանովԱրձագանքելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության:

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

“Բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ այլատյացություն, իսկ Հայաստանում` հանդուրժողականություն: Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես քարոզում են պատերազմ, Հայաստանինը` խաղաղություն: Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն: Ադրբեջանը սլանում է դեպի բռնապետություն, որտեղ առանցքային դեր ունի անձի պաշտամունքը, մինչդեռ Հայաստանում զարգանում է քաղաքական բազմակարծությունը:

Ակնհայտ է, որ նման “զարգացման” դեպքում Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է:

 

Գազի սակագինը հաստատվեց. 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն

050213.6.6_3Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց գազի սակագինը հաստատել նախապես հայտարարված չափով: Հաստատված սակագինը ուժի մեջ կմտնի արդեն հուլիսի 1-ից:

Հանձնաժողովը որոշեց ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին մատակարարովող 1000 խորանարդ մետր գազի սակագինը սահմանել 156 000 դրամ: Այսինքն, բնակչությանը մատակարարվող գազի 1 խ/մ-ի դիմաց սակագինը կազմում է 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն:

Հաստատված սակագինն, ի դեպ, 65 դրամով պակաս է «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկած սակագնից: Եվ սա ոչ միայն կառավարության առաջարկած սուբսիդավորման, այլեւ Հանձնաժողովի` «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկներում կատարած որոշ փոփոխությունների արդյունք է:

Այսպես, օրինակ, հանձնաժողովն առաջարկել է նվազեցնել ընկերության առաջարկում ներկայացված շահագործման համար նախատեսվող 7.275.34 մլն դրամ ծախսերը մինչեւ 2,801.53 մլն դրամ: Հանձնաժողովն առաջարկել է նաեւ10 200 դրամով նվազեցնել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների միջին աշխատավարձը, ընկերության առաջարկած 237 200-իփոխարեն սահմանելով 227 000 դրամ: Ի դեպ, հետաքրքրական մի փաստ եւս, պարզվում է, որ բացարձակ գերիշխող դիրք ունեցող ընկերությունը միլիոնավոր դրամներ է ծախսում իր գովազդի վրա: Ընկերության առաջարկով այդ գումարը կազմում է 40 մլն, իսկ հանձնաժողովի հաստատած տարբերակում 16 մլն դրամ է:

Ի դեպ, «ՀայՌուսգազարդ» տարեկան մուտք գործած գազի գինը 205, 588. 39 մլն դրամից հանձնաժողովը նվազեցրել է մինչեւ 142,736.56 մլն-ի, ինչպես բացատրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ի հաշիվ կառավարության խոստացած սուբսիդավորման:

Հանձնաժողովի նիստում հրապարակված մեկ հետաքրքիր փաստ եւս. «ՀայՌուսգազարդ»-ը տարեկան 1812.5 մլն խ/մ գազ է ստանում, որից 1748.41մլն խ/մ-ը` Ռուսաստանից եւ 350 մլն-ը` Իրանից:

Ընդ որում, Ռուսաստանից ստացվող գազի գինը սահմանի վրա կազմում է 270 ԱՄՆ դոլար 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ պարսկական գազի գինը ոչ հանձնաժողովը, ոչ էլ պետական այլ մարմին չեն հրապարակում:

Ինչեւէ, այսօր երկարատեւ քննարկումներից եւ քննադատություններից հետո Հանձնաժողովն, ի վերջո կայացրեց գազի սակագինը բարձրացնելու մասին նախատեսվող որոշումը: Նախապես հայտարարված 156 դրամ սակագինը նույնությամբ հաստատվեց, չնայած արված բազմաթիվ առաջարկներին եւ հնչած քննադատություններին: Ի դեպ, նշենք, որ այսօր էլ նիստի ընթացքում Հանձնաժողովի շենքի մուտքի մոտ հավաքվածները պահանջում էին չընդունել գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Էլեկտրաեներգիայի գինը 8 դրամով բարձրացավ

3Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշել է էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից սահմանել 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ` բարձրանալով 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար։

Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար:

 

«Եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է». Պետրոս Ղազարյան

231337391368877210«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գորիսում տիրող վախի մթնոլորտին` գրելով.

«Կան պահեր, երբ տեսակետ հայտնելը անհրաժեշտություն է: Ես դժվար եմ պատկերացնում առանց սեփական տեսակետի քաղաքական գործիչ, լրագրող, մտավորական, քաղաքացի, վերջիվերջո մարդ:

Շատերն ասում են՝ այսօր Գորիսում վախի մթնոլորտ է: Բայց անկեղծ լինենք, մի՞թե Երևանում պակաս վախ կա: Ընդ որում, եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է:

Եթե մենք ցանկանում ենք, որ այսօրվա և վաղվա խուժանը պատժվի, անհրաժեշտ է ուժեղ հանրային կարծիք, դատապարտող մթնոլորտ: Առանց որի ոչինչ չի փոխվի:

Ինչպիսի՞ն էր գորիսյան դեպքերի արձագանքը: Ես հասկանում եմ, որ FB-ում հանրապետականները ծպտուն չեն հանում, բայց չեմ հասկանում, երբ լռում են ընտրությունների ժամանակ նույն հանրապետականներին անարգանքի սյունին գամող կուսակցությունները, լռում են մտավորականների զգալի մասը, սիրո և հավատի ուսմունքը մեզ ավետող եկեղեցականները»,-գրել է նա:

Եթե չեմ սխալվում, Աստվածաշնչում անտարբերության մասին հստակ գրված է: Միգուցե չե՞ն կարդացել:

“Ենի Ազերբայջանը” առաջադրել է իր թեկնածուին`Իլհամ Ալիևին

2Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցությունը 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կրկին առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այս որոշումը միաձայն ընդունվել է այսօր`հունիսի 7-ին` կուսակցության համագումարի ժամանակ:

 

Բացի այդ Իլհամ Ալիևը վերընտրվել է նաև “Ենի Ազերբայջան”-ի նախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ կուսակցության փոխնախագահներ են ընտրվել առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Գիտությունների ակադեմիայի նախագահ Աքիֆ Ալիզադեն, Ալի Ահմեդովը, ինչպես նաև փոխվարչապետ Ալի Հասանովը:

 

Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:

Ներկայացվել է «Զարգացման հայկական գործակալության» 2012 թ. գործունեության հաշվետվությունը

10455_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը։

Համաձայն օրակարգի` քննարկվել է գործակալության 2012 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես, ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ու ընթացիկ ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ 2012 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, բարձր տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ և այլն), արտահանման խթանումը` շուրջ 4.5 մլրդ ՀՀ դրամ (սննդարդյունաբերություն, ոգելից և ոչ ոգելից խմիչքներ և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և միջազգային ցուցահանդեսներ, տարվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ:
Հաջորդ հարցով ներկայացվել է գործակալության 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որը, ԶՀԳ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ, համահունչ է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության 2013 թ. համար նախանշված գործողությունների ծրագրին և ոլորտներին (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում և այլն):
Նիստում արծարծվել են գործակալության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր ևս: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել դրանք և առաջարկություններ ներկայացնել խորհրդին:
ՀՀ վարչապետի որոշմամբ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ և թեթև արդյունաբերության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակտիվ գործունեության ու վաստակի համար «Տոսպ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Դավիթ Սանասարյանի տպավորությունները «LISKA» մարտաֆիլմը նայելուց հետո

DV5BDsjdRLRJgoo77IfLC6YWzp

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի տեսագրությանը, որը հայտնվել էր լրատվամիջոցներում, գրել է.

«1. Լիսկեն կամ խմած ա եղել, կամ դեղի տակ (մարզպետարանի պրոդյուսերները գրել էին, որ տեսել են տեսանյութի մեջ, թե երբ է գալիս Լիսկա Խաչատրյանը, սակայն Ա1-ի տեսանյութի մեջ նման բան չկա, նշանակում է՝ ջնջված է եկել Լիսկեն): Հակառակ դեպքում էսքան կրակոց, ու ո՛չ զարթնեց, ո՛չ էլ զարթնացրեցին:

2. Ավետիք Բուդաղյանը երբ գալիս է եւ ուզում է իջնել, մեքենայի դուռը հաճախակի բացվում, փակվում է. կարող եմ ենթադրել, որ չեն թողում իջնի մեքենայից, որից հետո գալիս է եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, եւ խառնաշփոթ է տեղի ունենում… Հիմա օդ է կրակում, թե ինչ է անում, ոչ մի բան հստակ չի երեւում…

3. Հետո սկզբից կրակում, քցում են Արտակ Բուդաղյանին, որը տեսնում է Ավետիք Բուդաղյանը եւ կրակելով շարժվում է Լիսկայի թիկնապահների ու տղաների ուղղությամբ, հետո հետ է դառնում վիրավորված, ու մի հատ էլ մեջքից է ստանում մահացու գնդակն ու ընկնում, որից հետո մի քանի բեմական ներկայացումից հետո վիրավոր գնդապետ Արտակ Բուդաղյանը մի կերպ հասնում է եղբոր մոտ ու ընկնում գետնին…

4. Տեսաֆիլմի տղամարդիկ բոլորը զինված էին, իսկ հետո փախան, մնացին կանայք, ու ողջ պրոցեսի ընթացքում կանայք գերակշռում են:

5. Ու մի բան էլ. մեկ րոպե չեմ պահի այն թիկնապահներին, որոնք իրենց տերերին թողում են կրակի բերան, ու իրանք փախչում են, որ իրանց բան չլինի…

Էս տեսանյութը տարածելով՝ Լիսկայի վրայից պատասխանատվությունը չի ընկնում…

Լիսկեն դեռ պետք է պատասխան տա !!!»:

Դավիթ Սանասարյանը ևս մեկ գրառում է կատարել`  «Ո՞ւր էին Գորիսի ոստիկանության աշխատակիցները «Liska» մարտաֆիլմի ժամանակ» վերնագրով:

Դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նա հարցրել է.

«Փուչիկ խոսակցությունների ժամանակն անցել է. պատասխան տուր, թե ո՞ւր էին Գորիսի ոստիկանության աշխատակիցները «Liska» մարտաֆիլմի ժամանակ, ինչո՞ւ այդքան կրակոցից հետո ոչ մի ոստիկան չհայտնվեց, երբ ասում են՝ ոստիկանությունը Լիսկայի տան հարեւանությամբ է տեղակայված…

Կարող է ոստիկաններն էլ Լիսկայի նման խորը քնա՞ծ էին, եւ եթե այդպես է, ուրեմն պետք է իմանալ Լիսկայի հետ ինչ են ընդունել, որ նույն վիճակում էին…

Ոստիկանության իրական վիճակը երեւում է օլիգարխների ու իշխանության հանցագործ ներկայացուցիչների հետ կատարվող միջադեպերի ժամանակ…»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպանը

3200

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին և հույս հայտնել, որ դեսպանն իր հերթին պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ ջանքեր կգործադրի այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում Լիտվայի դեսպանը և հավաստիացրել, որ կանի ամեն հնարավորը` առկա ներուժն օգտագործելու և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Էրիկաս Պետրիկասը հանդիպմանը նաև մտքեր են փոխանակել Եվրամիության շրջանակներում հայ-լիտվական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:

Կակաչ(Papaver)

papaver_burning_heartՊատկանում է կակաչազգիների(Papaveraceae) ընտանիքին: Տարբեր տեսակի կակաչների հայրենիքը տարբեր է.ինչպես օրինակ`արևելակակաչինը(P.orientals L.)Հայաստանն է, սիբիրականինը (P. alpinum var.nudicaule)Սիբիրն է, քնաբեր(P.somniferum hybribum) կակաչինը Իրանն է, դաշտային կակաչինը (P.Rhoeas L.)Եվրոպան և Միջին Ասիան է: kakachԿակաչներն ունեն և միամյա ,և բազմամյա տեսակներ:Կակաչների տեսակների թիվը հասնում է 52-ի, որոնցից մոտ 30-ը բազմամյաներ  են: Դրանց որոշ մասը աճում էմեր երկրի հարավային մասերում: Հայաստանի մարգագետիններում և լեռնալանջերին աճում է արևելակակաչը, որի բարձրությունը հասնում է 90սմ: ամբողջ բույսը պատած է կոշտ խավով: Բույսի ներքևի մասում տերևները խոշոր են, փետրաձև կտրվածքներով: Ծաղիկների տրամագիծը հասնում է 10-12սմ, լինում են վարդագույն և վառ կարմիր: Բույսը ծաղկում է մայիս հունիս ամիսներին: սերմերը շատ մանր են, այդ պատճառով ցանելիս պետք է խառնել ավազի հետ: բարենպաստ պայմաններում ծլում են 8-10 օրվա ընթացքում:Բույսի ծաղկման տևողությունը տևում է 2-3 շաբաթ: Կակաչները իրենց լիաթերթ papaver_rhoeas-2largeև միաթերթ բազմազան գույներ ունեցող ծաղիկների շնորհիվ կարելի է դասել լավ ծաղիկների շարքին, որոնց միակ թերությունը այն է, որ ծաղիկը ծաղկած վիճակում երկար չի դիմանում`2-3օր և թեթև քամուց պսակաթերթիկները պոկվում են:

«ԶՎԱՐԹՆՈՑ» օդանավակայանում հայտնաբերված տղամարդը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

միքայել ձերբակալելՀունիսի 6-ին, ժամը 17.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկվել 1974 թ. ծնված Նվեր Զ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

 

«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերը

ոսկե ծիրան«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնը կպահպանի ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այս տարի կներկայացվի նաև «Վրացական կինո», «Քույր փառատոններ», «Հայեր. Հայացք ներսից և դրսից»  հատուկ ծրագրերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը,  գեղարվեստական տնօրեն  Սուսաննա Հարությունյանը և միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը:

«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Յոս Սթելինգի «Աղջիկը եւ մահը», Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ», Մարգարեթե  ֆոն Տրոտայի «Հաննա Արենդտ», Ուլրիխ Զայդլի «Դրախտ…» եռերգությունը, Փոլ Քուրդիի «Սիրելու իրավունք» ֆիլմերը:  Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Փոլ Քուրդին անձամբ ներկա կլինեն փառատոնին՝ որպես պատվավոր հյուրեր, եւ կներկայացնեն իրենց ֆիլմերը:

«Հետահայաց ցուցադրություններ»-ի ծրագրում կներկայացվեն Շառլ Ազնավուրի, Սթիվեն Ֆրիրզի, Իշտվան Սաբոյի, Պիետրո Մարչելլոյի, Ռեզո Չխեիձեի ֆիլմերը:

«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի եւ Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: Նախատեսվում են նաեւ հետահայաց ցուցադրություններ:

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով «Ոսկե ծիրան»-ը, կոմպոզիտորի տուն-թանգարանի հետ համատեղ, կկազմակերպի հոբելյանական երեկո, որի ընթացքում նախատեսվում է էքսկուրսիա թանգարանում, համերգային ծրագիր՝ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ: Կցուցադրվեն «Սոնատ-երգ» (ռեժ.` Լուսինե Մարտիրոսյան), «Օթելլո» (ռեժ.` Սերգեյ Յուտկեւիչ), «Պեպո» (ռեժ.` Համո Բեկնազարյան) ֆիլմերը, որոնց երաժշտության հեղինակը մեծ կոմպոզիտորն է:

Արտավազդ Փելեշյանի 75-ամյակի առիթով էլ կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը, ինչպես նաեւ կլինեն նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակի առիթով նույնպես նախատեսվում են նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 10-ամյա պատմության ընթացքում կարեւորել է հարաբերությունները միջազգային տարբեր փառատոների հետ: Դրա արդյունքն է այն, որ համաշխարհային կինոհարթակում իրենց ուրույն խոսքն ունեցող Պուսանի եւ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնները «Ոսկե ծիրան»-ն ընդունում են որպես քույր փառատոն` հաշվի առնելով «Ոսկե ծիրան»-ի առաջատար դիրքը տարածաշրջանում: Այս տարի հատուկ ծրագրով ներկայացվելու են Պուսանի եւ Ռոտերդամի փառատոնների պաշտոնական ծրագրերում ընդգրկված եւ մրցանակի արժանացած ֆիլմերը: Ներկա կլինեն նաեւ այդ փառատոների ներկայացուցիչները:

«Վրացական կինո» ծրագրում ընդգրկված են հին եւ նոր ֆիլմեր: Ծրագրի շրջանակում եւ ստեղծագործական խմբի մասնակցությամբ կտոնվի Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի ստեղծման 40-ամյակը:

«Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի շրջանակում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանների թատրոն-ստուդիայում կներկայացվեն հայկական արտադրության մի շարք կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմեր, ինչպես նաեւ այլ երկրներում հայերի եւ Հայաստանի մասին նկարահանված ֆիլմեր:

Միքայել Ստամբոլցյանը ասուլիսի ընթացքում նաև հերքեց այն լուրերը, թե որոշ ֆիլմեր կցուցադրվեն Դալմայի այգիներում. «Մեզ զանգահարեցին և ասացին, որ չեն հասցնի լուծել տեխնիկական խնդիրները», – ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրենը: Փոխարենը հնարավոր է կինոմաններին սպասի մեկ այլ անակնկալ` գործի Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը. «Մոսկվա կինոթատրոնի տնօրինությունն ամեն ինչ անում է, որ փառատոնի որոշ ֆիլմեր հնարավոր լինի ցուցադրել կինոթատրոնի ամառային դահլիճում», – տեղեկացրեց Միքայել Ստամբոլցյանը` հույս հայտնելով, որ կազմակերպիչները կտեղավորվեն ժամանակի մեջ:

Պլաստիկ վիրաբույժը հեռացրել է հիվանդի քիթը

2Ամերիկացի Վիշալ Թաքարը դիմել է դատարան` մեղադրելով բժկին, որը քթի վիրահատությունից հետո երիտասարդին թողել է առանց քթի:

Թալսա քաղաքի բնակիչը անհաջող վիրահատության զոհ է դարձել.բժիշկը վիրահատության ժամանակ սխալմամբ կտրել է նրա քիթը:

1Երիտասարդը 2006-ին ամուսնալուծվել էր: Դեպրեսիայից վերջնականապես ազատվելու համար նա որոշեց քիթը վիրահատել ու դիմեց բժշկի: Երիտասարդը փորձելով կյանքը նոր, էջից սկսել` դիմեց American Board of Cosmetic Surgery կլինիկա.”Բժիշկ Անժելո Կուզալինան իսկույն վստահություն ներշնչեց: Նա հավատացրեց, որ դա սովորական պրոցեդուրա է ու ոչ մի բարդություն չիլինի: Սակայն վիրաբուժական առաջին միջամտությունից հետո զգացի, որ դժվար եմ շնչում: Ստացվեց, որ տարեկան 8 անգամ դիմում եմ նրան`  ամեն անգամ թերություն վերացնելու: Ես պնդում էի, որ ականջիցս կռճիկ չվերցնեն, որի միջոցով նրանք փորձում էին վերացնել սխալները”:

400-2 Հերթական պրոցեդուրայից հետո նա արթնացավ սուր ցավով ու հասկացավ, որ հեռացրել են քիթը:

“Բնականաբար իսկույն բացատրություն պահանջեցի: Բժիշկն ասաց, որ վարակում է տեղի ունեցել ու նրանք ինքնուրույն որոշել են կտրել քիթս, քանի որ այդ պահին ես անգիտակից էի, միչդեռ հարկավոր էր գործել արագ”:

Վիրաբույժը հերքում է բոլոր մեղադրանքները և խուսափում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփումից:

Մի քանի ամիս առաջ Թաքարը լավագույն փաստաբաններին է վարձել ու մտադիր է իր շահերը պաշտպանել: Նրա խոսքով` իր կյանքն այլևս  ավերվել է:

մաքուր էջից սկսել` որոշեց փոխել նաև արտաքինը: Նա անգամ չէր էլ ենթադրում , որ այդ որոշումը ողբերգություն կդառնա:

 

«Մերսեդես Բենց» ի վարորդը Ս. Տարոնցու փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու

imagesՀունիսի 6-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս. Տարոնցու փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Էմիլ Բաբայան. Հանձնաժողովը չունի այլընտրանք, քան խստորեն առաջնորդվել օրենքով

EB_07.06.13-4«Փաստինֆո» գործակալության հարցերին է պատասխանում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործում է մոտ 1.5 տարի, սակայն միայն վերջերս է տվել իր առաջին եզրակացությունները: Ինչո՞վ է պայմանավորված նման դանդաղկոտությունը:

-Այո ճիշտ եք, հանձնաժողովը գործում է 2012 թվականի հունվարի 20-ից արդեն 1.5 տարի և իր առաջին եզրակացությունները տվել է մայիսի 3-ին: Սակայն ես չեմ կարծում, որ գործ ունենք դանդաղկոտության հետ: Ավելի շուտ գործ ունենք նոր ստեղծված մի կառույցի հետ, որը անխուսափելիորեն պետք է անցնի կայացման փուլ: Համաձայնեք, որ իրատեսական չէր լինի ակնկալել, որ մեր պետության մեջ նախադեպը չունեցող կառույցը իր ստեղծման պահից անմիջապես պետք է սկսեր բուռն գործունեություն ծավալել մի ոլորտում, որն ամբողջովին նոր է: 2012 թվականի ընթացքում մենք ստիպված ենք եղել լուծել տարաբնույթ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ, որոնք կարող են այնքան ել տեսանելի չլինել, սակայն առանց դրանց լուծման մենք չէինք կարող բնականոն գործունեություն ծավալել: Ոչ պակաս կարևոր է եղել նաև այն հանգամանքը, որ աշխատանքը, որ հանձնաժողովը կատարում է և պետք է կատարի Հայաստանում երբեք չի կատարվել, հետևաբար չկա կուտակված փորձ և համապատասխան մասնագետներ: Այս պայմաններում հանձնաժողովի անդամներ համար ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքների կուտակումը և միջազգային փորձի ուսումնասիրությունը դառնում է չափազանց կարևոր: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում այս ուղղությամբ նույնպես մեծ քանակի աշխատանք է կատարվել:

-Հանձնաժողովի եզրակացությունները, մասնավորապես ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի մասով, միանշանակ չընդունվեցին հանրության կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ցանկացած նորմալ հասարակությունում ցանկացած հարցի վերաբերյալ միշտ էլ լինում են տարբեր մոտեցումներ և դա բնական է: Կարծում եմ՝ հասարակությանը մտահոգող հարցերի բաց քննարկումն այն ճանապարհն է, որը տանելու է դեպի առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծման: Սակայն նման դեպքերում կարևոր է, թե քննարկման մասնակիցները քննարկում են առկա փաստերի համադրությունը օրենքի պահանջների հետ, թե համադրում են իրենց նախապես ունեցած համոզմունքները հանձնաժողովի եզրակացության հետ: Հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան պարտավոր է որդեգրել առաջին տարբերակը՝ և համադրել առկա փաստերը օրենքի պահանջների հետ, ինչը և արել է իր եզրակացության մեջ: Առաջնորդվել երկրորդ մոտեցմամբ այն է՝ իր եզրակացությունները կառուցել հասարակական ակնկալիքների վրա հանձնաժողովը ուղղակի չի կարող: Եվ եթե նույնիսկ կարողանար էլ, կարծում եմ դա կլիներ այս հանձնաժողովի որպես կառույց ոչնչացման ամենակարճ ճանապարհը: Եթե ուսումնասիրելու լինենք որևէ այլ պետությունում նմանատիպ կառույցների կայացման պատմությունը կտեսնենք, որ միշտ էլ որոշ ժամանակ է պահանջվում դրանց կայացման համար և երբեք դրանց գործունեության արդյունքները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից:

-Ի վերջո, ի՞նչ է եզրակացրել հանձնաժողովը ՊԵԿ նախագահի և Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթի արդյունքում:

-Նախ ասեմ, որ եզրակացություններում հանձնաժողովը իրեն առաջադրված հարցերը փորձել է համակողմանի քննարկման ենթարկել, ինչ արդյունքում մենք ունենք մի դեպքում 14, իսկ մյուս դեպքում 9 էջից բաղկացած եզրակացություններ: Փորձեմ դրանք ներկայացնել հնարավորինս խուսափելով իրավաբանական ձևակերպումներից: ՊԵԿ նախագահի մասով հանձնաժողովը ստացել էր համարյա նույնաբովանդակ դիմումներ «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից և քաղաքացի Ռ. Նիկողոսյանից: Երկու դիմումատուներն էլ ներկայացրել էին մամուլի որոշ հրապարակումներ որոնցում պնդում կար, որ մի շարք ընկերություններ պատկանում են ՊԵԿ նախագահին: Դիմումատուները խնդրել էին հանձնաժողովին պարզել թե արդյոք այդ հրապարակումները համապատասխանում են իրականությանը և եթե այո, ապա արդյոք դրանց առնչությամբ ՊԵԿ նախագահը չի գտնվում շահերի բախման իրավիճակում: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը որդեգրել է գործողությունների շատ պարզ տրամաբանություն՝ 1. Պարզել թե ում են պատկանում դիմումներում նշված ընկերությունները, 2. Ի պաշտոնե ինչ առնչություն է ունեցել ՊԵԿ նախագահը այդ կազմակերպությունների հետ, և վերջապես 3. Համադրել ստացված փաստերը օրենքի պահանջների հետ: Մի շարք գերատեսչություններից և անձամբ ՊԵԿ նախագահից ստացված փաստերից պարզ դարձավ, որ նշված ընկերություններից ոչ մեկը չի պատկանում ՊԵԿ նախագահին, ավելին՝ դիմումներում նշված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Այստեղ պետք է պարզաբանել, որ «պատկանել» եզրույթը հասարակության մեջ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն համաձայն գործող օրենսդրության պատկանել նշանակում է, որ տվյալ անձը հանդիսանում է տվյալ ընկերության հիմնադիր կամ մասնակից: Սակայն այստեղ առաջանում է երկրորդ խնդիրը՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու համար պարտադիր չէ, որ ընկերությունը պատկանի պաշտոնատար անձին, այն կարող է պատկանել նաև նրան հետ փոխկապակցված անձի: Եվ իսկապես դիմումներում նշված ընկերությունների մի մասում մասնակից կամ հիմնադիր էին հանդիսանում ՊԵԿ նախագահի հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք: Սակայն ազգակցական կապը դեռևս չի նշանակում, որ մենք գործ ունենք փոխկապակցված անձի հետ: Այստեղ նույնպես հայ հասարակության մեջ կարող են լինել բազմաթիվ մոտեցումներ, սակայն այս առումով օրենքը հստակ սահմանում է փոխկապակցված անձանց շրջանակը: Եվ փաստերը համադրելով օրենքի սահմանումների հետ մենք ունենք այն իրավիճակը, որ նշված ընկերություններից միայն երկուսն էին, որ պատկանում էին ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված անձանց, այն է՝ նրա զավակներին: Այս երկու ընկերությունների մասով էլ ոչ դիմումներում և ոչ էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ կվկայեին, որ ՊԵԿ նախագահը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը՝ ինչը պարտադիր պայման է շահերի բախման իրավիճակում գտնվելու փաստը արձանագրելու համար: Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթին ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ էր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը իր դիմումում, հղում անելով Վանաձորի քաղաքապետի լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցին, նշել էր, որ իր կարծիքով քաղաքապետը որոշ արտահայտություններ անելով հարգալից վերաբերմունք չէր դրսևորել քաղաքացիների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետը իր բացատրություններում ընդունել էր, որ իսկապես ոչ տեղին արտահայտություն է թույլ տվել և հայցել էր քաղաքացիների ներողամտությունը: Հանձնաժողովը գտել է, որ իսկապես նշված արտահայտությունը կարող է վիրավորական հնչել, սակայն հանձնաժողովը նաև հաշվի էր առել այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետը նշված հարցազրույցի հենց հաջորդ օրը փորձել էր հրապարակային ներողություն հայցել այն քաղաքացիներից ովքեր կարող էին վիրավորվել նրա ոչ տեղին արտահայտությունից: Համադրելով բոլոր փաստերը հանձնաժողովը գտել էր, որ Վանաձորի քաղաքապետի գործողությունների շղթան տեղավորվել է էթիկայի կանոնների շրջանակում, սակայն հարցը փակված համարելու համար առաջարկել էր քաղաքապետին աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել քաղաքացիներից: Ավելացնեմ, որ այս վերջին առաջարկը պարտադիր բնույթ չուներ քաղաքապետի համար, սակայն նա հարգելով իր համայնքի բնակիչներին անմիջապես կատարել է հանձնաժողովի առաջարկը:

-Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովը կիրառել է օրենքը և եթե հասարակության մի հատվածը դժգոհ է հանձնաժողովի եզրակացությունից պետք է բողոքի օրենքից և ոչ թե հանձնաժողովից:

-Ես ամենևին հակված չեմ պնդելու, որ հանձնաժողովը գործել է անթերի, սակայն մի բան հստակ է՝ հանձնաժողովը չունի այլընտրանք քան խստորեն առաջնորդվել օրենքով, նույնիսկ այն դեպքերում, երբ օրենքով առաջնորդվելու դեպքում մենք ունենում ենք հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվող եզրակացություն: Հանձնաժողովի անդամները նույնպես բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և ենթարկվում են նույն էթիկայի կանոններին ինչ բոլորը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի առաջին կանոնը պահանջում է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին: Մի բան հստակ է մենք առաջնորդվում ենք և այսուհետ ևս առաջնորդվելու ենք այն սկզբունքով, որ օրինականություն կարելի է հաստատել միայն օրինական ճանապարհով:

-Հանձնաժողովը պլանավորո՞ւմ է առաջիկայում հանդես գալ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, հաշվի առնելով հնչող քննադատությունները:

-Օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցին, իմ կարծիքով, պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Այդ մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովի որոշակի փուլի գործունեության արդյունքները կամփոփվեն, վեր կհանվեն այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում, սակայն դրանց լուծումը անհնարին է առկա օրենսդրական կարգավորման շրջանակներում, կուսումնասիրվի տվյալ խնդրին առնչվող միջազգային լավագույն փորձը: Այստեղ է, որ մենք իսկապես կարիք ունենք տարբեր գաղափարների բաց և շահագրգիռ քննարկման, ինչի արդյունքում կծնվեն մեր պետության համար օգտակար առաջարկներ:

-Այս պահին հանձնաժողովի վարույթում կա՞ն գործեր և ընդհանրապես ինչո՞վ է այս պահին զբաղված հանձնաժողովը:

-Հանձնաժողովի վարույթում այս պահին քննարկվող գործ չկա: Սակայն վարույթներ հարուցելը հանձնաժողովի միակ գործառույթը չէ: Հանձնաժողովը 2012 թվականի համար իր առջև մի քանի առաջնային խնդիր էր դրել, որոնցից են հայտարարագրերի ներկայացման համակարգի ձևավորումը և հայտարարագրերում առկա տեղեկատվության հրապարակայնության ապահովումը: Ինչպես գիտեք այս երկու կարևոր խնդիրները մենք արդեն լուծել ենք: Ստեղծվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջը www.ethics.am, որտեղ հրապարակված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Եվ այս հայտարարագրերը պարբերաբար հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Այս պահին Համաշխարհային բանկի օժանդակությամբ մենք զբաղված ենք այս համակարգի արդիականացմամբ: Այս ծրագրի շրջանակում իրականացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց թղթային տարբերակով հայտարարագրումից էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցումը: Էլեկտրոնային հայտարարագրման համակարգի շրջանակում նախատեսվում է ներդնել հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ, որը կներառի ըստ առանձին ցուցանիշների ռիսկերի գնահատման բաղադրիչ: Մենք առցանց կապի մեջ կգտնվենք մի շարք գերատեսչությունների հետ և հնարավորություն կունենաք արագ և արդյունավետ ստուգելու հայտարարագրերում ներկայացված տվյալները: Մինչև այս տարվա վերջ այս համակարգը պատրաստ կլինի, որը որակական նոր աստիճանի կբարձրացնի մեր աշխատանքը, ինչպես նաև դրա հրապարակայնությունը:

Երևանում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային ցուցահանդես

001Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև կանաչ գոտիների ստեղծման և ձևավորման պարագաներ:

Տաղավարներով շրջել և ներկայացվող նմուշներին ծանոթացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռուզան Ալավերդյանը, վարչական շրջանների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ:

Ցուցահանդեսին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաև Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թայլանդից և Նիգերիայից: Մասնակիցները հույս են հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով ներկայացվող ընկերությունները իրենց սպառողին կգտնեն նաև հայաստանյան շուկայում:

“Ցուցահանդեսին ներկայացված  են ծաղիկներ ու բույսեր, որոնք Երևան քաղաքում չկան, բայց հարմարվում են մեր բնակլիմայական պայմաններին: Հաջորդ տարիների կանաչապատման աշխատանքներում մենք կօգտագործենք նաև այդ ծառերն ու ծաղիկները: Եվ եթե անցյալ տարի ծաղկային տարածքները կազմում էին 5,2 հեկատար, ապա այս տարի կավելանա 1 հեկտարով և ընդհանուր առմամբ կանաչ տարածքները կկազմեն 30 հեկտար:  Տարվող լայնածավալ աշխատանքների արդյունքում մինչև 2015 թվականը մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների ծավալը  կավելանա ևս մի քանի քառակուսի մետրով՝ հասնելով մինչև 12 ք/մ-ի: Ունենք նաև հեռահար ծրագրեր այդ ցուցանիշը հասցնելու 16ք/մ-ի:”,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

Ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 10-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն